ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 97-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1844
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (06.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.28-2026.10.11 Պաշտոնական հրապարակման օրը 09.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
06.10.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2026

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Երևան

6 հոկտեմբերի 2026 թվականի

 

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 97-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱ­ԲԱ­ՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒ­ԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵ­ՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով.

 

դատավորներ՝

 

Արման Դիլանյանի (նախագահող),

   

Արտակ Զեյնալյանի,

   

Դավիթ Խաչատուրյանի,

   

Երվանդ Խունդկարյանի,

Հովակիմ Հովակիմյանի (զեկուցող),

   

Էդգար Շաթիրյանի,

   

Սեդա Սաֆարյանի,

Արթուր Վաղարշյանի,

   

Վլադիմիր Վարդանյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ 

ներկայացուցիչ՝

պատասխանողի՝

ներկայացուցիչ՝ 

 

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի  (այսուհետ նաև՝ Դիմող),

Լուսինե Մհերյանի,

Ազգային ժողովի (այսուհետ նաև՝ Պատասխանող),

Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական

վարչության պետ Մարի Ստեփանյանի,

 

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանա­դրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» օրենքի 97-րդ հոդվածի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված, ինչպես նաև գործում առկա այլ փաստաթղթեր, Պատասխանողի գրավոր բացատրությունը, վերլուծելով վիճարկվող և վերջինիս հետ փոխկապակցված այլ օրինադրույթներ՝ Սահմանադրական դատարանը  ՊԱՐԶԵՑ.

 

1․ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության դիմումը Սահմանա­դրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մայիսի 6-ին, որով Դիմողը խնդրել է․

««Սնանկության մասին» օրենքի 97-րդ հոդվածն այն մեկնաբանությամբ, որ ֆիզիկական անձի սնանկության գործն ավարտելու հիմքով հիմնական պարտա­վորությունը, ինչպես նաև երաշխավորությունը դադարում են, ճանաչել ՀՀ Սահ­մանադրության 60-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. «Սնանկության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի հունվարի 22-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի փետրվարի 10-ին:

3. Օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբա­գրու­թյամբ՝ «Ֆիզիկական անձին պարտավորությունից ազատելը» վերտառու­թյամբ 97-րդ հոդվածով սահմանվում է.

«Ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձն ազատվում է բոլոր դրամական պարտավորությունների կատարումից, բացառությամբ`

ա) սույն օրենքի 90-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված պարտա­վորությունների.

բ) սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում ստանձնած և 100.000 դրամը գերազանցող պարտավորությունների.

գ) ուսման վարկավորման գումարը վերադարձնելու պարտավորության.

դ) պարտատերերի պահանջներից սնանկության վարույթի ընթացքում գույք թաքցրած լինելու դեպքում` թաքցված գույքի արժեքի չափով»:

4. Նշյալ հոդվածը փոփոխվել/լրացվել է՝

1) 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-27-Ն օրենքով, որի 36-րդ հոդվածի համաձայն՝ Օրենքի 97-րդ հոդվածի «ա» կետում «երկրորդ մասով» բառերը փոխա­րինվել են «չորրորդ մասով» բառերով,

2) 2026 թվականի հունիսի 18-ի ՀՕ-263-Ն օրենքով, որի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «90 օրվա» բառերը փոխարինվել են «մեկ տարվա» բառերով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Օրենքի 97-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2․ Ֆիզիկական անձ պարտապանը չի ազատվում պարտքից, եթե՝

1) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ենթարկվել է քրեական պատասխանատվության սնանկության ընթացքում անօրինական գործու­նեու­թյան կամ կանխամտածված սնանկության համար.

2) սնանկության գործի քննության ընթացքում կայացված դատական ակտով հաստատվել է այն հանգամանքը, որ ֆիզիկական անձ պարտապանը կառավարչին կամ դատարանին չի ներկայացրել անհրաժեշտ տվյալներ կամ ներկայացրել է ակնհայտ կեղծ տվյալներ.

3) ապացուցված է, որ ֆիզիկական անձ պարտապանի պարտավորությունների կատարման ժամանակ նա գործել է ապօրինի կերպով, այդ թվում՝ դիտավորությամբ խուսափել է պարտատերերի պարտքերի մարումից, կատարել է սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքներ, թաքցրել է գույքը, վարկ ստանալիս պարտատիրոջը տրամադրել է կեղծ տեղեկություն»։

5. Սահմանադրական դատարանի դատական կազմի 2026 թվականի մայիսի  27-ի ՍԴԴԿՈ-49 որոշմամբ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության դիմումի հիման վրա գործն ընդունվել է քննության:

6. Սահմանադրական դատարանի 2026 թվականի հունիսի 9-ի ՍԴԱՈ-99 աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննությունը նշանակվել է 2026 թվականի հուլիսի 28-ին։

7․ Սահմանադրական դատարանի 2026 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-165 աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը՝ երկարաձգվել, գործի դատաքննությունը հետաձգվել է, և գործի դատաքննությունը նշանակվել է 2026 թվականի հոկտեմբերի 6-ին։

 

Գործի դատավարական նախապատմությունը

8. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության (իրավահաջորդ՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն) և Սարգիս Հովիկի Ամիրաղյանի միջև 2019 թվականի հունիսի 20-ին կնքվել է թիվ 191519479 սպառողական վարկի պայմանագիրը, որի հիման վրա վերջինիս տրամադրվել է 3.000.000 ՀՀ դրամի վարկ՝ տարեկան 21.15% փաստացի տոկոսադրույքով, մինչև 2024 թվականի հունիսի 14-ը մարման վերջնաժամկետով:

9. 2019 թվականի հունիսի 20-ին Արսեն Արարատի Գիշյանի և Դիմողի միջև կնքվել է թիվ 191519479/01 երաշխավորության պայմանագիրը, որով վերջինս երաշխավորել է հիմնական վարկառու Սարգիս Հովիկի Ամիրաղյանի՝ Դիմողի հանդեպ թիվ 191519479 սպառողական վարկի պայմանագրի գծով ստանձնած պարտա­վորությունների կատարումը:

10. Դիմողի և Սարգիս Հովիկի Ամիրաղյանի միջև 2019 թվականի նոյեմբերի 6-ին կնքվել է թիվ 191521144 սպառողական վարկի պայմանագիրը, որի հիման վրա վերջինիս տրամադրվել է 750.000 ՀՀ դրամի վարկ՝ տարեկան 22.75% փաստացի տոկոսադրույքով, մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը մարման վերջնաժամկետով:

11. 2019 թվականի նոյեմբերի 6-ին Արսեն Արարատի Գիշյանի և Դիմողի միջև կնքվել է թիվ 191521144/01 երաշխավորության պայմանագիրը, որով Արսեն Արարատի Գիշյանը երաշխավորել է հիմնական վարկառու Սարգիս Հովիկի Ամիրաղյանի՝ Դիմողի հանդեպ թիվ 191521144 սպառողական վարկի պայմանագրի գծով ստանձնած պարտավորությունների կատարումը:

12. Վերոնշյալ վարկային ու երաշխավորության պայմանագրերի խախտման՝
պարտավորությունների կատարման կետանցում թույլ տալու հետևանքով, Դիմողը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրել է երկու հայցադիմում՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ:

13. Թիվ ՏԴ/2859/02/20 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 16-ին վճռել է․

«1․ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության ընդդեմ Սարգիս Հովիկի Ամիրաղյանի, Արսեն Արարատի Գիշյանի և Գևորգ Սեյրանի Գիշյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը բավարարել:

2․ Սարգիս Հովիկի Ամիրաղյանից, Արսեն Արարատի Գիշյանից և Գևորգ Սեյրանի Գիշյանից հօգուտ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել 2.972.080 ՀՀ դրամ պարտքի գումար և 59.442 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

3․ Վարկի գումարի մնացորդի և կուտակված տոկոսագումարի հանրագումարի վրա հաշվեգրել և Սարգիս Հովիկի Ամիրաղյանից, Արսեն Արարատի Գիշյանից և Գևորգ Սեյրանի Գիշյանից հօգուտ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության համա­պարտության կարգով բռնագանձել տույժ՝ սկսած 23.09.2020 թ.-ից մինչև պարտա­վորության ամբողջական մարման օրը, պայմանագրի 5.6 կետով նախատեսված օրական 0.13% չափով:

(…)»:

14․ Թիվ ՏԴ/2859/02/20 քաղաքացիական գործով կայացված վճիռը չի բողո­քարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Դիմողի դիմումի հիման վրա տրամադրվել է կատարողական թերթ:

15. Թիվ ՏԴ/0955/02/22 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի հունիսի 28-ին վճռել է․

«1. ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության ընդդեմ Սարգիս Հովիկի Ամիրաղյանի և Արսեն Արարատի Գիշյանի՝ համապարտության կարգով գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը բավարարել.

2. Սարգիս Հովիկի Ամիրաղյանից և Արսեն Արարատի Գիշյանից՝ համա­պարտության կարգով հօգուտ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության բռնագանձել 811.053 ՀՀ դրամ, որից 682.610,0 ՀՀ դրամը՝ որպես վարկի գումարի մնացորդ, 82.538,0 ՀՀ դրամը՝ որպես կուտակված տոկոսագումար, 49.905,0 ՀՀ դրամը՝ որպես տուժանքի գումար:

3. Սկսած՝ 24.03.2022 թվականից մինչև պարտավորության ամբողջական կատարման օրը, վարկի գումարի մնացորդի և կուտակված տոկոսագումարի հանրա­գումարի՝ 765.148 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել տույժ՝ օրական 0.13 տոկոս դրույքաչափով և Սարգիս Հովիկի Ամիրաղյանից և Արսեն Արարատի Գիշյանից՝ համապարտության կարգով բռնագանձել հօգուտ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության:

4. Սարգիս Հովիկի Ամիրաղյանից և Արսեն Արարատի Գիշյանից՝ համա­պարտության կարգով հօգուտ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության բռնագանձել 16.221 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

(…)»:

16. Թիվ ՏԴ/0955/02/22 քաղաքացիական գործով կայացված վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ։ Դիմողի դիմումի հիման վրա տրամադրվել է կատարողական թերթ։

17. Սարգիս Հովիկի Ամիրաղյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին դիմում է ներկայացրել Սնանկության դատարան՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին, որը 2022 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

18. Սնանկության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 18-ի վճռով Սարգիս Ամիրաղյանը ճանաչվել է սնանկ:

19. Սնանկության դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 1-ի վճռով Սարգիս Ամիրաղյանի վերաբերյալ սնանկության գործն ավարտվել է վերջինիս՝ պարտա­վորությունների կատարումից ազատմամբ՝ բացառությամբ Օրենքի 97-րդ հոդ­վածով սահմանված պարտավորությունների:

20. Արսեն Արարատի Գիշյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (այսուհետ՝ Դատարան) ընդդեմ Դիմողի՝ երաշխավորության պայմանագրերի հիման վրա ծագած պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջի մասին:

21. Դատարանի 2024 թվականի հունիսի 13-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։

22. Դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին վճռել է. «Արսեն Արարատի Գիշյանի հայցն ընդդեմ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության՝ երաշխավորության պայմա­նագրերի հիման վրա ծագած պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջի մասին, մերժել»:

23․ 2024 թվականի դեկտեմբերի 2-ի վճռով Դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) անձին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է՝ այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնելու կամ նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղելու նպատակով, որպեսզի վերջիններիս անվճարունակության հետևանքով չոտնահարվեն նաև քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցների շա­հերը: Ըստ այդմ՝ պարտապանին սնանկ ճանաչելը պարտավորությունը ոչ պատշաճ կատարած պարտապանի նկատմամբ դատական այնպիսի միջամտություն է, որի պայմաններում սահմանափակվում է պարտապանի գործողությունների շրջանակը մինչև սնանկության վարույթի ավարտը, որպիսի կարգավորման նպատակը պար­տապանի և պարտատերերի շահերի հավասարակշռություն ապահովելն է (տե՛ս, «Առէկսիմ Բանկ – Գազպրոմ Բանկի Խումբ» ԲԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի թիվ ԵՄԴ/0049/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Ընդ որում, վարկառուին սնանկ ճանաչելու հանգամանքը, որևէ կերպ չի
բացառում համապարտ պատասխանատվություն ստանձնած երաշխավորների դեմ ընդհանուր իրավասության դատարան հայց ներկայացնելու և բավարարում ստանալու հնարավորությունը:

(…)

Այլ կերպ ասած, երաշխավորի՝ հայցվոր Արսեն Արարատի Գիշյանի դեպքում
չկատարված դրամական պարտավորության ծագման հիմքը ոչ թե երաշխավորության պայմանագրերն են, այլ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 16.12.2020 թվականի և 28.06.2022 թվականի վճիռներով հաստատված դրամական պարտավորությունները, որոնք համաձայն սույն գործի փաստերի՝ չեն կատարվել:

(…)

Նման պայմաններում, վարկառու Սարգիս Հովիկի Ամիրաղյանի՝ պարտա­վորությունների կատարումից սնանկության հատկանիշով ազատվելու փաստը, առհասարակ անկախ ազատման հիմքերից, չի կարող հիմք հանդիսանալ
երաշխավորության դադարման համար, քանի որ երաշխավորությամբ ապահովված
պարտավորության կատարումը բխում է օրինական ուժ ստացած, պարտադիր
կատարման ենթակա դատական ակտերից»
:

24. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատա­րան), քննելով Դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի վճռի դեմ Արսեն Գիշյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, 2025 թվականի հուլիսի 4-ին որոշել է. «Վերաքննիչ բողոքը բավարարել: Թիվ ԵԴ2/4324/02/24 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղա­քացիական դատարանի 02․12․2024 թվականի վճիռը բեկանել և փոփոխել հետևյալ կերպ․

Հայցը բավարարել․ դադարած ճանաչել «Ակբա Բանկ» ԲԲԸ-ի նկատմամբ Արսեն Գիշյանի՝ 06.11.2019 թվականի թիվ 191521144/01 և 20.06.2019 թվականի թիվ 191519479/01 երաշխավորության պայմանագրերի հիման վրա ծագած պարտա­վորությունները:

(…)»:

25․ Վերաքննիչ դատարանն իր՝ 2025 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ արձա­նագրել է. «(...) եթե դադարել է հիմնական պարտավորությունը, ապա այդ փաստն անխուսափելիորեն հանգեցնում է նաև ակցեսոր պարտավորություն հանդիսացող երաշխավորության դադարմանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի   1-ին մասի 1-ին կետի հիմքով․ երաշխավորությունը դադարում է դրանով ապահովված պարտավորությունը դադարելու դեպքում։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դադարել է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության նկատմամբ հիմնական պարտապան Սարգիս Ամիրաղյանի պարտավորությունը, ինչի արդյունքում դադարել է նաև սույն գործով հայցվորի երաշխավորության ակցեսոր պարտավորությունը, անկախ դրա մասով բռնա­գանձման մասին օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության փաստից։ Վերաքննիչ դատարանի այս գնահատականն իր հերթին պայմանավորված է այն անառարկելի իրողությամբ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ պարտավորու­թյունների, այդ թվում՝ ակցեսոր պարտավորությունների դադարման հիմքերը իրենց գործողության ոլորտում բացարձակ են և որևէ կերպ պայմանավորված չեն դատական ակտի առկայությամբ։ Բռնագանձման մասին դատական ակտերը հնարավորություն են տալիս ընդամենը պետական հարկադրանքի ուժով ստանալ բռնագանձման ենթակա գումարները և, որպես այդպիսին, չեն կարող փոփոխել պարտավորության էությունը, այսինքն՝ չեն կարող ակցեսոր պարտավորությունը դարձնել հիմնական։

Այսպիսով, ստացվում է, որ 06.11.2019 թվականի թիվ 191521144/01 և 20.06.2019 թվականի թիվ 191519479/01 երաշխավորության պայմանագրերի հիման վրա ծագած պարտավորությունները դադարած ճանաչելու մասին հայցվորի պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման, ինչի մասին Դատարանը եկել է սխալ հետևության»։

26. Դիմողը Վերաքննիչ դատարանի 2025 թվականի հուլիսի 4-ին կայացրած որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի ընդունումը մերժվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ: Նշյալ որոշմամբ արձանագրվել է, որ «(...) բողոք բերած անձը որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք նշել է օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը՝ պատճառաբանելով, որ Վերաքննիչ դատարանի կիրառած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայության վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկը, քանի որ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում բացակայում է նշված նորմերը զարգացնելու անհրաժեշտությունը»։

27․ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներից մեկը ներկայացրել է հատուկ կարծիք, ըստ որի՝ «(...) Սարգիս Ամիրաղյանը 01․12․2023 թվականի վճռով ազատվել է դրամական պարտավորությունից, սակայն դա չի նշանակում, որ պարտավորությունը դադարել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  382-րդ հոդվածի հիմքով։ Այլ ուղղակի Սարգիս Ամիրաղյանը ազատվել է իր պար­տավորության կատարումից, այսինքն վերջինս որպես սնանկության գործով պարտա­պան ազատվել է պարտավորությունից։

Պարտավորության ազատումը և պարտավորության դադարումը տարբեր իրա­վական հետևանքներ ունեն և չեն կարող նույնականացվել:

(…)

Անդրադառնալով սնանկ ճանաչված հիմնական պարտապանի սնանկության վարույթի ավարտման հետևանքներին` գտնում եմ, որ դրանք կիրառման ենթակա չեն երաշխավորների նկատմամբ հետևյալ պատճառաբանությամբ.

Սնանկության գործն ավարտելու վճռով դատարանը պարտավորության կատա­րումից ազատում է միայն մեկ անձի` հիմնական պարտապանին (կարող է սնանկ ճանաչված լինել նաև երաշխավորը) և պարտատիրոջ գործողությունները սահմա­նափակվում են միայն սնանկ ճանաչված անձի նկատմամբ: Այսինքն սնանկության գործի ավարտը խոչընդոտ չէ պարտա տիրոջ համար երաշխավորների (կամ հիմնական պարտապանի) դեմ հայց ներկայացնելու կամ բռնագանձման վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու համար։

(…)

Նման պայմաններում, վարկառու Սարգիս Հովիկի Ամիրաղյանի` պարտավո­րությունների կատարումից սնանկության հատկանիշով ազատվելու փաստը, առ­հասարակ անկախ ազատման հիմքերից, չի կարող հիմք հանդիսանալ երաշխա­վորության դադարման համար, քանի որ երաշխավորությամբ ապահովված պարտա­վորության կատարումը բխում է օրինական ուժ ստացած, պարտադիր կատարման ենթակա դատական ակտերից»:

 

Դիմողի դիրքորոշումները

28. Դիմողը նշում է. «(...) ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է պարտավորության դադարման հիմքերը՝ դրանք սահմանափակելով օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով։

 (...)

 Ստացվում է առաջին հերթին պետք է ուսումնասիրել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի և վարկառուի, ինչպես նաև երաշխավորների միջև կնքված պայմանագրերը, որոնցում բացակայում է պարտավորությունը՝ սնանկության գործն ավարտելու հետևանքով դադարած համարելու հիմքը: Հետևաբար՝ պետք է անցնել հաջորդ իրավական հիմքին` «Սնանկության մասին» ՀՀ օրենքին, որը նույնպես չի պարունակում որևէ դրույթ պարտավորությունը դադարած համարելու մասին։ Մյուս՝ վերջին հիմքը ՀՀ քաղա­քացիական օրենսգիրքն է: Հատկանշական է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքա­ցիական օրենսգրքով սահմանված պարտավորության դադարման հիմքերի սպառիչ ցանկում (...) ներառված չէ պարտապանի սնանկության գործն ավարտելու հանգամանքը:

Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ սնանկության գործի ավարտը հիմք չէ պարտապանի պարտավորությունը դադարած համարելու համար՝ նման իրավական հիմքեր նախատեսված չլինելու պատճառաբանությամբ»:

29. Դիմողը փաստում է, որ «(...) պարտապանն ազատվում է պարտատիրոջը վճարում կատարելու պարտականությունից, իսկ պարտատերը պարտապանից չի պահանջում պարտավորության կատարում, սակայն պարտավորությունը շարու­նակում է գոյություն ունենալ մինչև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և պայմանագրով սահմանված դադարման հիմքերից որևէ մեկի ի հայտ գալը:

Ստացվում է, որ Օրենսդիրը իրավական օրենքներում օգտագործել է երկու տարբեր եզրույթներ, որոնք նույնացնելը և նույն կերպ կիրառելը հակասում է օրենսդրական կարգավորումներին և այն օրինական շահերին, ինչի համար ըստ էության նախատեսված են այդ կարգավորումները: Այդ երկու եզրույթներն են՝ «պարտավորության կատարումից ազատում» և «պարտավորության դադարում»։ Եթե դրանք լինեին նույնական, ապա Օրենսդիրը կկիրառեր նույն ձևակերպումները և դրանց միջև չէր լինի որևէ տարբերակում։

Ողջ վերոգրյալի համատեքստում գտնում ենք, որ պարտավորության ազատումը և պարտավորության դադարումը տարբեր իրավական հետևանքներ ունեն և չեն կարող նույնացվել»։

30. Ըստ Դիմողի՝ «(…) երաշխավորը համապարտ պարտավորություն ստանձնած ինքնուրույն պարտապան է, և նրա պատասխանատվությունը չի կարող նույնացվել սնանկ ճանաչված պարտապանի՝ սնանկության վարույթի ավարտի հետևանքով ստացած իրավական կարգավիճակի հետ: Սնանկության վարույթի ավարտից հետո հիմնական պարտապանը կարող է որոշ պարտավորությունների կատարումից ազատվել, սակայն այդ հանգամանքը չի վերացնում նույն պարտավորությունից բխող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված պահանջը երաշխավորի նկատմամբ:

(…)

Անդրադառնալով սնանկ ճանաչված հիմնական պարտապանի (վարկառուի) սնանկության վարույթի ավարտման հետևանքներին՝ գտնում ենք, որ դրանք խոչընդոտ չեն երաշխավորից գումարը պահանջելու համար, քանի որ սնանկության գործն ավարտելու վճռով դատարանը պարտավորության կատարումից ազատում է միայն մեկ անձի՝ սնանկ ճանաչված հիմնական պարտապանին և պարտատիրոջ գործողությունները սահմանափակվում են միայն սնանկ ճանաչված անձի նկատմամբ, հետևաբար՝ կարելի է եզրահանգել, որ սնանկության գործի ավարտը չի կարող հիմք հանդիսանալ պարտապանի պարտավորությունը դադարած համարելու համար»:

31. Դիմողը, անդրադառնալով իրավակիրառ պրակտիկայում «Սնանկության մասին» օրենքի 97-րդ հոդվածին տրված մեկնաբանությանը՝ եզրահանգում է, որ «(...) վիճարկվող դրույթն այն մեկնաբանությամբ, որ պարտավորությունների կատարումից սնանկության հատկանիշով ազատվելը ենթադրում է պարտավորության դադարում, սահմանափակում է Բանկի՝ որպես պարտատիրոջ սեփականության իրավունքը, քանզի նման մեկնաբանության պարագայում Բանկը, ունենալով օրինական ակնկալիք՝ պահանջելու պարտավորության կատարում երաշխավորից, փաստացի զրկվում է պահանջ ներկայացնելու իրավունքից այն դեպքում, երբ հիմնական պարտա­վորությունը ոչ թե դադարել է, այլ ընդամենը սնանկ ճանաչված պարտապան վարկառուն վճռով ազատվել է պարտավորությունների կատարումից»:

 

Պատասխանողի դիրքորոշումները

32. Պատասխանողը գտնում է. «Եթե դատարանը պարտապանին ազատում է պարտավորության կատարումից, ապա պարտատերն այլևս չի կարող այդ պար­տավորության կատարումը պահանջել։ Արդյունքում, եթե պահանջի իրավունքը վերացել է, ապա պարտավորության բովանդակությունն այլևս գոյություն չունի։

Այդ պատճառով «կատարումից ազատում» և «պարտավորության պահպանում» հասկացությունները տվյալ դեպքում գործնականում անհամատեղելի են»։

33․ Պատասխանողը պնդում է, որ ««Սնանկության մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունների կատարումից ազատումը նպատակ ունի սնանկ ճանաչված ֆիզիկական անձին վերջնականապես ազատել այն դրամական պարտավորություններից, որոնք չեն բավարարվել սնանկության վարույթի ընթացքում։ Նման ազատումը կունենար զուտ ձևական բնույթ, եթե պարտավորությունը շարունակեր գոյություն ունենալ, սակայն պարտապանը չկրեր դրա կատարման պարտականությունը։ Այդ դեպքում պարտատերը, թեև զրկված լինելով կատարում պահանջելու հնարավորությունից, կպահպաներ պարտավորության առկայության վերաբերյալ իրավական պահանջ, ինչն անհամատեղելի է պարտապանին պարտա­վորությունից ազատելու կառուցակարգի հետ»։

34․ Պատասխանողի կարծիքով՝ «(...) պարտավորությունների կատարումից ազատման վերաբերյալ դատարանի որոշման իրավական հետևանքը ոչ միայն պարտապանի նկատմամբ պահանջի հարկադիր կատարման անհնարինությունն է, այլ նաև տվյալ պարտավորության դադարումը պարտապանի նկատմամբ։ Հակառակ մեկնաբանությունը կդարձներ օրենքով նախատեսված պարտավորությունից ազատ­ման ինստիտուտն անիմաստ և կզրկեր այն գործնական նշանակությունից»։

35. Պատասխանողն արձանագրում է. «Այն պայմաններում, երբ պարտապանի նկատմամբ պահանջի իրավունքն այլևս չի կարող իրացվել, ապա հիմնական պարտավորությունն առնվազն կորցնում է իր բովանդակությունը։ Այդ պարագայում երաշխավորության պահպանումը կնշանակի, որ պարտատերը շարունակում է պահանջել մի պարտավորության կատարում, որի կատարումից հիմնական պարտա­պանն արդեն ազատված է և պարտավորական իրավահարաբերություններ առկա չեն, հետևաբար, եթե հիմնական պարտապանի նկատմամբ պահանջը չի կարող ներկայացվել, այն փաստով, որ պարտավորական հարաբերությունները առկա չեն, ապա երաշխավորի նկատմամբ ևս չի կարող պահանջ ներկայացվել (...)»։

36․ Ըստ Պատասխանողի՝ «(...) Օրենքի 97-րդ հոդվածը պետք է մեկնաբանել որպես պարտապանի նկատմամբ հիմնական պարտավորության դադարեցում կամ դրա բովանդակության վերացում, ուստի՝ երաշխավորությունը` որպես ածանցյալ պարտավորություն, չի կարող պահպանվել ինքնուրույն և հիմնական պարտա­վորության դադարման հիմքով, հետևաբար՝ պետք է համարվի դադարած»։

37․ Պատասխանողի պնդմամբ՝ «(…) Ֆիզիկական անձի սնանկության վարույթի ավարտից հետո պարտավորությունների կատարումից ազատման ինստիտուտը հանդիսանում է օրենքով սահմանված, լեգիտիմ նպատակ հետապնդող և համաչափ սահմանափակում, որի նպատակն է պարտապանի տնտեսական վերականգնումը, հասարակական հարաբերությունների կայունացումը, տնտեսական կայունությունը և սոցիալական իրավունքի ապահովումը։ Հետևաբար պարտավորությունների կատա­րումից ազատման արդյունքում հիմնական պարտավորության դադարումը չի կարող դիտվել որպես սեփականության իրավունքի հակասահմանադրական սահմանա­փակում»:

38․ Ամփոփելով վերոգրյալը՝ Պատասխանողը խնդրում է. ««ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» օրենքի 97-րդ հոդվածի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթը և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»։

 

Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

39. Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը գնահատելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

- արդյո՞ք ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձ պարտապանի՝ երաշխավորությամբ ապահովված դրամական պարտավորությունների կատարումից ազատումը ենթադրում է պարտավորության դադարում, և ըստ այդմ՝ ազատում է երաշ­խավորին պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության կատարումից՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ սեփակա­նության իրավունքի լույսի ներքո՝ հաշվի առնելով նաև Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված՝ հիմնական իրավունքների և ազատությունների արդյու­նավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացա­կարգերի առկայության պահանջը:

 

Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

40. Սահմանադրության՝ «Սեփականության իրավունքը» վերտառությամբ 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

41․ Սահմանադրական դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) իրենց դիրքորոշումներում բազմիցս անդրադարձել են սեփականության իրավունքի սահմանադրաիրավական էության և այդ համա­տեքստում՝ «օրինական ակնկալիք» եզրույթի բովանդակության բացահայտմանը:

42․ ՄԻԵԴ-ի ձևավորած իրավական դիրքորոշումների համաձայն՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի իմաստով՝ գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը (Trgo v. Croatia, Application no. 35298/04, 11.06.2009, Final 11.09.2009, §44):

43․ ՄԻԵԴ-ը բազմիցս արձանագրել է, որ «գույքը» կարող է լինել «գոյություն ունեցող սեփականությունը» կամ «ակտիվները», ներառյալ` պահանջները, որոնց առնչությամբ դիմումատուն կարող է վիճարկել, որ առնվազն ունի սեփականության իրավունքից անարգել օգտվելու «օրինական ակնկալիք» (J. A. Pye (Oxford) Ltd and J. A. Pye (Oxford) Land Ltd v. The United Kingdom, Application no. 44302/02, 30.08.2007, §61): «Ակնկալիքը» համարվում է օրինական, եթե այն հիմնված է օրենսդրական դրույթի կամ խնդրո առարկա գույքային շահի վերաբերյալ իրավական ակտի վրա (Saghinadze and others v. Georgia, Application no. 18768/05, 27.05.2010, Final 27.08.2010, §103):

44․ Սահմանադրական դատարանի 2008 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-741 որոշման համաձայն՝ «(...) Սահմանադրության 31 հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»:

45․ Սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ 2016 թվականի դեկտեմբերի 6-ի ՍԴՈ-1326 որոշմամբ արձանագրել է. «(...) սեփականության իրավունքի պաշտպա­նության իրավունքն անձի մոտ ծագում է երկու պարագայում, երբ.

- անձի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է,

- անձինք օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»:

46․Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանա­գրում է.

1) Սահմանադրության 60-րդ հոդվածի պաշտպանության ներքո է գտնվում ոչ միայն արդեն իսկ գոյություն ունեցող սեփականության իրավունքը, այլև այդ իրավունքը ձեռք բերելու օրինական ակնկալիքը։ Ընդ որում՝ սեփականության իրավունք ձեռք բերելու ակնկալիքը չի կարող հիմնված լինել բացառապես անձի սուբյեկտիվ համոզմունքի կամ ցանկության վրա. նման ակնկալիք անձը պետք է ունենա օրենքի ուժով, որի պայմաններում միայն անձի մոտ կարող է ձևավորվել սեփականության իրավունք ձեռք բերելու իրական և իրավաչափ հնարավորություն.

2) Սահմանադրության 60-րդ հոդվածի ուժով երաշխավորվում է սեփականության հարաբերությունների կայունությունը, ապահովվում են սեփականության տարբեր ձևերի գոյությունն ու դրանց պաշտպանությունը, իսկ սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության օրենսդրական գործիքակազմի առկայությունն իր հերթին նպաստում է քաղաքացիական շրջանառության բնականոն ընթացքին, խթանում տնտեսության զարգացումը և երաշխավորում քաղաքացիական շրջանա­ռության մասնակիցների՝ պետության նկատմամբ վստահության ամրապնդումը:

47․ Սահմանադրական դատարանը փաստում է, որ պետության պոզիտիվ պարտականությունն է երաշխավորել ինչպես օրենքով սահմանված կարգով ճանաչված սեփականության իրավունքի արդյունավետ իրացումը, այնպես էլ օրենքի ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու անձի օրինական ակնկալիքի անխոչընդոտ կենսագործումը, ինչի հետ առնչվում է նաև պարտա­վորությունների պատշաճ կատարման ապահովմանը միտված երաշխա­վորության օրենսդրական գործիքակազմը:

48․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)՝ «Պարտավորության հասկացությունը և ծագման հիմքերը» վերտա­ռությամբ 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

49․ Օրենսգրքի՝ «Ընդհանուր դրույթներ» վերտառությամբ 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորու- թյան պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համա­պատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

50․ Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջելու կատարել իր պարտականությունը: Ընդ որում՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ, հակառակ դեպքում պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: 

51․ Այսպիսով, պարտավորական իրավահարաբերության մի կողմում հանդես է գալիս որոշակի պահանջի սուբյեկտիվ իրավունք ունեցող անձը՝ պարտատերը, իսկ մյուս կողմում՝ այդ իրավունքին համարժեք պարտականություն կրող անձը՝ պարտապանը։ Այս առումով պարտատիրոջ՝ պարտապանից որոշակի գործողություն կատարելու պահանջի սուբյեկտիվ իրավունքին անմիջականորեն համապա­տաս­խա­նում է պարտավորությամբ նախատեսված վարքագիծը՝ պատշաճ կերպով կատարելու պարտապանի իրավական պարտականությունը։ Հետևաբար՝ պարտա­տիրոջ սուբյեկ­տիվ իրավունքը և պարտապանի՝ դրան համապատասխան պարտա­կանությունը հանդես են գալիս որպես պարտավորական իրավա­հա­րա­բերության բովանդա­կությունը կազմող փոխկապակցված իրավական տարրեր։

52․ Ըստ էության, պարտավորական իրավահարաբերություններն իրենց հիմքում ունեն պարտատիրոջ վստահությունն առ այն, որ պարտապանի կողմից պարտա­վորությունը կկատարվի պատշաճ։ Այդ վստահությունը բխում է քաղաքացիական օրենսդրությամբ պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտապանի նկատմամբ քաղաքացիաիրավական պատասխա­նա­տվու­թյան, ինչպես նաև քաղաքացիական իրավունքների պաշտպանության միջոցների կիրառման օրենսդրական հնարավորությունից։ Սակայն պարտատիրոջ գույքային շահերի լիարժեք պաշտպանության համար բացառապես նշված միջոցների կիրառումը (որպես կանոն՝ post factum) բավարար չէ. օրենսդիրը պարտատիրոջ գույքային շահերի պաշտպանության և պարտավորության պատշաճ կատարման ապահովման նպա­տակով նախատեսել է պարտավորությունների կատարման ապահովման հատուկ գործիքակազմ, որի տեսակներից է նաև երաշխավորությունը։

53․ Օրենսգրքի՝ «Երաշխավորության պայմանագիր» վերտառությամբ 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:

54․ Օրենսդիրը, նպատակ ունենալով երաշխավորել պարտավորությունների պատշաճ կատարումը, որպես պարտավորությունների կատարման ապահովման եղանակ ամրագրել է երաշխավորությունը, որը, լինելով լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն (obligationes accessoriae), ուղղված է հիմնական պարտա­վորության (obligationes principales) պարտատիրոջ շահերի և օրինական ակնկալիքների պաշտպանությանը: Ուստի՝ պարտատիրոջ և երաշխավորի միջև ձևավորվում է հիմնական պարտավորությունից ածանցվող իրավահարաբերություն, որի ուժով հիմնական պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտատերը հնարավորություն է ստանում իր պահանջները ներկայացնել երաշխավորին:

55․ Այսպիսով՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ պարտա­վորությունները երաշխավորությամբ ապահովված լինելու պայմաններում պարտատերը ողջամտորեն ձեռք է բերում օրինական ակնկալիք առ այն, որ պարտապանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում վերջինս կարող է պահանջել պարտավորության կատարում երաշխավորից:

56․ Երաշխավորության՝ որպես հիմնական պարտավորության նկատմամբ լրացուցիչ (ակցեսոր) պարտավորության դադարման օրենսդրական հիմքերը նախա­տեսված են Oրենսգրքի՝ «Երաշխավորությունը դադարելը» վերտառությամբ 382-րդ հոդվածում, որի 1-ին կետի համաձայն՝ երաշխավորությունը դադարում է դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ինչպես նաև առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների:

57․ Այսպիսով՝ օրենսդիրը, որպես երաշխավորության դադարման իրավական հիմք, նախատեսել է նաև պարտավորության դադարումը, այսինքն՝ այն դեպքերը, երբ պարտավորությունն օբյեկտիվ իրականության մեջ դադարում է գոյություն ունենալ: Նման պայմաններում երաշխավորության դադարումը տեղի է ունենում այն տրամաբանությամբ, որ դադարում է գոյություն ունենալ այն հիմնական պար­տավորությունը, որի պատշաճ կատարման ապահովման նպատակով կնքվել էր երաշխավորության պայմանագիրը, ուստի՝ վերանում է նաև հիմնական պարտա­վորության պատշաճ կատարումը ապահովելու (երաշխավորելու) անհրաժեշտությունը:

58․ Օրենսգրքի՝ «Պարտավորությունները դադարելու հիմքերը» վերտա­ռությամբ 423-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:

59․ Փաստորեն, օրենսդիրը պարտավորությունների լրիվ կամ մասնակի դադարումը կապում է օրենքի, այլ իրավական ակտի կամ պայմանագրի իրա­վակարգավորումներով ուղղակի նախատեսված լինելու իրողության հետ: Այսինքն՝ հիմնական պարտավորության և, ըստ այդմ՝ երաշխավորության դադարման իրա­վական հիմքը պետք է նախատեսված լինի (1) օրենքով, (2) այլ իրավական ակտերով կամ (3) պայմանագրով:

60․ Օրենսգրքով և Օրենքով նախատեսված իրավակարգավորումների վեր­լուծությունից հետևում է, որ ֆիզիկական անձի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ վճռով պարտապանին պարտավորությունների կատարումից ազա­տելը անձնական (սուբյեկտիվ) պաշտպանական կառուցակարգ է՝ ուղղված բացառապես սնանկ ճանաչված ֆիզիկական անձին պարտքերի հետագա պարտադրումից ազատելուն։ Նման ազատումը չի հանդիսանում հիմնական պարտավորության ըստ էության դադարում այնպիսի իմաստով, որը կվերացներ երաշխավորությամբ ստանձնած ինքնուրույն համապարտ պարտավորությունը, ուստի՝ երաշխավորի նկատմամբ պարտատիրոջ պահանջի իրավունքը շարու­նակում է գոյություն ունենալ։

61․ Վերոգրյալն ամփոփելով՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ երաշխավորությամբ ապահովված պարտավորության՝ օբյեկտիվ իրականության մեջ գոյությունը կախված չէ օրենքով սահմանված կարգով պարտապանին պարտա­վորությունը կատարելու պարտականությունից ազատելու հանգամանքից: Այլ խոսքով՝ պարտապանին պարտավորության կատարումից ազատելը բացառում է միայն վերջինիս նկատմամբ հարկադրանքի միջոցների կիրառումը, սակայն չի դադա­րեցնում հիմնական պարտավորության գոյությունը և, ըստ այդմ՝ երաշ­խավորի կողմից այդ պարտավորության պատշաճ կատարման անհրա­ժեշ­տությունը։

62․ Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով ֆիզիկական անձի սնան­կության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձ պարտապանի՝ երաշխավորությամբ ապահովված դրամական պարտավորություն- ների կատարումից ազատման պայմաններում երաշխավորի՝ պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության կատարման հարցին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է.

1) Օրենքի վիճարկվող՝ «Ֆիզիկական անձին պարտավորություններից ազա­տելը» վերտառությամբ 97-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձի սնան­կության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձն ազատվում է բոլոր դրամական պարտավորությունների կատարումից, (...).

2) օրենսդիրը, որպես ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավո­րությունների կատարումից ազատելու հիմքով ավարտելու հետևանք, նախատեսել է, որ ֆիզիկական անձն ազատվում է բոլոր դրամական պարտա­վորությունների կատարումից՝ բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի:

63․ Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազա­տելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձի պարտավորությունների կատարումից ազատումը չի նույնանում պարտավորությունների դադարման հետ:

64․ Ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատա­րումից ազատելու հիմքով ավարտվելու դեպքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով սնանկ ճանաչված ֆիզիկական անձին՝ պարտավորության կատարումից ազատելու դեպքում պարտավորությունը (սույն պարագայում՝ երաշխավորությամբ ապահովված պահանջը) օբյեկտիվ իրականության մեջ շարունակում է գոյություն ունենալ և մնալ չկատարված կամ ոչ պատշաճ կատարված, սակայն օրենքով սահմանված կարգով պարտապանն ազատվում է այդ պարտավորությունը կատարելու պարտականությունից:

65․ Նման իրավիճակներում պարտատիրոջ գույքային շահերի և օրինական ակնկալիքների ապահովման նպատակով էլ Օրենսգիրքը, ի թիվս պարտավո­րությունների կատարման ապահովման օրենսդրական այլ մեխանիզմների, նախա­տեսում է երաշխավորությունը՝ որպես պարտավորության պատշաճ կատարման հավելյալ երաշխիք, որի միջոցով պարտատերը կարող է ստանալ իր պահանջների բավարարում երաշխավորից, քանի որ երաշխավորության պայմանագրի բուն նպատակը հիմնական պարտապանի անվճարունակության ռիսկի ստանձնումն է երաշխավորի կողմից։

66․ Սույն գործի նյութերին կից ներկայացված թիվ ՍնԴ/2905/04/22 սնանկության գործի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սնանկության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 18-ի վճռով Սարգիս Հովիկի Ամիրաղյանը ճանաչվել է սնանկ:

67․ Սնանկության դատարանը «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ որոշել է.

«1. Հաստատել Սարգիս Հովիկի Ամիրաղյանի նկատմամբ պահանջների վերջ­նական ցուցակը ըստ ցուցակում նշված առաջնահերթության և ապա­հովվածության

(...)

3.«Ակբա Բանկ» ԲԲԸ 5.051.439 ՀՀ դրամ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի  82 հոդվածի 1-ին մասի ը/ հերթ, չապահովված պահանջ

(...)»:

68․ Այնուհետև, Սնանկության դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 1-ի վճռով սնանկության գործն ավարտվել է պարտապանի՝ պարտավորությունների կատարումից ազատմամբ՝ բացառությամբ Օրենքի 97-րդ հոդվածով սահմանված պարտավորությունների:

69․ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման պարագայում, փաստացի օբյեկտիվ իրականության մեջ ստեղծվում է մի իրավիճակ, երբ «պարտատեր-պարտապան-երաշխավոր» եռատարր փոխկապակցված իրավահա- րաբերությունների շղթայի միջանկյալ օղակը՝ պարտապանը, սնանկ ճանաչվելու հիմքով դուրս է մղվում այդ շղթայից, ինչն ամենևին էլ չի հանգեցնում այդ շղթայի մյուս օղակների՝ պարտատիրոջ և երաշխավորի միջև իրավահարաբերությունների դադար­ման, այսինքն՝ երաշխավորության դադարման: Հակառակ մեկնաբանության պայ­մաններում կխաթարվի երաշխավորության գործիքակազմի բուն էությունը՝ խախտելով սնանկ ճանաչված անձի, վերջինիս պարտատերերի և երաշխավորի գույքային իրավունքների ու օրինական շահերի միջև ողջամիտ հավասա­րա­կշռությունը:

70․ Սահմանադրական դատարանն իր՝ 2008 թվականի փետրվարի 25-ի  ՍԴՈ-735 որոշման շրջանակներում, անդրադառնալով սնանկության ինստիտուտի էությանը, արձանագրել է. «Սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը»:

71․ Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ անձին սնանկ ճանաչելու նպատակը նաև քաղաքացիական շրջանառության կայունության ապա­հովումն է՝ այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնելու կամ նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղելու նպատակով, որպեսզի վերջիններիս սնանկության հետևանքով չոտնահարվեն նաև քաղաքացիական շրջանառության մնացյալ մասնակիցների շահերը: Ուստի՝ սնան­կության վարույթի հիմնարար նպատակներից է, ի թիվս այլնի, պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռության ապահովումը:

72․ Անդրադառնալով ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավո­րությունների կատարումից ազատելով ավարտելու վերաբերյալ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձի՝ երաշխավորությամբ ապահովված դրամական պարտավորությունների կատարումից ազատման պայման­ներում վերջինիս պարտատերերի գույքային իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցին՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ պարտատերը պահպանում է իր պահանջի իրավունքը երաշխավորի նկատմամբ, որը պատասխանատվություն է կրում պարտատիրոջ առջև՝ անկախ սնանկ ճանաչված հիմնական պարտապանի՝ պարտավորությունների կատարումից ազատման փաստի: Միևնույն ժամանակ, երաշխավորի կողմից պարտավորության կատարումը վերջինիս հնարավորություն չի տալիս հետադարձ պահանջ ներկա­յացնելու սնանկության վարույթով պարտքերից ազատված պարտապանի նկատ­մամբ, քանի որ երաշխավորն ի սկզբանե ստանձնել է հիմնական պարտապանի անվճարունակության և դրանից բխող գույքային կորուստների ռիսկը։

73․ Ողջ վերոշարադրյալի արդյունքում Սահմանադրական դատարանը փաս­տում է, որ ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու վերաբերյալ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձի՝ երաշխավորությամբ ապահովված դրամա­կան պարտավորությունների կատարումից ազատումը չի հանգեցնում պարտա­վորության դադարեցման և, ըստ այդմ՝ չի ազատում երաշխավորին պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության կատարումից:

74․ Սահմանադրության՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը» վերտա­ռությամբ 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազա­տությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմա­կերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Սահմանադրաիրավական նշյալ պահանջն ուղղված է Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ ու իրական կենսագործմանը, քանզի իրավունքի կամ ազատության սոսկ ամրագրումը բավարար չէ տրված իրավական հնարավորության լիարժեք իրացման համար:

75. Սահմանադրական դատարանը, 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման շրջանակներում անդրադառնալով Սահմանադրության 75-րդ հոդվածի բովանդակությանը, փաստել է. «(…) ցանկացած օրենսդրական կարգավորում, այլ ոչ թե միայն որևէ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակում, պետք է նպատակ ունենա և ապահովի բոլոր հիմնական իրավունքների (1) արդյունավետ իրականացման համար (2) անհրաժեշտ (3) կազմակերպական (4) կառուցակարգեր և (5) ընթացակարգեր: Միայն բոլոր այս պայմանների միաժամանակյա առկայությունը ցանկացած օրենսդրական կարգավորման մեջ, առավել ևս որևէ հիմնական իրավունք կամ ազատություն սահմանափակող օրենսդրական կարգավորման մեջ, կարող է ապահովել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը»:

76. Սահմանադրական դատարանն իր՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ի  ՍԴՈ-1571 որոշմամբ արձանագրել է. «Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազա­տու­թյունները»:

77․ Սույն գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ թիվ ԵԴ2/4324/02/24 քաղաքացիական գործի շրջանակներում Վերաքննիչ դատարանը, քննելով Դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի վճռի դեմ Արսեն Գիշյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, վիճարկվող դրույթին հաղորդած մեկնաբանությամբ, ըստ էության, նույնացրել է պարտավորությունների կատարումից ազատումը պարտավորու- թյունների դադարման հետ, որի արդյունքում 2025 թվականի հուլիսի 4-ին որոշել է. «Վերաքննիչ բողոքը բավարարել: Թիվ ԵԴ2/4324/02/24 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 02․12․2024 թվականի վճիռը բեկանել և փոփոխել հետևյալ կերպ․

Հայցը բավարարել․ դադարած ճանաչել «Ակբա Բանկ» ԲԲԸ-ի նկատմամբ Արսեն Գիշյանի՝ 06.11.2019 թվականի թիվ 191521144/01 և 20.06.2019 թվականի թիվ 191519479/01 երաշխավորության պայմանագրերի հիման վրա ծագած պարտա­վո­րությունները:

(…)»:

78․ Նշյալ որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) եթե դադարել է հիմնական պարտավորությունը, ապա այդ փաստն անխուսափելիորեն հանգեցնում է նաև ակցեսոր պարտավորություն հանդիսացող երաշխավորության դադարմանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով․ երաշխավորությունը դադարում է դրանով ապահովված պարտավորությունը դադարելու դեպքում։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դադարել է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության նկատմամբ հիմնական պարտապան Սարգիս Ամիրաղյանի պարտավորությունը, ինչի արդյունքում դադարել է նաև սույն գործով հայցվորի երաշխավորության ակցեսոր պարտա­վորությունը, անկախ դրա մասով բռնագանձման մասին օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության փաստից։ Վերաքննիչ դատարանի այս գնահատականն իր հերթին պայմանավորված է այն անառարկելի իրողությամբ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ պարտավորությունների, այդ թվում՝ ակցեսոր պարտավորությունների դադարման հիմքերը իրենց գործողության ոլորտում բացարձակ են և որևէ կերպ պայմանավորված չեն դատական ակտի առկայությամբ։ Բռնագանձման մասին դատական ակտերը հնարավորություն են տալիս ընդամենը պետական հարկադրանքի ուժով ստանալ բռնագանձման ենթակա գումարները և, որպես այդպիսին, չեն կարող փոփոխել պարտավորության էությունը, այսինքն՝ չեն կարող ակցեսոր պարտա­վորությունը դարձնել հիմնական։

Այսպիսով, ստացվում է, որ 06.11.2019 թվականի թիվ 191521144/01 և 20.06.2019 թվականի թիվ 191519479/01 երաշխավորության պայմանագրերի հիման վրա ծագած պարտավորությունները դադարած ճանաչելու մասին հայցվորի պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման, ինչի մասին Դատարանը եկել է սխալ հետևության»:

79․ Սահմանադրական դատարանն իր՝ 2025 թվականի նոյեմբերի 11-ի ՍԴՈ-1802 որոշմամբ փաստել է. «... Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված սահմանադրաիրավական պատ­վիրանը կարող է լիարժեք կենսագործվել նաև իրավակիրառ պրակտիկայում հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորող և դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանող օրենքների՝ սահմանադրաիրավական գաղափարներին և արժեքներին համահունչ՝ դրանց ոգուն և տառին ներդաշնակ մեկնաբանություն հաղորդելու պայմաններում, ընդ որում՝ իրավակիրառը պետք է ստեղծի այն ինտեգրատիվ հարթությունը, որտեղ օրենքի ոգին ու տառը ներդաշնակորեն հավասարակշռում են միմյանց՝ երաշխավորելով իրավական կանխատեսելիությունը և արժեքային զուգակշռությունը»:

80․ Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ համապատասխան օրենսդրական կարգավորումների այնպիսի մեկնաբանումը, որի պայմաններում ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու վերաբերյալ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձի՝ երաշխավորությամբ ապահովված դրամական պարտավորությունների կատարումից ազատումը ենթադրում է պարտավորության դադարում և, ըստ այդմ՝ ազատում է երաշխավորին պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության կատարումից, չի ապահովում Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանված պահանջների արդյունավետ կենսագործումը, խաթարում է պարտավորությունների կատարման ապահովման օրենսդրական գործիքակազմի բուն էությունը՝ որպես հետևանք հանգեցնելով պարտատիրոջ՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման:

81. Այսպիսով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառ մարմինները պետք է առկա կազմակերպական կառուցակարգերը և ընթա­ցակարգերը մեկնաբանեն այնպես, որ ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու վերաբերյալ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձի՝ երաշխավորությամբ ապահովված դրամական պարտավորությունների կատա­րումից ազատման դեպքում իրականացվի երաշխավորի կողմից պարտա­վո­րության պատշաճ կատարումը՝ ապահովելով պարտատիրոջ գույքային իրա­վունքների և օրինական ակնկալիքների արդյունավետ պաշտպանությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 170-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը  ՈՐՈՇԵՑ.

 

1․ «Սնանկության մասին» օրենքի 97-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, որի համաձայն՝ ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձ պարտապանի՝ երաշխավորությամբ ապահովված դրամական պարտավորությունների կատարումից ազատումը չի հանգեցնում պարտավորության դադարեցման և, ըստ այդմ՝ երաշխավորին չի ազատում սնանկ ճանաչված ֆիզիկական անձի պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության կատարումից:

2․ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ oրենքով uահմանված կարգով։

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

6 հոկտեմբերի 2026 թվականի

ՍԴՈ-1844

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հոկտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան