ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
Երևան |
15 սեպտեմբերի 2026 թվականի |
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
|
Սահմանադրական դատարանը՝ կազմով. |
||||
|
դատավորներ՝ |
Արման Դիլանյանի (նախագահող), | |||
|
Արտակ Զեյնալյանի, | ||||
|
Դավիթ Խաչատուրյանի, | ||||
|
Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, | ||||
|
Էդգար Շաթիրյանի, | ||||
|
Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի, | ||||
|
Վլադիմիր Վարդանյանի (զեկուցող), | ||||
|
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | ||||
|
դիմողի՝ ներկայացուցիչ՝ |
Կառավարության, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, | |||
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
Կառավարության՝ 2026 թվականի մայիսի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիման վրա դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Խաղաղության խորհրդի կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունը 2026 թվականի ապրիլի 30-ի N 578-Ա որոշմամբ հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանի 2026 թվականի մայիսի 20-ի ՍԴԱՈ-87 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության, որոշվել է գործի դատաքննությունն սկսել 2026 թվականի հուլիսի 7-ին, գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Վարդանյանին, իսկ գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:
Հաշվի առնելով գործով զեկուցողի առաջարկությունն առ այն, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ գործի վարույթը կասեցնելու հիմք, մասնավորապես՝ Կառավարության ներկայացուցչի կողմից ներկայացված նոր նյութերն ստացվել են դատաքննության նախորդ օրը և դրանց պատշաճ և լիարժեք ուսումնասիրության համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ, Սահմանադրական դատարանի 2026 թվականի հուլիսի 7-ի ՍԴԱՈ-159 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցվել է՝ մինչև կասեցման հիմքը վերանալը:
Սահմանադրական դատարանի 2026 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴԱՈ-199 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը վերսկսվել, և գործի դատաքննությունը նշանակվել է 2026 թվականի սեպտեմբերի 15-ին:
Ուսումնասիրելով վերոնշյալ կանոնադրությունը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Խաղաղության խորհրդի կանոնադրությունը (այսուհետ նաև՝ Կանոնադրություն) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2026 թվականի հունվարի 22-ին:
2. Սույն որոշման կայացման օրվա դրությամբ, համաձայն Խաղաղության խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) պաշտոնական համացանցային կայքի (https://boardofpeace.org/) տվյալների, Խորհրդի հիմնադիր անդամներ են քսանութ երկրներ:
3. Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կանոնադրությունը կնքվել է հակամարտությունից տուժած կամ դրա սպառնալիքի ներքո գտնված տարածքներում կայունությունը խթանելուն, վստահելի և օրինական կառավարումը վերականգնելուն, երկարատև խաղաղությունն ապահովելուն ձգտող միջազգային կազմակերպություն հիմնադրելու նպատակով:
4. Կանոնադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Խաղաղության խորհուրդը, միջազգային իրավունքի համաձայն և Կանոնադրությամբ սահմանված կարգով, ստանձնում է խաղաղության հաստատման, այդ թվում՝ խաղաղության ձգտող բոլոր ազգերի և համայնքների կողմից կիրառելի լավագույն գործելակերպերի մշակման և տարածման գործառույթներ:
5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Խորհրդին անդամակցությունը սահմանափակվում է Խորհրդի նախագահի կողմից դրան միանալու հրավեր ստացած պետություններով (հոդված 2.1), որոնք Կանոնադրության ուժի մեջ մտնելու պահից անդամակցում են Խորհրդին երեք տարին չգերազանցող ժամկետով՝ Խորհրդի նախագահի կողմից երկարաձգման հնարավորությամբ: Յուրաքանչյուր անդամ պետություն, Խորհրդի նախագահին գրավոր ծանուցելով, կարող է անհապաղ դուրս գալ Խորհրդից (հոդված 2.4): Թեև Խորհրդի նախագահի որոշմամբ անդամ պետությունը կարող է հեռացվել Խաղաղության խորհրդից, սակայն տվյալ որոշումը կարող է արգելափակվել անդամ պետությունների երկու երրորդի մեծամասնության վետոյով (հոդված 2.3):
6. Սահմանադրական դատարանը փաստում է նաև, որ Կանոնադրության 5.1-ին հոդվածի համաձայն՝ Խաղաղության խորհրդի ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետությունների, այլ պետությունների, կազմակերպությունների կողմից կամ այլ աղբյուրներից տրամադրվող կամավոր ֆինանսավորմամբ:
7. Սահմանադրական դատարանը Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնվելիք պարտավորությունների բովանդակային ծավալը գնահատելու տեսանկյունից կարևոր է համարում ընդգծել, որ Կանոնադրության 2.2-րդ հոդվածի համաձայն` Կանոնադրության ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այնպես, որ առանց տվյալ պետության համաձայնության՝ ա) Խորհրդին վերապահվի իրավազորություն տվյալ պետության տարածքում կամ բ) վերջինիս պարտավորեցնի մասնակցել խաղաղության հաստատման կոնկրետ որևէ առաքելության։ Ուստիև՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ խաղաղության հաստատման կոնկրետ որևէ առաքելության մասնակցությունը կամ որևէ պետության տարածքում Խաղաղության խորհրդի իրավազորությունը հնարավոր է բացառապես տվյալ պետության հստակ արտահայտած համաձայնության առկայության դեպքում, ինչը բխում է Սահմանադրության 1-ին և 13-րդ հոդվածներից:
8. Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
8.1. ներկայացված լինել Խաղաղության խորհրդում պետության գլխի կամ Կառավարության ղեկավարի կողմից (հոդված 2.2, «ա» կետ),
8.2. աջակցել և օժանդակել Խաղաղության խորհրդի գործունեությանը՝ Հայաստանի Հանրապետության ներպետական իրավակարգին համապատասխան (հոդված 2.2, «բ» կետ),
8.3. քվեարկել Խաղաղության խորհրդի օրակարգում ներառված բոլոր առաջարկների վերաբերյալ, այդ թվում՝ տարեկան բյուջեների, ենթակա մարմինների ստեղծման, բարձրաստիճան գործադիր պաշտոնյաների նշանակման և հիմնական քաղաքականությունների սահմանման մասով, ինչպիսիք են միջազգային համաձայնագրերի հաստատումը և խաղաղության հաստատմանն ուղղված նոր նախաձեռնությունների իրականացումը (հոդված 3.1, «բ» կետ):
9. Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Կանոնադրության 11.1-ին հոդվածի «բ» կետում ամրագրված հանձնառությանը, համաձայն որի՝ «Պետությունները, որոնցից պահանջվում է վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն Կանոնադրությունը ներպետական ընթացակարգերով, համաձայնում են ժամանակավորապես կիրառել սույն Կանոնադրության դրույթները, եթե այդ պետությունները ստորագրելու պահին Խորհրդի նախագահին չեն տեղեկացրել, որ չեն կարող դա անել», անհրաժեշտ է համարում, հիմք ընդունելով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և կից ներկայացված փաստաթղթերը, արձանագրել, որ 2026 թվականի հունվարի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության անունից ստորագրելով Խորհրդի կանոնադրությունը, միաժամանակ տեղեկացրել է Խորհրդի նախագահին, որ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության պահանջներից ելնելով՝ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը չի կարող ժամանակավորապես կիրառվել դրա ստորագրման պահից: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն իր՝ 2101-003-2026 գրությամբ ևս հավաստել է ԱՄՆ պետքարտուղարությանը, որ «Հայաստանի Հանրապետությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ լիարժեք մասնակցելու Խորհրդի գործունեությանը, սակայն Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ սահմանված պահանջներից ելնելով՝ Կանոնադրությունը չի կարող ժամանակավորապես կիրառվել դրա պաշտոնական ստորագրման պահից»:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված՝ ինքնիշխան պետության հայեցակարգին, 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Խաղաղության խորհրդի կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
|
Նախագահող |
Ա. Դիլանյան |
|
15 սեպտեմբերի 2026 թվականի ՍԴՈ-1842 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|