ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/24943/02/20 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/24943/02/20 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
|
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
|
Է. Սեդրակյան | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի մայիսի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով Մհեր Փարվանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29․03․2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Մհեր Փարվանյանի հայցի ընդդեմ «Սոուշըլ Մեդիա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ անձի ոչ նյութական իրավունքները խախտող հոդվածները հեռացնելուն (արգելափակելուն, բլոկավորելուն) պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Մհեր Փարվանյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը հեռացնել (արգելափակել, բլոկավորել) անձի ոչ նյութական իրավունքները խախտող հոդվածները։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 19․07․2023 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29․03․2024 թվականի որոշմամբ Մհեր Փարվանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մհեր Փարվանյանը (ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 3-րդ, 23-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 17-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 162-րդ հոդվածը, 162․1-ին հոդվածի 1-ին կետը, 1087․1 հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով․
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ոչ նյութական բարիքները՝ անձի արժանապատվությունը, պատիվը և բարի անունը, գործարար համբավը և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, ենթակա են պաշտպանության ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով ուղղակիորեն չնախատեսված դեպքերում, այսինքն՝ ոչ միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով, այլև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների սահմաններում։ Տվյալ դեպքում, հայցվորը ներկայացրել է ոչ նյութական բարիքները, այդ թվում՝ անձի արժանապատվությունը, պատիվը, բարի անունը, գործարար համբավը և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտող հոդվածները կայքից հեռացնելուն պարտավորեցնելու պահանջ, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածը չի նախատեսում նշված իրավունքները խախտող հոդվածները հեռացնելու կամ հեռացնելուն պարտավորեցնելու պահանջ ներկայացնելու հնարավորություն։ Այլ կերպ ասած, ներկայացվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերում սահմանված պաշտպանության միջոցներից և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի 12-րդ կետում սահմանված հայցապահանջից տարբերվող ու նույն հոդվածով չնախատեսված պաշտպանության միջոց կիրառելու մասին հայցապահանջ, որպիսի հանգամանքով պայմանավորված հայցադիմումում չի նշվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածը, այլ նշվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 162-րդ հոդվածը, 162․1-րդ հոդվածի 1-ին կետը, որոնցում հստակ նախատեսված է նշված իրավունքը խախտող հոդվածները հեռացնելու կամ հեռացնելուն պարտավորեցնելու հնարավորություն։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածը, սահմանելով ոչ նյութական իրավունքների պաշտպանության սահմանափակ միջոցներ, վերաբերում է բացառապես պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը զրպարտության կամ վիրավորանքի միջոցով արատավորելու դեպքերին և նախատեսում է բացառապես վիրավորանք կամ զրպարտություն կատարած անձի դեմ պահանջ ներկայացնելու հնարավորություն, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերն ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում են ոչ նյութական բարիքների, այդ թվում՝ անձի արժանապատվության, պատվի կամ բարի անվան, համբավի և մասնավոր կյանքի անձեռնմխելիության պաշտպանության ավելի լայն հնարավորություն։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, ըստ էության, բացառելով անձի արժանապատվությունը, պատիվը և բարի անունը, գործարար համբավն ու մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտող հոդվածները կայքից հեռացնելու հնարավորությունը, սահմանափակել է հայցվորի արժանապատվության, պատվի, բարի անվան, գործարար համբավի ու մասնավոր կյանքի անձեռնմխելիության պաշտպանության հնարավորությունը։
Առնվազն թիվ ԵԷԴ/0012/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի 29․03․2024 թվականի որոշման մեջ միևնույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։
Վերաքննիչ դատարանի դատողությունները հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ հայցվորի նկատմամբ կարող են կիրառվել հակընդդեմ ապահովման միջոցներ, որոնք անուղղակիորեն առնչվում են նրա սեփականության իրավունքին, սակայն բացառվել է այդ դատական ակտի՝ թե՛ անմիջական, թե՛ հետաձգված բողոքարկման հնարավորությունը, ինչի հետևանքով անհնար է դարձել թույլ տրված դատական սխալի բացահայտումն ու ուղղումը։
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը փաստացի իրեն զրկել է իր սեփականության իրավունքին առնչվող հակընդդեմ ապահովման վերաբերյալ դատական ակտը որևէ ձևով բողոքարկելու և այդ մասով թույլ տրված դատական սխալը ուղղելու հնարավորությունից՝ խաթարելով իր դատարանի մատչելիության, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29․03․2024 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել, կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 29․03․2024 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարան ներկայացրած հայցադիմումով Մհեր Փարվանյանը հայտնել է, որ քննարկվող հոդվածներում հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ տեղեկությունների մեծ մասը վերաբերում է հայցվորի կողմից քրեորեն պատժելի և(կամ) հանրության կողմից դատապարտելի արարքներ կատարելուն, ինչն ակնհայտ սուտ է և կոպտորեն խախտում է Մհեր Փարվանյանի ոչ նյութական իրավունքները, այն է՝ Մհեր Փարվանյանի արժանապատվությունը, պատիվը և բարի անունը, գործարար համբավը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 162-րդ, 162․1-րդ հոդվածների վկայակոչմամբ պահանջել է, որպես իրավունքը խախտող գործողությունը դադարեցնելու և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու միակ միջոց, Ընկերությանը պարտավորեցնել www․mamul․am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնից հեռացնել հետևյալ հոդվածները՝
1․ 18․07․2017 թվականին հրապարակված «Մհեր Փարվանյան՝ օպերատիվ ծածկանունը «Խլյուպիկ»» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/71211,
2․ 10․08․2017 թվականին հրապարակված «Ով սպանեց հաց բերողին» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/72076,
3․ 16․08․2017 թվականին հրապարակված «Իրավաբանության դասեր ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին դաս երրորդ» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/72285,
4․ 31․08․2017 թվականին հրապարակված «Վահրամ Շահինյանի միակ և ոչ լիարժեք զարգացած վկան դաս վեցերորդ» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/72787,
5․ 04․09․2017 թվականին հրապարակված «Խանդի հողի վրա՝ սուտ մատնություն» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/72925,
6․ 19․09․2017 թվականին հրապարակված «Գործակալ «Խլյուպիկ»-ը կենթարկվի դատահոգեբանական փորձաքննության» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/73455,
7․ 15․10․2017 թվականին հրապարակված «Վահրամ ջան նենց արա գլխիցդ մազ չպակասի՝ մինչև դուրս գամ» վերնագրով հոդվածն՝ ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/74466,
8․ 17․10․2017 թվականին հրապարակված «Քառօրյա պատերազմի զոհերի արյունը Խաչատուրովի ձեռքերին է» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/74534,
9․ 04․11․2017 թվականին հրապարակված «Հաց բերողի դահիճները չպետք է մոռացվեն» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/75104 (հատոր 1-ին, գ.թ. 2-10).
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ վճռաբեկ բողոքում նշված՝ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, Վերաքննիչ դատարանի կիրառած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ի և 2-րդ կետերի ու 162-րդ հոդվածի 2-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը բավարար իրավական երաշխիքներ է սահմանում՝ խախտված ոչ նյութական իրավունքների պաշտպանության միջոցների ընտրության հարցում, մասնավորապես՝ արդյո՞ք անձը կարող է, հրաժարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածով նախատեսված հատուկ միջոցներից, օգտվել նույն օրենսգրքի 14-րդ և 162-րդ հոդվածներով սահմանված ընդհանուր պաշտպանության միջոցներից, թե՞ առկա են կիրառման ենթակա օրենսդրորեն կանխորոշված և սահմանափակ պաշտպանության միջոցներ։
Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-ին մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) որոշումներում:
Այսպես՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Kreuz ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվում է յուրաքանչյուրի դատական պաշտպանության իրավունքը, երբ որոշվում են նրա «քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները»։ Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը դեռևս 1971 թվականին նշել է, որ խնդրո առարկա հասկացությունը ներառում է բոլոր ընթացակարգերը, որոնց արդյունքը վճռորոշ է մասնավոր իրավունքների և պարտականությունների համար (տե՛ս Ringeisen ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 16.07.1971 թվականի վճիռը, 94-րդ կետ):
Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ․ «Հայցը կամ դիմումը դատարան ներկայացնելն իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:
Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների ու ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը» (տե՛ս Սահմանադրական դատարանի 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշումը)։
Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են դատական պաշտպանության ու արդար դատաքննության հիմնական իրավունքները, և Սահմանադրությամբ դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը (տե՛ս Գեղանուշ Հարությունյանն ընդդեմ Մարտին Մկրտչյանի թիվ ԱՐԴ/4024/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2018 թվականի որոշումը):
Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր ու կոչված է ապահովել անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:
Նշված դիրքորոշումը համահունչ է Տիգրան Էվոյանն ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի թիվ ԼԴ2/1922/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.01.2024 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար:
Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների (միջոցների) բովանդակությանը և դրանց իրացման առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը (․․․):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`
1) իրավունքը ճանաչելով.
2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.
3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով.
4) առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելով.
5) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով.
6) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով.
7) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին հակասող ակտը չկիրառելով.
8) իրավունքի ինքնապաշտպանությամբ.
9) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.
10) վնասներ հատուցելով.
11) տուժանք բռնագանձելով.
12) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.
13) օրենքով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում փաստել է, որ քաղաքացիական օրենսդրության հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ քաղաքացիական հարաբերությունների մասնակիցների իրավունքների անարգել իրականացման, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների ապահովման նպատակով օրենսդիրը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ կրող սուբյեկտներին օժտել է իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրենց հայեցողությամբ իրականացնելու իրավազորությամբ: Ընդ որում, օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի կարգավորմամբ սահմանելով քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրականացման հիմնական եղանակները, որոնց օգնությամբ շահագրգիռ անձը կարող է խափանել, կանխել իր իրավունքի խախտումը, վերականգնել (ճանաչել) իր իրավունքները և (կամ) փոխհատուցում ստանալ իրավունքի խախտմամբ պատճառված վնասների դիմաց, միաժամանակ հնարավորություն է վերապահել անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնել նաև օրենքով նախատեսված այլ եղանակներով: (․․․) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների թվարկումը նպատակ ունի ոչ թե սպառիչ կերպով ձևակերպել քաղաքացիական իրավունքների պաշտպանության բոլոր եղանակները, այլ դրանցից առավել տարածված եղանակների մատնանշմամբ կողմնորոշել շահագրգիռ անձանց՝ իրենց խախտված իրավունքների դատական պաշտպանության միջոցների ընտրության հարցում: Այլ կերպ ասած՝ անկախ նրանից, թե անձն ինչպես է ձևակերպում իրավունքի պաշտպանության եղանակն իր պահանջում, դատարանը նախ պետք է պարզի ներկայացված նյութաիրավական պահանջի բովանդակային, այլ ոչ թե ձևական համապատասխանությունն օրենքով նախատեսված պաշտպանության եղանակներից որևէ մեկին, որից հետո պարզի ներկայացված պահանջի շրջանակում հայցվորի խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության և վերականգնման հնարավորությունը (տե՛ս Անժելա Գևորգյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/3724/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12․05․2020 թվականի որոշումը):
Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:
Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանվել է, որ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը սահմանում է պատվի, արժանապատվության ու գործարար համբավի պաշտպանության միասնական կանոնը։ Այսպես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162․1․-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացրել է անձի ի ծնե կամ օրենքի ուժով պատականող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կան ոչ գույքային իրավուքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի կյանքը և առողջությունը, արժանապատվությունը, անձնական անձեռնմխելիությունը, պատիվն ու բարի անունը, գործարար համբավը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, (․․․) անօտարելի են ու անփոխանցելի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ նյութական բարիքները, նույն օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան, պաշտպանվում են դրանցով նախատեսված դեպքերում ու կարգով, ինչպես նաև այն դեպքերում ու այն սահմաններում, որոնցում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների օգտագործումը (հոդված 14) բխում է խախտված ոչ նյութական իրավունքի էությունից և այդ խախտումների հետևանքների բնույթից:
Սահմանադրական դատարանն իր 14․09․2010 թվականի թիվ ՍԴՈ-913 որոշմամբ արձանագրել է, որ «Մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակի կարևորագույն բաղադրիչը նրա արժանապատվությունն է, որն իր սահմանադրաիրավական բովանդակությամբ առաջնային նշանակություն ունի մարդու և քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել և երաշխավորված իրականացման համար։ Այն նաև ենթադրում է ինչպես սահմանադրորեն թույլատրելի շրջանակներում անձի կողմից որոշակի գործողությունների կատարում և կամահայտնության դրսևորում, այնպես էլ դրանք պաշտպանելու պետության համարժեք պարտականություն։
Սահմանադրական դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի 8-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, 01․10․2024 թվականի թիվ ՍԴՈ-1752 գործով արտահայտել է հետևյալը․ «(․․․) Օրենսգրքի վիճարկվող դրույթը դիտարկելով համացանցի՝ տեխնոլոգիաների ներկայիս զարգացման փուլում հասարակության լայն շրջանակների կողմից որպես տեղեկատվության ստացման, տեղադրման և փոխանակման աղբյուրի ընկալման լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
տեխնոլոգիաների զարգացման աճն ու դրանով պայմանավորված՝ հասարակական հարաբերությունների սրընթաց զարգացումը, նպաստել են համացանցի՝ որպես համընդհանուր տարածում և ճանաչում ունեցող տեղեկատվության ստացման, տեղադրման և փոխանակման աղբյուրի վերածմանը։ Համացանցը գլոբալ, համաշխարհային տեղեկատվական համակարգ է, որը միավորում է բազմաթիվ օգտատերերի ամբողջ աշխարհում։ Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ տեղեկատվությունը համացանցում ավելի արագ է տարածվում, քան սովորական (ավանդական) զանգվածային լրատվության միջոցներում․ այն փոխանցվում է տարբեր ձևերով, տարբեր ծավալներով, անկախ հեռավորություններից և պետական սահմաններից՝ հաշված րոպեների ընթացքում հասանելի դառնալով անորոշ (անսահմանափակ) թվով անձանց և, բացի դրանից, այդ եղանակով տարածվող տեղեկատվությունն ունի վերահսկելիության ավելի ցածր աստիճան և այդ տիրույթում մշտապես մնալու մեծ հավանականություն։
Եվրոպական դատարանը, անդրադառնալով զրպարտություն համարվող և այլ՝ ակնհայտորեն ոչ իրավաչափ խոսքի՝ համացանցում տարածմանը, իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ՝ «(․․․) օգտատերերի կողմից համացանցում արտահայտչական գործունեության ծավալումն արտահայտելու ազատության աննախադեպ հնարավորություն է ստեղծում։ Սա անվիճելի է և նախկինում այլ առիթների ժամանակ Դատարանի կողմից արդեն ճանաչվել է (տե´ս Ahmet Yildirim-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ 3111/10, § 48, ՄԻԵԴ 2012, և Times Newspapers Ltd-ն (թիվ 1 և թիվ 2) ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 3002/03 և թիվ 23676/03, § 27, ՄԻԵԴ 2009)։ Սակայն այս առավելությունների հետ մեկտեղ որոշակի վտանգներ ևս կարող են ստեղծվել։ Զրպարտիչ և այլ՝ ակնհայտորեն ոչ իրավաչափ խոսքը, այդ թվում նաև՝ ատելության խոսքը և բռնության հրահրող կոչերը, կարող են վայրկյանների ընթացքում աշխարհով մեկ տարածվել ավելի արագ, քան նախկինում երբևէ տարածվել են, իսկ երբեմն նույնիսկ կայուն մնալ համացանցում։ Այս երկու միմյանց հակասող իրականություններն ընկած են այս գործի հիմքում։ Գիտակցելով Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների պաշտպանության անհրաժեշտությունը և հաշվի առնելով այն, որ Կոնվենցիայի 8 և 10-րդ հոդվածներով ամրագրված իրավունքներն արժանի են հավասար հարգանքի, անհրաժեշտ է այս երկուսը հավասարակշռել այնպես, որ դրանց էությունը պահպանվի։ Այսպիսով, չնայած Դատարանը ճանաչում է այն հանգամանքը, որ խոսքի ազատության իրացման տեսանկյունից համացանցը կարևոր առավելություններ է տալիս, այն նաև հաշվի է առնում, որ զրպարտիչ կամ այլ անօրինական բովանդակության համար պատասխանատվությունը պետք է սկզբունքորեն պահպանվի և հանդիսանա անձնական իրավունքների խախտման համար արդյունավետ միջոց» (տե´ս Delfi AS v. Estonia, Application no. 64569/09, 16.06.2015, §110):
Նման պայմաններում Օրենսգրքի վիճարկվող իրավակարգավորումների ուժով պատվի, արժանապատվության և գործարար համբավի իրավական պաշտպանությունը զրպարտություն պարունակող տեղեկատվությունից, որը տեղ է գտել 1) համացանցային կայքում, որը գրանցված է որպես զանգվածային լրատվության միջոց, և 2) համացանցային կայքում, որը գրանցված չէ որպես այդպիսին (օրինակ՝ համացանցային կայքի օգտատիրոջ անձնական օգտահաշվում), և տարբերվում է՝ չնայած այն հանգամանքին, որ հրապարակային հարթակում իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալների ներկայացման արդյունքում անձի համար առաջացած փաստական հետևանքները երկու պարագայում էլ գրեթե նույնական են։ Այլ կերպ՝ այն դեպքում, երբ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների տարածողը լրատվական գործունեություն իրականացնող չէ, ապա դատական կարգով պաշտպանության՝ ոչ նյութական միջոցի կիրառման պահանջ ներկայացնելու և այդպիսի պահանջի բավարարում ստանալու օրենսդրական գործիքակազմը բացակայում է։
Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ զրպարտության միջոցով անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի դեմ կատարված ոտնձգության պայմաններում լոկ նյութական հատուցման տրամադրման կառուցակարգերը բավարար չեն։ Խնդրո առարկա իրավունքին նման կերպ ոտնձգելու պարագայում, երբեմն ոտնձգողի (անկախ սուբյեկտի) կողմից ոչ նյութական հատուցման միջոցով է հնարավոր ապահովել դրանց պաշտպանության արդյունավետությունն ու համարժեքությունը։ Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը երբեմն ենթադրում է ոչ նյութական հատուցման եղանակի կիրառում, որպիսի պարագայում է միայն հնարավոր լինում ապահովել դրա արդյունավետությունն ու լիարժեքությունը։ Ամեն դեպքում «տուժող կողմը» պետք է միշտ հնարավորություն ունենա ինքը որոշելու իրավունքի պաշտպանության որ եղանակն ու միջոցն ընտրի՝ ելնելով իր արժանապատվության, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի վերաբերյալ սեփական վերաբերմունքից ու պատկերացումից։
(․․․)։
Վերոշարադրյալի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Facebook» սոցիալական մեդիա հարթակն առցանց ծառայություն է, որը հնարավորություն է տալիս ստեղծել օգտահաշիվ, տեղադրել տեղեկատվություն և այլն։ Վերջինս հասարակության լայն շրջանակներում ընկալվում է որպես զանգվածային լրատվության միջոցներին փոխարինող այլընտրանքային տեղեկավության աղբյուր, (․․․)։
