ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՀԿԴ/0030/02/24 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (30.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.28-2026.10.11 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.09.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն

դատարանի որոշում

Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ

թիվ ՀԿԴ/0030/02/24

Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ

թիվ ՀԿԴ/0030/02/24

2026 թ.

Նախագահող դատավոր՝  Հ․ Շահնազարյան

Դատավորներ՝

 Դ․ Հովհաննիսյան

 Ա. Ոսկանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող և զեկուցող

Ա. ԴԱՎԹՅԱՆ

Գ. ԳՅՈԶԱԼՅԱՆ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

 

«30» սեպտեմբերի 2026 թ

քաղաք Երևան

 

գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության հայցի ընդդեմ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի, «Ագրիլենդ» ՍՊ ընկերության, Դավիթ Արամի Իոսիֆյանի՝ հողամասերի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 23․07.2025 թվականի որոշման դեմ «Ագրիլենդ» ՍՊ ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1.1. Դիմելով ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ՝ Դատարան)՝ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունը (այսուհետ՝ Դատախազություն) պահանջել է անվավեր ճանաչել Արտաշավան համայնքի կողմից կազմակերպված ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի գյուղատնտեսական նշանակության ▪▪▪▪▪▪▪1 հա և ▪▪▪▪▪▪▪2 հա մակերեսով հողամասերն օտարելու վերաբերյալ աճուրդը և որպես հետևանք անվավեր ճանաչել՝ աճուրդ վաճառքում հաղթող ճանաչված Դավիթ Արամի Իոսիֆյանի հետ ▪▪▪▪▪▪▪3 հա հողատարածքի նկատմամբ պայմանագիր կնքելու Արտաշավան համայնքի ղեկավարի 27․03․2017 թվականի թիվ 15-Ա և թիվ 16-Ա որոշումները, աճուրդ վաճառքում հաղթող ճանաչված «Ագրիլենդ» ՍՊ ընկերության հետ 33,681 հա հողատարածքի նկատմամբ պայմանագիր կնքելու Արտաշավան համայնքի ղեկավարի 14․07․2017 թվականի թիվ 33-Ա որոշումը, Անանյա Ասլանյանի և Դավիթ Արամի Իոսիֆյանի միջև 28․03․2017 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագրերը և դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումները, Անանյա Ասլանյանի և «Ագրիլենդ» ՍՊ ընկերության միջև 14․07․2017 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագրերը և դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումները։

1․2․ Դատարանի (դատավոր Ն․ Ավագյան) 18․12․2024 թվականի վճռով Դատախազության հայցը մասնակի բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի կողմից կազմակերպված ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի գյուղատնտեսական նշանակության ▪▪▪▪▪▪▪4 հա հողամասն օտարելու վերաբերյալ 13.07.2017 թվականի աճուրդը և որպես աճուրդի անվավերության հետևանք անվավեր են ճանաչվել՝ ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղական համայնքի՝ ի դեմս Անանյա Ասլանյանի և «Ագրիլենդ» ՍՊ ընկերության՝ ի դեմս տնօրեն Վլադիմիր Հարությունյանի միջև 17.07.2017 թվականին կնքված ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի հողամասերի անշարժ գույքի վաճառքի պայմանագրերը, ինչպես նաև՝ անշարժ գույքերի վերաբերյալ պետական գրանցումները՝ վերականգնելով նշված գույքերի նկատմամբ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականությունը։ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքը պարտավորեցվել է «Ագրիլենդ» ՍՊ ընկերությանը վերադարձնել 28.019.624 ՀՀ դրամ։ Մնացած պահանջների մասով հայցը մերժվել է։

1․3․ 25․12․2024 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել «Ագրիլենդ» ՍՊ ընկերությունը (ներկայացուցիչ՝ Հ․ Մանուկյան)։

1․4․ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23․07.2025 թվականի որոշմամբ «Ագրիլենդ» ՍՊ ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է։

1․5․ 25․08.2025 թվականին վճռաբեկ բողոք է ներկայացրել «Ագրիլենդ» ՍՊ ընկերությունը (ներկայացուցիչ՝ Հ․ Մանուկյան), (այսուհետ նաև՝ Ընկերություն կամ Բողոք բերած անձ):

1.6. Վճռաբեկ դատարանի 17․09․2025 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է որոշումն ստանալու պահից հաշված հնգօրյա ժամկետ` վճռաբեկ բողոքում առկա թերությունները շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար, քանի որ բողոքը բերվել էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքերով, մինչդեռ Բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում չէր նշել, թե Վերաքննիչ դատարանի կողմից տրված նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմի մեկնաբանությունն է հակասում վերջինիս կողմից վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/13270/02/18 քաղաքացիական գործով 14․10․2022 թվականի, թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով 27․05․2011 թվականի և թիվ ԵԿԴ/2924/02/11 քաղաքացիական գործով 04․10․2013 թվականի որոշումների մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նաև չէր նշել այդ հիմքի հիմնավորումը:

1.7. 25.09.2025 թվականին կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Հ․ Մանուկյան) և չշտկելով Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները՝ որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք նորից նշել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը՝ պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, կրկին չնշելով, թե Վերաքննիչ դատարանի կողմից տրված նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմի մեկնաբանությունն է հակասում ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշումներում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նաև այդ հիմքի հիմնավորումը:

1․8․ Վճռաբեկ դատարանը 29․10․2025 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով։

1․9․ Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

2.1. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-13-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և 168-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը բողոքում ներկայացրել է հետևյալ փաստարկները.

2․2․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը՝ կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով, պահանջում է, որ յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում: Արդար դատաքննության իրավունքի խախտում կարող է արձանագրվել ոչ միայն այն դեպքում, երբ ընթացակարգային նորմերը չեն պահպանվել, այլ նաև այն դեպքում, երբ ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգային նորմերը պատշաճ կիրառվել են, սակայն, որպես հետևանք, չեն ապահովել արդար դատաքննության իրավունքի տարր կազմող կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքները։

2․3․ Վերաքննիչ դատարանն արձանագրել է կողմի արդար դատաքննության իրավունքի խախտման բացակայությունն այն հիմնավորմամբ, որ Դատարանն ապահովել է պատասխանող իրավաբանական անձի պատշաճ ծանուցումը՝ այդ կապակցությամբ ձեռնարկելով ակտիվ գործողություններ։

2․4․ Թեև Դատարանը գործում առկա հասցեով ծանուցումներն ապահովել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, սակայն պատասխանողն առնվազն մինչև 29․11․2024 թվականին նշանակված դատական նիստը փաստացի տեղյակ չի եղել իր դեմ հարուցված հայցի մասին, ինչի արդյունքում չի ապահովվել պատասխանող Ընկերության՝ գործի քննության վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքը, Ընկերությունը զրկվել է բացառապես նախնական դատական նիստի ընթացքում կատարման ենթակա դատավարական գործողությունները կատարելու իրավունքից, ինչն արդար դատաքննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, որի արդյունքում խախտվել (սահմանափակվել) է վերջինիս արդար դատաքննության իրավունքը:

2․5․ Ընկերությունը սույն գործի առկայության, ինչպես նաև նշանակված հաջորդ դատական նիստի (29․11․2024 թվականի դատաքննության) մասին տեղեկացել է միայն 21․11․2024 թվականին կայացված դատական նիստից հետո՝ գործով պատասխանող Դավիթ Արամի Իոսիֆյանի կողմից ձեռնարկված միջոցների, մասնավորապես՝ Արաբական Էմիրությունների դեսպանատանն այդ մասին իրազեկելու արդյունքում, որից հետո կայացել է նաև հանդիպում հյուպատոսի և դեսպանի հետ։

2․6․ Այսինքն, տվյալ դեպքում անգամ օրենսդրությամբ ամրագրված ընթացակարգային նորմերի պատշաճ կիրառումը չի ապահովել պատասխանողի՝ դատավարության բոլոր փուլերին մասնակից լինելու և մյուս կողմի հետ հավասար պայմաններում տվյալ փուլով պայմանավորված դատավարական գործողությունները կատարելու իրավունքի իրացման հնարավորությունը։

2․7․ 29․11․2024 թվականին կայացված դատական նիստի ընթացքում ներգրավվելով որպես Ընկերության ներկայացուցիչ՝ վերջինիս անունից ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն, միաժամանակ ներկայացվել է միջնորդություն ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ընկերությունը, նախկինում տեղեկացված չլինելով սույն գործի առկայության, ինչպես նաև գործով նշանակված դատական նիստերի մասին, զրկված է եղել մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը համապատասխան միջնորդությամբ հանդես գալու հնարավորությունից, ինչը ևս Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ է։

2․8․ Արձանագրային որոշմամբ Դատարանը մերժել է Ընկերության անունից ներկայացված՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը թողնելով առանց քննության՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածն ու անտեսելով Ընկերության արդար դատաքննության իրավունքը։

2․9․ Վերաքննիչ դատարանն անդրադառնալով կողմի արդար դատաքննության իրավունքին՝ Ընկերության՝ իր վերաբերյալ քննվող գործի մասին ծանուցված լինելու հանգամանքը նույնացրել է Դատարանի կողմից կողմի պատշաճ ծանուցումն ապահովելուն ուղղված դատավարական գործողությունների կատարման հետ, և դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդության մերժումը դիտել է իրավաչափ՝ արձանագրելով, որ Դատարանն ապահովել է սահմանված ժամկետում հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու պատասխանողի հնարավորությունը։ Վերաքննիչ դատարանն անգամ որևէ գնահատական չի տվել այն հանգամանքին, որ գործում առկա ապացույցներով, մասնավորապես՝ վարչական շրջանի ղեկավարի գրությամբ հիմնավորվում է, որ Ընկերությունը դատավարական փաստաթղթերի ուղարկման հասցեում գործունեություն չի իրականացրել։ Վերաքննիչ դատարանն անձի սահմանադրորեն և միջազգային իրավունքի նորմերով ամրագրված հիմնարար իրավունքը՝ արդար դատաքննության իրավունքը, ստորադասել է նաև գործի քննության բնականոն ընթացքը չխոչընդոտելու և դատավարությունը չձգձգելու անհրաժեշտությունից։

2․10․ Նշել է, որ հայցի փաստական հիմքերը որոշելու, հետագայում դրանք փոփոխել թույլատրելու միջնորդությամբ հանդես գալու բացառիկ իրավասությունն օրենսդիրը վերապահել է հայցվորին՝ սահմանելով դրա համար բացառապես գրավոր կարգ։ Դատարանն իրավասու չէ դուրս գալու հայցվորի կողմից որոշված հայցի փաստական հիմքերի և հայցի առարկայի շրջանակներից, վճիռ կայացնելիս անդրադառնալու և քննության առարկա դարձնելու հայցվորի կողմից չմատնանաշված փաստեր։

2․11․ Տվյալ դեպքում Դատարանը, քննելով Արտաշավան համայնքի կողմից կազմակերպված՝ ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի գյուղատնտեսական նշանակության ▪▪▪▪▪▪▪5 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և դրա անվավերության հետևանքներ կիրառելու պահանջ, վճռել է որպես գործարքի անվավերության հետևանք վերականգնել վիճելի գույքերի նկատմամբ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականությունը և ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքին պարտավորեցնել Ընկերությանը վերադարձնել 28.019.624 ՀՀ դրամ, մինչդեռ անվավերության նման հետևանք կիրառելու պահանջ հայցադիմումը չի պարունակել, գործի քննության ընթացքում ևս հայցվորը հանդես չի եկել հայցի առարկայի փոփոխություն թույլատրելու միջնորդությամբ, ուստի ակնհայտ է, որ Դատարանը դուրս է եկել սույն գործով ներկայացված հայցի առարկայի շրջանակից՝ այդպիսով դուրս գալով նաև օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակից։

2․12․ Հետևաբար հիշյալ հիմքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը չի կարող իրավաչափ համարվել և ակնհայտորեն վկայում է Դատարանի կողմից իր լիազորությունների շրջանակից դուրս գալու մասին։

2․13․ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ վճիռն այդ մասով կայացվել է Ընկերության օգտին, ապա նշել է, որ Դատարանը միանշանակ եզրահանգման է եկել Ընկերության օգտին բարենպաստ դատական ակտ կայացնելու մասին, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ Ընկերության օգտին գումարի բռնագանձման վերաբերյալ վճիռը կայացվել է առանց համապատասխան պահանջը Դատարան ներկայացված լինելու և Դատարանի կողմից կողմերի հավասարության և մրցակցության պահանջների պահպանմամբ քննության առնվելու պարագայում։ Մինչդեռ, միայն համապատասխան դատավարական ընթացակարգերի պահպանմամբ համապատասխան պահանջը դատարանի կողմից քննելու պարագայում կարող էր ապահովվել վերադարձման ենթակա գումարի չափի մասին շահագրգիռ անձի՝ Ընկերության կողմից դիրքորոշում հայտնելու հնարավորությունը։

2․14․ Վերոգրյալի հիման վրա Բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 23․07․2025 թվականի որոշումը և մասնակի՝ Ընկերության դեմ հայցը բավարարելու մասով գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

3․1․ Դավիթ Արամի Իոսիֆյանի (Ներդրող) և Ընկերության՝ ի դեմս տնօրեն Վլադիմիր Լևի Հարությունյանի միջև, 26․05․2017 թվականին կնքվել է «Անշարժ գույքի ներդրման» պայմանագիր, որի համաձայն՝ Ներդրողն Ընկերության կանոնադրական կապիտալը համալրելու նպատակով Ընկերության կանոնադրական կապիտալ է ներդրել իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Արտաշավան հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքը՝ բաղկացած ▪▪▪▪▪▪▪6 հա մակերեսից։

Նույն պայմանագրով որպես Ընկերության իրավաբանական հասցե նշվել է՝ «ՀՀ, ք․ Երևան, Դավիթաշեն 4 թղմ․, շենք 37/25», իսկ որպես Ընկերության տնօրեն Վլադիմիր Լևի Հարությունյանի հաշվառման հասցե ՝ «Երևան, Դավթաշեն, Դավիթաշեն 4 թղմ․, 37 շ, 25 բն» (հատոր 1-ին, գ.թ. 102)։

3․2․ 25․01․2022 թվականի վկայի հարցաքննության արձանագրությամբ որպես վկա հարցաքննված Ընկերության տնօրեն Վլադիմիր Լևի Հարությունյանը հայտնել է հետևյալը․ «Ինչ վերաբերում է մյուս աճուրդին, ապա դրան մասնակցել է իմ ընկեր՝ Դավիթ Իոսիֆյանը, ով աճուրդի հաղթող է ճանաչվել, ապա այդ հողերը ներդրել է «Ագրիլենդ» ընկերությունում» (հատոր 1-ին, գ.թ. 34-37)։

3․3․ 25․01․2022 թվականի վկայի հարցաքննության արձանագրությամբ և 05․04․2023 թվականի վկայի լրացուցիչ հարցաքննության մասին արձանագրությամբ որպես Վլադիմիր Լևի Հարությունյանի բնակության վայր նշվել է՝ «ք․ Երևան, Դավիթաշեն 4 թղմ․, 37 շ, բն․ 25» (հատոր 1-ին, գ.թ. 34-40)։

3․4․ 06․02․2024 թվականի «Քրեական հետապնդում հարուցելու մասին» որոշմամբ նշվել է հետևյալը․ «Պարզվել է նաև, որ հետագայում Դավիթ Արամի Իոսիֆյանը Արտաշավան համայնքում աճուրդ-վաճառքով ձեռք բերած իր ▪▪▪▪▪▪▪7 հա գույք հողամասը ներդրել է «Ագրիլենդ» ՍՊ ընկերությունում և դարձել բաժնետեր» (հատոր 1-ին, գ.թ. 21-24)։

3․5․ Դատախազությունը 26․02․2024 թվականին Դատարան ներկայացրած հայցադիմումով պահանջել է՝ «անվավեր ճանաչել Արտաշավան համայնքի կողմից կազմակերպված ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի գյուղատնտեսական նշանակության ▪▪▪▪▪▪▪8 հա և ▪▪▪▪▪▪▪9 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ աճուրդը և որպես հետևանք անվավեր ճանաչել՝

ա. Աճուրդ վաճառքում հաղթող ճանաչված Դավիթ Արամի Իոսիֆյանի հետ ▪▪▪▪▪▪▪10 հա հողատարածքի նկատմամբ պայմանագիր կնքելու՝ Արտաշավան համայնքի ղեկավարի 27.03.2017 թվականի N 15-Ա և N 16-Ա որոշումները,

բ. Աճուրդ վաճառքում հաղթող ճանաչված «Ագրիլենդ» ՍՊԸ-ի հետ ▪▪▪▪▪▪▪11 հա հողատարածքի նկատմամբ պայմանագիր կնքելու՝ Արտաշավան համայնքի ղեկավարի 14.07.2017 թվականի N 33-Ա որոշումը,

գ. Անանյա Ասլանյանի և Դավիթ Արամի Իոսիֆյանի միջև 2017 թվականի մարտի 28-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագրերը և դրա հիման վրա վերջինիս տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N ▪▪▪▪▪▪▪▪▪▪12 և N ▪▪▪▪▪▪▪▪▪▪13 վկայականները և սեղանամատյանի գրառումները:

դ. Անանյա Ասլանյանի և «Ագրիլենդ» ՍՊ ընկերության միջև 2017 թվականի հուլիսի 14-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագրերը և դրա հիման վրա վերջինիս տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪14 սեղանամատյանի գրառումները» (հատոր 1-ին, գ.թ. 2-12):

3․6․ 26.02.2024 թվականին Դատարան ներկայացված հայցադիմումով ի սկզբանե որպես երրորդ անձ ներգրավված Ընկերության հասցեն նշվել է՝ «ք Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 37 շենք, բն․ 25» (հատոր 1-ին, գ.թ. 2)։

3․7․ Հայցադիմումում նշված հասցեով Դատարանի կողմից Ընկերությանն ուղարկված 07․03․2024 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» և «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին», 07․06․2024 թվականի «Նախնական դատական նիստ հրավիրելու մասին», 02․08․2024 թվականի «Նոր պատասխանողներ ներգրավելու մասին», 29․08․2024 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին», 26․09․2024 թվականի «Նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումների օրինակներն ուղարկելու մասին առաքանիներն առանց հասցեատիրոջը հանձնվելու վերադարձվել են Դատարան` «չի պահանջվել» նշումով։ Դրանից հետո Դատարանը ծանուցումներ է ուղարկել նաև Ընկերության գտնվելու վայրի` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին, միաժամանակ դրանք տեղադրել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ու դրանց ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հասցեատիրոջը ծանուցել է դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 34-41, 44-45, 58-61, 64-65, հատոր 3-րդ, գ.թ. 22-28, 33-36, 54-58, 63-66, 81-84, 87-88):

3․8․ Հայցադիմումում նշված հասցեով Դատարանի կողմից Ընկերությանն ուղարկված 26․07․2024 թվականին, 23․08․2024 թվականին, 26․09․2024 թվականին, 15․10․2024 թվականին, 21․11․2024 թվականին, 29․11․2024 թվականին նշանակված նախնական դատական նիստ հրավիրելու մասին ծանուցագրերը պարունակող առաքանիները, առանց հասցեատիրոջը հանձնվելու, վերադարձվել են Դատարան` «չի պահանջվել» նշումով, որից հետո Դատարանը ծանուցումներ է ուղարկել նաև Ընկերության գտնվելու վայրի` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին՝ ծանուցագրերը տեղադրելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հատոր 2-րդ, գ.թ. 77-79, 84, 86-87, 104-108, հատոր 3-րդ, գ.թ. 54, 57-59, 65, 66, 81, 83-85, 87-88, 102-105, 107-108, հատոր 4-րդ, գ.թ. 22-25, 27-28):

 3․9․ Ընկերության ներկայացուցիչ Հեղինե Մանուկյանը ներկայացել է 29․11․2024 թվականի դատական նիստին՝ ներկայացնելով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն՝ խնդրելով հարգելի համարել բաց թողնված ժամկետը: Դատարանն արձանագրային որոշմամբ մերժել է ժամկետի բացթողումը հարգելի համարելու և հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, իսկ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը չի քննարկվել՝ նման միջնորդություն ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողնման հիմքով (հատոր 4-րդ, գ.թ. 29-32, 36-43)։

3․10․ 28․11․2024 թվականին Ընկերության՝ ի դեմս տնօրեն Վլադիմիր Լևի Հարությունյանի կողմից փաստաբաններ Վահե Սեդրակյանին և Հեղինե Մանուկյանին տրված լիազորագրում Ընկերության գրանցման հասցեն նշվել է՝ «ք․ Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 37 շենք, 25 բնակարան» (հատոր 4-րդ, գ.թ. 33)։

3․11․ Դատարանը 18․12․2024 թվականի վճռով Դատախազության հայցը մասնակի բավարարել է՝ անվավեր է ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի կողմից կազմակերպված ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի գյուղատնտեսական նշանակության ▪▪▪▪▪▪▪15 հա հողամասն օտարելու վերաբերյալ 13.07.2017 թվականի աճուրդը և որպես աճուրդի անվավերության հետևանք անվավեր է ճանաչել՝ ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղական համայնքի՝ ի դեմս Անանյա Ասլանյանի և Ընկերության՝ ի դեմս տնօրեն Վլադիմիր Հարությունյանի միջև 17.07.2017 թվականին կնքված ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի հողամասերի անշարժ գույքի վաճառքի պայմանագրերը, անվավեր է ճանաչել նաև անշարժ գույքերի վերաբերյալ պետական գրանցումները՝ վերականգնելով նշված գույքերի նկատմամբ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականությունը (հատոր 4-րդ, գ․թ․ 49-68)։

3․12․ Բողոք բերած անձն ընդունում է, որ Դատարանը գործում առկա հասցեներով ծանուցումներն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով (հիմք՝ վերաքննիչ բողոքի 10-րդ էջ, հատոր 5-րդ, գ.թ. 13, վճռաբեկ բողոքի 12-րդ էջ)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

4․1․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, այն համատեքստում, որ խախտվել է անձի արդար դատաքննության իրավունքը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-13-րդ հոդվածների շրջանակներում։

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցերին․

 

1) Այն դեպքում, երբ հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել գործարքը և որպես անվավերության հետևանք անվավեր ճանաչել նաև գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը, արդյո՞ք դատարանը պետք է անդրադառնա նաև գույքի և դրա դիմաց կատարված վճարի վերադարձման հարցերին, եթե անգամ հայցվորը նման պահանջ հայցի առարկայով չի ներկայացրել։

 

2) Արդյո՞ք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցման կարգը պահպանված լինելու պարագայում գործին մասնակցող անձի չծանուցվելը կարող է հանգեցնել հավասարության ու մրցակցության սկզբունքների խախտման։

 

1) Այն դեպքում, երբ հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել գործարքը և որպես անվավերության հետևանք անվավեր ճանաչել նաև գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը, արդյո՞ք դատարանը պետք է անդրադառնա նաև գույքի և դրա դիմաց կատարված վճարի վերադարձման հարցերին, եթե անգամ հայցվորը նման պահանջ հայցի առարկայով չի ներկայացրել։

 

4․2․ Վճռաբեկ դատարանը սույն բողոքի շրջանակներում հարկ է համարում բացահայտել նյութական՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված երկկողմանի ռեստիտուցիայի (restitutio in integrum) և դատավարական՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տնօրինչականության սկզբունքի շրջանակներում ներկայացված հայցի առարկայի (ultra petita) հարաբերակցությունները՝ գործարքն անվավեր ճանաչելու իրավահարաբերություններում:

4․3․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են՝ 1) առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում`պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, (...) 4) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում` կիրառելի իրավական նորմերը` չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով:

4․4․ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

4․5․ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի՝ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով (տե՛ս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ տնօրինչականության սկզբունքի բովանդակությունը ներառում է նաև այն դատավարական իրավունքները, որոնք ուղղակիորեն նշված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում և գործին մասնակցող անձանց թույլ են տալիս վարույթի ընթացքում որոշելու դատական պաշտպանության առարկան, ազդելու դատավարության ընթացքի ու դրա ուղղվածության վրա՝ գործին մասնակցող անձի համար ապահովելով իր խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանության առավել արդյունավետ եղանակն ու ձևն ընտրելու կամ դրանց պաշտպանությունից ընդհանրապես հրաժարվելու հնարավորություն։ Յուրաքանչյուր հայց (ոչ հայցային բնույթի գործերով՝ դիմում), ուղղված լինելով այս կամ այն անձի սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, անհատականացվում է իր տարրերով՝ առարկայով ու հիմքով։ Վերջիններս որոշելու իրավունքը, տնօրինչականության սկզբունքի ուժով, պատկանում է բացառապես դատական պաշտպանություն հայցող սուբյեկտին, որն իր կամ, օրենքով նախատեսված դեպքերում, այլ անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ դիմում է դատարան։ Դատարան դիմելու սահմանադրական իրավունքը ենթադրում է, որ դատարան դիմող անձն ինքն է որոշում ընդդեմ ում դիմել դատարան, ինչու և ինչպիսի պահանջով։ Ընդ որում, գործող դատավարական օրենսդրությունը դատարան դիմող անձին թույլ է տալիս ոչ միայն ինքնուրույն, սեփական հայեցողությամբ որոշելու դատարան ներկայացվող հայցի (դիմումի) առարկան՝ ներառյալ իրավունքի (օրենքով պահպանվող շահի) պաշտպանության հայցվող եղանակը, դրա փաստական և իրավական հիմքերը, այլ նաև վարույթի ընթացքում փոփոխել հայցը (դիմումը) առանց կրկնակի հայցադիմում (դիմում) ներկայացնելու՝ դրանով իսկ դատական պաշտպանություն հայցող անձին հնարավորություն տալով վարույթի ընթացքում ուղղելու թույլ տված թերացումներն ու ամրապնդելու իր դիրքորոշումը (տե՛ս ըստ «Գուդկրեդիտ» լուծարվող ՈւՎԿ ՓԲԸ-ի դիմումի թիվ ԵԴ/11155/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28․02․2025 թվականի որոշումը)։

4․6․ ՀՀ վճռաբեկ դատարանը վիճահարույց գործարքների հետ կապված արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ (...) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելը և դրա անվավերության հետևանքները կիրառելը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից մեկն է, քանի որ այդպիսի գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա, այսինքն՝ անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործաքով իր ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ օրենքով նախատեսված չեն (տե՛ս նաև Վահագն Կապլանյանն ընդդեմ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը)։

4․7․ Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով անվավեր գործարքների հետևանքներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է․ «(...) օրենսդիրը թե՛ վիճահարույց, և թե՛ առոչինչ գործարքների համար նախատեսել է անվավերության միևնույն իրավական հետևանքները, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից։ Նշված հոդվածի 2-րդ կետն ամրագրում է անվավեր գործարքի հետևանքները։ Ըստ այդմ, անվավեր գործարքի կողմերը պարտավոր են վերադարձնել գործարքով ստացվածը (երկկողմանի կամ միակողմանի ռեստիտուցիա)։ (...) երբ հնարավոր չէ բնեղենով վերադարձնել գործարքով ձեռք բերվածը, ապա պետք է տրվի դրա դրամական փոխհատուցումը» (տե՛ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի և Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը)։

4․8․ Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է․ «(...) գործարքի անվավերությունն ունի սուբյեկտիվ և օբյեկտիվ սահմաններ։ Գործարքի անվավերության սուբյեկտիվ սահմանները ներառում են գործարքի մասնակիցներին (այն անձանց, որոնք կնքել (կատարել) են անվավեր գործարքը, կամ հօգուտ որոնց կնքվել է այդ գործարքը), ինչպես նաև՝ այն անձանց ու մարմիններին, որոնք օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա իրենց իրավասության սահմաններում օրենքի ուժով պարտավոր են ապահովել գործարքի կողմի սեփականության կամ այլ իրավական տիտղոսի վերականգնումը։

Գործարքի անվավերության օբյեկտիվ սահմանները ներառում են փաստական և իրավական այն հետևանքները, որոնք անմիջականորեն առաջացել են անվավեր գործարքի կնքմամբ, ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ են գտնվում կնքված գործարքի հետ, անմիջականորեն բխել են դրանից ու ենթակա են վերացման՝ մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը հնարավորինս վերականգնելու համար («restitutio in integrum»):

Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործարքի անվավերության ընդհանուր հետևանքը երկկողմանի ռեստիտուցիայի կիրառումն է, որի ուժով գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով: Ընդ որում, ռեստիտուցիայի շրջանակներում պետք է դիտարկել ոչ միայն գործարքով ստացածը փաստացի վերադարձնելու կողմի պարտականությունը, ինչով վերացվում են անվավեր գործարքի կնքման (կատարման) փաստական հետևանքները, այլ նաև տվյալ գործարքի հիմքով այդ գործարքից բխող իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը, սեփականության կամ այլ իրավական տիտղոսի փոփոխությունը վերացնելը՝ այդպիսով վերականգնելով մինչև տվյալ անվավեր գործարքի կնքումը եղած դրությունը։ (...) անվավեր գործարքով ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինություն և որպես հետևանք՝ դրա արժեքը դրամով հատուցելու պարտականություն, կարող է առաջանալ նաև այն դեպքերում, երբ անվավեր գործարքին հաջորդել է մեկ կամ մի քանի այլ գործարք, որոնց արդյունքում անվավեր գործարքով ստացածի նկատմամբ սեփականության տիտղոս է ձեռք բերել այլ՝ անվավեր գործարքի մասնակից չհանդիսացող անձ։ (...) Նման իրավիճակներում, հաշվի առնելով հայցի առարկան և հիմքը, դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն կա՛մ անվավեր գործարքով ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված դրա արժեքը դրամով հատուցելու հարցը, կա՛մ հաջորդող վիճահարույց գործարքների անվավերությունն ու դրանց նկատմամբ անվավերության հետևանքներ կիրառելու հնարավորությունը, կա՛մ գույքն ուրիշի ապօրինի տիրապետությունից հետ պահանջելու (վինդիկացիայի) վերաբերյալ հայցապահանջը՝ բոլոր դեպքերում նկատի ունենալով, որ կաշկանդված են դատարան ներկայացված հայցի առարկայով և հիմքերով» (տե՛ս Արմեն Դալլաքյանն ընդդեմ Աշոտ Գալստյանի, Մխիթար Մաթևոսյանի թիվ ԼԴ1/1286/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը)։

4․9․ Վճռաբեկ դատարանը թիվ ՀԿԴ/0067/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով 29․01․2026 թվականի որոշմամբ արձանագրել է, որ․ «(...) գործարքի անվավեր ճանաչվելը, որպես տրամաբանական հաջորդականություն, իր հետ առաջացնում է նաև գործարքի հետ կապված անվավերության հետևանքներ, որպիսի պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս կողմին վերադարձնել անվավեր ճանաչված գործարքով ամբողջ ստացածը։ (...) աճուրդի անվավեր ճանաչման հետևանքով երկկողմանի ռեստիտուցիայի կիրառման պարագայում գործարքի կողմն օրենքի ուժով պարտավորվում է վերադարձնել գործարքով ստացածը և ունի դրա փոխադարձ վերադարձի ակնկալիք(...)»։

4․10․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասը կրում է իմպերատիվ բնույթ, քանի որ այն քաղաքացիական իրավահարաբերության սուբյեկտի կամքին չի թողնում ռեստիտուցիայի պահանջը, այլ իմպերատիվ սահմանում է, որ անվավեր գործարքի դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացվածը: Սա նշանակում է, որ ռեստիտուցիան ոչ թե առանձին պահանջ է, որը կողմը կարող է իր հայեցողությամբ ներկայացնել կամ չներկայացնել, այլ օրենքի ուժով վրա հասնող պարտադիր հետևանք: Միակ պարզման հարցը, որը դրված է Վճռաբեկ դատարանի առջև այն է, որ եթե հայցվորը, օգտվելով իր տնօրինչականության սկզբունքից, հայցի առարկայում որպես գործարքի անվավերության հետևանք, չի ներառում գույքը (իսկ դրա անհնարինության դեպքում դրա արժեքը դրամով) բնեղենով վերադարձնելու պահանջ, այլ բավարարվում է միայն գործարքն անվավեր ճանաչելու և որպես հետևանք դրա հիման վրա իրականացված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով, արդյո՞ք դատարանը սեփական նախաձեռնությամբ պետք է անդրադառնա գույքի բնեղենով վերադարձման (դրա անհնարինության դեպքում դրա արժեքի հատուցման), ինչպես նաև դրա դիմաց վճարված գումարի վերադարձման հարցերին:

4․11․ Նախ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ քաղաքացիական դատավարությունում առավելապես գործում է դիսպոզիտիվության սկզբունքը, որի շրջանակներում կողմերն են որոշում իրենց պահանջները: Այս առումով դատարանը «չեզոք մրցավար է», իսկ կողմերը ներկայացնում են իրենց փաստարկները: Դատարանի գործառույթը կողմերի ներկայացրած հարցերին դատական ակտով պատասխանելն է և ոչ թե սեփական նախաձեռնությամբ նոր փաստեր կամ պահանջներ առաջ բերելը կամ նոր վեճ հրահրելը: Ասվածը որևէ ձևով չի նսեմացնում դատարանի պարտականությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հարցեր տալու միջոցով, պարզել հայցի առարկան, դրա փաստական և իրավական հիմքերը: Տնօրինչականության սկզբունքը պահանջում է, որ դատարանը չպետք է և չի կարող դուրս գալ հայցապահանջի սահմաններից և համապատասխան հիմքերի առկայության պայմաններում հայցվորին պետք է շնորհի ոչ ավելին քան նա պահանջել է իր հայցով (non ultra petita): Քաղաքացիական դատավարությունում թեև դատավորի դերը սահմանափակված է կողմերի դիրքորոշումներով, սակայն այն բացարձակ չէ և որոշակի դեպքերում դատարանն իմանալով իրավունքը (jura novit curia), ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ինքն է վեճի փաստական հանգամանքների վրա կիրառում համապատասխան նյութական կամ դատավարական իրավունքի նորմը, չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշված իրավական նորմերով: Զուգահեռաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ օրենսդրության մեջ առկա են մի շարք իրավիճակներ, երբ դատարանը չի սահմանափակվում կողմերի դիրքորոշումներով և հիմնվելով արդեն իսկ ներկայացված պահանջի վրա լուծում է հիմնական պահանջից ածանցվող այլ հարցեր16:

4․12․ Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է, որ եթե գործարքն անվավեր է ճանաչվում, ապա պետք է վերականգնվի նախկին իրավիճակը (restitutio in integrum) և անվավեր գործարքի կողմերը պարտավոր են վերադարձնել այդ գործարքով ստացվածը, իսկ դրա անհնարինության դեպքում հատուցել դրա արժեքը դրամով (տե՛ս սույն որոշման 4․4․-րդ կետը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տարբեր եղանակներով կարող է վերականգնվել նախկին իրավիճակը՝ դատարանի դատական ակտով կամ կողմերի համաձայնությամբ: Բոլոր դեպքերում, եթե վիճահարույց գործարքը դատարանի կողմից ճանաչվում է անվավեր, ապա դրա միակ հետևանքը նախկին իրավիճակի վերականգնումն է այնքանով, որքանով հնարավոր է, իսկ անհնարինության դեպքում նախկին իրավիճակի հնարավոր վերականգնումը պետք է իրականացվի դրամական արժեքի փոխհատուցման միջոցով:

4․13․ Ասվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը նկատում է, որ թեև առերևույթ կարող է թվալ, որ առկա է երկու հիմնարար սկզբունքների բախում, մասնավորապես՝ մի կողմից նյութական՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածը (restitutio in integrum) պահանջում է անվավեր գործարքից առաջ գոյություն ունեցած դրության վերականգնում և կողմերից մեկի անհիմն հարստացման բացառում, իսկ մյուս կողմից դատավարական՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասը պահանջում է, որ դատարանը դուրս չգա հայցի առարկայից և հայցվորին շնորհի միայն այն ինչը նա պահանջել է իր հայցով (non ultra petita): Թվացյալ հակասությունն այն է, որ հայցվորը հայցի առարկայում որպես անվավերության հետևանք պահանջում է գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը, իսկ դատարանը որպես անվավերության հետևանք անդրադառնում է նաև գույքը բնեղենով վերադարձման հարցերին:

4․14․ Վերը նշված կոնֆլիկտը լուծելու համար Վճռաբեկ դատարանն անվերապահորեն հիմք է ընդունում քաղաքացիական դատավարության դիսպոզիտիվության հիման վրա գործող տնօրինչականության սկզբունքը, որի միջոցով է իրացվում նյութական իրավունքի նորմերը: Այս առումով դատարանը չի կարող «դատավարական արդարադատություն հաստատել»՝ դուրս գալով հայցի սահմաններից, քանի որ անձն ինքն է որոշում՝ դիմել դատարան, թե ոչ, և ինչ չափով պաշտպանել իր իրավունքը: Որպես ասվածի շարունակություն, եթե անձը որոշել է պահանջել միայն պայմանագրի անվավերություն և որպես հետևանք պահանջել է այդ պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման անվավերություն, միաժամանակ չպահանջելով գույքի կամ դրա անհնարինության դեպքում դրամական արժեքի վերադարձ, ապա դատարանն իրավունք չունի նրա փոխարեն որոշելու իր շահը:

4․15․ Ասվածը, սակայն, չի վերաբերում բոլոր այն դեպքերին, երբ դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հայցի առարկայի պարզման շրջանակներում, տեղեկանալով, որ հայցվորը գործարքն անվավեր ճանաչելու շրջանակներում նպատակ ունի գույքը բնեղենով վերադարձնել կամ դրա անհնարինության դեպքում ստանալ դրա համարժեքն արտահայտված դրամով, ապա դատարանը կաշկանդված չէ հայցադիմումի տառացի գրով և առաջնոդվում է հայցվորի պահանջով՝ հիմքում ունենալով այն հանգամանքը, որ հայցվորը որպես պայմանագրի անվավերության հետևանք պետական գրանցումն անվավեր ճանաչելու շրջանակներում նպատակ ունի վերականգնել գույքի նկատմամբ նախկին իրավիճակը, որը նա հստակորեն և աներկբա ներկայացնում է նախնական դատաքննության ընթացքում՝ հայցի հիմքի և առարկայի ներկայացման շրջանակներում: Նման պայմաններում դատարանը նաև չի կարող չանդրադառնալ գույքի դիմաց անվավեր գործարքով վճարված գումարին, քանի որ միայն հայցի բավարարումը կարող է բերել անհիմն հարստացման, ինչը բնավ չի վերականգնի նախկին իրավիճակը:

4․16․ Վճռաբեկ դատարանը նաև հարկ է համարում շեշտել, որ վերն ասվածը վերաբերվում է բացառապես երկկողմանի ռեստիտուցիային, երբ անվավեր գործարքով փոխանցված գույքը գտնվում է պատասխանողի մոտ, իսկ դրա դիմաց վճարված գումարը՝ հայցվորի: Բոլոր այն դեպքերում, երբ անվավեր գործարքով փոխանցված գույքն անցել է երրորդ անձի կամ այդ գույքի նկատմամբ առկա է երրորդ անձանց իրավունքներով սահմանափակումներ, ապա այս դեպքում հայցադիմումում հստակորեն պետք է պահանջ լինի այդ անձանց դեմ (տե՛ս սույն որոշման 4․8․-րդ կետը) և այդ անձինք պետք է ներգրավված լինեն գործում:

4․17․ Ամփոփելով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է. գործարքն անվավեր ճանաչելու հետևանքը նախկին իրավիճակի հնարավորինս վերականգնումն է, որը կողմերը կարող են իրականացնել սեփական նախաձեռնությամբ, ինքնուրույն որոշելով գույքի հետ վերադարձի և դրա դիմաց իրականացված վճարման հարցերը կամ դատարանի վճռով՝ դատարանի կողմից սահմանված կարգով: Բոլոր այն դեպքերում, երբ հայցվորը դիմելով դատարան պահանջում է գործարքն անվավեր ճանաչել և որպես անվավերության հետևանք անվավեր ճանաչել գույքի նկատմամբ իրականացված պետական գրանցումը և դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շրջանակներում, պարզելով, որ հայցվորը պետական գրանցումն անվավեր ճանաչելով ցանկանում է գույքի բնեղենով վերադարձ, իսկ դրա անհնարինության դեպքում գումարային փոխհատուցում, ապա դատարանը պարտավոր է անդրադառնալ երկկողմանի ռեստիտուցիային: Միաժամանակ այն դեպքում, երբ երկկողմանի ռեստիտուցիա անհնար է իրականացնել այն փաստի ուժով, որ անվավեր գործարքով փոխանցված գույքն անցել է երրորդ անձի և հայցի բավարարման դեպքում կարող են շոշափվել երրորդ անձանց իրավունքները, ապա հայցի առարկան պետք է գրավոր ձևով հստակ պահանջ պարունակի այդ անձանց դեմ:

 

2) Արդյո՞ք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցման կարգը պահպանված լինելու պարագայում գործին մասնակցող անձի չծանուցվելը կարող է հանգեցնել հավասարության ու մրցակցության սկզբունքների խախտման։

 

4.18. Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերոգրյալ երկրորդ հարցադրմամբ առաջադրված ՀՀ քաղաքացիական դատավարությամբ սահմանված կարգով ծանուցման կարգը պահպանված լինելու պարագայում գործին մասնակցող անձի չծանուցվելու դեպքում հավասարության ու մրցակցության սկզբունքների խախտման վերաբերյալ հարցի բովանդակության բացահայտմանը։ Այսպես․

4․19․ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։

4․20․ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (...):

4․21․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`

1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.

2) հայտնելու բացարկ.

3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.

4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.

5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.

6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.

7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.

8) բողոքարկելու դատական ակտերը.

9) կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:

4․22․ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ քաղաքացիական դատավարությունում արդար դատաքննության իրավունքը ներառում է մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնց թվում են կողմերի հավասարությունն ու մրցակցային դատավարությունը։ Ընդ որում այդ իրավունքների իրական և արդյունավետ իրականացումն անհնար է առանց դատարանի մատչելիության սկզբունքի ապահովման, որը ենթադրում է, որ յուրաքանչյուր անձ պետք է ունենա իր իրավունքների պաշտպանության համար իրական հնարավորություն։ Այսինքն, արդար դատաքննության իրավունքի նախապայման է հանդիսանում դատարանի մատչելիությունը, իսկ կողմերի հավասարությունն ու մրցակցությունը՝ դրա իրագործման մեխանիզմներ են։ Հետևաբար, այս սկզբունքները փոխկապակցված են և պետք է մեկնաբանվեն համակցված՝ ապահովելու համար անձի արդյունավետ դատական պաշտպանությունը։

4․23․ Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում17։

4․24․ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում բազմիցս անդրադարձել է հավասարության ու մրցակցության սկզբունքների բովանդակությանը, որոնցից մեկով արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե՛ս Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ քաղաքացիական դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը ենթադրում է, որ կողմերն ունեն հավասար հնարավորություններ դատարան դիմելիս և խախտված իրավունքների պաշտպանության մեթոդներն ու միջոցներ ընտրելիս: Այսինքն, քաղաքացիական դատավարության ընթացակարգում կողմերը միմյանց նկատմամբ որևէ առավելություն չունեն: Միաժամանակ, իրավահավասարության սկզբունքն օրենսդրորեն ամրագրելը դեռևս չի կարող բավարար լինել, եթե գործնականում դատարանի կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում այդ սկզբունքի իրականացումն ապահովելու նպատակով: Ուստի, դատարանը արդարադատություն իրականացնելիս որևէ կողմի առավելություն տալու իրավասությամբ օժտված չէ և պետք է բացառի կողմնակալությունը կամ իրեն կողմնակալության մեջ կասկածելու հնարավորությունը (տե՛ս «Արմլեվլ» ՍՊԸ-ն ընդդեմ Գևորգ Պողոսյանի թիվ ԵԴ/2430/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ հավասարության սկզբունքը՝ կողմերի միջև արդարացի հավասարակշռության իմաստով, հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածում ամրագրված հավասարության սկզբունքը սերտորեն կապված է մրցակցության սկզբունքի հետ և միայն դրա իրացման պայմաններում է հնարավոր ապահովել մրցակցության սկզբունքի լիարժեք իրացումը: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն: Կողմերի մրցակցության և հավասարության սկզբունքներն ըստ էության իրենցից ներկայացնում են դատավարության մասնակիցների կողմից օրենքով նախատեսված բոլոր միջոցներով իրականացնելու իրենց իրավունքների պաշտպանությունը, օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու և ներկայացնելու իրենց փաստարկները հիմնավորող ապացույցներ, հիմնավորելու իրենց վկայակոչած փաստերը, ինչպես նաև հարցեր տալ, միջնորդություններ անել, ցուցմունքներ տալ դատարանին (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 32, մաս 1-ին): Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու կամ առանձին դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, հավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը (տե՛ս «ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանն ընդդեմ Ա/Ձ Աննա Սարգսյանի թիվ ԵԴ/4928/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02․09․2022 թվականի որոշումը):

4․25․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հստակ ամրագրել է դատարանի պարտականությունը՝ գործերի դատավարության ընթացքում ապահովելու գործին մասնակցող անձանց համար հավասար մրցակցային պայմաններ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան բարեխղճորեն իրացնելու իրենց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն ուղղված դատավարական գործիքակազմը՝ իրավունքները, բացառելով դատավարության կողմերից որևէ մեկի նկատմամբ արտոնյալ պայմանների ստեղծումը։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ մրցակցության ու հավասարության սկզբունքների կենսագործման համար անհրաժեշտ և կարևոր երաշխիք է գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման կարգի պահպանումը, որը ևս, ըստ էության, ուղղված է նրանց իրավունքների պաշտպանության համար հավասար ու մրցակցային դատավարական ընթացքն ապահովելուն։

4․26․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):

Մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից և այլն):

Նույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հետադարձ ծանուցումը պետք է տեղեկություններ պարունակի այն անձի վերաբերյալ, որին ծանուցագիրը հանձնվել է:

4․27․ ՀՀ սահմանադրական դատարանը 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1574 որոշմամբ գտել է, որ դատական նիստի վայրի և ժամանակի մասին դատավարության մասնակցին ծանուցելը պետք է նպատակ հետապնդի ապահովելու նրան լսելու հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրացնել իր իրավունքները, իրականացնել դրանց պաշտպանությունը։ Հետևաբար՝ ծանուցման ձևը պետք է լինի այնպիսին, որ անձին հնարավորություն ընձեռվի ապահովել վերոհիշյալ պահանջները: Դատական գործընթացում անձն իր իրավունքների իրացումը և պաշտպանությունն ամբողջ ծավալով կարող է կազմակերպել այն դեպքում, երբ նրան ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն (գործի բանավոր քննության դեպքում), քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը։

4․28․ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը՝ վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե՛ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Վահե և Ռոստոմ Բարսեղյանների թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում հայտնած իր դիրքորոշումները, արձանագրել է, որ իրավաբանական անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագիրն իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեով ուղարկելու միջոցով, իսկ իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է, ուստի իրավաբանական անձին դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին դատական ծանուցագիրը պատշաճ հասցեով ուղարկելու փաստը կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ այն ուղարկվում է նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայր (տե՛ս Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ընդդեմ «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0126/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04․02․2020 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական պաշտպանության դիմող անձը հայցադիմում ներկայացնելիս պարտավոր է իր համար հասանելի, այդ թվում՝ համընդհանուր ծանոթացման համար ազատ (հանրամատչելի) պաշտոնական աղբյուրներից ճշտել և հայցադիմումում ճշգրիտ նշել այն ներկայացնելու օրվա դրությամբ պատասխանող իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ ամբողջությամբ կրելով նման վարքագիծ չդրսևորելու անբարենպաստ հետևանքների ռիսկը։ Միևնույն ժամանակ առաջին ատյանի դատարանը դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև օրենքով նախատեսված առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին պատասխանող իրավաբանական անձին ծանուցելիս (ներառյալ դատավարական փաստաթղթերը նրան ուղարկելիս) նրա գտնվելու վայրի վերաբերյալ գործում բավարար տեղեկությունների բացակայության կամ այդ մասին գործում հակասական տվյալների առկայության դեպքում վերջինիս պատշաճ ծանուցումն ապահովելու համար պետք է իրեն հասանելի պաշտոնական աղբյուրների միջոցով ստուգի նրա գտնվելու վայրն ու համապատասխան ծանուցումներն (այդ թվում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին և այլ որոշումները) ուղարկի բացառապես այդ հասցեով՝ չկարևորելով գործի նյութերում պատասխանողի այլ հասցեների առկայության փաստը։ Նման կերպ դատարանն իրացնում է իր՝ օրենքով սահմանված պարտականությունը՝ ապահովելով գործի մասնակից հանդիսացող անձի լսված լինելու իրավունքը, կողմերի հավասարության սկզբունքը, ինչպես նաև երաշխավորում է կողմի դատական պաշտպանության պատշաճ իրականացումը։ Գործում առկա այլ հասցեներով դատական ծանուցումները պետք է ուղարկվեն միայն այն դեպքերում, երբ ծանուցումն իրականացվում է դատավարության մասնակցի կողմից որպես իր ծանուցման հասցե նշած հասցեով կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-6‑րդ մասերով սահմանված կարգով (տե՛ս «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն ընդդեմ «Իլենիա» ՍՊԸ-ի թիվ ԿԴ/10738/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04․04․2025 թվականի որոշումը):

4․29․ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ամրագրել է նաև դատավարության մասնակիցների համար այն իմպերատիվ կանոնը՝ դատավարության հիմնաքար հանդիսացող բարեխղճության սկզբունքը, ըստ որի՝ դատավարության մասնակիցներն իրենց դատավարական իրավունքներից պետք է օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն։ Այսինքն` մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների պահպանման տեսանկյունից դատավարության մասնակցին պատշաճ ծանուցելու դատարանի պարտականության կատարումը կհանգեցնի դատավարության մասնակցի լսվելու հնարավորության և իրավունքների պաշտպանությունն իրականացելու նպատակի իրագործմանը, եթե մյուս կողմից այդ ամբողջն ուղեկցվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածով ամրագրված դատավարության մասնակցի՝ իր դատավարական իրավունքների ու պարտականությունների բարեխղճորեն կատարմամբ։

4․30․ Դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Եվրոպական դատարանի ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր պահանջ դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից և որի սահմանափակումը դատարանների կողմից ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետևանքով կառաջացնի իրավունքի խախտում, ու անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետևաբար քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում առհասարակ արժեզրկվում են այդ վարույթի արդար, հրապարակային և արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին` նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքն իրականացվում է ժողովրդավարական հասարակությունում18:

Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը, որի մի մասն էլ կազմում են «դատարան դիմելու» և «դատարանի մատչելիության» իրավունքները, բացարձակ չէ ու կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը19: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական ու արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ20։

Եվրոպական դատարանի կողմից դիտարկված սահմանափակումներում ներառվել են, օրինակ, բողոքների ներկայացման մասին ընդհանուր դատավարական կանոնները21, դատարան փաստաթղթեր ներկայացնելու ժամկետների սահմանափակումները22 և այլն։

Եվրոպական դատարանն իրավունքների սահմանափակման համաչափության հարցը քննարկել է դատավարության ընթացքում տեղի ունեցած դատավարական սխալները բացահայտելու տեսանկյունից և արձանագրել է, որ պետք է պարզել՝ արդյո՞ք դիմողը ներկայացված է եղել դատավարության ընթացքում, և արդյո՞ք նա կամ նրա փաստաբան ներկայացուցիչը ցուցաբերել են անհրաժեշտ ջանասիրություն՝ համապատասխան դատավարական գործողություններ իրականացնելու հարցում։ Իրականում դատավարական իրավունքները սովորաբար ուղեկցվում են դատավարական պարտականություններով։ Եվրոպական դատարանը նաև ընդգծել է, որ դատավարության կողմերից պահանջվում է ցուցաբերել ջանասիրություն իրենց գործին վերաբերող դատավարական քայլերը կատարելիս23։

Եվրոպական դատարանը նշել է, որ քաղաքացիական դատավարության ֆորմալ կանոնների պահպանումը, որոնց միջոցով կողմերը ապահովում են քաղաքացիական վեճի լուծումը, արժեքավոր և կարևոր է, քանի որ այն կարող է սահմանափակել հայեցողությունը, ապահովել կողմերի համար զենքերի հավասարությունը (equality of arms), կանխել կամայականությունը, երաշխավորել վեճի արդյունավետ լուծումն ու որոշման կայացումը ողջամիտ ժամկետում, ինչպես նաև ապահովել իրավական կանխատեսելիությունը և հարգանքը դատարանի նկատմամբ24։ Բողոքարկման ձևական, ընթացակարգային պահանջներին, ժամկետային սահմանափակումներին վերաբերող կարգավորումները նպատակ ունեն ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը և հարգանքը, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ։ Եվրոպական դատարանի կարծիքով՝ կողմը պետք է կրի բողոքը ժամկետանց ներկայացնելու հետևանքները, երբ սխալները վերագրվում են հենց այդ կողմին25։ Ըստ Եվրոպական դատարանի՝ չի կարելի անտեսել այն փաստը, որ ներքին օրենսդրությունը հստակ նախատեսում է, որ շահագրգիռ անձը կարող է ակնկալել ժամկետի երկարացում միայն այն դեպքում, եթե սկզբնական ժամկետը չի պահպանվել հիմնավորված պատճառներով26։

Եվրոպական դատարանը գանգատներից մեկով արձանագրել է, որ դիմողի դատարան դիմելու իրավունքի էության խախտում տեղի չի ունեցել և հայտարարել է դիմումներն անընդունելի։ Դիմողը նշել էր, որ տվյալ գործով իրեն չի ընձեռվել հիմնական դատավարությանն արդյունավետ մասնակցելու հնարավորություն, որի արդյունքում ընդունված դատական ակտով վերջինս պարտավորեցվել է վճարել վնասների փոխհատուցում։ Դատարան ներկայանալու ծանուցման վերաբերյալ ներպետական ​​օրենսդրությանը համապատասխան, դատարանը որոշել է դիմողին ծանուցել հրապարակային ծանուցման միջոցով, որպեսզի դատավարությունը կարողանա շարունակվել։ Այդ կապակցությամբ Եվրոպական դատարանը նշել է, որ դատավարության հարուցման ընթացակարգերին և ժամկետներին վերաբերող կանոնները նախատեսված են արդարադատության պատշաճ իրականացումն ու, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքի պահպանումն ապահովելու համար։ Դատավարության կողմերը պետք է իրավունք ունենան ակնկալելու, որ այդ կանոնները կկիրառվեն27։ Տվյալ գործով ծանուցման վերաբերյալ կիրառված դատարան ներկայանալու ծանուցման կանոնները հատուկ նպատակ ունեն ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը։ Ինչպես նշել էր Սահմանադրական դատարանը, անհրաժեշտ է գտնել հավասարակշռություն՝ առնչվող տարբեր շահերի միջև։ Դատավարությունն անորոշ ժամանակով շարունակելը՝ կողմերից մեկի հասցեն գտնելու նպատակով, կարող է հակասել իրավական որոշակիության սկզբունքին և արդարադատության պատշաճ իրականացման պահանջին։ Հետևաբար, դատարան դիմելու իրավունքը չի խոչընդոտում պայմանավորվող պետություններին իրենց օրենսդրությամբ նախատեսել նման իրավիճակում կիրառվող ընթացակարգ, եթե շահագրգիռ անձանց իրավունքները պատշաճ կերպով պաշտպանված են28։

4․31․ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակցող անձանց՝ հավասար պայմաններում իրենց գործը ներկայացնելու իրավունքը դիտարկելով որպես հավասարության և մրցակցության սկզբունքների բաղադրատարր՝ օրենսդիրը միաժամանակ վերջիններիս վրա դրել է իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու ու դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պարտականություն, որը ենթադրում է ոչ միայն սեփական դատավարական վարքագծի հանդեպ շրջահայաց և հետևողական ներքին վերաբերմունք, այլ նաև դրա տեսանելի արտաքին դրսևորում՝ դատավարական գործողություններն օրենքով կամ դատարանի սահմանած ժամկետներում պարտաճանաչ կատարելու, գործի քննության բնականոն ընթացքն ապահովելուն ու ողջամիտ ժամկետում ավարտելուն աջակցելու, ինչպես նաև դատավարությունն անհիմն ձգձգելուց խուսափելու միջոցով։ Վերոշարադրյալից հետևում է, որ դատարանի կողմից դատավարական իրավունքի իրականացման իրական հնարավորությունն ապահովված լինելու պայմաններում գործին մասնակցող անձի կողմից իրեն վերապահված իրավունքներից չօգտվելու կամ անբարեխղճորեն օգտվելու բացասական հետևանքը պետք է կրի այդ անձը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ապացուցում է իրենից անկախ պատճառներով դրանից օգտվելու անհնարինությունը։ Ընդ որում, բարեխղճության պայմանի կարևորությունը քաղաքացիական դատավարությունում ընդգծվում է նաև դատավարության մյուս կողմի իրավունքների տեսանկյունից, քանի որ ողջամիտ ժամկետում դատական պաշտպանության, արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքները հավասարապես երաշխավորված են նաև նրա համար (տե՛ս Գոռ Զաքարյանն ընդդեմ Գրետա Սարգսյանի թիվ ԵԴ/28877/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.05.2024 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ դատաքննության մասնակիցներից յուրաքանչյուրն ինքը պետք է շահագրգռված լինի իր իրավունքների պաշտպանությամբ և ողջամիտ ժամկետում գործի քննությունն ավարտվելու հարցում և չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կխոչընդոտեն գործի քննության բնականոն ընթացքը և կձգձգեն դատավարությունը: Հակառակ պարագայում կստացվի այնպես, որ կողմերից մեկը, ունենալով անսահմանափակ իրավունքներ, պաշտպանության գործող մեխանիզմը կօգտագործի մյուս կողմին ի վնաս` խախտելով վերջինիս իրավունքները և օրինական շահերը, ինչը կհակասի արդարադատության բուն էությանն ու դատավարության նպատակին, քանի որ դատավարությունը կոչված է վերականգնելու և պաշտպանելու մարդու իրավունքները և օրինական շահերը (տե՛ս Սյունիքի մարզի Ագարակի քաղաքապետարանն ընդդեմ Ստյոպա Հովհաննիսյանի թիվ ՍԴ2/0196/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

4․32․ Վճռաբեկ դատարանն ամբողջ վերոգրյալի համատեքստում վերահաստատելով նախկինում կայացրած որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ արձանագրում է, որ արդար դատաքննության իրավունքի իրացումը կարող է երաշխավորվել կողմերի հավասարության ու մրցակցության սկզբունքների պահպանման պարագայում, որը դրսևորվում է գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումն ապահովելով ու դատավարության մասնակիցների բարեխիղճ վարքագծով։ Միևնույն ժամանակ դատարանի մատչելիության իրավունքը, որն արդար դատաքննության իրավունքի նախապայմանն է, բացարձակ չէ ու կարող է սահմանափակվել՝ հիմքում ունենալով կողմերի համար զենքերի հավասարության (equality of arms), կամայականությունների կանխման, իրավական կանխատեսելիության ու ողջամիտ ժամկետում գործի քննության պարտավորությունը, քանի որ դատական պաշտպանության իրավունքն ունի իրացման որոշակի պայմաններ, իսկ դրանց չարաշահումը կարող է անբարենպաստ հետևանքներ առաջացնել այդ իրավունքից անբարեխիղճ օգտվող անձի համար: Ընդ որում՝ սահմանափակումը կարող է արդարացվել միայն այն դեպքում, երբ այն չի խաթարի իրավունքի բուն էությունը և կիրառված միջոցների ու հետապնդվող իրավաչափ նպատակի միջև կլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն։ Այս տեսանկյունից առաջնային է դատարանի այն պարտականությունը, որ պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ ու ակտիվ գործողությունները՝ գործին մասնակցող անձանց կողմից իրենց իրավունքների պաշտպանությանն ուղղված դատավարական գործողությունների իրականացումը գործնականում առավելագույնս ապահովելու համար, իսկ վերջիններս էլ պարտավոր են իրենց դատավարական գործողությունները կատարել բարեխղճորեն։

Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում պարզման ու գնահատման առարկա պետք է դառնան հետևյալ հարցերը․ արդյո՞ք դատարանը պահպանել է օրենքով սահմանված կարգով գործին մասնակցող անձի պատշաճ ծանուցման կարգը (տե՛ս սույն որոշման 4․10․-4․12․-րդ կետերը) և արդյո՞ք գործին մասնակցող անձը (նրա ներկայացուցիչը) իր դատավարական իրավունքների իրացմանն ու պարտականությունների կատարմանն ուղղված գործողությունները կատարելիս դրսևորել է բարեխիղճ վարքագիծ (տե՛ս սույն որոշման 4․14․-4․15․-րդ կետերը)։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 

