ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 24627/16)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
27 օգոստոսի 2026 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Կույումջյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan],
Սեբաստիան Բիանշերի [Sébastien Biancheri]` դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2026 թվականի հուլիսի 2-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2016 թվականի ապրիլի 22-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան տկն Ի. Պետրոսյանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ծանուցվել է գանգատի մասին։
ՓԱՍՏԵՐԸ
4. Դիմումատուի գանգատի առնչությամբ կարևորություն ներկայացնող մանրամասներն ու տեղեկությունները ներկայացված են կից աղյուսակում:
5. Դիմումատուն բողոք է ներկայացրել կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայության մասով։ Նա նաև բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6. Դիմումատուն բողոք է ներկայացրել կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայության մասով։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա։
7. Կառավարությունը պնդել է, որ գանգատն անընդունելի է իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու հիմքով։ Դատարանը, քննելով Կառավարության կողմից ներկայացված փաստարկները, բավարար հիմքեր չի գտնում դրա առարկությունն ընդունելու համար, հետևաբար դրանք պետք է մերժվեն (համեմատի՛ր Ավուշյանն ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Avushyan v. Armenia] [Committee] թիվ 34684/13, § 18, 2023 թվականի հունվարի 31)։
8. Կառավարությունը նաև պնդել է, որ դիմումատուն չի պահպանել վեցամսյա ժամկետն իր կալանքի մասով, որը երկարաձգվել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ 2015 թվականի հունվարի 19-ի և մայիսի 19-ի որոշումներով։ Կառավարությունը նշել է, որ կալանքի յուրաքանչյուր ժամկետ պետք է դիտարկվի առանձին՝ նշելով, որ դիմումատուի գանգատը վերաբերում էր իր կալանքի յուրաքանչյուր ժամկետի համար հիմնավոր և բավարար հիմքերի ենթադրյալ բացակայությանը։ Այնուամենայնիվ, Դատարանը վճռել է, որ կալանքի հաջորդական ժամկետները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, որտեղ վեցամսյա ժամկետը հաշվարկվում է կալանքի վերջին ժամկետի ավարտից (տե՛ս Սոլմազն ըննդեմ Թուրքիայի [Solmaz v. Turkey] թիվ 27561/02, § 36, 2007 թվականի հունվարի 16)։ Սույն գործով դիմումատուի նախնական կալանքը սկսվել է 2014 թվականի նոյեմբերի 24-ին և շարունակվել է առնվազն մինչև 2015 թվականի նոյեմբերի 24-ը։ Ուստի դատարանը մերժում է Կառավարության առարկությունները։
9. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան իր ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ հիմնավոր կասկածի շարունակական առկայությունն առ այն, որ ձերբակալված անձը կատարել է հանցանք, շարունակական կալանքի իրավաչափության համար sine qua non (պարտադիր պայման) է, սակայն որոշ ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար: Այդպիսի դեպքերում Դատարանը պետք է պարզի՝ արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերով շարունակվում է հիմնավորված լինել ազատությունից զրկելը: Եթե նման հիմքերը «հիմնավոր» և «բավարար» են, ապա Դատարանը նաև պետք է հավաստիանա՝ արդյոք վարույթն իրականացնելիս իրավասու ազգային մարմինները դրսևորել են «պատշաճ ջանասիրություն»։ Դատարանը նաև վճռել է, որ կալանքի ցանկացած ժամկետի համար հիմնավորումը՝ անկախ դրա կարճ լինելու հանգամանքից, պետք է համոզիչ ձևով ապացուցվի մարմինների կողմից: Անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս մարմինները պարտավոր են դիտարկել այլընտրանքային միջոցներ՝ դատաքննությանը նրա ներկայությունն ապահովելու համար։ Ողջամիտ կասկածի առկայությունից բացի՝ դատական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կալանավորման համար «հիմնավոր» և «բավարար» պատճառներ ներկայացնելու պահանջն արդեն իսկ կիրառվում է նախնական կալանք նշանակելու մասին առաջին որոշումը կայացնելու ժամանակ, այսինքն՝ ձերբակալելուց «անմիջապես» հետո (տե՛ս ի թիվս այլ վճիռների, Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova [GC], թիվ 23755/07, §§ 87 և 102, 2016 թվականի հուլիսի 5):
10. Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի [Muradkhanyan v. Armenia] (թիվ 12895/06, 2012 թվականի հունիսի 5) և Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia] (թիվ 629/11, 2016 թվականի հոկտեմբերի 20) նախադեպային գործերում Դատարանն արդեն խախտում է հայտնաբերել սույն գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ:
11. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, չի հայտնաբերել սույն բողոքների ընդունելիության կամ էության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։ Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը գտնում է, որ սույն գործում ներպետական դատարանները դիմումատուի մինչդատական կալանքի համար չեն տրամադրել հիմնավոր և բավարար պատճառներ։
12. Հետևաբար սույն բողոքն ընդունելի է և բացահայտում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։
II. ՄՆԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ
13. Դիմումատուն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի հիման վրա ներկայացրել է նաև մեկ այլ բողոք՝ պնդելով, որ իր կալանքի օրինականությունը արդյունավետորեն վիճարկելու իր իրավունքը խախտվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի կողմից՝ կալանքը երկարաձգելու վերաբերյալ 2015 թվականի հուլիսի 18-ի որոշումն իրեն չհանձնելու հետևանքով։
14. Դատարանը քննել է գանգատը և հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը, և այնքանով, որքանով բողոքի հիմքում ընկած հարցերի քննությունն իր իրավասության սահմաններում է, գտնում է, որ այս բողոքը կա՛մ չի համապատասխանում Կոնվենցիայի 34-րդ և 35-րդ հոդվածներով սահմանված ընդունելիության չափանիշներին, կա՛մ դրանով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով ամրագրված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ։
Հետևաբար գանգատի այդ մասը պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերին համապատասխան։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
15. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերևում հիշատակված Մուրադխանյանի գործը)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։
ՍՈՒՅՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է դիմումատուի կալանքի համար հիմնավոր և բավարար հիմքերի բացակայության վերաբերյալ բողոքն ընդունելի, իսկ գանգատը մնացած մասով՝ անընդունելի.
2. Վճռում է, որ սույն բողոքով բացահայտվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում՝ դիմումատուի կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայության առնչությամբ.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի օգոստոսի 27-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
|
Վիկտորիա Մարադուդինա՝ |
Անդրեաս Զունդ՝ |
|
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար |
Նախագահ |
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ
(կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայությունն ու մինչդատական կալանքի չափազանց երկար տևողությունը)
|
Գանգատ թիվ Ներկայացման ամսաթիվը |
Դիմումատուի անունը Ծննդյան տարեթիվը |
Ներկայա-ցուցչի անունը և գտնվելու վայրը |
Կալանքի ժամանակա-հատվածը |
Դատարանը, որը կայացրել է կալանա-վորման մասին որոշում/քննել է բողոքը |
Կա-լանքի տևողու-թյունը |
Հատուկ թերու-թյունները |
Դիմումա-տունե-րից յուրա-քան-չյուրին ոչ նյու-թական վնասի դիմաց շնորհ-վող գու-մարը (եվրո-յով)1 |
Յուրա-քանչյուր գան-գատի մասով ծախ-սերի և ծախ-քերի դիմաց շնորհ-վող գու-մարը (եվրո-յով)2 |
|
24627/16 22.04.2016թ․ |
Աշոտ ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆ 1978 |
Պետրոսյան Ինեսսա, Երևան |
2014 թվականի նոյեմբերի 24-ից 2015 թվականի նոյեմբերի 24 |
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարան
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան
Վերաքննիչ քրեական դատարան |
1 տարի և 1 օր |
դատարանների կողմից բերված պատճառների ոչ ծանրակշիռ բնույթը |
700 |
500 |
_____________
1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|