Այս առնչությամբ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ չի անտեսում այն դյուրինությունը, ընդարձակ տարածման հնարավորությունները և արագությունը, որով տեղեկատվությունը կարող է տարածվել համացանցով, այդ թվում նաև՝ մեկ անգամ արդեն բացահայտված տեղեկատվության անընդհատ առկայությունը համացանցում, ինչը կարող է ծանրացնել ոչ իրավաչափ խոսքի հասցրած վնասի հետևանքները համացանցի միջոցով տարածման դեպքում, որը շատ ավելի ծանր է, քան կարող էր լինել ավանդական մամուլի դեպքում (տե´ս Delfi AS v. Estonia, Application no. 64569/09, 16.06.2015, §147):
Ողջ վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը հայտնել է, որ անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակային ներկայացված փաստացի տվյալները (անկախ դրանք հրապարակող սուբյեկտի, քանի դեռ դրանք հրապարակային հարթակում են) հերքելու և (կամ) դրանք հեռացնելու օրենսդրական հնարավորության բացակայությունը հանգեցնում է անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի շարունակական արատավորման, իմաստազուրկ է դարձնում զրպարտության դեպքում Օրենսգրքով նախատեսված իրավական պաշտպանության միջոցների գործնականում կիրառելիությունն ու դրանց արդյունավետությունը։ Մինչդեռ, հիմք ընդունելով այն, որ անձի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը ոչ նյութական բարիքներ են, որպես դրանց պաշտպանության առաջնահերթ ձև՝ պետք է սահմանված լինի ոչ նյութական պահանջը։ Այդ մասին է փաստում նաև Սահմանադրական դատարանն իր՝ 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշման շրջանակներում՝ նշելով, որ «(․․․) արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը»։
Ամփոփելով ողջ վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ոչ նյութական արժեքներին վնաս հասցվելու պայմաններում, որպես առաջնահերթություն, ոչ նյութական վնասի հատուցման միջոցների կիրառման իմպերատիվ պահանջի հիմքում ընկած է այն ողջամիտ տրամաբանությունը, որ ոչ նյութական արժեքին վնաս պատճառելիս բացառապես նյութական հատուցում տրամադրելը չի կարող հանդիսանալ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի դեմ ոտնձգությանը համարժեք պատասխանատվություն, քանի որ չի կարող համարժեքորեն փոխհատուցել (վերականգնել) անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը։
(․․․)։ Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը հայտնել է, որ բոլոր այն դեպքերում, երբ զրպարտություն հանդիսացող տվյալները (անկախ հրապարակող սուբյեկտից) հրապարակային հարթակում (համացանցում) հասանելիության պայմաններում հերքելու և (կամ) դրանք հեռացնելու պահանջ ներկայացնելն անհնար է, այդպիսի օրենսդրական կարգավորումը չի ապահովում Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանված պահանջների արդյունավետ կենսագործումը՝ որպես հետևանք հանգեցնելով անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման՝ անձի արժանապատվության, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության երաշխավորման համատեքստում։
Սահմանադրական դատարանը հայտնել է նաև, որ համացանցում հրապարակային ներկայացված տեղեկատվության հերքումը և (կամ) հեռացումը ոչ թե նույնական, այլ պաշտպանության անկախ և ինքնավար միջոցներ են, և որոշ դեպքերում համացանցում հրապարակային ներկայացված զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը հեռացնելը կարող է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանելու առավել արդյունավետ միջոց հանդիսանալ՝ կանխելով զրպարտության շարունակական տարածումը և նման տեղեկատվության դիտումները համացանցում։ Մինչդեռ օրենսդիրն առհասարակ չի նախատեսել զրպարտություն պարունակող նյութը հեռացնելուն պարտավորեցնելու իրավական հնարավորություն։
Վերոգրյալի առնչությամբ Սահմանադրական դատարանը հայտնել է, որ պետք է գործեն անհրաժեշտ կազմակերպական այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք կապահովեն անձի նկատմամբ իրականությանը չհամապատասխանող և նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների (statement of fact) ներկայացման պայմաններում (անկախ դրանք ներկայացրած սուբյեկտի) դրանք հրապարակայնորեն հերքելու և (կամ )դրանց վերաբերյալ իր պատասխանը հրապարակելու և (կամ) դրանք հեռացնելուն պարտավորեցնելու հնարավորությունը, քանզի նման հնարավորության բացակայությունը հակասում է Սահմանադրության 31 և 75-րդ հոդվածներին»։
Հիշատակված իրավանորմերի, այդ կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի ձևավորած դիրքորոշումների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի ոչ նյութական իրավունքների պաշտպանության համար օրենսդիրը նախատեսել է միմյանց փոխլրացնող իրավունքի պաշտպանության եղանակներ։ Այսպես՝
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիական իրավունքների պաշտպանության ընդհանուր եղանակներ, որոնք կիրառելի են թե´ գույքային, թե´ ոչ նյութական իրավունքների խախտման պարագայում,
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածն ուղղակիորեն նախատեսում է ոչ նյութական բարիքների պաշտպանություն՝ այդ թվում այն դեպքերում ու այն սահմաններում, որոնցում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների օգտագործումը բխում է խախտված ոչ նյութական իրավունքի էությունից և այդ խախտումների հետևանքների բնույթից։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածը հանդիսանում է հատուկ իրավական նորմ, որն ուղղված է անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության ապահովմանն այն դեպքերում, երբ դրանք խախտվել կամ արատավորվել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, և նախատեսում է ոչ նյութական իրավունքների պաշտպանության կոնկրետ միջոցներ՝ հերքում, ներողություն և պատճառված վնասի փոխհատուցում։
Հիշյալ նորմերով օրենսդիրը սահմանում է ոչ նյութական իրավունքների պաշտպանության միջոցների համակարգ, որը ներառում է, մասնավորապես, ոչ նյութական իրավունքների խախտումը կանխելու և դադարեցնելու ընդհանուր միջոցները, ներողություն խնդրելու, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները հերքելու և պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի իրավական մեխանիզմները։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ նյութական իրավունքների պաշտպանության հարցում օրենսդիրը չի սահմանափակվում բացառապես զրպարտությանը կամ վիրավորանքին առնչվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածով սահմանված համապատասխան նեղ կարգավորումներով, այլ հնարավորություն է ընձեռում պաշտպանել ոչ նյութական իրավունքները նաև այլ իրավախախտումների դեպքում (այսինքն՝ ոչ միայն զրպարտություն կամ վիրավորանք, այլ ցանկացած այլ խախտում, որը կարող է հանգեցնել ոչ նյութական իրավունքների խախտման) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասով և դրան համակցված 14-րդ հոդվածով նախատեսված միջոցներով։ Այլ կերպ ասած, առաջնորդվելով խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների ընտրության ազատության սկզբունքով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ և 162-րդ հոդվածներով սահմանված ոչ նյութական իրավունքների պաշտպանության եղանակները բավարար են բոլոր այն դեպքերում, երբ անձը սեփական հայեցողությամբ չի ցանկանում օգտվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի կամ զրպարտության պարագայում կիրառվող հատուկ կարգավորումներից (օրինակ՝ հերքում, ներողություն, փոխհատուցում), այլ, փոխարենը, կարող է ընտրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ և 162-րդ հոդվածներով նախատեսված ընդհանուր պաշտպանության միջոցները։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հատուկ միջոցներից չօգտվելը չի բացառում ընդհանուր միջոցների կիրառումը, եթե դրանք բխում են խախտված ոչ նյութական իրավունքի էությունից և այդ խախտումների հետևանքների բնույթից։ Ավելին, այն հանգամանքը, որ հայցվորը գործածել է «զրպարտություն» կամ «վիրավորանք» եզրույթները, չի պարտադրում դատարանին գործն անպայման քննության առնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի շրջանակներում, այլ պարտավոր է գնահատել հայցադիմումի փաստական և իրավական հիմքերը՝ ելնելով պահանջի բովանդակային էությունից՝ այդպիսով ապահովել ոչ թե ձևական, այլ իրական արդարադատություն։
Ընդհանրացնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված պաշտպանության հատուկ միջոցների չկիրառումը չի խոչընդոտում անձի ոչ նյութական իրավունքների պաշտպանությանը, քանի որ օրենսդիրը դրա համար ապահովել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքր 14-րդ և 162-րդ հոդվածների կարգավորումների շրջանակում նախատեսված ընդհանուր և համապարփակ մեխանիզմներ։
Քաղաքացիական օրենսգրքի համակարգային մեկնաբանությունը վկայում է, որ ոչ նյութական բարիքների պաշտպանությունն ապահովվում է ինչպես հատուկ, այնպես էլ ընդհանուր իրավական միջոցներով։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված հատուկ միջոցները, որոնք կիրառվում են որոշակի խախտումների համար (օրինակ՝ զրպարտության կամ վիրավորանքի բացառիկ տեսակներ), չեն բացառում քաղաքացիական պաշտպանության հնարավորությունը․ օրենսդիրը նման իրավիճակների համար նախատեսել է ընդհանուր պաշտպանության եղանակների կիրառումը՝ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի՝ այն պայմանով, որ նրանում ներառված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների օգտագործումը բխի խախտված իրավունքի էությունից և այդ խախտումների բնույթից։ Այսինքն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ընդհանուր միջոցները կարող են կիրառվել նաև ցանկացած այլ ոչ նյութական իրավունքի խախտման դեպքում։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվորը, դիմելով Դատարան, հայտնել է, որ www.mamul.am լրատվական կայքի «մամուլի խոսնակ» բաժնում հրապարակված բոլոր նյութերը ենթակա են ազատ հրապարակման և կարգավորվում են գրանցման պայմանագրով, որի 3-րդ կետի համաձայն՝ մամուլի խոսնակ բաժնի («my mamul» am) մոդերացիան իրականացնում են «mamul» am լրատվական կայքի մոդերատորները։ «mamul» am լրատվական կայքը պատկանում է Ընկերությանը։ «mamul» am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնում (www.my․mamul․am) 18․07․2017 թվականին հրապարակվել է «Մհեր Փարվանյան՝ օպերատիվ ծածկանունը՝ «Խլյուպիկ» վերնագրով հոդվածը (14784 դիտում)՝ ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/71211: Հոդվածի ներքևի մասում գրված է․ «Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է «Մամուլի Խոսնակ» նախագծի շրջանակներում»։
«mamul» am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնում (www.my․mamul․am) 10․08․2017 թվականին հրապարակվել է «Ով սպանեց հաց բերողին» վերնագրով հոդվածը (6856 դիտում)՝ ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/72076։ Հոդվածի ներքևի մասում գրված է․ «Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է «Մամուլի Խոսնակ» Նախագծի շրջանակներում»։
«mamul» am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնում (www.my․mamul․am) 16․08․2017 թվականին հրապարակվել է «Իրավաբանության դասեր ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին դաս երրորդ» վերնագրով հոդվածը (5049 դիտում) ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/72285։ Հոդվածի ներքևի մասում գրված է․ «Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է «Մամուլի Խոսնակ» Նախագծի շրջանակներում»։
«mamul» am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնում (www.my․mamul․am) 31․08․2017 թվականին հրապարակվել է «Վահրամ Շահինյանի միակ և ոչ լիարժեք զարգացած վկան դաս վերցերորդ» վերնագրով հոդվածը (5046 դիտում) ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/72787։ Հոդվածի ներքևի մասում գրված է․ «Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է «Մամուլի Խոսնակ» Նախագծի շրջանակներում»։
«mamul» am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնում (www.my․mamul․am) 04․09․2017 թվականին հրապարակվել է «Խանդի հողի վրա՝ սուտ մատնություն» վերնագրով հոդվածը (9428 դիտում) ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/72925։ Հոդվածի ներքևի մասում գրված է․ «Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է «Մամուլի Խոսնակ» Նախագծի շրջանակներում»։
«mamul» am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնում (www.my․mamul․am) 19․09․2017 թվականին հրապարակվել է «Գործակալ Խլյուպիկը» կենթարկվի դատահոգեբանական փորձաքննության» վերնագրով հոդվածը (4246 դիտում) ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/3455։ Հոդվածի ներքևի մասում գրված է․ «Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է «Մամուլի Խոսնակ» Նախագծի շրջանակներում»։
«mamul» am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնում (www.my․mamul․am) հրապարակվել է «Վահրամ ջան նենց արա գլխիցտ մազ չպակասի՝ մինչև դուրս գամ» վերնագրով հոդվածը (5240 դիտում) ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/74466։ Հոդվածի ներքևի մասում գրված է․ «Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է «Մամուլի Խոսնակ» Նախագծի շրջանակներում»։
«mamul» am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնում (www.my․mamul․am) 17․10․2017 թվականին հրապարակվել է «Քառօրյա պատերազմի զոհերի արյունը Խաչատուրովի ձեռքերին է» վերնագրով հոդվածը (7139 դիտում) ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/74534։ Հոդվածի ներքևի մասում գրված է․ «Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է «Մամուլի Խոսնակ» Նախագծի շրջանակներում»։
«mamul» am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնում (www.my․mamul․am) 04․11․2017 թվականին հրապարակվել է «Հաց բերողի դահիճները չպետք է մոռացվեն» վերնագրով հոդվածը (17566 դիտում) ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/75104։ Հոդվածի ներքևի մասում գրված է․ «Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է «Մամուլի Խոսնակ» Նախագծի շրջանակներում»։
Հայցվորը նշել է, որ սույն դեպքում «mamul» am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնում (www.my․mamul․am) 18․07․2017 թվականին հրապարակված «Մհեր Փարվանյան օպերատիվ ծածկանունը «Խլյուպիկ» վերնագրով հոդվածում բառացի շարադրվել է, որ «Գործ տալու ինստիտուտի մեջ ֆինանսական շահի ներմուծումն էլ անխուսափելիորեն հանգեցրեց նրան, որ առաջացան «մարդիք», որոնք հանուն գումարի կամ իրենց մարմնի սպիտակ, փամփլիկ մասը փրկելու համար պատրաստ են գործ տալու ցանկացած անձի դեմ, ընդհուպ մինչև սեփական մոր, կնոջ կամ հոր դեմ։
Գործ տվողների այս տեսակը ամենավտանգավորն է, նրանք հիմնականում պետական ծառայողներ են, զուրկ արժեքային համակարգից և տարրական ինքնասիրությունից։
Այսօր հանրությանն ենք ներկայացնում «խլյուպիկ» ծածկանունով հայտնի գործ տվող՝ ՊՆ կապիտան Մհեր Փարվանյանին։ Վերջինիս գործակալական գործում լրացված է՝ հավաքագրվել է 2008թ․-ին «Մայամի» ռեստորանահյուրանոցային համալիրի սենյակներից մեկում ոչ ավանդական սեքսով զբաղվելու ժամանակ՝ բացահայտվելուց հետո։
Առաջին գործողությունը՝ գաղտնի ձայնագրառել է կնոջը և ներկայացրել քննությանը։ Զրպարտել է հարազատ ընկերոջ քրոջը և իր մեկ ցուցմունքով ընկերոջ քույրը կալանավորվել է․
Գենշտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին զրպարտող հանրահայտ «Մակալայնսուրա» տեղեկության արտահոսքի և հոդվածի հեղինակը՝ առիթը իրեն չտրված ՊՆ տենդերը։ «Խլյուպիկի» ցուցմունքով երկրորդ անգամ կալանավորվեց և իր մահկանացուն կնքեց հանրահայտ «Հաց բերողը»։ «Խլյուպիկը» հաջողությամբ գործ է տվել նաև իր ուսանողներից երկուսի վրա Սասնա ծռերի հետ կապ ունենալու համար․ նա հրավիրել էր իր ուսանողներին անկեղծ զրույցի․ գաղտնի ձայնագրել նրանց և գործ տվել նրանց վրա, երկու ուսանողներն էլ կալանավորված են։ «Խլյուպիկի» արարքները և նրա կողմից զրպարտված անձանց ցանկը ահռելի է, սակայն ամենանողկալին այն է, որ նա գործ է տալիս նաև «Փարվանյան Քոնսալթինգ» հաշվապահական ընկերության հաճախորդների վրա, այդ ընկերությունը ղեկավարում է «Խլյուպիկի» կինը։ Նկարում Մհեր Փարվանյանն է․ օպերատիվ ծածկանունը «Խլյուպիկ» (․․․) զգուշացեք՝ գործ տվող է»։
Այսպիսով, հոդվածում նշվում է, որ Մհեր Փարվանյանը՝ 2008թ․-ին «Մայամի» ռեստորանահյուրանոցային համալիրի սենյակներից մեկում զբաղվել է ոչ ավանդական սեքսով, գործ տվող է՝ զուրկ արժեքային համակարգից և տարրական ինքնասիրությունից և պատրաստ է գործ տալ սեփական մոր, կնոջ և հոր դեմ, գործ է տվել իր ուսանողներից երկուսի վրա, գործ է տալիս «Փարվանյան Քոնսալթինգ» հաշվապահական ընկերության հաճախորդների վրա, իր ցուցմունքով երկրորդ անգամ կալանավորվել և իր մահկանացուն է կնքել հանրահայտ «Հաց բերողը»։
«mamul» am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնում (www.my․mamul․am) 10․08․2017 թվականին հրապարակվել է «Ով սպանեց հաց բերողին» վերնագրով հոդված, որում բառացի շարադրվում է, որ․ ««Հաց բերողի»-ի երկրորդ կալանավորման հրամանը տվել է մարդկային տականք՝ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը։ Հրամանին քիչ թե շատ օրինական հիմնավորում տալու համար նրա դեմ ցուցմունք է տվել «Խլյուպիկ» ծածկանունով արտահաստիքային գործակալ, «Փարվանյան քոնսալթինգ» հաշվապահական ընկերության հիմնադիր, ՊՆ կապիտան Մհեր Փարվանյանը։ Հարկ է նշել, որ սույն ․․․-ը մինչև «Հաց բերողի» դեմ սուտ մատնություն կատարելը երբևիցե նրան չի տեսել, չի ճանաչել և նրա հետ չի շփվել։
Այնպես որ հասարակությունը ամեն անգամ իր խորը հարգանքի տուրքը «Հաց բերող»-ին մատուցելուց պետք է չմոռանա նզովել նրա երկու դահիճներին, մարդկային տականքներ՝ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին և «Խլյուպիկ» ծածկանունով արտահաստիքային գործակալ ՊՆ կապիտան Մհեր Փարվանյանին»։
Վերոնշյալ հոդվածում հստակ նշվում է, որ Մհեր Փարվանյանը՝ «Խլյուպիկ» ծածկանունով արտահաստիքային գործակալ է, «Հաց բերող»-ի դեմ ցուցմունք է տվել, սուտ ցուցմունք է տվել մեկ այլ անձի հրամանով, «Հաց բերող»-ին սպանողներից է, Մհեր Փարվանյանը ․․․ է, որից ակհայտ է, որ քողարկված վիրավորական արտահայտություն է արված։
«mamul» am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնում (www.my․mamul․am) 16․08․2017 թվականին հրապարակվել է «Իրավաբանության դասեր ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին դաս երրորդ» վերնագրով հոդվածը, որում բառացի նշվել է, որ․ «15/11/2016թ․-ին թերուսները փոփոխում են մեղադրանքը և ինձ առաջադրում են կաշառքի դրդիչության եղանակով՝ Գոռ Հովհաննիսյանի նկատմամբ խարդախության փորձ կատարելու համար, բայց քանի որ Գոռը հրաժարվել է գումարը տալ՝ դա էլ ըստ գործակալ Մհեր Փարվանյանի, ապա կաշառքի դրդիչությունը ըստ ՀՀ քր․ օր․-ի 35-րդ հոդվածի վերավորակում են կաշառքի նախապատրաստության»։
Նշված հոդվածում հստակ նշվում է, որ Մհեր Փարվանյանը գործակալ է։
«mamul» am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնում (www.my․mamul․am) 31․08․2017 թվականին հրապարակվել է «Վահրամ Շահինյանի միակ և ոչ լիարժեք զարգացած վկան դաս վերցերորդ» վերնագրով հոդվածը, որում բառացի նշվել է, որ․ «Մհեր Փարվանյանը ոչ լիարժեք զարգացած է»։
Նշված հոդվածի վերնագրում և բուն նյութի մեջ հստակ նշվում է, որ Մհեր Փարվանյանը ոչ լիարժեք զարգացած է։
«mamul» am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնում (www.my․mamul․am) 04․09․2017 թվականին հրապարակվել է «Խանդի հողի վրա՝ սուտ մատնություն» վերնագրով հոդվածը, որում բառացի նշվել է, որ․ «ՀՔԾ-ն ապօրինի գաղտնալսել է Վանոյի Արտակին դեռևս 2015թ․ հոկտեմբեր ամսից։ Այդ գաղտնալսումներում առկա է եղել հեռախոսային խոսակցություններ Վանոյի Արտակի և Մհեր Փարվանյանի կնոջ՝ Լիաննա Խալաթյանի միջև, որով հիմնավորվել է մեղմ ասած նրանց ոչ ընկերական կապը։ ՀՔԾ-ն հրավիրել է Մհեր Փարվանյանին իր մոտ, նրան ներկայացրել են գաղտնալսումները, առաջարկել են սուտ մատնության միջոցով սիրային եռանկյունին քանդել և Վանոյի Արտակից վրեժ լուծել։ Մհեր Փարվանյանը սիրով համաձայնվել է։ Իրականում հնարավոր է գործ ունենք խանդի հողի վրա կատարված սուտ մատնության հետ, որի դրդիչը եղել է հատուկ քննչական ծառայությունը»։
Նշված հոդվածում հստակ նշվում է, որ Մհեր Փարվանյանը սուտ մատնություն է կատարել, կինը արտաամուսնական կապի մեջ է եղել ոմն Վանոյի Արտակի հետ։
«mamul» am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնում (www.my․mamul․am) 19․09․2017 թվականին հրապարակվել է «Գործակալ Խլյուպիկը» կենթարկվի դատահոգեբանական փորձաքննության» վերնագրով հոդվածը, որի համաձայն․ ««Խլյուպիկը» Մհեր Փարվանյանը ճանաչվել է թերզարգացած, ի դեպ այդ հանգամանքը իր ցուցմունքում չի հերքել նաև գործակալ «Խլյուպիկ»-ը, մամուլում լուրեր էին տարածվել, որ «Խլյուպիկը» հիմնականում զրպարտել է Վանոյի Արտակին, խանդից դրդված, քանի որ կասկածներ է ունեցել, որ իր կինը՝ Լիաննա Խալաթյանն արտամուսնական կապի մեջ է եղել Վանոյի Արտակի հետ»։
Նշված հոդվածում հստակ նշվում է, որ Մհեր Փարվանյանը «Խլյուպիկ» ծածկանունով գործակալ է, դատարանի կողմից ճանաչվել է թերզարգացած, զրպարտել է ոմն Վանոյի Արտակին, կինն արտամուսնական կապի մեջ է եղել։
«mamul» am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնում (www.my․mamul․am) 15․10․2017 թվականին հրապարակվել է «Վահրամ ջան նենց արա գլխիցտ մազ չպակասի՝ մինչև դուրս գամ» վերնագրով հոդվածը, որում բառացի շարադրվել է, որ․ «Մեղադրանքի միակ վկան դատարանի որոշմամբ և տեսողական և հիշողության և աշխարհագրական դիրքի ընկալման ֆունկցիաների ոչ լիարժեք զարգացվածություն ունեցող «Խլյուպիկ» մականվամբ գործակալ Մհեր Փարվանյանն է»։
Նշված հոդվածում հստակ նշվում է, որ Մհեր Փարվանյանը «Խլյուպիկ» ծածկանունով գործակալ է, դատարանի կողմից ճանաչվել է թերզարգացած։
«mamul» am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնում (www.my․mamul․am) 17․10․2017 թվականին հրապարակվել է «Քառօրյա պատերազմի զոհերի արյունը Խաչատուրովի ձեռքերին է» վերնագրով հոդվածը, որում բառացի շարադրվել է, որ․ «Խաչատուրովի անձնական հաշվապահը «Փարվանյան Քոնսալթինգ» հաշվապահական ընկերության սեփականատեր, ռազմական ստրատեգիական ինստիտուտի ֆինանսական վարչության պետ Մհեր Փարվանյանը վերահսկել է Խաչատուրովի դաբրոյով ՊՆ տենդերները շահած մատակարարների ֆինանսական հոսքերը։
Այն ժամանակ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ հենց Մհեր Փարվանյանն է տեղեկությունը վաճառել կայքերից մեկին, որն էլ այն հանրայնացրել է։ Այն ժամանակ այս տեղեկությունը աբսուրդ էր թվում, քանի որ անհավատալի էր, որ Փարվանյանը դուրս կգա իր տիրոջ դեմ, թեկուզ և եթե նրան տենդերների ատկատներից գումար չէին տվել կամ քիչ էին տվել։ Վերջերս մամուլում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Մհեր Փարվանյանը ԱԱԾ գործակալ է «Խլյուպիկ» օպերատիվ ծածկանունով և հավաքագրվել է վաղուց իր կողմից անչափահասի հանդեպ անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Հավաքագրումից հետո քրեական հետապնդումը Փարվանյանի նկատմամբ դադարեցվել է և նա ներդրվել է Խաչատուրովի մերձավոր շրջապատ։
Այս անգամ արտահոսք է եղել ՊՆ մատակարարման տենդերների և այդ միջոցով ՊՆ-ից միլիարդների հափշտակությունների մասին և կրկին գրեթե բոլոր հափշտակությունների դրվագներով շոշափվում է «Խլյուպիկ» ծածկանունով ԱԱԾ գործակալ Մհեր Փարվանյանի անունը»։
Վերոնշյալ հոդվածում հստակ նշվում է, որ Մհեր Փարվանյանը «Խլյուպիկ» ծածկանունով գործակալ է, ով ներդրվել է Խաչատուրովի շրջապատ, հավաքագրվել է անչափահասի հանդեպ անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, տենդերների միջոցով ՊՆ-ից միլիարդների հափշտակություններ է կատարել, ինչ-որ տեղեկություններ է վաճառել կայքերից մեկին, քանի որ ատկատ չեն տվել իրեն։
«mamul» am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնում (www.my․mamul․am) 04․11․2017 թվականին հրապարակվել է «Հաց բերողի դահիճները չպետք է մոռացվեն» վերնագրով հոդվածը, որում բառացի շարադրվել է, որ․ «Հաց բերողի դահիճներն են «Մհեր Փարվանյան» ՊՆ կապիտան, գործակալ, «Խլյուպիկ» օպերատիվ ծածկանունով, «Փարվանյան Քոնսալթինգ» հաշվապահական ընկերության սեփականատեր (նրա կեղծ ցուցմունքով է երկրորդ անգամ կալանվորվել Հաց Բերողը։ Ընդ որում, Մհեր Փարվանյանը Հաց Բերողին առաջին և վերջին անգամ տեսել է ՀՔԾ-ում, երբեք նրա հետ չի առնչվել, ուղղակի 500 ԱՄՆ դոլարի դիմաց, սովորականի պես, տվել է ՀՔԾ պետի պահանջած ցուցմունքը և պնդել առերես)»։
Նշված հոդվածում հստակ նշվում է, որ Մհեր Փարվանյանը «Խլյուպիկ» ծածկանունով գործակալ է, Հաց Բերողի դահիճներից է, կեղծ ցուցմունք է տվել 500 ԱՄՆ դոլարի դիմաց։
Հայցվորը հայտնելով, որ վերը նշված հոդվածներում հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ տեղեկատվության մեծ մասը վերաբերում է հայցվորի կողմից քրեորեն պատժելի կամ հանրորեն պարսավելի արարքներ կատարելուն, որն ակնհայտ սուտ է և կոպտորեն խախտում է Մհեր Փարվանյանի ոչ նյութական իրավունքները, ինչպես նաև այն, որ անձի անձնական ոչ գույքային իրավունքները, այդ թվում՝ անձի արժանապատվությունը, պատիվը և բարի անունը, գործարար համբավը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտող հոդվածը կայքից հեռացնելու պահանջը հանդիսանում է ոչ թե վիրավորանքի և զրպարտության համար կիրառվող պատասխանատվության միջոց, այլ որպես խախտված իրավունքների պաշտպանության ինքնուրույն եղանակ, այն է՝ իրավունքը խախտող գործողության դադարեցում և մինչև իրավունքի խախտումը եղած դրության վերականգնում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 162-րդ, 162․1-րդ հոդվածների վկայակոչմամբ խնդրել է պարտավորեցնել պատասխանողին www.mamul.am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնից հեռացնել (արգելափակել, բլոկավորել) հետևյալ հոդվածները՝
1․ 18․07․2017 թվականին հրապարակված «Մհեր Փարվանյան՝ օպերատիվ ծածկանունը «Խլյուպիկ»» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/71211,
2․ 10․08․2017 թվականին հրապարակված «Ով սպանեց հաց բերողին» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/72076,
3․ 16․08․2017 թվականին հրապարակված «Իրավաբանության դասեր ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին դաս երրորդ» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/72285,
4․ 31․08․2017 թվականին հրապարակված «Վահրամ Շահինյանի միակ և ոչ լիարժեք զարգացած վկան դաս վեցերերորդ» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/72787,
5․ 04․09․2017 թվականին հրապարակված «Խանդի հողի վրա՝ սուտ մատնություն» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/72925,
6․ 19․09․2017 թվականին հրապարակված «Գործակալ «Խլյուպիկ»-ը կենթարկվի դատահոգեբանական փորձաքննության» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/73455,
7․ 15․10․2017 թվականին հրապարակված «Վահրամ ջան նենց արա գլխիցդ մազ չպակասի՝ մինչև դուրս գամ» վերնագրով հոդվածն՝ ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/74466,
8․ 17․10․2017 թվականին հրապարակված «Քառօրյա պատերազմի զոհերի արյունը Խաչատուրովի ձեռքերին է» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/74534,
9․ 04․11․2017 թվականին հրապարակված «Հաց բերողի դահիճները չպետք է մոռացվեն» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/75104:
Դատարանը, արձանագրելով, որ՝
«հայցվորը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին հեռացնել (արգելափակել, բլոկավորել) իր ոչ նյութական իրավունքները խախտող հոդվածները, միաժամանակ, սակայն, նշել է, որ տվյալ իրավահարաբերություններում առկա չեն ոչ վիրավորանքի և ոչ էլ զրպարտանքի հատկանիշներ, ինչից հետևում է, որ ըստ հայցվորի՝ պահանջը ենթակա է քննության միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ և 162․1-րդ հոդվածների դրույթների շրջանակներում։ Միևնույն ժամանակ, հայցադիմումի ողջ բովանդակությունից բխում է, որ ըստ հայցվորի, պատասխանողի գործողություններով (անգործությամբ) ոտնահարվել են իր պատիվը, արժանապատվությունը, բարի համբավը։
Փաստորեն, հերքելով, որ իր և պատասխանողի միջև ծագած իրավահարաբերությունը ենթակա է կարգավորման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի կանոններով՝ հայցվորն անտեսում է, որ ինչպես արդեն վերը նշվեց, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ոչ նյութական բարիքների պաշտպանության համար նախատեսում է համապատասխան ընթացակարգ, որն իրենից ենթադրում է անձի կողմից ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու միջոցով իր խախտված իրավունքների պաշտպանություն»,
եկել է այն եզրահանգման, որ՝
«պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով սահմանված հիմքով և կարգով, հետևաբար հայցվորի նման պահանջն ուղղված պատասխանողին ամբողջ վերոշարադրյալի հաշվառմամբ ենթակա է մերժման»։ Արդյունքում 19․07․2023 թվականի վճռով Մհեր Փարվանյանի հայցը մերժել է։
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ՝
«հայցվորը, (․․․) Դատարան ներկայացրած իր հայցային պահանջով հայցել է պաշտպանել իր ոչ նյութական իրավունքները, մինչդեռ դրա համար չի ընտրել այն նյութաիրավական նորմերը, որոնք որ օրենսդիրը նախատեսել է նման իրավիճակների համար որպես իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցներ։ Փոխարենը վերջինս հայցի իրավական հիմքում, ի թիվս այլնի, դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ և 162-րդ հոդվածները (․․․)։ Բանն այն է, որ մեջբերված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ և 162-րդ հոդվածներով ոչ նյութական իրավունքի պաշտպանության նպատակով հայցվորը կարող է դատարան դիմել այն դեպքում, երբ իր խախտված իրավունքի համար օրենսդրորեն նախատեսված չլինի այլ՝ կոնկրետ պաշտպանության եղանակ, մինչդեռ այս դեպքում հայցվորի ոչ նյութական իրավունքների, այն է՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության կոնկրետ իրավական միջոցները սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «§2․1․ ՊԱՏՎԻՆ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» պարագրաֆի ներքո, որից հայցվորը տվյալ դեպքում չի օգտվել։ Այլ կերպ ասած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ կետից հնարավոր կլիներ օգտվել այն դեպքում, երբ նման հայցապահանջով իրավունքի պաշտպանության համար չլինեին նախատեսված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի կարգավորումները, որոնք վերաբերում են հենց պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգին և պայմաններին»,
եկել է այն եզրահանգման, որ Դատարանն իրավաչափ է հայցը մերժել, իսկ հակառակի մասին բողոքի պնդումներն անհիմն են, ինչի արդյունքում 29․03․2024 թվականի որոշմամբ հայցվորի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժել է, և գործով Դատարանի 19․07․2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Տվյալ դեպքում, գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ քննարկվող հոդվածներում հրապարակված տեղեկատվությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի իմաստով թեպետ պարունակում է վիրավորանքի և զրպարտության հատկանիշներ, այնուամենայնիվ հայցվոր Մհեր Փարվանյանը, սեփական հայեցողությամբ չցանկանալով օգտվել տվյալ հոդվածով նախատեսված իրավական պաշտպանության հատուկ միջոցներից (հերքման հրապարակում, ներողություն, փոխհատուցում), քանի որ տվյալ նորմը սահմանում է կոնկրետ իրավախախտման տեսակների դեպքում կիրառվող պաշտպանության միջոցներ, ընտրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ և 162-րդ հոդվածներով նախատեսված իրավունքի խախտման ընդհանրական կանխման և դադարեցման միջոցների կիրառումը՝ համապատասխան հոդվածները կայքից հեռացնելու պահանջների բավարարմամբ դադարեցնել իրավունքը խախտող գործողությունն ու, ըստ էության, վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը՝ հիմնավոր կասկած ունենալով առ այն, որ հրապարակված տեղեկությունները խախտել են իր պատվի, արժանապատվության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հայցվորի նման ընտրությունը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված միջոցներից չօգտվելը, իրավաչափ է, քանի որ, ինչպես արդեն արձանագրվեց, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ոչ նյութական իրավունքների պաշտպանության համար նախատեսում է թե´ հատուկ (օրինակ՝ վիրավորանքի և զրպարտության պարագայում), թե´ ընդհանուր (օրինակ՝ մինչև իրավունքի խախտումը եղած դրության վերականգնում, իրավունքը խախտող գործողության կանխում) եղանակներ։ Այսինքն անձի ոչ նյութական իրավունքների խախտման կոնկրետ իրավիճակներում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իրավակարգավորումների իմաստով անձն իրավասու է ընտրել այն իրավունքի պաշտպանության եղանակը, որն առավել համարժեք է խախտված իր ոչ նյութական իրավունքի էությանը և այդ խախտումների հետևանքներին։ Ընդ որում, նույն օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրն ուղղակիորեն նախատեսում է ոչ նյութական բարիքների պաշտպանություն նաև այն դեպքերում, երբ կոնկրետ պաշտպանության միջոցներ օրենսդրությամբ նախատեսված չեն, սակայն նույն օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված քաղաքացիական իրավունքների ընդհանուր պաշտպանության եղանակների օգտագործումը բխում է խախտված ոչ նյութական իրավունքի էությունից և այդ խախտումների հետևանքների բնույթից։ Այս մոտեցումն ապահովում է անձի իրավունքների լիարժեք և համարժեք պաշտպանություն։
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև հստակեցնել, որ շահագրգիռ անձը կարող է չօգտվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով սահմանված հատուկ պաշտպանության միջոցներից և փոխարենն ընտրել նույն օրենսգրքի 14-րդ և 162-րդ հոդվածներով նախատեսված ընդհանուր պաշտպանության միջոցները, եթե առկա են հետևյալ պայմանները․
1․ իրավունքի խախտումը, ըստ շահագրգիռ անձի, չի հանգեցրել նյութական վնասի, ուստի փոխհատուցման պահանջի ներկայացումը բացակայում է, իսկ ոչ նյութական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ և 162-րդ հոդվածներով նախատեսված այլ՝ կանխարգելիչ միջոցներով, մասնավորապես՝ իրավունքը խախտող տեղեկատվության հեռացմամբ,
2․ շահագրգիռ անձի հիմնական նպատակն է՝ կանխել կամ դադարեցնել ոչ նյութական իրավունքը խախտող տեղեկատվության տարածումը՝ առանց այն տարածող անձի համար լրացուցիչ իրավական պարտականություններ սահմանելու,
3․ իրավախախտումը կրում է շարունակական բնույթ,
4․ ներկայացված խախտման էությունը դուրս է զուտ զրպարտության կամ վիրավորանքի ոլորտից և առնչվում է նաև այլ ոչ նյութական իրավունքների, մասնավորապես՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության կամ անձի անձնական տվյալների պաշտպանության խախտմանը,
5․ ընտրված պաշտպանության ընդհանուր միջոցը (ոչ նյութական իրավունքները խախտող հոդվածները կայքից հեռացնելուն պարտավորեցնելը)առավել համապատասխանում է խախտված իրավունքներիի վերականգնման էությանը, քան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածով նախատեսված հատուկ միջոցները։
Մինչդեռ, Դատարանը հայցը մերժելու, իսկ Վերաքննիչ դատարանը դատական ակտն անփոփոխ թողնելու հիմքում դնելով այն եզրահանգումը, թե հայցվորը պետք է իր ոչ նյութական իրավունքների պաշտպանությունն իրականացներ բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված հատուկ միջոցներով (հերքում, ներողություն, փոխհատուցում), լիարժեք չեն գնահատել հայցվորի ներկայացրած պահանջի բովանդակությունը, անտեսել են հայցվորի՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլընտրանքային՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ և 162-րդ հոդվածներով նախատեսված ընդհանուր պաշտպանության եղանակների կիրառելիության հնարավորությունը՝ հիմնվելով քաղաքացիական օրենսդրության նորմերի սահմանափակ մեկնաբանմամբ՝ այդպիսով խախտելով հայցվորի՝ իրավունքի արդյունավետ պաշտպանության իրացման հնարավորությունը։
Դատարաններն անտեսել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ և 162-րդ հոդվածների նշանակությունն ու կիրառելիությունը, մասնավորապես, որ նշված իրավանորմերի միջոցով հնարավոր է ապահովել ոչ նյութական իրավունքների պաշտպանությունը նաև այն դեպքերում, երբ խախտման էությունը կամ հետևանքները չեն համընկնում հատուկ միջոցների կիրառման ենթակա իրավախախտումների հետ, կամ երբ շահագրգիռ անձն իր հայեցողությամբ որոշում է չօգտվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված հատուկ միջոցներից՝ նախընտրելով ընդհանուր պաշտպանության միջոցները։ Այսինքն, դատարանների մոտեցումը՝ որպես հիմք ընդունել բացառապես կոնկրետ հոդվածով նախատեսված հատուկ միջոցի կիրառումը, ոչ միայն հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ և 162-րդ հոդվածների բովանդակությանը, համաձայն որոնց՝ ոչ նյութական բարիքների պաշտպանության միջոցների ընտրությունը չի կարող սահմանափակվել հատուկ նորմերի շրջանակով, եթե պահանջը համապատասխանում է նշված նորմերի տրամաբանությանը, այլ նաև Վճռաբեկ դատարանի այն դիքորոշումներին, որոնք պարտավորեցնում են դատարաններին ապահովել իրավունքների պաշտպանության արդյունավետություն՝ անկախ օրենքով նախատեսված պաշտպանության եղանակներից որևէ մեկին ուղղված պահանջի ներկայացման ձևական համապատասխանությունից։
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ շահագրգիռ անձն իր իրավունքի պաշտպանության միջոցները, լինեն դրանք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված հատուկ միջոցները, թե 14-րդ և 162-րդ հոդվածներով նախատեսված ընդհանուր պաշտպանության միջոցները, սեփական հայեցողությամբ է ընտրում՝ հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության առանձնահատկությունները, խախտված իրավունքի էությունը, հետևանքների ծանրությունը և իր խախտված իրավունքի պաշտպանությանն առավել համապատասխան համարվող արդյունավետ միջոցները։ Կոնկրետ դեպքում, հայցվոր Մհեր Փարվանյանի պահանջն ուղղված է եղել ոչ թե փոխհատուցման ստացման կամ այլ պատասխանատվության իրականացման նպատակին, այլ իրավաչափ, համաչափ և կանխարգելիչ գործողությանը՝ տեղեկատվության տարածման դադարեցմանը՝ որպես խախտված ոչ նյութական իրավունքի վերականգնման միջոց։
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Սահմանադրության 3-րդ, 23-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի, «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 17-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 162-րդ հոդվածի, 162․1-ին հոդվածի 1-ին կետը, 1087․1 հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պայմանի առկայությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը․
Բողոք բերող անձի կողմից վկայակոչվել է թիվ ԵԷԴ/0012/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, հիմնավորելով, որ այդ դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի 29․03․2024 թվականի որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։ Մասնավորապես տվյալ գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արձանագրել է հետևյալը․ «(․․․) վերը նշված հոդվածներում վկայակոչած փաստերը հանդիսանում են վիրավորանք և զրպարտություն, ինչը հանգեցրել է հայցվորի իրավունքի խախտմանը, որպիսի հանգամանքը դատարանը սույն գործի շրջանակում գնահատում է՝ մինչև իրավունքի խախտումը եղած դրության վերականգնման անհրաժեշտություն, ինչը իրավաչափորեն բխում է շահագրգիռ անձի համար անբարենպաստ հետևանքների վերացման և վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ու վերականգնման անհրաժեշտությունից»։
Միևնույն ժամանակ, սույն գործով Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտում մասնավորապես նշել է. «(․․․) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ (․․․) հոդվածներով ոչ նյութական իրավունքի պաշտպանության նպատակով հայցվորը կարող է դատարան դիմել այն դեպքում, երբ իր խախտված իրավունքի համար օրենսդրորեն նախատեսված չլինի այլ՝ կոնկրետ պաշտպանության եղանակ, մինչդեռ այս դեպքում հայցվորի ոչ նյութական իրավունքների, այն է՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության կոնկրետ իրավական միջոցները սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «§2․1․ ՊԱՏՎԻՆ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» պարագրաֆի ներքո, որից հայցվորը տվյալ դեպքում չի օգտվել»։
Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով ինչպես Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ, այնպես էլ թիվ ԵԷԴ/0012/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.02.2017 թվականի դատական ակտով արտահայտած դիրքորոշումները, արձանագրում է, որ բողոքի նշված հիմքը ևս հիմնավոր է, քանի որ թիվ ԵԷԴ/0012/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի մեկնաբանությունն էապես տարբերվում է սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից նույն նորմի վերաբերյալ տրված մեկնաբանությունից, իսկ նույն իրավական նորմին տրված տարբեր մեկնաբանությունները համանման փաստական հանգամանքներով գործերում խաթարում են օրենսդրության միատեսակ կիրառելիությունը։
Վերը նշված փաստերից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը, ապահովելով օրենքի միատեսակ կիրառելիության երաշխավորման իր սահմանադրաիրավական առաքելությունը, կրկին փաստում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում վերը նշված իրավական նորմերն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով:
Այսպիսով, սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն ոչ միայն այն պատճառով, որ դատարանները ձևականորեն սահմանափակվել են իրավունքի պաշտպանության հատուկ միջոցների կիրառմամբ, այլև այն պատճառով, որ չեն իրականացրել ամբողջական գնահատում մի շարք առանցքային հարցերի շուրջ։ Ուստի, գործի նոր քննության ընթացքում դատարանը պետք է պարզի, թե՝
ա) արդյոք հայցվորի ներկայացրած փաստական հանգամանքները, անկախ հայցադիմումում նշված իրավական հիմքերից և հիմնավորումներից, վկայում են ոչ նյութական իրավունքների խախտման առկայության մասին,
բ) արդյոք տվյալ խախտումը՝ հաշվի առնելով դրա էությունը, տարածման շրջանակը, շարունակական բնույթը և հետևանքների լրջությունը, թույլ է տալիս կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում և 162-րդ հոդվածներով նախատեսված ընդհանուր պաշտպանության միջոցները՝ որպես խախտված իրավունքի վերականգնման առավել համարժեք միջոց։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 29․03․2024 թվականի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 29․03․2024 թվականի որոշումը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ սույն որոշմամբ սահմանված վերը նշված ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29․03․2024 թվականի որոշումն ու գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
|
Նախագահող |
Գ. հակոբյան |
|
Զեկուցող |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
|
Ս. Մեղրյան | |
|
Ա. Մկրտչյան Է․ ՍԵԴՐԱԿՅԱՆ Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/24943/02/20 քաղաքացիական գործով 2026 թվականի մայիսի 06-ին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
07․05․2026 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2026 թվականի մայիսի 06-ին (որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքում (court.am) հրապարակվել է 06.05.2026 թվականին) գրավոր ընթացակարգով քննելով քննելով Մհեր Փարվանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29․03․2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Մհեր Փարվանյանի հայցի ընդդեմ «Սոուշըլ Մեդիա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ անձի ոչ նյութական իրավունքները խախտող հոդվածները հեռացնելուն (արգելափակելուն, բլոկավորելուն) պարտավորեցնելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29․03․2024 թվականի որոշումն ու գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Մհեր Փարվանյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը հեռացնել (արգելափակել, բլոկավորել) անձի ոչ նյութական իրավունքները խախտող հոդվածները։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 19․07․2023 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29․03․2024 թվականի որոշմամբ Մհեր Փարվանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մհեր Փարվանյանը (ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 3-րդ, 23-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 17-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 162-րդ հոդվածը, 162․1-ին հոդվածի 1-ին կետը, 1087․1 հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով․
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ոչ նյութական բարիքները՝ անձի արժանապատվությունը, պատիվը և բարի անունը, գործարար համբավը և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, ենթակա են պաշտպանության ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով ուղղակիորեն չնախատեսված դեպքերում, այսինքն՝ ոչ միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով, այլև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների սահմաններում։ Տվյալ դեպքում, հայցվորը ներկայացրել է ոչ նյութական բարիքները, այդ թվում՝ անձի արժանապատվությունը, պատիվը, բարի անունը, գործարար համբավը և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտող հոդվածները կայքից հեռացնելուն պարտավորեցնելու պահանջ, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածը չի նախատեսում նշված իրավունքները խախտող հոդվածները հեռացնելու կամ հեռացնելուն պարտավորեցնելու պահանջ ներկայացնելու հնարավորություն։ Այլ կերպ ասած, ներկայացվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերում սահմանված պաշտպանության միջոցներից և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի 12-րդ կետում սահմանված հայցապահանջից տարբերվող ու նույն հոդվածով չնախատեսված պաշտպանության միջոց կիրառելու մասին հայցապահանջ, որպիսի հանգամանքով պայմանավորված հայցադիմումում չի նշվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածը, այլ նշվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 162-րդ հոդվածը, 162․1-րդ հոդվածի 1-ին կետը, որոնցում հստակ նախատեսված է նշված իրավունքը խախտող հոդվածները հեռացնելու կամ հեռացնելուն պարտավորեցնելու հնարավորություն։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածը, սահմանելով ոչ նյութական իրավունքների պաշտպանության սահմանափակ միջոցներ, վերաբերում է բացառապես պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը զրպարտության կամ վիրավորանքի միջոցով արատավորելու դեպքերին և նախատեսում է բացառապես վիրավորանք կամ զրպարտություն կատարած անձի դեմ պահանջ ներկայացնելու հնարավորություն, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերն ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում են ոչ նյութական բարիքների, այդ թվում՝ անձի արժանապատվության, պատվի կամ բարի անվան, համբավի և մասնավոր կյանքի անձեռնմխելիության պաշտպանության ավելի լայն հնարավորություն։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, ըստ էության, բացառելով անձի արժանապատվությունը, պատիվը և բարի անունը, գործարար համբավն ու մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտող հոդվածները կայքից հեռացնելու հնարավորությունը, սահմանափակել է հայցվորի արժանապատվության, պատվի, բարի անվան, գործարար համբավի ու մասնավոր կյանքի անձեռնմխելիության պաշտպանության հնարավորությունը։
Առնվազն թիվ ԵԷԴ/0012/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի 29․03․2024 թվականի որոշման մեջ միևնույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։
Վերաքննիչ դատարանի դատողությունները հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ հայցվորի նկատմամբ կարող են կիրառվել հակընդդեմ ապահովման միջոցներ, որոնք անուղղակիորեն առնչվում են նրա սեփականության իրավունքին, սակայն բացառվել է այդ դատական ակտի՝ թե՛ անմիջական, թե՛ հետաձգված բողոքարկման հնարավորությունը, ինչի հետևանքով անհնար է դարձել թույլ տրված դատական սխալի բացահայտումն ու ուղղումը։
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը փաստացի իրեն զրկել է իր սեփականության իրավունքին առնչվող հակընդդեմ ապահովման վերաբերյալ դատական ակտը որևէ ձևով բողոքարկելու և այդ մասով թույլ տրված դատական սխալը ուղղելու հնարավորությունից՝ խաթարելով իր դատարանի մատչելիության, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29․03․2024 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել, կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 29․03․2024 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարան ներկայացրած հայցադիմումով Մհեր Փարվանյանը հայտնել է, որ քննարկվող հոդվածներում հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ տեղեկությունների մեծ մասը վերաբերում է հայցվորի կողմից քրեորեն պատժելի և(կամ) հանրության կողմից դատապարտելի արարքներ կատարելուն, ինչն ակնհայտ սուտ է և կոպտորեն խախտում է Մհեր Փարվանյանի ոչ նյութական իրավունքները, այն է՝ Մհեր Փարվանյանի արժանապատվությունը, պատիվը և բարի անունը, գործարար համբավը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 162-րդ, 162․1-րդ հոդվածների վկայակոչմամբ պահանջել է, որպես իրավունքը խախտող գործողությունը դադարեցնելու և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու միակ միջոց, Ընկերությանը պարտավորեցնել www․mamul․am լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնից հեռացնել հետևյալ հոդվածները՝
1․ 18․07․2017 թվականին հրապարակված «Մհեր Փարվանյան՝ օպերատիվ ծածկանունը «Խլյուպիկ»» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/71211,
2․ 10․08․2017 թվականին հրապարակված «Ով սպանեց հաց բերողին» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/72076,
3․ 16․08․2017 թվականին հրապարակված «Իրավաբանության դասեր ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին դաս երրորդ» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/72285,
4․ 31․08․2017 թվականին հրապարակված «Վահրամ Շահինյանի միակ և ոչ լիարժեք զարգացած վկան դաս վեցերորդ» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/72787,
5․ 04․09․2017 թվականին հրապարակված «Խանդի հողի վրա՝ սուտ մատնություն» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/72925,
6․ 19․09․2017 թվականին հրապարակված «Գործակալ «Խլյուպիկ»-ը կենթարկվի դատահոգեբանական փորձաքննության» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/73455,
7․ 15․10․2017 թվականին հրապարակված «Վահրամ ջան նենց արա գլխիցդ մազ չպակասի՝ մինչև դուրս գամ» վերնագրով հոդվածն՝ ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/74466,
8․ 17․10․2017 թվականին հրապարակված «Քառօրյա պատերազմի զոհերի արյունը Խաչատուրովի ձեռքերին է» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/74534,
9․ 04․11․2017 թվականին հրապարակված «Հաց բերողի դահիճները չպետք է մոռացվեն» վերնագրով հոդվածն ըստ հետևյալ հղման՝ https://my.mamul.am/am/post/75104 (հատոր 1-ին, գ.թ. 2-10).
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`
Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Ըստ այդմ, Սահմանադրության 3-րդ հոդվածում սահմանադրական կարգավորումների առանցք է դիտարկվում մարդը՝ որպես բարձրագույն արժեք և նրա անօտարելի արժանապատվությունը: Սահմանադրությունը ելնում է այն կանխադրույթից, որ արժանապատվությունը մարդուն ներհատուկ է հենց նրա գոյության փաստով: Մարդը հիմնական իրավունքների կրող է իր արժանապատվության ուժով: Արժանապատվությունը մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունն անխախտելի է:
Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից..., իսկ 2-րդ մասի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
ՀՀ վճռաբեկ դատարանը 27․04․2012 թվականի թիվ ԵԿԴ/2293/02/10 որոշմամբ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ դատարանների հայեցողական լիազորության ճիշտ կենսագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև` Եվրոպական դատարան) կողմից սահմանված չափորոշիչները խոսքի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ, մասնավորապես՝
1. Խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,
2. Դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում,
3. Դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,
4. Կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին:
Մասնավորապես՝ օրենքով նախատեսված լինելու պահանջն առաջին հերթին հանգում է համապատասխան ներպետական օրենքի առկայության: Միաժամանակ որոշակի պահանջներ պետք է նախատեսվեն նաև այդ օրենքի որակական հատկանիշների համար: Մասնավորապես՝ այն պետք է լինի ընդհանուր կիրառման ներքին ակտ, պետք է լինի հստակ և յուրաքանչյուրին հասանելի: Այդ մասին է վկայում նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Այսպես` Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայում նշված «նախատեսված է օրենքով» արտահայտությունը պահանջում է ոչ միայն ներպետական օրենքի առկայություն, այլև այն վերաբերում է օրենքի որակին: Օրենքը պետք է հասանելի և կանխատեսելի լինի, այսինքն` ձևակերպված լինի բավականաչափ հստակ, որպեսզի անհատին հնարավորություն ընձեռի անհրաժեշտության դեպքում կարգավորել իր վարքագիծը (տե´ս Սանդի Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 26.04.1979 թվականի վճիռը, կետ 49, Սանոմա Ուիտգեվերս Բ. Վ.-ն ընդդեմ Նիդերլանդների գործով Եվրոպական դատարանի 14.09.2010 թվականի վճիռը, կետ 81):
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ գործերով իրավաչափ են այն նպատակները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ կամ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված արժեքների` անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության համար:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 18․05․2010 թվականի ՀՕ-97-Ն օրենքի ընդունումը, որով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը շարադրվեց նոր խմբագրությամբ և օրենսգիրքը լրացվեց նոր` 1087.1-րդ հոդվածով, նպատակ ունի ապահովել անձի պատվի և արժանապատվության պաշտպանությունը այլ անձանց ոտնձգություններից, հստակեցնել զրպարտություն և վիրավորանք հասկացությունները, զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատու անձանց շրջանակը և համարժեք դարձնել պատասխանատվությունը:
Հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ դրույթները հետապնդում են իրավաչափ նպատակ, այն է` ապահովել անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը:
Բացի այդ, «անհրաժեշտ» հասկացությունը նշանակում է, որ սահմանափակումն առաջացել է հասարակական կամ սոցիալական կարիքներից և առկա է ճնշող հասարակական կարծիք այդ հարցում: Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ միջոց համարվելու համար միջամտությունը պետք է «բավականաչափ» հիմնավորված լինի, ինչը պարզելու համար հարկավոր է հաշվի առնել տվյալ գործով հանրությանը հուզող յուրաքանչյուր հայեցակետ (տե´ս Սանդի Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 26.04.1979 թվականի վճիռը, կետ 65):
Հետապնդվող իրավաչափ նպատակներին միջամտության համաչափությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև պատասխանատվության միջոցների բնույթն ու խստությունը (տե´ս Տամմերն ընդդեմ Էստոնիայի գործով Եվրոպական դատարանի 04.04.2001 թվականի վճիռը, կետ 69): Պատասխանատվության համար ընտրված միջոցի բնույթը և խստությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ յուրաքանչյուր կոնկրետ գործով դրանք պարզման ենթակա ինքնուրույն հարցեր են: Բոլոր դեպքերում համաչափությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել կիրառված միջոցների պիտանիությունը: Նշվածը ենթադրում է, որ պատասխանատվության միջոցների կիրառման լիազորություն ունեցող սուբյեկտը ընտրում է հնարավոր միջոցներից պիտանին: Պիտանի միջոցների մեկից ավելիի առկայության դեպքում պետք է ընտրվի այն միջոցը, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար, իսկ պիտանի և անհրաժեշտ միջոցներից միայն նա, որը հնարավորություն է տալիս առավել նվազ ձևով միջամտելով կարծիքն ազատ արտահայտելու իրավունքին ապահովել այլ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Վերոնշյալ իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ վնաս պատճառողն այն անձն է (ֆիզիկական կամ իրավաբանական), ով վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել է այլ ֆիզիկական անձի պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավը: Տուժողը (զրպարտության կամ վիրավորանքի ենթարկված անձ) այն ֆիզիկական անձն է, ում պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավն արատավորել է մեկ այլ անձ (ֆիզիկական կամ իրավաբանական) վիրավորանքի կամ զրպարտության միջոցով:
Տվյալ դեպքում Մհեր Փարվանյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ պահանջելով Ընկերությանը պարտավորեցնել հեռացնել իր ոչ նյութական իրավունքները խախտող հոդվածները։ Գործում առկա ապացույցներով հաստատվել է, որ 2017 թվականի ընթացքում Mamul.am լրատվական կայքում օգտատերերի կողմից կատարվել են այնպիսի հրապարակումներ, որոնք հայցվորի պնդմամբ բովանդակել են իր պատիվը, արժանապատվությունը, բարի անունն ու գործարար համբավն արատավորող որոշակի արտահայտություններ։ Այսինքն՝ հայցվորը, վերոնշյալ իրավական նորմերի և դիրքորոշումների համատեքստում հանդես գալով տուժողի կարգավիճակում, Դատարան ներկայացրած իր հայցային պահանջով հայցել է պաշտպանել իր ոչ նյութական իրավունքները, մինչդեռ դրա համար չի ընտրել այն նյութաիրավական նորմերը, որոնք որ օրենսդիրը նախատեսել է նման իրավիճակների համար որպես իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցներ։ Փոխարենը վերջինս հայցի իրավական հիմքում, ի թիվս այլնի, դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ և 162-րդ հոդվածները։
Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ կետից հնարավոր կլիներ օգտվել այն դեպքում, եթե նման հայցապահանջով իրավունքի պաշտպանության համար չլինեին նախատեսված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կարգավորումները, որոնք վերաբերում են հենց պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգին և պայմաններին։ Նշվածից ստացվում է, որ Դատարանն իրավաչափ է հայցը մերժել, իսկ Վերաքննիչ դատարանն իրավաչափ է մերժել վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել անփոփոխ։
Հետևաբար գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 29․03․2024 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 19․07․2023 թվականի վճռին օրինական ուժ տալու համար։ Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտը օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
Դատավոր Էդ. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|