ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2026 թվականի N 1467-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված դեպքերում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության գնահատողի ընտրությունն իրականացնելու կարգը սահմանելու մասին» N 882-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
« 3. Սույն որոշմամբ նախատեսվող ծրագրի գործարկման դեպքում՝ այդ ծրագրում սույն որոշման 5-րդ կետով նախատեսված տվյալները մուտքագրելու պահից վիճակահանությունն իրականացվում է այդ ծրագրի միջոցով՝ սույն որոշմամբ սահմանված կարգով:».
2) որոշման 4-րդ կետում «հրապարակումից հինգ ամիս հետո» բառերը փոխարինել «հրապարակման հաջորդ օրը» բառերով.
3) որոշման 5-րդ կետից հանել «, բայց ոչ ուշ, քան սույն որոշման 4-րդ կետով սահմանված՝ դրա ուժի մեջ մտնելու օրը,» բառերը, իսկ «Կադաստրի կոմիտեն ծրագրում մուտքագրում է» բառերը փոխարինել «ծրագրում մուտքագրվում է» բառերով.
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.
«6. Մինչև սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ծրագրի գործարկումը գնահատողի ընտրությունն իրականացնում է Կադաստրի կոմիտեն՝ թղթային եղանակով անցկացվող վիճակահանությամբ, պատահականության սկզբունքով և սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված կանոններին համապատասխան՝ հետևյալ առանձնահատկությունների պահպանմամբ՝
1) լիազոր մարմնի և Կադաստրի կոմիտեի միջև սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով նախատեսված փաստաթղթերի շրջանառությունը, ներառյալ՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ կետով նախատեսված հայտի ներկայացումն իրականացվում է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» («Mulberry») համակարգի միջոցով.
2) Կադաստրի կոմիտեն, գնահատողները և գնահատման կազմակերպությունները միմյանց հետ սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով նախատեսված փաստաթղթերի, տեղեկությունների և ծանուցումների փոխանակումն ու շրջանառությունն ապահովում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ Կադաստրի կոմիտեի և գնահատողների, գնահատման կազմակերպությունների՝ Կադաստրի կոմիտեին տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով.
3) սույն կետով նախատեսված՝ վիճակահանության կազմակերպումը և անցկացումը, գնային առաջարկների համեմատումը, արդյունքների ամփոփումը, արձանագրության կազմումը, անհրաժեշտ փաստաթղթերի, տեղեկությունների և ծանուցումների փոխանակումը, ինչպես նաև գործընթացի շրջանակում ձևավորված նյութերի հաշվառումը, արխիվացումը և պահպանումն իրականացնում է Կադաստրի կոմիտեի համապատասխան մասնագիտական ստորաբաժանումը.
4) սույն կետով նախատեսված վիճակահանության ամբողջ ընթացքը տեսաձայնագրվում է.
5) հայտի հերթական համար է համարվում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» («Mulberry») համակարգում հայտին տրված հերթական համարը, իսկ հայտի մուտքագրման ամսաթիվ՝ նույն համակարգում դրա գրանցման ամսաթիվը։ Վիճակահանությունն անցկացվում է Կադաստրի կոմիտեի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» («Mulberry») համակարգում հայտի գրանցման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում.
6) վիճակահանությանը մասնակցում են Կադաստրի կոմիտեի կողմից որակավորված և հաշվառված գնահատողները, որոնցից յուրաքանչյուրի անունը, ազգանունը, որակավորման վկայականի համարը, ինչպես նաև այն գնահատման կազմակերպության անվանումը, որի մոտ տվյալ անձն աշխատում է հիմնական հաստիքով որպես գնահատող, նշվում են սպիտակ թերթիկի վրա։ Թերթիկները ծալվում են երկու անգամ, կարվում կարիչով և դրվում թափանցիկ թմբուկի մեջ.
7) թմբուկը պտտելուց հետո Կադաստրի կոմիտեի համապատասխան մասնագիտական ստորաբաժանման աշխատակիցը դրանից պատահականության սկզբունքով հանում է հինգ թերթիկ, որոնցում նշված գնահատողները և գնահատման այն կազմակերպությունը, որի մոտ ընտրված գնահատողը հիմնական հաստիքով աշխատում է որպես գնահատող, համարվում են սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 12-րդ կետով ընտրված գնահատողներ: Ընտրված գնահատողները և գնահատման այն կազմակերպությունը, որի մոտ ընտրված գնահատողը հիմնական հաստիքով աշխատում է որպես գնահատող, Կադաստրի կոմիտեի համապատասխան մասնագիտական ստորաբաժանման աշխատակցի կողմից իրենց էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու եղանակով ծանուցվում են իրենց թեկնածության ընտրության մասին, ինչպես նաև ստանում են գնային առաջարկ ներկայացնելու հրավեր։ Վիճակահանությամբ ընտրված գնահատողները գնային առաջարկները ներկայացնում են համապատասխան հրավերն էլեկտրոնային փոստով ուղարկելու պահից սկսած՝ 72 ժամվա ընթացքում, հրավերն ուղարկած էլեկտրոնային փոստի հասցեին պատասխան նամակ ուղարկելու միջոցով։ Սույն ենթակետով սահմանված ժամկետի սկիզբ և առաջարկի ներկայացման ժամ է համարվում էլեկտրոնային փոստով ուղարկված նամակի արձանագրված ժամը: Սույն ենթակետով սահմանված ժամկետից թեկուզ 1 րոպե ուշ ներկայացված առաջարկները համարվում են չներկայացված:
8) սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 13-րդ կետով նախատեսված՝ գնային առաջարկների համեմատությունն իրականացնում է Կադաստրի կոմիտեի համապատասխան մասնագիտական ստորաբաժանման աշխատակիցը՝ սույն կետի 7-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում: Գնային առաջարկները բացելու և համեմատելու գործընթացը տեսաձայնագրվում է: Հավասար նվազագույն գնային առաջարկների դեպքում գնահատողի ընտրությունն իրականացվում է նույն օրը՝ նվազագույն գնային առաջարկ ներկայացրած գնահատողների միջև՝ սույն կետով նախատեսված կարգով.
9) սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 15-րդ կետով նախատեսված դեպքերում նոր վիճակահանությունն անցկացվում է սույն կետով նախատեսված կարգով, որին տվյալ հայտի հիման վրա անցկացված վիճակահանության արդյունքում ընտրված բոլոր հինգ գնահատողները չեն մասնակցում.
10) սույն կարգով ընտրված գնահատողը և գնահատման այն կազմակերպությունը, որի մոտ տվյալ անձը հիմնական հաստիքով աշխատում է որպես գնահատող, Կադաստրի կոմիտեի համապատասխան մասնագիտական ստորաբաժանման աշխատակցի կողմից վիճակահանության արդյունքներն ամփոփելուց հետո՝ հաջորդ աշխատանքային օրը, էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու եղանակով ծանուցվում են իրենց թեկնածության ընտրության մասին: Վիճակահանության արդյունքների մասին արձանագրությունը կազմվում է թեկնածուի ընտրության մասին ծանուցումն ուղարկելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, և ներառում է սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 16-րդ կետով նախատեսված տեղեկությունները: Արձանագրությունն այն կազմելու օրվան հաջորդ աշխատանքային օրն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Մալբերի» («Mulberry») համակարգի միջոցով ուղարկվում է լիազոր մարմնին.
11) սույն կետով նախատեսված գործընթացի շրջանակում ձևավորված տեղեկությունները, փաստաթղթերը, վիճակահանության արդյունքների մասին արձանագրությունները և տեսաձայնագրությունները մինչև սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ծրագրի գործարկումը պահպանվում են Կադաստրի կոմիտեի կողմից։ Ծրագրի գործարկումից հետո՝ մեկամսյա ժամկետում, ապահովվում է մինչև ծրագրի գործարկումը ձևավորված տեղեկությունների և տվյալների՝ ծրագրում մուտքագրումը և պահպանումը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
09.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|