ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2026 թվականի N 1516-Ն
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐՈՎ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐԴԱՐԱՑԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԱՅՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով կամ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման տրամադրման, այն ստանալու նպատակով ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
|
Երևան |
|
22.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 22-ի N 1516-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐՈՎ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐԴԱՐԱՑԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԱՅՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ եվրոպական դատարան) վճիռներով կամ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման տրամադրման, այն ստանալու նպատակով ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման հետ կապված հարաբերությունները:
2. Եվրոպական դատարանի վճիռներով կամ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման վճարման ընթացակարգը, որպես եվրոպական դատարանի վճիռների և որոշումների կատարման գործընթացի բաղադրիչ, գտնվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (այսուհետ՝ նախարարների կոմիտե) վերահսկողության ներքո։ Եվրոպական դատարանի վճիռների և որոշումների կատարման նկատմամբ նախարարների կոմիտեի վերահսկողության շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախարարների կոմիտեին տեղեկացնում է արդարացի փոխհատուցման վճարման կամ վճարման ընթացքի վերաբերյալ։
3. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները և եզրույթները կիրառվում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիայով և «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով:
ԳԼՈՒԽ 2
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐՈՎ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐԴԱՐԱՑԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ
4. Ֆիզիկական անձ հանդիսացող դիմումատուի կողմից արդարացի փոխհատուցումն անձամբ ստանալու նպատակով դիմումատուի կողմից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ համաձայն ձևի՝
ա) Հայաստանի Հանրապետությունում բացված հաշվեհամարի դեպքում՝ ստացող բանկի անվանումը, հասցեն, դիմումատուի դրամային հաշվեհամարը,
բ) արտերկրում բացված հաշվեհամարի դեպքում՝ ստացող բանկի անվանումը, հասցեն, SWIFT/BIC կոդը, դիմումատուի հաշվեհամարը (IBAN), ինչպես նաև միջնորդ բանկի անվանումը՝ հասցեն և SWIFT/BIC կոդը նշելով․
2) բանկի կողմից տրամադրված հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանքը.
3) դիմումատուի անձնագրի պատճենը (ներառյալ հաշվառման հասցեն պարունակող էջը)․
4) դիմումատուի նույնականացման քարտի պատճենը․
5) նույնականացման քարտի պատճենը չներկայացնելու դեպքում՝ սոցիալական ապահովության քարտի կամ հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի պատճենը.
6) դիմումատուի կողմից անձնագիր կամ նույնականացման քարտ չներկայացվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ նախատեսված անձը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը․
7) ձերբակալված, կալանավորված կամ ազատազրկման ձևով պատիժ կրող դիմումատուներն անձնագիր չունենալու դեպքում ներկայացնում են ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրի կամ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից տվյալ անձի՝ ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում գտնվելու վերաբերյալ տրամադրված գրություն:
5. Երբ դիմումատուն արդարացի փոխհատուցման գումարը ստանալու համար լիազորում է այլ անձի (դիմումատուի ներկայացուցչին), ապա ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմումատուի ներկայացուցչի դիմումը՝ համաձայն ձևի՝
ա) Հայաստանի Հանրապետությունում բացված հաշվեհամարի դեպքում՝ ստացող բանկի անվանումը, հասցեն, դիմումատուի դրամային հաշվեհամարը,
բ) արտերկրում բացված հաշվեհամարի դեպքում՝ ստացող բանկի անվանումը, հասցեն, SWIFT/BIC կոդը, դիմումատուի հաշվեհամարը (IBAN), ինչպես նաև միջնորդ բանկի անվանումը՝ հասցեն և SWIFT/BIC կոդը նշելով․
2) բանկի կողմից տրամադրված հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանքը.
3) դիմումատուի անձնագրի պատճենը (ներառյալ հաշվառման հասցեն պարունակող էջը)․
4) դիմումատուի նույնականացման քարտի պատճենը․
5) նույնականացման քարտի պատճենը չներկայացնելու դեպքում՝ սոցիալական ապահովության քարտի կամ հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի պատճենը.
6) դիմումատուի կողմից անձնագիր կամ նույնականացման քարտ չներկայացվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ նախատեսված անձը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը․
7) ձերբակալված, կալանավորված կամ ազատազրկման ձևով պատիժ կրող դիմումատուներն անձնագիր չունենալու դեպքում ներկայացնում են ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրի կամ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից տվյալ անձի՝ ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում գտնվելու վերաբերյալ տրամադրված գրություն.
8) դիմումատուի ներկայացուցչի անձնագրի պատճենը (ներառյալ հաշվառման հասցեն պարունակող էջը).
9) դիմումատուի ներկայացուցչի նույնականացման քարտի պատճենը․
10) նույնականացման քարտի պատճենը չներկայացնելու դեպքում՝ դիմումատուի ներկայացուցչի սոցիալական ապահովության քարտի կամ հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի պատճենը.
11) դիմումատուի ներկայացուցչի կողմից անձնագիր կամ նույնականացման քարտ չներկայացվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ նախատեսված անձը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը.
12) դիմումատուի ներկայացուցչին դիմումատուի կողմից տրված նոտարական կարգով վավերացված լիազորագրի պատճենը։
6. Իրավաբանական անձ հանդիսացող դիմումատուի կողմից անձամբ կամ ներկայացուցչի միջոցով փոխհատուցում ստանալու նպատակով ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) իրավաբանական անձի պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող պետական միասնական գրանցամատյանից տրված քաղվածքը․
2) իրավաբանական անձի կանոնադրությունը․
3) իրավաբանական անձի ղեկավարի կամ իրավաբանական անձի անունից հանդես գալու իրավասություն ունեցող անձի կամ ներկայացուցչի դիմումը` համաձայն ձևի՝
ա) Հայաստանի Հանրապետությունում բացված հաշվեհամարի դեպքում՝ ստացող բանկի անվանումը, հասցեն և դիմումատուի կամ դիմումատուի ներկայացուցչի դրամային հաշվեհամարը,
բ) արտերկրում բացված հաշվեհամարի դեպքում՝ ստացող բանկի անվանումը, հասցեն, SWIFT/BIC կոդը, դիմումատուի հաշվեհամարը (IBAN), ինչպես նաև միջնորդ բանկի անվանումը, հասցեն և SWIFT/BIC կոդը նշելով․
4) իրավաբանական անձի ղեկավարի կամ իրավաբանական անձի անունից հանդես գալու իրավասություն ունեցող անձի և ներկայացուցչի անձնագրի պատճենը (ներառյալ հաշվառման հասցեն պարունակող էջը)․
5) ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ վերջինիս տրված լիազորագրի պատճենը.
6) իրավաբանական անձի ղեկավարի կամ իրավաբանական անձի անունից հանդես գալու իրավասություն ունեցող անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ տվյալ անձի, իսկ ներկայացուցչի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ ներկայացուցչի նույնականացման քարտի պատճենը․
7) նույնականացման քարտի պատճենը չներկայացնելու դեպքում՝ սոցիալական ապահովության քարտի կամ հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի պատճենը․
8) բանկի կողմից տրամադրված իրավաբանական անձի կամ ներկայացուցչի հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանք:
7. Դիմումատուի մահացած լինելու դեպքում ներկայացվում է ժառանգության իրավունքի վկայագիրը կամ ժառանգությունն ընդունած ճանաչելու վերաբերյալ դատական ակտը: Իրավահաջորդության այլ դեպքերում ներկայացվում է իրավահաջորդության փաստը հավաստող այլ փաստաթուղթ:
8. Եթե դիմումին կից ներկայացվում է օտար լեզվով փաստաթուղթ, ապա միաժամանակ ներկայացվում է այդ փաստաթղթի հայերեն պատշաճ թարգմանությունը:
ԳԼՈՒԽ 3
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐՈՎ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐԴԱՐԱՑԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԱՐԴԱՐԱՑԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Եվրոպական դատարանի վճիռներով կամ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարումը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը (այսուհետ՝ վարչապետի աշխատակազմ)՝ եվրոպական դատարանի վճիռը կամ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, եթե դիմումատուի կողմից սույն որոշմամբ սահմանված կարգով ներկայացվել են փոխհատուցման վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
10. Եվրոպական դատարանի վճիռը կամ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սեղմ ժամկետում դիմումատուն կամ նրա ներկայացուցիչն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է վարչապետի աշխատակազմ էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request.am հարթակ), էլեկտրոնային փոստի միջոցով կամ թղթային եղանակով:
11. Դիմումատուն կամ նրա ներկայացուցիչը սահմանված ժամկետում արդարացի փոխհատուցումը ստանալու համար պարտավոր են սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ ներկայացնել վարչապետի աշխատակազմ ոչ ուշ, քան արդարացի փոխհատուցման գումարի վճարման համար սահմանված ժամկետի ավարտից քսան օրացուցային օր առաջ։ Սույն կետի պահանջները խախտելու դեպքում վճարումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ ներկայացնելուց հետո քսան օրացուցային օրում:
12. Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը (այսուհետ՝ գրասենյակ), ստանալով դիմումատուի կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը, ստուգում է դրանց ամբողջականությունը և համապատասխանությունը սույն կարգին և Եվրոպական դատարանի վճռին կամ որոշմանը: Անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում գրասենյակը տեղեկացնում է դիմումատուին կամ նրա ներկայացուցչին դրանց մասին՝ վերադարձնելով դիմումը, և սահմանում է ողջամիտ ժամկետ դրանք շտկելու և դիմումը նորից ներկայացնելու համար։
13. Գրասենյակը սահմանված ժամկետում ամբողջական և սույն կարգի պահանջներին համապատասխանող անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո այն փոխանցում է վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությանը (այսուհետ՝ վարչություն) եվրոպական դատարանի վճռով սահմանված արդարացի փոխհատուցման վճարման վերջնաժամկետից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ՝ վճարման գործընթացի պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով, տեղեկացնելով նաև արդարացի փոխհատուցման վճարման համար սահմանված ժամկետների վերաբերյալ։
14. Վարչությունը փաստաթղթերը ստանալուց հետո անմիջապես ապահովում է արդարացի փոխհատուցման վճարումը:
15. Այն դեպքում, երբ եվրոպական դատարանի վճռով կամ որոշմամբ արդարացի փոխհատուցման գումարը սահմանվել է մի քանի անձանց օգտին՝ որպես միասնական գումար, և վճռով կամ որոշմամբ չեն սահմանվել յուրաքանչյուր անձին հասանելիք գումարի չափերը, ապա արդարացի փոխհատուցման գումարը համարվում է նրանց միջև հավասարաչափ բաշխված:
16. Եվրոպական դատարանի վճռով կամ որոշմամբ օտար արժույթով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, եթե եվրոպական դատարանի վճռով կամ որոշմամբ այլ բան նախատեսված չէ։
17. Եթե անձն անհրաժեշտ փաստաթղթերը չի ներկայացրել վարչապետի աշխատակազմ և արդարացի փոխհատուցման գումարի վճարումը չի իրականացվել եվրոպական դատարանի վճռով կամ որոշմամբ սահմանված ժամկետում, ապա արդարացի փոխհատուցման գումարը ենթակա է վճարման դիմումատուի, նրա ներկայացուցչի կամ իրավահաջորդի կողմից սույն կարգով պահանջվող տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ ներկայացվելուց հետո քսան օրացուցային օրում։ Գրասենյակն այդ մասին տեղեկացնում է նախարարների կոմիտեի քարտուղարությանը՝ ներկայացնելով ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվություն։
18. Եթե Եվրոպական դատարանի վճռով կամ որոշմամբ սահմանված չէ արդարացի փոխհատուցման ձև և (կամ) չափ, այլ արդարացի փոխհատուցման ձևի և (կամ) չափի որոշումը թողնված է Հայաստանի Հանրապետության և դիմումատուի համաձայնությանը, սակայն դիմումատուն Հայաստանի Հանրապետության կողմից առաջարկված ձևի և (կամ) չափի առնչությամբ չի տալիս իր համաձայնությունը, բայց արդարացի փոխհատուցման առաջարկվող ձևը և (կամ) չափը հաստատվել է Եվրոպական դատարանի կողմից կամ ընդունելի է նախարարների կոմիտեի համար, ապա առաջարկվող գումարը կարող է հինգ տարի ժամկետով փոխանցվել դիմումատուի հաշվառման վայրի, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակության վերջին հայտնի վայրի նոտարի դեպոզիտ հաշվին։
19. Եթե դիմումատուի՝ մինչ իրավունքի խախտումը եղած դրության վերականգնումը գործնականում անհնարին է, ապա Հայաստանի Հանրապետությունը, հիմնվելով եվրոպական դատարանի և (կամ) նախարարների կոմիտեի կողմից ձևավորված չափանիշների վրա, որպես արդարացի փոխհատուցում առաջարկում է համարժեք այլընտրանք։ Դիմումատուի համաձայնության դեպքում առաջարկվող արդարացի փոխհատուցումը սահմանված ընթացակարգով փոխանցվում է դիմումատուին։ Եթե արդարացի փոխհատուցման առաջարկվող ձևի և (կամ) չափի առնչությամբ դիմումատուն չի տալիս իր համաձայնությունը, բայց արդարացի փոխհատուցման առաջարկվող ձևը և (կամ) չափը հաստատվել է եվրոպական դատարանի կողմից կամ ընդունելի է նախարարների կոմիտեի համար, ապա առաջարկվող գումարը կարող է հինգ տարի ժամկետով փոխանցվել դիմումատուի հաշվառման վայրի, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակության վերջին հայտնի վայրի նոտարի դեպոզիտ հաշվին։
20. Եթե դիմումատուն հրաժարվում է եվրոպական դատարանի վճռով կամ որոշմամբ սահմանված արդարացի փոխհատուցումը ստանալուց, ապա այդ մասին գրավոր տեղեկացնում է գրասենյակին և (կամ) նախարարների կոմիտեին։ Դիմումատուի կողմից նախարարների կոմիտեին չտեղեկացվելու դեպքում նախարարների կոմիտեին տեղեկացնում է գրասենյակը։
21. Արդարացի փոխհատուցման գումարի վճարումն իրականացնելուց հետո վարչությունը վճարման կատարումը հավաստող փաստաթուղթն անհապաղ ուղարկում է գրասենյակ։ Գրասենյակն ապահովում է վճարումը հավաստող անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի ներկայացումը նախարարների կոմիտեի քարտուղարությանը։
22. Արդարացի փոխհատուցման գումարի վճարումն իրականացնելուց հետո, ինչպես նաև սույն կարգի 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետությունը նախարարների կոմիտեին առաջարկում է փակել գործի անհատական միջոցառումների կատարողական–վերահսկողական վարույթը։
Ձև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ/ՏԻԿԻՆ -------------------------------ԻՆ
Դիմումատու՝ -------------------------------------
|
(ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը) |
Ներկայացուցիչ1՝ ------------------------------------------
(անունը, ազգանունը)
Հասցե -----------------------------------------------
Հեռախոսահամար -----------------------------------------------
Էլեկտրոնային փոստի հասցե2 ----------------------------------------------
ԴԻՄՈՒՄ
__________ թվականի ____________ -ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «____________ ընդդեմ Հայաստանի» վճիռը/որոշումը/, որով հատկացվել է _____________ որպես արդարացի փոխհատուցում: Խնդրում եմ վերոնշյալ գումարը փոխանցել հետևյալ հաշվեհամարին.
Հաշվեհամար՝ __________________
Հաշվետեր՝ __________________
Բանկի անվանում՝ __________________
SWIFT/BIC կոդը (առկայության դեպքում)՝ __________________
IBAN (առկայության դեպքում)՝ __________________ :
Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
Հարգանքով՝
|
(ստորագրությունը) |
________________________ (անուն, ազգանուն) |
______________________________
(տարին, ամիսը, ամսաթիվը)
____________
1 Լրացվում է միայն ներկայացուցչի միջոցով փաստաթղթերը ներկայացվելու դեպքում:
2 Դաշտը պարտադիր չէ լրացման համար:
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
22.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2026 թվական: