ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՀԿԴ/0154/01/22 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (21.10.2025-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.10.12-2026.10.25 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.10.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

Նախագահող դատավոր Ս․ Խաչատրյան

 

ՀԿԴ/0154/01/22

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

 

Նախագահող դատավոր  Կ. Ամիրյան

դատավորներ

 Ա. Նահապետյան
   Ա. Մարտիրոսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

մասնակցությամբ դատավորներ`

Ռ. Մխիթարյանի

Ե. դանիելյանի

Ա. կրկյաշարյանի

Ս. չիչոյանի

Դ. Վեքիլյանի

 

 2025 թվականի հոկտեմբերի 21-ին

քաղաք Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով Գարիկ Մանվելի Ադամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 154․2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է թիվ 37157621 քրեական գործը։

2021 թվականի հոկտեմբերի 21-ին Գարիկ Մանվելի Ադամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նույն օրը մեղադրյալ Գ․Ադամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

2021 թվականի նոյեմբերի 2-ին մեղադրյալ Գ․Ադամյանը ձերբակալվել է։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ մեղադրյալ Գ․Ադամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 1 (մեկ) ամիս ժամկետով։

2021 թվականի նոյեմբերի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ Գ․Ադամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ։

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ Գ․Ադամյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը փոխարինվել է գրավով։

2022 թվականի հոկտեմբերի 26-ին քրեական գործն ըստ ընդդատության ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)։

2․ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 23-ի դատավճռով Գ․Ադամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ Նշանակված պատժին հաշվակցվել է Գ․Ադամյանի անազատության մեջ գտնվելու ժամկետը` 1 (մեկ) ամիս 23 (քսաներեք) օրը, և թողնվել է ազատազրկում՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս 7 (յոթ) օր ժամկետով։ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրեմսգիրք) 84-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով։

3․ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Մ․Անտոնյանի և պաշտպան Վ․Սարգսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իր՝ 2024 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ։

4․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5․1. Բողոքաբերը փաստարկել է, որ Գ․Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը համարելով իրավաչափ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տրվել դատական սխալ` նյութական օրենքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, մասնավորապես՝ կիրառվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման։

Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանները համակողմանի գնահատման չեն ենթարկել տվյալ դեպքում խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, հանցանքի վտանգավորության աստիճանը և կատարման եղանակը, ինչպես նաև հաշվի չեն առել, որ Գ․Ադամյանը չի ընդունել իրեն մեղսագրված արարքը, չի համագործակցել քրեական հետապնդման մարմինների հետ, հերքել է իր կողմից ընտրակաշառք տալու հանգամանքը:

Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները նաև չեն մատնանշել որևէ փաստական հանգամանք, որը, նվազեցնելով կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը, հնարավորություն կտար եզրահանգելու, որ տվյալ պարագայում արդարացված է նշանակված պատիժը Գ.Ադամյանի կողմից պայմանականորեն չկրելը։

Բողոքերը միաժամանակ գտել է, որ վիճարկվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Ալեքսանյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Վանյա Բեգյանի և Նարեկ Սարգսյանի վերաբերյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին։

5․2. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը․

6. Ըստ Գ․Ադամյանի պաշտպան Վ․Սարգսյանի՝ վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

Պաշտպան Վ․Սարգսյանի պնդմամբ՝ Գ․Ադամյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, նրա անձը բնութագրող տվյալները և ծանրացնող հանգամանքների բացակայությունն էականորեն նվազեցնում են կատարված հանցագործության հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը և հիմք են տալիս եզրահանգելու, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժն առանց նրա կողմից փաստացի կրելու՝ հնարավոր է հասնել պատժի նպատակների իրացմանը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Գ․Ադամյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, և նա մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ․ «(...) [Կ]ուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողին անձամբ տվել է կաշառք, որպիսի գործողությունն արտահայտվել է հետևյալում.

****** ***** մարզի ****** համայնքի ******* բնակավայրի բնակիչ Գարիկ Ադամյանը, հանդիսանալով ՀՀ նախագահի՝ 2021 թվականի մայիսի 10-ի հրամանագրով 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու և ընդգրկված լինելով դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակի 226-րդ համարում՝ 2021 թվականի հունիս ամսվա ընթացքում ծնողների հետ այցելել է իր ընտանիքի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող՝ ***** ***** մարզի ****** համայնքում հաշվառված, բնակվող և ընտրելու իրավունք ունեցող Ա․Վ-ի տուն, որտեղ, Ա․Վ-ին և նրա ընտանիքի անդամներին հայտնելով իր կողմից «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու մասին՝ խնդրել է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ընտրություններում քվեարկել 6-րդ համարի քվեաթերթիկում նշված «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին: Միաժամանակ, նպատակ ունենալով ընտրության արդյունքների ամփոփման, այն է՝ քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում ստուգել նշված անձանց կողմից «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու հանգամանքը՝ առաջարկել է ընտրված քվեաթերթիկի վերին աջ անկյունային հատվածը ծալելու, այնուհետև ուղղելու միջոցով թողնել այդ փաստը հաստատող՝ ծալվածքի տեսքով հատուկ նշան, ինչի մասին հետագայում՝ 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 22։38-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, կրկին հայտնել է Ա․Վ-ի հարս Լ․Ս-ին։

Այնուհետև՝ 2021 թվականի հունիսի 17-18-ն ընկած ժամանակահատվածում՝ ժամը 18-19-ի սահմաններում, Գարիկ Ադամյանը միայնակ գնացել է Ա․Վ-ի տան բակ և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Ա․Վ-ին առձեռն տվել է 20.000 ՀՀ դրամ կաշառք»1:

8․ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 23-ի դատավճռի համաձայն՝ «(…) Ամբաստանյալ Գարիկ Մանվելի Ադամյանի նկատմամբ պատժի տեսակը որոշելիս դատարանը հաշվի է առնում հետևյալը.

- նրա կողմից ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 154.2 հոդվածի 2-րդ մասով կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, մասնավորապես՝ այն, որ նրան վերագրվում է մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված միջին ծանրության հանցագործություն,

- խախտված հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը,

- պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես՝ այն, որ նրա խնամքին են գտնվում երկու մանկահասակ երեխաները, աշխատավայրից՝ ****** ***** մարզի ******* համայնքապետարանից, ներկայացրել է դրական բնութագիր, նախկինում դատված չի եղել, ընդունել է իր արարքի փաստական կողմը,

- պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը։

Դատարանը, հաշվի առնելով Գարիկ Մանվելի Ադամյանի կատարած հանցանքի հանգամանքները, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, նրա նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասին) նախատեսված արարք կատարելու համար որպես պատիժ պետք է նշանակել ազատազրկումը՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։

Հիմք ընդունելով ՀՀ քրեական նոր օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասը՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գարիկ Մանվելի Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին պետք է հաշվակցել սույն քրեական գործով անազատության մեջ գտնվելու 1 (մեկ) ամիս 23 (քսաներեք) օրը և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկումը՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս 7 (յոթ) օր ժամկետով:

(…)

Ամբաստանյալ Գարիկ Մանվելի Ադամյանի կողմից իր նկատմամբ նշանակված պատիժը կրելու հարցը լուծելիս, դատարանը հաշվի է առնում հետևյալ հանգամանքները՝

- ամբաստանյալ Գարիկ Մանվելի Ադամյանի կատարած հանցանքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին,

- ամբաստանյալ Գարիկ Մանվելի Ադամյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայում են, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համաձայն՝ նրա խնամքին են գտնվում երկու մանկահասակ երեխաները, ներկայացրել է դրական ծառայողական բնութագիր, նախկինում դատված չի եղել, ընդունել է իր արարքի փաստական կողմը։

Մեջբերված և վերլուծված փաստական տվյալների համակցությունը դատարանի գնահատմամբ վկայում է ամբաստանյալ Գարիկ Մանվելի Ադամյանին ազատությունից զրկելու աննպատակահարմարության և առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու հնարավորության մասին, որը բխում է նաև պատիժ նշանակելու կարևորագույն` մարդասիրության սկզբունքի պահանջներից:

Դատարանն ընդգծում է, որ վերոնշյալ հանգամանքներն էականորեն նվազեցնում են հանցավորի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը և վկայում են նշանակված պատիժն առանց փաստացի կրելու ամբաստանյալի ուղղվելու հնարավորության մասին։

Այլ կերպ, դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց Գարիկ Մանվելի Ադամյանի կողմից իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու, հետևաբար՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել։

ՀՀ քրեական նոր օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ Գարիկ Մանվելի Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու պայմաններում, դատարանը գտնում է, որ Գարիկ Մանվելի Ադամյանի նկատմամբ պետք է սահմանել փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով՝ փորձաշրջանի ընթացքում նրա վրա դնելով պարտականություններ՝

- առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը,

- բնակության վայրը փոխելու դեպքում սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնել դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին։ (…)»2:

9․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, նշել է․ «(…) [Ա]նդրադառնալով ամբաստանյալ Գարիկ Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու անհրաժեշտությանը (ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությանը)` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի դատավճռում վկայակոչված` ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, բավարար է գալու այն եզրահանգման, որ ամբաստանյալ Գարիկ Ադամյանի ուղղումը հնարավոր է առանց ռեալ (իրական) պատիժ նշանակելու:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ Դատարանը գործել է արդարության քրեաիրավական սկզբունքի շրջանակներում՝ ապահովելով ինչպես կիրառվող օրենսդրության, այնպես էլ պետական հակազդեցության համաչափությունը կատարված հանցանքին, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի դատավճռում վկայակոչված հանգամանքները վկայում են այն մասին, որ ամբաստանյալ Գարիկ Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքով ամրագրված պատժի նպատակներին:

9.5․ Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, հաշվի է առնում հետևյալ հանգամանքները՝

- ամբաստանյալ Գարիկ Ադամյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայում են,

- ամբաստանյալի խնամքին են գտնվում երկու մանկահասակ երեխաները,

- ամբաստանյալն ունի դրական ծառայողական բնութագիր,

- ամբաստանյալը նախկինում դատված չի եղել,

- ամբաստանյալն ունի բարձրագույն կրթություն,

- ըստ ***** ***** ******* համայնքի ղեկավարի առաջին տեղակալի կողմից տրված տեղեկանքի՝ ամբաստանյալն աշխատում է ******* համայնքապետարանի աշխատակազմում որպես քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ,

- 2024 թվականի օգոստոսի 26-ին Վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Պաշտպանը նշեց, որ ամբաստանյալի խնամքին են նաև հաշմանդամության կարգ ունեցող ծնողները, որի հետ կապված Դատախազը առարակություն չներկայացրեց։ Ընդ որում, գործի նյութերում առկա են ամբաստանյալի ծնողների՝ հաշմանդամության կարգ ունենալը հավաստող փաստաթղթեր։

Վերոշարադրյալի լույսի ներքո Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ հնարավոր է հասնել պատժի նպատակների իրացմանը, այդ թվում՝ ապահովել հասարակությունում ամբաստանյալի վերասոցիալականացումը։

9.6․ Ինչ վերաբերում է խախտված հասարակական հարաբերության բնույթի ու կարևորության և վերջիններիս հետ կապված մնացյալ հանգամանքների վերաբերյալ Դատախազի փաստարկին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ներկայացված փաստարկը պետք է դիտարկել ինչպես արարքի, այնպես էլ՝ անձի հանրային վտանգավորության տեսանկյունից: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը չի անտեսում արարքի բնույթն ու խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը։ Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման 9.5-րդ կետում նշված հանգամանքները նվազեցնում են ամբաստանյալ Գարիկ Ադամյանի վտանգավորության աստիճանը, իսկ արարքի ծանրության աստիճանը (արարքը ոչ թե միջին ծանրության է, այլ՝ ծանր), բնույթն ու անձի վտանգավորության աստիճանը պետք է գնահատվեն հավասարակշռված։ Արարքի ծանրության աստիճանը սույն դեպքում չի կարող ինքնին չեզոքացնել սույն որոշմամբ և Դատարանի դատավճռով փաստարկված հանգամանքների իրավաչափությունն այնքան, որ բացառի անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը, հետևաբար՝ նշյալ փաստարկը չի չեզոքացնում Դատարանի իրավաչափ հետևությունները։

9․7․ Ինչ վերաբերում է Դատախազի մնացյալ փաստարկներին, ապա դրանք առավելապես կազմում են մեղադրանքի փաստական կողմը և չեն արտահայտում կոնկրետ քննության առարկա գործի առանձնահատկություններից բխող իրավիճակը, հետևաբար դրանք պատիժը պայմանականորեն չկիրառելուն խոչընդոտող առարկայական փաստարկներ չեն և քննարկվող հարցի տեսանկյունից որոշիչ նշանակություն չեն կարող ունենալ:

10. Այսպիսով, քննարկվող դեպքում հաղթահարվում է պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի կիրառման հիմքում ընկած անհրաժեշտ պայմանը, այն է` դատարանի համոզվածությունն ու վստահությունն առ այն, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու։

Ամփոփելով՝ Վերաքննիչ դատարանը (…) հանգում է հետևության, որ Դատարանը եկել է իրավաչափ եզրահանգման։

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ (…) պատիժը պայմանականորեն չկիրառելը համապատասխանում է վերջինիս էությանը, հետևաբար ներկայացված վերաքննիչ բողոքները ենթակա են մերժման, իսկ վիճարկվող դատավճիռը պետք է թողնել անփոփոխ։ (…)»3։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավո՞ր են արդյոք Գ․Ադամյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

11․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝

«1. Եթե դատարանը հանցանք կատարած անձի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս հանգում է հետևության, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

(…)

4. Պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները.

1) անձին մեղսագրվող հանցանքի բնույթն ու վտանգավորությունը,

2) պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,

3) հանցանք կատարածի անձը,

4) պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պահանջի բացակայությունը կամ այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու հանգամանքը, եթե հանցագործությամբ վնաս է պատճառվել:

(…)»։

11․1. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում4, որոնցով արտահայտված իրավական դիրքորոշումները վերաբերելի մասով (mutatis mutandis) շարունակում են կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամ5։

11.2. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը վերստին փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվորեն գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա6` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբյեկտիվ կողմի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն7:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է նաև, որ արարքի հանրային վտանգավորության բնույթի որոշման հարցում կարևոր նշանակություն ունի խախտված քրեաիրավական նորմով պաշտպանվող հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, և որ պատիժ նշանակելիս ու պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանները պարտավոր են հաշվի առնել տվյալ ժամանակահատվածում քրեական օրենսդրությամբ պահպանվող կոնկրետ հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը8։

12․ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով»:

12․1․ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցակազմը դասվում է սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների շարքին և բնութագրվում որպես հանցավոր արարք, որը ոտնձգում է քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացման դեմ։ Ուստի օժտված է հասարակական և հանրային բարձր վտանգավորությամբ, քանի որ ընտրական իրավունքի ազատ իրականացումը հանդիսանում է սահմանադրական կարգի հիմունքներից մեկը և ժողովրդավարության առանցքային հենասյուն9:

Միևնույն ժամանակ, տվյալ հանցակազմի՝ հասարակական և հանրային բարձր վտանգավորությունը պայմանավորվում է նաև հանցագործության սուբյեկտիվ կողմի հատկանիշով, մասնավորապես այն հանգամանքով, որ հանցանք կատարող անձը գործում է ուղղակի դիտավորությամբ։

Ընդ որում, նշված հանցավոր արարքը դասվում է կոռուպցիոն հանցանքների շարքին, որի առումով հատկանշական է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումն առ այն, որ հանրային իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն պետք է արդյունավետորեն իրականացվի, այլ պետք է համոզիչ կերպով տեսանելի լինի նաև ողջ հանրության համար՝ հանգեցնելով հավաքականորեն հասարակության և դրա առանձին անդամի մոտ կոռուպցիայի հաղթահարման, ինչպես նաև հետագայում կոռուպցիոն դրսևորումների դեմ հստակ իրավական գործիքների առկայությամբ անմիջապես հակազդելու հարցերում վստահության ամրապնդմանը։ Հասարակության և դրա յուրաքանչյուր անդամի մոտ կոռուպցիայի դեմ պայքարի գործում հանրային իշխանության մարմինների կամքի բացակայության, նման պայքարի անարդյունավետության վերաբերյալ ընկալումները հղի են այդ հարցում հանրային վստահության պակասի արմատավորմամբ, ինչն ինքնին հանրային գիտակցության մեջ կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետության մտայնության թելադրմամբ, կոռուպցիայի հետ գոյատևելու դատապարտվածության զգացումով՝ դրա նկատմամբ հանրային գիտակցության մեջ հանդուրժողականություն ծնող հիմնական պատճառներից է10։

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․

- Գ․Ադամյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի՝ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, այդ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողին անձամբ տվել է կաշառք11,

- Առաջին ատյանի դատարանը, հաստատված համարելով Գ․Ադամյանի մեղավորությունն իրեն մեղսագրվող արարքում և գնահատելով կատարած հանցանքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներն ու պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայության փաստը, գտել է, որ Գ․Ադամյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը նրա կողմից կրելու՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի դրույթների կիրառման միջոցով։

Ընդ որում, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Գ․Ադամյանի կատարած հանցանքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, իսկ որպես նրա անձը բնութագրող, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել խնամքին երկու մանկահասակ երեխաների առկայությունը, աշխատանքի վայրից դրական բնութագիր ներկայացնելը, նախկինում դատված չլինելն ու իր արարքի փաստական կողմն ընդունելը12,

- Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Գ․Ադամյանի արարքը դասվում է ոչ թե միջին, այլ ծանր հանցագործությունների շարքին, այդուհանդերձ անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ գտնելով, որ դրանում վայակոչված՝ Գ․Ադամյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը բավարար են գալու այն եզրահանգման, որ նրա ուղղումը հնարավոր է առանց իրական պատիժ նշանակելու13։

14. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12․1-ին կետերում շարադրված նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Գ․Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները բավարար չեն ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Գ․Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Գ․Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում նրա անձի կամ կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ․Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել հանցավորի անձի և նրա կողմից կատարված արարքի բնույթի ու հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող հետևյալ գործոնները․

ա) կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ Գ․Ադամյանը մեղավոր է ճանաչվել քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի ծանր հանցանք կատարելու մեջ,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ Գ․Ադամյանը գործել է ուղղակի դիտավորությամբ՝ գիտակցել է իր համար ցանկալի քվեարկություն կատարելու համար ընտրողին ընտրակաշառք տալու փաստը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկացել է դրանց վրա հասնելը,

գ) խախտված հասարակական հարաբերության կարևորությունն ու սոցիալական նշանակությունը, մասնավորապես այն, որ ընտրական իրավունքի ազատ իրականացումը հանդիսանում է սահմանադրական կարգի հիմունքներից մեկը և ժողովրդավարության կարևոր հենասյուն, որի առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ևս մեկ անգամ կրկնել, որ ընտրական իրավունքի իրացման հետ կապված հանցագործությունների համար նշանակված պատիժն առանց հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող փաստական հանգամանքների առկայության պայմանականորեն չկիրառելը չի կարող ապահովել պատժի նպատակների արդյունավետ կենսագործումը և իր բացասական ազդեցությունը կունենա երկրում ընտրական գործընթացների կազմակերպման ու անցկացման բնականոն ընթացքի վրա14,

դ) տվյալ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, այդ թվում՝ այն, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որի կատարման մեջ մեղավոր է ճանաչվել Գ․Ադամյանը, ծանր հանցանքների շարքին է դասվել հենց ՀՀ Ազգային ժողովի՝ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախաշեմին՝ 2021 թվականի ապրիլի 28-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-181-Ն օրենքի ուժով, որի արդյունքում մինչ այդ այլընտրանքային պատժներ նախատեսող և ըստ տիպային բնութագրի ու հանրության համար վտանգավորության աստիճանի՝ միջին ծանրության հանցանքների շարքին դասված հիշյալ արարքը վերածվել է ծանր հանցանքի՝ պատիժ նախատեսվելով բացառապես ազատազրկման ձևով՝ երեքից վեց տարի ժամկետով, որպիսի մոտեցում է դրսևորվել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքի պարագայում15։

16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Գ․Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների՝ Գ․Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Գ․Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում Գ․Ադամյանի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ․Ադամյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

 17․ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Գ․Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, այլ կերպ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ուստի անհրաժեշտ է Գ․Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել․ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 23-ի դատավճռով նշանակված 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս 7 (յոթ) օր ժամկետով ազատազրկումը։

Պատժի կրման սկիզբը պետք է հաշվել Գ․Ադամյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ մնացած մասով՝ ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է թողնել անփոփոխ:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Գարիկ Մանվելի Ադամյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 23-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը փոփոխել։

Գարիկ Մանվելի Ադամյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրա նկատմամբ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 23-ի դատավճռով նշանակված 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս 7 (յոթ) օր ժամկետով ազատազրկումը։

Պատժի կրման սկիզբը հաշվել Գարիկ Մանվելի Ադամյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 338-339։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 192-237։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 58-93։

4 Տե՛ս, ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Ադամյանի և Անդրանիկ Ավագյանի գործով 2025 թվականի մարտի 21-ի թիվ ԳԴ1/0036/01/23, Կարեն Խաչատրյանի գործով 2025 թվականի ապրիլի 10-ի թիվ ՀԿԴ/0053/01/24 որոշումները։

6 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը։

9 Տե՛ս ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը։

10 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1776 որոշումը։

11 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

12 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

13 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Ալեքսանյանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ՇԴ3/0037/01/17, Հովհաննես Ղազարյանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0037/01/17 և Կարեն Խաչատրյանի գործով 2025 թվականի ապրիլի 10-ի թիվ ՀԿԴ/0053/01/24 որոշումները։

 15 Տե՛ս ՀՀ գործող քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասը։

 

Նախագահող`

Դատավորներ`

Ռ. Մխիթարյան

Ե. դանիելյան

ա. կրկյաշարյան

ս. չԻՉՈՅԱՆ

Դ. Վեքիլյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան