ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2025 ԵՎ 2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1426-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա
Կարգավիճակ
Գործում է (12.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 10.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հոկտեմբերի 2025 թվականի N 1426-Լ

 

2025 ԵՎ 2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 11.09.26 N 1321-Լ)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2025 և 2026 թվականներին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի։

(1-ին կետը փոփ. 11.09.26 N 1321-Լ)

2. Սահմանել, որ՝

1) բյուջետային երաշխիքները տրամադրվում են խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը և 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար․

2) բյուջետային երաշխիքները կարող են տրամադրվել առանց ապահովման լրացուցիչ միջոցների.

3) շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնային կարգով ուղղվում են բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանը.

4) խաղողի վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր շահառուին խաղողի մթերումների (գնումների) համար բյուջետային երաշխիքները տրամադրվում են առավելագույնը մինչև քսանյոթ ամիս մարման ժամկետով․

5) բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում՝ մինչև բյուջետային երաշխիքի ժամկետի լրանալը․

6) յուրաքանչյուր շահառուին և «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի համաձայն իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց 2022, 2023, 2024 թվականներին տրամադրված և 2025 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 5.0 մլրդ դրամը.

6․1) յուրաքանչյուր շահառուին և «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի համաձայն իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց 2024, 2025 թվականներին տրամադրված և 2026 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 5.0 մլրդ դրամը.

7) եթե տնտեսավարողը բյուջետային երաշխիքի գործողության ժամկետում ունեցել է երաշխիքով ապահովված պարտավորությունների մարման 90 օր և ավելի ժամկետանց պարտավորություններ, ապա բյուջետային երաշխիքի տրամադրման աջակցությունից չի կարող օգտվել 2 տարի։

(2-րդ կետը լրաց., փոփ. 11.09.26 N 1321-Լ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը և 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի նկատմամբ։

(3-րդ կետը լրաց. 11.09.26 N 1321-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

10.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հոկտեմբերի 9-ի N 1426-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

2025 ԵՎ 2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 11.09.26 N 1321-Լ)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է 2025 և 2026 թվականներին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (այսուհետ՝ գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման ընթացակարգը։

(1-ին կետը փոփ. 11.09.26 N 1321-Լ)

2. Սույն կարգի իմաստով օգտագործվող հասկացությունները և հապավումները՝

1) ծրագիր՝ գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրում.

2) շահառու՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, 2025 թվականին խաղողի գնումներ իրականացնող և 2024 թվականին արտահանումներ, ինչպես նաև 2026 թվականին խաղողի գնումներ իրականացնող և 2025 թվականին արտահանումներ իրականացրած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի դրական վարկային (վարկի համար դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում շահառուն և (կամ) իր հետ փոխկապակցված որևէ անձ գործող յուրաքանչյուր վարկի մասով չպետք է ունենա 90 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություն կամ «ոչ ստանդարտ» դասով դասակարգված վարկեր) պատմություն և դիմումի ներկայացման նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց հարկային պարտավորություններ (առանց դրոշմանիշային վճարի).

3) ՏԶՖԿ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկ.

4) ՖԿ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկեր կամ վարկային կազմակերպություններ, որոնք գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով վարկերի տրամադրման համար սահմանված ընթացակարգով ՏԶՖԿ-ի հետ կնքել են պայմանագրեր.

5) բյուջետային երաշխիք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում խաղողի գնումների նպատակով տրամադրվող վարկերի համար ՖԿ-ներից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրվող վարկի հիմնական գումարի վերադարձի ապահովման միջոց։

(2-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 11.09.26 N 1321-Լ)

3. Սույն կարգի հիման վրա բյուջետային երաշխիքներն առանց ապահովման միջոցի կարող են տրամադրվել խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը և 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար՝ շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնային կարգով բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանն ուղղելու պայմանով, առավելագույնը մինչև քսանյոթ ամիս մարման ժամկետով։

(3-րդ կետը լրաց. 11.09.26 N 1321-Լ)

4. Տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարը չպետք է գերազանցի Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի արժեքի չափը։ Ընդ որում, տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարի նվազագույն չափը կազմում է 100.0 մլն դրամ։

(4-րդ կետը փոփ. 11.09.26 N 1321-Լ)

5. Բյուջետային երաշխիքով ապահովված վարկի գծով կնքված պայմանագրի կրկնօրինակը և մարման ժամանակացույցը հաստատումից հետո ՖԿ-ն եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և ՏԶՖԿ-ին:

(5-րդ կետը փոփ. 11.09.26 N 1321-Լ)

6. Բյուջետային երաշխիքով ապահովված վարկի հիմնական գումարի ամբողջական մարումից հետո եռօրյա ժամկետում ՖԿ-ն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն է վերադարձնում բյուջետային երաշխիքի բնօրինակը, ինչի վերաբերյալ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։

7. Ծրագրի ավարտի վերջում տրամադրված բյուջետային երաշխիքի դիմաց որպես վճար շահառուի կողմից վճարվում է միջնորդավճար՝ երաշխիքային գումարի 1 տոկոսի չափով:

8. Այն դեպքում, երբ 2025 և 2026 թվականներին տրամադրվող բյուջետային երաշխիքի շրջանակներում շահառուի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման արդյունքում ՖԿ-ի կողմից գրավադրված գույքի նկատմամբ իրականացվում է իրացման գործողություն, ապա գույքի իրացման արդյունքում առաջացող գումարն ուղղվում է ՖԿ-ի կողմից հատկացված վարկի գծով պարտավորությունների մարմանը, այդ թվում՝ վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը։

(8-րդ կետը փոփ. 11.09.26 N 1321-Լ)

 

2. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

9. Շահառուները վարկավորման նպատակով Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով սահմանված ընթացակարգով դիմում են ՖԿ-ին։

10. ՖԿ-ն իրականացնում է շահառուների վարկունակության գնահատում և կայացնում նախնական որոշում՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի ներքո վարկ տրամադրելու վերաբերյալ (վարկի նախահաստատում):

11. Եթե շահառուի կողմից հայցվող վարկի գումարը գերազանցում է վերջինիս կողմից առաջարկվող գրավի առարկայի կամ բանկային երաշխիքի դիմաց ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարին, ապա շահառուն հայցվող վարկի գումարի չբավարարող մասի համար բյուջետային երաշխիք ստանալու նպատակով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ համաձայն N 1 ձևի։

12. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) տեղեկանք ՖԿ-ից՝ վարկի չապահովված մասի և վարկի ապահովման միջոցի գնահատված շուկայական արժեքի վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք՝ նախորդ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի ընդհանուր արժեքի մասին.

3) հարկային մարմնի տեղեկատվական համակարգում առկա տվյալներին համապատասխան ներբեռնված և արտատպված հարկ վճարողի անձնական հաշվի քարտի քաղվածքը՝ դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ․

4) ԱՔՌԱ վարկային բյուրոյից տեղեկություն՝ վարկային պատմության վերաբերյալ.

5) շահառուի կողմից լրացված տեղեկություն՝ նախորդ երկու տարվա տնտեսական գործունեության մասին՝ համաձայն N 2 ձևի․

6) տեղեկություն շահառուից՝

ա․ «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի համաձայն իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց անվանումների մասին,

բ․ երաշխիքի ստացման համար դիմելու օրվա դրությամբ շահառուի ակտիվների չափի մասին,

գ․ նախորդ երկու տարիներին ներգրավված բյուջետային երաշխիքով ապահովված վարկի չափի, վարկի տրամադրման ամսաթվի և վարկային պայմանագրի համարի մասին։

(12-րդ կետը խմբ., լրաց., փոփ. 11.09.26 N 1321-Լ)

13. Եթե ներկայացված դիմումը թերի է կամ սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերն ամբողջական չեն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին՝ թերությունները և անհամապատասխանությունները վերացնելու և նոր դիմում ներկայացնելու մասին։ Դիմումատուն պարտավոր է սույն կետով նախատեսված կարգով տեղեկացումն ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել սույն կարգի պահանջներին համապատասխան նոր դիմում։

14. Սույն կարգի պահանջներին համապատասխան դիմումն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ՏԶՖԿ-ի հետ համատեղ 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և

1) ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում գրությամբ պատասխանում է դիմումատուին` նշելով դիմումի մերժման պատճառները.

2) հիմնավոր ճանաչելու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը շահառուին բյուջետային երաշխիք տրամադրելու մասին իր առաջարկություններով միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ կցելով շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերը և դրա մասին գրությամբ տեղեկացնում է դիմումատուին։

(14-րդ կետը փոփ. 11.09.26 N 1321-Լ)

15. Դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված փաստաթղթերում առկա են ոչ հավաստի տվյալներ.

2) շահառուն չունի սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրական վարկային պատմություն կամ ունի ժամկետանց հարկային պարտավորություն.

3) պահանջվող բյուջետային երաշխիքի գումարի չափը գերազանցում է ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի 50%-ը կամ նախորդ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի արժեքի չափը.

4) շահառուի ու «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի համաձայն իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց 2022, 2023, 2024 թվականներին տրամադրված և 2025 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը գերազանցում է 5.0 մլրդ դրամը․

4.1) շահառուի ու «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի համաձայն իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց 2024, 2025 թվականներին տրամադրված և 2026 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 5.0 մլրդ դրամը.

5) դիմումատուի կողմից սույն կարգի 13-րդ կետով նախատեսված ժամկետում սույն կարգի պահանջներին համապատասխան նոր դիմում չներկայացնելու դեպքում։

(15-րդ կետը փոփ., լրաց. 11.09.26 N 1321-Լ)

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

16. Շահառուի կողմից հայցվող վարկի գծով ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարը չբավարարող մասի համար բյուջետային երաշխիք տրամադրելու մասին միջնորդությունն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է այն և

1) միջնորդությունը ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում այն գրությամբ վերադարձնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ նշելով միջնորդությունը մերժելու պատճառները.

2) միջնորդությունը հիմնավոր ճանաչելու դեպքում՝ 3-օրյա ժամկետում շահառուի հետ կնքում է բյուջետային երաշխիքի տրամադրման մասին պայմանագիր և վերջինիս տրամադրում թողարկված բյուջետային երաշխիքի բնօրինակը՝ դրա մասին ծանուցելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

17. Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություն շահառուից՝ առկա վարկային պարտավորությունների կառուցվածքի վերաբերյալ։

18. Միջնորդությունը մերժվում է, եթե սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերն ամբողջական չեն կամ դրանցում նշված տվյալները չեն համապատասխանում սույն կարգով նախատեսված պահանջներին:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

………………………………………………………...............………………………… ....-ԻՑ

(նշել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԳՐԱՎԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՉԲԱՎԱՐԱՐՈՂ ՄԱՍԻ ՉԱՓՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ ................................................................................…………………….-ին

                                      (նշել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում

.........................................-ից ......................... (..........................) դրամ

(նշել ֆինանսական կառույցի անվանումը) (նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով)

վարկի ներգրավման նպատակով գրավի ապահովման չբավարարող

.............................(..............................) դրամի չափով տրամադրել բյուջետային երաշխիք։

(նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով)

Առդիր .... էջ։

 

Ստորագրող

 

 

.............................

(պաշտոնը)

…….........................

(անունը, ազգանունը)

..................................

(ստորագրությունը)

 

 

..... ..................... 202_ թ.

 

 

 (ձևը փոփ. 11.09.26 N 1321-Լ)

 

Ձև N 2

 

Տեղեկություն .................................... ............ տնտեսական գործունեության մասին

(նշել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

 

NN

ը/կ

1

2

3

 

Ցուցանիշը

202_ թվական

202_ թվական

1.

Արտադրանք (մլն դրամ)

   

2.

Իրացում (մլն դրամ)

   

3.

Արտահանում (մլն դրամ)

   

4.

Արտահանման երկրներ

   

5.

ԱԱՀ

   

6.

Շահութահարկ

   

7.

Եկամտային հարկ

   

8.

Այլ հարկեր և տուրքեր

   

 

Ստորագրող

 

 

.............................

(պաշտոնը)

…….........................

(անունը, ազգանունը)

..................................

(ստորագրությունը)

 

 

..... ..................... 202_ թ.

 

Կ.Տ.

 

(ձևը փոփ. 11.09.26 N 1321-Լ)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 11.09.26 N 1321-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

10.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.09.2026, N 1321-Լ 09.10.2025, N 1426-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան