ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒ­ԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1845
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (06.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.28-2026.10.11 Պաշտոնական հրապարակման օրը 09.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
06.10.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2026

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Երևան

6 հոկտեմբերի 2026 թվականի

 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒ­ԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով.

 

դատավորներ՝

 

Արման Դիլանյանի (նախագահող),

   

Արտակ Զեյնալյանի,

   

Դավիթ Խաչատուրյանի,

   

Երվանդ Խունդկարյանի,

Հովակիմ Հովակիմյանի,

   

Էդգար Շաթիրյանի,

   

Սեդա Սաֆարյանի,

Արթուր Վաղարշյանի,

   

Վլադիմիր Վարդանյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ 

 

պատասխանողի՝

 

ներկայացուցիչ՝

 

Վճռաբեկ դատարանի (այսուհետ նաև՝

Դիմող),

Ազգային ժողովի (այսուհետ նաև՝

Պատաս­խանող),

Ազգային ժողովի աշխատակազմի

իրա­վա­բանական վարչության պետի

տեղա­կալ Էլեն Մնացականյանի,

 

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 71-րդ հոդվածների,

Դիմողի՝ 2026 թվականի ապրիլի 16-ին Սահմանադրական դատարան մուտքա­գրված դիմումի (որոշման) հիման վրա՝ դռնբաց նիստում գրավոր ընթացա­կարգով քննեց «ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատաս­խա­նու­թյան հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Սահմանադրական դատարանն իր՝ 2026 թվականի մայիսի 20-ի ՍԴԱՈ-76 աշխա­տակարգային որոշմամբ գործն ընդունել է քննության, և գործի դատաքննությունը նշանակվել է 2026 թվականի հուլիսի 7-ին, ինչպես նաև որոշել է գործով զեկուցող նշա­նակել Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Վարդանյանին, իսկ գործի դատա­քննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ Սահմանադրական դատարանն իր՝ 2026 թվականի հուլիսի 7-ի ՍԴԱՈ-160 աշխատա­կարգային որոշմամբ սույն գործի դատաքննությունը հետաձգել, գործի քննության ժամ­կետը երկարաձգել, և գործի դատաքննությունը նշանակել է 2026 թվականի սեպտեմբերի 15-ին:

2026 թվականի սեպտեմբերի 15-ի ՍԴԱՈ-207 աշխատակարգային որոշմամբ սույն գործի դատաքննությունը հետաձգվել է, և նշանակվել՝ 2026 թվականի հոկտեմբերի 6-ին:

Ուսումնասիրելով դիմումը, կից ներկայացված, ինչպես նաև գործում առկա այլ փաստաթղթեր, Պատասխանողի գրավոր բացատրությունը, վերլուծելով վիճարկվող և վերջինիս հետ փոխկապակցված այլ օրենսդրական դրույթներ՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի մարտի 23-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի մարտի 29-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի հուլիսի 1-ին:

2. Օրենքի վիճարկվող դրույթը փոփոխվել է 2020 թվականի հունվարի 21-ի ՀՕ-12-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի ուժով. «աշխատողների» բառը փոխարինվել է «հաստիքների առավելագույն» բառերով:

3. Օրենքի՝ «Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության ժամանակ» վեր­տա­ռությամբ 23-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապա­տասխան մարմնի հաստիքների առավելագույն քանակի կրճատման դեպքում աշխատան­քային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշում է համապատասխան մարմնի ղեկավարը»:

 

Գործի դատավարական նախապատմությունը

4. Արտակ Առաքելյանը 2024 թվականի մայիսի 3-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 2024 թվականի մարտի 6-ի թիվ ԳՔՀ/160-Ա հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում՝ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնում կամ դրա անհնարինության դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասին համապատաս­խան՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատա­վարձից բացի գանձել աշխատանքում չվերականգնելու դիմաց փոխհատուցում։

5. Վարչական դատարանը 2024 թվականի մայիսի 10-ի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ (թիվ ՎԴ/4978/05/24 վարչական գործ), իսկ 2024 թվականի հոկտեմբերի 28-ին վճռել է.

«Արտակ Էդիկի Առաքելյանի հայցը բավարարել:

Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխա­տակազմի գլխավոր քարտուղարի 06.03.2024 թվականի թիվ ԳՔՀ/160-Ա հրամանը:

Պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխա­տակազմին Արտակ Էդիկի Առաքելյանին վերականգնել (նշանակել) Հայաստանի Հանրա­պետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետի պաշտոնում և մինչև սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով:

(...)»:

6. Վճռով Վարչական դատարանն արձանագրել է. «(...) հաշվի առնելով սույն վարչական գործով չվիճարկված փաստերն առ այն, որ Հայցվորը պաշտոնից ազատվել է հաստիքների կրճատման հիմքով և պաշտոնից ազատման պահին առկա է եղել Հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ քաղաքացիական ծառայության պաշտոն, այն է՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետի պաշտոնը, սակայն Հայցվորին չի առաջարկվել զբաղեցնել այդ պաշտոնը՝ Դատարանը փաստում է, որ այդ պայմաններում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 06.03.2024 թվականի թիվ ԳՔՀ/160-Ա հրամանն իրավաչափ չէ, քանի որ կայացվել է օրենքի խախտման արդյունքում և դրանով խախտվել է Հայցվորի աշխատանքի իրավունքը (…):

(...) հիմք ընդունելով, որ այդ հրամանն իրավաչափ չէ այն հիմքով, որ Հայցվորին հաստիքների կրճատման հիմքով պաշտոնից ազատելու պահին առկա է եղել Հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ քաղաքացիական ծառայության պաշտոն (...), սակայն Հայց­վորին չի առաջարկվել զբաղեցնել այդ պաշտոնը՝ Դատարանը գտնում է, որ այդ պայ­մաններում հայցը՝ Հայցվորին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետի պաշտոնում վերականգնելուն (նշանակելուն) և մինչև վճիռն օրինական ուժի մեջ մտնելը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասով ևս, ենթակա է բավարարման» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի)։

7. Վերաքննիչ վարչական դատարանը, քննելով թիվ ՎԴ/4978/05/24 վարչական գործով Վարչական դատարանի վճռի դեմ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կողմից բերված վերաքննիչ բողոքը, 2025 թվականի մայիսի 27-ին որոշել է. «(...) ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավա­րարել՝ ամբողջությամբ բեկանել թիվ ՎԴ/4978/05/24 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 28.10.2024 թվականի վճիռը և այն փոփոխել. Արտակ Առաքելյանի հայցը մերժել (...)»:

8. Տվյալ որոշման շրջանակներում Վերաքննիչ վարչական դատարանը նշել է. «(...) հաստիքների առավելագույն քանակի կրճատման հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձի՝ աշխատանքային գործունեությունը շարունակելու հայեցո­ղությունը պատկանում է տվյալ մարմնի ղեկավարին, այսինքն՝ այդ մասով բացակայում է իրավահարաբերության կարգավորման բացը։ Այս համատեքստում Վերաքննիչ դատա­րանն անհրաժեշտ է համարում հավելել, որ տարբեր կարգավորումներ նախատեսելու օրենսդրի կամքն արտահայտվում է նաև «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերում ամրա­գրված դրույթներում: Ավելին, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ սույն հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգու­շացնելը պարտադիր չէ: Նման իրավակարգավորման տրամաբանությունից հետևում է, որ այդ դրույթում նշված հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատվելու դեպքում այդ պաշտոնը զբաղեցնող անձը կարող է չիրազեկվել ազատման հիմքերի առկայության վերաբերյալ, ինչից էլ հետևում է, որ այդ պաշտոնից ազատման լիազորու­թյուն ունեցող մարմինը չի կրում տվյալ պաշտոնը զբաղեցնող անձին նախապես իրա­զեկելու կամ որևէ առաջարկություն ներկայացնելու պարտականություն:

Վերոշարադրյալից հետևում է, որ վիճելի իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չեն Դատարանի կողմից բողոքարկված դատական ակտով կիրառված ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները:

(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հաստիքների կրճատումը պայմա­նավորված չի եղել տվյալ մարմնի վերակազմակերպմամբ, այլ կրճատվել են հաստիք­ների առավելագույն քանակը, մասնավորապես՝ Հայցվորի զբաղեցրած հաստիքը, այսինքն՝ առկա են եղել վիճարկվող իրավական ակտն ընդունելու հիմքերը, հետևա­պես այն անվավեր ճանաչելու պահանջը ենթակա էր մերժման:

Վիճարկվող որոշման իրավաչափ լինելու պայմաններում անհիմն են նաև Դատա­րանի պատճառաբանությունները՝ Հայցվորին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամա­նակահատվածի համար հատուցում վճարելու և նախկին պաշտոնում վերականգնելու (նշանակելու) պահանջները նույնպես ենթակա են մերժման (...)» (ընդգծումները՝ Սահմա­նադրական դատարանի)։

9. Վճռաբեկ դատարանի վարչական պալատի 30.10.2025 թ. որոշմամբ Արտակ Առաքելյանի՝ թիվ ՎԴ/4978/05/24 վարչական գործով Վերաքննիչ դատարանի 27.05.2025 թ. որոշման դեմ ներկայացրած վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։

10. Քննելով թիվ ՎԴ/4978/05/24 վարչական գործով Սահմանադրական դատարան դիմելու հարցը՝ Վճռաբեկ դատարանը (այսուհետ նաև՝ Դիմող) 15.04.2026 թ. որոշել է. ««Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին՝ համադրված ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի հետ, համապատասխանության հարցի վերաբերյալ դիմել ՀՀ Սահմա­նա­դրական դատարան»:

11. Վճռաբեկ դատարանի 15.04.2026 թ. որոշմամբ թիվ ՎԴ/4978/05/24 վարչական գործի վարույթը կասեցվել է մինչև Սահմանադրական դատարանի ընդունած որոշման ուժի մեջ մտնելը։

 

Դիմողի դիրքորոշումները

12. Դիմողը գտնում է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ համապատասխան մարմնի հաստիքների առավելագույն քանակի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը համապատասխան մարմնի ղեկա­վարի կողմից որոշելու իրավակարգավորումն այնքանով, որքանով չի սահմանում տվյալ հայեցողական լիազորության իրացման սահմանները կամ չի նախատեսում համապա­տասխան օբյեկտիվ հիմքով աշխատանքից ազատելու դեպքում որևէ երաշխիք, սահմա­նադրականության տեսանկյունից խնդրահարույց է:

13. Ըստ Դիմողի՝ աշխատանքի ազատ ընտրության իրավունքի՝ որպես հիմնական իրավունքի սահմանափակման վերաբերյալ կարգավորումները, ի թիվս այլնի, պետք է բավարարեն որոշակիության սահմանադրաիրավական պահանջը, որն էլ, իր հերթին, ենթադրում է նաև կամայականությունների բացառման երաշխավորում։ Եթե անձն աշխատանքից ազատվում է օրենքով նախատեսված հիմքով, ապա պետության պար­տականությունը չի սահմանափակվում միայն այնպիսի պահանջի նախատեսմամբ, որ արձանագրվի այդ ազատման ձևական օրինականությունը։ Նման իրավիճակում սոցիա­լական և իրավական պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել այնպիսի օրենսդրական դաշտ, որը կնախատեսի իրավական ու կազմակերպական երաշխիքներ, որոնք կնպաստեն անձի աշխատանքի իրավունքի արդյունավետ պաշտպանությանը։

14. Դիմողի համոզմամբ՝ աշխատանքի ազատ ընտրության սահմանադրական իրա­վունքը պահանջում է, որ օբյեկտիվ պատճառներով աշխատանքային հարաբերություն­ների դադարեցման դեպքում առկա լինեն, ի թիվս այլնի, աշխատանքային հարաբերու­թյունների դադարեցման բավարար չափով հստակ, կանխատեսելի ընթացակարգեր, որպեսզի բացառվի առանց օբյեկտիվ չափանիշների աշխատողին կամայականորեն աշխատանքից ազատելու հնարավորությունը, ինչպես նաև նախատեսվեն հնարավո­րության դեպքում զբաղվածության պահպանման գործուն մեխանիզմներ։ Հակառակ մոտեցումը կվկայի, որ պետությունը չի իրացնում իր պոզիտիվ պարտականությունը՝ ապահովելու աշխատանքի ազատ ընտրության իրավունքի ոչ թե ձևական, այլ գործ­նական և արդյունավետ պաշտպանությունը։

15. Դիմողը գտնում է, որ երբ աշխատանքից ազատումը պայմանավորված է օբյեկ­տիվ պատճառներով, պետությունն ունի պոզիտիվ պարտականություն՝ նախատեսելու օրենսդրական համապատասխան չափանիշներ՝ հետագա աշխատանքային գործունեու­թյունը շարունակելու նախապատվություն ունենալու տեսանկյունից՝ բացառելու համապա­տասխան իրավիճակում կամայականությունը, ինչպես նաև նախատեսելու աշխատողի համար աշխատանքից օբյեկտիվ պատճառներով ազատման դեպքում համապատասխան երաշխիքներ (օրինակ՝ գործատուի մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկվի աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որա­կավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք)։ Միայն նման մոտեցումն է համահունչ Սահմանադրության 3, 57 և 75-րդ հոդվածների բովանդա­կությանը։

16. Վկայակոչելով Օրենքի մի շարք դրույթներ՝ Դիմողը պնդում է, որ Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված իրավակարգավորումը փաստացի լայն հայեցողական լիազորություն է վերապահում համապատասխան մարմնի ղեկավարին, ինչը բավարար սահմանափակումների բացակայության պայմաններում կարող է հանգեցնել կամայակա­նության և ծառայողների նկատմամբ անհիմն տարբերակված մոտեցման։

17. Դիմողի համոզմամբ՝ իրավական և սոցիալական պետության սկզբունքից, ինչպես նաև Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքների պաշտպա­նության պահանջից բխում է, որ անձանց համար իրավաբանական հետևանքներ առա­ջացնելու լիազորության իրականացումը պետք է սահմանափակված լինի օրենքով նախատեսված հստակ, կանխատեսելի և օբյեկտիվ չափանիշներով։ Նման չափանիշների բացակայությունը ստեղծում է իրավիճակ, երբ համապատասխան հանրային ծառայողի աշխատանքային գործունեության շարունակման հարցը կարող է կախված լինել բացա­ռապես տվյալ մարմնի ղեկավարի սուբյեկտիվ գնահատականից, ինչը հակասում է իրավական որոշակիության և հավասարության սկզբունքներին։

18. Դիմողը եզրահանգում է, որ «(...) աշխատանքի շարունակման նախապատվու­թյան որոշման համար օրենքով սահմանված հստակ չափանիշների բացակայությունը կարող է դիտարկվել որպես իրավակարգավորում, որը բավարար չափով չի ապահովում անձի պաշտպանությունն աշխատանքից ազատման դեպքում և չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված աշխատանքի ազատ ընտրության և աշխա­տանքից ազատվելիս պաշտպանության իրավունքին, քանի որ նման կարգավորումը կարող է ստեղծել կամայական վարքագծի դրսևորման իրական վտանգ»։

19. Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը եզրահանգում է. ««Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը խնդրահարույց է սահմանա­դրականության տեսանկյունից այնքանով, որքանով համապատասխան մարմնի հաստիք­ների առավելագույն քանակի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը համապատասխան մարմնի ղեկավարի կողմից որո­շելու իրավակարգավորումը չի սահմանում տվյալ հայեցողական լիազորության իրացման սահմանները, ինչպես նաև չի նախատեսում այդ հիմքով աշխատանքից ազատման դեպքում համապատասխան այլ երաշխիքներ»։

 

Պատասխանողի դիրքորոշումները

20. Պատասխանողը, վկայակոչելով Օրենքի, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք դրույթներ, գտնում է, որ «(...) քաղաքացիական ծառայությունում աշխատանքային իրավահարաբերությունների հիմքում գործում են Օրենքով նախատես­ված իրավանորմերը, որոնց դեպքում քաղաքացիական ծառայությունում աշխատան­քային իրավահարաբերությունները կարգավորող նորմերն էապես տարբերվում են Աշխատանքային օրենսգրքով կարգավորվող աշխատանքային իրավահարաբերություն­ներից։

Անձը հանդիսանալով քաղաքացիական ծառայող՝ իրացնում է Քաղաքացիական ծառայության օրենքով նախատեսված իրավունքները, օգտվում է նշված Օրենքով նախա­տեսված և քաղաքացիական ծառայողին բնորոշ առանձնահատկություններից և երաշ­խիքներից»։

21. Պատասխանողի համոզմամբ՝ օրենսդիրը քաղաքացիական ծառայողին պաշ­տոնից ազատելու առանձնահատուկ ընթացակարգ է սահմանել, որն ուղեկցվում է քաղա­քացիական ծառայողի իրավունքների պատշաճ իրականացման ապահովման համար օրենսդրի կողմից նախատեսված երաշխիքներով. «Քաղաքացիական ծառայողը, նույ­նիսկ քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված լինելու պայմաններում, օգտվում է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար Օրենքով նախատեսված երաշխիքներից, այն է՝ քաղաքացիական ծառայության պաշտոնից համա­պատասխան հիմքով ազատվելու դեպքում, գրանցվել կադրերի ռեզերվում, և ընթացքում վարձատրվել՝ հետագայում մեկ այլ աշխատանքի անցնելու հնարավորության առկայու­թյամբ»:

22. Պատասխանողի պնդմամբ՝ քաղաքացիական ծառայությունում հաստիքների առավելագույն քանակի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարու­նակելու նախապատվության՝ համապատասխան մարմնի ղեկավարի կողմից որոշելու վերաբերյալ իրավակարգավորումը չի կարող հակասահմանադրական դիտարկվել, քանի որ քաղաքացիական ծառայությունում առկա և Օրենքով նախատեսված երաշխիքներն արդյունավետորեն գերակայում են քաղաքացիական ծառայողի՝ պաշտոնից ազատման դեպքում նրա իրավական պատշաճ և առավել բարենպաստ վիճակն ապահովելու տեսանկյունից՝ այդպիսով ստեղծելով արդարացի հավասարակշռություն՝ մի կողմից՝ քաղաքացիական ծառայողի իրավունքների իրացման, մյուս կողմից՝ հանրային ծառայու­թյան օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ սկզբունքների պահպանման հարցում։

23. Ամփոփելով վերոգրյալը՝ Պատասխանողը խնդրում է. ««ՀՀ վճռաբեկ դատա­րանի դիմումի հիման վրա՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդ­վածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերա­բերյալ» գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապա­տասխանող ճանաչելու մասին»:

 

Սահմանադրական վեճի շրջանակները.

24. Սույն գործով սահմանադրաիրավական վեճը հանգում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված՝ ՀՀ օրենսդրու­թյամբ սահմանված կարգով համապատասխան մարմնի հաստիքների առավելագույն քանակի կրճատման դեպքում տվյալ մարմնում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության հարցը որոշելու՝ մարմնի ղեկավարի հայեցողու­թյանը վերապահելու լիազորության սահմանադրականության հարցի գնահատմանը:

25. Սահմանադրական դատարանն վերահաստատում է իր իրավական դիրքորո­շումն առ այն, որ «Սահմանադրության 49-րդ հոդվածի շրջանակում ներառվող հանրային ծառայության ողջ ոլորտը Օրենքով` ըստ տեսակային հատկանիշների, տարբերակվել է՝ պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների (Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս)։

Պետական ծառայությունը` որպես մասնագիտական գործունեություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերա­պահված լիազորությունների իրականացմանը, ունեցած մասնագիտական-ոլորտային առանձնահատկությունների հաշվառմամբ` ընդգրկում է քաղաքացիական ծառայու­թյունը» (ՍԴՈ-1716 որոշման 5.2 կետ):

26. Ելնելով վերը նշվածից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Օրենքի վիճարկվող դրույթը ենթակա է գնահատման Սահմանադրության 49-րդ հոդվածի շրջանակներում՝ համադրած 75-րդ հոդվածի կանոնակարգումների հետ:

27. Սույն գործով վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատելու նպատակով անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- արդյո՞ք քաղաքացիական ծառայության հաստիքների առավելագույն քանակի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատ­վությունը համապատասխան մարմնի ղեկավարի հայեցողությանը վերապահելն ինքնին համապատասխանում է Սահմանադրությանը, և եթե այո, ապա արդյո՞ք մարմնի ղեկավարին վերապահված հայեցողությունը կրում է բացարձակ բնույթ, թե առկա են նման հայեցողության սահմաններ, և եթե այո, ապա

- արդյո՞ք նման հայեցողության սահմանները համահունչ են ՀՀ քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշխավորված հանրային ծառայության անցնելու իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության հետ, և եթե այո, ապա արդյո՞ք վիճարկ­վող իրավակարգավորմամբ օրենսդիրը սահմանել է այնպիսի կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են Սահմանադրության 49-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի արդյունավետ իրականացման համար:

 

Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

28. Սահմանադրության՝ «Հանրային ծառայության անցնելու իրավունքը» վերտա­ռությամբ 49-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահման­վում են օրենքով»: Հանրային ծառայության անցնելու իրավունքի սահմանադրաիրա­վական բովանդակությունը բացահայտվել է Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում, մասնավորապես՝ ՍԴՈ-1488, ՍԴՈ-1598, ՍԴՈ-1704, ՍԴՈ-1716 որոշում­ներով արտահայտված իրավական դիրքորոշումներով:

29. Սահմանադրական դատարանն իր՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ արձանագրել է, որ «(...) Սահմանադրության 49-րդ հոդվածի առաջին նախա­դասության համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հան­րային ծառայության անցնելու իրավունք: Ընդ որում, այս հիմնական իրավունքը` իր սահմանադրական ձևակերպման շրջանակներում, որևէ սահմանափակման ենթակա չէ, սակայն այն կանոնակարգող մանրամասները պետք է սահմանվեն օրենքով (Սահմանա­դրության 49-րդ հոդվածի երկրորդ նախադասություն):

(...) Սահմանադրության 49-րդ հոդվածի ձևակերպումներից հետևում է, որ հանրային ծառայության անցնելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորված է միայն Հայաս­տանի Հանրապետության քաղաքացիների համար, այս իրավունքի իրականացման համար օրենսդիրը պարտավոր է ապահովել ընդհանուր հիմքեր՝ բացառելով որևէ խտրա­կանություն:

Մյուս կողմից՝ ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հիմնա­կան իրավունքի իրականացման կառուցակարգերը կարող են էապես տարբերվել միմյան­ցից՝ կախված հանրային պաշտոնի առանձնահատկություններից և հանրային ծառայու­թյան տեսակից:

Բացի դրանից, ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հիմնա­կան իրավունքի ծավալի մեջ ներառվում է նաև անձի կողմից ընդհանուր հիմունքներով զբաղեցված հանրային պաշտոնում պաշտոնավարելու իրավունքը, որը, իր հերթին, ենթադրում է օրենքով չնախատեսված, ինչպես նաև կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատվելու արգելք» (կետ 4.1):

30. Սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ 2021 թվականի հունիսի 10-ի ՍԴՈ-1598 որոշմամբ, արձանագրել է. «(...) Սահմանադրության 49-րդ հոդվածով նախա­տեսված հանրային ծառայության անցնելու իրավունքի իրացման մանրամասների սահ­մանումը սահմանադրի կողմից վերապահվել է օրենսդրի հայեցողությանը։ Այսինքն՝ հանրային ծառայության անցնելու, դրանում առաջխաղացման և այն դադարելու և դադարեցնելու պայմանները, հիմքերը և կարգը սահմանվում են օրենքով։ Հետևաբար՝ հանրային ծառայության անցնելու իրավունքի ընթացակարգային կողմը լիովին վերա­պահված է օրենսդրի հայեցողությանը, որը, միաժամանակ, կաշկանդված է խտրակա­նության սահմանադրական արգելքով հանրային ծառայության անցնելու (տես՝ ՍԴՈ-1488, կետ 4.1) և հանրային ծառայությանը միջամտության (տես՝ ՍԴՈ-1224, կետ 22) հիմքեր և պայմաններ սահմանելիս» (4.7 կետ)։

31. Սահմանադրական դատարանն իր՝ 2023 թվականի նոյեմբերի 21-ի ՍԴՈ-1704 որոշմամբ սահմանել է նաև, որ «Հանրային ծառայության անցնելու իրավունքը՝ որպես ժողովրդավարական իշխանության իրացման յուրօրինակ դրսևորում, մի կողմից՝ իրավա­կան և ժողովրդավարական պետության քաղաքացու՝ պետական կառավարման ոլորտում հանրային ծառայության` օրենքով նախատեսված կարգով և պայմաններով անցնելու հնարավորության ապահովման երաշխիք է: Մյուս կողմից՝ հանրային ծառայության անցնելու իրավունքի իրացմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոչ միայն մասնակցում է օրենքով նախանշված կարգով և պայմաններով հանրային իշխանության մարմինների քաղաքականության իրականացմանը, այլև հնարավորություն է ունենում հանրային ծառայության ոլորտում ծավալել աշխատանքային գործունեություն՝ իր մասնա­գիտական գիտելիքներին և կարողություններին համապատասխան» (կետ 5.1):

32. Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև. «Սահմա­նադրության 49-րդ հոդվածով երաշխավորված` հանրային ծառայության անցնելու իրավունքի հետ կապված մանրամասների սահմանումը վերապահելով օրենսդրին՝ Սահմանադիրը վերջինիս պարտավորեցրել է Սահմանադրության 75-րդ հոդվածում բովանդակված պահանջով, այն է` սահմանել սույն սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր» (կետ 5.4):

33. Սահմանադրական դատարանը, վերլուծելով Սահմանադրության 49-րդ հոդ­վածը՝ Սահմանադրության 29 և 81-րդ հոդվածների համադրությամբ, իր՝ 2024 թվականի փետրվարի 27-ի ՍԴՈ-1716 որոշմամբ արձանագրել է. «(...) Սահմանադրության 49-րդ հոդվածի և Սահմանադրության 81-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրա­պետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումների հաշվառ­մամբ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 25-րդ հոդվածի գ) կետի համալիր վերլուծությունից բխում է, որ Սահմանադրության 49-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատես­ված հանրային ծառայության անցնելու իրավունքով սահմանադրորեն երաշխավորված է՝

ա) հանրային ծառայության անցնելու համար օրենսդրի կողմից ընդհանուր հիմունք­ներ սահմանված լինելու դեպքում Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված խտրականության բացառումը,

բ) հանրային ծառայության անցնելու կամ հանրային ծառայության մեջ առաջխա­ղացման սահմանափակման կամ պաշտոնանկության կամ լիազորությունների այլ կերպ դադարեցման հիմքերը «օբյեկտիվ և ողջամիտ» չափանիշներին համապատասխանելու անհրաժեշտությունը» (կետ 4.6)։

34. Սահմանադրական դատարանը, նույն որոշման մեջ անդրադառնալով Սահմա­նադրության 49-րդ հոդվածով ամրագրված հանրային ծառայության հասկացության բովանդակությանը, արձանագրել է. «(...) Սահմանադրության 49-րդ հոդվածի շրջանա­կում ներառվող հանրային ծառայության ողջ ոլորտը Օրենքով` ըստ տեսակային հատ­կանիշների, տարբերակվել է՝ պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների (Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս)։

Պետական ծառայությունը` որպես մասնագիտական գործունեություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահ­ված լիազորությունների իրականացմանը, ունեցած մասնագիտական-ոլորտային առանձ­նահատկությունների հաշվառմամբ` ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը (...):

(...)

Հանրային ծառայության վերոնշյալ տեսակների սահմանմանը վերաբերող իրավա­կարգավորումներից բխում են դրանց հետևյալ հիմնական բնութագրիչները՝ մասնագի­տական բնույթ, այսինքն՝ պահանջվող մասնագիտական պատրաստվածության անհրա­ժեշտություն, տվյալ պաշտոնի նշանակման համար մասնագիտական աշխատանքային նախանշված արժանիքների առկայության պահանջ, քաղաքական գործընթացներով չպայմանավորված նշանակման և ազատման գործընթաց» (կետ 5.2): 

35. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ Սահմանադրա­կան դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատես­ված հանրային ծառայության անցնելու իրավունքը ներառում է հետևյալ սահմանադրա­իրավական բաղադրիչները.

- որպես հիմնական իրավունք այն ընդհանուր հիմունքներով երաշխավորված է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար,

- այն չի սահմանափակվում միայն հանրային ծառայության ընդունմամբ, այլ վերաբերելի է հանրային ծառայության անցման, պաշտոնավարման ողջ ընթացքին և պաշտոնավարման ավարտին,

- այն ենթադրում է հանրային ծառայությունից օրենքով չնախատեսված կամ կամա­յական հիմքերով ազատելու արգելք,

- այն ենթադրում է օրենսդրի պոզիտիվ պարտավորությունը սահմանելու այդ իրա­վունքի արդյունավետ իրականացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր,

- հանրային ծառայության անցման, առաջխաղացման, պաշտոնավարման դադա­րեցման պայմաններն ու ընթացակարգերը սահմանելիս օրենսդիրն օժտված է հայեցո­ղությամբ, սակայն այդ հայեցողությունը չի կրում բացարձակ բնույթ և սահմանափակված է Սահմանադրությամբ երաշխավորված կանոնակարգումներով,

- հանրային ծառայության իրավունքը պետք է հիմնված լինի ընդհանուր, հավասար և ոչ խտրական չափանիշների վրա,

- հանրային ծառայության անցնելու, առաջխաղացման, դադարման կամ դադարեց­ման հիմքերը պետք է համապատասխանեն օբյեկտիվ և ողջամիտ չափանիշների,

- հանրային ծառայությունը ենթադրում է մասնագիտական պատրաստվածություն, համապատասխան պրոֆեսիոնալ արժանիքներ, մասնագիտական կարողությունների գնահատման հիման վրա աշխատանքային գործունեության իրականացում:

36. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական ծառայությունը արժանիքահեն, կարիերային առաջընթացով բնութագրվող, քաղաքական չեզոքություն պահանջող մասնագիտական գործունեություն է, որը կատարվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան մարմիններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման նպատակով:

37. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական ծառայությունը կազմակերպվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված սկզբունք­ների հիման վրա: «Հանրային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայության հիմնական սկզբունքներն են՝

1) իրավունքի գերակայությունը,

2) հանրային ծառայության արդյունավետությունը,

3) արժանիքահեն կարիերային առաջընթացի վրա հիմնված հանրային ծառայության կայունությունը,

4) հանրային ծառայության հրապարակայնությունը, թափանցիկությունը և հաշվե­տվողականությունը,

5) քաղաքացիների համար հանրային ծառայության հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և կոմպետենցիաներին համապատասխան,

6) հանրային ծառայողի պաշտպանվածությունը մասնագիտական գործունեությանը չհամապատասխանող միջամտությունից,

7) հանրային ծառայողի արհեստավարժությունը:

38. Սահմանադրական դատարանը փաստում է, որ նշված սկզբունքները պետք է դրվեն Օրենքով հայեցողական լիազորությունների իրականացման շրջանակներում կայացվող որոշումների հիմքում՝ երաշխավորելով Սահմանադրի կողմից հանրային ծառայության ոլորտում оրենսդրին վերապահված հայեցողական լիազորությունների և սահմանադրորեն պաշտպանվող հանրային ծառայության իրավունքի երաշխավոր­ման սահմանադրական հավասարակշռությունը:

39. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նաև, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատաս­խան մարմնի հաստիքների առավելագույն քանակի կրճատման դեպքում աշխատան­քային գործունեությունը շարունակելու նախապատվությունը համապատասխան մարմնի ղեկավարի հայեցողությանը վերապահելը բխում է Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված՝ օրենսդրին վերապահված հայեցողության սահմանադրական կանխա­դրույթից:

40. Օրենսդրի հայեցողության շրջանակներում է գտնվում, մասնավորապես նաև՝ համապատասխան մարմինների վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխու­թյունների իրավական հիմքերի ու կարգի սահմանումը: Օրենսդիրը հանրային ծառա­յության սահմանադրորեն երաշխավորված իրավունքի պաշտպանության տեսանկյունից օրենքի կարգավորման առարկա է դարձրել նաև համապատասխան մարմինների վերա­կազմակերպման կամ կառուցվածքային փոփոխությունների կատարման, այդ թվում՝ օրենքով նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայության հաստիքների առա­վելագույն քանակը կրճատելու համատեքստում քաղաքացիական ծառայողների իրա­վական վիճակի կանոնակարգման հարցերը:

41. Վիճարկվող դրույթի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ՝

- հաստիքների առավելագույն քանակը կրճատելը հնարավոր է միայն ՀՀ օրենքով նախատեսվելու դեպքում: Նման կարգավորում է նախատեսված «Հանրային ծառայու­թյան մասին» օրենքում, որի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական իշխանու­թյան մարմիններում հաստիքների առավելագույն քանակը որոշում է վարչապետը»: 2018 թվականի հունիսի 11-ին ընդունվել է ՀՀ վարչապետի թիվ N 706-Ա որոշումը «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին», որում սույն գործին վերաբերելի փոփոխություններ են կատարվել ՀՀ վարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի N 1080-Ա որոշմամբ:

- հաստիքների առավելագույն քանակի կրճատման պարագայում կոնկրետ մարմնում կոնկրետ հաստիքների կրճատման հայեցողությունը վերապահված է այդ մարմնի ղեկավարին, որը, առաջնորդվելով վերը նշված որոշումներում ամրագրված չափանիշներով, պետք է ինքնուրույնաբար որոշի, թե որ հաստիքներն են կրճատվում:

- հաստիքները կրճատելիս մարմնի ղեկավարը պետք է որոշի համադրելի վիճա­կում գտնվող քաղաքացիական ծառայողների միջև աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը:

42. Միաժամանակ, Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, փաստում է, որ վիճարկվող դրույթի շրջա­նակներում մարմնի ղեկավարին օրենսդրի կողմից վերապահված նման հայեցողությունը չի կրում բացարձակ բնույթ:

43. Վիճարկվող իրավադրույթի շրջանակներում համապատասխան մարմնի ղեկա­վարին համապատասխան հաստիքներ կրճատելու հիմքով աշխատանքային գործունեու­թյունը շարունակելու նախապատվություն վերապահելու հայեցողությունը չի կարող հան­գեցնել հանրային ծառայությունից կամայականորեն ազատելուն, կրել խտրական բնույթ: Այդ հայեցողությունը պետք է իրականացվի օբյեկտիվ և ողջամիտ չափանիշների վրա հիմնված պատճառաբանված որոշումներ ընդունելու համատեքստում:

44. Միաժամանակ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե վիճարկվող իրավակարգավորմամբ սահմանված են արդյոք Սահմանադրության 75-րդ հոդվածի իմաստով այնպիսի կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են Սահմանադրության 49-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի արդյունավետ իրականացման համար, մասնա­վորապես՝ անձի կողմից ընդհանուր հիմունքներով զբաղեցված հանրային ծառայության պաշտոնում պաշտոնավարելու իրավունքը ոչ իրավաչափ ներգործությունից պաշտպա­նելու համատեքստում:

45. Վերլուծելով Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը Սահմանադրության 75-րդ հոդվածի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող իրավակարգավորումը սահմանում է հանրային ծառայության իրավունքի նկատմամբ տվյալ հիմքով միջամտության իրականացման կառուցակարգերը և ընթացակարգերը՝ որոշելով (1) ներգործության իրավական հիմքը, (2) իրավասու սուբյեկտներին և (3) վերջիններիս հայեցողության սահմանները:

46. Սույն սահմանադրաիրավական վեճի համատեքստում Սահմանադրական դատարանը հատկապես կարևորում է այն կառուցակարգերը և ընթացակարգերը, որոնք նախատեսված են հաստիքների առավելագույն քանակի կրճատման հիմքով համադրելի վիճակում գտնվող քաղաքացիական ծառայողների միջև աշխատանքային գործունեու­թյունը շարունակելու նախապատվության որոշման պարագայում, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել Սահմանադրության 49-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի առավել ինտենսիվ միջամտությանը, այն է՝ քաղաքացիական ծառայողի պաշտոնա­վարման դադարեցմանը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ համադրելի վիճակում գտնվող քաղաքացիական ծառայողների միջև աշխա­տանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշելիս համապա­տասխան մարմնի ղեկավարի հայեցողությունը պետք է իրականացվի հանրային ծառայության սկզբունքներին համապատասխան՝ օբյեկտիվ և ողջամիտ չափանիշ­ների հիման վրա կայացված պատճառաբանված որոշմամբ՝ բացառելով կամայակա­նությունը և խտրականությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1․ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատաս­խան մարմնի հաստիքների առավելագույն քանակի կրճատման դեպքում աշխատան­քային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշելու՝ համապատասխան մարմնի ղեկավարի հայեցողությունը սահմանափակված է հանրային ծառայության հիմնական սկզբունքներով և պետք է իրականացվի օբյեկտիվ, ողջամիտ և արժանիքա­հեն չափանիշների հիման վրա՝ բացառելով Սահմանադրության 49-րդ հոդվածով երաշ­խավորված իրավունքի ծավալի մեջ ներառված՝ օրենքով չնախատեսված, ինչպես նաև կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատվելու արգելքի հնարավոր խախտումը:

2․ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Ա. Դիլանյան

 

6 հոկտեմբերի 2026 թվականի

ՍԴՈ-1845

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հոկտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան