ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4339-Ա |
«04» սեպտեմբերի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Կարեն Խալափյանի 2026 թվականի օգոստոսի 18-ի թիվ Դ-87477-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
2026 թվականի օգոստոսի 18-ի թիվ Դ-87477-26 դիմումի քննության նպատակով 2026 թվականի օգոստոսի 26-ին, ժամը 11.00-ին իրականացվել են լսումներ, որին ներկայացել և մասնակցել է դիմումատու Կարեն Խալափյանը:
Ուսումնասիրելով 2026 թվականի օգոստոսի 18-ի թիվ Դ-87477-26 դիմումը (այսուհետ՝ նաև Դիմում), դիմումին կից ներկայացված և վարույթի շրջանակներում ստացված ապացույցները, վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ 2026 թվականի օգոստոսի 26-ի արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Դիմումով Կարեն Խալափյանը խնդրել է փոխհատուցել 2026 թվականի օգոստոսի 9-ին Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Գ.Հովսեփյան փողոցների խաչմերուկով ընթանալու ժամանակ ճանապարհային նշաններից մեկն իր սեփականությունը հանդիսացող՝ «Hongqi» մակնիշի «55 XK 455» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկնելու արդյունքում առաջացած՝ 540.000 (հինգ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով վնասը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակցի կողմից, 2026 թվականի օգոստոսի 9-ին Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Գ.Հովսեփյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ կազմվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 2283883 արձանագրությունը և պատահարի վայրի սխեման:
2025 թվականի սեպտեմբերի 2-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AB439553 վկայագրի համաձայն՝ «Hongqi» մակնիշի «55 XK 455» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Կարեն Խալափյանի սեփականությունը:
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետի կողմից 2026 թվականի օգոստոսի 18-ին կազմված թիվ 229-ԱՊ-26 ապրանքագիտական եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Hongqi» մակնիշի «55 XK 455» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի արտաքինից նկատված և մատնանշված վնասվածքների հաշվառմամբ պատճառված նյութական վնասի չափի ընդհանուր շուկայական արժեքը, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գործող շուկայական գներով, գնահատվում է 540.000 (հինգ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2026 թվականի օգոստոսի 20-ի թիվ Դ-87477-26 գրությամբ տեղեկացվել է, որ թիվ Դ-47477-26 դիմումին կից ներկայացված ապրանքագիտական փորձագիտական եզրակացությունում ճանապարհային նշանն ավտոմեքենային դիպչելու արդյունքում պատճառված վնասի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ և նույն վարչությունում տվյալ հասցեում ճանապարհային նշան ընկնելու վերաբերյալ տեղեկություն չի ստացվել, իսկ 2026 թվականի օգոստոսի 28-ի թիվ Ն/56659-26 գրությամբ տեղեկացվել է, որ Դավիթ Բեկի և Գ.Հովսեփյան փողոցների խաչմերուկում բացակայող «5.15.1» ճանապարհային նշանի փոխարեն 2026 թվականի օգոստոսի 24-ին սպասարկող կազմակերպության կողմից տեղակայվել է նոր` «5.15.1» ճանապարհային նշան:
2026 թվականի օգոստոսի 18-ի թիվ Դ-87477-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջին առնչվող փաստական հանգամանքների ապացուցման նպատակով Կարեն Խալափյանի կողմից չեն ներկայացվել փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական փորձաքննության, պատահարի ու 540.000 (հինգ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամի չափով վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից տրված փորձագիտական եզրակացություններ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
2022 թվականի օգոստոսի 18-ի N 1284-Ա որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված Երևան քաղաքի վարչական տարածքում առկա բոլոր ճանապարհային լուսացույցները և տեխնիկական այլ միջոցները հետ վերցնել և նվիրել Երևան համայնքին՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Դիմումին կից չեն ներկայացվել «Hongqi» մակնիշի «55 XK 455» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից տրված փորձագիտական եզրակացություններ, որի պայմաններում իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 540.000 (հինգ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամի չափով վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածությունը, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Կարեն Խալափյանի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին 2026 թվականի օգոստոսի 18-ի թիվ Դ-87477-26 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |