ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 1992 թ. N 287
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի «Հայաստանի Հանրապետության տարածքում վալյուտային գործառնությունների կարգավորման մասին» հրամանագրի և ներտնտեսական շրջանառության մեջ ու միջազգային հաշվարկներում վալյուտային գործառնությունների իրականացման սկզբունքների կանոնավորման, արտաքին տնտեսական կապերի հաստատման գործում ձեռնարկությունների ու կազմակերպությունների շահագրգռվածության բարձրացման, մինչև ազգային պաշտոնական վալյուտայի կիրառումը և «Վալյուտային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության վալյուտային շահերի պաշտպանության մեխանիզմի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև ազգային պաշտոնական վալյուտային կիրառումը վալյուտային գործառնությունների կարգավորման հիմնական դրույթները (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության բանկին, Հայներարտբանկին՝
ա) Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, երկշաբաթյա ժամկետում սույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև ազգային պաշտոնական վալյուտայի կիրառումը վալյուտային գործառնությունների կարգավորման հիմնական դրույթների հիման վրա մշակել և հաստատել հրահանգ՝ վալյուտային հաշիվների բացման և բանկի կլիենտների հաշիվներով ու ավանդներով վալյուտային գործառնությունների իրականացման կարգի մասին.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում նախապատրաստել և ներկայացնել առաջարկություն ներհանրապետական և միջազգային տնտեսական շրջանառության մեջ վալյուտային գործառնությունների գծով հաշվարկների իրականացման կազմակերպական-տեխնիկական միջոցների մասին։
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՆՉԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԱԼՅՈՒՏԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ, ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Բաժին 1. Հիմնական հասկացություններ
1. Սույն դրույթներում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
«Վալյուտային արժեքներ»
ա) արտասահմանյան վալյուտա.
բ) արժեթղթեր՝ արտասահմանյան վալյուտայով ֆոնդային արժեքներ (բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն) և վճարման փաստաթղթեր (չեկեր, մուրհակներ, ակրեդիտիվներ և այլն).
գ) թանկարժեք մետաղներ՝ ոսկի, արծաթ, պլատին և պլատինի խմբի մետաղներ (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռուտենիում, օսմիում՝ ցանկացած ձևով և վիճակում), բացառությամբ այդ մետաղներից պատրաստված ոսկերչական և կենցաղային այլ իրերի, ինչպես նաև այդ իրերի ջարդոնի.
դ) բնական թանկարժեք քարեր՝ հում և մշակված վիճակում (ալմաստ, ադամանդ, սուտակ, զմրուխտ, շափյուղա, ինչպես նաև մարգարիտ), բացառությամբ այդ քարերից պատրաստված ոսկերչական իրերի և այդ իրերի ջարդոնի.
ե) համաշխարհային շուկայում անառարկելի գեղարվեստական և պատմական արժեք ներկայացնող արվեստի ստեղծագործություններ և առարկաներ:
«Արտասահմանյան վալյուտա»
ա) շրջանառության մեջ գտնվող և տվյալ օտարերկրյա պետության տարածքում վճարման օրինական միջոց հանդիսացող, ինչպես նաև շրջանառությունից հանված, սակայն դեռևս շրջանառության մեջ գտնվող դրամանիշների հետ փոխանակման ենթակա արտասահմանյան դրամանիշներ՝ բանկնոտների և գանձատան գրամների տեսքով.
բ) օտարերկրյա պետությունների դրամական միավորներով և միջազգային հաշվարկների միավորներով միջոցները, որոնք գտնվում են հաշիվներում և ավանդներում։
«Ռեզիդենտներ»
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում (այդ թվում նաև արտասահմանում ժամանակավորապես գտնվողները).
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող տնտեսավարող սուբյեկտները, այդ թվում՝ արտասահմանյան ինվեստիցիաների մասնակից ձեռնարկությունները.
գ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական, առևտրական և այլ պաշտոնական ներկայացուցչություններն արտասահմանում, որոնք օգտվում են դիվանագիտական իմունիտետից և արտոնություններից, ինչպես նաև արտերկրում Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները և կազմակերպությունները, մյուս ներկայացուցչությունները, որոնք չեն իրականացնում տնտեսական կամ այլ առևտրային գործունեություն։
«Ոչ ռեզիդենտներ»
ա) օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մշտապես բնակվում են արտասահմանում (այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվողները).
բ) արտերկրում գտնվող, օտարերկրյա պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված և գործող (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների և կազմակերպությունների մասնակցությամբ) իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող տնտեսավարող սուբյեկտները.
դ) Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա դիվանագիտական, առևտրական և այլ պաշտոնական ներկայացուցչությունները, միջազգային կազմակերպությունները (դրանց մասնաճյուղերը), որոնք օգտվում են դիվանագիտական իմունիտետից և արտոնություններից, ինչպես նաև այլ կազմակերպությունների և ֆիրմաների ներկայացուցչությունները, որոնք չեն իրականացնում տնտեսական կամ այլ առևտրային գործունեություն։
«Վալյուտային գործառնություններ»
Վալյուտային գործառնություններ են համարվում այն գործառնությունները, որոնք կապված են՝
ա) վալյուտային արժեքների օտարման հետ.
բ) որպես վճարման միջոց՝ օտարերկրյա վալյուտայի, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս ռուբլու օգտագործման հետ.
գ) արտասահմանից Հայաստանի Հանրապետություն ներմուծման և առաքման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման և առաքման, ինչպես նաև միջազգային դրամական փոխադրումների իրականացման հետ։ Վալյուտային գործառնությունները ստորաբաժանվում են ընթացիկ վալյուտային գործառնությունների և կապիտալի շարժի հետ կապված վալյուտային գործառնությունների։
«Ընթացիկ վալյուտային գործառնություններ»
ա) գործառնություններ՝ կապված վալյուտային արժեքների, ապրանքների և ծառայությունների առուծախի հետ, ինտելեկտուալ սեփականության իրավունքի իրականացման հետ կապված գործառնություններ, որոնցով հաշվարկները կատարվում են առանց վճարումը հետաձգելու պայմանների և չեն ենթադրում փոխառու միջոցների տրամադրում կամ ներգրավում.
բ) բանկային ավանդներից, վարկերից, կապիտալի ներդրումներից (ինվեստիցիաներից) և այլ ֆինանսական գործառնություններից ստացվող միջոցների, տոկոսների, շահաբաժինների (դիվիդենտ) և այլ եկամուտների Հայաստանի Հանրապետությունից արտասահման և արտասահմանից Հայաստանի Հանրապետություն փոխադրումները.
գ) ոչ առևտրային բնույթի միջոցների փոխադրումները, ներառյալ աշխատավարձի, թոշակների, ալիմենտների, ժառանգությունների և այլ համանման գործառնությունների փոխադրումները։
«Կապիտալի շարժի հետ կապված վալյուտային գործառնություններ»
ա) ինվեստիցիաներ, այդ թվում՝ արժեթղթերի առուծախ.
բ) վարկերի տրամադրում և ստացում.
գ) միջոցների ներգրավում և տեղաբաշխում հաշիվներում և ավանդներում.
դ) ֆինանսական գործառնություններ, որոնց իրականացումը որոշակի ժամկետից հետո ենթադրում է վճարում վալյուտայով կամ վալյուտային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում։
«Լիազորված բանկեր»
Հայաստանի Հանրապետության բանկի կողմից արտասահմանյան վալյուտայով գործառնությունների իրականացման լիցենզիա ստացած և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բանկերը, անկախ սեփականության ձևից (այդ թվում՝ արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ բանկերը և արտասահմանյան բանկերը, որոնց կապիտալն ամբողջությամբ պատկանում է օտարերկրյա մասնակիցներին), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող այն բանկերը, որոնք պայմանավորված ռեժիմին համապատասխան Հայաստանի Հանրապետության բանկի համաձայնությամբ իրականացնում են ռեզիդենտների կողմից վալյուտային գործարքների բանկային սպասարկումը:
Բաժին 2. Ընդհանուր դրույթներ
1. Վալյուտային գործառնությունները կատարվում են լիազորված բանկերի միջոցներով: Վալյուտային գործառնությունները, որոնք կապված են վալյուտայի առուծախի և փոխանակման հետ, կարող են իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության բանկի կողմից՝ արտասահմանյան վալյուտայի առուծախի, փոխանակման միջնորդական գործունեության համար լիցենզիա ստացած տնտեսավարող սուբյեկտների միջոցով։
2. Վալյուտային գործառնություններ իրականացնելիս կլիենտները լիազորված բանկերին են ներկայացնում վալյուտային գործառնությունների մասին տեղեկատվություն պարունակող, պատշաճ կերպով ձևակերպված բանկային փաստաթղթերը։
Թույլտվություն կամ լիցենզիա պահանջող վալյուտային գործառնությունների իրականացման դեպքում կլիենտները լիազորված բանկին են ներկայացնում այդ թույլտվությունների և լիցենզիաների պատճենները։
3. Վալյուտային գործառնությունների (բացառությամբ կապիտալի շարժի հետ կապվածները) և վալյուտային գործառնությունների հետ կապված տնտեսական գործունեության տեսակների լիցենզիաների տրամադրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բանկը` նրա կողմից սահմանված կարգով։
Վալյուտային գործառնությունների իրականացման համար լիազորված բանկի լիցենզիան թույլ է տալիս՝
ա) լիազորված բանկի միջոցով գործառնություններ կատարել լիազորված բանկի կլիենտների (ռեզիդենտներ և ոչ ռեզիդենտներ) անունից և ի շահ նրանց.
բ) լիազորված բանկին՝ անմիջականորեն հանդես գալ որպես սուբյեկտ, որի անունից և ի շահ որի իրականացվում են վալյուտային գործառնություններ, եթե այլ բան չի նախատեսված լիազորված բանկի կանոնադրությամբ։
Տնտեսավարող սուբյեկտները (ձեռնարկությունները, կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները)՝ ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները, որոնք զբաղված են գործունեության այնպիսի տեսակներով, ինչպիսիք են՝
ա) արտասահմանյան վալյուտայի առուծախը, փոխանակման միջնորդական գործունեությունը,
բ) արտասահմանյան վալյուտայով մանրածախ առևտուրը և ծառայությունների մատուցումը,
- պարտավոր են գործունեության նշված տեսակների համար հատուկ լիցենզիա ստանալ Հայաստանի Հանրապետության բանկի կողմից։
4. Ռեզիդենտների, ինչպես նաև ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև արտասահմանյան վալյուտայի գնման և վաճառքի ցանկացած գործարքներ համարվում են անվավեր, եթե իրականացվում են շրջանցելով լիազորված բանկը կամ Հայաստանի Հանրապետության բանկի կողմից արտասահմանյան վալյուտայի գնման ու վաճառքի միջնորդական գործունեության համար լիցենզիա ստացած տնտեսավարող սուբյեկտները (ռեզիդենտներ և ոչ ռեզիդենտներ)։
5. Իրավաբանական անձ-ռեզիդենտների կողմից ռեզիդենտների հետ հաշվարկներ կատարելու նպատակով վալյուտայի գնումն արգելվում է, բացառությամբ սույն «հիմնական դրույթների» 4-րդ բաժնի 1-ին կետով նախատեսված դեպքերի և ստացված վարկերի մարման հետ կապված լիազորված բանկերի հետ հաշվարկների:
6. Հայաստանի Հանրապետությունում ռուբլով դրամական վճարումների կատարումը, ծառայությունների մատուցումը կամ գույքային արժեքների տրամադրումը հետագայում արտասահմանում արտասահմանյան վալյուտայով դրանց համարժեքների ստացման պայմանով, ինչպես նաև ռուբլով դրամական միջոցների ստացումը, ծառայությունների մատուցումը կամ գույքային արժեքների տրամադրումը արտասահմանում, որպես արտասահմանյան վալյուտայի վճարման համարժեք, չեն թույլատրվում։
Նշված դրույթը չի գործում այն դեպքերում, երբ դրամական միջոցների վճարումը, ստացումը և ծառայությունների մատուցումը կապված են վալյուտային փոխանակման պայմաններով ՀՀ-ից ուղարկվող կամ ՀՀ ընդունվող պատվիրակությունների կամ հայկական ու արտասահմանյան կազմակերպությունների առանձին աշխատողների հետ՝ նրանց միջև կնքված պայմանագրերին համապատասխան։
7. Լիազորված բանկերն իրավասու են կլիենտներին տրամադրելու վարկեր՝ վալյուտային արժեքների երաշխիքով։ Ստացված վարկերի վերադարձման պահանջը պարտապանի կողմից մերժվելու դեպքում վալյուտային արժեքները լիազորված բանկերի միջոցով իրացվում են ներքին վալյուտային շուկայում, և վարկերը մարվում են դրանց իրացումից ռուբլով հասույթի հաշվին։
8. Ռեզիդենտների վալյուտային եկամուտների մասհանումների հետ կապված վալյուտային միջոցների հաշվարկներն ու փոխանցումներն իրականացվում են լիազորված բանկերի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
9. Ռեզիդենտների վալյուտային գործառնությունները ԱՊՀ անդամ պետությունների իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների ու կազմակերպությունների, քաղաքացիների հետ իրականացվում են սույն դրույթներով նախատեսված ռեզիդենտների միջև հաշվարկների կատարման կարգին համապատասխան, եթե վալյուտայի կարգավորման մասին այլ բան չի նախատեսված միջկառավարական համաձայնագրերով։
10 Ոչ ռեզիդենտների կողմից արտասահմանյան վալյուտայով կատարվող ֆինանսական, վարկային և հաշվարկային գործառնությունների կարգը արտասահմանյան կապիտալի ինվեստիցիաների և կոնցեսիաների տրամադրման դեպքում, ինչպես նաև արտասահմանյան վալյուտայի արտասահման արտահանման, ոչ ռեզիդենտի ունեցվածքի վաճառքից, շահույթի ձևով կամ այլ օրինական ճանապարհով արտասահմանյան վալյուտայի ստացման կանոնները սահմանվում են արտասահմանյան ինվեստիցիաների ներդրման և կոնցեսիաների տրամադրման մեխանիզմը կարգավորող հանրապետական օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով, եթե այլ բան չի նախատեսված միջպետական համաձայնագրերով։
11. Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններն ու կազմակերպությունները (ռեզիդենտներն ու ոչ ռեզիդենտները), հաշվի առնելով այն իրավական շրջանակները, որոնք գործող օրենսդրությամբ սահմանված են այդպիսի տնտեսավարող սուբյեկտների համար, վալյուտային գործառնություններն իրականացնում են նույն կարգով, որը սույն դրույթներով նախատեսված է իրավաբանական անձանց (ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների) համար։
Բաժին 3. Իրավաբանական անձ-ռեզիդենտների և իրավաբանական անձ-ոչ ռեզիդենտների միջև արտասահմանյան վալյուտայով իրականացվող գործառնությունները
1. Արտաքին տնտեսական գործառնությունների գծով կատարվող բոլոր հաշվարկները իրավաբանական անձ-ռեզիդենտների և իրավաբանական անձ-ոչ ռեզիդենտների միջև իրականացվում են ազատ փոխարկելի վալյուտայով, եթե այլ բան չի նախատեսված միջկառավարական համաձայնագրերով։
Ռուբլու դրամական միավորի օգտագործման կարգը իրավաբանական անձ-ռեզիդենտների և իրավաբանական անձ-ոչ ռեզիդենտների միջև հաշվարկներում (մասնավորապես՝ ներմուծման վճարման, սեփականաշնորհման գործընթացում օտարերկրացիներին գույքի վաճառքի գծով գործառնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցվող կոմունալ կամ այլ ծառայությունների վճարման դեպքում) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
2. Ռեզիդենտների կողմից ընթացիկ վալյուտային գործառնությունների իրականացման համար լիցենզիա կամ թույլտվություն չի պահանջվում։
3. Սույն հիմնական դրույթների 1-ին բաժնի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերում նշված վալյուտային արժեքների արտադրության կազմակերպումը, այդ արժեքների օգտագործմամբ առարկաների պատրաստման ու վաճառքի գործառնությունները կարող են կատարել գործող օրենսդրությանը համապատասխան դրա համար հատուկ լիազորված ձեռնարկություններն ու կազմակերպությունները։
4. Ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից կապիտալի շարժի հետ կապված վալյուտային գործառնությունների իրականացման համար կարող են պահանջվել հատուկ թույլտվություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
5. Ռեզիդենտների կողմից կապիտալի արտահանման կարգը և դրա հետ կապված արտասահմանում ռեզիդենտների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված արտասահմանյան վալյուտային հասույթների Հայաստանի Հանրապետություն փոխադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
6. Մինչև նշված կարգի ընդունումը ղեկավարվել ռեզիդենտների արտաքին տնտեսական գործունեությունից և արտասահմանում այլ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված վալյուտային միջոցների Հայաստանի Հանրապետություն փոխադրման հետևյալ կարգով՝
ա) արտաքին տնտեսական գործունեության հետևանքով ռեզիդենտների ստացած արտասահմանյան վալյուտան ենթակա է պարտադիր փոխանցման Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող լիազորված բանկ, եթե այլ բան չի թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
բ) արտասահմանյան վալյուտայի փոխանցումը լիազորված բանկի հաշիվներին հարկ է իրականացնել ռեզիդենտի օգտին ցանկացած ձևով՝ վճարման և իրականացման ամսաթվից սկսած 30-օրյա ժամկետում, վճարողի (ոչ ռեզիդենտի) բանկի կամ վերջինիս կողմից տվյալ գործարքի վճարման համար լիազորված բանկի կողմից.
գ) վալյուտային հասույթը, որն արտասահմանից ռեզիդենտին է հասցվել որպես սեփականություն կամ ի տնօրինություն և ենթակա է փոխանցման Հայաստանի Հանրապետություն, նրա կողմից մինչև փոխանցումը կարող է օգտագործվել միայն անմիջականորեն տվյալ արտաքին տնտեսական գործառնության (որից ստացվել է այդ հասույթը) հետ կապված բանկային և այլ կոմիսիոն մուծումների ու ծախսերի վճարման համար.
դ) պարտադիր փոխանցման ենթակա չեն՝
ռեզիդենտների այն վալյուտային մուտքերը, որոնք կապված են նրանց կողմից այլ պետությունների տարածքում օբյեկտների շինարարության իրականացման հետ և պատվիրատուների (ոչ ռեզիդենտների)՝ շինարարության ընթացքում տեղական ծախսերի համար վճարումներն են ռեզիդենտներին,
արտասահմանում ֆոնդային գործառնություններին ռեզիդենտների մասնակցությունից գոյացած նրանց այն վալյուտային մուտքերը, որոնք այդ գործառնությունների իրականացման ընթացքում օգտագործվում են այդ գործառնությունների հետագա իրականացման և գործառնության ծախսերի ծածկման համար.
ռեզիդենտների այն վալյուտային մուտքերը, որոնք ստացվում են արտասահմանում ցուցահանդեսների, մարզական, մշակութային և այլ միջոցառումների անցկացումից և միջոցառումների անցկացման ընթացքում օգտագործվում են այդ միջոցառումների հետ կապված ծախսերի ծածկման համար։
Ռեզիդենտների կողմից սույն կետի «ղ» ենթակետում նշված վալյուտային մուտքերի ծախսումը այդ մուտքերի աղբյուր հանդիսացող գործառնությունների կատարման հետ անմիջականորեն կապ չունեցող այլ նպատակներով կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության բանկի թույլտվությամբ՝ յուրաքանչյուր առանձին դեպքում.
ե) արտասահմանում օբյեկտների շինարարության ավարտից հետո ռեզիդենտը պարտավոր է օբյեկտի ընդունման և պատվիրատուի վնասապահանջների կարգավորման մասին ակտի ստորագրման ամսաթվից սկսած 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետություն փոխանցել արտասահմանյան վալյուտային միջոցների մնացորդը։
Արտասահմանում ֆոնդային գործառնությունների անցկացումից ստացված արտասահմանյան վալյուտայով շահույթը ենթակա է փոխանցման Հայաստանի Հանրապետություն՝ գործունեության ավարտի ամսաթվից սկսած 30-օրյա ժամկետում։
Արտասահմանում ցուցահանդեսների, մարզական, մշակութային և այլ միջոցառումների անցկացումից ստացված արտասահմանյան վալյուտայով հասույթը ենթակա է փոխանցման Հայաստանի Հանրապետություն՝ այդ միջոցառումների ավարտման ամսաթվից սկսած 30-օրյա ժամկետում։
Բաժին 4. Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձ-ռեզիդենտների միջև արտասահմանյան վալյուտայով իրականացվող գործառնությունները
1. Ռեզիդենտների միջև հարաբերություններում ռուբլին ընդունվում է առանց սահմանափակումների, որպես ցանկացած պահանջների և պարտավորությունների վճարման միջոց:
Իրավաբանական անձ-ռեզիդենտների միջև արտասահմանյան վալյուտայի և արտասահմանյան վալյուտայով վճարման փաստաթղթերի օգտագործումը թույլատրվում է հետևյալ դեպքերում
ա) արտահանող և տրանսպորտային, ապահովագրական և առաքչական (էքսպեդիտորական) կազմակերպությունների միջև հաշվարկներում, երբ այդ կազմակերպությունների ծառայությունների (բեռների առաքում, ապահովագրություն և էքսպեդիցիա) գները մտնում են ապրանքի գնի մեջ, և դրանք վճարում են արտասահմանյան գնորդները.
բ) ներմուծողների և տրանսպորտային, ապահովագրական ու առաքչական (էքսպեդիտորական) կազմակերպությունների միջև հաշվարկներում բեռները սահմանապահ երկաթուղային կայարաններ առաքման, բեռնապահեստների և գնորդների տերմինալների գծով ծառայությունների համար.
գ) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ (տրանզիտային) բեռնափոխադրումների հետ կապված հաշվարկների դեպքում.
դ) ձեռնարկությունների և կազմակերպությունների համար կապի ծառայությունների դիմաց (կապի միջազգային կապուղիների վարձակալության գծով) այն դեպքերում, եթե հաղորդակցության միջոցների արտասահմանյան տերերի հետ հաշվարկներն իրականացնում են կապի ձեռնարկությունները.
ե) արտասահմանյան գործընկերների հետ արտահանվող արտադրանքի մատակարարների և ներմուծվող արտադրանքի գնորդների պատվերով միջնորդական գործառնություններ իրականացնող կազմակերպությունների կոմիսիոն վարձատրության դեպքում.
զ) արտահանման ենթակա արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) մատակարարների և ենթամատակարարների միջև հաշվարկների դեպքում արտահանողների տրամադրության տակ մնացող վալյուտային հասույթից.
է) բանկային հիմնարկների և միջնորդ արտաքին տնտեսական կազմակերպությունների ծախսերի վճարման դեպքում, եթե նշված ծախսերը կատարել են այդ հիմնարկները և կազմակերպությունները կամ արտասահմանյան վալյուտայով նրանց են ներկայացրել ոչ ռեզիդենտները, ինչպես նաև՝ կոմիսիոն վճարների դեպքում, որոնք վալյուտայով կատարված ծախսերի ծածկման համար գանձում են բանկային հիմնարկներն ու միջնորդ արտաքին տնտեսական կազմակերպությունները.
ը) արտասահմանյան վալյուտայով ստացված առևտրային կամ բանկային վարկի և դրա մարման հետ կապված հաշվարկների, ինչպես նաև՝ ներքին վալյուտային շուկայում արտասահմանյան վալյուտայի գնման ու վաճառքի գործառնություններ կատարելու դեպքում.
թ) արտադրանքը վալյուտայով իրացնող ձեռնարկությունների և այդ արտադրանքի արտադրության համար հումք, կիսաֆաբրիկատներ և այլ անհրաժեշտ բաղադրամասեր (կոմպոնենտներ) մատակարարող ձեռնարկությունների միջև հաշվարկների, ինչպես նաև արտասահմանյան վալյուտայով կատարվող բորսային գործառնությունների համար վճարվող միջնորդական (բրոքերային) բորսաներում վարձատրության հաշվարկների դեպքում։
2. Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջև արտասահմանյան վալյուտայով մյուս հաշվարկները յուրաքանչյուր առանձին դեպքում կատարվում են միայն Հայաստանի Հանրապետության բանկի թույլտվությամբ։
3. Իրավաբանական անձ-ռեզիդենտների միջև արտասահմանյան վալյուտայով բոլոր հաշվարկները կատարվում են նրանց կնքած պայմանագրերի (կոնտրակտների) հիման վրա։
4. Արտասահմանյան վալյուտայի ռուբլով վերահաշվարկը կատարվում է այն կուրսով, որը Հայաստանի Հանրապետության բանկի կողմից սահմանված է տվյալ վալյուտատնտեսական գործառնության համար։
Բաժին 5. Իրավաբանական և ֆիզիկական անձանց (ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների) կողմից լիազորված բանկերում և արտասահմանում օտարերկրյա բանկերում վալյուտային հաշիվների բացումը
1. իրավաբանական անձ-ռեզիդենտների կողմից արտասահմանում օտարերկրյա բանկերում (ոչ լիազորված բանկերում) ընթացիկ և այլ հաշիվների բացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բանկի թույլտվությամբ։ Ֆիզիկական անձ-ռեզիդենտների կողմից արտասահմանում օտարերկրյա բանկերում հաշիվներ բացելու համար Հայաստանի Հանրապետության բանկի թույլտվությունը չի պահանջվում։
2. Ոչ ռեզիդենտներին (իրավաբանական և ֆիզիկական անձանց) թույլատրվում է արտասահմանյան վալյուտային հաշիվներ բացել լիազորված բանկերում։
Լիազորված բանկերի նշված հաշիվներում գտնվող միջոցները կարող են ազատ փոխադրվել արտասահման կամ ռուբլով վաճառվել լիազորված բանկին։
3. Ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձ հանդիսացող ռեզիդենտներին թույլատրվում է արտասահմանյան վալյուտային հաշիվներ բացել լիազորված բանկերում։
Բաժին 6. Իրավաբանական անձ-ոչ ռեզիդենտների կողմից ռուբլով հաշիվների և ավանդների բացումը
1. Լիազորված բանկերը իրավաբանական անձ-ոչ ռեզիդենտների համար ռուբլով հատուկ հաշիվներ և ավանդներ են բացում՝ Հայաստանի Հանրապետության բանկի սահմանած կարգին համապատասխան վալյուտային մուտքերի և միջոցների օգտագործման հատուկ ռեժիմով (մասնավորապես, արտասահմանյան վալյուտայի փոխարկման՝ հետագայում արտասահման փոխադրելու նպատակով ռեժիմը)։
2. Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական և միջկառավարական պայմանագրերին համապատասխան իրենց գործունեությունն իրականացնող ոչ ռեզիդենտների համար ռուբլով հաշիվների բացման հետ կապված հարցերը յուրաքանչյուր առանձին դեպքում կարգավորում է Հայաստանի Հանրապետության բանկը։
3. Ոչ ռեզիդենտների կողմից լիազորված բանկերում բացված հաշիվներով վճարումներն իրականացվում են հաշվում գտնվող միջոցների մնացորդների սահմաններում։ Մեկ տարվա ընթացքում ավելի քան 100 մլն ռուբլի մուտքերի ծավալով հաշիվ վարելու դեպքում անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության բանկի թույլտվությունը։
Բաժին 7. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ քաղաքացիների կողմից վալյուտային արժեքներով իրականացվող գործառնությունները
1. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան ունենալ արտասահմանից Հայաստանի Հանրապետություն ներմուծված, փոխանցված, առաքված կամ այլ օրինական ճանապարհով արտասահմանում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռքբերված սեփական վալյուտային արժեքներ, դրանք պահել լիազորված և այլ բանկերի հաշիվներում կամ ավանդներում։
Լիազորված բանկերում ռեզիդենտների հաշվում գտնվող արտասահմանյան վալյուտան կարող է արտահանվել կամ փոխանցվել արտասահման (այդ թվում նաև՝ հաշվի տիրոջ արտասահման մեկնելու դեպքում)։
2. Քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետությունից արտասահման և արտասահմանից Հայաստանի Հանրապետություն վալյուտային արժեքների արտահանումը, ներմուծումը և առաքումը կատարվում է Հայաստանի Հանրապետության բանկի կողմից սահմանված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված կարգով` պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության պահանջները։
3. Քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետությունից արտասահման և արտասահմանից Հայաստանի Հանրապետություն ռուբլու արտահանումը, ներմուծումը և առաքումը կատարվում է Հայաստանի Հանրապետության բանկի կողմից սահմանված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված կարգով՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության պահանջները։
4. Բացառությամբ արտասահմանյան վալյուտայով կանխիկ միջոցների հաշվին մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գործառնությունների գծով, ինչպես նաև 13-րդ կետի «ա», «բ», «գ», «դ» ենթակետերով նախատեսված գործարքների, քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են վալյուտային գործառնությունները կատարել միայն լիազորված բանկերի միջոցով, Հայաստանի Հանրապետության բանկի սահմանած և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված կարգով։
Ռուբլով արտասահմանյան վալյուտայի առուծախը քաղաքացիները կարող են իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության բանկի կողմից արտասահմանյան վալյուտայի առուծախի գործառնության լիցենզիա ստացած մյուս տնտեսավարող սուբյեկտների միջոցով։
5. Քաղաքացիների արտասահմանյան վալյուտայով միջոցները կարող են ազատ ներդրվել լիազորված բանկերի հաշիվներում ու ավանդներում և նրանց ցանկությամբ ազատ կերպով հանվել այդ հաշիվներից ու ավանդներից։
6. Լիազորված բանկերի հաշիվներում գտնվող արտասահմանյան վալյուտայով միջոցների օգտագործման կարգը սահմանվում է համապատասխան հաշվի ռեժիմով։
Ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար վալյուտային հաշիվների ռեժիմը սահմանում է Հայաստանի Հանրապետության բանկը՝ հաշվի առնելով վալյուտային միջոցների առաջացման բնույթը։
7. Քաղաքացիները կարող են վալյուտային հաշիվներ բացել լիազորված բանկերում, առանց վալյուտային միջոցների առաջացման վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելու։
8. Լիազորված բանկերում ոչ ռեզիդենտների հաշիվներում գտնվող արտասահմանից Հայաստանի Հանրապետություն ներմուծված, փոխանցված (մաքսային կանոնների պահպանմամբ) կամ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով ձեռքբերված արտասահմանյան վալյուտայով միջոցներն առանց սահմանափակման կարող են լիազորված բանկերի միջոցով արտահանվել կամ փոխանցվել արտասահման։
9. Թույլատրվում է քաղաքացի-ռեզիդենտների աշխատավարձի և ցանկացած ձևի վարձատրության արտասահմանյան վալյուտայով վճարումը (այդ թվում՝ նաև կանխիկ դրամով) իրավաբանական անձ-ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից։
10. Թույլատրվում է ռեզիդենտների (քաղաքացիների) կողմից արտասահմանում, տվյալ երկրի օրենսդրության համաձայն, օտարերկրյա վալյուտայով հաշիվներ բացելը և դրանցում վալյուտային միջոցներ պահելը։
11. Քաղաքացիներին պատկանող արտասահմանյան վալյուտայով միջոցները (այդ թվում՝ լիազորված բանկերի հաշիվներում ու ավանդներում գտնվողները) կարող են ռուբլով ազատ վաճառվել լիազորված բանկերի միջոցով կամ՝ հենց անմիջականորեն լիազորված բանկերին։
12. Քաղաքացի-ոչ ռեզիդենտների ռուբլով միջոցները, որոնք գոյացել են լիազորված բանկերին արտասահմանյան վալյուտայի վաճառքից, կարող են արտասահմանյան վալյուտայով հետ վաճառվել լիազորված բանկին և անարգել արտահանվել կամ փոխանցվել արտասահման։
13. Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների, ինչպես նաև ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև վալյուտային արժեքներով կատարվող այն գործարքները, որոնք շրջանցում են լիազորված բանկերը կամ Հայաստանի Հանրապետության բանկի կողմից օտարերկրյա վալյուտայի առուծախի լիցենզիա ստացած այլ տնտեսավարող սուբյեկտներին, արգելվում են, բացառությամբ հետևյալ դեպքերի`
ա) նվիրատվության փոխանցումները պետությանը, հիմնադրամներին և կազմակերպություններին բարեգործական կամ այլ նպատակներով.
բ) վալյուտային արժեքների նվիրատվությունները քաղաքացիներին.
գ) վալյուտային արժեքների կտակումը կամ դրանց ստացումը ժառանգության իրավունքով.
դ) հավաքածուների կազմման նպատակով արտասահմանյան դրամների ու դրամանիշերի (այդ թվում` թանկարժեք մետաղների) մեկ օրինակով ձեռքբերումը, վաճառքը և փոխանակումը՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 16.02.1996, N 45 | 13.05.1992, N 287 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|