ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԴՊԻՍԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1522-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (01.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.10.12-2026.10.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2026 թվականի N 1522-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԴՊԻՍԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 443.5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններից ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ստացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները՝ համաձայն N 3 հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի «Օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման, հարկային մարմնի կողմից այդպիսի իրավասու մարմիններից տեղեկության ստացման կարգերը, ինչպես նաև փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները սահմանելու մասին» N 718-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 22-ի N 1522-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին (այսուհետ՝ հաշվետու պետություններ) ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման հետ կապված հարաբերությունները:

2. Հարկային մարմինը ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները փոխանցում է այն հաշվետու պետություններին, որոնք ընդգրկված են հարկային մարմնի կողմից հրապարակված՝ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակում իրականացնող պետությունների ցանկում և որոնց հարկային ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի ու վերահսկող անձանց վերաբերյալ տեղեկությունները փոխանցվում են համապատասխան իրավասու մարմիններին։

3. Հաշվետու պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վավերացրած «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված), «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հրապարակած Միասնական հաշվետվողական ստանդարտի և դրա մեկնաբանության (այսուհետ՝ ստանդարտ) հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 80.2-րդ գլխին համապատասխան։

4. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են՝

1) ստանդարտի ընդարձակ նշագրման լեզվի XML սխեմա (այսուհետ՝ սխեմա)՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) կողմից մշակված ստանդարտացված էլեկտրոնային ձևաչափ, որը սահմանված է ստանդարտով և նախատեսված է հաշվետու պետությունների կողմից ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների կառուցվածքային ներկայացման և ավտոմատ փոխանակման համար՝ ապահովելով տվյալների համատեղելիությունը և կառուցվածքային հետադարձ կապի հնարավորությունը.

2) միասնական փոխանցման համակարգ (այսուհետ՝ համակարգ)՝ ՏՀԶԿ-ի Հարկային վարչարարության ֆորումի նախաձեռնությամբ մշակված և ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգ, որը կիրառվում է հաշվետու պետությունների կողմից՝ ստանդարտով նախատեսված և այլ հարկային տեղեկությունների անվտանգ, ստանդարտացված և ավտոմատացված փոխանակումն ապահովելու նպատակով.

3) ստանդարտի կարգավիճակի հաղորդագրություն (այսուհետ՝ հաղորդագրություն)՝ ստանդարտով նախատեսված տեխնիկական հաղորդագրություն, որը համակարգի միջոցով հաշվետու պետության իրավասու մարմնի կողմից վերադարձվում է տեղեկությունը տրամադրող հաշվետու պետության իրավասու մարմնին և պարունակում է տվյալների փաթեթի ընդունման կամ մերժման վերաբերյալ հաստատում, ինչպես նաև հայտնաբերված սխալների և դրանց բնույթի մասին տեղեկություն։

5. Հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման և վավերացման ավարտից հետո հարկային մարմինը յուրաքանչյուր հաշվետու պետության համար ձևավորում է առանձին տվյալների փաթեթ, որը ներառում է բացառապես տվյալ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց վերաբերյալ հաշվետու հաշիվների տեղեկությունները։ Յուրաքանչյուր հաշվետու տարվա համար յուրաքանչյուր ստացող հաշվետու պետության համար ձևավորվում է մեկ տվյալների փաթեթ։

6. Յուրաքանչյուր տվյալների փաթեթի ձևավորումից հետո հարկային մարմինը սխեմայի կիրառմամբ իրականացնում է վավերացում՝ ապահովելու տվյալների որակը և ֆայլերի համապատասխանությունը ստանդարտով սահմանված պահանջներին, ինչպես նաև նվազեցնելու ստացող հաշվետու պետության կողմից դրանց մերժման հավանականությունը։

7. Հաշվետու պետություններին փոխանցելու նպատակով հարկային մարմնի կողմից, ստանդարտի սխեմայի տեխնիկական պահանջներին համապատասխան, ֆայլերը ենթարկվում են կոմպրեսիայի, իսկ տվյալների փաթեթները գաղտնագրվում են՝ ապահովելով դրանց անվտանգ փոխանցումը համակարգի միջոցով։

8. Հարկային մարմինը մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվա սեպտեմբերի 30-ը հաշվետու պետություններին համակարգի միջոցով փոխանցում է գաղտնագրված տվյալների փաթեթները:

9. Տվյալների փաթեթները հաշվետու պետություններին փոխանցելուց հետո հարկային մարմինը ստանում է հաշվետու պետությունների կողմից ուղարկվող հաղորդագրություններ, որոնց համաձայն՝

1) տվյալների փաթեթն ընդունվում է՝ առանց սխալների կամ լրացուցիչ դիտարկումների.

2) տվյալների փաթեթի ընդունումը մերժվում է՝ գաղտնազերծման կամ վավերացման անհնարինության պատճառով, հարկային մարմինը կատարում է անհրաժեշտ շտկումներ և սահմանված ժամկետում կրկին ներկայացնում է տվյալների փաթեթը համակարգի միջոցով.

3) տվյալների փաթեթն ընդունվում է, սակայն հայտնաբերվում են գրառման սխալներ կամ նախազգուշացումներ, որոնց հիման վրա հարկային մարմինը կատարում է համապատասխան շտկումներ և սահմանված ժամկետում կրկին ներկայացնում է տվյալների փաթեթը համակարգի միջոցով։

10. Հարկային մարմինը հաշվետու պետության իրավասու մարմնին հաղորդագրության պատասխանն ուղարկում է ոչ ուշ, քան հաղորդագրությունը համակարգի միջոցով ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Լ. Մակունց

 

22.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 22-ի N 1522-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններից (այսուհետ՝ հաշվետու պետություններ) ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ստացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են՝

1) միասնական հաշվետվողական ստանդարտի և դրա մեկնաբանության (այսուհետ՝ ստանդարտ) ընդարձակ նշագրման լեզվի XML սխեմա (այսուհետ՝ սխեմա)՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ)՝ կողմից մշակված ստանդարտացված էլեկտրոնային ձևաչափ, որը սահմանված է ստանդարտով և նախատեսված է հաշվետու պետությունների կողմից ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների կառուցվածքային ներկայացման և ավտոմատ փոխանակման համար՝ ապահովելով տվյալների համատեղելիությունը և կառուցվածքային հետադարձ կապի հնարավորությունը.

2) միասնական փոխանցման համակարգ (այսուհետ՝ համակարգ)՝ ՏՀԶԿ-ի Հարկային վարչարարության ֆորումի նախաձեռնությամբ մշակված և ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգ, որը կիրառվում է հաշվետու պետությունների կողմից՝ ստանդարտով նախատեսված և այլ հարկային տեղեկությունների անվտանգ, ստանդարտացված և ավտոմատացված փոխանակումն ապահովելու նպատակով.

3) ստանդարտի կարգավիճակի հաղորդագրություն (այսուհետ՝ հաղորդագրություն)՝ ստանդարտով նախատեսված տեխնիկական հաղորդագրություն, որը համակարգի միջոցով հաշվետու պետության իրավասու մարմնի կողմից վերադարձվում է տեղեկությունը տրամադրող հաշվետու պետության իրավասու մարմնին և պարունակում է տվյալների փաթեթի ընդունման կամ մերժման վերաբերյալ հաստատում, ինչպես նաև հայտնաբերված սխալների և դրանց բնույթի մասին տեղեկություն։

3. Հարկային մարմինը համակարգի միջոցով հաշվետու պետությունից ստացված տվյալների փաթեթը գաղտնազերծում է՝ կիրառելով համաձայնեցված գաղտնագրման մեթոդը։

4. Տվյալների փաթեթը ստանալուց հետո հարկային մարմինը հատուկ տեղեկատվական համակարգերի միջոցով իրականացնում է որակի վերահսկում՝ ստանդարտի սխեմային համապատասխան ստուգելով ֆինանսական հաշիվների վերաբերյալ պարտադիր բոլոր տարրերի առկայությունը և դրանց սահմանված ձևաչափերով լրացված լինելը։

5. Հարկային մարմինը ստանդարտով սահմանված կարգով յուրաքանչյուր հաշվետու պետությանը ուղարկում է հաղորդագրություն՝ նշելով ֆայլերի ընդունման կամ մերժման փաստը, իսկ մերժման դեպքում՝ նաև մերժման հիմքերը, ինչպես նաև սխեմայի համաձայն իրականացված ֆայլի և գրառումների վավերացման արդյունքները։

6. Հարկային մարմինը համակարգի միջոցով տվյալների փաթեթը ստանալուց հետո ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում, ստանդարտին համապատասխան ուղարկում է գաղտնագրված հաղորդագրություն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Լ. Մակունց

 

22.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 22-ի N 1522-Ն որոշման

 

Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր

 

ՓՈԽԱՆՑՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին (այսուհետ՝ հաշվետու պետություններ) տրամադրված, ինչպես նաև հաշվետու պետություններից հարկային մարմին ստացված ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների (այսուհետ՝ տեղեկություններ) պահպանության հետ կապված հարաբերությունները:

2. Տեղեկությունների պահպանությունն իրականացվում է հարկային մարմնի կողմից և պահպանվում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետով:

3. Հարկային մարմինը ապահովում է տեխնիկական միջոցների կիրառումը և կազմակերպչական աշխատանքների իրականացումը, որոնք անհրաժեշտ են տեղեկությունների՝ սույն հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան պահպանությունն ապահովելու համար։

4. Տեղեկատվությունների նկատմամբ կիրառվում են՝

1) «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների գաղտնիության պահպանման և տվյալների պաշտպանության երաշխիքները.

2) անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիք համարվող տեղեկությունների պահպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները։

5. Տեղեկությունների պահպանությանը ներկայացվող պահանջներն են՝

1) յուրաքանչյուր հաշվետու պետության համար ձևավորված տվյալների փաթեթը համակարգի միջոցով փոխանցելուց առաջ հարկային մարմինն իրականացնում է դրա կոմպրեսիա և գաղտնագրում՝ կիրառելով թվային ստորագրման համար նախատեսված անձնական բանալին և գաղտնագրման համար նախատեսված համապատասխան հանրային բանալին.

2) հաղորդագրության թվային ստորագրումն իրականացվում է հարկային մարմնի անձնական բանալու միջոցով, ապահովելով դրա ամբողջականությունը և իսկությունը, իսկ հաշվետու պետությունը ստուգում է ստորագրությունը հարկային մարմնի հանրային բանալու միջոցով՝ հաստատելով ուղարկողի ինքնությունը.

3) գաղտնագրումն իրականացվում է յուրաքանչյուր հաշվետու պետության համար նախատեսված հանրային բանալու միջոցով, իսկ գաղտնազերծումն իրականացվում է համապատասխան հաշվետու պետության անձնական բանալու միջոցով՝ ապահովելով, որ միայն ստացող հաշվետու պետությունը կարող է վերծանել տվյալների փաթեթը.

4) համակարգի միջոցով տվյալների փաթեթը ստանալիս հարկային մարմինն իրականացնում է ուղարկող հաշվետու պետության ինքնության ստուգում՝ կիրառելով վերջինիս հանրային բանալին, և կատարում է տվյալների գաղտնազերծում՝ կիրառելով իր անձնական բանալին։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Լ. Մակունց

 

22.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան