ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ2/0201/02/24 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (17.06.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.09.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.06.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/0201/02/24

2026 թ.  

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/0201/02/24 

Նախագահող դատավոր՝  Ն. Գաբրիելյան

Դատավորներ՝

 Ա. Մխիթարյան

 Ս. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2026 թվականի հունիսի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ՖՈՏՈՆ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2025 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) և երրորդ անձ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)՝ պարտավորությունը դադարած ճանաչելու ու հետևանք կիրառելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է դադարած ճանաչել իր և Քաղաքապետարանի միջև 27.12.2022 թվականին կնքված թիվ ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3 ապրանքի ձեռքբերման գնման պայմանագրի շրջանակներում ապրանքների մատակարարման պարտավորությունը, որպես հետևանք՝ դադարած ճանաչել թիվ CԲԵՆ23/86-01 որակավորման ապահովումը և թիվ CԲԵՆ23/87-01 պայմանագրի ապահովումը։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 28.06.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.04.2025 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ որոշվել է

«2 Թիվ ԵԴ2/0201/02/24 դատական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 28.06.2024 թվականին կայացված վճիռը՝ «Ֆոտոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև 27.12.2022 թվականին կնքված թիվ  ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3 ապրանքի ձեռքբերման գնման պայմանագրի շրջանակներում ապրանքների մատակարարման պարտավորությունը դադարած ճանաչելու պահանջը բավարարելու մասով բեկանել և փոփոխել՝ վճռի եզրափակիչ մասը շարադրելով հետևյալ կերպ.

««Ֆոտոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև 27.12.2022 թվականին կնքված թիվ ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3 ապրանքի ձեռքբերման գնման պայմանագրի շրջանակներում ապրանքների մատակարարման պարտավորությունը դադարած ճանաչելու պահանջի մասով հայցը մերժել:

3. Թիվ ԵԴ2/0201/02/24 դատական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 28.06.2024 թվականին կայացված վճիռը՝ թիվ CԲԵՆ23/86-01 որակավորման ապահովումը և թիվ CԲԵՆ23/87-01 պայմանագրի ապահովումը դադարած ճանաչելու պահանջի մասով վճիռը բեկանել և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության»։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գևորգ Հարությունյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Պավել Մարտիրոսյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ,  383-385-րդ, 432-րդ և 469-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում տեղ գտած «ինքնուրույն է ու անկախ է հիմնական պարտավորությունից» արտահայտությունը: Վերաքննիչ դատարանը նույնիսկ փորձ չի արել համակարգային վերլուծությամբ կամ անալոգիայով մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 385-րդ հոդվածում օգտագործված այդ եզրույթները, ապա երաշխիքի՝ հիմնական պարտավորությունից ինքնուրույն և անկախ լինելու օրենսդրական ձևակերպումը կիրառել է բացարձակ իմաստով՝ որևէ կերպ չանդրադառնալով այն հանգամանքին, որ նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով ու օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 384-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ երաշխիքն ապահովում է բենեֆիցիարի հանդեպ պրինցիպալի պարտավորության (հիմնական պարտավորության) պատշաճ կատարումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 17.07.2015 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ԵԱՔԴ/2796/02/13 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ անդրադառնալով հիմնական և լրացուցիչ պարտավորությունների հարաբերակցությանը, արձանագրել է, որ նախավճարը (ինչպես և գրավը, տուժանքը, պարտապանի գույքի պահումը, երաշխավորությունն ու երաշխիքը) հանդիսանում է ակցեսորային պարտավորություն, այսինքն` հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար լրացուցիչ պարտավորություն, առանց հիմնական պարտավորության առկայության` նախավճարը կորցնում է իր իմաստն ու նշանակությունըընդ որում, լրացուցիչ պարտավորության վավերականությունը և պայմաններն անմիջական կախվածության մեջ են գտնվում այն (հիմնական) պայմանագրի (համաձայնության) վավերականությունից ու պայմաններից, որի ապահովմանն ուղղված է լրացուցիչ պարտավորությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 538-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը, որից բխում է, որ կողմերի համաձայնության կամ ծանուցման մեջ նախատեսված այլ ժամկետի վերաբերյալ որևէ տվյալի բացակայության պայմաններում Գնման պայմանագիրը շարունակել է գործել մինչև 26122023 թվականը, և առնվազն 24112023 թվականից մինչև այդ պահը պետք է իրավաչափ համարել Գնման պայմանագրի շրջանակներում ապրանքների մատակարարման պարտավորությունը դադարած ճանաչելու Դատարանի մոտեցումը, որը հիմնվում է հենց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասի վրա, որի համաձայն՝ պարտավորությունը դադարում է կատարման անհնարինությամբ, եթե դա առաջացել է այնպիսի հանգամանքից, որի համար կողմերից որևէ մեկը պատասխանատու չէ: Այդ դեպքում պարտատերն իրավունք չունի պարտապանից պահանջել պարտավորության կատարում:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով նաև, որ պատասխանողի ներկայացրած վերաքննիչ բողոքում որևէ ակնարկ չկա Գնման պայմանագիրը լուծված լինելու հիմքով իր և պատասխանողի միջև պարտավորությունները դադարած լինելու ու այդ հիմքով 24.11.2023 թվականից մինչև 29.12.2023 թվականն ընկած ժամանակահատվածում Գնման պայմանագրից ծագող պարտավորության դադարման փաստի ճանաչումն անհիմն լինելու վերաբերյալ, սույն գործի քննության արդյունքում առանձնացրել է երկու հիմնական պահանջ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.06.2024 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Բանկը տրամադրել է բանկային երաշխիքներ: Հետագայում չի կատարել վճարման պահանջները, քանի որ սույն գործով հարուցված կատարողական վարույթով կայացված որոշմամբ Բանկին արգելվել է կատարել Քաղաքապետարանի կողմից ներկայացված պահանջները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Քաղաքապետարանի՝ որպես գնորդի և Ընկերության՝ որպես վաճառողի միջև 27.12.2022 թվականին կնքվել է ապրանքի ձեռքբերման գնման թիվ  «ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3» պայմանագիրը (այսուհետ նաև՝ Պայմանագիր), որի 1.1.-ին կետով վաճառողը պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով գնորդին մատակարարել պայմանագրի թիվ 1 հավելվածով՝ Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված ապրանքը, իսկ գնորդը պարտավորվել է ընդունել ապրանքը և վճարել դրա համար:

Պայմանագրի 2.1.7.-րդ կետով նախատեսվել է, որ գնորդն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը։

Պայմանագրի 2.1.7.1.-ին կետի «բ» ենթակետով նախատեսվել է, որ վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 1 օրից ավելի:

Պայմանագրի 7-րդ կետով նախատեսվել է, որ պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

Պայմանագրի 8.11.-րդ կետով նախատեսվել է, որ վաճառողի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու ծանուցումը գնորդը հրապարակում է www.procurement.am հասցեով գործող ինտերնետային կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում՝ նշելով հրապարակման ամսաթիվը: Վաճառողը պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ համարվում է պատշաճ ծանուցված՝ ծանուցումը, նույն կետով սահմանված հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը տեղեկագրում հրապարակվելու օրը գնորդը այն ուղարկում է նաև վաճառողի էլեկտրոնային փոստին (հատոր 1-ին, գ. թ. 16-19).

2) Բանկի և Ընկերության միջև 27.02.2023 թվականին կնքվել է բանկային երաշխիքի թիվ «CԲԵՊ23/33-01» պայմանագիրը, որի 1.1-ին կետով Բանկը պրինցիպալի՝ Ընկերության խնդրանքով Բանկի համար ընդունելի պարտավորությունների կատարումն ապահովող միջոց(ներ)ից բխող Բանկի իրավունք(ներ)ի ծագման դեպքում թողարկում է նույն կետում նշված պայմաններին համապատասխան երաշխիք, որով գրավոր պարտավորություն է ստանձնում բենեֆիցիարի՝ Քաղաքապետարանի հանդեպ, ի ապահովումն վերջինիս առջև հիմնական պարտավորության պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարման, բենեֆիցիարի կողմից երաշխիքի պայմաններին բավարարող գրավոր պահանջ ներկայացնելիս վերջինիս վճարել պահանջվող գումարը՝ երաշխիքի գումարի սահմաններում:

Որպես երաշխիքի տեսակ նշվել է պայմանագրի ապահովման երաշխիքը, որպես գումար և արժույթ՝ 251.750.045 ՀՀ դրամը, որպես ժամկետ՝ մինչև 01.07.2024 թվականը ներառյալ, որպես հիմնական պարտավորություն (երաշխիքի տրամադրման հիմք)՝ բենեֆիցիարի և պրինցիպալի միջև 27.12.2022 թվականին կնքված թիվ   «ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3» ապրանքի ձեռքբերման գնման պայմանագիրը /չափաբաժին 6,8,9,15,16,19,20/ և դրա շրջանակներում կնքվելիք թիվ 2 համաձայնագիրը (հատոր 1-ին, գ. թ. 88-91).

3) Բանկի և Ընկերության միջև 27.02.2023 թվականին կնքվել է բանկային երաշխիքի թիվ «CԲԵՊ23/34-01» պայմանագիրը, որի 1.1-ին կետով Բանկը պրինցիպալի՝ Ընկերության խնդրանքով Բանկի համար ընդունելի պարտավորությունների կատարումն ապահովող միջոց(ներ)ից բխող Բանկի իրավունք(ներ)ի ծագման դեպքում թողարկում է նույն կետում նշված պայմաններին համապատասխան երաշխիք, որով գրավոր պարտավորություն է ստանձնում բենեֆիցիարի՝ Քաղաքապետարանի հանդեպ, ի ապահովումն վերջինիս առջև հիմնական պարտավորության պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարման, բենեֆիցիարի կողմից երաշխիքի պայմաններին բավարարող գրավոր պահանջ ներկայացնելիս վերջինիս վճարել պահանջվող գումարը՝ երաշխիքի գումարի սահմաններում:

Որպես երաշխիքի տեսակ նշվել է որակավորման ապահովման երաշխիքը, որպես գումար և արժույթ՝ 755.250.135 ՀՀ դրամը, որպես ժամկետ՝ մինչև 01.07.2024 թվականը ներառյալ, որպես հիմնական պարտավորություն (երաշխիքի տրամադրման հիմք)՝ բենեֆիցիարի և պրինցիպալի միջև 27.12.2022 թվականին կնքված թիվ  «ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3» ապրանքի ձեռքբերման գնման պայմանագիրը /չափաբաժին 6,8,9,15,16,19,20/ և դրա շրջանակներում կնքվելիք թիվ 2 համաձայնագիրը (հատոր 1-ին, գ. թ. 83-86).

4) Բանկի կողմից 27.02.2023 թվականին թողարկված թիվ «CԲԵՆ23/87-01» երաշխիքի 1-ին կետով նախատեսվել է, որ սույն երաշխիքը հանդիսանում է Քաղաքապետարանի կողմից ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1 ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Ընկերության կողմից 27.12.2022 թվականին կնքված թիվ «ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3» ապրանքի ձեռքբերման գնման պայմանագրից/չափաբաժին 6,8,9,15,16,19,20/ և դրա շրջանակներում կնքվելիք թիվ 2 համաձայնագրից բխող պրինցիպալի պարտավորությունների կատարման ապահովում:

Նույն երաշխիքի 2-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքով Բանկն անվերապահորեն պարտավորվում է բենեֆիցիարի՝ նույն երաշխիքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացված պահանջով բենեֆիցիարին վճարել մինչև 251.750.045 ՀՀ դրամ ներառյալ գումար՝ պահանջն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Նույն երաշխիքի 3-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքն անհետկանչելի է։

Նույն երաշխիքի 5-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքն ուժի մեջ է մտնում տրամադրման պահից և գործում է մինչև 01.07.2024 թվականը ներառյալ:

Նույն երաշխիքի 10-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները։

Նույն երաշխիքի 11-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքի կապակցությամբ ծագող վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (հատոր 1-ին, գ. թ. 24).

5) Բանկի կողմից 27.02.2023 թվականին թողարկված թիվ «CԲԵՆ23/86-01» երաշխիքի 1-ին կետով նախատեսվել է, որ սույն երաշխիքը հանդիսանում է Քաղաքապետարանի կողմից ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1 ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Ընկերության կողմից 27.12.2022 թվականին կնքված թիվ «ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3» ապրանքի ձեռքբերման գնման պայմանագրով/չափաբաժին 6,8,9,15,16,19,20/ և դրա շրջանակներում կնքվելիք թիվ 2 համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ որակավորման ապահովում:

Նույն երաշխիքի 2-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքով Բանկն անվերապահորեն պարտավորվում է բենեֆիցիարի՝ նույն երաշխիքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացված պահանջով բենեֆիցիարին վճարել մինչև 755.250.135 ՀՀ դրամ ներառյալ գումար՝ պահանջն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Նույն երաշխիքի 3-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքն անհետկանչելի է։

Նույն երաշխիքի 5-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքն ուժի մեջ է մտնում տրամադրման պահից և գործում է մինչև 01.07.2024 թվականը ներառյալ:

Նույն երաշխիքի 10-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները։

Նույն երաշխիքի 11-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքի կապակցությամբ ծագող վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (հատոր 1-ին, գ. թ. 25).

6) Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շ. Գրիգորյանը Բանկին հասցեագրված թիվ 04/3248-24 գրությամբ տեղեկացրել է, որ Քաղաքապետարանի և Ընկերության միջև 27.12.2022 թվականին կնքված Պայմանագրի շրջանակներում Ընկերությունը խախտել է դրանով սահմանված պարտավորությունները՝ չի մատակարարել Պայմանագրով նախատեսված ապրանքները, որը հիմք է հանդիսացել Քաղաքապետարանի կողմից Պայմանագիրը միակողմանի՝ մասնակի լուծելու համար:

Նույն գրությամբ Բանկին առաջարկվել է վերը նշված երաշխիքների համաձայն՝ Քաղաքապետարանին վճարել, համապատասխանաբար, 251.750.045 ՀՀ դրամ և 403.159.549 ՀՀ դրամ՝ պահանջն ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ միաժամանակ նշելով, որ բենեֆիցիարի և պրինցիպալի միջև երկկողմ հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունների պատճենները՝ որոշ մանկապարտեզների մասով, չեն ներկայացվել՝ դրանք Ազգային անվտանգության ծառայության կողմից առգրավված լինելու պատճառաբանությամբ (հատոր 1-ին, գ. թ. 26).

7) ի պատասխան վերը նշված գրության՝ Բանկը 15.01.2024 թվականի թիվ 1220-411 գրությամբ հայտնել է, որ ներկայացված պահանջը չի բավարարում վերը նշված երաշխիքների հիման վրա պահանջ ներկայացնելու պայմաններին՝ չեն ներկայացվել պայմանագրի, ներառյալ նաև դրանում կատարված փոփոխությունների, լրացուցիչ համաձայնագրերի պատճենները, բենեֆիցիարի կողմից պայմանագիրը միակողմանի լուծելու մասին www.procurement.am հասցեով գործող տեղեկագրում հրապարակված ծանուցումը, ինչպես նաև պայմանագրի շրջանակում բենեֆիցիարի և պրինցիպալի միջև երկկողմ հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը (արձանագրությունները) կամ դրա (դրանց) պատճենները, ուստի պահանջը ենթակա է մերժման (հատոր 1-ին, գ. թ. 94).

8) ի պատասխան Բանկի 15.01.2024 թվականի թիվ 1220-411 գրության՝ Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շ. Գրիգորյանը թիվ 04/6477-24 գրությամբ Բանկին տեղեկացրել է, որ վերը նշված երաշխիքներով պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ նյութերը տրամադրվել են «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով, որոնք ներառված են նույն գրությանը կից ներկայացված թվային սկավառակում (հատոր 1-ին, գ. թ. 95).

9) ի պատասխան Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շ. Գրիգորյանի վերը նշված գրության՝ Բանկը 01.02.2024 թվականի թիվ 1220-1226 գրությամբ հայտնել է, որ վերը նշված երաշխիքների շրջանակներում ներկայացված վճարման պահանջների կատարումն անհնար է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 17.01.2024 թվականին թիվ ԵԴ2/0201/02/24 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 11655623 կատարողական վարույթով կայացված որոշմամբ, քանի որ Բանկին արգելվել է կատարել 251.750.045 ՀՀ դրամի և 403.159.549 ՀՀ դրամի չափով կատարման երաշխիքի վճարումը, ինչպես նաև արգելվել է այլ կերպ կատարել թիվ «ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3» պայմանագրից բխող երաշխիքների վճարումը՝ նշված կամ այլ գումարների չափով (հատոր 1-ին, գ. թ. 97).

10) Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն ԱԱլեքսանյանի կողմից 15.02.2024 թվականին տրված հավաստագրի համաձայն՝ պալատը, հիմք ընդունելով «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի «դ» ենթակետը, պալատի կանոնադրության 2.4.13 կետը, 03.04.2020 թվականին պալատի նախագահության նիստում հաստատված «Անհաղթահարելի ուժի հանգամանքների (ֆորս-մաժոր) հավաստագրերի տրամադրման և մերժման ընթացակարգ»-ը, ուսումնասիրելով Ընկերության և «Հայկազունք» ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից պալատ մուտքագրված դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը՝ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) հանգամանքը վկայելու կապակցությամբ, վկայել է, որ Ընկերության բնականոն գործունեության իրականացման առնչությամբ առկա է անհաղթահարելի ուժ՝ այնքանով, որքանով դա կապված է Երևանի Ռոստոմի թիվ 58 հասցեում գտնվող տարածքի փաստացի շահագործման հետ, անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) հանգամանքի սկիզբը հաշվարկվում է 24.11.2023 թվականից մինչև նույն հավաստագրում խոչընդոտների վերացումը (հատոր 1-ին, գ. թ. 106, 107).

11) Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննությունների գլխավոր վարչության չորրորդ վարչության ավագ քննիչ Կ. Եսայանի 07.02.2024 թվականի թիվ 4-211-24 գրությամբ թիվ 58229023 քրեական վարույթով մեղադրյալ Յուրա Ադյանի պաշտպան Գ Հարությունյանին տրամադրված փաստաթղթերի համաձայն՝ Յուրա Ադյանի աշխատասենյակում 24.11.2023 թվականին կատարվել է խուզարկություն, նույն օրը Ընկերության գործունեության՝ թիվ 58 հասցեում, կապարակնքվել են պահեստների և մուտքի դռները, իսկ 02.12.2023 թվականին կազմված արձանագրության համաձայն՝ ջրագծի հետ կապված որոշակի աշխատանքներ կատարելու նպատակով պահեստի և գլխավոր մուտքի դռների կնիքները ապակապարակնքվելուց հետո կրկին փակվել և կնքվել են համապատասխան կնիքներով (հատոր 1-ին, գ. թ. 108-112):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  385-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ և 383-385-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ՝

1 պայմանագիրը չկատարելու կամ մասնակիորեն կատարելու հիմքով այն միակողմանի լուծելու դեպքում այդ պայմանագրի մյուս կողմի կողմից դրանից բխող պարտավորություններն անհաղթահարելի ուժի հետևանքով դադարած ճանաչելու մասին պահանջ ներկայացնելու իրավական հնարավորության հարցին,

2 երաշխիքի՝ որպես պարտավորության կատարման ապահովման եղանակի առանձնահատկություններին այն դեպքում, երբ հիմնական պարտավորությունը կարող է համարվել դադարած անհաղթահարելի ուժի հետևանքով։

 

1 Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) որոշումներում:

Այսպես՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Kreuz ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվում է յուրաքանչյուրի դատական պաշտպանության իրավունքը, երբ որոշվում են նրա «քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները»։ Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը դեռևս 1971 թվականին նշել է, որ խնդրո առարկա հասկացությունը ներառում է բոլոր ընթացակարգերը, որոնց արդյունքը վճռորոշ է մասնավոր իրավունքների և պարտականությունների համար (տե՛ս Ringeisen ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 16.07.1971 թվականի վճիռը, 94-րդ կետ):

Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Հայցը կամ դիմումը դատարան ներկայացնելն իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ: Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը` լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը` առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց` օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից» (տե՛ս Սահմանադրական դատարանի 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշումը

Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են դատական պաշտպանության ու արդար դատաքննության հիմնական իրավունքները, և Սահմանադրությամբ դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը (տե՛ս Գեղանուշ Հարությունյանն ընդդեմ Մարտին Մկրտչյանի թիվ ԱՐԴ/4024/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2018 թվականի որոշումը):

Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր ու կոչված է ապահովել անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը: Նշված դիրքորոշումը համահունչ է Տիգրան Էվոյանն ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի թիվ ԼԴ2/1922/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.01.2024 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Վերոնշյալ սահմանադրական, օրենսդրական և կոնվենցիոն դրույթների, ինչպես նաև Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ դատարանի մատչելիության իրավունքը (որի բաղկացուցիչ մասն է դատարան դիմելու իրավունքը) ուղղակիորեն հարաբերակցվում է հայց հարուցելու իրավունքի նախադրյալների հետ: Դրանք այն հանգամանքներն են, որոնց առկայության կամ բացակայության հետ օրենսդիրը կապում է կոնկրետ գործով դատարան հայց ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքի ծագումը և դատարանի պոզիտիվ պարտականությունն այդ հայցով իրականացնելու արդարադատություն՝ կայացնելով վեճն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը (․․․):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`

1) իրավունքը ճանաչելով.

2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.

3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով.

4) առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելով.

5) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով.

6) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով.

7) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին հակասող ակտը չկիրառելով.

8) իրավունքի ինքնապաշտպանությամբ.

9) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.

10) վնասներ հատուցելով.

11) տուժանք բռնագանձելով.

12) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.

13) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ քաղաքացիական օրենսդրության հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ քաղաքացիական հարաբերությունների մասնակիցների իրավունքների անարգել իրականացման, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների ապահովման նպատակով օրենսդիրը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ կրող սուբյեկտներին օժտել է իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրենց հայեցողությամբ իրականացնելու իրավազորությամբ: Ընդ որում, օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի կարգավորմամբ սահմանելով քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրականացման հիմնական եղանակները, որոնց օգնությամբ շահագրգիռ անձը կարող է խափանել, կանխել իր իրավունքի խախտումը, վերականգնել (ճանաչել) իր իրավունքները և (կամ) փոխհատուցում ստանալ իրավունքի խախտմամբ պատճառված վնասների դիմաց, միաժամանակ հնարավորություն է վերապահել անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնել նաև օրենքով նախատեսված այլ եղանակներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը լուծվելիս կողմերի պարտավորությունները դադարում են:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ պայմանագրի փոփոխումը և լուծումը արտադատական կարգով հնարավոր է կողմերի համաձայնությամբ։ Նշված կանոնից բացառություն են կազմում օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերը։

Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է նաև պայմանագիրը կողմերից մեկի պահանջով դատարանի վճռով փոփոխելու կամ լուծելու իրավական հնարավորություն՝ այն պայմանավորելով կա´մ պայմանագրի մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտմամբ, կա´մ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Ընդ որում, օրենսդիրն էական է ճանաչել կողմերից մեկի թույլ տված պայմանագրի այնպիսի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս: Պայմանագիրը լուծվելիս կողմերի պարտավորությունները դադարում են:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նման հանգամանքներ չեն, մասնավորապես, պարտականությունների խախտումը պարտապանի կոնտրագենտների կողմից, շուկայում անհրաժեշտ ապրանքների կամ պարտապանի մոտ անհրաժեշտ դրամական միջոցների բացակայությունը:

Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ որպես կանոն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը կրում է պատասխանատվություն։ Նշված կանոնից բացառություն է կազմում այն դեպքը, երբ օրենքով կամ պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում, պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձն ապացուցում է, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գալիս է հետևության, որ թեև պայմանագրի մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում պայմանագիրը լուծելիս դրանով ստանձնած պարտավորությունները  դադարում են օրենքի ուժով, սակայն նշված հանգամանքը չի կարող արգելք հանդիսանալ պայմանագրի էական ենթադրյալ խախտում թույլ տված անձի կողմից դատարան ներկայացնելու նույն պայմանագրից բխող պարտավորություններն անհաղթահարելի ուժի հետևանքով չկատարելու հիմքով դրանք դադարած ճանաչելու մասին պահանջ ներկայացնելու համար, քանի որ առաջին դեպքում պայմանագրի մյուս կողմը կարող է, օրինակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պահանջել հատուցելու պայմանագրի լուծմամբ պատճառված վնասները, իսկ երկրորդ դեպքում՝ պայմանագրի էական ենթադրյալ խախտում թույլ տված անձն ազատվում է պատասխանատվությունից։ Հակառակ պարագայում կարող է վտանգ առաջանալ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրականացման համար, որոնցից ածանցվում է նաև անձի՝ դատարան հայց հարուցելու իրավունքը։

 

2ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորության կատարման ապահովման մասին համաձայնության անվավերությունը չի հանգեցնում այդ պարտավորության (հիմնական պարտավորության) անվավերության:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հիմնական պարտավորության անվավերությունը հանգեցնում է այն ապահովող պարտավորության անվավերության, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 383-րդ հոդվածի համաձայն՝
երաշխիք տված անձը (բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը) այլ անձի (պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար` վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 384-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երաշխիքն ապահովում է բենեֆիցիարի հանդեպ պրինցիպալի պարտավորության (հիմնական պարտավորության) պատշաճ կատարումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 385-րդ հոդվածի համաձայն՝ բենեֆիցիարի հանդեպ երաշխիք տված անձի` երաշխիքով նախատեսված պարտավորությունն ինքնուրույն է և անկախ է հիմնական պարտավորությունից, որի կատարման ապահովման համար այն տրվել է, եթե նույնիսկ երաշխիքում վկայակոչվում է այդ պարտավորությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երաշխիքով դրամական գումար վճարելու մասին բենեֆիցիարի պահանջը պետք է երաշխիք տված անձին ներկայացվի գրավոր` կցելով երաշխիքում նշված փաստաթղթերը: Բենեֆիցիարը պահանջի կամ դրա հավելվածի մեջ պետք է նշի, թե որն է պրինցիպալի կողմից հիմնական պարտավորության խախտումը, որի ապահովման համար տրված է երաշխիքը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բենեֆիցիարի պահանջը երաշխիք տված անձին պետք է ներկայացվի մինչև երաշխիքով սահմանված ժամկետի ավարտը, որով այն տրվել է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բենեֆիցիարի պահանջն ստանալուց հետո երաշխիք տված անձն այդ մասին անհապաղ պետք է տեղեկացնի պրինցիպալին և վերջինիս հանձնի պահանջի պատճենը` դրան վերաբերող բոլոր փաստաթղթերով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ երաշխիք տված անձը, բենեֆիցիարի պահանջը` դրան կից փաստաթղթերով, պետք է քննարկի երաշխիքում նշված ժամկետում, իսկ դրա բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում, և բարեխիղճ հոգատարություն ցուցաբերի պարզելու համար այդ պահանջի ու դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը երաշխիքի պայմաններին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երաշխիք տված անձը մերժում է բենեֆիցիարի պահանջը, եթե այդ պահանջը կամ դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում երաշխիքի պայմաններին կամ երաշխիք տված անձին ներկայացվել են երաշխիքով սահմանված ժամկետի ավարտից հետո:

Երաշխիք տված անձը պարտավոր է բենեֆիցիարին անհապաղ տեղեկացնել նրա պահանջը մերժելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե մինչև բենեֆիցիարի պահանջը բավարարելը երաշխիք տված անձին հայտնի է դարձել, որ երաշխիքով ապահովված հիմնական պարտավորությունը լրիվ կամ համապատասխան մասով արդեն կատարվել է, դադարել է այլ հիմքերով կամ անվավեր է, նա պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի բենեֆիցիարին և պրինցիպալին:

Նման հաղորդումից հետո բենեֆիցիարից ստացած կրկնակի պահանջը բավարարվում է երաշխիք տված անձի կողմից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 392-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բենեֆիցիարի առջև երաշխիքով նախատեսված երաշխիք տված անձի պարտավորությունը սահմանափակվում է այն գումարով, որով տրված է երաշխիքը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ երաշխիք տված անձի կողմից երաշխիքով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար երաշխիք տված անձի պատասխանատվությունը բենեֆիցիարի առջև չի սահմանափակվում այն գումարով, որով տրված է երաշխիքը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բենեֆիցիարի առջև երաշխիք տված անձի երաշխիքով պարտավորությունը դադարում է`

1) բենեֆիցիարին այն գումարը վճարելով, որով տրված է երաշխիքը.

2) երաշխիքով որոշված ժամկետի ավարտով.

3) բենեֆիցիարի կողմից` երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու և երաշխիքը երաշխիք տված անձին վերադարձնելու հետևանքով.

4) բենեֆիցիարի կողմից` երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու հետևանքով, երաշխիք տված անձին պարտավորություններից ազատելու մասին գրավոր դիմում տալու միջոցով:

Նույն կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված հիմքերով երաշխիք տված անձի պարտավորության դադարելը կախված չէ երաշխիքը նրան վերադարձնելուց:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե երաշխիք տված անձին հայտնի է դարձել երաշխիքը դադարելու մասին, ապա այդ մասին պետք է անհապաղ տեղեկացնի պրինցիպալին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երաշխիք տված անձի` երաշխիքով բենեֆիցիարին վճարված գումարները հետադարձ կարգով պրինցիպալից պահանջելու իրավունքը սահմանվում է երաշխիք տված անձի և պրինցիպալի համաձայնությամբ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ երաշխիք տված անձն իրավունք չունի պրինցիպալից պահանջել հատուցելու երաշխիքի պայմաններին չհամապատասխանող կամ բենեֆիցիարի առաջ երաշխիք տված անձի պարտավորության խախտմամբ բենեֆիցիարին վճարված գումարները, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիք տված անձի և պրինցիպալի համաձայնությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ: Այսպես` պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Հակառակ դեպքում` պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: Մասնավորապես, եթե այդ պարտավորական հարաբերություններն ունեն դրամային բնույթ, և դրա ուժով պարտապանը պարտավոր է վճարել դրամ, ապա այդ դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու համար այդ գումարին վճարվում են նաև տոկոսներ (տե՛ս «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1060/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել, որ նախավճարը, ինչպես և գրավը, տուժանքը, պարտապանի գույքի պահումը, երաշխավորությունը և երաշխիքը, հանդիսանում են ակցեսորային պարտավորություն, այսինքն` հիմնական պարտավորության համար լրացուցիչ պարտավորություն, և առանց հիմնական պարտավորության առկայության` այն կորցնում է իր իմաստն ու նշանակությունը, իսկ լրացուցիչ պարտավորության վավերականությունը և պայմաններն անմիջական կախվածության մեջ են գտնվում այն (հիմնական) պայմանագրի (համաձայնության) վավերականությունից և պայմաններից, որի ապահովմանն ուղղված է լրացուցիչ պարտավորությունը (տե՛ս Գոհարիկ Աղաջանյանն ընդդեմ Վալյա Նալբանդյանի թիվ ԵԱՔԴ/2796/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը)։

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման միջոցները գլխավորապես միտված են պարտավորական իրավահարաբերություններում պարտատիրոջ շահերի ապահովմանն այն առումով, որ պարտապանի կողմից իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում պարտատերը կկարողանա ապահովման համապատասխան միջոցի գործադրմամբ՝ այլընտրանքային եղանակով, ստանալ տվյալ պարտավորական իրավահարաբերության շրջանակներում իր ունեցած ակնկալիքը: Ընդ որում, անկախ պարտավորությունների կատարման ապահովման միջոցների առանձնահատկություններից և բովանդակային տարբերություններից, դրանց բոլորի միասնական բնույթը դրսևորվում է հիմնական պարտավորության նկատմամբ լրացուցիչ (ակցեսորային) պարտավորություն հանդիսանալով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պարտավորությունների ապահովման միջոցները նախևառաջ կատարում են կանխարգելիչ գործառույթ, քանի որ անբարենպաստ հետևանքներ առաջացնելու սպառնալիքով պարտապանին ստիպում են ժամանակին և պատշաճ կատարել իր ստանձնած պարտավորությունները։ Դրանց կիրառությունը ծառայում է պայմանագրային կարգապահության ամրապնդման նպատակին։ Միևնույն ժամանակ դրանք կատարում են վերականգնողական (կոմպենսացիոն) գործառույթ, քանզի կոչված են նաև ապահովելու տվյալ պարտավորության շրջանակներում պարտատիրոջ շահերը և լրացուցիչ երաշխիքներ սահմանելու նրա՝ այդ պարտավորության բովանդակությունը կազմող իրավունքների իրականացումն ապահովելու համար՝ հնարավորություն տալով պարտապանի կողմից իր ստանձնած պարտավորությունը խախտելու (այն չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու) դեպքում բավարարել իր պահանջը և (կամ) ստանալ որոշակի փոխհատուցում։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պարտավորությունների կատարման ապահովման բոլոր միջոցներն էլ ունեն պարտավորաիրավական բնույթ և նպատակադրված են օժանդակելու իրենց նախատեսման համար հիմք ծառայած պարտավորության կատարմանը։ Կողմերի պարտավորական իրավահարաբերություններում դրանցից որևէ մեկի նախատեսված լինելու դեպքում պարտավորական իրավահարաբերության մասնակիցները ձեռք են բերում դրանց հետ կապված հատուկ իրավունքներ և պարտավորություններ, որոնք, սակայն, գործնական նշանակություն ունեն միայն այնքանով, որքանով ապահովում են պարտավորության կատարումը։ Այդ պատճառով էլ պարտավորությունների ապահովման միջոցներից ոչ մեկն ինքնուրույն գոյություն ունենալ չի կարող։

Նշվածից հետևում է, որ պարտավորության ապահովման միջոցի կիրառման համար նախևառաջ անհրաժեշտ է, որ գոյություն ունենա ապահովման կարիք ունեցող որևէ պարտավորություն։ Հետևաբար, պարտավորությունների ապահովման միջոցներն իրենցից ներկայացնում են արդեն իսկ գոյություն ունեցող պարտավորական հարաբերության լրացումներ (լրացուցիչ պարտավորություններ), որի հետևանքով էլ դրանք առանց իրենցով ապահովվող հիմնական պարտավորության գոյություն ունենալ չեն կարող։

Միևնույն ժամանակ պարտավորությունների ապահովման այս կամ այն միջոցը կարող է կատարել իր վերականգնողական (կոմպենսացիոն) գործառույթը, եթե հիմնական պարտավորության շրջանակներում պարտապանը թույլ է տվել իր կողմից ստանձնած պարտավորության խախտում։ Այլ կերպ ասած՝ հիմնական պարտավորությամբ պարտատիրոջ շահերի պաշտպանության, այդ պարտավորության բովանդակությունը կազմող իրավունքների իրականացումն ապահովելու նպատակով համապատասխան ապահովման միջոցի կիրառման համար անհրաժեշտ իրավաբանական փաստ է ոչ միայն օրենքով կամ կողմերի համաձայնությամբ համապատասխան ապահովման միջոցի նախատեսված լինելը, այլ նաև պարտապանի կողմից թույլ տրված պարտավորության խախտումը (այն չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)։ Համապատասխանաբար օրենքով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված ապահովման միջոցը չի կարող գործադրվել պարտապանի նկատմամբ այն դեպքերում, երբ վերջինիս կողմից պարտավորության խախտում թույլ չի տրվել և պարտատերը չունի (կամ այլևս չունի) նրանից կատարում պահանջելու իրավունք։

ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումից ուղղակիորեն բխում է, որ լրացուցիչ (ակցեսորային) բնույթ ունեն պարտավորությունների ապահովման բոլոր միջոցները, այդ թվում՝ երաշխիքը, որի ուժով երաշխիք տված անձը պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար` վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենսդիրը երաշխիքի ակցեսորային բնույթն ընդգծել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 384-րդ 1-ին կետում, որի համաձայն՝ երաշխիքն ապահովում է բենեֆիցիարի հանդեպ պրինցիպալի պարտավորության (հիմնական պարտավորության) պատշաճ կատարումը: Նշված ձևակերպումից ուղղակիորեն բխում է հիմնական պարտավորության նկատմամբ երաշխիք տված անձի պարտավորության լրացուցիչ (ակցեսոր) բնույթը։

Միևնույն ժամանակ երաշխիքը պարտավորությունների ապահովման միջոցներից էապես տարբերվում է իր ինքնուրույնությամբ և հիմնական պարտավորությունից անկախությամբ։ Բենեֆիցիարի հանդեպ երաշխիք տված անձի պարտավորության ինքնուրույնությունն ու անկախությունը դրսևորվում է նրանում, որ երաշխիք տված անձը բենեֆիցիարի՝ վճարում կատարելու պահանջն իրավասու է մերժել բացառապես իրեն ներկայացված պահանջի՝ երաշխիքի պայմաններին չհամապատասխանելու հիմքով, և չի կարող վկայակոչել այնպիսի հանգամանքներ, որոնք կապված են հիմնական պարտավորության վավերության, այն մասամբ կամ ամբողջությամբ կատարված լինելու, հիմնական պարտավորության կատարման անհնարինության կամ օրենքով նախատեսված այլ հիմքով դադարած լինելու, բենեֆիցիարի կողմից պրինցիպալի հանդեպ հիմնական պարտավորությամբ ստանձնած պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, բենեֆիցիարի կողմից նույն պարտավորությունից բխող իր իրավունքը չարաշահելու հետ։

Երաշխիքի ինքնուրույնության և հիմնական պարտավորությունից անկախության սկզբունքի էությունը հանգում է նրան, որ բենեֆիցիարի՝ երաշխիքի պայմաններին համապատասխան ներկայացված պահանջը երաշխիք տված անձը պարտավոր է կատարել անվերապահորեն և իրավասու չէ բենեֆիցիարի պահանջի կատարումը մերժել հիմնական պարտավորության հետ կապված որևէ հանգամանքի վկայակոչմամբ, եթե նույնիսկ երաշխիքում վկայակոչվում է այդ պարտավորությունը: Ի տարբերություն պարտավորությունների ապահովման այլ միջոցների, օրինակ՝ երաշխավորության, երաշխիք տված անձն իրավունք չունի հիմնական պարտավորությամբ պարտատիրոջ՝ բենեֆիցիարի պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք կարող էր ներկայացնել պարտապանը: Ավելին, եթե մինչև բենեֆիցիարի պահանջը բավարարելը երաշխիք տված անձին հայտնի է դարձել, որ երաշխիքով ապահովված հիմնական պարտավորությունը լրիվ կամ համապատասխան մասով արդեն կատարվել է, դադարել է այլ հիմքերով կամ անվավեր է, նա պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի բենեֆիցիարին և պրինցիպալին, սակայն նման հաղորդումից հետո բենեֆիցիարից ստացած կրկնակի պահանջը ենթակա է բավարարման։ Երաշխիք տվողը պարտավոր է կատարել իր պարտավորությունը նույնիսկ այն դեպքում, երբ պրինցիպալը նրա հետ հարաբերություններում առարկում է դրա դեմ՝ վկայակոչելով իր առարկությունները հիմնավորող հանգամանքներ և ներկայացնելով դրանք հաստատող ապացույցներ։

Այդուհանդերձ, երաշխիքի ինքնուրույնության և հիմնական պարտավորությունից անկախության սկզբունքը հարաբերական բնույթ ունի այն կիրառելի է բացառապես երաշխիք տված անձի ու բենեֆիցիարի հարաբերություններում և որևէ կերպ չի ազդում երաշխիքի՝ հիմնական պարտավորության նկատմամբ ակցեսոր բնույթի վրա։ Հետևաբար, երաշխիքը չի կարող գոյություն ունենալ հիմնական պարտավորության բացակայության պայմաններում, այն ապահովում է գոյություն ունեցող պարտավորությունը՝ երաշխավորելով վերջինիս չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում հիմնական պարտապանի՝ բենեֆիցիարի հատուցում ստանալու իրավական հնարավորությունը։ Նշվածն էլ, իր հերթին, նշանակում է, որ եթե մինչև բենեֆիցիարի պահանջը երաշխիք տված անձի կողմից կատարելը հիմնական պարտավորությունը դատական կարգով ճանաչվում է անվավեր կամ դադարած այնպիսի հիմքով, որը կապված չէ հիմնական պարտապանի կողմից պարտավորությունը խախտելու (չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու) հետ (օրինակ՝ կատարում, հաշվանց, կատարման անհնարինություն և այլն), ապա երաշխիքը ևս կորցնում է իր կանխարգելիչ և վերականգնողական (կոմպենսացիոն) նշանակությունը, քանի որ պարտատիրոջ մոտ պարտապանից կատարում պահանջելու իրավունքի բացակայության պայմաններում չեն կարող իրացվել հիմնական պարտավորության նկատմամբ երաշխիքի օժանդակող (ծառայական) գործառույթները, հետևաբար այն ևս պետք է համարել դադարած։ Համապատասխանաբար, այն պարագայում, երբ պարտավորությունը դադարում է պարտապանի կողմից պարտավորությունը խախտելու (չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու) հետևանքով (օրինակ՝ պայմանագրի էական խախտում թույլ տալու հիմքով), ապա հիմնական պարտավորության դադարումը որևէ կերպ չի կարող ազդել երաշխիքի գործողության վրա, քանի որ վերջինս ի սկզբանե տրվում է նաև նման իրավիճակներում պարտատիրոջ իրավունքների իրականացումն ապահովելու համար՝ հնարավորություն տալով պարտապանի կողմից իր ստանձնած պարտավորությունը խախտելու (այն չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու) դեպքում բավարարել իր պահանջը և (կամ) ստանալ որոշակի փոխհատուցում։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Պարտապանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մեղքի բացակայությունն ապացուցում է պարտավորությունը խախտած անձը:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նման հանգամանքներ չեն, մասնավորապես, պարտականությունների խախտումը պարտապանի կոնտրագենտների կողմից, շուկայում անհրաժեշտ ապրանքների կամ պարտապանի մոտ անհրաժեշտ դրամական միջոցների բացակայությունը:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պարտավորությունը դիտավորյալ խախտելու համար պատասխանատվությունը վերացնելու կամ սահմանափակելու մասին նախապես կնքված համաձայնությունն առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը դադարում է կատարման անհնարինությամբ, եթե դա առաջացել է այնպիսի հանգամանքից, որի համար կողմերից որևէ մեկը պատասխանատու չէ: Այդ դեպքում պարտատերն իրավունք չունի պարտապանից պահանջել պարտավորության կատարում:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտապանի կողմից պարտավորության կատարման անհնարինության դեպքում, որն առաջացել է պարտատիրոջ մեղքով, պարտատերն իրավունք չունի հետ պահանջել պարտավորությամբ իր կատարածը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը որպես պարտավորությունը խախտելու համար պատասխանատվության պարտադիր պայման սահմանել է պարտավորությունը խախտած անձի մեղքի առկայությունը: Նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսվել է մեղքի բացակայության պարագայում պարտավորությունը խախտած անձի պատասխանատվությունը, եթե պարտավորությունը բխում է ձեռնարկատիրական գործունեության իրականացումից: Ընդ որում, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը ենթակա չէ պատասխանատվության միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով: Այդ կանոնը կիրառելի չէ, եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսվել է նույնիսկ անհաղթահարելի ուժի առկայության պայմաններում պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձի պատասխանատվություն կրելու հանգամանքը (տե՛ս «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Լանդրաս» ՍՊԸ-ի թիվ ԵՔԴ/0595/04/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Քաղաքապետարանի՝ որպես գնորդի և Ընկերության՝ որպես վաճառողի միջև 27.12.2022 թվականին կնքվել է ապրանքի ձեռքբերման գնման թիվ «ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3» պայմանագիրը, որի 1.1.-ին կետով վաճառողը պարտավորվել է Պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով գնորդին մատակարարել պայմանագրի թիվ 1 հավելվածով՝ Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված ապրանքը, իսկ գնորդը պարտավորվել է ընդունել ապրանքը և վճարել դրա համար:

Պայմանագրի 2.1.7.-րդ կետով նախատեսվել է, որ գնորդն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը։ Պայմանագրի 2.1.7.1.-ին կետի «բ» ենթակետով նախատեսվել է, որ վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 1 օրից ավելի:

Պայմանագրի 7-րդ կետով նախատեսվել է, որ պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

Պայմանագրի 8.11.-րդ կետով նախատեսվել է, որ վաճառողի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու ծանուցումը գնորդը հրապարակում է www.procurement.am հասցեով գործող ինտերնետային կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում՝ նշելով հրապարակման ամսաթիվը: Վաճառողը պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ համարվում է պատշաճ ծանուցված՝ ծանուցումը, նույն կետով սահմանված հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը տեղեկագրում հրապարակվելու օրը գնորդը այն ուղարկում է նաև վաճառողի էլեկտրոնային փոստին։

Բանկի և Ընկերության միջև 27.02.2023 թվականին կնքվել է բանկային երաշխիքի թիվ «CԲԵՊ23/33-01» պայմանագիրը, որի 1.1-ին կետով Բանկը պրինցիպալի՝ Ընկերության խնդրանքով Բանկի համար ընդունելի պարտավորությունների կատարումն ապահովող միջոց(ներ)ից բխող Բանկի իրավունք(ներ)ի ծագման դեպքում թողարկում է նույն կետում նշված պայմաններին համապատասխան երաշխիք, որով գրավոր պարտավորություն է ստանձնում բենեֆիցիարի՝ Քաղաքապետարանի հանդեպ, ի ապահովումն վերջինիս առջև հիմնական պարտավորության պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարման, բենեֆիցիարի կողմից երաշխիքի պայմաններին բավարարող գրավոր պահանջ ներկայացնելիս վերջինիս վճարել պահանջվող գումարը՝ երաշխիքի գումարի սահմաններում:

Որպես երաշխիքի տեսակ նշվել է պայմանագրի ապահովման երաշխիքը, որպես գումար և արժույթ՝ 251.750.045 ՀՀ դրամը, որպես ժամկետ՝ մինչև 01.07.2024 թվականը ներառյալ, որպես հիմնական պարտավորություն (երաշխիքի տրամադրման հիմք)՝ բենեֆիցիարի և պրինցիպալի միջև 27.12.2022 թվականին կնքված թիվ  «ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3» ապրանքի ձեռքբերման գնման պայմանագիրը /չափաբաժին 6,8,9,15,16,19,20/ և դրա շրջանակներում կնքվելիք թիվ 2 համաձայնագիրը։

Բանկի և Ընկերության միջև 27.02.2023 թվականին կնքվել է բանկային երաշխիքի թիվ «CԲԵՊ23/34-01» պայմանագիրը, որի 1.1-ին կետով Բանկը պրինցիպալի՝ Ընկերության խնդրանքով Բանկի համար ընդունելի պարտավորությունների կատարումն ապահովող միջոց(ներ)ից բխող Բանկի իրավունք(ներ)ի ծագման դեպքում թողարկում է նույն կետում նշված պայմաններին համապատասխան երաշխիք, որով գրավոր պարտավորություն է ստանձնում բենեֆիցիարի՝ Քաղաքապետարանի հանդեպ, ի ապահովումն վերջինիս առջև հիմնական պարտավորության պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարման, բենեֆիցիարի կողմից երաշխիքի պայմաններին բավարարող գրավոր պահանջ ներկայացնելիս վերջինիս վճարել պահանջվող գումարը՝ երաշխիքի գումարի սահմաններում:

Որպես երաշխիքի տեսակ նշվել է որակավորման ապահովման երաշխիքը, որպես գումար և արժույթ՝ 755.250.135 ՀՀ դրամը, որպես ժամկետ՝ մինչև 01.07.2024 թվականը ներառյալ, որպես հիմնական պարտավորություն (երաշխիքի տրամադրման հիմք)՝ բենեֆիցիարի և պրինցիպալի միջև 27.12.2022 թվականին կնքված թիվ  «ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3» ապրանքի ձեռքբերման գնման պայմանագիրը /չափաբաժին 6,8,9,15,16,19,20/ և դրա շրջանակներում կնքվելիք թիվ 2 համաձայնագիրը։

Բանկի կողմից 27.02.2023 թվականին թողարկված թիվ «CԲԵՆ23/87-01» երաշխիքի 1-ին կետով նախատեսվել է, որ սույն երաշխիքը հանդիսանում է Քաղաքապետարանի կողմից ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1 ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Ընկերության կողմից 27.12.2022 թվականին կնքված թիվ  «ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3» ապրանքի ձեռքբերման գնման պայմանագրից/չափաբաժին 6,8,9,15,16,19,20/ ու դրա շրջանակներում կնքվելիք թիվ 2 համաձայնագրից բխող պրինցիպալի պարտավորությունների կատարման ապահովում:

Նույն երաշխիքի 2-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքով Բանկն անվերապահորեն պարտավորվում է բենեֆիցիարի՝ նույն երաշխիքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացված պահանջով բենեֆիցիարին վճարել մինչև 251.750.045 ՀՀ դրամ ներառյալ գումար՝ պահանջն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Նույն երաշխիքի 3-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքն անհետկանչելի է։

Նույն երաշխիքի 5-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքն ուժի մեջ է մտնում տրամադրման պահից և գործում է մինչև 01.07.2024 թվականը ներառյալ:

Նույն երաշխիքի 10-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները։

Նույն երաշխիքի 11-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքի կապակցությամբ ծագող վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Բանկի կողմից 27.02.2023 թվականին թողարկված թիվ «CԲԵՆ23/86-01» երաշխիքի 1‑ին կետով նախատեսվել է, որ սույն երաշխիքը հանդիսանում է Քաղաքապետարանի կողմից ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1 ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Ընկերության կողմից 27.12.2022 թվականին կնքված թիվ  «ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3» ապրանքի ձեռքբերման գնման պայմանագրով/չափաբաժին 6,8,9,15,16,19,20/ և դրա շրջանակներում կնքվելիք թիվ 2 համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ որակավորման ապահովում:

Նույն երաշխիքի 2-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքով Բանկն անվերապահորեն պարտավորվում է բենեֆիցիարի՝ նույն երաշխիքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացված պահանջով բենեֆիցիարին վճարել մինչև 755.250.135 ՀՀ դրամ ներառյալ գումար՝ պահանջն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Նույն երաշխիքի 3-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքն անհետկանչելի է։

Նույն երաշխիքի 5-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքն ուժի մեջ է մտնում տրամադրման պահից և գործում է մինչև 01.07.2024 թվականը ներառյալ:

Նույն երաշխիքի 10-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները։

Նույն երաշխիքի 11-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքի կապակցությամբ ծագող վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շ. Գրիգորյանը Բանկին հասցեագրված թիվ 04/3248-24 գրությամբ տեղեկացրել է, որ Քաղաքապետարանի և Ընկերության միջև 27.12.2022 թվականին կնքված Պայմանագրի շրջանակներում Ընկերությունը խախտել է դրանով սահմանված պարտավորությունները՝ չի մատակարարել Պայմանագրով նախատեսված ապրանքները, որը հիմք է հանդիսացել Քաղաքապետարանի կողմից Պայմանագիրը միակողմանի՝ մասնակի լուծելու համար: Նույն գրությամբ Բանկին առաջարկվել է վերը նշված երաշխիքների համաձայն՝ Քաղաքապետարանին վճարել, համապատասխանաբար, 251.750.045 ՀՀ դրամ և 403.159.549 ՀՀ դրամ՝ պահանջն ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ միաժամանակ նշելով, որ բենեֆիցիարի և պրինցիպալի միջև երկկողմ հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունների պատճենները՝ որոշ մանկապարտեզների մասով, չեն ներկայացվել՝ դրանք Ազգային անվտանգության ծառայության կողմից առգրավված լինելու պատճառաբանությամբ։

Ի պատասխան վերը նշված գրության՝ Բանկը 15.01.2024 թվականի թիվ 1220-411 գրությամբ հայտնել է, որ ներկայացված պահանջը չի բավարարում վերը նշված երաշխիքների հիման վրա պահանջ ներկայացնելու պայմաններին՝ չեն ներկայացվել պայմանագրի, ներառյալ նաև դրանում կատարված փոփոխությունների, լրացուցիչ համաձայնագրերի պատճենները, բենեֆիցիարի կողմից պայմանագիրը միակողմանի լուծելու մասին www.procurement.am հասցեով գործող տեղեկագրում հրապարակված ծանուցումը, ինչպես նաև պայմանագրի շրջանակում բենեֆիցիարի և պրինցիպալի միջև երկկողմ հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը (արձանագրությունները) կամ դրա (դրանց) պատճենները, ուստի պահանջը ենթակա է մերժման։

Ի պատասխան Բանկի 15.01.2024 թվականի թիվ 1220-411 գրության՝ Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շ. Գրիգորյանը թիվ 04/6477-24 գրությամբ Բանկին տեղեկացրել է, որ վերը նշված երաշխիքներով պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ նյութերը տրամադրվել են «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով, որոնք ներառված են նույն գրությանը կից ներկայացված թվային սկավառակում։

Ի պատասխան Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շ. Գրիգորյանի վերը նշված գրության՝ Բանկը 01.02.2024 թվականի թիվ 1220-1226 գրությամբ հայտնել է, որ վերը նշված երաշխիքների շրջանակներում ներկայացված վճարման պահանջների կատարումն անհնար է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 17.01.2024 թվականին թիվ ԵԴ2/0201/02/24 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 11655623 կատարողական վարույթով կայացված որոշմամբ, քանի որ Բանկին արգելվել է կատարել 251.750.045 ՀՀ դրամի և 403.159.549 ՀՀ դրամի չափով կատարման երաշխիքի վճարումը, ինչպես նաև արգելվել է այլ կերպ կատարել թիվ «ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3» պայմանագրից բխող երաշխիքների վճարումը՝ նշված կամ այլ գումարների չափով։

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Ա Ալեքսանյանի կողմից 15.02.2024 թվականին տրված հավաստագրի համաձայն՝ պալատը, հիմք ընդունելով «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի «դ» ենթակետը, պալատի կանոնադրության 2.4.13 կետը, 03.04.2020 թվականին պալատի նախագահության նիստում հաստատված «Անհաղթահարելի ուժի հանգամանքների (ֆորս-մաժոր) հավաստագրերի տրամադրման և մերժման ընթացակարգ»-ը, ուսումնասիրելով Ընկերության և «Հայկազունք» ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից պալատ մուտքագրված դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը՝ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) հանգամանքը վկայելու կապակցությամբ, վկայել է, որ Ընկերության բնականոն գործունեության իրականացման առնչությամբ առկա է անհաղթահարելի ուժ՝ այնքանով, որքանով դա կապված է **********1 հասցեում գտնվող տարածքի փաստացի շահագործման հետ, անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) հանգամանքի սկիզբը հաշվարկվում է 24.11.2023 թվականից մինչև նույն հավաստագրում խոչընդոտների վերացումը։

Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննությունների գլխավոր վարչության չորրորդ վարչության ավագ քննիչ Կ. Եսայանի 07.02.2024 թվականի թիվ 4-211-24 գրությամբ թիվ 58229023 քրեական վարույթով մեղադրյալ Յուրա Ադյանի պաշտպան Գ Հարությունյանին տրամադրված փաստաթղթերի համաձայն՝ Յուրա Ադյանի աշխատասենյակում 24.11.2023 թվականին կատարվել է խուզարկություն, նույն օրը Ընկերության գործունեության՝ թիվ 58 հասցեում, կապարակնքվել են պահեստների և մուտքի դռները, իսկ 02.12.2023 թվականին կազմված արձանագրության համաձայն՝ ջրագծի հետ կապված որոշակի աշխատանքներ կատարելու նպատակով պահեստի և գլխավոր մուտքի դռների կնիքները ապակապարակնքվելուց հետո կրկին փակվել և կնքվել են համապատասխան կնիքներով։

Դատարանը, պատճառաբանելով, որ՝

- «տվյալ դեպքում կողմերի միջև կնքված պայմանագրի 7-րդ կետով սահմանվել է անհաղթահարելի ուժի առկայության պայմանները, որի համաձայն՝ պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել և այդպիսի իրավիճակներ են սահմանվել՝ երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը»,

- «Այսինքն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձինք՝ որպես գույքային հարաբերություններում սեփական ռիսկով գործող, գործարարության համապատասխան ոլորտում մասնագիտացված սուբյեկտներ, պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում անկախ մեղքի առկայությունից»,

- «դրա հետ մեկտեղ՝ օրենսդիրն ընդհանուր կանոնից նախատեսել է որոշակի բացառություն, որի դեպքում պարտավորությունը խախտած ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձն ազատվում է դրա պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ պարտավորության պատշաճ համար կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով»,

- «ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձին անհաղթահարելի ուժի հիմքով պատասխանատվությունից ազատելը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  417-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, պայմանավորված է արտակարգ և անկանխելի, այսինքն՝ այնպիսի բացառիկ, անսովոր, եզակի հանգամանքների ի հայտ գալով, որոնք հաղթահարելը տվյալ պարագայում օբյեկտիվորեն անհնարին է։ Ընդ որում, ի հայտ եկած հանգամանքի արտակարգ և անկանխելի լինելը յուրաքանչյուր դեպքում պետք է դիտարկել ու գնահատել կոնկրետ պարտավորության բնույթի և դրա կատարման պայմանների շրջանակներում»,

- «Դատարանը պատասխանողի ներկայացուցչի փաստարկները, որ տվյալ դեպքում առկա չի եղել անհաղթահարելի այնպիսի հանգամանք, որը հայցվորին զրկել է պատշաճ կատարել պայմանագրային պարտավորությունները, և հայցվորը որևէ կերպ չի հիմնավորել պայմանագրային պարտավորությունները չկատարելու իր մեղքի բացակայությունը, անհիմն է համարում, քանի որ հաստատվեց ինչպես անհաղթահարելի ուժի, այնպես էլ հայցվոր ընկերության մեղքի բացակայությունը։

Դատարանը, չխախտելով ապացույցների ներկայացման, հավաքման, ուսումնասիրման և գնահատման կարգը` ինչպես նաև պահպանելով դրանց վերաբերելիությունը, թույլատրելիությունը, հավաստիությունը և բավարար լինելը, գտնում է, որ գործի քննությամբ հաստատվեց, որ հայցվոր «ֆոտոն» ՍՊ ընկերությունը դրսևորել է բարեխիղճ վարքագիծ և ժամանակին, մինչև 2023թ նոյեմբերի 23-ը ներառյալ, պատասխանողին մատակարարել է Պայմանագրով ու դրանով սահմանված ժամանակացույցին համապատասխան ապրանքները, սակայն 2023թ նոյեմբերի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հայցվորի՝ քԵրևան, Ռոստոմի 58 հասցեում գտնվող գրասենյակի և պահեստի կապարակնքումից հետո անհնարին է դարձել պարտավորության՝ 24.11.2023 թվականից մինչև 29.12.2023թ. ընկած ժամանակահատվածում կատարելը, որպիսի պայմաններում դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասի ուժով «Ֆոտոն» ՍՊ ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև 27122022թ կնքված թիվ ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3 ապրանքի ձեռքբերման գնման պայմանագրով սահմանված ապրանքների մատակարարման պարտավորությունը պետք է ճանաչել դադարած»,

- «Դատարանը՝ կողմերի միջև 27.12.2022թ թիվ ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3 ապրանքի ձեռքբերման գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունը դադարած ճանաչելու հիմքերի առկայության պայմաններում, գտնում է, որ պետք է դադարած ճանաչել նաև այդ պայմանագրի կատարման ապահովման միջոց հանդիսացող թիվ CԲԵՆ23/86-01 որակավորման ապահովումը և թիվ CԲԵՆ23/87-01 պայմանագրի ապահովումը»,

- «Ինչ վերաբերում է կատարման անհնարինությունը հիմնավորող հանգամանքի առաջացման համար պատասխանատու լինելուն, ապա դատարանն արձանագրում է, որ հայցվոր ընկերությունը որևէ կերպ չէր կարող կանխատեսել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կարող է կապարակնքել «Ֆոտոն» ՍՊԸ-ի *********2 հասցեում գտնվող գրասենյակն ու պահեստը, ուստի հաստատված է համարում, որ պետական մարմնի ակտի առկայության պայմաններում՝ առաջացել է անհաղթահարելի ուժ, որի արդյունքում՝ հայցվորն իր կամքից անկախ պատճառներով, չի կարողացել կատարել իր կողմից ստանձնած պարտավորության մի մասը:

Դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում «Ֆոտոն» ՍՊ ընկերության գործունեությունը դադարեցված չէ և առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հաստատվել է «Ֆոտոն» ՍՊ ընկերության կամ նրա տնօրենի կամ այլ շահառու հանդիսացող անձի մեղավորությունը։

Այսպիսով դատարանը գտնում է, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման ամբողջությամբ»,

28.06.2024 թվականին վճիռ է կայացրել Ընկերության հայցը բավարարելու մասին։

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ՝

- «սույն գործով չի վիճարկվել այն փաստը, որ 27.12.2022 թվականին կնքված թիվ  ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3 ապրանքի ձեռքբերման գնման պայմանագիրը Երևանի քաղաքապետարանի կողմից միակողմանի (մասնակի) լուծվել է»,

- «պայմանագիրը մասնակի (չկատարված մասով) միակողմանի լուծելու փաստի ուժով պայմանագրի կողմերի միջև դրանից բխող պարտավորություններըՖոտոն»   ՍՊԸ-ի համար՝ ապրանք մատակարարելու, իսկ Երևանի քաղաքապետարանի համար՝ ապրանքն ընդունելու և դրա դիմաց վճարելու) արդեն իսկ դադարել են»,

գտել է, որ «այդ պարտավորությունների դադարման փաստը ճանաչելու պահանջն անհիմն է և ենթակա է մերժման՝ նման փաստի ճանաչման անհրաժեշտության բացակայության պատճառաբանությամբ»:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի հետևությունները՝ կապված պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջը բավարարելու հետ, հիմնավոր են, իսկ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ անհիմն, քանի որ միայն այն հանգամանքը, որ սույն գործով չի վիճարկվել Պայմանագիրը Երևանի քաղաքապետարանի կողմից միակողմանի լուծված լինելու հանգամանքը, որը, որպես կանոն, հիմք է պայմանագրի կողմերի միջև դրանից բխող պարտավորությունները դադարած համարելու համար՝ չէր կարող վերը նշված դիրքորոշումներով պայմանավորված՝ բավարար հիմք հանդիսանալ պայմանագրի ենթադրյալ էական խախտում թույլ տված անձի կողմից դատարան ներկայացնելու նույն պայմանագրից բխող պարտավորություններն անհաղթահարելի ուժի հետևանքով չկատարելու հիմքով դրանք դադարած ճանաչելու մասին պահանջ ներկայացնելու համար։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, կատարելով նման եզրահանգում, անտեսել է, որ Ընկերությունն ի սկզբանե ներկայացրել է պարտավորությունը հենց անհաղթահարելի ուժի հիմքով դադարած ճանաչելու պահանջ՝ ըստ էության նպատակ հետապնդելով դատական կարգով արձանագրելու, որ ոչ իր մեղքով ծագած կատարման անհնարինության պայմաններում Քաղաքապետարանն իրավունք չունի իրենից պահանջել պարտավորության կատարում, իսկ դրա չկատարման դեպքում՝ միակողմանիորեն լուծել Պայմանագիրը՝ հաջորդիվ ներկայացնելով պարտավորության ապահովումները վճարելու պահանջ։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը խախտել է հայցվորի՝ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։

 

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով հայցվորի մյուս պահանջին՝ կապված թիվ CԲԵՆ23/86-01 որակավորման ապահովումը և թիվ CԲԵՆ23/87-01 պայմանագրի ապահովումը դադարած ճանաչելու հետ, և արձանագրելով, որ՝

- «երաշխիքը հանդիսանալով պարտավորությունների կատարման ապահովման միջոց՝ միևնույն ժամանակ հանդիսանում է առանձին պարտավորություն, որն ինքնուրույն և անկախ է հիմնական պարտավորությունից: Մինչդեռ, Դատարանը բողոքարկված վճռով «Ֆոտոն» ՍՊ ընկերության և պատասխանող Երևանի քաղաքապետարանի միջև 27122022 թ կնքված թիվ ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3 ապրանքի ձեռքբերման գնման պայմանագրի շրջանակներում ապրանքների մատակարարման պարտավորությունը դադարած ճանաչելու հիմքով որպես վերը նշված պարտավորության դադարման հետևանք՝ դադարած է ճանաչել նաև թիվ CԲԵՆ23/86-01 որակավորման ապահովումը և թիվ CԲԵՆ23/87-01 պայմանագրի ապահովումը»,

- «երաշխիքի դադարումը չի կարող ածանցվել և կախվածության մեջ գտնվել հիմնական պարտավորության դադարումից»,

- «Դատարանի կողմից առհասարակ քննություն չի կատարվել հայցով ներկայացված՝ թիվ CԲԵՆ23/86-01 որակավորման ապահովումը և թիվ CԲԵՆ23/87-01 պայմանագրի ապահովումը դադարած ճանաչելու հիմնական պահանջի կապակցությամբ»,

25.04.2025 թվականին որոշում է կայացրել Քաղաքապետարանի բերած վերաքննիչ բողոքը բավարարելու մասին:

Վկայակոչված իրավական ակտերի և դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք ևս անհիմն են։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ երաշխիքի պարտավորության ինքնուրույնության և հիմնական պարտավորությունից անկախության սկզբունքը չունի բացարձակ իմաստ, այն կիրառելի է բացառապես երաշխիք տված անձի ու բենեֆիցիարի հարաբերություններում, որևէ կերպ չի ազդում երաշխիքի՝ հիմնական պարտավորության նկատմամբ ակցեսոր բնույթի վրա և հանգում է նրան, որ բենեֆիցիարի՝ երաշխիքի պայմաններին համապատասխան ներկայացված պահանջը երաշխիք տված անձը պարտավոր է կատարել անվերապահորեն և, ի տարբերություն երաշխավորի, իրավասու չէ բենեֆիցիարի պահանջի կատարումը մերժել հիմնական պարտավորության հետ կապված որևէ հանգամանքի վկայակոչմամբ: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ երաշխիքի պարտավորության ինքնուրույնությունն ու հիմնական պարտավորությունից անկախությունն ամենևին չի նշանակում, որ երաշխիք տված անձը պարտավոր է կատարել բենեֆիցիարի՝ վճարում կատարելու պահանջն անկախ հիմնական պարտավորությունը դատական կարգով դադարած ճանաչելու հիմքից։ Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, երաշխիքն ակցեսորային պարտավորություն է, որը հիմնական պարտավորության համեմատ ունի լրացուցիչ՝ վերջինիս կատարումն ապահովող նշանակություն, ու եթե նախքան երաշխիքից բխող վճարման պահանջի կատարումը հիմնական պարտավորությունը դատական կարգով ճանաչվում է դադարած այնպիսի հիմքով, որը կապված չէ հիմնական պարտապանի կողմից իր պարտավորությունը խախտելու հետ (այդ թվում՝ անհաղթահարելի ուժի առկայության հիմքով), ապա, նկատի ունենալով նման պայմաններում պարտատիրոջ մոտ պարտապանից կատարում պահանջելու իրավունքի բացակայության փաստը, երաշխիքը, որը տրվել է ի ապահովումն գոյություն ունեցող պարտավորության պատշաճ կատարման, փաստացի կորցնում է իր կանխարգելիչ և վերականգնողական նշանակությունը, իսկ երաշխիք տված անձի պարտավորությունը՝ վճարելու երաշխիքի գումարը հիմնական պարտապանի կողմից պարտավորությունը խախտելու դեպքում, դառնում է առարկայազուրկ։ Հետևաբար հիմնական պարտապանի կողմից իր պարտավորությունը խախտելու հետ չկապված (տվյալ դեպքում՝ անհաղթահարելի ուժի առկայության) հիմքով հիմնական պարտավորությունը դատական կարգով դադարած ճանաչելու դեպքում երաշխիքի պարտավորությունը ևս պետք է համարել դադարած։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և Դատարանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը բավարարվում է, որի արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանվում է, ինչպես նաև օրինական ուժ է տրվում Դատարանի 28.06.2024 թվականի վճռին՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև ենթակա են բաշխման հետևյալ կերպ՝

- Քաղաքապետարանից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար Ընկերության կողմից օրենքով սահմանված չափով նախապես վճարված պետական տուրքի գումար,

- վերաքննիչ բողոքի համար Քաղաքապետարանի կողմից նախապես օրենքով սահմանված 30.000 ՀՀ դրամ վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի հարցն այդ մասով պետք է համարել լուծված,

- Քաղաքապետարանից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար Ընկերության կողմից օրենքով սահմանված չափով նախապես վճարված պետական տուրքի գումար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 28.06.2024 թվականի վճռին։

2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ «ՖՈՏՈՆ» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար «ՖՈՏՈՆ» ՍՊԸ-ի կողմից օրենքով սահմանված չափով նախապես վճարված պետական տուրքի գումար, և 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար «ՖՈՏՈՆ» ՍՊԸ-ի կողմից օրենքով սահմանված չափով նախապես վճարված պետական տուրքի գումար:

Այլ դատական ծախսերի հատուցման հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

___________________________

1 Առկա է անձնական տվյալ։

2 Առկա է անձնական տվյալ։

 

Նախագահող և զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան