ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
11 սեպտեմբերի 2026 թվականի ք. Երևան |
թիվ 110-Ն |
ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՄ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԿԱՄ ՍԵՌԱՅԻՆ ԿԱՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ԲՈՐԲՈՔՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՅԼ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՈՎ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆՈՂ, ԽՐԱԽՈՒՍՈՂ ԿԱՄ ԱՐԴԱՐԱՑՆՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տեսալսողական հաղորդումներում ազգային կամ ռասայական կամ սեռային կամ կրոնական ատելություն բորբոքող, ինչպես նաև տարիքային կամ հաշմանդամության կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածման չարաշահման արգելքների չափորոշիչները՝ համաձայն Հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
|
2026 թ. սեպտեմբերի 11 ք. Երևան |
|
Հավելված Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2026 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 110-Ն որոշման |
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՄ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԿԱՄ ՍԵՌԱՅԻՆ ԿԱՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ԲՈՐԲՈՔՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՅԼ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՈՎ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆՈՂ, ԽՐԱԽՈՒՍՈՂ ԿԱՄ ԱՐԴԱՐԱՑՆՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ
1․ Սույն որոշմամբ սահմանվում են տեսալսողական հաղորդումներում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ ազգային կամ ռասայական կամ սեռային կամ կրոնական ատելություն բորբոքող, ինչպես նաև տարիքային կամ հաշմանդամության կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածման չարաշահման արգելքների չափորոշիչները։
2․ Սույն որոշման նպատակն է ապահովել Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված արգելքի կիրառման իրավական որոշակիությունը, դրա միասնական, համաչափ և կանխատեսելի կիրառումը, ինչպես նաև կանխարգելել տեսալսողական մեդիայում ատելություն բորբոքող, խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածումը և նպաստել յուրաքանչյուր անձի՝ խտրականության չենթարկվելու իրավունքի պաշտպանությանը։
3․ Պաշտպանվող հատկանիշներ՝ անձի կամ անձանց խմբի ազգային, ռասայական, սեռային, կրոնական, տարիքային, հաշմանդամության, ինչպես նաև անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշները, այդ թվում՝ մաշկի գույնը, էթնիկ կամ սոցիալական ծագումը, լեզուն, քաղաքացիությունը, աշխարհայացքը, քաղաքական կամ այլ հայացքները, ազգային փոքրամասնությանը պատկանելությունը, գույքային վիճակը, ծնունդը, առողջական վիճակը, գենետիկական հատկանիշները, գենդերային ինքնությունը, ամուսնական կամ ընտանեկան կարգավիճակը, միգրացիոն կամ փախստականի կարգավիճակը, ինչպես նաև անձի կարգավիճակի կամ հասարակական դիրքի հետ կապված համադրելի այլ հատկանիշներ։
4․ Ատելություն բորբոքող տեղեկատվություն՝ տեղեկատվություն, որն ուղղված է անձի կամ անձանց խմբի պաշտպանվող հատկանիշներից որևէ մեկի կամ մի քանիսի նկատմամբ անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն, բորբոքելուն կամ քարոզելուն և որն իր բովանդակությամբ, համատեքստով կամ ներկայացման եղանակով նպաստում է կանխակալ վերաբերմունքի, նվաստացման, թշնամանքի կամ անհանդուրժողականության ձևավորմանը, խրախուսմանը կամ արդարացմանը։
5․ Խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվություն՝ տեղեկատվություն, որն ուղղված է պաշտպանվող հատկանիշի հիմքով անձի կամ անձանց խմբի անհավասար կամ բացառող կամ նրանց հավասար արժանապատվությունն ու իրավունքները կասկածի տակ դնող վերաբերմունքի ձևավորմանը և որն իր բովանդակությամբ կամ համատեքստով կամ ներկայացման եղանակով նպաստում կամ խրախուսում կամ արդարացնում է պաշտպանվող հատկանիշով պայմանավորված անհավասար վերաբերմունքը։
6․ Տեսալսողական հաղորդումները հեռարձակելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ չափորոշիչներով․
Տեսալսողական հաղորդումներում ազգային կամ ռասայական կամ սեռային կամ կրոնական ատելություն բորբոքող, ինչպես նաև տարիքային կամ հաշմանդամության կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության առկայությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ չափորոշիչներից մեկը կամ մի քանիսը․
1) տարածվում կամ ամրապնդվում են այնպիսի կարծրատիպեր, որոնք պաշտպանվող հատկանիշ ունեցող անձին կամ անձանց խմբերին ներկայացնում են որպես հանցավոր, պակաս արժեք ունեցող, հասարակության համար վտանգավոր, անցանկալի կամ իրավունքների ոչ լիարժեք կրող․
2) պաշտպանվող հատկանիշ ունեցող անձի կամ անձանց խմբի նկատմամբ արտահայտվում, խրախուսվում կամ արդարացվում են թշնամանքը, անհանդուրժողականությունը, արհամարհանքը կամ ձևավորում սոցիալական բացառման գաղափարները.
3) պաշտպանվող հատկանիշ ունեցող անձի կամ անձանց խմբի նկատմամբ հնչում են կոչեր՝ սահմանափակելու, մերժելու կամ խոչընդոտելու նրանց իրավունքների և ազատությունների իրականացումը.
4) անձի կամ անձանց խմբի բացասական վարքագիծը, գործողությունը կամ հատկանիշը ներկայացվում է որպես տվյալ խմբի բոլոր ներկայացուցիչներին բնորոշ կամ հատուկ հատկանիշ.
5) տեղեկատվություն, որը պաշտպանվող հատկանիշ ունեցող անձի կամ անձանց խմբին վերագրում է հասարակական, տնտեսական, քաղաքական կամ այլ խնդիրների առաջացման համար հավաքական պատասխանատվություն կամ մեղավորություն.
6) տարածվում են այնպիսի պատկերացումներ, որոնց համաձայն պաշտպանվող հատկանիշ ունեցող անձը կամ անձանց խումբը հասարակության, պետության, մշակույթի, ավանդույթների կամ հանրային անվտանգության համար սպառնալիք են։
7․ Սույն որոշման կիրառման ընթացքում գնահատվում են ոչ միայն առանձին արտահայտությունները կամ պատկերները, այլև դրանց ընդհանուր համատեքստը և ուղերձը, նպատակը, հաղորդման ձևաչափը, հաղորդավարի արտահայտած դիրքորոշումը, ներկայացման եղանակը, լսարանի առանձնահատկությունը և դրա վրա ազդեցությունը, ինչպես նաև այն հանգամանքը, թե արդյոք բովանդակությունը ողջամտորեն կարող է հանգեցնել պաշտպանվող հատկանիշ ունեցող անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության, թշնամանքի, անհանդուրժողականության կամ խտրական վերաբերմունքի ձևավորմանը, խրախուսմանը կամ արդարացմանը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|