ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՀՀ-ՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 34-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա
Կարգավիճակ
Գործում է (16.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.03.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«20» մարտ 2025 թ.

N 34-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողության N 3.1.1-010-08 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 21-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 15-րդ օրը:

 

 

20.03.2025

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի մարտ «20»-ի

N 34-Ն հրամանի

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջները» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ՝ Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն), ինչպես նաև առողջարանների, ուսումնական հաստատությունների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների համար, անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, ինչպես նաև համաճարակաբանական հետազոտությանը (հետախուզություն), կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներին մասնակցող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ֆիզիկական անձանց համար։

2. Նորմատիվը սահմանում է տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկմանը, համաճարակաբանական հետազոտությանը (հետախուզություն), կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներին, տուբերկուլոզ հիվանդության լաբորատոր գործիքային հետազոտություններին, տուբերկուլոզ հիվանդությամբ պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ՝ տուբերկուլոզային բժշկական կազմակերպություն), այդ թվում՝ հիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ՝ հիվանդանոցային տուբերկուլոզային բժշկական կազմակերպություն) և արտահիվանդանոցային բժշկական կազմակերպությունների կազմում գործող տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներում (այսուհետ՝ ՏԲ կաբինետ) վարակի կանխարգելմանը և հսկողությանը ներկայացվող պահանջները։

3. Sուբերկուլոզ հիվանդության ռիսկի խմբերն են (այսուհետ՝ ռիսկի խումբ).

1) Համայնքներում բնակվող բնակչության շրջանում`

ա. սոցիալապես անապահով և անօթևան անձինք,

բ. հեռավոր՝ այդ թվում սահմանամերձ բնակավայրերում, բնակվող անձինք,

գ. փախստականներ, բնական աղետների կամ այլ պատճառներով տեղահանված անձինք,

դ. բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչները,

ե. որոշակի տարածաշրջանում բնակվող կամ որոշակի զբաղմունք ունեցող անձինք, որոնց շրջանում տուբերկուլոզ հիվանդության տարածվածությունը կամ հիվանդացությունը զգալիորեն ավելի բարձր է, քան ընդհանուր բնակչության մոտ,

զ. անձինք, ովքեր վերադարձել են տուբերկուլոզ հիվանդության բարձր տարածվածությամբ երկրից,

է. կալանավորված անձինք և դատապարտյալները։

2) Առողջապահական մակարդակում`

ա. նախկինում տուբերկուլոզ հիվանդությունից բուժված անձինք, ովքեր գտնվում են հետբուժական շարունակական հսկողության մեջ սահմանված ժամկետներում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանի,

բ. թոքերի տարածուն ֆիբրոզ փոփոխություններով և քրոնիկ թոքային հիվանդություններով անձինք,

գ. մարդու իմունային անբավարարության վիրուսով (այսուհետ՝ ՄԻԱՎ) վարակված անձինք,

դ. հոգեներգործուն նյութերի, թմրամիջոցների, ալկոհոլի գործածումից ֆիզիոլոգիական կամ հոգեբանական կախվածություններով անձինք,

ե. տուբերկուլոզ հիվանդության աղբյուրի հետ մասնագիտական շփում ունեցող անձինք (հակատուբերկուլոզային ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների բուժաշխատողներ և հարբժշկական ծառայություններ մատուցող անձնակազմ), ինչպես նաև տուբերկուլոզ հիվանդությամբ անձանց կոնտակտավորներ (այսուհետ նաև` կոնտակտավորներ), ներառյալ` համատեղ բնակվող և այլ, ընտանեկան օջախից դուրս, տուբերկուլոզ հիվանդությամբ անձի հետ երկարատև սերտ շփում ունեցող (ընթացիկ հիվանդությունը սկսվելուց առաջ 3 ամսվա ընթացքում սահմանափակ տարածքում շաբաթական ութ ժամ և ավելի տևողությամբ շփում ունեցող),

զ. ստամոքս-աղիքային համակարգի ոչ մասնահատուկ (սպեցիֆիկ) քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, այդ թվում՝ խոցային հիվանդություն և վիճակ՝ ստամոքսի վիրահատությունից հետո,

է. շաքարային դիաբետով անձինք,

ը. իմունային համակարգը թուլացնող բուժում (կորտիկոստերոիդային, ճառագայթային և ցիտոստատիկ բուժում) ստացող անձինք,

թ. առաջնային իմունային անբավարարությամբ հիվանդ անձինք,

ժ. փոշեգարությամբ անձինք՝ սիլիկոզ, անտրակոզ, բերիլիոզ և այլն,

ի. թերսնված կամ անբավարար մարմնի զանգված ունեցող (մարմնի զանգվածի ինդեքսը՝ 18-ից ցածր) անձինք։

(3-րդ կետը խմբ. 10.09.26 N 65-Ն)

 

ԳԼՈՒԽ 2. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4. Բնակչության շրջանում տուբերկուլոզ հիվանդության դեպքերը հայտնաբերվում են բժշկական կազմակերպությունների ավագ և միջին բուժաշխատողների կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 26-ի N 49-Ն հրամանի հավելվածի 54-րդ գլխով սահմանված ստանդարտ բնորոշումների:

(4-րդ կետը խմբ. 10.09.26 N 65-Ն)

5. Պացիենտի մոտ տուբերկուլոզային վարակի կամ հիվանդության կասկածի դեպքում պացիենտն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող մասնագետի կողմից ուղեգրվում է ՏԲ կաբինետ` ախտորոշման հաստատման կամ ժխտման նպատակով: Տուբերկուլոզային վարակի հայտնաբերման մաշկային թեստն իրականացվում է բժշկական կազմակերպությունների միջամտությունների կաբինետում:

(5-րդ կետը խմբ. 10.09.26 N 65-Ն)

6. Բժշկական կազմակերպությունը տուբերկուլոզ հիվանդության դեպքերի հաշվառումը, հաղորդումը և հաշվետվությունն իրականացնում է՝ համաձայն հիվանդությունների և թունավորումների դեպքերի հաշվառմանը, և հաղորդմանը ներկայացվող պահանջներ սահմանող Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի։

7. Լիազոր մարմնի կողմից, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների (այսուհետ՝ պետական կազմակերպություն) միջոցով իրականացվում է տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկում:

8. Հավաքագրված տվյալների հիման վրա Լիազոր մարմնի կողմից, այդ թվում՝ պետական կազմակերպության միջոցով իրականացվում է՝

1) տուբերկուլոզ հիվանդության դեպքերի վերլուծություն տարեկան առնվազն մեկ անգամ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ համաճարակային իրավիճակից ելնելով,

2) համաճարակային իրավիճակի գնահատում՝ տուբերկուլոզ հիվանդության նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաճարակաբանական ցուցանիշների համեմատության միջոցով։

9. Նորմատիվի 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի արդյունքներով կարող են մշակվել և պետական մարմիններին, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հանրային առողջության ապահովման նպատակով ներկայացվել անհրաժեշտ առաջարկություններ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ առաջարկությունների հիման վրա կարող են ընդունվել «Հանրային առողջապահության մասին» օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված որոշումներ։

 

ԳԼՈՒԽ 3. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԵՎ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

10. Տուբերկուլոզ հիվանդության ախտորոշման լաբորատոր հետազոտությունները, պացիենտների հոսպիտալացումը, բժշկական կազմակերպությունից դուրս գրումը, շարունակական (դիսպանսեր) հսկողությունը, ինչպես նաև հետբուժական շարունակական (դիսպանսեր) հսկողությունն իրականացվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանի։

11. Տուբերկուլոզ հիվանդության կասկածով մշտական բնակության վայր չունեցող Հայաստանի Հանրապետության և այլ երկրների քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք հետազոտվում են՝ ախտորոշման և բուժման նպատակով տուբերկուլոզ հիվանդության դեպքը հայտնաբերած տարածքային ՏԲ կաբինետի կողմից։

12. «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ԻՀԱԿ) և ՏԲ կաբինետը յուրաքանչյուր ուղեգրված դեպքի հետազոտության արդյունքների և ախտորոշման մասին տեղեկատվություն են տրամադրում ուղեգրող բժշկական կազմակերպությանը կամ մասնագետին, այդ թվում՝ «Էլեկտրոնային ՏԲ մենեջեր» (e-TB manager) առցանց համակարգի (այսուհետ՝ առցանց համակարգ) միջոցով։

(12-րդ կետը փոփ. 10.09.26 N 65-Ն)

13. Ռիսկի խմբում ընդգրկված անձինք բժշկական օգնության դիմելիս բժշկական կազմակերպության բուժաշխատողի կողմից վերհուշի միջոցով բացահայտվում են տուբերկուլոզ հիվանդության բնորոշ ախտանշանների առկայությունը։ Զննության արդյունքները գրառվում են պացիենտի բժշկական փաստաթղթերում։ Զննության արդյունքում տուբերկուլոզ հիվանդությանը բնորոշ ախտանշանների հայտնաբերման դեպքում հետազոտված անձինք 3 օրվա ընթացքում ուղեգրվում են տուբերկուլոզային բժշկական կազմակերպություն` հետազոտման, ախտորոշման ճշգրտման և անհրաժեշտության դեպքում՝ բուժման նպատակով։

14. Տուբերկուլոզ հիվանդության լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններն են՝

1) ախտաբանական նմուշի գենետիկական գենէքսպերտ հետազոտություն,

2) ախտաբանական նմուշի մանրադիտակային հետազոտություն,

3) ախտաբանական նմուշի մանրէաբանական հետազոտություն (ցանք),

4) ֆենոտիպային դեղազգայունության թեստ,

5) մոլեկուլային գենետիկական հետազոտություն (LPA),

6) մեզի հետազոտության թեստ (Լամ)` ՄԻԱՎ-ով կամ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ ունեցող պացիենտների համար լրացուցիչ ախտորոշիչ թեստ,

15. Տուբերկուլոզ հիվանդության ախտորոշիչ գործիքային հետազոտություններն են՝

1) թոքերի ռենտգենաբանական hետազոտություն, որն իրականացվում է լաբորատոր հետազոտությանը զուգահեռ,

2) բրոնխադիտում՝ բժշկի ցուցումով ախտորոշման ճշգրտման նպատակով,

3) համակարգչային շերտագրում՝ ճառագայթաբանի ցուցումով ախտորոշման ճշգրտման նպատակով,

4) համակարգչային աջակցությամբ հայտնաբերում՝ ՔԱԴ (CAD), մասսայական սքրինինգային հետազոտությունների ժամանակ։

16. Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունների (այսուհետ՝ ԱԱՊ) ՏԲ կաբինետ ուղեգրված թոքային տուբերկուլոզ հիվանդության կասկածով բոլոր պացիենտները երկու օրվա ընթացքում ենթարկվում են խորխի մեկ գենէքսպերտ և երկու մանրադիտակային հետազոտության՝ տվյալ կազմակերպության կողմից կամ վերջինիս կցագրված տուբերկուլոզի ախտորոշման գենէքսպերտ և մանրադիտակային հետազոտություն իրականացնող լաբորատորիայում։

17. Տուբերկուլոզ հիվանդության կասկածով պացիենտների ախտաբանական նմուշների մանրէաբանական հետազոտության և ֆենոտիպային դեղազգայնության որոշման նպատակով կենսանմուշները տեղափոխվում են ԻՀԱԿ-ի Ազգային ռեֆերենս լաբորատորիա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի փետրվարի 2-ի N 06-Ն հրամանի։

(17-րդ կետը փոփ. 10.09.26 N 65-Ն)

18. Տուբերկուլոզ հիվանդության կասկածով պացիենտների նմուշների հետազոտման բոլոր արդյունքները գրանցվում են նաև տուբերկուլոզի տվյալների առցանց համակարգում։

19. Տուբերկուլոզ հիվանդության կասկածով պացիենտների ախտորոշման նպատակով իրականացված ռենտգենաբանական և այլ գործիքային հետազոտությունների արդյունքները գրանցվում են ՏԲ կաբինետում վարվող տուբերկուլոզ հիվանդության կասկածով պացիենտների գրանցամատյանում։

20. Բժշկական կազմակերպություններում պացիենտների ռենտգենաբանական և այլ գործիքային հետազոտությունների արդյունքում հայտնաբերված տուբերկուլոզ հիվանդությանը բնորոշ փոփոխությունների դեպքում պացիենտները 3 օրվա ընթացքում ուղեգրվում են տվյալ բժշկական կազմակերպության կամ պացիենտի կցագրված բժշկական կազմակերպության ՏԲ կաբինետ, ցուցման դեպքում պացիենտներն ուղեգրվում են ԻՀԱԿ՝ հետագա հետազոտությունները կազմակերպելու նպատակով:

(20-րդ կետը փոփ. 10.09.26 N 65-Ն) 

21. Ռենտգենաբանական հետազոտությանը ներկայացվող պահանջներն են՝

1) Տուբերկուլոզ հիվանդության ակտիվ ձևերի դեպքում ռենտգենաբանական հետազոտության ժապավենները պահպանվում են մինչև պացիենտի հետբուժական հսկողության ավարտը:

2) ռենտգենաբանական հետազոտություններ իրականացնելիս պահպանվում են ճառագայթային անվտանգության նորմերը և կանոնները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1219-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1489-Ն որոշումների։

(21-րդ կետը փոփ. 10.09.26 N 65-Ն) 

 

ԳԼՈՒԽ 4. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ (ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ), ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

22. Տուբերկուլոզ հիվանդության արձանագրման ժամանակ Լիազոր մարմնի, այդ թվում՝՝ պետական կազմակերպության միջոցով, իրականացվում է դեպքի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն): Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին սեփականության իրավունքով կամ օրինական այլ հիմքով պատկանող վայրում (տարածք, շինություն և այլն) տուբերկուլոզ հիվանդության արձանագրման ժամանակ, Լիազոր մարմինը, այդ թվում՝ պետական կազմակերպության միջոցով անձի համաձայնությամբ, հիվանդության օջախում իրականացնում է դեպքի և օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն)՝ հավանական վարակի աղբյուրի, կոնտակտավորների հայտնաբերում, օջախի սահմանների որոշում և Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցով սահմանված միջոցառումներ:

23. Տուբերկուլոզ հիվանդության օջախում ՏԲ կաբինետի մասնագետի կողմից իրականացվում է՝

1) տուբերկուլոզ հիվանդության հայտնաբերման նպատակով կոնտակտավորների շփումների ուսումնասիրություն՝ ինդեքս դեպքի հետ նախկինում շփում ունեցած և չախտորոշված անձանց հայտնաբերում, այդ թվում՝ այն կոնտակտավորների տարանջատում, ովքեր տուբերկուլոզով հիվանդությամբ պացիենտի հետ համատեղ չեն բնակվում, սակայն վերջինիս հետ ունեցել են երկարատև սերտ շփում,

2) կոնտակտավորների մասնագիտական խորհրդատվության և հետազոտությունների կազմակերպում (ներառյալ` 18 տարեկանից բարձր տարիքի կոնտակտավորների շրջանում, խորխի առկայության դեպքում՝ խորխի լաբորատոր հետազոտություն)` ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանի, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի,

3) կոնտակտավորների կանխարգելիչ բուժում` ըստ լիազոր մարմնի կողմից հաստատված պացիենտի վարման գործելակարգերի և կլինիկական ուղեցույցների,

4) կոնտակտավորի մոտ տուբերկուլոզին բնորոշ ախտանիշների առկայության և դրանցով պայմանավորված` տուբերկուլոզ հիվանդության կասկածի դեպքում կոնտակտավորի վարում որպես ՏԲ կասկածելի դեպք` ըստ լիազոր մարմնի կողմից հաստատված չափորոշիչների, պացիենտի վարման գործելակարգերի և կլինիկական ուղեցույցների,

5) կոնտակտավորների տվյալների գրանցում տուբերկուլոզի առցանց, ինչպես նաև առկայության դեպքում թղթային գրանցամատյաններում:

(23-րդ կետը խմբ. 10.09.26 N 65-Ն) 

24. Տուբերկուլոզ հիվանդությամբ պացիենտների կոնտակտավորների նկատմամբ հսկողություն է սահմանվում ինդեքս դեպքի արձանագրումից հետո երկու տարվա ընթացքում, այդ թվում՝ Նորմատիվի 23ուղղ.-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված հետազոտություններն առաջին տարում իրականացվում են եռամսյակը մեկ անգամ, իսկ երկրորդ տարում՝ կիսամյակը մեկ անգամ։

25. Աշխատավայրում տուբերկուլոզ հիվանդության արձանագրման դեպքում սույն Նորմատիվի 23-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հետազոտությունները կոնտակտավորների շրջանում կազմակերպվում են աշխատավայրի տեղակայման տարածքային ՏԲ կաբինետի կողմից, հետազոտությունների արդյունքները տրամադրվում են կոնտակտավորների բնակության վայրի ԱԱՊ-ին։

(25-րդ կետը փոփ. 10.09.26 N 65-Ն) 

26. Տուբերկուլոզ հիվանդության դեպքերի հայտնաբերման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված «Գործունեության ոլորտների և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկում» ընդգրկված անձանց շրջանում իրականացվում են առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննություններ:

27. Տուբերկուլոզ հիվանդության կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց նկատմամբ իրականացվում են տուբերկուլոզի հայտնաբերման հետազոտություններ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման։

28. Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության իմունականխարգելումն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման պահանջները սահմանող՝ Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի։

 

ԳԼՈՒԽ 5. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ԵՎ ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

29. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում բուժանձնակազմի շրջանում վարակի կանխարգելման նպատակով աշխատանքի նոր ընդունված անձանց կատարվում է նախնական հրահանգավորում տուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում աշխատանքի առանձնահատկությունների, անհատական պաշտպանության և անձնական հիգիենայի, հիգիենիկ հակահամաճարակային ռեժիմի պահպանման կանոնների, աշխատանքի անվտանգության հարցերի և նրանց պարտականությունների վերաբերյալ, իսկ աշխատանքի նոր ընդունվող կրտսեր բուժաշխատողների հետ անց է կացվում ուսուցում՝ հիվանդասենյակներում և բաժիններում աշխատելու համար նվազագույն գիտելիքներ ուսուցանելու նպատակով, հետագայում 6 ամիսը մեկ անգամ, անց է կացվում կրկնահրահանգավորում՝ տեխնիկական անվտանգության կանոնների վերաբերյալ:

30. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում պացիենտների ընդունումը կատարվում է անհատական կարգով:

31. Հիվանդանոցային տուբերկուլոզային բժշկական կազմակերպությունների ընդունարաններն ապահովված են պացինետների զննման համար անհրաժեշտ բժշկական նշանակության արտադրատեսակներով, սարքերով և պարագաներով, պացիենտների սանիտարական մշակման համար անձնական հիգիենայի պարագաներով, լվացման և ախտահանման նյութերով:

32. Պացիենտների հետ շփվող աշխատակիցները կրում են անհատական պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ արտահագուստ, շնչադիմակ:

33. Հիվանդանոցային տուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում յուրաքանչյուր պացիենտի ընդունումից հետո ընդունարանում (բոքսում) իրականացվում է խոնավ մշակում ախտահանիչ լուծույթներով:

34. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում վարակի տարածման կանխարգելման նպատակով՝

1) իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ համաձայն ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքների իրականացմանը և աշխատողների առողջության պահպանմանը ներկայացվող պահանջները սահմանող՝ Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի,

2) իրականացվում են բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրում, ախտահանում, նախամանրէազերծում և մանրէազերծման գործընթացներ՝ համաձայն բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները մաշկի և լորձաթաղանթների հետ շփվող գործիքների՝ բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման գործընթացները սահմանող Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի,

3) իրականացվում է թափոնների վարում՝ համաձայն բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ սահմանող՝ Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի:

(հավելվածը խմբ., փոփ. 10.09.26 N 65-Ն) 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2025 թվական: