ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ, ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 585-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (08.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 585-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ, ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 41,225,985 դրամ ընդհանուր արժողությամբ «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վիրաբուժական մասնաշենքի մասնակի վերանորոգում, տարածքի բարեկարգում և թթվածնային կայանի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Արսսաթան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09211788) 2026 թվականի օգոստոսի 3-ին կնքված՝ թիվ ՀՀ/ԲՀ-01/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 41,225,985 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


07.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 585-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ, ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Բնակչությանը բժշկական ծառայությունների մատուցման պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է վերանորոգել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վիրաբուժական մասնաշենքի վիրահատարանը, բարեկարգել տարածքը և կառուցել թթվածնային կայան։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)։

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)։

5.

Ծրագրի իրականացման վայրը եւ բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաք, առողջապահական։

6.

Ծրագրի բյուջեն

41,225,985 դրամ։

7.

Բարեգործություն ստացողը

«Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (ՀՎՀՀ՝ 07806692, հասցե՝ Ա. Մանուկյան փողոցի 25 շենք, 4201)։

8.

Ծրագրի իրականացման տեւողությունը

2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2027 թվականի օգոստոսի 31-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը եւ ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Նախատեսվում է վերանորոգել Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վիրաբուժական մասնաշենքի վիրահատարանը, բարեկարգել տարածքը և կառուցել թթվածնային կայան։ Վերանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվելու են պատերի հիմնակմախքի վերանորոգման, նոր դռների և պատուհանների տեղադրման, հատակների փոխարինման, աստիճանավանդակի վերանորոգման, ներքին և արտաքին հարդարման և օդափոխության համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները, ասֆալտապատվելու է բակային տարածքը, կառուցվելու է թթվածնային կայան։ Իրականացվելու է՝ 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2027 թվականի օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում՝ 41,225,985 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները եւ նախատեսվող գինը

«Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վիրաբուժական մասնաշենքի վիրահատարանի վերանորոգում, տարածքի բարեկարգում և թթվածնային կայանի կառուցում՝ 41,225,985 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի համայնքապետարան։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


07.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