ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/0197/02/24 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/0197/02/24 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
| զեկուցող |
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆՆ. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | |
|
Է. Սեդրակյան | ||
2026 թվականի հուլիսի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԵՐՎԱԴԱ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձ «ՄԵԴԻՍՈՆ ԷՅԲԼ» ՍՊԸ-ի՝ որոշումն անվավեր ճանաչելու և պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2024 թվականի որոշման դեմ Կոմիտեի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել **********1 հասցեում գտնվող, Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքերի քանդման աշխատանքների նպատակով 07․11․2023 թվականի թիվ 1 որոշմամբ հայտարարված թիվ «**********2» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 10․01․2024 թվականին կազմված թիվ 8 արձանագրությամբ՝ Ընկերության հայտը մերժելու մասին կայացված որոշումն ու պարտավորեցնել կնքել պայմանագիր։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15․03․2024 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15․11․2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 15․03․2024 թվականի վճիռը բեկանվել է՝ որոշվել է․
«(․․․) 1.1. «Երվադա» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձ «Մեդիսոն Էյբլ» ՍՊԸ-ի՝ **********3 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ-ի վարչական շենքերի քանդման աշխատանքների նպատակով թիվ 1 որոշմամբ հայտարարված թիվ «**********4» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 10.01.2024 թվականին կազմված թիվ 8 արձանագրությամբ՝ «Երվադա» ՍՊԸ-ի հայտը մերժելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել: ***********5 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ-ի վարչական շենքերի քանդման աշխատանքների նպատակով 27.11.2023 թվականի թիվ 1 որոշմամբ հայտարարված թիվ «**********6» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 10.01.2024 թվականին կազմված թիվ 8 արձանագրությամբ՝ «Երվադա» ՍՊԸ-ի հայտը մերժելու մասին որոշումը ճանաչել անվավեր: (…):
1.2. Թիվ ԵԴ2/0197/02/24 քաղաքացիական գործն ըստ հայցի «Երվադա» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձ «Մեդիսոն Էյբլ» ՍՊԸ-ի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին «**********7» ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակներում «Երվադա» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասով ուղարկել ստորադաս դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։ (․․․)»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ և 314-րդ հոդվածները, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը, Կառավարության 04.05.2017 թվականի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման (այսուհետ՝ Կարգ) 67-րդ կետը։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն էական նշանակություն ունեցող հանգամանքը, որ օրենսդիրը որևէ իմպերատիվ կանոն չի սահմանում առ այն, որ մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման նպատակով այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ձեռքբերումը թույլատրվում է բացառապես գնման հայտերի գնահատման փուլում, հետևաբար առկա չէ որևէ արգելող նորմ` գնման հայտերի գնահատման փուլի ավարտից հետո արդեն իսկ պայմանագրային իրավահարաբերությունների հաստատման նպատակով գնման գործընթացի մասնակցի` անհրաժեշտ պայմանների համապատասխանության ստուգման վերաբերյալ, չէ որ նման պայմանագրային իրավահարաբերությունների հաստատման դեպքում Կոմիտեն կզրկվեր այն իրավաչափ ակնկալիքից, որն ուներ գնման գործընթաց սկսելիս:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության կողմից հայտով ներկայացված հայտարարությունը պետք է որակել որպես իրականությանը չհամապատասխանող, քանի որ Ընկերությունն ի սկզբանե չի բավարարել հրավերով սահմանված պահանջներին, մասնավորապես՝ չի ունեցել հրավերով պահանջվող համապատասխան լիցենզիա, սակայն հավաստել է, որ համապատասխանում է հրավերի պահանջներին։
Վերաքննիչ դատարանը նաև հաշվի չի առել, որ, եթե նույնիսկ Կոմիտեի և Ընկերության միջև կնքվեր որևէ գործարք, ապա հետագայում վերջինիս նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ և 314-րդ հոդվածների ուժով կիրառման էին ենթակա լինելու գործարքի անվավերության պայմանները` հաշվի առնելով Ընկերության մոտ աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ համապատասխան լիցենզիայի բացակայության փաստը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայտի մերժման անիրավաչափության արձանագրումը կարող է ծառայել կողմի սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, եթե հանգեցնելու է հայտով հայցվող պայմանագրի կնքմանը։ Մինչդեռ հայտի մերժումը ոչ իրավաչափ ճանաչելիս Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դրա անմիջական հետևանքը դատական ակտով Ընկերության հետ պայմանագրի կնքմանն անվերապահորեն հարկադրելն է այնպիսի պայմաններում, երբ Ընկերության մոտ համապատասխան լիցենզիայի բացակայության հիմքով օբյեկտիվորեն բացառվում է պայմանագրի կատարումը, և անխուսափելիորեն հանգեցնելու է դատական ակտի պարտադիրության (կատարելիության) պահանջի խախտման։
Սույն գործի փաստերից ակնհայտ է, որ պայմանագիր կնքելուն հարկադրելու մասով գործը նոր քննության ուղարկելն ամբողջովին ինքնանպատակ է, քանի որ գործը նոր քննության է ուղարկվել այնպիսի հարաբերությունների հաստատման պարզման մասով, որոնք կողմերի մեջ առհասարակ չեն կարող ծագել։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15․11․2024 թվականի թիվ ԵԴ2/0197/02/24 որոշումը բեկանել` ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարել վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը՝ բեկանված մասով գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության, կամ որոշումը բեկանել և կայացնել նոր դատական ակտ»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) **********8 հասցեում գտնվող Կոմիտեի վարչական շենքերի քանդման աշխատանքների ձեռքբերման համար 27.11.2023 թվականին հայտարարվել է թիվ «**********9» ծածկագրով հրատապ բաց մրցույթ։ Ընթացակարգին մասնակցության հայտեր ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 08․12․2023 թվականը (հատոր 2, գ․թ․ 19).
2) հրատապ բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի 27․11․2023 թվականի թիվ 1 որոշմամբ հաստատվել է Կոմիտեի կարիքների համար նշված աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված հրատապ բաց մրցույթի հրավերը (այսուհետ՝ Հրավեր)։
Հրավերի 1-ին մասի 1․1 կետի համաձայն՝ «Գնման առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար՝ **********10 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ վարչական շենքերի քանդման աշխատանքների ձեռքբերումը (այսուհետ՝ նաև աշխատանք), որը խմբավորված է 1 չափաբաժնում՝ (․․․)»։
Հրավերի նույն մասի 4․3 կետի համաձայն՝ «Մասնակիցը հայտով ներկայացնում է`
1) իր կողմից հաստատված՝ սույն հրավերի 2-րդ մասի 2.1 կետով նախատեսված դիմում‑հայտարարություն (․․․), որը ներառում է՝
ա) հավաստում սույն հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր և իրեն փոխկապակցված անձանց տվյալների համապատասխանության մասին.
բ) հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, սույն հրավերով սահմանված կարգով և ժամկետում, որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության մասին.
գ) հայտարարություն սույն ընթացակարգի շրջանակում անբարեխիղճ մրցակցության, գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության բացակայության մասին.
դ) հայտարարություն սույն ընթացակարգի շրջանակում իրեն փոխկապակցված անձանց և (կամ) իր կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս իրեն պատկանող բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցության բացակայության մասին.
ե) իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր (․․․).
2) իր կողմից հաստատված գնային առաջարկ.
3) հայտի ապահովում կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի ձևով.
4) շինարարական աշխատանքների գնման դեպքում՝ իր կողմից հաստատված՝ լրացված ծավալաթերթ-նախահաշիվ (․․․).
5) ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները, եթե կնքվելիք պայմանագիրն իրականացվելու է ենթակապալի միջոցով,
6) համատեղ գործունեության պայմանագրի պատճենը, եթե մասնակիցները սույն ընթացակարգին մասնակցում են համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): (․․․)։
Հրավերի 2-րդ մասի 2-րդ բաժնի [«Ընթացակարգի հայտը»] համաձայն՝ Ընթացակարգին մասնակցելու համար մասնակիցը համակարգի միջոցով ներկայացնում է հայտ: Հայտին կցվում են սույն հրավերով նախատեսված համապատասխան փաստաթղթերը (տեղեկությունները):
Մասնակիցը հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված`
1) «Պիտանելիության չափորոշիչ».
2.1 ընթացակարգին մասնակցելու դիմում-հայտարարություն` համաձայն հավելված N 1-ի.
2.2 ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները, եթե պայմանագիրն իրականացվելու է գործակալության միջոցով.
2.3 համատեղ գործունեության պայմանագիրը, եթե մասնակիցները գնման ընթացակարգին մասնակցում են համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով).
2.4 հայտի ապահովում, որը ներկայացվում է կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի ձևով (հավելված N 3): (…):
2) «Ֆինանսական չափորոշիչ».
2.5 գնային առաջարկ` համաձայն հավելված N 2-ի: (…).
2.6 շինարարական աշխատանքների գնման դեպքում՝ հավելված N 2․1, հավելված N 2․2
- իր կողմից հաստատված՝ լրացված ծավալաթերթ-նախահաշիվ (․․․)։
Հրավերի նույն մասի 8․2 կետի համաձայն՝ «Հայտերը գնահատվում են սույն հրավերով սահմանված կարգով:
Գնման ընթացակարգի չափաբաժինների քանակը յոթանասունհինգը չգերազանցելու դեպքում հայտերի գնահատումն իրականացվում է դրանց ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված տասնհինգ (․․․) աշխատանքային օրվա ընթացքում»:
Բավարար են գնահատվում սույն հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են: Ընդ որում հայտերի բացման և գնահատման նիստում հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում են գնային առաջարկները և/կամ հայտի ապահովումը կամ դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ սույն հրավերի 1-ին մասի 8.9 կետով սահմանված դեպքի:
Հրավերի նույն մասի 8․4 կետի համաձայն՝ «Ընտրված մասնակիցը որոշվում է` բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։ (․․․)»։
Հրավերի նույն մասի 8․6 կետի համաձայն՝ «Հանձնաժողովը հրավերի պահանջների նկատմամբ բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից որոշում և հայտարարում է ընտրված և այդպիսին չճանաչված մասնակիցներին: (․․․)»։
Հրավերի նույն մասի 8․9 կետի համաձայն՝ «Եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ, ներառյալ այն դեպքը, երբ հայտում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին համակարգի միջոցով տեղեկացնում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը:
Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտի գնահատման ընթացքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները»:
Հրավերի նույն մասի 8․10 կետի համաձայն՝ «Եթե սույն հրավերի 8.9-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա վերջինիս հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը սույն հրավերով սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը»:
Հրավերի նույն մասի 8․12 կետի համաձայն՝ «Հայտերը բացվելուց և գնահատվելուց հետո կազմվում է արձանագրություն` գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ մանրամասն նկարագրվում են հայտերի գնահատման արդյունքում արձանագրված անհամապատասխանությունները և դրանցով պայմանավորված հայտերի մերժման հիմքերը: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները»։
Հրավերի նույն մասի 8․20 կետի համաձայն՝ «Մասնակիցն իրեն ներկայացված պահանջների համապատասխանության հիմնավորման նպատակով կարող է ներկայացնել լրացուցիչ այլ փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր։
Հանձնաժողովը կարող է ստուգել մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը: Նման հարցում ուղարկվելու դեպքում համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են գրավոր եզրակացություն: Եթե մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվում են իրականությանը չհամապատասխանող, ապա տվյալ մասնակցի հայտը մերժվում է:
Հրավերի նույն մասի 8․22 կետի համաձայն՝ «Ընտրված մասնակցին որոշելու նիստի ավարտին հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարը՝
1) Համակարգում նշում է ընթացակարգի բավարար գնահատված մասնակիցներին՝ նրանց դասակարգելով ըստ գնահատման արդյունքների և գնային առաջարկների.
2) Համակարգի միջոցով ընթացակարգի մասնակիցների էլեկտրոնային փոստին ուղարկում է գնահատման արդյունքների մասին հանձնաժողովի նիստի արձանագրությունը»:
Հրավերի նույն մասի 8․23 կետի համաձայն՝ «Մինչև պայմանագիր կնքելը պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին ոչ ուշ, քան ընտրված մասնակցի մասին որոշման ընդունմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը։ Պայմանագիր կնքելու մասին որոշումը պարունակում է ամփոփ տեղեկատվություն հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ու հայտարարություն անգործության ժամկետի վերաբերյալ»։
Հրավերի նույն մասի 8․24 կետի համաձայն՝ «Անգործության ժամկետը պայմանագիր կնքելու մասին որոշման հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվա և պատվիրատուի կողմից պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման օրվա միջև ընկած ժամանակահատվածն է։
Անգործության ժամկետը սույն ընթացակարգի դեպքում 10 օրացուցային օր է։ (․․․)։ Պատվիրատուն պայմանագիրը կնքում է, եթե սույն կետով նախատեսված անգործության ժամկետում որևէ մասնակից չի բողոքարկում պայմանագիր կնքելու մասին որոշումը։ (․․․)։
Հրավերի նույն մասի 9․1 կետի համաձայն՝ «Պայմանագիր կնքվում է հանձնաժողովի որոշման հիման վրա` պատվիրատուի կողմից։ (․․․)»։
Հրավերի նույն մասի 9․2 կետի համաձայն՝ «Սույն հրավերի 1-ին մասի 8.25 կետով սահմանված անգործության ժամկետը լրանալուն հաջորդող չորրորդ աշխատանքային օրը պատվիրատուն ծանուցում է ընտրված մասնակցին` ներկայացնելով պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը: (․․․)»:
Հրավերի նույն մասի 9․5 կետի համաձայն՝ «Եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և պայմանագրի նախագիծն ստանալուց հետո (․․․) չի ստորագրում պայմանագիրը և պատվիրատուին ներկայացնում որակավորման և պայմանագրի ապահովումները, իսկ կնքվելիք պայմանագրի նախագծով կանխավճար նախատեսված լինելու և ընտրված մասնակցի կողմից այդ պայմանն ընդունվելու դեպքում նաև կանխավճարի ապահովումը, ապա նա զրկվում է պայմանագիրը ստորագրելու իրավունքից։ (․․․)»:
Հրավերի նույն մասի 9․6 կետի համաձայն՝ «Պայմանագիր կնքելու վերաբերյալ պատվիրատուի առաջարկը ստացած ընտրված մասնակիցը համակարգի միջոցով ընդունում կամ մերժում է իրեն ներկայացված առաջարկը»:
Հրավերի նույն մասի 9․7 կետի համաձայն՝ «(․․․) կողմերի համաձայնությամբ, կարող են պայմանագրի նախագծում կատարվել փոփոխություններ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը, կանխավճարի չափի կամ ընտրված մասնակցի առաջարկած գնի ավելացմանը»։
Հրավերի նույն մասի 9․8 կետի համաձայն՝ «Պայմանագիրը կնքվելուն հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարը համակարգում ավարտում է ընթացակարգը» (հատոր 2-րդ, գ․թ․ 22-38)․
2) Հրավերի Հավելված թիվ 6-ի (Պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պայմանագիր **********11) Հավելված թիվ 1-ի (Ծավալաթերթ-Նախահաշիվ) համաձայն՝ «Վերոգրյալ աշխատանքներն իրականացնելու համար մասնակիցը պետք է ունենա գործունեության լիցենզիային կից տրամադրվող հետևյալ ներդիրները․ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ՝ 1․ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման, ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ՝ 2․ Շինարարության իրականացում՝ բնակելի, հասարակական և արտադրական» (հատոր 2-րդ, գ․թ․ 90-100)․
3) Գնահատող հանձնաժողովի 11․12․2023 թվականի նիստի թիվ 4 արձանագրության համաձայն՝ գնահատող հանձնաժողովը, ուսումնասիրելով գնման ընթացակարգի մասնակիցների հայտերը, ի թիվս այլի, արձանագրել է, որ Ընկերության կողմից ներկայացված հայտում առկա են հրավերով սահմանված փաստաթղթերը՝ պիտանելիության չափորոշիչը և ֆինանսական չափորոշիչը, սակայն բացակայում են Հավելված 2․1-ը և Հավելված 2․2-ը՝ ծավալաթերթ-նախահաշիվները։
Նույն արձանագրության 2-րդ կետի համաձայն՝ գնահատող հանձնաժողովը որոշել է մեկ աշխատանքային օրով կասեցնել նիստը՝ առաջարկելով նաև Ընկերությանը մինչև կասեցման ժամկետի ավատը շտկել նշված անհամապատասխանությունները (հատոր 2-րդ, գ.թ. 123-124)․
4) Գնահատող հանձնաժողովի 13․12․2023 թվականի նիստի թիվ 5 արձանագրության համաձայն՝ գնահատող հանձնաժողովը, հաշվի առնելով, որ Ընկերությունը մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել է հայտում տեղ գտած անհամապատասխանությունները և ներկայացրել է շտկված տարբերակները, ներկայացրել է նվազագույն գնային առաջարկ, որը չի գերազանցում պլանավորված գնման գինը, որոշել է ընտրված մասնակից ճանաչել Ընկերությանը և հայտարարել անգործության ժամկետ, որից հետո Ընկերությանը ներկայացնել պայմանագիր կնքելու առաջարկ՝ պահանջելով որակավորման և պայմանագրի ապահովումները (հատոր 2-րդ, գ․թ․ 125).
5) Ֆինանսների նախարարության գնումների համակարգի www.gnumner.minfin.am կայքի «Պայմանագիր կնքելու մասին հայտարարություն» բաժնում 13․12․2023 թվականին հրապարակվել է հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին, որի համաձայն՝ Ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից՝ 279․159․000 ՀՀ դրամ առաջարկված գնով։
Նույն հայտարարության համաձայն՝ ընտրված մասնակցին որոշելու համար կիրառված չափանիշը հրավերին համապատասխանող հայտ և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակից հանդիսանալն է (հատոր 1-ին, գ․թ․ 68-69, հատոր 2-րդ, գ․թ․ 109)։
6) Գնահատող հանձնաժողովի 27․12․2023 թվականի արտահերթ նիստի թիվ 6 արձանագրության համաձայն՝ գնահատող հանձնաժողովը, հաշվի առնելով, որ գնահատող հանձնաժողովի անդամների կողմից լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը չունի հրավերով ներկայացված նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ անվտանգության բնագավառի պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման համապատասխան լիցենզիա, որոշել է գրավոր դիմել Ֆինանսների նախարարությանը՝ պարզաբանման կարգով դիրքորոշում ստանալու՝ արդյո՞ք պատվիրատուն իրավասու է Ընկերությանը ներկայացնել պայմանագիր կնքելու առաջարկ (հատոր 2-րդ, գ․թ․ 126).
7) Գնահատող հանձնաժողովի 09․01․2024 թվականի նիստի թիվ 7 արձանագրության համաձայն՝ գնահատող հանձնաժողովը, հաշվի առնելով, որ Ֆինանսների նախարարության 05․01․2024 թվականի պատասխան գրությամբ հստակ դիրքորոշում չի հայտնվել հարցի կարգավորման համար, որոշել է գրավոր դիմել Կոմիտեի իրավաբանական վարչությանը՝ ստանալու իրավական եզրակացություն, առ այն, թե արդյո՞ք Ընկերության կողմից ներկայացված հայտը ենթակա է մերժման և պատվիրատուն իրավասու՞ է Ընկերությանը ներկայացնել պայմանագիր կնքելու առաջարկ (հատոր 2-րդ, գ․թ․ 127).
8) Կոմիտեի գլխավոր քարտուղարին Կոմիտեի իրավաբանական վարչության կողմից 09․01․2024 թվականին հասցեագրված թիվ Ն/11-1/5608-2024 գրության համաձայն՝ «(․․․) հաշվի առնելով այն հանգամանքը, որ (․․․) մասնակիցը չունի համապատասխան լիցենզիա և գնման գործընթացին մասնակցում է ենթակապալի պայմանագրով, պայմանով, որ լիցենզիայի պահանջին բավարարում է ենթակապալառուն՝ հայտնում ենք, որ մասնակցի՝ համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի բացակայության հանգամանքով պայմանավորված վերջինիս հայտը ենթակա է մերժման» (հատոր 2-րդ, գ․թ․ 135-138).
9) Գնահատող հանձնաժողովի 10․01․2024 թվականի նիստի թիվ 8 արձանագրության համաձայն՝ գնահատող հանձնաժողովը, առաջնորդվելով Կոմիտեի իրավաբանական վարչության 09․01․2024 թվականի թիվ Ն/11-1/5608-2024 գրությամբ տրված իրավական եզրակացությամբ և հաշվի առնելով, որ Ընկերությունը հայտով չի ներկայացրել ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները, որոշել է Ընկերության հայտը մերժել և դիմել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ պահանջելով վճարել Ընկերության կողմից որպես հայտի ապահովում ներկայացված բանկային երաշխիքում նշված 31․169․151 ՀՀ դրամ գումարը (հատոր 2-րդ, գ․թ․ 128-129).
4․ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Կարգի 67-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին․
1) իրավասու՞ է, արդյոք, գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը մասնակցի հայտը հրավերին համապատասխանող գնահատելուց և նրան ընտրված մասնակից ճանաչելու որոշում կայացնելուց հետո անգործության ժամկետի ընթացքում կամ դրանից հետո իրականացնել հայտի կրկնակի գնահատում՝ կիրառելով Կարգի 67-րդ կետով նախատեսված լիազորությունը,
2) կարո՞ղ է, արդյոք, մասնակցի հայտը մերժվել հրավերի համեմատ այնպիսի անհամապատասխանության առկայության հիմքով, որը շտկելու հնարավորություն Կարգի 41-րդ կետով սահմանված կարգով մասնակցին չի տրվել։
Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:
Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները․
1) պատվիրատու`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ․
(...)
3) գնում` պատվիրատուի հատուցմամբ` ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելու միջոցով բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, լիզինգը, պատվիրատուի կողմից նվիրաբերության կարգով իրավաբանական անձանց հատկացվող միջոցների հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, փոխանակման ձևով ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերումը.
(...)
5) մասնակից` պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.
6) ընտրված մասնակից` մասնակից (մասնակիցներ), որին (որոնց) պատվիրատուն առաջարկում է կնքել պայմանագիր.
7) հրավեր` պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.
8) հայտ` հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.
(...)
23) գնման գործընթաց` գնում կատարելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն, ներառյալ՝ գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը և կառավարումը.
(...)։
Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մասնակիցը պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշները: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող`
1) մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը.
2) մասնագիտական փորձառություն.
3) տեխնիկական միջոցներ.
4) ֆինանսական միջոցներ.
5) աշխատանքային ռեսուրսներ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին իր տվյալների համապատասխանության ապահովման շրջանակում մասնակիցը, անհրաժեշտության դեպքում կարող է հիմնվել այլ անձանց ֆինանսական և տեխնիկական միջոցների վրա՝ համապատասխան պայմանագրով սահմանված իրավահարաբերության հիման վրա:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հրավերով սահմանվում են մասնակցի` տվյալ գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը գնահատելու չափանիշները, կարգը և դրա համար պահանջվող փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները:
Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատվիրատուի ղեկավարի հրամանով ձևավորվում է գնահատող հանձնաժողով, որը`
1) հաստատում է հայտարարության և հրավերի տեքստերը.
2) փոփոխություններ է կատարում հրավերում.
3) պարզաբանումներ է ներկայացնում գնման ընթացակարգի վերաբերյալ.
4) բացում և գնահատում է հայտերը.
5) որոշում է գնման ընթացակարգի հաղթողին (հաղթողներին).
6) գնման ընթացակարգը հայտարարում է չկայացած:
Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (…) Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած`
1) հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը.
2) գնային առաջարկը.
3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է.
4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ)»։
Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը բացվում են հրավերում նշված օրը, ժամին և վայրում` հայտերի բացման նիստում: (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայտերի բացման նիստում հրապարակվում են՝ տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ։
Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ հայտերի բացման նիստում հրապարակվում են՝ տեղեկություններ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին։
Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընտրված մասնակիցը որոշվում է`
1) բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, կամ
2) այն մասնակցին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և ոչ գնային չափանիշներին տրված գործակիցների հանրագումարը ամենաբարձրն է:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:
Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ հայտերի գնահատման նիստի ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը նիստի արձանագրությունը հրապարակվում է տեղեկագրում: (․․․)։
Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագիր կնքվում է գնահատող հանձնաժողովի որոշման հիման վրա` պատվիրատուի կողմից:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև պայմանագիր կնքելը պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին ոչ ուշ, քան ընտրված մասնակցի մասին որոշման ընդունմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը: (․․․):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պայմանագիր կնքելու մասին որոշումը պարունակում է ամփոփ տեղեկատվություն հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ու հայտարարություն անգործության ժամկետի վերաբերյալ: Անգործության ժամկետը պայմանագիր կնքելու մասին որոշման հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվա և պատվիրատուի կողմից պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման օրվա միջև ընկած ժամանակահատվածն է:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անգործության ժամկետն առնվազն 10 օրացուցային օր է:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատվիրատուն պայմանագիրը կնքում է, եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետում չի բողոքարկվում պայմանագիր կնքելու մասին որոշումը: (…):
Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անգործության ժամկետը լրանալուն հաջորդող չորրորդ աշխատանքային օրը պատվիրատուն ծանուցում է ընտրված մասնակցին` ներկայացնելով պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը: Ընդ որում, պայմանագիրը կարող է կնքվել ոչ շուտ, քան նույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անգործության ժամկետը լրանալու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և պայմանագրի նախագիծն ստանալուց հետո նույն օրենքի 35‑րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում չի ստորագրում պայմանագիրը կամ պատվիրատուին չի ներկայացնում պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը, իսկ կնքվելիք պայմանագրով կանխավճար նախատեսված լինելու դեպքում՝ նաև կանխավճարի ապահովումը, ապա նա զրկվում է պայմանագիրն ստորագրելու իրավունքից:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մինչև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտը կողմերի համաձայնությամբ կարող են պայմանագրի նախագծում կատարվել փոփոխություններ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը, կանխավճարի չափի կամ ընտրված մասնակցի առաջարկած գնի ավելացմանը:
Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գնման ընթացակարգը չկայացած է հայտարարվում, եթե`
1) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.
2) դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը.
3) ոչ մի հայտ չի ներկայացվել.
4) պայմանագիր չի կնքվում:
Կարգի 32-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ հրավերով նախատեսվում է նաև, որ կնքվելիք պայմանագիրը կարող է իրականացվել գործակալության կամ ենթակապալի պայմանագիր կնքելու միջոցով: (․․․): Եթե պայմանագիրն իրականացվելու է գործակալության կամ ենթակապալի միջոցով, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է նաև գործակալության կամ ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները։
Կարգի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետի համաձայն՝ հրավերով նախատեսվում է նաև, որ եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձևով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում։
Նույն կետի 21-րդ ենթակետի համաձայն՝ հայտերի գնահատումն իրականացվում է դրանց ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: (․․․)։
Կարգի 40-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն՝ հայտերի բացման և գնահատման նիստում (...) հանձնաժողովը գնահատում է բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին։
Նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ հայտերի բացման և գնահատման նիստում Հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է գնային առաջարկը և (կամ) հայտի ապահովումը, կամ եթե դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ նույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի: (...)։
Կարգի 41-րդ կետի համաձայն՝ եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ ներառյալ այն դեպքերը, երբ հայտում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:
Կարգի 42-րդ կետի համաձայն՝ եթե նույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը նույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:
Կարգի 50-րդ կետի համաձայն՝ ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում է Օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով նախատեսված կարգով, եթե ներկայացվել է նաև որակավորման ապահովումը հիմնավորող փաստաթուղթը: (․․․)։
Կարգի 67-րդ կետի համաձայն՝ գնահատող հանձնաժողովը կարող է պատճառաբանված որոշման դեպքում ստուգել մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը: Նման հարցում ուղարկվելու դեպքում համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են գրավոր եզրակացություն: Եթե մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվում են իրականությանը չհամապատասխանող, ապա տվյալ մասնակցի հայտը մերժվում է:
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնումը հանրային կարիքների համար անհրաժեշտ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք բերելու համար կատարվող որոշակի գործողությունների համախումբ է, որոնց արդյունքում կնքվում է գնման պայմանագիրը, և բավարարվում է պատվիրատուի կարիքը։
Գնման գործընթացն իրականացվում է միմյանց տրամաբանորեն հաջորդող որոշակի փուլերով։
Գնման գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել հաջորդաբար տեղի ունեցող առնվազն երկու փուլերի՝
1) կոնտրագենտի ընտրության (նախապայմանագրային) փուլ, որը հետապնդում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախանշված սկզբունքների պահպանմամբ լավագույն (տնտեսող, արդյունավետ և օգտավետ) առաջարկի ընտրության և նրա հետ պայմանագրի կնքման նպատակ․
2) ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագրի կատարման (պայմանագրային) փուլ, որի նպատակը նախորդ փուլում ընտրված մասնակցից նրա կողմից առաջարկված և հավանության արժանացած առաջարկի պայմաններով ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման ապահովումն ու պատվիրատուի կարիքի բավարարումն է։
Գնման գործընթացի փուլերից յուրաքանչյուրի ընթացքում գնման գործընթացը նախաձեռնող պատվիրատուի և գնման գործընթացի մասնակիցների միջև ծագում են տարաբնույթ պարտավորական հարաբերություններ, որոնց իրավական կարգավորման հիմքում օրենսդիրը դրել է գնման գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացման վերջնանպատակն ու գնման գործընթացը միասնական կանոններով իրականացնելու, այն մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու, մասնակիցների շրջանակի ընդլայնման, նրանց միջև մրցակցության խրախուսման, ցանկացած անձի համար գնման գործընթացին մասնակցելու հնարավորության ապահովման սկզբունքները։ Ընդ որում, նախապայմանագրային փուլում որպես գնման գործընթացի սուբյեկտների քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագման հիմք հանդես են գալիս Օրենքով նախատեսված միակողմանի գործողությունները (գնումների հայտարարության և հրավերի հրապարակումը, հայտի ներկայացումը, ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշում կայացնելը և այլն), իսկ պայմանագրային փուլում՝ պատվիրատուի ու սահմանված կարգով ընտրված մասնակցի միջև կնքված պայմանագիրը (տե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04․04․2025 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով գնման գործընթացի փուլերին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը Օրենքի 27-28-րդ, 30-36-րդ հոդվածների և Կարգի 31-33-րդ, 40-50-րդ կետերի վերլուծության արդյունքում արձանագրել է, որ գնման գործընթացում մրցույթի ընթացակարգի կիրառմամբ պայմանագրի կնքումը ներառում է.
1. գնումների հայտարարությամբ և հրավերով հայտերի ներգրավման փուլը, որը վերաբերում է պատվիրատուի կողմից գնումների հայտարարություն և հրավեր հրապարակելուն,
2. մասնակցի կողմից հայտերի ներկայացման փուլը,
3. հայտերի բացման և գնահատման փուլը,
4. պայմանագրի կնքման փուլը:
Գնումների վերաբերյալ օրենսդրության ուսումնասիրության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում մի փուլի ավարտը կանխորոշում է մյուս փուլի սկիզբը, և փուլերից յուրաքանչյուրն ունի իր նպատակը: Այսպես, հայտերի ներգրավման փուլը ենթադրում է գնումների հայտարարության և հրավերի հրապարակում, որոնց հրապարակմամբ սահմանվում է հայտերի ներկայացման վերջնաժամկետը: Ընդ որում, որպես կանոն, հայտերի ներկայացման վերջնաժամկետը փաստացի համընկնում է հայտերի բացման նիստի, այսինքն՝ հայտերի բացման և գնահատման փուլի սկզբի հետ: Հայտերի գնահատման արդյունքում ընտրված մասնակից որոշելուց հետո սկիզբ է առնում պայմանագրի կնքման փուլը, երբ ընտրված մասնակցին տրամադրվում է պայմանագիր կնքելու առաջարկը և կնքվելիք պայմանագրի նախագիծը։ (․․․)։ ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորում է, որ յուրաքանչյուր փուլ պետք է իրականացվի գնումների վերաբերյալ օրենսդրության իմպերատիվ պահանջների պահպանմամբ, և միայն սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում կարելի է արձանագրել մի փուլից մյուս փուլի անցումը (տե՛ս «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի թիվ ԵԴ/12436/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գնման գործընթացը որոշակի փուլերի բաժանելն ինքնանպատակ չէ։ Գնման գործընթացի յուրաքանչյուր փուլ, ուղղված լինելով այդ գործընթացի վերջնական նպատակին՝ հանրային կարիքների համար անհրաժեշտ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք բերելուն և պատվիրատուի կարիքը բավարարելուն, այդուհանդերձ, ունի իր միջանկյալ նպատակը և այդ նպատակին հասնելու համար լուծման ենթակա խնդիրների շրջանակը։ Համապատասխանաբար, այդ միջանկյալ նպատակներին հասնելու ճանապարհին օրենսդրորեն կանխորոշված խնդիրները լուծելու նպատակով գնման գործընթացը միջնորդավորող իրավահարաբերությունների մասնակիցներին (պատվիրատուին, գնահատող հանձնաժողովին, հայտ ներկայացրած մասնակցին) վերապահվել են բացառապես տվյալ փուլին բնորոշ գործառույթներ և լիազորություններ (իրավունքներ)։ Նրանք իրավասու են որոշակի գործողություններ կատարելու գնման գործընթացի որոշակի փուլում, ընդ որում՝ հաճախ նաև համապատասխան փուլին բնորոշ որոշակի հաջորդականությամբ և ժամկետային որոշակի սահմանափակումների պահպանմամբ։ Գործընթացի նման ընթացքը ոչ միայն ապահովում է սեղմ ժամկետերում հանրային կարիքների համար անհրաժեշտ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռք բերման նպատակի իրագործմանը, այլ նաև գնման գործընթացի բոլոր մասնակիցների համար երաշխավորում է իրավական որոշակիություն, գնման գործընթացի կանխատեսելիություն, դրա թափանցիկություն և պատվիրատուների հանրային հաշվետվողականություն։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հենց այդ նկատառումներից ելնելով է օրենսդիրը սահմանել գնման գործընթացի յուրաքանչյուր փուլի ավարտը համապատասխան որոշումներով (դրանք արտացոլող արձանագրություններով) փաստաթղթավորելու, այս կամ այն գործողությունն Օրենքով, Կարգով կամ հրապարակված հրավերով սահմանված որոշակի հաջորդականությամբ և ժամկետներում կատարելու իմպերատիվ պահանջները։
Նշվածի համատեքստում անդրադառնալով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի կողմից մասնակցի հայտը հրավերին համապատասխանող գնահատելուց և նրան ընտրված մասնակից ճանաչելու որոշում կայացնելուց հետո՝ անգործության ժամկետի ընթացքում կամ դրանից հետո հայտի կրկնակի գնահատում իրականացնելու հնարավորության հարցին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ երբ գնահատման գործընթացի արդյունքում գնահատող հանձնաժողովը որոշում է ընտրված մասնակցին և հրապարակում է պայմանագիր կնքելու մասին որոշումը, ապա դրան հաջորդող պայմանագրի կնքման փուլում գնահատող հանձնաժողովը որևէ լիազորություն չունի։ Անգործության ժամկետն անցնելուց հետո պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծն ընտրված մասնակցին ուղարկում, պայմանագրի, որակավորման, կանխավճարի ապահովումները ստանում, պայմանագիրը համաձայնեցնում և ստորագրում է պատվիրատուն, որը պարտավոր է կնքել հրավերով նախատեսված պայմանագիրը, եթե գնահատող հանձնաժողովի կողմից սահմանված անգործության ժամկետում պայմանագիր կնքելու մասին որոշումը սահմանված կարգով չի բողոքարկվել շահագրգիռ անձանց կողմից, և հաղթող ճանաչված անձը սահմանված կարգի պահպանմամբ կատարել է Օրենքով, Կարգով և հրավերով նախատեսված իր պարտականությունները (ներկայացրել է պայմանագրի, որակավորման և կանխավճարի ապահովումները, ստորագրել է իրեն ներկայացված պայմանագիրը)։ Օրենքի 36-րդ հոդվածի կարգավորումներից բխում է, որ պատվիրատուի նշված պարտականությունը դադարում է միայն այն դեպքերում, երբ ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և պայմանագրի նախագիծն ստանալուց հետո սահմանված ժամկետում չի ստորագրում պայմանագիրը կամ պատվիրատուին չի ներկայացնում պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը, իսկ կնքվելիք պայմանագրով կանխավճար նախատեսված լինելու դեպքում՝ նաև կանխավճարի ապահովումը, որպիսի պարագայում ընտրված մասնակիցն օրենքի ուժով զրկվում է պայմանագիրն ստորագրելու իրավունքից։ Այդ դեպքում պատվիրատուն ձեռք է բերում պայմանագիր կնքելու առաջարկը հաջորդ տեղը զբաղեցրած մասնակցին ներկայացնելու իրավունք (այդպիսի մասնակցի առկայության դեպքում)։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քանի դեռ ընտրված մասնակիցն օրենքի ուժով չի զրկվել պայմանագիրն ստորագրելու իրավունքից և ինչ-ինչ պատճառներով հաջորդ տեղը զբաղեցրած մասնակցի հետ ևս չի կնքվել պայմանագիր, գնահատող հանձնաժողովը գնման գործընթացում որևէ լիազորություն չունի։ Գնման գործընթացի քննարկվող փուլում վերջինիս մոտ կարող է ծագել միայն Օրենքի 37‑րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու լիազորություն, եթե գնման պայմանագիրը չկնքվի: Այլ կերպ ասած՝ հայտերի բացման և գնահատման փուլն ավարտվելուց հետո գնահատման հանձնաժողովը կարող է իրացնել միայն գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու իր գործառույթը՝ այն էլ օրենքով կանխորոշված որոշակի փաստերի առկայության պայմաններում։
Նշվածի լույսի ներքո անդրադառնալով գնահատող հանձնաժողովի՝ Կարգի 67-րդ կետով նախատեսված լիազորությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն վերաբերելի է բացառապես հայտերի բացման և գնահատման փուլին, որի ընթացքում գնահատման հանձնաժողովը պարտավոր է նախքան մասնակցին ընտրված համարելը միջոցներ ձեռնարկել ոչ միայն հրավերի պահանջների համեմատ նրա հայտի համապատասխանությունը պարզելու, այլ նաև նրա կողմից ներկայացրած տվյալների իսկությունը ստուգելու համար՝ ներառյալ օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում վերջինիս ներկայացրած տվյալները իրականությանը չհամապատասխանող որակելու հիմքով տվյալ մասնակցի հայտը կարող է մերժվել միայն հայտերի բացման և գնահատման փուլում:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը մասնակցի հայտը հրավերին համապատասխանող գնահատելուց և նրան ընտրված մասնակից ճանաչելու որոշում կայացնելուց հետո իրավասու չէ իրականացնել հայտի կրկնակի գնահատում և մերժել ընտրված մասնակցի հայտը։ Գնման գործընթացի շրջանակներում ներկայացված հայտերը գնահատող հանձնաժողովի կողմից կարող են գնահատվել բացառապես հայտերի գնահատման փուլում, որը սկսվում է հայտերի գնահատման նիստում հայտերի բացման պահին և եզրափակվում է մասնակիցներից որևէ մեկին ընտրված ճանաչելու ու նրա հետ պայմանագիր կնքելու մասին որոշման ընդունմամբ։ Հենց այդ փուլի ընթացքում է գնահատող հանձնաժողովն իրավասու ստուգելու մասնակիցների համապատասխանությունը հրավերի պահանջներին՝ թե՛ պիտանելիության և թե՛ ֆինանսական չափորոշիչներով՝ իրացնելով Օրենքով, Կարգով և հրավերի պայմաններով իրեն վերապահված լիազորությունները։ Համապատասխանաբար հայտերի բացման և գնահատման փուլն ավարտվելուց հետո տվյալ փուլի միջանկյալ նպատակը՝ կոնտրագենտի (ընտրված մասնակցի) ընտրությունը, համարվում է իրացված, և գնման գործընթացը թևակոխում է հաջորդ՝ ընտրված մասնակցի հետ պայմանագրի կնքման փուլ, որի ընթացքում այլևս կարող են կատարվել տվյալ փուլին բնորոշ գործողություններ, բայց ոչ երբեք հայտերի «վերաքննություն» կամ կրկնակի գնահատում։
Անդրադառնալով գնման գործընթացի մասնակցի հայտը մերժելու հիմքերին և պայմաններին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը․
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել, որ հրապարակված հրավերի հիման վրա գնումների գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով՝ անձը ոչ միայն պարզապես ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նաև, որպես հետևանք՝ գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում առնվազն ստանձնում է՝
1) հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորություն՝ ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը (այդ թվում՝ հայտի ապահովումը հավաստող) կցելու, գնման գործընթացում գնահատող հանձնաժողովին պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պարտականություն,
2) հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին արժանահավատ հավաստում ներկայացնելու պարտականություն,
3) ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում որակավորման ապահովում ներկայացնելու, պայմանագրի ապահովում ներկայացնելու, պայմանագիրը կնքելու պարտականություն (տե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04․04․2025 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով իրավական դիրքորոշում է հայտնել, որ գնման գործընթացին մասնակցող անձի՝ հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորությունը ներառում է ոչ միայն գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելիս օրենքով ու հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնելու, այլ նաև իր կողմից ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունները շտկելու նպատակով հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերը սահմանված կարգով, ձևով և ժամկետում ներկայացնելու պարտականությունը։
Գնման գործընթացի մասնակցի կողմից օրենքով և հրավերով սահմանված կարգով հայտը (պահանջվող փաստաթղթերը) ներկայացնելու պարտավորությունը չկատարելու իրավական հետևանքները, նախևառաջ, կախված են գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի բացման ու գնահատման նիստում արձանագրված անհամապատասխանությունների բնույթից։ Այսպես՝
1) եթե մասնակցի հայտում բացակայում է գնային առաջարկը կամ հայտի ապահովումը (․․․), ապա մասնակցի ներկայացրած հայտը մերժվում է՝ առանց հայտը ներկայացրած մասնակցին հայտնաբերված անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն տալու․
2) եթե մասնակցի հայտում արձանագրվում են հրավերի պահանջների նկատմամբ այլ անհամապատասխանություններ, ապա հանձնաժողովը պարտավոր է մեկ աշխատանքային օրով կասեցնել նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը՝ նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցել մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել արձանագրված անհամապատասխանությունը: Ընդ որում, եթե մասնակիցը մինչև կասեցման ժամկետի ավարտը չի շտկում կամ թերի է շտկում արձանագրված անհամապատասխանությունը՝ ներառյալ այն դեպքերը, երբ արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, դրանք ներկայացնում է սահմանված ժամկետի խախտմամբ կամ դրանցում թույլ է տալիս այլ անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ, տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է:
Բոլոր նշված դեպքերում մասնակցի հայտն անբավարար գնահատելը և մերժելը հանգեցնում է գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցման։
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ գնահատող հանձնաժողովի կողմից մասնակցի հայտն անբավարար գնահատելն ու մերժելը, որպես հետևանք՝ գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցումը, ըստ գնումների մասին օրենսդրության, տվյալ մասնակցի համար կարող է առաջացնել նաև այլ անբարենպաստ հետևանքներ՝ հայտի ապահովման գումարը վճարելու պարտականություն [Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ], ինչպես նաև ընդգրկում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում [Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետ]։ (․․․) գնման գործընթացին մասնակցի հետագա մասնակցության դադարեցումից զատ նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ կարող են առաջանալ միայն այն դեպքերում, երբ վերջինս թույլ է տվել գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում և հրավերով սահմանված ժամկետում չի վճարել հայտի ապահովման գումարը (վերջին պայմանը՝ եթե կիրառելի է)։ Այլ կերպ ասած՝ մասնակցի ներկայացրած հայտը մերժելու պատճառը կարող է հայտի ապահովման գումարը վճարելու պարտականության առաջացման և գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմք հանդիսանալ միայն այն դեպքում, երբ հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն ուղղված մասնակցի վարքագիծը գնահատվում է որպես «գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում»։ (․․․) Կարգի 32‑րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետի (․․․) իմաստով «մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» պայմանի առկայության մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքերում, երբ մասնակիցը գնահատման հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով սահմանված կարգով ու ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, այլ կերպ ասած՝ դրսևորում է անգործություն, կամ ներկայացնում է այնպիսի փաստաթղթեր, որոնք ակնհայտորեն վերաբերելի չեն արձանագրված անհամապատասխանությանը, առերևույթ չեն կարող ուղղված լինել արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն։
Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Կարգի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19‑րդ ենթակետով գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում է դիտարկվում «փաստաթղթեր չներկայացնելը», որը հարկ է տարբերել այն իրավիճակներից, երբ մասնակիցը, նպատակ հետապնդելով շտկել հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը, սահմանված կարգով և ժամկետում ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ հանձնաժողովի գնահատմամբ թերի շտկելով արձանագրված անհամապատասխանությունները կամ դրանցում թույլ տալով նոր անհամապատասխանություններ։ ՀՀ ճռաբեկ դատարանը գտել է, որ նման դեպքերում, թեև Կարգի 42-րդ կետի ուժով մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է՝ հանգեցնելով գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցմանը, այդուհանդերձ մասնակցի վարքագիծը չի կարող գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում։ Համապատասխանաբար նման իրավիճակում չի կարող խոսք լինել նաև մասնակցի մոտ հայտի ապահովումը վճարելու պարտականության առաջացման (եթե կիրառելի է), իսկ վերջինս հրավերով սահմանված ժամկետում չվճարելու դեպքում՝ նաև մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքի առկայության մասին (տե՛ս «Բեստշին» ՍՊԸ-ն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի թիվ ԵԴ2/7636/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08․07․2025 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գնման գործընթացի մասնակիցն ունի իր կողմից ներկայացված հայտում արձանագրված անհամապատասխանությունները շտկելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտում բացակայում է գնային առաջարկը կամ հայտի ապահովումը։ Գնահատող հանձնաժողովի վրա օրենսդիրը դրել է հայտերի գնահատումն իրականացնելու, այդ թվում՝ հայտերի բացման նիստում բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայությունը, հրավերով սահմանված վավերապայմաններին դրանց համապատասխանությունը ստուգելու, մասնակցի ներկայացրած հայտում առկա բոլոր անհամապատասխանությունները վեր հանելու, արձանագրելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ հայտը ներկայացրած մասնակցին սահմանված կարգով ծանուցելու պարտականություն։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մասնակցի՝ իր կողմից ներկայացված հայտում արձանագրված անհամապատասխանությունները շտկելու իրավունքին համապատասխանում է գնահատման հանձնաժողովի պարտականությունը՝ սահմանված ժամկետով կասեցնելու հայտերի գնահատման գործընթացը և մասնակցին հնարավորություն տալու շտկելու այն՝ ներկայացնելով թերի ներկայացված կամ չներկայացված փաստաթղթերը։ Հետևում է, որ գնահատող հանձնաժողովը հայտերի բացման և գնահատման փուլում պետք է ձեռնարկի ակտիվ գործողություններ ներկայացված հայտը համակողմանի ուսումնասիրելու, դրանում առկա անհամապատասխանության բնույթը պարզելու համար և պարտավոր է, բացառությամբ օրենքով նախատեսված սահմանափակ դեպքերի, մասնակցին տալ արձանագրված անհամապատասխանությունները շտկելու հնարավորություն։
Մասնակցի ներկայացրած հայտը կարող է գնահատվել անբավարար և մերժվել բացառապես այն դեպքում, երբ վերջինիս տրվել է թույլ տրված անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն, սակայն մինչև կասեցման ժամկետի ավարտը նա չի շտկել կամ թերի է շտկել հանձնաժողովի կողմից արձանագրված և սահմանված կարգով ծանուցված անհամապատասխանությունը՝ ներառյալ այն դեպքերը, երբ արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերը, դրանք ներկայացրել է սահմանված ժամկետի խախտմամբ կամ դրանցում թույլ է տվել այլ անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ:
Նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մասնակցի հայտը չի կարող մերժվել հրավերի համեմատ այնպիսի անհամապատասխանության առկայության հիմքով, որը շտկելու հնարավորություն Կարգի 41-րդ կետով սահմանված կարգով մասնակցին չի տրվել։ Հակառակ մեկնաբանությունը ոչ միայն խաթարում է իրավական որոշակիությունը, գնահատման գործընթացի կանխատեսելիությունն ու թափանցիկությունը՝ պարարտ հող ստեղծելով կամայականության արգելքի սկզբունքի խախտման համար, այլ նաև անխուսափելիորեն հանգեցնում է մասնակցության հայտ ներկայացրած և անհամապատասխանություն թույլ տված անձի՝ տնտեսական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի սահմանափակման՝ հանգեցնելով նրա համար անհարկի ծանր հետևանքների՝ ոչ միայն բացառելով վերջինիս հետագա մասնակցությունը գնման գործընթացին նույնիսկ լավագույն գնային առաջարկ ներկայացրած լինելու պարագայում, այլ նաև առաջացնելով հայտի ապահովման գումարը վճարելու պարտավորություն:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել գնահատող հանձնաժողովի 10․01․2024 թվականին կազմված թիվ 8 արձանագրությամբ՝ Ընկերության հայտը մերժելու մասին կայացված որոշումն ու պարտավորեցնել կնքել պայմանագիր՝ հայցի հիմքում, ի թիվս այլնի, դնելով նաև այն, գնահատման հանձնաժողովը, անտեսելով ընթացակարգի շրջանակներում ներկայացված հայտերը դրանք ներկայացնելու վերջնաժամկետը լրանալու պահից առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում գնահատելու օրենսդրական և Հայտով սահմանված իմպերատիվ պահանջն ու այդ ժամկետը լրանալուց հետո իր մոտ հայտերը գնահատելու լիազորության բացակայությունը, Ընկերության հայտը շտկված, Հրավերի պահանջներին բավարարող ճանաչելուց և նրան հաղթող մասնակից ճանաչելուց հետո ոչ իրավաչափորեն իրականացրել է Ընկերության հայտի կրկնակի գնահատում ու որոշել է նրա ներկայացրած հայտը մերժել՝ այն պատճառաբանությամբ, որ Ընկերությունը չունի պայթեցման աշխատանքների լիցենզիա, գնման գործընթացին մասնակցում է ենթակապալի պայմանագրով, սակայն չի ներկայացրել ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները՝ անտեսելով, որ Ընկերության ներկայացրած հայտում երբևէ նման թերություն չի արձանագրել և այն շտկելու հնարավորություն չի տրվել։
Դատարանը, պատճառաբանելով, որ․
- ««Երվադա» ՍՊԸ-ի կողմից հայտով ներկայացված հայտարարությունը պետք է որակել որպես իրականությանը չհամապատասխանող, քանի որ Ընկերությունն ի սկզբանե չի բավարարել հրավերով սահմանված պահանջներին, մասնավորապես՝ մասնակից ընկերությունը չի ունեցել հրավերով պահանջվող համապատասխան լիցենզիա, սակայն Ընկերությունը հավաստել է, որ համապատասխանում է հրավերի պահանջներին»,
- «Դատարանն անհիմն է համարում հայցվոր կողմի այն պնդումները, որ վերջինիս հայտը չէր կարող մերժվել, քանի որ շտկվել էր առկա անհամապատասխանությունները: Դատարանը նման եզրահանգման է գալիս, հիմք ընդունելով Կարգի 32-րդ կետի և Հրավերի ծավալաթերթ-նախահաշվի տեխնիկական նկարագրության պահանջները, ըստ որի՝ մասնակիցը պարտավորություն չուներ հայտով ներկայացնելու գործունեության լիցենզիային տրամադրվող ներդիրները, և հետևաբար, գնահատող հանձնաժողովը նույնպես չէր կարող ստուգել և արձանագրեր նշված փաստաթղթերի բացակայությունը: Կարգի 32-րդ կետում չկա լիցենզիա կամ ներդիր ներկայացնելու որևէ պահանջ, այլ առկա է պահանջ մասնակցի կողմից ներկայացնելու հավաստում հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր համապատասխանության մասին: Հետևաբար Կարգով նախատեսված հավաստման պայմաններում ենթադրվում է, որ մասնակիցն ունի համապատասխան գործունեության լիցենզիա, իսկ մասնակցի կողմից ներկայացված տվյալների իսկության ստուգումն իրականացվում է արդեն Կարգի 67-րդ կետի շրջանակներում»,
- «հիմնավոր են պատասխանողի այն փաստարկները, որ օրենսդիրը որևէ իմպերատիվ կանոն չի սահմանում առ այն, որ մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման նպատակով այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ձեռքբերումը թույլատրվում է բացառապես գնման հայտերի գնահատման փուլում, հետևաբար առկա չէ որևէ արգելող նորմ՝ գնման հայտերի գնահատման փուլի ավարտից հետո արդեն իսկ պայմանագրային իրավահարաբերությունների հաստատման նպատակով գնման գործընթացի մասնակցի՝ անհրաժեշտ պայմանների համապատասխանության ստուգման վերաբերյալ: (․․․) տվյալների իսկության ստուգումը սկսվել է Կարգի 32-րդ կետի 21-րդ ենթակետով սահմանված հայտերի գնահատման փուլում, այն է՝ 27.12.2023 թվականին, երբ գնահատող հանձնաժողովը թիվ 6 արձանագրությամբ արդեն իսկ պարզել էր, որ **********12 ծածկագրով գնման մասնակիցը չունի հրավերով ներկայացված նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ անվտանգության բնագավառի պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման համապատասխան լիցենզիա և ձեռնամուխ եղել պարզելու արդյոք նման պայմաններում պատվիրատուն իրավասու էր մասնակցի հետ կնքելու պայմանագիր: Այդ նպատակով, ինչպես երևում է սույն գործի փաստերից, պատվիրատուն դիմել էր պարզաբանման համար լիազորված մարմին»,
15․03․2024 թվականի վճռով հայցը մերժել է։
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ
- «Գնման գործընթացի յուրաքանչյուր փուլին բնորոշ է պատվիրատուի և մասնակցի համար սահմանված գործառույթների շրջանակ, որպիսին կարող է իրականացվել բացառապես տվյալ փուլում։ (․․․) գնման գործընթացում հայտերի գնահատման, պայմանագրի կնքման որոշակի հաջորդականություն նախատեսելն ինքնանպատակ չէ: Գնման գործընթացում պատվիրատուն և/կամ մասնակիցը որևէ գործողություն կարող են իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով և/կամ Որոշմամբ նախատեսված որոշակի փուլում, ավելին համապատասխան փուլին բնորոշ գործողությունները նույնպես պետք է իրականացվեն որոշակի հաջորդականությամբ: Այսպես՝ օրինակ, մասնակցի՝ համապատասխան գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունենալը հայտերի գնահատման փուլում հայտը մերժելու, իսկ պայմանագրի կնքման փուլում մասնակցի՝ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը խախտելու հիմքով պատվիրատուի կողմից պայմանագիր կնքելուց հրաժարվելու կամ կնքված պայմանագիրը միակողմանիորեն լուծելու հիմք է։ Այս համատեքստում հարկ է նկատի ունենալ, որ գնումների մասին ՀՀ օրենսդրությունը պատվիրատուին հնարավորություն չի ընձեռում մասնակցի կողմից ներկայացված հայտի՝ հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանությունը գնահատելուց և բավարար գնահատված հայտերից ընտրված մասնակից որոշելուց հետո կրկնակի գնահատել, հայտի՝ արդեն իսկ արձանագրություններում նշված և հրապարակված գնահատման արդյունքները փոփոխել: Այլ կերպ ասած՝ պատվիրատուն զրկված է ընտրված մասնակցի՝ բավարար գնահատված հայտը կրկնակի գնահատելու և արդյունքում հայտը մերժելու հնարավորությունից»,
- «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պատասխանողը.
●
հայցվորի ներկայացրած հայտը գնահատել է բավարար (փաստ 1.3),● հայցվորին ճանաչել է ընտրված մասնակից (փաստ 1.3),
● հրապարակել է հայցվորի հետ պայմանագիր կնքելու մասին որոշման հայտարարություն և սահմանել է անգործության ժամկետ (փաստ 2),
● ձեռնարկել է հայցվորի հետ կնքվելիք պայմանագրի կազմման աշխատանքներ (փաստ 3):
Արդյունքում պատասխանողն, իրականացնելով հայցվորի կողմից ներկայացված հայտի գնահատում և դրա արդյունքում հայցվորին ճանաչելով որպես ընտրված մասնակից, հրապարակելով պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունը, այնուամենայնիվ, չունենալով հայտը կրկին անգամ գնահատելու և դրա արդյունքում հայտը մերժելու օրենսդրությամբ նախատեսված իրավասություն, ոչ իրավաչափորեն իրականացրել է հայտի կրկնակի գնահատում և մերժել է այն: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ հայտերի գնահատման արդյունքում ընտրված մասնակից որոշելուց հետո պայմանագրի կնքման փուլում պատվիրատուն զրկված է հայցվորի ներկայացրած հայտը գնահատելու և դրա արդյունքում մերժելու հնարավորությունից»,
- «թիվ 8 արձանագրությամբ «Երվադա» ՍՊԸ-ի հայտը մերժելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու պայմաններում Դատարանն ըստ էության քննության առարկա չի դարձրել հայցվորի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին «**********13» ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակներում «Երվադա» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջը, հետևաբար Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցվորի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին «**********14]» ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակներում «Երվադա» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասով անհրաժեշտ է իրականացնել նոր քննություն»,
15․11․2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ Դատարանի 15․03․2024 թվականի վճիռը բեկանել է, որոշել է Ընկերության հայցն ընդդեմ Կոմիտեի, երրորդ անձ «ՄԵԴԻՍՈՆ ԷՅԲԼ» ՍՊԸ-ի՝ թիվ «**********15» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 10.01.2024 թվականին կազմված թիվ 8 արձանագրությամբ Ընկերության հայտը մերժելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել՝ թիվ «***********16» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 10.01.2024 թվականին կազմված թիվ 8 արձանագրությամբ՝ Ընկերության հայտը մերժելու մասին որոշումը ճանաչել անվավեր, իսկ Կոմիտեին Ընկերության հետ պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործն ուղարկել ստորադաս դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը, որ «հայտերի գնահատման արդյունքում ընտրված մասնակից որոշելուց հետո պայմանագրի կնքման փուլում պատվիրատուն զրկված է հայցվորի ներկայացրած հայտը գնահատելու և դրա արդյունքում մերժելու հնարավորությունից»։
Սույն գործի փաստերի համաձայն՝ գնման գործընթացի շրջանակներում հայտերի ներկայացման վերջնաժամկետը 08․12․2023 թվականն էր, հայտերի գնահատումը, Հրավերի 8․2 կետին համապատասխան, պետք է իրականացվեր դրանց ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն՝ մինչև 29․12․2023 թվականը, ներկայացված հայտերի գնահատման արդյունքում 13․12․2023 թվականին, այսինքն՝ հայտերի գնահատման համար սահմանված ժամկետում, գնահատման հանձնաժողովն ավարտել է ներկայացված հայտերի գնահատումը, Ընկերության հայտում 11․12․2023 թվականին արձանագրված անհամապատասխանությունները համարել է շտկված, հայտը գնահատել է բավարար և Ընկերությանը ճանաչել է ընտրված մասնակից, ինչի կապակցությամբ նույն օրը Ֆինանսների նախարարության գնումների համակարգի www.gnumner.minfin.am կայքի «Պայմանագիր կնքելու մասին հայտարարություն» բաժնում հրապարակվել է համապատասխան հայտարարություն, որին հաջորդող օրվանից սկսել է հոսել անգործության ժամկետը, այդուհանդերձ 27․12․2023 թվականին, այսինքն՝ անգործության ժամկետը լրանալուց հետո՝ պայմանագրի կնքման փուլում, գումարվել է գնահատող հանձնաժողովի արտահերթ նիստ, որի արդյունքներով հանձնաժողովը որոշել է միջոցներ ձեռնարկել Ընկերության մոտ համապատասխան լիցենզիայի բացակայության պայմաններում վերջինիս պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու իրավական հնարավորությունը պարզելու ուղղությամբ, իսկ 10․01․2024 թվականին որոշել է մերժել Ընկերության հայտը՝ պատճառաբանելով, որ վերջինս չի ներկայացրել ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները։
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 13․12․2023 թվականին Ընկերության հայտում արձանագրված անհամապատասխանությունները շտկված համարելուց, հայտը բավարար գնահատելուց, Ընկերությանն ընտրված մասնակից ճանաչելուց և նույն օրն անգործության ժամկետի սահմանմամբ պայմանագիր կնքելու որոշման մասին սահմանված կարգով հայտարարություն հրապարակելուց հետո, գնահատող հանձնաժողովն իրավասու չէր իրականացնել Ընկերության հայտի կրկնակի գնահատում և մերժել ընտրված մասնակցի հայտը, այդ թվում՝ Կարգի 67-րդ հոդվածի կիրառմամբ, քանի որ 13․12․2023 թվականին նշված գործողությունների կատարմամբ ազդարարվել է հայտերի բացման և գնահատման փուլի ավարտը, որից հետո գնման գործընթացը թևակոխել է հաջորդ՝ ընտրված մասնակցի հետ պայմանագրի կնքման փուլ, որի ընթացքում բացառապես պատվիրատուն կարող է կատարել տվյալ փուլին բնորոշ գործողություններ, իսկ գնահատող հանձնաժողովն ունի միայն ընտրված մասնակցի՝ օրենքի ուժով պայմանագիրն ստորագրելու իրավունքից զրկվելու և հաջորդ տեղը զբաղեցրած մասնակցի հետ պայմանագիր չկնքվելու դեպքում գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու լիազորություն։
Ավելին, Վճռաբեկ դատարանը, գտնում է, որ գնահատող հանձնաժողովը, Ընկերության հայտը մերժելով այն պատճառաբանությամբ, որ չի ներկայացվել ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները, թույլ է տվել Կարգի 41-րդ, 42-րդ և Հրավերի 8․9 և 8․10 կետերի խախտում, քանի որ պարտավոր էր Գնահատող հանձնաժողովի 11․12․2023 թվականի նիստում Ընկերության կողմից ներկայացված հայտի բազմակողմանի ուսումնասիրությամբ վեր հանել դրանում առկա բոլոր անհամապատասխանությունները, սահմանված կարգով Ընկերությանը ծանուցել դրանց մասին՝ վերջինիս տալով հնարավորություն մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկելու արձանագրված բոլոր անհամապատասխանությունները։ Մինչդեռ գնահատող հանձնաժողովի 11․12․2023 թվականի նիստի թիվ 4 արձանագրության համաձայն՝ գնահատող հանձնաժողովը, ուսումնասիրելով գնման ընթացակարգի մասնակիցների հայտերը, արձանագրել է, որ Ընկերության կողմից ներկայացված հայտում առկա են հրավերով սահմանված փաստաթղթերը՝ պիտանելիության չափորոշիչը և ֆինանսական չափորոշիչը, բացառությամբ Հավելված 2․1-ի և Հավելված 2․2-ի՝ ծավալաթերթ-նախահաշիվների։ Հաշվի առնելով այն, որ գնահատող հանձնաժողովը չի արձանագրել Հրավերի 4․3 կետի 5-րդ ենթակետով նախատեսված ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալներն Ընկերության կողմից ներկայացված չլինելու փաստը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գնահատող հանձնաժողովը չէր կարող Ընկերության հայտը մերժել հրավերի համեմատ այնպիսի անհամապատասխանության առկայության հիմքով, որը շտկելու հնարավորություն Կարգի 41-րդ կետով սահմանված կարգով մասնակցին չի տրվել։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման պայմաններում ոչ միայն չէր կարող որոշում կայացվել Ընկերության հայտը մերժելու մասին, այլ նաև Ընկերության վարքագիծը չէր կարող գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում և հանգեցնել նրա մասնակցության դադարեցման, քանի որ Հրավերի 4․3 կետի 5-րդ ենթակետով նախատեսված ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները չներկայացնելը Կարգի 40-րդ կետի 4-րդ ենթակետի իմաստով չի հանդիսանում այնպիսի անհամապատասխանություն, որը շտկելու համար մասնակցին ժամանակ (հնարավորություն) չի տրամադրվում։
Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ Ընկերության կողմից հայտով ներկայացված հայտարարությունը Վերաքննիչ դատարանը ևս պետք է որակեր որպես իրականությանը չհամապատասխանող, քանի որ Ընկերությունն ի սկզբանե չի բավարարել հրավերով սահմանված պահանջներին, մասնավորապես՝ չի ունեցել հրավերով պահանջվող համապատասխան լիցենզիա, սակայն հավաստել է, որ համապատասխանում է հրավերի պահանջներին։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Ընկերության հայտը մերժվել է ոչ թե հրավերով սահմանված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հավաստում ներկայացնելու, այլ համապատասխան լիցենզիա չունենալու և գնման գործընթացին ենթակապալի պայմանագրով մասնակցելու պայմաններում վերջինիս պատճենն ու դրա կողմ հանդիսացող անձի տվյալները ներկայացրած չլինելու հիմքով։ Փաստերի նման դասավորության պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Ընկերության վարքագիծը չի կարող որակվել որպես գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստում ներկայացնելիս «իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների ներկայացում», քանի որ վերջինս ենթադրում է հրավերով սահմանված որակավորման չափանիշներին իր համապատասխանության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող (կեղծ) տվյալների ներկայացում, մինչդեռ սույն դեպքում Ընկերությունը, չունենալով պայթեցման աշխատանքների լիցենզիա և օգտվելով Կարգի 32‑րդ կետի 6-րդ ենթակետով իրեն վերապահված՝ կնքվելիք պայմանագիրը ենթակապալի պայմանագիր կնքելու միջոցով կատարելու իրավական հնարավորությունից, ոչ թե թաքցրել է պայթեցման աշխատանքների լիցենզիա չունենալու փաստը, այլ պարզապես հայտը ներկայացնելիս դրան չի կցել Կարգի նշված դրույթով և Հրավերի 1-ին մասի 4․3 կետի 5-րդ ենթակետով պահանջվող ենթակապալի պայմանագրի պատճենն ու դրա կողմ հանդիսացող անձի տվյալները։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ և 314-րդ հոդվածների, ինչպես նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքերը։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումը, որ «թիվ 8 արձանագրությամբ «Երվադա» ՍՊԸ-ի հայտը մերժելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու պայմաններում Դատարանն ըստ էության քննության առարկա չի դարձրել հայցվորի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին «**********17» ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակներում «Երվադա» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջը, հետևաբար Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցվորի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին «**********18» ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակներում «Երվադա» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասով անհրաժեշտ է իրականացնել նոր քննություն», քանի որ Ընկերության հայտը մերժելու մասին որոշման անվավերության հայցվող հետևանքը կիրառելու համար անհրաժեշտ է պարզել այն կիրառելու հնարավորության առկայությունը։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ և 314-րդ հոդվածների, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, Կարգի 67-րդ կետի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները և գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերը բավարար չեն Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ նաև սույն որոշման մեջ շարադրված պատճառաբանությամբ:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է (․․․) գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9.1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, (…) համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն մասի 9.2-9.5-րդ կետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից։
Նույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժբ․» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող (…) վերաքննիչ (…) բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն կետի «ժգ»-«ժզ» ենթակետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից։
Նույն հոդվածի 11-րդ կետի «ժա․» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող (…) վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն կետի «ժբ»-«ժե» ենթակետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից:
Վճռաբեկ բողոքը մերժելու և Վերաքննիչ դատարանի 15.11.2024 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բաշխել հետևյալ համամասնությամբ․
Ընկերության կողմից հայցադիմումը դատարան ներկայացնելու համար նախապես վճարվել է պետական տուրք՝ 6․233․830 ՀՀ դրամի չափով, իսկ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար` 10․030․000 ՀՀ դրամի չափով (10․000․000 ՀՀ դրամը՝ հայտը մերժելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի համար, 30000 ՀՀ դրամը՝ պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի համար)։ Վերաքննիչ դատարանը, 15.11.2024 թվականի որոշմամբ դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալով, նշել է, որ այն պայմաններում, երբ Ընկերության հայտը մերժելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը ենթակա է բավարարման, պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործն ուղարկվում է ամբողջ ծավալով նոր քննության, Կոմիտեից պետք է բռնագանձել 16․233․830 ՀՀ դրամ (10․000․000 ՀՀ դրամ + 6․233․830 ՀՀ դրամ = 16․233․830 ՀՀ դրամ) նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ բավարարված հայցապահանջի համար, ուստի հայտը մերժելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով դատական ծախսերի բաշխման հարցը Դատարանում և Վերաքննիչ դատարանում պետք է համարել լուծված։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ բողոք բերած անձը վճարել է վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, գտնում է, որ դատական ծախսերի հարցը այդ մասով պետք է համարել լուծված:
Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 15.11.2024 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մասնակիորեն՝ Ընկերության հետ պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասով ուղարկվել է նոր քննության, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքարկվող որոշումը թողնում է օրինական ուժի մեջ, որպիսի պարագայում այդ մասով դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պահանջի մասով դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15․11․2024 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
2. Դատական ծախսերի հարցը՝ «ԵՐՎԱԴԱ» ՍՊԸ-ի հայտը մերժելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, համարել լուծված, իսկ պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասով դատական ծախսերին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_____________________
1 Առկա է անձնական տվյալ։
2 Առկա է անձնական տվյալ։
3 Առկա է անձնական տվյալ։
4 Առկա է անձնական տվյալ։
5 Առկա է անձնական տվյալ։
6 Առկա է անձնական տվյալ։
7 Առկա է անձնական տվյալ։
8 Առկա է անձնական տվյալ։
9 Առկա է անձնական տվյալ։
10 Առկա է անձնական տվյալ։
11 Առկա է անձնական տվյալ։
12 Առկա է անձնական տվյալ։
13 Առկա է անձնական տվյալ։
14 Առկա է անձնական տվյալ։
15 Առկա է անձնական տվյալ։
16 Առկա է անձնական տվյալ։
17 Առկա է անձնական տվյալ։
18 Առկա է անձնական տվյալ
Նախագահող Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Զեկուցող Վ. ՔՈՉԱՐՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|