4․33․ Վերոգրյալ վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ (տե՛ս վերը՝ 3․1․-3․12․-րդ կետերը)՝ Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ Դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել Արտաշավան համայնքի կողմից կազմակերպված ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի գյուղատնտեսական նշանակության ▪▪▪▪▪▪▪29 հա և ▪▪▪▪▪▪▪30 հա մակերեսով հողամասերն օտարելու վերաբերյալ աճուրդը և որպես հետևանք անվավեր ճանաչել՝ աճուրդ վաճառքում հաղթող ճանաչված Դավիթ Արամի Իոսիֆյանի հետ 33,4719 հա հողատարածքի նկատմամբ պայմանագիր կնքելու Արտաշավան համայնքի ղեկավարի 27․03․2017 թվականի թիվ 15-Ա և թիվ 16-Ա որոշումները, աճուրդ վաճառքում հաղթող ճանաչված Ընկերության հետ 33,681 հա հողատարածքի նկատմամբ պայմանագիր կնքելու՝ Արտաշավան համայնքի ղեկավարի 14․07․2017 թվականի թիվ 33-Ա որոշումը, Անանյա Ասլանյանի և Դավիթ Արամի Իոսիֆյանի միջև 28․03․2017 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագրերը և դրանց հիման վրա իրավունքի պետական գրանցումները, Անանյա Ասլանյանի և Ընկերության միջև 14․07․2017 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագրերը և դրանց հիման վրա իրավունքի պետական գրանցումները։

Դատարանը գործի քննության ընթացքում բոլոր դատավարական փաստաթղթերը, մասնավորապես՝ կայացված որոշումներն ու դատական նիստերի ծանուցագրերն ուղարկել է հայցադիմումով ի սկզբանե որպես երրորդ անձ ներգրավված Ընկերության «ք Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 37 շենք, բն․ 25» հասցեով, սակայն դրանք ուղարկելու մասին առաքանիներն առանց հասցեատիրոջը հանձնվելու վերադարձվել են Դատարան` «չի պահանջվել» նշումով։ Դրանից հետո Դատարանը ծանուցումներ է ուղարկել նաև Ընկերության գտնվելու վայրի` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին, միաժամանակ դրանք տեղադրել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ու դրանց ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հասցեատիրոջը ծանուցել է դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու մասին։

26․05․2017 թվականին կնքված՝ «Անշարժ գույքի ներդրման» պայմանագրում Ընկերության իրավաբանական հասցեն, 25․01․2022 թվականի վկայի հարցաքննության արձանագրությամբ և 05․04․2023 թվականի վկայի լրացուցիչ հարցաքննության մասին արձանագրությամբ Ընկերության տնօրեն Վլադիմիր Լևի Հարությունյանի բնակության վայրի հասցեն, ինչպես նաև 28․11․2024 թվականին Ընկերության՝ ի դեմս տնօրեն Վլադիմիր Լևի Հարությունյանի կողմից փաստաբաններ Վահե Սեդրակյանին և Հեղինե Մանուկյանին տրված լիազորագրում Ընկերության գրանցման հասցեն նշվել է՝ «ք․ Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 37 շենք, 25 բնակարան»։

Դատարանը 18․12․2024 թվականի վճռով Դատախազության հայցը մասնակի բավարարել է՝ 13.07.2017 թվականի աճուրդն անվավեր է ճանաչել և որպես աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր է ճանաչել 17.07.2017 թվականին կնքված ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի հողամասերի անշարժ գույքի վաճառքի պայմանագրերն ու անշարժ գույքերի վերաբերյալ պետական գրանցումները՝ վերականգնելով նշված գույքերի նկատմամբ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականությունը, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքին պարտավորեցրել է «Ագրիլենդ» ՍՊԸ-ին վերադարձնել 28.019.624 ՀՀ դրամ։

4․34․ Վճռաբեկ դատարանը ստորադաս դատարանների իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնում է Բողոք բերած անձի այն փաստարկներին, որ Աշտարակ համայնքը պարտավորեցվել է Ընկերությանը վերադարձնել 28.019.624 ՀՀ դրամ, մինչդեռ անվավերության նման հետևանք կիրառելու պահանջ հայցադիմումը չի պարունակել, գործի քննության ընթացքում ևս հայցվորը հանդես չի եկել հայցի առարկայի փոփոխություն թույլատրելու միջնորդությամբ (տե´ս վերը՝ 2․10․-2․13․-րդ կետերը)։

4․35․ Սույն գործով Դատարանը, մասնակի բավարարելով հայցը, պատճառաբանել է, որ․ «(․․․) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելը և դրա անվավերության հետևանքները կիրառելը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից մեկն է, քանի որ այդպիսի գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա, այսինքն՝ անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ օրենքով նախատեսված չեն: Այսինքն, այն դեպքում, երբ անձն ընտրում է իրավունքի պաշտպանության վերը նշված եղանակը, որպես վերջնարդյունք ակնկալում է ռեստիտուցիա կա՛մ բնեղենով, կա՛մ համարժեք դրամական հատուցմամբ, քանի որ վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելուն միշտ հետևում է դրա անվավերության հետևանքների կիրառումը։ Հակառակ դեպքում խոսք չի կարող լինել իրավունքների պաշտպանության մասին։ (...) վերոշարադրյալ ապացույցների համակցությունը՝ մասնավորապես ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Հ. Մարտիրոսյանի՝ 02.08.2021թ. «Քրեական գործ հարուցելու մասին» որոշմամբ, Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Գ. Հարությունյանի՝ թիվ 58221321 քրեական գործով 06.02.2024թ. «Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին» որոշումներով, նույն քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննված Օֆելյա Եղիազարյանի և Հեղինե Խուբոյանի ցուցմունքներով, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հ. Հովհաննիսյանի կողմից 28.06.2022թ. և 30.06.2022թ. կազմված զննության արձանագրություններով արտացոլված հանգամանքները բավարար են հաստատված համարելու, որ «Ագրիլենդ» ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը, ինչպես նաև Էդուարդ Ստեփանյանը, ով, ըստ Վլադիմիր Ավագյանի ցուցմունքի, ևս մասնակցել է աճուրդին, 13.07.2024թ. չեն գտնվել Արտաշավան համայնքի համայնքապետարանի շենքում, և աճուրդը փաստացի չի կայացել։ (...) Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի կողմից կազմակերպված 13.07.2017թ. աճուրդը փաստացի կայացած չլինելու փաստը, Դատարանի վերոշարադրյալ վերլուծությունների լույսի ներքո, հիմք է աճուրդն անվավեր ճանաչելու համար։ Հաշվի առնելով, որ լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության, Դատարանն արձանագրում է, որ աճուրդի արդյունքում Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղական համայնքի՝ ի դեմս Անանյա Ասլանյանի և «Ագրիլենդ» ՍՊԸ-ի՝ ի դեմս տնօրեն Վլադիմիր Հարությունյանի միջև Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի գյուղատնտեսական նշանակության ▪▪▪▪▪▪▪31 հա հողամասերի վերաբերյալ 14․07․2017թ․ կնքված առուվաճառքի պայմանագրերը ևս ենթակա են անվավեր ճանաչման: Դատարանը արձանագրում է, որ տվյալ պայմանագրի անվավերության դեպքում, սույն վճռի 5.2 բաժնի 2-րդ կետի վերլուծությունների լույսի ներքո պետք է կիրառվի երկկողմանի ռեստիտուցիա, այսինքն՝ «Ագրիլենդ» ՍՊԸ-ն պետք է վերադարձնի Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի գյուղատնտեսական նշանակության ▪▪▪▪▪▪▪32 հա հողամասերը, իսկ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի իրավահաջորդ Աշտարակ համայնքը պետք է վերադարձնի պայմանագրերում նված գույքերի գումարը՝ ընդհանուր 28.019.664 ՀՀ դրամ ՀՀ դրամը։ Անդրադառնալով «Ագրիլենդ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջին՝ Դատարանն արձանագրում է, որ աճուրդը, ինչպես նաև դրա հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագրերը անվավեր ճանաչելու դեպքում որպես անվավերության հետևանք, անհրաժեշտ է անվավեր ճանաչել նաև համապատասխան անշարժ գույքերի պետական գրանցումները»:

4․36․ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով գործարքի անվավեր ճանաչման հետևանքով երկկողմանի ռեստիտուցիա կիրառելու մասի վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքին, որն Ընկերությունը համարել էր Դատարանի կողմից միջամտություն տնօրինչականության սկզբունքին, իր հերթին արձանագրել է․ «(...) քաղաքացիական շրջանառության մասնակիցները պետք է ունենան իրավաբանական հետևանքների չհանգեցնող անվավեր գործարքներից պաշտպանվելու արդյունավետ կառուցակարգեր։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի վերլուծությունից բխում է, որ անվավեր գործարքը կողմերի համար ունենում է միայն հենց անվավերության հետ կապված հետևանքներ, մասնավորապես կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով: (...) Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործարքի անվավեր ճանաչումը և այդ անվավերության հետևանքների կիրառումը հանդիսանում են անձի իրավունքների պաշտպանության նման եղանակի փոխկապակցված և փոխլրացնող բաղադրիչներ, (...): Տվյալ դեպքում, լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցրել է դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության, որն էլ իր հերթին հանգեցրել է «Ագրիլենդ» ՍՊ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելուն։ (...)։ Բողոքաբերը վերաքննիչ բողոքում չի վիճարկել անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումները անվավեր ճանաչելու օրինականությունը, այլ բողոքարկել է դրանց անվավեր ճանաչման հետևանքով երկկողմանի ռեստիտուցիա կիրառելու մասը՝ այն համարելով Դատարանի կողմից միջամտություն տնօրինչականության սկզբունքին։ Վերաքննիչ դատարանը, վերլուծելով գործի փաստական հանգամանքները և կիրառելի իրավական նորմերը, գտնում է, որ պետական գրանցումների անվավեր ճանաչումը չի կարող դիտվել մեկուսացված՝ առանց մինչ իրավունքի խախտումը եղած դրությունը գրանցված իրավունքի վերականգնման՝ նախկին վիճակի վերականգնման։ Հետևաբար, որպես սեփականության իրավունքի պետական գրանցումների անվավեր ճանաչման անմիջական իրավական հետևանք, իրավաչափ է գործարքից առաջ գոյություն ունեցած իրավական դրության վերականգնումը։ Այս առումով հարկ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ պետական գրանցումներն անվավեր ճանաչվելու արդյունքում գործարքներից առաջ անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքները ևս ենթակա են վերականգնման ի շահ օրինական սեփականատիրոջ, ում իրավունքները խախտվել են ոչ իրավաչափ աճուրդների կայացմամբ ու դրանց արդյունքում օրենքի խախտմամբ կնքված գործարքներով։

Նման մոտեցումը ոչ միայն բխում է օրենքի պահանջից, այլև չի հակասում կողմերի տնօրինչականության սկզբունքին, քանի որ որպես գործարքների անվավերության իրավական հետևանք կիրառված՝ իրավունքի պետական գրանցումների անվավերության պարագայում ինքնըստինքյան վերականգնվում են նախքան գործարքների կնքումը գույքերի սեփականատիրոջ իրավունքները: Ասվածից հետևում է, որ անկախ այն հանգամանքից, թե Դատարանն իր վճռով փաստում է նախկին սեփականատիրոջ իրավունքների վերականգնման մասին, թե՝ ոչ, նախկին սեփականատիրոջ իրավունքները վերականգնվում են օրենքի և իրավունքի ուժով, և դա ինքնին չի կարող պայմանավորվել բացառապես հայցվորի կողմից գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջ ներկայացնելու ու այն բավարարվելու հանգամանքներով: Այլ կլիներ իրավիճակը, եթե գործարքների հիմքով գրանցված իրավունքների անվավերության պահանջներ ներկայացված չլինեին, սակայն հաշվի առնելով, որ անվավեր են ճանաչվել նաև իրավունքի պետական գրանցումները, ապա մինչև գործարքների կնքումը գրանցված սեփականատիրոջ իրավունքների վերականգնումը տեղի է ունենում մեխանիկորեն, հետևապես՝ Դատարանի վճռով նախկին սեփականատիրոջ նախկինում կորսված իրավունքների վերականգնման մասին անդրադարձը բխել է այդ գործընթացն ավելի հստակեցնելու, գործարքի անվավերության պահանջով շահագրգիռ անձի իրավունքների լիարժեք, արդյունավետ պաշտպանությունն ապահովելու իրավաչափ նպատակներից, այսինքն՝ Դատարանի վճռով օրինական սեփականատիրոջ կորսված իրավունքների վերականգնումն այս փաստական հանգամանքներում դուրս է հայց հարուցելու տնօրինչականության սկզբունքի գործողության տիրույթից»:

4․37․ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ չնայած հայցվորը հայցադիմումում որպես անվավերության հետևանք նշել է միայն պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջ, սակայն Դատարանը 4․15․-4․17․-րդ կետերի հաշվառմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հայցի առարկայի պարզման շրջանակներում հայցվորին հարցրել է, որ անվավերության պահանջ է ներկայացրել, արդյո՞ք պահանջում է երկկողմանի ռեստիտուցիա, եթե այո, ապա ո՞վ այդ գումարը պետք է վերադարձնի գնորդներին։ Տվյալ հարցին հայցվորը պատասխանել է, որ այդ գումարները պետք է վերադարձնի Աշտարակ համայնքը։ Այնուհետև Դատարանը ճշտել է, թե ո՞ւմ պետք է վերադարձվի հողերը, և արդյո՞ք հողերը գտնվում են «Ագրիլենդ» ՍՊ ընկերության մոտ, հայցվորը պատասխանել է, որ հողերը պետք է վերադարձվեն Աշտարակ համայնքին, իսկ ներկայումս այդ հողերի սեփականատեր է հանդիանում միայն «Ագրիլենդ» ՍՊ ընկերությունը (հիմք՝ 04․07․2024 թվականի դատական նիստի արձանագրություն, կրիչ, հատոր 2-րդ, գ.թ. 70-73)։ Ավելին, Դատարանը 29․08․2024 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ հայցվորի վրա է դրել նաև առուվաճառքի պայմանագրերի հիման վրա գույքի արժեքը վճարված լինելու փաստի ապացուցման պարտականությունը (հիմք՝ 23․08․2024 թվականի դատական նիստի արձանագրություն, կրիչ, հատոր 3-րդ, գ.թ. 41-44)։

4․38․ Վերոգրյալի հաշվառմամբ անհիմն է Բողոք բերած անձի այն փաստարկները, որ հայցվորը չի ունեցել Աշտարակ համայնքին պայմանագրերի համար վճարված գումարն Ընկերությանը վերադարձնել պարտավորեցնելու պահանջ։

4․39․ Հաջորդիվ Վճռաբեկ դատարանը Բողոք բերած անձի՝ 2․2․-2․10․-րդ կետերում վկայակոչած փաստարկների վերաբերյալ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Ընկերության վերաքննիչ բողոքի այն հիմքին, որ թեև Դատարանը գործում առկա հասցեով ծանուցումներն ապահովել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, սակայն Ընկերությունն առնվազն մինչև 29․11․2024 թվականին նշանակված դատական նիստը փաստացի տեղյակ չի եղել իր դեմ հարուցված հայցի մասին, արդյունքում չի ապահովվել վերջինիս՝ գործի քննության վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքը, և Ընկերությունը զրկվել է բացառապես նախնական դատական նիստի ընթացքում կատարման ենթակա դատավարական գործողությունները կատարելու իրավունքից, ինչի արդյունքում էլ խախտվել (սահմանափակվել) է վերջինիս՝ արդար դատաքննության իրավունքը, արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը դատավարական բոլոր փաստաթղթերը և դատական ծանուցումներն ուղարկել է գործի նյութերում առկա «Ագրիլենդ» ՍՊ ընկերության հայտնի՝ «ք․ Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 37 շենք, 25 բնակարան» հասցեով, որը, Բողոքաբերի պնդմամբ ևս, հանդիսանում է վերջինիս գրանցման ու գտնվելու վայրի միակ հասցեն։

(...) Դատարանը ոչ միայն դատական բոլոր ծանուցագրերը տեղադրել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, այլ նաև ուշադրություն չդարձնելով ծանուցվող անձի կարգավիճակին՝ ծանուցագրերը ուղարկել է նաև վերջինիս գտնվելու վայրի վարչական շրջանի ղեկավարին՝ ապահովելով ծանուցման համար լրացուցիչ այնպիսի երաշխիք, որը առավել հավանական կարող էր դարձնել հասցեատիրոջ ծանուցումը:

Փաստորեն, Դատարանը լիարժեքորեն կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված՝ դատավարության մասնակցի պատշաճ ծանուցումն ապահովելու համար նախատեսված բոլոր իրավական մեխանիզմներն ու կառուցակարգերը։ Այլ կերպ՝ Դատարանն, ըստ էության, սպառել է օրենսգրքով նախատեսված այն բոլոր մեխանիզմները, որոնք կոչված են ապահովելու դատավարության մասնակցի իրազեկվածությունը, կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների իրագործումը, այսպիսով` պատշաճ կերպով կատարելով ծանուցման հետ կապված իր գործառույթները։

Հատկանշական է, որ Բողոքաբերն ինքը ևս ընդունել է, որ Դատարանի կողմից սկզբից որպես երրորդ անձ, այնուհետև որպես պատասխանող ներգրավված «Ագրիլենդ» ՍՊ ընկերությանն ուղարկված` «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 07.03.2024 թվականի, «Նախնական դատական նիստ նշանակելու մասին» 07.06.2024 թվականի, «Ագրիլենդ» ՍՊ ընկերությանը որպես պատասխանող ներգրավելու մասին 02․08․2024 թվականի, «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» 29.08.2024 թվականի, «Նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին» 26.09.2024 թվականի որոշումների օրինակները պարունակած առաքանիները և դատական նիստերի մասին ծանուցումները առանց հասցեատիրոջը հանձնվելու վերադարձվել են Դատարան` «չպահանջված» նշումով, ինչից հետո Դատարանը ծանուցումներ է ուղարկել նաև պատասխանողի հայցադիմումում նշված հասցեի` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին, ինչպես նաև ծանուցումները տեղադրել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ ըստ էության ընդունելով Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործողությունները պատշաճ կատարվելու փաստը: Այսինքն՝ Դատարանի կողմից բոլոր հնարավոր՝ օրենքով սահմանված միջոցներն ու եղանակներն իրականացված լինելու փաստն, ըստ էության, Բողոքում չի վիճարկվում:

Ավելին, 29․11․2024 թվականի դատական նիստի ընթացքում Դատարանը նաև հարցադրում է ուղղել «Ագրիլենդ» ՍՊ ընկերության ներկայացուցչին, թե ո՞րն է Ընկերության գործունեության հասցեն, իսկ Ընկերության ներկայացուցիչը` ի պատասխան նշել է, որ գործունեության հասցեն ռեգիստրում նշված է այն, ինչ հայցադիմումում, սակայն տևական ժամանակ է այդ հասցեում գործունեություն չի իրականացրել։

(...) Գործի նյութերից պարզվել է նաև, որ «Ագրիլենդ» ՍՊ ընկերության գտնվելու վայրի գրանցված հասցեն չի փոփոխվել և Դատարանում ևս, ըստ էության, վերջինս հանդես է եկել հենց այդ հասցեով՝ հաշվի առնելով, որ 28․11․2024 թվականին «Ագրիլենդ» ՍՊ ընկերության կողմից փաստաբաններ Վահե Սեդրակյանին և Հեղինե Մանուկյանին տրված լիազորագրում որպես «Ագրիլենդ» ՍՊ ընկերության գրանցման հասցե նշվել է հետևյալ տեղեկությունը՝ «ք․ Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 37 շենք, 25 բնակարան»։ Այս հանգամանքն իր հերթին վկայում է այն մասին, որ իրականում Ընկերությունն անգամ գործի քննության ընթացքում լիազորագրում կատարված նշումով ընդունել է՝ անվիճելի է համարել այն փաստը, որ գործում առկա հասցեն՝ ծանուցման համար նախատեսված իր միակ հասցեն է, և դա այն հասցեն է, որով Դատարանը ծանուցել է Ընկերությանն ու կատարել ծանուցումն ապահովելուն ուղղված անհրաժեշտ գործողություններ։ (...)»։

(...) Վերաքննիչ դատարանը եկել է այն համոզման, որ Դատարանի կողմից ծանուցման օրենքով սահմանված բոլոր միջոցներն ու եղանակները պատշաճ կիրառված լինելու պայմաններում «Ագրիլենդ» ՍՊ ընկերությունն ուներ գործի մասին ավելի վաղ տեղյակ լինելու հնարավորություն, և ակնհայտ է, որ առկա էր գործին մասնակցող Դավիթ Արամի Իոսիֆյանի միջոցով, այսինքն՝ այդ անձի ու Ընկերության՝ երբեմնի իրավաբանական, և տնօրենի հետ ունեցած ընկերական կապի շնորհիվ Ընկերությանը գործի մասին նախապես՝ ավելի վաղ տեղյակ պահելու հավանականություն: Դրա մասին է վկայում նաև սույն քաղաքացիական գործի նյութերում առկա՝ 25․01․2022 թվականի վկայի հարցաքննության արձանագրության ուսումնասիրության արդյունքում Դատարանին հայտնի դարձած այն իրողությունը, որ Վլադիմիր Հարությունյանը և Դավիթ Իոսիֆյանը գտնվել են ընկերական կապի մեջ, մասնավորապես վերը նշված արձանագրությամբ Վլադիմիր Հարությունյանը նշել է․ «Ինչ վերաբերում է մյուս աճուրդին, ապա դրան մասնակցել է իմ ընկեր՝ Դավիթ Իոսիֆյանը, ով աճուրդի հաղթող է ճանաչվել, ապա այդ հողերը ներդրել է «Ագրիլենդ» ընկերությունում»։

Հետևաբար, եթե «Ագրիլենդ» ՍՊ ընկերությունը բավարար բարեխղճությամբ ու ողջախոհությամբ վերաբերվեր իր գտնվելու վայրի գրանցված հասցեով ծանուցումները ստանալու օրենսդրական պահանջին, և այդքանով հանդերձ շարժվեր իրավաբանական անձի համար պարտադիր այն օրինաչափությամբ, որ ծանուցումները չստանալու դեպքում՝ ծանուցվելու է հրապարակային ծանուցման եղանակով և անկախ այդպիսի եղանակով ծանուցմամբ հայտնված տեղեկությունների մասին փաստացի տեղյակ լինելուց՝ իր ռիսկով անտեղյակության հետևանքներն ինքն է կրելու, ապա առկա էր գործի մասին ավելի վաղ տեղյակ լինելու ողջամիտ հավանականություն, որպիսի հանգամանքը գնահատվում է գործին մասնակցող Ընկերության բարեխղճության տեսանկյունից: Միաժամանակ, էական է Դավիթ Արամի Իոսիֆյանի և Ընկերության միջև առկա կապից բխող՝ գործի մասին ավելի վաղ տեղեկացված լինելու հնարավորությունը, ինչից հետևում է, որ առկա էր նաև գործի մասին ավելի վաղ տեղեկացված լինելու մեծ հավանականություն: Այս ամենը դիտարկելով ինչպես առանձին-առանձին, այնպես էլ դրանք դիտարկելով օրենքով սահմանված կարգով ծանուցմանն ուղղված բոլոր միջոցները Դատարանի կողմից ձեռնարկված լինելու, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իր գրանցման հասցեով ուղարկված առաքանիները պատշաճ ծանուցում համարվելու փաստերի հետ մեկ համակցության մեջ՝ Վերաքննիչ դատարանը լրացուցիչ հաստատում է արդար դատաքննության իրավունքի խախտման մասին Բողոքաբերի՝ վերը շարադրված նորմերի խախտման մասին պնդումների ոչ իրավաչափ լինելը։ (․․․)»:

4․40․ Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո (տե՛ս վերը՝ 4․18․-4․32․-րդ կետերը), համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդար դատաքննության իրավունքի իրացումը կարող է երաշխավորվել կողմերի հավասարության ու մրցակցության սկզբունքների պահպանման պարագայում, որը դրսևորվում է գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումն ապահովելով ու դատավարության մասնակիցների բարեխիղճ վարքագծով։ Այսինքն` յուրաքանչյուր դեպքում պարզման ու գնահատման առարկա պետք է դառնան հետևյալ հարցերը․ արդյո՞ք դատարանը պահպանել է օրենքով սահմանված կարգով գործին մասնակցող անձի պատշաճ ծանուցման կարգը և արդյո՞ք գործին մասնակցող անձը (նրա ներկայացուցիչը) իր իրավունքների իրացմանն ուղղված դատավարական գործողությունները կատարելիս դրսևորել է բարեխիղճ վարքագիծ։

4․41․ Վերաքննիչ դատարանը գալով ճիշտ եզրահանգման՝ իրավացիորեն արձանագրել է, որ Դատարանն օրենքով սահմանված կարգով իրականացրել է Ընկերության պատշաճ ծանուցմանն ուղղված անհրաժեշտ և ակտիվ գործողություններ, այն է՝ առաքանիներն ուղարկել է Ընկերության գտնվելու վայրի գրանցված հասցեով, գործում բացակայում են այդ անձին ծանուցելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ, վերջինս ծանուցվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով, որպիսի պարագայում ծանուցումը պետք է համարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պատշաճ իրականացված՝ հաշվի առնելով նաև այն, որ Ընկերության պետական գրանցման՝ գտնվելու վայրի հասցեով առաքանիներն ստանալու անհնարինության և դրան հանգեցնող փաստեր և (կամ) հանգամանքներ վերաքննիչ բողոքում չեն վկայակոչվել, նման տեղեկությունների մասին ապացույցներ չեն ներկայացվել, այսինքն՝ ոչինչ չի նշվել ծանուցվելու օբյեկտիվ անհնարինության մասին, և ընդ որում՝ իր գործողություններով՝ բողոքով և լիազորագրով, Ընկերությունն ընդունել է, որ իր հասցեն անփոփոխ է և ինքը շարունակում է այդ նույն հասցեն համարել տնօրենի բնակության վայրի՝ որպես Ընկերության գտնվելու վայրի գրանցված հասցե:

Ավելին, Ընկերությունն ինչպես վերաքննիչ բողոքով, այնպես էլ վճռաբեկ բողոքով (տե՛ս սույն որոշման 2․4․-2․6․-րդ կետերը) ընդունել է, որ Դատարանը կատարել է իր վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով դրված՝ Ընկերությանը ծանուցելու համար անհրաժեշտ դատավարական բոլոր պարտականությունները։

Իրավաչափ է նաև Վերաքննիչ դատարանի՝ Ընկերության բարեխղճության գնահատման վերաբերյալ եզրահանգումները (տե՛ս սույն որոշման 4․26․-րդ կետը), որ եթե Ընկերությունը բավարար բարեխղճությամբ ու ողջախոհությամբ վերաբերվեր իր գտնվելու վայրի գրանցված հասցեով ծանուցումներն ստանալու օրենսդրական պահանջին, ապա առկա էր գործի մասին ավելի վաղ տեղյակ լինելու ողջամիտ հավանականություն։

4․42․ Անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն հիմնավորումներին, որ Ընկերության անունից ներկայացված հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը թողնելով առանց քննության, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածն ու անտեսել Ընկերության արդար դատաքննության իրավունքը (տե՛ս սույն որոշման 2․7-2․9․-րդ կետերը), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, հետևյալը․

4․43․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

4․44․ Բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման հնարավորության հարցին անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանը 22․04․2008 թվականի թիվ ՍԴՈ-752 որոշմամբ՝ նշելով հետևյալը․ «(...) դատավարական ժամկետը բաց թողնելու հնարավոր պատճառներն օրենքով օբյեկտիվորեն կանխորոշված չեն, որի պայմաններում դրանք գնահատելու և արդյունքում այդ ժամկետի բացթողումը հարգելի կամ անհարգելի ճանաչելու (գնահատման չափանիշներ ընտրելու) դատարանի լիազորությունը կրում է հայեցողական բնույթ: (...) դատավարական ժամկետները բաց թողնելու պատճառների դատական գնահատման հիմքում պետք է լինեն իրավական չափանիշներ՝ ելնելով իրավակարգավորման ընդհանուր սկզբունքներից, բացառելով կամային ու չհիմնավորված որևէ մոտեցում: Այդպիսի ազատությունը պետք է իրականացվի իրավասու դատարանի՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակներում, անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով՝ ՀՀ Սահմանադրության 3 հոդվածում և 47 հոդվածի 1-ին մասում ամրագրված հիմնարար սկզբունքների պահպանմամբ: Հակառակ պարագայում, դատարանը մարդու սահմանադրական իրավունքների՝ որպես անմիջական գործող իրավունքի, ապահովման ու պաշտպանության փոխարեն իր ակտով այդ իրավունքների ոտնահարման պատճառ կարող է դառնալ: Դրանով է պայմանավորված դատական ակտերի՝ որպես սահմանադրական արդարադատության օբյեկտ հանդիսանալու իրողությունը միջազգային պրակտիկայում»:

4․45․ ՀՀ վճռաբեկ դատարանն էլ իր հերթին արձանագրել է, որ․ «(...) չնայած այն հանգամանքին, որ օրենսդիրը չի հստակեցրել և չի սահմանել դատավարական ժամկետի բաց թողնման պատճառների հարգելի լինելու հիմքերը, այնուամենայնիվ, այդ պատճառները պետք է հանդիսանան ժամկետը բաց թողնելու օբյեկտիվ և (կամ) սուբյեկտիվ այնպիսի պատճառներ, որոնց առկայությունը պայմանավորել է անձի՝ դատավարական ժամկետների ավարտից հետո բողոքարկման իրավունքի իրացման իրավաչափությունը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ դատավարական ժամկետի բաց թողնման պատճառները հարգելի գնահատելիս դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն այն հարցը, թե անձի կողմից վկայակոչված պատճառները որքանով են իրական խոչընդոտ հանդիսացել դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրացման համար» (տե՛ս «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊ ընկերությունն ընդդեմ «ՍԱԳ» Արտադրական կոոպերատիվի թիվ ԵԴ/17246/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2023 թվականի որոշումը):

4․46․ Սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ․ «սահմանված ժամկետում հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու Բողոքաբերի հնարավորությունը սույն գործի շրջանակներում Դատարանն ապահովել է՝ հաշվի առնելով դատավարության մրցակցային բնույթը, և այդ հնարավորությունից Բողոքաբերը չի օգտվել՝ իր իսկ ոչ իրավաչափ անգործության հետևանքով, և լինելով ծանուցված կամ առնվազն իր գրանցման վայրով առաքանիներն ուղարկվելու դեպքում պատշաճ առաքում համարվելու մասին «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ մասի նորմատիվ պահանջին ծանոթ լինելով հանդերձ՝ ծանուցման փաստի ուժով դատավարական այս իրավունքից օգտվելու հնարավորությունից Բողոքաբերը զրկվել է իր կամոք՝ օբյեկտիվ և օրինական հիմքերով։ (...)»։

4․47․ Վերոգրյալի լույսի ներքո, հիմք ընդունելով Եվրոպական դատարանի այն մեկնաբանությունը, որ շահագրգիռ անձը կարող է ակնկալել ժամկետի երկարացում միայն այն դեպքում, եթե սկզբնական ժամկետը չի պահպանվել հիմնավորված պատճառներով (տե՛ս սույն որոշման 4․30․-րդ կետը), ինչպես նաև Բողոք բերած անձի բարեխղճության վերաբերյալ վերն արտահայտված դատողությունները, Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում նշվածի վերաբերյալ Բողոք բերած անձի փաստարկները (տե՛ս սույն որոշման 2․7․-2․9․-րդ կետերը)։

4․48․ Ամբողջ վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը, բողոքի քննության արդյունքում վերը նշված պատճառաբանությունների հիման վրա, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտը կայացնելիս թույլ չի տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-13-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 23․07.2025 թվականի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, Ընկերության բողոքը մերժելով կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ։

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

6. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

6․1․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] կանոններին համապատասխան:

6․2․ Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը 23․07.2025 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է, և սույն որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը մերժվում է ու Վերաքննիչ դատարանի 23․07.2025 թվականի որոշումը թողնվում է օրինական ուժի մեջ, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 23․07.2025 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________

1 Հանդիսանում է անձնական տվյալ։

2 Հանդիսանում է անձնական տվյալ։

3 Հանդիսանում է անձնական տվյալ։

4 Հանդիսանում է անձնական տվյալ։

5 Հանդիսանում է անձնական տվյալ։

6 Հանդիսանում է անձնական տվյալ։

7 Հանդիսանում է անձնական տվյալ։

8 Հանդիսանում է անձնական տվյալ։

9 Հանդիսանում է անձնական տվյալ։

10 Հանդիսանում է անձնական տվյալ։

11 Հանդիսանում է անձնական տվյալ։

12 Հանդիսանում է անձնական տվյալ։

13 Հանդիսանում է անձնական տվյալ։

14 Հանդիսանում է անձնական տվյալ։

15 Հանդիսանում է անձնական տվյալ։

16 Տե՛ս օրինակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ մասը, 1228-րդ հոդվածի 3-րդ մաս, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մաս:

17 Տե՛ս Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի (Ankerl v. Switzerland) թիվ 17748/91 գանգատով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38:

18 Տե՛ս Կրոյցն ընդդեմ Լեհաստանի (Kreuz v. Poland) թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետեր 52, 53-57։

19 Տե՛ս Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության (Ashingdane v. The United Kingdom) թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության (Tolstoy Miloslavsky v. The United Kingdom) թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59։

20 Տե՛ս Ալ-Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության (Al-Adsani v. United Kingdom) թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի (Khalfaoui v. France) թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Պապոնն ընդդեմ Ֆրանսիայի (Papon v. France) թիվ 54210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90:

21 Տե՛ս ՄՊՊ Գոլուբն ընդդեմ Ուկրաինայի (MPP Golub v. Ukraine) թիվ 6778/05 գանգատով Եվրոպական դատարանի 18․10․2005 թվականի վճիռը։

22 Տե՛ս Ռոդրիգես Վալինն ընդդեմ Իսպանիայի (Rodriguez Valin v. Spain) թիվ 47792/99 գանգատով Եվրոպական դատարանի 11․10․2001 թվականի վճիռը:

23 Տե՛ս Բյոկովսկան ընդդեմ Լեհաստանի (Bąkowska v. Poland) թիվ 33539/02 գանգատով Եվրոպական դատարանի 12․01․2010 թվականի վճիռը, կետ 54, Յունիոն Ալիմենտարիա Սանդերս Ս.Ա. ընդդեմ Իսպանիայի (Unión Alimentaria Sanders S.A. v. Spain) թիվ 11681/85 գանգատով Եվրոպական դատարանի 07․07․1989 թվականի վճիռը, կետ 35։

24 Տե՛ս Զուբաչն ընդդեմ Խորվաթիայի (Zubac v. Croatia) թիվ 40160/12 գանգատով Եվրոպական դատարանի 05.04.2018 թվականի վճիռը, կետ 96։

25 Տե՛ս Տենցեն ընդդեմ Սլովենիայի (Tence v. Slovenia) թիվ 37242/14 գանգատով Եվրոպական դատարանի 31.05.2016 թվականի վճիռը, կետ 35, Ռոդրիգես Վալինն ընդդեմ Իսպանիայի (Rodriguez Valin v. Spain) թիվ 47792/99 գանգատով Եվրոպական դատարանի 11․10․2001 թվականի վճիռը, կետեր 22, 28։

26 Տե՛ս Բաշչենկոն ընդդեմ Ուկրաինայի (Bashchenko v. Ukraine) թիվ 61484/10 գանգատով Եվրոպական դատարանի 03.04.2012 թվականի վճիռը, կետ ա․։

27 Տե՛ս Կանետե դե Գոնին ընդդեմ Իսպանիայի (Cañete de Goñi v. Spain) թիվ 55782/00 գանգատով Եվրոպական դատարանի 15.01.2003 թվականի վճիռը, կետեր 36, 39-43։

28 Տե՛ս Նունես Դիասն ընդդեմ Պորտուգալիայի (Nunes Dias v. Portugal) թիվ 2672/03 և 69829/01 գանգատով Եվրոպական դատարանի 10․04․2003 թվականի վճիռը, կետ բ․։

29 Հանդիսանում է անձնական տվյալ։

30 Հանդիսանում է անձնական տվյալ։

31 Հանդիսանում է անձնական տվյալ։

32 Հանդիսանում է անձնական տվյալ։

 

Նախագահող և զեկուցող

Ա. ԴԱՎԹՅԱՆ

 

Գ. ԳՅՈԶԱԼՅԱՆ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան