ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՀՀ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 127-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (10.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.28-2026.10.11 Պաշտոնական հրապարակման օրը 09.10.2026
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
05.10.2026
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2026

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

05 հոկտեմբերի 2026 թվականի

ք. Երևան

թիվ 127-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքի չափորոշիչները՝ համաձայն Հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. ՀակոբՅԱՆ

 

2026 թ. հոկտեմբերի 05

ք. Երևան

 

Հավելված

Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի 2026 թվականի
հոկտեմբերի 05-ի
թիվ 127-Ն որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

1. Սույն Հավելվածով սահմանվում են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքի չափորոշիչները (այսուհետ նաև՝ Չափորոշիչներ)։

 

2. Սույն Հավելվածի իմաստով՝

1) Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքը ներառում է պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման, իրականացման կամ կայունության, ներքաղաքական որոշումների ընդունման կամ իրականացման, ընտրական և հանրաքվեների գործընթացների, քաղաքական մրցակցության կամ ներքաղաքական պայքարի, սահմանադրական կարգի պահպանման կամ փոփոխման, քաղաքական հիմքերի, քաղաքական անկախության պահպանման հետ կապված հարաբերություններն ու գործընթացները, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման, բնականոն գործունեության կամ կայունության, պետական ինքնիշխանության պահպանման կամ իրականացման ինչպես նաև հասարակական համերաշխության հետ կապված հարաբերություններն ու գործընթացները։

 

3. Սույն Հավելվածի իմաստով՝

1) ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակություն է համարվում օտարերկրյա տեսալսողական ծրագրում տարածվող այն տեսալսողական բովանդակությունը, որն իր ներկայացման եղանակով, ուղերձով և ընդհանուր համատեքստով ուղղված է Հավելվածի 2-րդ կետում նշված հարաբերությունների կամ գործընթացների շրջանակում որոշումների ազատ և ինքնուրույն ընդունման, իրականացման, կամ փոփոխման վրա հարկադրական բնույթի ներգործություն գործադրելուն՝ դրանց ընդունումը, իրականացումը կամ փոփոխումը պարտադրելու, սահմանափակելու, խոչընդոտելու կամ պայման ներկայացնելու միջոցով։

 

4. Սույն Չափորոշիչների իմաստով հաշվի է առնվում՝

1) արդյոք ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության առկայությունը և դրա տարածումը

ա․ ուղղված է խոչընդոտելու կամ սահմանափակելու Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորմանը, իրականացմանը կամ կայունությանը, այդպիսի գործողությունների կատարմանը պարտադրելուն կամ պայման ներկայացնելուն, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորմանը, լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև պաշտոնատար անձանց ընտրությանը, նշանակմանը, պաշտոնավարմանը կամ լիազորությունների դադարեցմանը հարկադրելուն,

բ․ ուղղված է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց ներքաղաքական որոշումները, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումը, օտարերկրյա պետության, պետությունների խմբին կամ դրանց հետ կապված սուբյեկտների պահանջներին, ցուցումներին կամ պայմաններին ենթարկելուն,

գ․ ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ընտրական կամ հանրաքվեների գործընթացների ազատ և ինքնուրույն իրականացման վրա հարկադրական բնույթի ներգործություն գործադրելուն, այդ թվում՝ ընտրություններին կամ հանրաքվեին մասնակցությանը, թեկնածուների կամ քաղաքական ուժերի առաջադրմանը, գրանցմանը, ընտրողների ազատ կամարտահայտմանը, քվեարկության ընթացքին կամ արդյունքների ամփոփմանը միջամտելուն, պարտադրելուն, սահմանափակելուն կամ խոչընդոտելուն,

դ․ ուղղված է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական մրցակցության կամ ներքաղաքական պայքարի ազատ և իրավաչափ ընթացքի վրա հարկադրական բնույթի ներգործություն գործադրելուն, այդ թվում՝ որևէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի գործունեությունը կամ մասնակցությունը պարտադրելուն, սահմանափակելուն կամ բացառելուն, ինչպես նաև հարկադրական միջոցներով նրանց համար արտոնյալ կամ անբարենպաստ պայմաններ ձևավորելուն,

ե․ ուղղված է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման, բնականոն գործունեության կամ կայունության վրա հարկադրական բնույթի ներգործություն գործադրելուն կամ միջամտելուն, այդ թվում՝ դրանց ձևավորման կամ գործունեության՝ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կարգը խախտելուն, դրանց գործունեությունը սահմանափակելուն կամ խոչընդոտելուն,

զ․ ուղղված է Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանության պահպանմանը կամ իրականացմանը միջամտելուն կամ դրանց վրա հարկադրական բնույթի ներգործություն գործադրելուն, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ներքին իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ ազատ և ինքնուրույն որոշումներ ընդունելու կամ իրականացնելու իրավունքը սահմանափակելուն, և դրա իրականացումն օտարերկրյա պահանջներով, ցուցումներով կամ պայման ներկայացնելով խոչընդոտելուն,

է․ ուղղված է Հայաստանի Հանրապետության հասարակական համերաշխությունը խաթարելուն, հասարակության տարբեր խմբերի միջև պառակտում կամ բևեռացում առաջացնելուն կամ խորացնելուն և այդ միջոցով ներքաղաքական կայունությանը միջամտելուն,

ը․ ներառում է կոչեր՝ ուղղված Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերից դուրս փոփոխելու, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը միջամտելու, խաթարելու, իշխանությունը զավթելու, ինչպես նաև այդ գործողությունների արդարացմանը կամ խրախուսմանը,

թ․ ներառում է կոչեր միջամտելու, հարկադրաբար ներգործելու Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, սոցիալական կամ մշակութային համակարգերն ինքնուրույն ընտրելու և զարգացնելու, ձևավորելու կամ իրականացնելու ազատ և ինքնուրույն որոշումներ՝ հնչեցնելով սպառնալիքներ, արդարացնելով կամ խրախուսելով միջամտությունը,

ժ․ ներառում է կոչեր Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախության դեմ ուժ գործադրելու կամ ուժի գործադրմամբ սպառնալու, ինչպես նաև այդպիսի գործողություններն արդարացնելու կամ խրախուսելու։

 

5. Սույն Չափորոշիչների կիրառման նպատակով գնահատվում են

1) միջամտության առարկան՝ գնահատվում է, թե արդյոք տեսալսողական բովանդակությունն առնչվում է սույն Հավելվածի 2-րդ կետում նշված հարաբերություններից կամ գործընթացներից որևէ մեկին․

2) տեսալսողական բովանդակության աղբյուրը և դրանում արտահայտված դիրքորոշման՝

ա․ բնույթը պարզելու, թե արդյոք տեսալսողական բովանդակությունն արտահայտում կամ փոխանցում է օտարերկրյա պետության, պետությունների խմբի, դրանց պետական մարմինների կամ նրանց ցուցումով, վերահսկողությամբ կամ աջակցությամբ գործող անձանց հարկադրական բնույթի դիրքորոշում,

բ․ առկայությունը գնահատելիս հաշվի է առնվում, թե արդյոք որոշման ընդունումը, փոփոխումը կամ իրականացումը պայմանավորվում է պարտադրող պահանջով, պայման ներկայացնելով, ցուցումով, վերջնագրով, սպառնալիքով, անբարենպաստ հետևանքներ առաջացնելու կամ դրանցով սպառնալու մասին հայտարարությամբ կամ հարկադրական բնույթի այլ դրսևորմամբ՝ այն տարբերակելով տեղեկություն փոխանցելուց, կարծիք արտահայտելուց, քննադատությունից, խորհուրդ կամ առաջարկություն ներկայացնելուց․

3) տեսալսողական բովանդակության ուղղվածությունը՝ գնահատվում է, թե արդյոք բովանդակությունն ուղղված է սույն Հավելվածի 2-րդ կետում նշված հարաբերությունների կամ գործընթացների վերաբերյալ որոշման ընդունմանը, փոփոխմանը, կամ իրականացմանը միջամտելուն, պարտադրելուն, սահմանափակելուն, խոչընդոտելուն կամ պայման ներկայացնելուն․

4) տեսալսողական բովանդակության ներկայացման եղանակը, խմբագրական և ընդհանուր համատեքստը՝

ա․ գնահատվում են տեսալսողական բովանդակության ներկայացման ձևը, ներառյալ՝ օգտագործված բառապաշարը, մոնտաժը, տեսողական և ձայնային արտահայտչամիջոցները, կադրերի ընտրությունը, վերնագրերը, ենթագրերը,

բ․ հաշվի է առնվում նաև այն հանգամանքը, թե ինչպիսի տեղեկատվական, վերլուծական կամ քննադատական համատեքստում է ներկայացվել այդ դիրքորոշումը՝ հեղինակի կամ խմբագրակազմի դիրքորոշումից հստակ տարանջատմամբ կամ հակակշռող դիրքորոշման ներկայացմամբ, թե որպես տեսալսողական բովանդակության ինքնուրույն ուղերձ կամ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին հարկադրական ներգործության ընդունելի միջոց,

գ․ գնահատվում է, թե արդյոք տեսալսողական բովանդակությունն իր ամբողջական ընկալմամբ ունի հարկադրական ուղղվածություն՝ հաշվի առնելով պահանջի, պայմանի, ցուցման, վերջնագրի կամ սպառնալիքի հստակությունն ու հասցեականությունը որին դրանք ուղղված են, ինչպես նաև համապատասխան հասարակական-քաղաքական, ընտրական, անվտանգային կամ այլ համատեքստը։

5) տեսալսողական բովանդակության ընդհանուր ուղերձը՝ գնահատվում է, թե ամբողջական ընկալման արդյունքում ինչ հիմնական գաղափար կամ ուղղվածություն է փոխանցվում լսարանին.

6) տեղեկատվության տարածման ձևաչափը՝ գնահատվում են տեղեկատվության ընդգծված ներկայացումը, դիտողի ուշադրությունը գրավելու նպատակով կիրառված խոսքային, տեսողական կամ տեխնիկական շեշտադրումները և դրանց նշանակությունը հարկադրական ուղերձի ուժեղացման համար։

6. Ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության առկայությունը գնահատվում է սույն Հավելվածի 5-րդ կետով նախատեսված հանգամանքների փոխկապակցված և համակցված գնահատման հիման վրա՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առանձնահատկությունները։ Առանձին հանգամանքի առկայությունը կամ բացակայությունն ինքնին որոշիչ չէ։ Տեսալսողական տեղեկատվության տարածման մեկանգամյա բնույթը կամ դրա փաստացի հետևանքների բացակայությունն ինքնին չեն բացառում այն ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակություն որակումը , եթե իր բովանդակությամբ, ներկայացման եղանակով, ուղերձով և ընդհանուր համատեքստով համապատասխանում է սույն Հավելվածի 3-րդ կետով սահմանված հատկանիշներին, և առկա է սույն Հավելվածի 4-րդ կետով նախատեսված Չափորոշիչներից առնվազն մեկը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հոկտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան