ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2026 թվականի N 1338-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշումը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ կետով՝
«10. Խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2025 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։».
2) որոշման հավելվածի 24-րդ կետի 5.13-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.14-րդ և 5.15-րդ ենթակետերով՝
«5․14. սույն կետի 1.1-ին ենթակետի շրջանակներում 2024 և 2025 թվականներին տրամադրված վարկերի համար՝ 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 6 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները, ընդ որում վարկերի մայր գումարի մարման համար սահմանված ժամկետների փոփոխության հնարավորությունից յուրաքանչյուր վարկառու կարող է օգտվել միայն 2024 կամ միայն 2025 թվականին տրամադրված վարկերի համար.
5.15. 2024 կամ 2025 թվականներին տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները մինչև 6 ամիս լրացուցիչ ժամկետներով և վարկերի մայր գումարի մարման ժամկետները մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգելու դեպքում այդ վարկերի շրջանակներում տրամադրված բյուջետային երաշխիքների գործողության ժամկետները չեն երկարաձգվում.»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
11.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|