ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2026 թվականի N 1550-Ն
ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ կետը և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ԱՏԳ ԱԱ 2710 12 412 0, 2710 12 413 0, 2710 12 450 0, 2710 12 490 0, 2710 12 510 0, 2710 12 590 0 ծածկագրերին դասվող ավտոմոբիլային բենզինի և 2710 19 421 0, 2710 19 422 0, 2710 19 423 0, 2710 19 424 0, 2710 19 425 0, 2710 19 460 0, 2710 19 480 0, 2710 20 110 0, 2710 20 150 0, 2710 20 190 0 ծածկագրերին դասվող դիզելային վառելիքի (այսուհետ՝ ապրանքներ) պայմանական բացթողման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումը տարածվում է այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք ապրանքների մաքսային հայտարարագրի գրանցման օրվան նախորդող տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կամ հայտարարագրի գրանցման տարվա հունվարի 1-ից մինչև ապրանքների մաքսային հայտարարագրի գրանցման նախորդող օրն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծել և հայտարարագրել են տասնվեց հազար ութ հարյուր (16 800) տոննայից ավել ապրանքներ։
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց կողմից երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով հեղուկ վիճակում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողումը կարող է իրականացվել առանց մաքսային մարմիններին Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 826 որոշմամբ (ТР ТС 013/2011) նախատեսված պահանջների համաձայն ապրանքների համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի ներկայացման։
4. Սույն որոշման 2-րդ կետում նշված անձինք ոչ ուշ, քան ապրանքների բացթողման օրվան հաջորդող տասներորդ օրը ապրանքների բացթողումն իրականացրած մաքսային մարմին ներկայացնում են սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթուղթը:
5. Սույն որոշման շրջանակներում պայմանական բաց թողնված ապրանքները երրորդ անձանց փոխանցվելու, այդ թվում` դրանց վաճառքի կամ այլ եղանակով օտարման միջոցով, ինչպես նաև պայմանական բացթողման ժամանակահատվածում ցանկացած ձևով օգտագործվելու (շահագործվելու, սպառվելու) դեպքում առաջանում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված պատասխանատվություն:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը գրանցված մաքսային հայտարարագրերով հայտարարագրված ապրանքների նկատմամբ։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
29.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 29-ի N 1550-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՏԳ ԱԱ 2710 12 412 0, 2710 12 413 0, 2710 12 450 0, 2710 12 490 0, 2710 12 510 0, 2710 12 590 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ 2710 19 421 0, 2710 19 422 0, 2710 19 423 0, 2710 19 424 0, 2710 19 425 0, 2710 19 460 0, 2710 19 480 0, 2710 20 110 0, 2710 20 150 0, 2710 20 190 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԲԱՑԹՈՂՄԱՆ
1. Սույնով սահմանվում է «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, առանց համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի՝ մաքսային մարմին ներկայացման, ապրանքների բացթողման կարգը։
2. Ապրանքների պայմանական բացթողումն իրականացվում է հայտարարատուի դիմումի հիման վրա, որը ներկայացվում է մաքսային մարմնի էլեկտրոնային հայտարարագրման համակարգով` կցվելով «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով գրանցված ապրանքների հայտարարագրին` փաստաթղթերի 08999 դասակարգչի ներքո։
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
1) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով գրանցված հայտարարագրի համարի մասին.
2) ապրանքների՝ առանց համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի ներկայացման բացթողման խնդրարկման մասին.
3) ապրանքների բացթողումից հետո, պայմանական բաց թողնված լինելու ընթացքում, պահպանման վայրի մասին (հասցեն).
4) ապրանքների նույնականացման եղանակների (հնարավորությունների) մասին։
4. Մաքսային մարմինը կարող է պահանջել սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկությունները հաստատող փաստաթղթեր` բացթողման նպատակահարմարության որոշման նպատակով։
5. Հայտարարատուն պարտավոր է ապահովել ապրանքների նույնականացման հնարավորությունը պահպանության վայրում։
6. Դիմումը ներկայացվելուց հետո Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված պայմանների պահպանմամբ և ապրանքների բացթողման համար սահմանված ժամկետներում՝ մաքսային մարմնի կողմից ապրանքների պայմանական բացթողման մասին նշումներ են կատարվում մաքսային հայտարարագրում, ինչն էլ համարվում է մաքսային մարմնի որոշումը ապրանքների պայմանական բացթողման մասին։
7. Սույն կարգի համաձայն բաց թողնված ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքի կարգավիճակը Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի համաձայն և գտնվում են մաքսային հսկողության ներքո՝ մինչև Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելը:
8. Մինչև ապրանքների բացթողման օրվան հաջորդող տասներորդ օրը համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթուղթը մաքսային մարմնի էլեկտրոնային հայտարարագրման համակարգի միջոցով հայտարարատուի կամ վերջինիս ներկայացուցչի կողմից ներկայացվում է՝ կցվելով փաստաթղթերի 01402 դասակարգչի ներքո, և նույն համակարգի միջոցով ծանուցվում է մաքսային մարմինը:
9. Մաքսային մարմինը, ոչ ուշ, քան համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթուղթը և ծանուցումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը, ուսումնասիրում է ներկայացված փաստաթուղթը և պայմանական բացթողման ավարտի մասին նշում է կատարում հայտարարագրում, որի մասին մաքսային մարմնի էլեկտրոնային հայտարարագրման համակարգի միջոցով ծանուցում է հայտարարատուին կամ վերջինիս ներկայացուցչին: Սույն կետում նշված ծանուցումը ստանալուց հետո ապրանքները ձեռք են բերում Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ։
10. Մինչև ապրանքների բացթողման օրվան հաջորդող տասներորդ օրը համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթուղթը մաքսային հայտարարագրին չկցելու կամ թերի, ոչ ճշգրիտ փաստաթուղթ կցելու պարագայում՝ ապրանքները շարունակում են պահպանել օտարերկրյա ապրանքի կարգավիճակը և նշված փաստաթղթի ներկայացման ժամկետի ավարտի օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում ապրանքները ենթակա են ձևակերպման «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով՝ պահպանելով նշված մաքսային ընթացակարգի պայմանները: Պայմանական բացթողման ժամանակահատվածում ապրանքների՝ նույնանման ապրանքների այլ խմբաքանակների հետ մեկ ընդհանուր տարայում պահեստավորված լինելու պարագայում, սույն կետով նախատեսված՝ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպման ենթակա է տվյալ ընդհանուր տարայում պահպանվող ապրանքի ողջ խմբաքանակը։
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
29.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|