ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ (ՁԵՎԱՎՈՐՄԱՆ) ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 68-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (01.01.2029-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.28-2026.10.11 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2026
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.09.2026
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2029

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«29» սեպտեմբեր 2026 թ.

N 68-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ (ՁԵՎԱՎՈՐՄԱՆ) ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2.1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսային միավորների նկատմամբ լրացուցիչ գործակիցների կիրառման (ձևավորման) համար անհրաժեշտ պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2029 թվականի հունվարի 1-ից:

 


29.09.2026

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2026 թվականի սեպտեմբեր «29»-ի

թիվ 68-Ն հրամանի

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ (ՁԵՎԱՎՈՐՄԱՆ) ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձի բոնուսային միավորների նկատմամբ լրացուցիչ գործակիցների կիրառման և դրանց ձևավորման համար անհրաժեշտ պահանջների, այդ թվում` բոնուսների կիրառման համար հիմք հանդիսացող արյան դոնորության իրականացման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն հավելվածում կիրառվող հասկացությունները կիրառվում են այն իմաստով, ինչպես սահմանված են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքներով։

 

2. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

 

3. Լրացուցիչ գործակիցների կիրառման համար հիմք են հանդիսանում էլեկտրոնային գործիքներում ամրագրված այն տվյալները, որոնք ձևավորվել և մուտքագրվել են`

1) առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ ) ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների կողմից,

2) փոխներարկումային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից:

4. Լրացուցիչ գործակիցների կիրառման հիմք հանդիսացող տվյալները պետք է լինեն ամբողջական և հավաստված համապատասխան հետազոտությունների կամ չափումների արդյունքներով:

5. Էլեկտրոնային գործիքում մուտքագրված տվյալների հիման վրա ինքնաշխատ կարգով ձևավորվում են բոնուսային միավորները և դրանց նկատմամբ կիրառման ենթակա լրացուցիչ գործակիցները, ինչից հետո դրանք անմիջապես արտացոլվում են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) կողմից վարվող Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում (այսուհետ` Ռեգիստր):

6. Ռեգիստրում արտացոլված տվյալների հիման վրա Հիմնադրամը իրականացնում է վերջնական բոնուսային միավորների հաշվարկը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի N 1019-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:

 

3. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ`

ՈՐՊԵՍ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

7. Որպես արյան դոնոր հանդես գալու դեպքում բոնուսային միավորների նկատմամբ լրացուցիչ գործակիցներ կիրառվում են այն դեպքում, երբ անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց, կամավոր հիմունքներով հանդես է եկել որպես արյան դոնոր:

8. Փոխներարկումային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից էլեկտրոնային գործիքում մուտքագրվում են առնվազն հետևյալ տվյալները`

1) դոնորի անունը, ազգանունը,

2) առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի համարը,

3) դոնորության իրականացման ամսաթիվը:

9. Էլեկտրոնային գործիքում մուտքագրված տեղեկությունների հիման վրա հաշվարկվում են սույն հավելվածի 5-րդ գլխով սահմանված դոնորության քանակը և դրան համապատասխան գործակիցները:

10. Արյան դոնորությունն իրականացվում է «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքով և դրանից բխող իրավական ակտերով սահմանված կարգով:

 

4. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ`

ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻՆ ՄԻՏՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

11. Սույն հավելվածի շրջանակներում անձի առողջ ապրելակերպին միտված պարբերաբար բարելավվող ցուցանիշներ են համարվում`

1) մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորումը.

2) ծխելուց հրաժարումը.

3) ալկոհոլային խմիչքների օգտագործումից հրաժարումը:

12. Առողջ ապրելակերպին միտված ցուցանիշների բարելավման վերաբերյալ տվյալները գրանցվում են ԱԱՊ բժշկի կողմից՝ բժշկական զննության, չափումների և իրականացրած ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա։

13. Առողջ ապրելակերպի ցուցանիշների բարելավման վերաբերյալ տվյալները կարող են ձևավորվել նաև ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ իրականացված մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման արդյունքների հիման վրա։

14. Մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորում է համարվում, երբ ԱԱՊ բժշկի կողմից հաշվարկված մարմնի զանգվածի ինդեքսը (հաշվարկվում է մարմնի զանգվածը (կիլոգրամով) բաժանելով հասակի քառակուսուն (մետրով)) տարվա ընթացքում նվազում է և հասնում 18,5-24,9 միջակայքին կամ նվազում է առնվազն 5 տոկոսով` նախորդ տարվա ցուցանիշի համեմատ:

15. Մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորման վերաբերյալ ԱԱՊ բժշկի կողմից կատարված գրանցումները հիմք են հանդիսանում համապատասխան գործակցի կիրառման համար, եթե նախկինում ԱԱՊ բժիշկն էլեկտրոնային գործիքում մուտքագրել է ապահովագրված անձի մարմնի զանգվածի ինդեքսի նորմայի խախտումների վերաբերյալ տվյալներ:

16. Առողջ ապրելակերպին միտված մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորվում չի համարվում, երբ ապահովագրված անձի մարմնի զանգվածի նվազումը որևէ ախտաբանական վիճակի հետևանք է:

17. Ծխելուց հրաժարվելու փաստը արձանագրվում է ԱԱՊ բժշկի կողմից՝ ապահովագրված անձի` արագ թեստի երիզների միջոցով վճարովի հիմունքներով իրականացված նիկոտինի մետաբոլիտների հայտնաբերման թունաքիմիական հետազոտության արդյունքների հիման վրա:

18. Ապահովագրված անձը համարվում է ծխող, եթե օգտագործում է ծխախոտային արտադրատեսակներ կամ նիկոտին պարունակող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչներ (այսուհետ` ծխախոտ):

19. ԱԱՊ բժիշկն ապահովագրված անձի կողմից ծխախոտ օգտագործելու փաստը կարող է արձանագրել այն դեպքում, երբ ապահովագրված անձը առողջության համընդհանուր ապահովագրության վկայագիրն ակտիվացնելուց հետո մեկ տարվա ընթացքում ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունում անցել է սույն հավելվածի 17-րդ կետում նշված համապատասխան ախտորոշիչ հետազոտությունը:

20. Հետազոտության արդյունքում ապահովագրված անձի` ծխախոտ օգտագործելու փաստը (հետազոտության արդյունքում նիկոտինի առկայությունը) հաստատվելու դեպքում այդ մասին ԱԱՊ բժիշկը, հետազոտության արդյունքները ստանալուն պես, նշում է կատարում էլեկտրոնային գործիքում:

21. Ծխելուց հրաժարվելու փաստը արձանագրելու համար սույն հավելվածի 20-րդ կետով նախատեսված արձանագրումից հետո երեք ամսվա ընթացքում (նույն օրացուցային տարում) ապահովագրված անձին երկու անգամ ուղարկվում է ծանուցում էլեկտրոնային գործիքի միջոցով` ծանուցման մեջ նշված ժամկետում ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունում առաջարկելով անցնել սույն հավելվածի 17-րդ կետում նշված հետազոտությունը: Հետազոտությանը չներկայանալու դեպքում ապահովագրված անձի բոնուսային միավորների նկատմամբ գործակից չի կիրառվում:

22. Հետազոտություն անցնելու արդյունքում ապահովագրված անձի` ծխախոտ չօգտագործելու փաստը (հետազոտության արդյունքում նիկոտինի բացակայությունը) հաստատվելու դեպքում այդ մասին ԱԱՊ բժիշկը, հետազոտության արդյունքները ստանալուն պես, նշում է կատարում էլեկտրոնային գործիքում:

23. Ապահովագրված անձի կողմից ալկոհոլային խմիչքների օգտագործումից հրաժարվելու փաստի վերաբերյալ էլեկտրոնային գործիքում ԱԱՊ բժիշկը նշում է կատարում այն դեպքում, երբ թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման իրականացնող կազմակերպությունը, անձի համաձայնությունը ստանալուց հետո, էլեկտրոնային գործիքի միջոցով տեղեկատվություն է տրամադրում ԱԱՊ բժշկին անձի` որպես «Ալկոհոլիզմ» ախտորոշում ունեցողի, հաշվառումից հանելու մասին:

 

5. ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

24. Յուրաքանչյուր օրացուցային տարվա համար «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում ապահովագրված անձի բոնուսային հաշվին փոխանցվում է 5.000 բոնուսային միավոր (նախնական բոնուսային միավորներ):

25. Որպես անհատույց, կամավոր հիմունքներով արյան դոնոր հանդես գալու դեպքում բոնուսային միավորների նկատմամբ կիրառվում են հետևյալ գործակիցները`

1) օրացուցային նույն տարվա ընթացքում մեկ անգամ դոնորության դեպքում` 1,2 գործակից.

2) օրացուցային նույն տարվա ընթացքում երկու անգամ դոնորության դեպքում` 1,3 գործակից.

3) օրացուցային նույն տարվա ընթացքում երեք անգամ դոնորության դեպքում` 1,4 գործակից.

4) օրացուցային նույն տարվա ընթացքում չորս անգամ դոնորության դեպքում` 1,5 գործակից.

5) օրացուցային նույն տարվա ընթացքում հինգ անգամ դոնորության դեպքում (տղամարդկանց պարագայում)` 1,6 գործակից:

26. Մարմնի զանգվածի ինդեքսի (մարմնի զանգվածի և հասակի հարաբերակցության) նորմավորման դեպքում բոնուսային միավորների նկատմամբ կիրառվում է 1,5 գործակից:

27. Ծխելուց հրաժարվելու դեպքում բոնուսային միավորների նկատմամբ կիրառվում է 2 գործակից:

28. Ալկոհոլային խմիչքների օգտագործումից հրաժարվելու դեպքում բոնուսային միավորների նկատմամբ կիրառվում է 1,5 գործակից:

29. Բոնուսային միավորների նկատմամբ լրացուցիչ գործակիցները կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի N 1019-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2026 թվական: