ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
02 հոկտեմբերի 2026 թ. |
թիվ 14-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Հրամայում եմ`
1. Սահմանել մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից օբյեկտները պահպանելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի․
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Սարգսյան
02 հոկտեմբերի 2026թ. ք․Երևան |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2026 թվականի հոկտեմբերի «2»-ի թիվ 14-Ն հրամանի |
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1․ Սույն կարգով կարգավորվում են մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից օբյեկտների պահպանության կազմակերպման, պահպանության իրականացման հետ կապված հարաբերությունները։
2․ Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) պահպանության գոտի՝ պահպանվող օբյեկտի տարածքի հատված, որտեղ յուրաքանչյուր պահնորդ պարտավոր է իրականացնել իր աշխատանքային պարտականությունները.
2) վտանգավոր իրավիճակ՝ հանգամանքների ամբողջություն, որի դեպքում պահպանվող օբյեկտում ֆիզիկական անձանց կյանքը, առողջությունը կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կամ շրջակա միջավայրը վնասվել, վնասվում կամ կարող է վնասվել․
3) իրավախախտում՝ անձի կողմից դրսևորվող վարքագիծ, որը վնասել, վնասում կամ կարող է վնասել պահպանվող օբյեկտին.
4) պահակետ՝ պահպանվող օբյեկտի տարածքում ներօբյեկտային պայմանակարգն ապահովելու նպատակով տեղակայված մշտական հսկման գոտի, որտեղ պահնորդները իրականացնում են իրենց աշխատանքային պարտականությունները․
5) հսկիչ-անցագրային կետ՝ պահպանվող օբյեկտի տարածքում անցագրային պայմանակարգն ապահովելու նպատակով տեղակայված մշտական հսկման գոտի․
6) պարեկային երթուղի՝ պահպանվող օբյեկտի պահպանությունն իրականացնող պահնորդի տեղաշարժի համար որոշված տարածք․
7) Կազմակերպության պահպանության կառավարման կենտրոն՝ կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում, որն ապահովում է Կազմակերպության վերակարգերի միջև կապի անընդհատությունն ու գործողությունների համակարգված և համաձայնեցված իրականացումը, պահպանություն իրականացնող վերակարգերին է փոխանցում պահպանությունը պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ և ապահովում է արագ արձագանքման խմբի մեկնումը պահպանվող օբյեկտներ․
8) օպերատոր՝ Կազմակերպության պահպանության կառավարման կենտրոնի աշխատող․
9) արագ արձագանքման վերակարգ՝ պահպանության գործընթացում ներգրավված, երկու կամ ավելի պահնորդներից կազմված վերակարգ, որն ապահովում է Կազմակերպության պահպանության կառավարման կենտրոնի կողմից ստացված ահազանգերին անհապաղ արձագանքումն ու դրանց սպասարկումը․
10) զուգորդված պահպանություն՝ Կազմակերպության տարբեր վերակարգերի կողմից պահպանվող օբյեկտում համատեղ իրականացվող ծառայություն.
11) օբյեկտի պահպանության համակարգ՝ պահպանության խնդիրների կատարման համար անհրաժեշտ ուժերի և միջոցների ամբողջություն, որը պետք է համապատասխանի պահպանվող օբյեկտի առանձնահատկություններին, պահպանության տեխնիկական միջոցներին:
3․ Պահպանվող օբյեկտում Կազմակերպության հիմնական խնդիրներն են՝
1) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (նրանց կողմից պայմանագրում նշված անձանց) գույքի, գույքային իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը,
2) պահպանվող օբյեկտներում անցագրային և ներօբյեկտային սահմանված պայմանակարգերի ապահովումը,
3) հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման ոլորտներում պետությանը աջակցելը.
ԳԼՈՒԽ 2
ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
4. Օբյեկտի պահպանության կազմակերպումը և իրականացումը միջոցառումների համալիր է, որոնք ուղղված են պահնորդական ծառայության պատշաճ իրականացմանը, վտանգավոր իրավիճակների կամ իրավախախտումների կանխմանը, խափանմանը, բացահայտմանը, այդ իրավիճակներին օպերատիվ արձագանքման ապահովմանը և հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման ոլորտներում պետությանը աջակցելուն։
5. Օբյեկտի պահպանությունը կարող է իրականացվել հետևյալ տեսակներով՝
1) տեսահսկման կամ ահազանգման համակարգերի միջոցով․
2) շրջիկ կարգախմբերի միջոցով.
3) հսկիչ-անցագրային կետի միջոցով.
4) կայուն պահակետի միջոցով.
5) զուգորդված պահպանությամբ։
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պահպանության պատշաճ իրականացման համար ներգրավվում են հետևյալ վերակարգերը՝
1) արագ արձագանքման խմբի վերակարգ.
2) շրջիկ կարգախմբի վերակարգ.
3) հսկիչ-անցագրային կետի վերակարգ.
4) կայուն պահակետի վերակարգ։
7. Օբյեկտի պահպանության, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում, սույն կարգի 6-րդ կետով նախատեսված վերակարգերի համար Կազմակերպության կողմից նշանակվում են ավագներ։
8. Պահնորդները մինչև վերակարգի ընդունումը օբյեկտի պահպանության ավագի կամ վերակարգի ավագի կողմից ենթակա են հրահանգավորման, որն իրականացվում է օբյեկտում հատկացված համապատասխան սենյակում կամ օբյեկտի պահպանության ավագի կամ վերակարգի ավագի կողմից սահմանված այլ վայրում՝ մինչև 30 րոպե տևողությամբ։ Հրահանգավորման իրականացումը կարող է փոխվել միայն վտանգավոր իրավիճակների կամ իրավախախտումների պայմաններում:
9. Հրահանգավորողը պարտավոր է`
1) ստուգել վերակարգի՝ ծառայության անցնելու պատրաստվածությունը և իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել միջոցներ՝ հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ.
2) ստուգել ծառայության համար անհրաժեշտ պարագաների առկայությունը.
3) վերակարգին իրազեկել պահպանվող օբյեկտում և հարակից տարածքում առկա իրավիճակի վերաբերյալ, տալ անհրաժեշտ հանձնարարականներ, ինչպես նաև՝ պարզաբանել պահպանվող օբյեկտի անձնակազմի հետ փոխգործակցության կարգը.
4) քննարկել և պատասխանել պահնորդական ծառայության բնույթին վերաբերող հարցերին:
10. Հրահանգավորումից հետո հրահանգավորողը օպերատորին տեղեկացնում է վերակարգի՝ ծառայության անցնելու պատրաստականության մասին։
11. Օբյեկտի պատշաճ պահպանության ապահովման համար պահնորդը պարտավոր է՝
1) ունենալ բավարար գիտելիքներ պահնորդական ծառայության գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ․
2) ունենալ հրդեհային ազդարարման, ահազանգման և հրդեհաշիջման համակարգերի օգտագործման և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ․
3) տեղեկացված լինել պահպանվող օբյեկտում հրդեհաշիջման և կապի միջոցների տեղակայման վայրերի վերաբերյալ․
4) ունենալ զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների կիրառման և օգտագործման կարգի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և դրանք կիրառել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան․
5) իր իրավասությունների շրջանակներում անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ վտանգավոր իրավիճակների և իրավախախտումների կանխման, խափանման, բացահայտման ու դրանց հետևանքների նվազեցման նպատակով, ապահովել պահպանության ենթակա օբյեկտի, գույքի և այնտեղ գտնվող անձանց անվտանգությունը.
6) արտակարգ իրավիճակների, հանցագործությունների կամ վարչական իրավախախտումների հայտնաբերման կամ դրանց մասին տեղեկություն ստանալու դեպքում՝ առանց անհարկի ձգձգման տեղեկացնել իրավասու մարմիններին և գործել վերջիններիս ցուցումների համաձայն.
7) աջակցել պետությանը՝ հասարակական կարգի պաhպանության, հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման ոլորտներում․
8) ձեռնպահ մնալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը խոչընդոտող կամ խանգարող ցանկացած գործողությունից․
9) տիրապետել իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու, վնասազերծելու և իրավապահ մարմիններին հանձնելու ընթացակարգերին.
10) վնասազերծված անձանց չթողնել առանց հսկողության․
11) տիրապետել առաջին օգնության ցուցաբերման ընդհանուր կանոններին․
12) ծառայություն իրականացնելիս գտնվել սթափ վիճակում և զերծ մնալ ոգելից խմիչքների օգտագործումից․
13) իմանալ պահնորդական կազմակերպության ներքին կարգապահական կանոնները․
14) իրեն ամրակցված զենքը, հատուկ և տեխնիկական միջոցները, ինչպես նաև Կազմակերպության կողմից տրված վկայականը չփոխանցել այլ անձանց․
15) տիրապետել օբյեկտում պահպանության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ հրահանգներին, կարգադրություններին, տարհանման պլաններին և այլ փաստաթղթերին․
16) տիրապետել օբյեկտի կառուցվածքին, գործառնական առանձնահատկություններին, գործունեության իրականացման կարգին և օբյեկտում առկա՝ պահպանության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ իրավիճակին․
17) ծանոթանալ օբյեկտում առկա՝ պահպանության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերին․
18) տեղեկացված լինել պահպանվող օբյեկտում նախորդ վերակարգից հետո տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ․
19) վարել և լրացնել Կազմակերպության ղեկավարի կողմից սահմանած վերակարգի հանձնման-ընդունման մատյանը․
20) ծառայողական պարտականությունները կատարելիս կրել հատուկ համազգեստ, պահպանել պատշաճ արտաքին տեսք և չխախտել հատուկ համազգեստի կրման կանոնները․
21) ծառայություն մեջ գտնվելիս իր մոտ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպության կողմից տրամադրված վկայական․
22) յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ օպերատորին զեկուցել պահպանվող օբյեկտում ծառայության մատուցման ընթացքը․
23) պահպանվող օբյեկտի աշխատողների և այցելուների հետ հաղորդակցվելիս դրսևորել պատշաճ վարքագիծ․
24) առանց պահպանության ավագի կամ վերակարգի ավագի կամ օպերատորի թույլտվության՝ չլքել վերակարգի վայրը․
25) օբյեկտի պահպանության գործառույթների իրականացումը կամ դրանց մի մասը չհանձնել կամ չվստահել պահպանության գործառույթներ իրականացնելու լիազորություն չունեցող անձանց․
26) վերակարգում պահպանություն իրականացնելիս չզբաղվել ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված գործողություններով․
27) պահպանության գործառույթներ իրականացնելու լիազորություն չունեցող անձանց չհայտնել պահպանվող օբյեկտի գործունեության, օբյեկտում տիրող իրավիճակի, օբյեկտում գտնվող նյութական արժեքների, օբյեկտի աշխատողի վերաբերյալ տեղեկություն․
28) վերակարգի ավարտի մասին զեկուցել պահպանության ավագին կամ վերակարգի ավագին։
12․ Օբյեկտի պահպանություն իրականացնելիս, կախված պահպանության տեսակից, պահնորդն իրավունք ունի`
1) պահպանվող օբյեկտի տարածքում գտնվող անձանցից պահանջելու անցագրային և ներօբյեկտային պայմանակարգերի պահանջների պահպանում.
2) իր իրավասության շրջանակներում, պահնորդական ծառայություններ մատուցելու մասին պայմանագրին համապատասխան, իրականացնելու քաղաքացիների անձնական խուզարկություն, նրանց մոտ գտնվող առարկաների զննում, անձը հաստատող, ինչպես նաև պահպանվող օբյեկտ հետիոտն կամ տրանսպորտային միջոցով մուտքի և ելքի, գույք տեղափոխելու փաստաթղթերի ուսումնասիրություն.
3) վնասազերծելու պահպանվող օբյեկտի, ինչպես նաև իր նկատմամբ ոտնձգություն կատարած անձին և վերջինիս հանձնելու իրավապահ մարմիններին.
4) իրականացնելու պահպանվող օբյեկտի տարածք մտնող և դուրս եկող տրանսպորտային միջոցների զննում.
5) «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կիրառելու ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ:
13. Կազմակերպության պահնորդները պետք է կրեն միասնական համազգեստ միայն աշխատանքային ժամերին: Դրանք պետք է տարբերվեն հատուկ պետական պաշտպանություն իրականացնող մարմնի աշխատողների համազգեստից:
14. Հատուկ համազգեստի վրա՝ տեսանելի հատվածում, պետք է արտացոլված լինեն պահնորդի անունը, ազգանունը, Կազմակերպության ապրանքային նշանը և ֆիրմային անվանումը:
15. Յուրաքանչյուր Կազմակերպություն, պահնորդական ծառայություններ մատուցելիս, իրավունք ունի օգտագործելու միայն ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով տվյալ կազմակերպության համար սահմանված հատուկ միջոցները։
16. Պահնորդական ծառայություն իրականացնող տրանսպորտային միջոցի վրա տեսանելի կերպով պետք է պատկերված լինեն Կազմակերպության անվանումը, ապրանքային նշանը և Կազմակերպության հեռախոսահամարը: Արգելվում է տրանսպորտային միջոցը կահավորել առկայծող փարոսիկներով կամ հատուկ ձայնային ազդանշան արձակող սարքավորումներով:
17. Պահպանվող օբյեկտում ծառայություն իրականացնող պահնորդը պարտավոր է իր պարտականությունները կատարել Կազմակերպության կողմից տրամադրված հատուկ համազգեստով, հատուկ միջոցներով և կապի միջոցներով։
18. Պահպանվող օբյեկտում պահակետի, հսկիչ-անցագրային կետի, պարեկային երթուղու սանիտարահիգիենիկ վիճակը, պահպանության համար անհրաժեշտ կահավորվածությունը, լուսավորվածությունը ապահովում է պատվիրատուն, իսկ Կազմակերպությունը ապահովում է օբյեկտի պահպանությունը:
19. Պահպանվող օբյեկտի այն աշխատողները, որոնք իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում հասանելիություն ունեն պահպանության տեսակի, պահպանության տեխնիկական միջոցների, պահպանության կազմակերպման կարգի, անցագրային կամ ներօբյեկտային պայմանակարգերի վերաբերյալ տեղեկություններին, օբյեկտի ղեկավարի կողմից նախապես նախազգուշացվում են նշված տեղեկությունները հրապարակելու կամ երրորդ անձանց փոխանցելու անթույլատրելիության մասին։
20. Տեսահսկման կամ ահազանգման համակարգերի միջոցով պահպանությունը իրականացվում է պահպանվող տարածքում տեղադրված տեխնիկական միջոցների կիրառմամբ։ Տեսահսկման համակարգերի դեպքում վտանգավոր իրավիճակները, իրավախախտումները կամ դրանց վտանգը հայտնաբերվում են օպերատորի կողմից տեսապատկերի մշտադիտարկման արդյունքում, իսկ ահազանգման համակարգերի դեպքում համապատասխան տեղեկությունը համակարգի կողմից ինքնաշխատ փոխանցվում է Կազմակերպության պահպանության կառավարման կենտրոն, որն ապահովում է արագ արձագանքման կազմակերպումը։
21. Տեսահսկման համակարգի միջոցով իրավախախտում, վտանգավոր իրավիճակ կամ դրանց անմիջական վտանգ հայտնաբերելու դեպքում օպերատորը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել արագ արձագանքման խմբի վերակարգին, վերջինիս փոխանցել դեպքի վայրի հասցեն և տեղակայումը, առկա տեսանելի հանգամանքների, հնարավոր վտանգների, ինչպես նաև իրավիճակի զարգացման վերաբերյալ իրեն հայտնի տեղեկատվությունը և մինչև արձագանքման խմբի ժամանումը շարունակել իրավիճակի տեսադիտարկումը՝ հնարավորության դեպքում ապահովելով տեղեկատվության օպերատիվ փոխանցումը։
22. Ահազանգման համակարգերի միջոցով ստացված ահազանգի դեպքում օպերատորը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել արագ արձագանքման խմբի վերակարգին, փոխանցել օբյեկտի հասցեն և տեղակայումը, ինչպես նաև՝ առկայության դեպքում, հնարավոր վտանգների մասին տեղեկատվությունը։
23. Օպերատորը սույն կարգի 21-րդ կամ 22-րդ կետով նախատեսված գործողություններն իրականացնելուց հետո արձանագրված դեպքը կամ ահազանգը գրանցում է արձանագրված դեպքերի և ահազանգերի մատյանում՝ նշելով օբյեկտի անվանումը, հասցեն, տեղակայումը, արձանագրված դեպքի կամ ահազանգի գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, արագ արձագանքման խմբի վերակարգի կազմը և վերջինիս ելքի ժամը։
24. Արագ արձագանքման խմբի վերակարգը սույն կարգի 21-րդ կետով նախատեսված դեպքի կամ 22-րդ կետով նախատեսված ահազանգի վերաբերյալ տեղեկություններն ստանալուց հետո անհապաղ մեկնում է դեպքի կամ ահազանգի վայր, որից հետո ստուգում է իրավախախտման կամ վտանգավոր իրավիճակի առկայությունը և դրա համապատասխանությունը արձանագրված դեպքին կամ ահազանգին, իրականացնում է տարածքի արտաքին զննում, մուտքերի և ելքերի ստուգում, ահազանգի ազդանշանի աղբյուրի հայտնաբերում, անհրաժեշտության դեպքում՝ պահպանվող օբյեկտի ներքին զննում՝ անվտանգության կանոնների պահպանմամբ և այլ անհետաձգելի միջոցառումներ։
25. Հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում արագ արձագանքման խմբի վերակարգը պարտավոր է մինչև իրավապահ մարմինների աշխատակիցների ժամանումը հնարավոր միջոցներ ձեռնարկել հանցագործության դեպքի վայրի և հետքերի պահպանման ուղղությամբ, բացահայտել դեպքի ականատեսներին` արձանագրելով նրանց տվյալները:
26. Կազմակերպության պահպանության կառավարման կենտրոնի կողմից արագ արձագանքման խմբի վերակարգի գործողությունները և դրանց արդյունքները գրանցվում են ահազանգերի մատյանում։
27. Արագ արձագանքման խմբի վերակարգը պարտավոր է՝
1) անհապաղ արձագանքել տեսահսկման համակարգի միջոցով արձանագրված դեպքերին կամ ահազանգման համակարգի միջոցով ստացված ահազանգերին.
2) կատարել օպերատորի կողմից տրվող՝ ծառայությանը վերաբերող բոլոր հանձնարարությունները.
3) արձանագրված դեպքը կամ ահազանգը սպասարկելուն ուղղված գործողությունների ավարտից հետո կատարված գործողությունների և արդյունքների մասին տեղեկացնել օպերատորին.
4) մշտապես գտնվել Կազմակերպության ղեկավարի կողմից սահմանված վայրում, բացառությամբ արձանագրված դեպքը կամ ահազանգը սպասարկելուն ուղղված գործողություններ իրականացնելիս.
5) ամրակցված տրանսպորտային միջոցը օգտագործել բացառապես աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով.
6) տրանսպորտային միջոցը չփոխանցել պահպանության գործառույթներ իրականացնելու լիազորություն չունեցող անձանց։
28. Շրջիկ վերակարգերի միջոցով պահպանությունն իրականացվում է պահպանության պայմանագրով նախատեսված դեպքերում՝ հաշվի առնելով պահպանվող օբյեկտի առանձնահատկությունները, կիրառվող տեխնիկական պահպանության միջոցները, օբյեկտի տարածքային բնութագրերը։
29. Սույն կարգի 28-րդ կետով նախատեսված պահպանությունը պատշաճ իրականացնելու համար ներգրավվում են Կազմակերպության շրջիկ և արագ արձագանքման վերակարգերը՝ համակցված եղանակով։
30. Նախքան սույն կարգի 28-րդ կետով նախատեսված պահպանություն իրականացնելը Կազմակերպությունը պետք է իրականացնի օբյեկտի տարածքի ուսումնասիրություն և ռիսկերի գնահատում, որի հաշվառմամբ կազմվում է շրջիկ և արագ արձագանքման վերակարգերի միջոցով պահպանության պլան։ Պլանում նշվում են պարեկային երթուղիները, կանգառները, պահպանության գոտիները և արագ արձագանքման վերակարգի տեղակայման վայրերը։
31. Պարեկային երթուղիներում ծառայություն իրականացնելու համար ներգրավվում են շրջիկ վերակարգեր, որոնք պետք է բաղկացած լինեն 2 կամ ավելի պահնորդներից և իրականացնեն պարբերական պարեկություն պարեկային երթուղիներով, ստուգեն օբյեկտի արտաքին սահմանները, մուտքերը և ելքերը, տեխնիկական միջոցների վիճակը, արձանագրեն հայտնաբերված խախտումները կամ կասկածելի իրավիճակները, անհրաժեշտության դեպքում անմիջապես տեղեկացնեն օպերատորին՝ ձեռնարկելով համապատասխան միջոցներ։
32. Շրջիկ վերակարգը պահպանության բնականոն ընթացքը խոչընդոտող հանգամանքներ հայտնաբերելու դեպքում դրա վերաբերյալ կատարում է գրառում պարեկության մատյանում՝ նշելով տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, պարեկային երթուղին և հանգամանքների նկարագրությունը։
33. Պահպանության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում շրջիկ և արագ արձագանքման վերակարգերը պարտավոր են մինչև իրավապահ մարմինների աշխատակիցների ժամանումը հնարավոր միջոցներ ձեռնարկել հանցագործության դեպքի վայրի և հետքերի պահպանման ուղղությամբ, բացահայտել դեպքի ականատեսներին` արձանագրելով նրանց տվյալները:
34. Սույն կարգի 28-րդ կետով նախատեսված պահպանությանը ներգրավված արագ արձագանքման վերակարգի վրա տարածվում են տեսահսկման և ահազանգման համակարգերի միջոցով պահպանության դեպքում արագ արձագանքման վերակարգին վերաբերելի համապատասխան դրույթները։
35. Շրջիկ վերակարգը պարտավոր է՝
1) ծառայության ընթացքում մշտապես գտնվել պահպանվող օբյեկտում.
2) ապահովել պահպանվող օբյեկտի տարածքում կանոնավոր շրջայցը՝ ոչ պակաս, քան յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ.
3) կենսապահովման ինժեներական համակարգերում (այդ թվում՝ ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, կոյուղի և այլն) վթարների կամ խափանումների հայտնաբերման դեպքում անհապաղ տեղեկացնել պահպանվող օբյեկտի պատասխանատու անձանց և օպերատորին.
4) բացառել պահպանության գործառույթներ իրականացնելու լիազորություն չունեցող անձանց, ինչպես նաև օբյեկտի հետ իրավաչափ առնչություն չունեցող անձանց մուտքը պահպանվող օբյեկտ.
5) առանց պահպանության ավագի կամ վերակարգի ավագի կամ օպերատորի թույլտվության՝ չլքել պարեկային երթուղին.
6) ամրակցված տրանսպորտային միջոցը օգտագործել բացառապես ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով.
7) տրանսպորտային միջոցը չփոխանցել պահպանության գործառույթներ իրականացնելու լիազորություն չունեցող անձանց անձանց։
36. Հսկիչ-անցագրային կետի միջոցով պահպանությունն իրականացվում է օբյեկտում անցագրային պայմանակարգը ապահովելու նպատակով և իրականացվում է օբյեկտի մուտքի և ելքի վերահսկմամբ, անձանց և տրանսպորտային միջոցների անցագրային ռեժիմի ապահովմամբ։
37. Հսկիչ-անցագրային կետը տեղակայվում է պահպանվող օբյեկտի մուտքի և ելքի մոտ։
38. Սույն կարգի 36-րդ կետով նախատեսված պահպանություն իրականացնելիս վտանգավոր իրավիճակի կամ իրավախախտման կամ դրանց վտանգի հայտնաբերման դեպքում պահնորդը պարտավոր է անհապաղ տեղեկացնել հսկիչ-անցագրային կետի վերակարգի ավագին, իսկ վերջինս՝ օպերատորին և պահպանվող օբյեկտի ղեկավարին՝ ձեռնարկելով համապատասխան միջոցներ։
39. Հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում հսկիչ-անցագրային կետի վերակարգը պարտավոր է մինչև իրավապահ մարմինների աշխատակիցների ժամանումը հնարավոր միջոցներ ձեռնարկել հանցագործության դեպքի վայրի և հետքերի պահպանման ուղղությամբ, բացահայտել դեպքի ականատեսներին` արձանագրելով նրանց տվյալները:
40. Հսկիչ-անցագրային կետի վերակարգը պարտավոր է՝
1) տիրապետել պահպանվող օբյեկտում գործող անցագրային պայմանակարգին․
2) ունենալ պահպանվող օբյեկտում կիրառվող անցագրերի նմուշների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ՝ ներկայացված անցագրերի իսկությունն ու համապատասխանությունը ստուգելու համար.
3) ունենալ նյութական արժեքները ներս բերելու կամ դուրս հանելու թույլտվություն տալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ստորագրությունների նմուշների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ՝ ներկայացված փաստաթղթերում առկա ստորագրությունների համապատասխանությունը ստուգելու համար․
4) տիրապետել պահպանվող օբյեկտից դուրս հանվող նյութական արժեքների, բեռների ստուգման կանոններին․
5) ստուգել պահպանվող օբյեկտում պահպանության համար անհրաժեշտ կապի, պահպանության և տեխնիկական միջոցների առկայությունը, ինչպես նաև՝ դրանց տեխնիկական վիճակը և սարքին լինելը․
6) ծառայության իրականացման ամբողջ ընթացքում գտնվել հսկիչ-անցագրային կետում, բացառությամբ վերակարգի ավագի հանձնարարությամբ հսկիչ-անցագրային կետից բացակայելու դեպքի՝ պայմանով, որ դրանով չի խաթարվում անցագրային պայմանակարգի անընդհատ և պատշաճ իրականացումը․
7) նույնականացնել պահպանվող օբյեկտի ղեկավարներին և աշխատակիցներին՝ անձը հաստատող փաստաթղթերի, ծառայողական վկայականների, անցագրերի, ինչպես նաև օբյեկտի կողմից նախապես տրամադրված նույնականացման այլ տվյալների հիման վրա․
8) անհապաղ վերացնել պահպանվող օբյեկտի ղեկավարի կողմից ներկայացված դիտողություններով արձանագրված խախտումները, որոնք կապված են պահպանության ոչ պատշաճ կազմակերպման հետ․
9) անցագրային պայմանակարգի պահանջները խախտած աշխատողների և այցելուների վերաբերյալ կազմել արձանագրություններ և փոխանցել պահպանվող օբյեկտի ղեկավարին կամ նրա կողմից լիազորված անձին․
10) կենսապահովման ինժեներական համակարգերում (այդ թվում՝ ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, կոյուղի և այլն) վթարների կամ խափանումների հայտնաբերման դեպքում անհապաղ տեղեկացնել պահպանվող օբյեկտի պատասխանատու անձանց և Կազմակերպության պահպանության կառավարման կենտրոնին․
11) բացառել պահպանության գործառույթներ իրականացնելու լիազորություն չունեցող անձանց, ինչպես նաև օբյեկտի հետ իրավաչափ առնչություն չունեցող անձանց մուտքը պահպանվող օբյեկտ.
12) առանց օբյեկտի պահպանության ավագի կամ վերակարգի ավագի կամ օպերատորի թույլտվության՝ չլքել հսկիչ անցագրային կետը․
13) վերակարգի ծառայությունից դուրս՝ իր համար ոչ աշխատանքային ժամերին, չգտնվել պահպանվող օբյեկտի հսկիչ-անցագրային կետում․
14) բացառել պահպանության գործառույթներ իրականացնելու լիազորություն չունեցող անձանց գտնվելը պահպանվող օբյեկտի հսկիչ-անցագրային կետում, ինչպես նաև՝ աշխատանքների կազմակերպման նպատակով տրամադրված ծառայողական սենյակում․
15) պահպանության գործառույթներ իրականացնելու լիազորություն չունեցող, ինչպես նաև՝ օբյեկտի հետ իրավաչափ առնչություն չունեցող անձանցից չընդունել կամ նրանց չփոխանցել իրեր, առարկաներ, փաստաթղթեր և այլն։
41. Կայուն պահակետի միջոցով պահպանությունն իրականացվում է կայուն պահակետի վերակարգի միջոցով, որն իրականացնում է օբյեկտի ներօբյեկտային պայմանակարգի ապահովումը։
42. Կայուն պահակետը սահմանվում է այն վայրում, որտեղ անհրաժեշտ է պահնորդի մշտական ներկայություն։ Պահակետի համար սահմանվում են կենտրոն և սահմաններ։ Պահակետի կենտրոն է նշանակվում այն տեղանքը, որտեղից առավել նպատակահարմար է իրականացնել դիտարկում և ժամանակին ձեռնարկել միջոցներ վտանգավոր իրավիճակների կամ իրավախախտումների կանխման, խափանման կամ բացահայտման ուղղությամբ։
43. Սույն կարգի 41-րդ կետով նախատեսված պահպանություն իրականացնելիս վտանգավոր իրավիճակի կամ իրավախախտման կամ դրանց վտանգի հայտնաբերման դեպքում պահնորդը պարտավոր է անհապաղ տեղեկացնել պահակետի վերակարգի ավագին, իսկ վերջինս՝ օպերատորին և պահպանվող օբյեկտի ղեկավարին՝ ձեռնարկելով համապատասխան միջոցներ։
44. Հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կայուն պահակետի վերակարգը պարտավոր է մինչև իրավապահ մարմինների աշխատակիցների ժամանումը հնարավոր միջոցներ ձեռնարկել հանցագործության դեպքի վայրի և հետքերի պահպանման ուղղությամբ, բացահայտել դեպքի ականատեսներին` արձանագրելով նրանց տվյալները:
45. Կայուն պահակետի վերակարգը պարտավոր է՝
1) ստուգել պահպանվող օբյեկտում պահպանության համար անհրաժեշտ կապի, պահպանության և տեխնիկական միջոցների առկայությունը, ինչպես նաև՝ դրանց տեխնիկական վիճակը և սարքին լինելը․
2) ծառայության իրականացման ամբողջ ընթացքում գտնվել պահակետում, բացառությամբ վերակարգի ավագի հանձնարարությամբ պահակետից բացակայելու դեպքի՝ պայմանով, որ դրանով չի խաթարվում պահակետի անընդհատ և պատշաճ ծառայությունը․
3) նույնականացնել պահպանվող օբյեկտի ղեկավարներին և աշխատակիցներին՝ անձը հաստատող փաստաթղթերի, ծառայողական վկայականների, անցագրերի, ինչպես նաև օբյեկտի կողմից նախապես տրամադրված նույնականացման այլ տվյալների հիման վրա․
4) անհապաղ վերացնել պահպանվող օբյեկտի ղեկավարի կողմից ներկայացված դիտողություններով արձանագրված խախտումները, որոնք կապված են պահպանության ոչ պատշաճ կազմակերպման հետ․
5) կենսապահովման ինժեներական համակարգերում (այդ թվում՝ ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, կոյուղի և այլն) վթարների կամ խափանումների հայտնաբերման դեպքում անհապաղ տեղեկացնել պահպանվող օբյեկտի պատասխանատու անձանց և օպերատորին․
6) բացառել պահպանության գործառույթներ իրականացնելու լիազորություն չունեցող անձանց, ինչպես նաև օբյեկտի հետ իրավաչափ առնչություն չունեցող անձանց մուտքը պահակետ.
7) առանց օբյեկտի պահպանության ավագի կամ վերակարգի ավագի կամ օպերատորի թույլտվության՝ չլքել պահակետը․
8) պահպանության գործառույթներ իրականացնելու լիազորություն չունեցող, ինչպես նաև՝ օբյեկտի հետ իրավաչափ առնչություն չունեցող անձանցից չընդունել կամ նրանց չփոխանցել իրեր, առարկաներ, փաստաթղթեր և այլն։
46. Զուգորդված պահպանությունն իրականացվում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պահպանության տեսակների առնվազն երկուսի համակցությամբ։
47. Օբյեկտի պահպանության իրականացման ընթացքում վտանգավոր իրավիճակների կամ իրավախախտումների դեպքում, ըստ անհրաժեշտության, Կազմակերպությունը պահպանվող օբյեկտում իրականացնում է ուժեղացված ծառայություն։
48. Ուժեղացված ծառայության ընթացքում Կազմակերպության արագ արձագանքման վերակարգի ներգրավմամբ բարձրացվում է պահպանվող օբյեկտի պահպանության հուսալիությունը, կարող են տեղակայվել լրացուցիչ պահակետեր, ինժեներական և տեխնիկական ամրացման միջոցներ, անվտանգության տեխնիկական միջոցներ, ինչպես նաև՝ իրականացվել Կազմակերպության ղեկավարի կողմից սահմանված այլ կազմակերպչական և տեխնիկական միջոցառումներ, որոնք ուղղված են վտանգավոր իրավիճակների կամ իրավախախտման կանխմանը, խափանմանը կամ բացահայտմանը։
49. Կազմակերպությունը պարտավոր է վարել դեպքերի հաշվառման մատյան, որում սահմանված կարգով ամփոփվում են պահպանության ընթացքում արձանագրված բոլոր դեպքերը և խախտումները։ Դեպքերի հաշվառման մատյանը կամ դրանից քաղվածքները կազմակերպությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն՝ լիցենզավորման պայմանների պահպանման նկատմամբ հսկողության, ստուգման, վարչական վարույթի իրականացման, իրավախախտման վերաբերյալ հաղորդման ուսումնասիրության կամ օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված գրավոր պահանջի հիման վրա։
50. Օբյեկտի պահպանության իրականացման ընթացքում արձանագրված վտանգավոր իրավիճակների կամ իրավախախտումների յուրաքանչյուր դեպքով Կազմակերպության կողմից կազմվում է գրավոր հաշվետվություն, որտեղ ներառվում են դեպքի հանգամանքների նկարագրությունը, ահազանգի պատճառը, իրականացված գործողությունները, հայտնաբերված խախտումները, ձեռնարկված միջոցառումները, ներգրավված ուժերի և միջոցների ցանկը։ Կազմակերպությունը հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն՝ լիցենզավորման պայմանների պահպանման նկատմամբ հսկողության, ստուգման, վարչական վարույթի իրականացման, իրավախախտման վերաբերյալ հաղորդման ուսումնասիրության կամ օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված գրավոր պահանջի հիման վրա։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2026 թվական: