ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 261-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 249-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (01.12.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.14-2026.09.27 Պաշտոնական հրապարակման օրը 14.09.2026
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
09.09.2026
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
09.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2026

600.0249.09.09.26

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 սեպտեմբերի 2026 թվականի

N 249-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 261-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ կետի «ը» ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը և 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկություններ տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 21-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կողմից բաժանորդներին մուտքային և ելքային զանգերի ու կարճ հաղորդագրությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու մասին» N 261-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

Կ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ք. Երևան

9 սեպտեմբերի 2026 թ.

 

 Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2026 թվականի սեպտեմբերի 9-ի

N 249-Ն որոշման

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

Կ Ա Ր Գ

 

1. Սույն կարգը սահմանում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկություններ տրամադրելու ընթացակարգը։

2. Ամրակցված և (կամ) շարժական կապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը (այսուհետ՝ Օպերատոր) բաժանորդի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով հարցման դեպքում տրամադրում է հարցման պահին նախորդող՝ մինչև մեկ տարին ներառող՝ բաժանորդի կողմից հայցվող ժամանակահատվածի համար բաժանորդի մուտքային և ելքային զանգերի, ինտերնետ օգտագործման ծավալների, տեքստային հաղորդագրությունների (SMS), միջազգային ռոումինգ ծառայությունների, երրորդ անձանց կողմից կամ համատեղ մատուցված, ինչպես նաև այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ, եթե այդ ծառայությունները սակագրվել են և բաժանորդի համար ծառայության վճար առաջացրել։

3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված տեղեկություններն առնվազն պարունակում են հետևյալը․

1) մուտքային և ելքային զանգերի, տեքստային հաղորդագրությունների (SMS) հեռախոսահամարները,

2) մուտքային զանգերի և տեքստային հաղորդագրությունների (SMS) ստացման, ելքային զանգերի և տեքստային հաղորդագրությունների (SMS) կատարման (ուղարկման) ամսաթվերը, ժամերը, րոպեները, վայրկյանները, խոսակցությունների տևողությունները, ծառայությունների արժեքը,

3) ինտերնետ սեսիաների մեկնարկի ամսաթվերը, ժամերը, րոպեները, վայրկյանները, օգտագործված ծավալները, արժեքը (բացառությամբ սակագնային պլանով կամ փաթեթով մատուցվող՝ առանց օգտագործման ծավալի սահմանափակման ամրակցված կապի ինտերնետ հասանելիության ծառայությունների),

4) միջազգային ռոումինգ ծառայությունների դեպքում սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված տեղեկությունները՝ ըստ միջազգային ռոումինգի օպերատորի (առկայության դեպքում) և երկրի,

5) երրորդ անձանց կողմից կամ համատեղ մատուցված, ինչպես նաև այլ ծառայությունների դեպքում՝ այդ ծառայության անվանումը (առկայության դեպքում), արժեքը։

4. Օպերատորի իրավունքն է բաժանորդին տրամադրել մինչև մեկ տարին ներառող՝ բաժանորդի կողմից հայցվող ժամանակահատվածի համար սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկությունը, եթե Օպերատորի կողմից մատուցված ծառայությունները չեն սակագրվել և բաժանորդի համար ծառայության վճար չեն առաջացրել՝ պայմանով, որ այդ տեղեկությունները չտրամադրելու դեպքում նախապես դրա վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակում իր պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն կետում սահմանված տեղեկություններն առնվազն պարունակում են սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկությունները, բացառությամբ՝ ծառայությունների արժեքների:

5. Սույն կարգով սահմանված տեղեկությունները տրամադրվում են բաժանորդի կողմից նախընտրելի՝ փաստաթղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկությունները բաժանորդին տրամադրվում են անվճար՝ էլեկտրոնային փոստի և (կամ) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի պաշտոնական ինտերնետային կայքի և (կամ) շարժական բջջային հավելվածի միջոցով։

6. 2026 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ը ժամանակահատվածում բաժանորդի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով հարցման դեպքում՝ սույն կարգի 3-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված տեղեկությունները Օպերատորի կողմից տրամադրվում են հայցվող ժամանակահատվածի համար, սկսած 2026 թվականի դեկտեմբերի 1-ից։

7. Սույն կարգով նախատեսված տեղեկությունների տրամադրման կարգի, պայմանների (ներառյալ՝ տեղեկություների տրամադրման մերժման հիմքերը) և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ հետագայում՝ դրանց փոփոխությունները, մինչև դրանց ուժի մեջ մտնելը, հրապարակվում են Օպերատորի պաշտոնական ինտերնետային կայքում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2026 թվական: