ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 1992 թ. N 343
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` տարեկան 551,7 հազ. ռուբլի (ներառյալ աշխատավարձի 30 տոկոս բարձրացումը):
2. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը թույլատրել ունենալու պետի չորս տեղակալ, որից մեկը` առաջին, և 15 անդամից բաղկացած խորհուրդ:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության ժամանակավոր կանոնադրությունը (կցվում է):
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է հունիսի 10-ի N 343 որոշմամբ |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից և իրականացնում է իրեն հանձնարարված ոլորտի կառավարումը, ենթարկվելով Հայաստանի Հանրապետության նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը պատասխանատվություն է կրում իր համակարգում տիրող վիճակի և նրա հետագա զարգացման, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների բնագավառում գիտատեխնիկական քաղաքականության, հաղորդումների գեղարվեստական մակարդակի ապահովման, տվյալ ոլորտում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության երաշխավորման համար:
II. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության խնդիրներն ու ֆունկցիաները
2. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության հիմնական խնդիրներն են`
հեռուստատեսության և ռադիոհաղորդումների համակարգի զարգացման ընդհանուր քաղաքականության մշակումը, իր ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործունեության ներդաշնակումը և դրանց արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը.
օրենքով սահմանված կարգով, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, ճշմարտացի լրատվության ապահովումը.
լրատվության ազատ տարածման ապահովումը համակարգի միջոցներով.
հեռուստառադիոհաղորդումների և ընդհանրապես աշխատանքի մասնագիտական մակարդակի հետևողական բարձրացումը.
արտասահմանյան պետությունների հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ընկերությունների և այլ կազմակերպությունների հետ իր իրավասության սահմաններում համագործակցությունը.
առևտրային և այլընտրանքային ծրագրերի գործունեության իրականացման ապահովումը.
օրենսդրությամբ սահմանված կարգով հեռուստատեսության և ռադիոհաղորդումների գործունեության հետ կապված համապատասխան արտոնագրերի տրամադրումը:
III. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության աշխատանքի կազմակերպումը
3. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության համակարգն ընդգրկում է ենթակա պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:
4. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հետ առնչվող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով գործող օրենսդրությամբ նախատեսված նրանց ինքնուրույնությունը:
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը գործարար համագործակցություն է ծավալում Հայաստանի Հանրապետության կապի նախարարության հոտ` միջազգային կանալներ, կաբելային և ռադիոռելեային գծեր ու տեխնիկական այլ միջոցներ վարձակալելու ուղղությամբ:
5. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է իրեն ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պետական ունեցվածքի տիրապետման և օգտագործման ֆունկցիաները:
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունն ապահովում է իրեն ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում պետական սեփականության պահպանությունն ու դրանց նկատմամբ խնայողական վերաբերմունքը:
6. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և կարգադրություններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա և ի կատարումն դրանց իր իրավասության սահմաններում հրատարակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է պետական վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար, և ստուգում է դրանց կատարումը:
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունն անհրաժեշտության դեպքում այլ նախարարությունների և պետական վարչությունների հետ կարող է հրատարակել համատեղ հրամաններ և հրահանգներ:
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունն ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան իր համակարգում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
7. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունն իր համակարգում կառավարման բոլոր հարցերի քննարկումը և լուծումը կազմակերպում է կոլեգիալության ու միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց ճշտորոշ պատասխանատվության սահմանումով:
8. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը գլխավորում է պետական վարչության պետը, որը նշանակվում և ազատվում է պաշտոնից Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի համաձայնությամբ:
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետն ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական վարչության պետի ներկայացմամբ:
9. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետը`
ա) պատասխանատվություն է կրում պետական վարչության վրա դրված խնդիրների և ֆունկցիաների կատարման համար.
բ) մրցութային կարգով աշխատանքի է ընդունում և ազատում պետական վարչության կենտրոնական ապարատի աշխատողներին, ինչպես նաև համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ստեղծագործական միավորումների ղեկավարներին` կնքելով նրանց հետ պայմանագիր.
գ) սահմանում է պետական վարչության պետի տեղակալների, բաժինների պետերի, ստեղծագործական միավորումերի տնօրենների, պետական վարչության մյուս ստորաբաժանումների և համակարգի կազմակերպությունների ղեկավարների ֆունկցիաները, իրավասության ու պատասխանատվության աստիճանը` պետական վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ստեղծագործական միավորումների գործունեության համար.
դ) կատարում է պետական վարչության պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.
ե) հաստատում է պետական վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը, հաստիքային ցուցակը, սահմանում է կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը և աշխատավարձի չափը.
զ) հաստատում է պետական վարչության բաժինների, տնօրինությունների, պետական վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ստեղծագործական միավորումների կանոնադրությունները.
է) առաջարկում է պետական վարչության խորհրդի անդամների թիվը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում խորհրդի (կոլեգիայի) անհատական կազմը.
ը) կազմակերպում և ղեկավարում է պետական վարչության խորհրդի նիստերը.
թ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
Պետական վարչության պետի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, վարչության պետի պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:
10. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության խորհրդի (կոլեգիա) կազմի մեջ մտնում են պետական վարչության պետը (նախագահ), պետական վարչության պետի տեղակալները` ի պաշտոնե, պետական վարչության այլ ղեկավար աշխատողներ, ինչպես նաև այլ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներ կամ պատասխանատու աշխատողներ, բնագավառի ճանաչված մասնագետներ:
11. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում պետական վարչության համակարգի զարգացման, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և մյուս հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է պետական վարչության բաժինների, տնօրինությունների, պետական վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և ստեղծագործական միավորումների հաշվետվությունները:
Խորհրդի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, պետական վարչության պետի հրամաններով: Պետական վարչության պետի և խորհրդի միջև տարաձայնություններ լինելու դեպքում պետական վարչության պետը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
12. Խորհրդի որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետը ստեղծում, վերակազմում և լուծարում է վարչության ենթակայության, այդ թվում` տնտհաշվարկային ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպություններն ու ստեղծագործական միավորումները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոհաղորդումների գեղարվեստական մակարդակը բարձրացնելու, գիտության ու տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, տնտեսավարման շուկայական մեթոդները արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար պետական վարչությունում կարող են ստեղծվել ստեղծագործական-տեխնիկական խորհուրդներ և փորձագիտական խմբեր բաղկացած նաև օտարերկրյա մասնագետներից ու փորձագետներից:
Փորձագիտական խմբերի և խորհուրդների կազմը, կանոնադրությունը և վարձատրման կարգը հաստատվում են պետական վարչության պետի կողմից:
14. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության կենտրոնական ապարատի տարեկան աշխատավարձի ֆոնդը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
15. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների, գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում դրված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակների հիման վրա հաղորդումներ պատրաստելու համար:
16. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը պատկերող և իր անվամբ կնիք: