ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/3249/04/24 2026 թ. | ||||||
| Սնանկության գործ թիվ ՍնԴ/3249/04/24 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆՆ. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Է. Սեդրակյան | |
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի հուլիսի 21-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Ռաֆայել Քոսյանի դիմումի՝ Մարիաննա Ավագյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.09.2025 թվականի որոշման դեմ Մարիաննա Ավագյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ռաֆայել Քոսյանը պահանջել է Մարիաննա Ավագյանին ճանաչել սնանկ:
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.12.2024 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.09.2025 թվականի որոշմամբ Մարիաննա Ավագյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.12.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարիաննա Ավագյանը (ներկայացուցիչ Աշոտ Թորոսյան):
Սնանկության գործով կառավարիչ Մուշեղ Խաչիկյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 17-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իրեն սնանկ ճանաչելու պահանջի հիմքում վկայակոչված պարտքի գումարն էականորեն պակաս է իր ակտիվների արժեքից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքը Դատարան է ներկայացրել դիրքորոշում, սակայն հետագայում դատական նիստի վերաբերյալ ինքն ու իր ներկայացուցիչը չեն ծանուցվել:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ դիմողը սնանկ ճանաչելու պահանջի հիմքում որպես վճարային պարտավորություն վկայակոչել է իրենց միջև 17.10.2023 թվականին կազմված «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը, որի բովանդակությունից կարելի է եզրակացնել, որ իրենք կազմել են առուվաճառքի պայմանագրի դրույթներին վերաբերող փաստաթուղթ: Նույն օրն իրենք կնքել են նույն տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիր՝ «Պարտավորագիր» վերտառությամբ կազմված փաստաթղթում նշված գնից տարբերվող գնով, առուվաճառքի պայմանագրի հիմքը դիմողի կողմից վկայակոչված «Պարտավորագիր» վերտառությամբ կազմված փաստաթուղթը չէ, այն իրավական առումով կնքված գործարք չէ, այլ կողմերը կնքել են դրանից տարբերվող և լրիվ նոր՝ 17.10.2023 թվականի առուվաճառքի պայմանագիրը, որից ծագող իրավունքը գրանցվել է, նշված պայմանագիրը վիճարկվում է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շինծու գործարք լինելու հիմքով (գործ թիվ ՇԴ/1047/02/24): Հետևաբար առկա է նյութաիրավական վեճ, ուստի վճարային պարտավորության անվիճելիությունը բացակայում է:
Որպես սնանկ ճանաչելու հիմք վկայակոչվել է նաև «Պարտավորագիր» վերտառությամբ կազմված փաստաթուղթը, որը հետագայում պետական գրանցման չի ենթարկվել, կողմերի համար չի առաջացրել իրավական հետևանք, չունի իրավական նշանակություն և չի կարող դրվել պահանջի հիմքում: Այսինքն՝ պարտավորագրից չէր կարող առաջանալ որևէ պարտավորական իրավահարաբերություն, քանի որ կողմերը, դրանից հետո կնքելով առուվաճառքի պայմանագիր, առաջացրել են տվյալ գործարքից բխող պարտավորական իրավահարաբերություն: Հետևաբար չի կարող խոսք լինել ենթադրյալ պարտապանի պարտավորության առկայության, առավել ևս՝ անվիճելիության մասին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.09.2025 թվականի որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։
Վճռաբեկ բողոքում վկայակոչված նյութաիրավական վեճի առկայությունը բավարար չէ պարտապանի պարտավորության անվիճելիությունը ժխտելու կամ բացառելու համար, քանի որ սնանկության դիմումի հիմքում վկայակոչված պարտավորությունը ծագել է ոչ թե տրանսպորտային միջոցի առուվաճառի պայմանագրից, այլ պարտապանի և պարտատիրոջ միջև ստորագրված առանձին պարտավորագրից, որն ունի ինքնուրույն իրավական նշանակություն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ռաֆայել Քոսյանը Մարիաննա Ավագյանին սնանկ ճանաչելու մասին դիմում է ներկայացրել Դատարան: Պահանջի հիմքում դրվել և դիմումին կից ներկայացվել են նաև՝
- Ռաֆայել Քոսյանի՝ որպես պարտատիրոջ և Մարիաննա Ավագյանի՝ որպես պարտապանի միջև 17.10.2023 թվականին ստորագրված պարտավորագրի պատճենը՝ հետևյալ բովանդակությամբ. «(…) 1. Պարտատերը Պարտապանին վաճառել է իրեն սեփականության իրավունքով ***1մակնիշի 2018թ. արտադրության մեքենան ***2 2. Կողմերն ընդունում են, որ պարտավորագրի 1-ին կետով նշված մեքենայի վաճառքի գինը կազմում է 15.000 (տասնհինգ հազար) ԱՄՆ դոլար: 3. Պարտապանը պարտավորվում է վճարել պարտավորագրի 1-ին կետով նշված մեքենայի և պարտավորագրի 2-րդ կետով նշված գումարը (մեքենայի վաճառքի գումարը) մինչև 31.12.2023թ. ներառյալ (…)» (հավելված, գ.թ. 7),
- Ռաֆայել Քոսյանի՝ որպես վաճառողի և Մարիաննա Ավագյանի՝ որպես գնորդի միջև 17.10.2023 թվականին կնքված «Տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ Տ/Մ) առուվաճառքի» պայմանագրի պատճենը՝ հետևյալ բովանդակությամբ. «(…) վաճառողը պարտավորվում է որպես սեփականություն գնորդին հանձնել Տ/Մ, իսկ գնորդը պարտավորվում է որպես սեփականություն ընդունել և վճարել Տ/Մ-ի համար. մակնիշը, տիպարը ****3 1.6, (…) նույնացման համարը (VIN) ****4, (…) 2. Պայմանագրի գինը Տ/Մ-ի գինը կողմերի գնահատմամբ կազմում է 5.200.000 ՀՀ դրամ (հավելված, գ.թ. 8-10).
2) Դատարանը դիմումը վարույթ է ընդունել 09.10.2024 թվականի որոշմամբ (հավելված, գ.թ. 1, 2): Մարիաննա Ավագյանի ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանը 13.11.2024 թվականին Դատարան է ներկայացրել առարկություն, որի հիմքերն ու հիմնավորումները նույնական են վճռաբեկ բողոքին (հավելված, գ.թ. 24-30): Առարկությունը քննարկելու նպատակով Դատարանը 02.12.2024 թվականին հրավիրել է դատական նիստ, որի ժամանակի և վայրի վերաբերյալ դատական ծանուցագիրը Մարիաննա Ավագյանի ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանն ստացել է 19.11.2024 թվականին: 02.12.2024 թվականի դատական նիստին Մարիաննա Ավագյանն ու վերջինիս ներկայացուցիչը չեն ներկայացել: Դատարանը դատական ակտի հրապարակման օր է հայտարարել 30.12.2024 թվականը (հավելված, գ.թ. 34, 35, 37-39).
3) Մարիաննա Ավագյանի ներկայացուցիչ Աշոտ Թորոսյանը 19.12.2024 թվականին Դատարան է ներկայացրել դիմում-առարկություն՝ հայտնելով, որ Մարիաննա Ավագյանը որևէ անգամ չի ծանուցվել դատական նիստի վերաբերյալ և հնարավորություն չի ունեցել ներկայացնելու իր առարկությունները: Հայտնել է, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Մարիաննա Ավագյանի հայցն ընդդեմ Ռաֆայել Քոսյանի՝ 17.10.2023 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի նկատմամբ անվավերության հետևանքներ կիրառելու, այն է՝ Նշան Խաչատրյանի և Գրիգոր Ղուկասյանի միջև տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիր կնքված ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործը, հետևաբար բացակայում է սնանկ ճանաչելու անվիճելիության պայմանը: Խնդրել է դիմումը մերժել՝ նշելով, որ լրացուցիչ ապացույցները կներկայացվեն դատական նիստին: Կից ներկայացրել է թիվ ՇԴ/1047/02/24 քաղաքացիական գործի վերաբերյալ «www.court.am» կայքից քաղվածքը (հավելված, գ.թ. 42-45).
4) Մարիաննա Ավագյանն ընդդեմ Ռաֆայել Քոսյանի, երրորդ անձինք Նշան Խաչատրյան և Գրիգոր Ղուկասյան՝ 17.10.2023 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով 06.11.2024 թվականին հայցադիմում է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 18.11.2024 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1047/02/24)։ Միաժամանակ նույն դատարանի 10.03.2025 թվականի որոշմամբ գործը հանձնվել է Դատարանի քննությանը՝ թիվ ՍնԴ/3249/04/24 սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործ քննության ենթակա լինելու հիմքով, որի արդյունքում Դատարանը թիվ ՇԴ/1047/02/24 քաղաքացիական գործը 10.04.2025 թվականի որոշմամբ ընդունել է վարույթ։ Թիվ ՇԴ/1047/02/24 քաղաքացիական գործը գտնվում է քննության փուլում (հիմք՝ «www.datalex.am» կայք):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նյութաիրավական վեճի առկայությամբ պայմանավորված վճարային պարտավորության անվիճելիությունը կասկածի տակ դնելու համար բավարար հիմքերի առկայությանը՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա՝ եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը)։
Վկայակոչված հիմքով անձին սնանկ ճանաչելու մասին հարկադրված սնանկության դիմումի շրջանակներում պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե
1) թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց։ Ընդ որում, վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
2) սնանկ ճանաչելու մասին վճռի կայացման պահին վերը նշված կետանցը շարունակվում է։
Պարտապանի փաստացի անվճարունակության պարտադիր հատկանիշ է վճարային պարտավորության անվիճելիությունը: Ընդ որում՝ գործում է վճարային պարտավորության անվիճելի լինելու կանխավարկածը, քանի դեռ պարտապանը դրա դեմ չի առարկում, կամ առարկում է, բայց դիմողի պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը):
Սահմանադրական դատարանը 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ արձանագրել է, որ եթե առկա է վճարային պարտավորությունների վերաբերյալ վեճ, ապա պարտապանը պետք է հնարավորություն ունենա այդ վեճը լիարժեք դատական քննության առարկա դարձնել, որից հետո միայն կարող է հարց դրվել նրա անվիճելի վճարային պարտավորությունների կատարման մասին: Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին:
Սահմանադրական դատարանը 23.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1610 որոշմամբ արձանագրել է, որ պարտապանը սնանկության վարույթի և ոչ մի փուլում զրկված չէ դատական կարգով պարտատիրոջ դիմումի (սնանկության վարույթի հարուցման փուլում) կամ պահանջի հիմքում ընկած վճիռը, դատավճիռը, վարչական ակտը, գործարքը վիճարկելու հնարավորությունից, ընդ որում՝ կախված այն հանգամանքից, թե սնանկության վարույթի որ փուլում է պարտապանը վիճարկում պարտատիրոջ պահանջի հիմքերը՝ սնանկության գործի քննության ընթացքն ստանում է այլ ելք, մասնավորապես՝ այն դեպքում, երբ պարտապանը դատական կարգով վիճարկում է վճարային պարտավորության հիմքում դրված վճիռը, դատավճիռը, գործարքը կամ վարչական ակտը պարտապանին սնանկ ճանաչելու հարցի քննության փուլում, այսինքն՝ դատավարական նորմերին համապատասխան ապացուցում է, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, ապա տվյալ պարագայում պահանջը, ըստ էության, դառնում է վիճելի, որպիսի պայմաններում բավարար հիմքերի առկայության դեպքում դատարանը կարող է մերժել սնանկության դիմումը:
Իր հերթին ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վճարային պարտավորությունները, որոնց կետանց է թույլ տվել պարտապանը, հիմք են դատարանի վճռով պարտապանին սնանկ ճանաչելու համար, եթե դրանք անվիճելի են, իսկ նշված դրույթը չի բացառում վճարային պարտավորությունների հիմքում դրված գործարքների վերաբերյալ վեճի քննությունն այլ վարույթի շրջանակներում։ Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև այն հանգամանքը, որ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հետևում է, որ սնանկ ճանաչելու հիմք է ոչ թե վճարային պարտավորության, այլ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը։ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիմքով վճարային պարտավորությունների անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլ նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է:
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը (տե՛ս ըստ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ դիմումի թիվ ԵԿԴ/0074/04/09 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված «անվիճելի վճարային պարտավորությունն» առկա է, մասնավորապես, այն դեպքում, երբ պարտապանն առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Հետևաբար օրենսդիրը կարևորել է, որ վճարային պարտավորության անվիճելիությունը կասկածի տակ դնելու համար պարտապանը պետք է ներկայացնի բավարար ապացույցներ իր առարկության հիմնավորման համար: Նման ապացույցը պետք է լինի այնպիսին, որ առերևույթ կասկածի տակ դնի պարտատիրոջ պահանջի հիմնավորվածությունը, անվիճելիությունը: Ընդ որում, եթե անգամ առարկությունը հիմնավոր լինելու պայմաններում այդուհանդերձ առկա է լինում նաև չվիճարկվող պահանջ, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա պարտապանին սնանկ ճանաչելը չի բացառվում:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ պահանջի դեմ առարկություն ներկայացնելը կարող է վերաբերել պարտավորության հիմքերին, պահանջն արդեն կատարված լինելուն, պահանջի չափին և այլն: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նյութաիրավական վեճի առկայությունը, որը խոչընդոտ չի հանդիսանալու սնանկության վարույթում ներկայացված և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջի բավարարմանը, այլ կերպ ասած՝ ամեն դեպքում առկա է լինելու նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջ՝ անկախ նյութաիրավական վեճի ելքից, չի կարող արգելք հանդիսանալ պարտավորությունն անվիճելի դիտելու համար: Նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ օրենսդրի կողմից պարտավորության անվիճելիությունն ինքնանպատակ չի սահմանվել, և ցանկացած նյութաիրավական վեճի առկայության դեպքում սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառելը կարժեզրկի նման նորմի նպատակը, այն է՝ բացառել անձին սնանկ ճանաչելը, մասնավորապես, այնպիսի պարտավորությունների վրա հիմնված պահանջով, որը հետագայում կարող է վերանալ մեկ այլ գործի շրջանակներում կայացված ակտի հիման վրա: Այսինքն՝ նյութաիրավական վեճը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ստեղծի պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը՝ անկախ նյութաիրավական վեճի հիմքից (տե՛ս «Ամերիաբանկ» ՓԲԸ դիմումի թիվ ԵԿԴ/0062/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ (...) նյութաիրավական վեճի առկայությունը պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է, եթե պարտապանը ներկայացրել է այնպիսի վեճի առկայությունը հաստատող ապացույցներ, որը հնարավոր է դարձնում պարտատիրոջ պահանջն առհասարակ չկատարելը և այդպիսով պարտատիրոջ պահանջի անվիճելիությունը կասկածի տակ դնելը (տե՛ս ըստ Սեդրակ Առուստամյանի դիմումի՝ Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, թիվ ՍնԴ/0736/04/21 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.01.2023 թվականի որոշումը):
Անդրադառնալով չավարտված վարույթի հիմքում դրված պարտավորության անվիճելությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված տնօրինչականության սկզբունքի կիրառման հաշվառմամբ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սնանկ ճանաչելու համար պարտավորության անվիճելիության հատկանիշի առկայությունը չի կարող հաստատված համարվել ոչ միայն պարտավորությունը պարտապանի կողմից վիճարկված լինելու, այլ նաև պարտատիրոջ կողմից նույն պարտավորության հիմքով դատարանում հարուցված և չավարտված քաղաքացիական գործի առկայության դեպքում, որպիսի հանգամանքն արդեն իսկ ենթադրում է նյութաիրավական վեճ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բովանդակային առումով սնանկության դիմումի բավարարումն, ըստ էության, անվիճելի վճարային պարտավորության փաստի ճանաչումն է, որի չափը և կետանցը բավարար են պարտապանին սնանկ ճանաչելու համար, սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված վճարային պարտավորության կապակցությամբ հայցային վարույթով քննվող քաղաքացիական գործի առկայությունը փաստում է նյութաիրավական վեճի մասին՝ անկախ պարտապանի կողմից հակընդդեմ հայց ներկայացնելու հանգամանքից։
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ տվյալ քաղաքացիական գործի շրջանակներում վճարային պարտավորությունների վերաբերյալ քննվող գործի առկայության պայմաններում այդ վեճի լիարժեք դատական քննության առարկա դառնալուց հետո միայն կարող էր պարտապանի մոտ անվիճելի վճարային պարտավորությունների առկայության մասին հետևություն արվել (տե՛ս Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանն ընդդեմ Լևոն Մանասերյանի թիվ ՍնԴ/0882/04/21 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.02.2023 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ նյութաիրավական վեճի առկայությունը կարող է դրսևորվել բացառապես հայցադիմումը դատարանի կողմից վարույթ ընդունված լինելու հանգամանքով՝ հիմք ընդունելով պահանջի դեմ առարկելու համար հիմքերի բավարարության պահանջը, քանի որ հայցադիմումը դատարան ներկայացված լինելու փաստը որպես պահանջի դեմ առարկելու բավարար հիմք դիտարկելու դեպքում անհնարին կլինի ապահովել սնանկության վարույթի կայունությունը և բացառել հայցադիմումներ ներկայացնելու միջոցով պարտավորության վիճելիության ձևական ապացույցներ ստեղծելու հնարավորությունը (տե՛ս ըստ դիմումի Սեդրակ Առուստամյանի՝ Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, թիվ ՍնԴ/0736/04/21 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.01.2023 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործով Ռաֆայել Քոսյանը Մարիաննա Ավագյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմում է ներկայացրել Դատարան:
Մարիաննա Ավագյանն առարկել է հիշյալ պարտավորության դեմ՝ նշելով, որ՝
- «Պարտավորագիր» վերտառությամբ կազմված փաստաթուղթը պետական գրանցման չի ենթարկվել, չունի իրավական նշանակություն և չի կարող դրվել պահանջի հիմքում, հետևաբար չի կարող խոսք լինել ենթադրյալ պարտապանի պարտավորության առկայության, առավել ևս՝ անվիճելիության մասին,
- 17.10.2023 թվականի առուվաճառքի պայմանագիրը վիճարկվում է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շինծու գործարք լինելու հիմքով (գործ թիվ ՇԴ/1047/02/24), հետևաբար առկա է նյութաիրավական վեճ, ուստի վճարային պարտավորության անվիճելիությունը բացակայում է:
Դատարանը, արձանագրելով, որ «Ռաֆայել Քոսյանը, որպես Մարիաննա Ավագյանի վճարային պարտավորությունների անվիճելիության հիմնավորում վկայակոչել է 17․10․2023թ․ Ռաֆայել Քոսյանի և Մարիաննա Ավագյանի միջև ստորագրված պարտավորագիրը և 17․10․2023թ․ Ռաֆայել Քոսյանի և Մարիաննա Ավագյանի միջև կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրը», եզրահանգել է, որ «դրամական պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, գերազանցում է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը, առկա է պարտավորության կատարման 90 օրը գերազանցող կետանց և պարտապանը բավարար ապացույցներ չի ներկայացրել իր առարկություների հիմնավորման համար»:
Անդրադառնալով պարտապանի կողմից բարձրացված նյութաիրավական վեճին՝ Դատարանը, արձանագրելով, որ «վճարային պարտավորությունների հիմքում դրված է 17․10․2023թ․ (...) պարտավորագիրը, որով պարտապանը պարտավորվել է վճարել 15․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ ՇԴ/1047/02/24 քաղաքացիական գործով վիճարկվում է՝ 17․10․2023թ․ հաշվառման-քննական ստորաբաժանումում կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրը», եզրահանգել է, որ «նյութաիրավական վեճի առկայությունն իր էությամբ վիճելի չի դարձնում պարտավորությունը, քանի որ սույն գործով չի ապացուցվել արդյոք հայցի բավարարման դեպքում չի շարունակի գոյություն ունենալ պարտատիրոջ հանդեպ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունը»։
Արդյունքում Դատարանի վճռով դիմումը բավարարվել է, և Մարիաննա Ավագյանը սնանկ է ճանաչվել:
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «սնանկության դիմումի հիմքում դրվել է ոչ թե Մարիաննա Ավագյանի (Գնորդ) և Ռաֆայել Քոսյանի (Վաճառող) միջև 17.10.2023թ. կնքված «Տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ Տ/Մ) առուվաճառքի» պայմանագրից բխող վճարային պարտավորության չկատարումը, այլ՝ Մարիաննա Ավագյանի (Պարտապան) և Ռաֆայել Քոսյանի (Պարտատեր) միջև 17.10.2023թ. ստորագրված պարտավորագրից բխող 15,000.00 ԱՄՆ դոլարի չափով Մարիաննա Ավագյանի վճարային պարտավորության չկատարումը, ինչը նշանակում է, որ անգամ Մարիաննա Ավագյանի (Գնորդ) և Ռաֆայել Քոսյանի (Վաճառող) միջև 17.10.2023թ. կնքված «Տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ Տ/Մ) առուվաճառքի» պայմանագրի նկատմամբ առոչինչ՝ շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցի հարուցումը և նույնիսկ հետագայում դրա բավարարումը որևէ կերպ չեն կարող ծառայել դիմումատուի կողմից ներկայացված պարտավորագրով պարտապանի ստանձնած պարտավորությունների վիճելի դարձնելու նպատակին», եզրահանգել է, որ «թիվ ՇԴ/1047/02/24 քաղաքացիական գործով նյութաիրավական վեճի առկայությունն իր էությամբ վիճելի չի դարձնում սույն սնանկության դիմումի հիմքում դրված վճարային պարտավորությունը, քանի որ սույն գործով չի ապացուցվել՝ արդյո՞ք հայցի բավարարման դեպքում չի շարունակի գոյություն ունենալ պարտատիրոջ հանդեպ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունը»:
Վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով Ռաֆայել Քոսյանը, ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետով, հարկադրված սնանկության դիմումի հիմքում դնելով այն, որ Մարիաննա Ավագյանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրից ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին վերը նշված կետանցը շարունակվում է, որպես պարտավորության անվիճելիությունը հաստատող հանգամանք վկայակոչել է 15.000 ԱՄՆ դոլար պահանջի՝ գրավոր գործարքների՝ 17.10.2023 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի և պարտավորագրի վրա հիմնված լինելը։
Մասնավորապես դիմողը վկայակոչել է այն, որ՝
- իր՝ որպես պարտատիրոջ և Մարիաննա Ավագյանի՝ որպես պարտապանի միջև 17.10.2023 թվականին ստորագրվել է «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթ, որի համաձայն՝ ինքը Մարիաննա Ավագյանին վաճառել է մեքենա, իսկ Մարիաննա Ավագյանը պարտավորվել է վճարել դրա դիմաց 15.000 ԱՄՆ դոլար,
- իր՝ որպես վաճառողի և Մարիաննա Ավագյանի՝ որպես գնորդի միջև 17.10.2023 թվականին կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ ինքը պարտավորվել է որպես սեփականություն Մարիաննա Ավագյանին հանձնել մեքենա, իսկ Մարիաննա Ավագյանը՝ վճարել դրա դիմաց 5.200.000 ՀՀ դրամ:
Մինչդեռ՝
- Դատարանը մի կողմից արձանագրել է, որ դիմողը որպես պարտավորությունների անվիճելիության հիմնավորում վկայակոչել է ինչպես 17․10․2023 թվականի պարտավորագիրը, այնպես էլ առուվաճառքի պայմանագիրը, մյուս կողմից անդրադառնալով նյութաիրավական վեճի առկայությանը՝ արձանագրել է, որ վճարային պարտավորությունների հիմքում դրված է 17․10․2023 թվականի պարտավորագիրը,
- Վերաքննիչ դատարանը, առանց անդրադառնալու Դատարանի վերը նշված հակասական հետևություններին, իր հերթին արձանագրել է, որ սնանկության դիմումի հիմքում դրվել է ոչ թե 17.10.2023 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրից բխող վճարային պարտավորության չկատարումը, այլ՝ 17.10.2023 թվականի պարտավորագրից բխող 15.000 ԱՄՆ դոլարի չափով վճարային պարտավորության չկատարումը:
Այսինքն՝ ստորադաս դատարանների հետևությունները չեն բխում դիմումի հիմքում վկայակոչված փաստերից:
Բացի այդ, ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ Մարիաննա Ավագյանը վիճարկել է պարտավորության անվիճելի լինելու հանգամանքը՝ ըստ էության նշելով, որ թեկուզև պահանջը հիմնված է 17.10.2023 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի վրա, սակայն ինքը տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, քանի որ դատական կարգով վիճարկում է Ռաֆայել Քոսյանի դիմումի հիմքում դրված՝ վճարային պարտավորության հիմք հանդիսացող առուվաճառքի պայմանագիրը, որպիսի պայմաններում վճարային պարտավորությունը վիճելի է:
Հաջորդիվ, ստորադաս դատարաններն անտեսել են, որ տվյալ դեպքում բացակայել է սնանկության դիմումի հիմքում վկայակոչված պարտավորագիրն ու առուվաճառքի պայմանագիրը տարանջատելու և որպես սնանկ ճանաչելու ինքնուրույն հիմքեր դիտարկելու անհրաժեշտությունը, քանի որ ինչպես 17.10.2023 թվականի պարտավորագրով, այնպես էլ նույն օրը կնքված առուվաճառքի պայմանագրով Ռաֆայել Քոսյանը վաճառել է, իսկ Մարիաննա Ավագյանը ձեռք է բերել նույն՝ (VIN) ****5 նույնացման համարով ավտոմեքենան՝ պարտավորվելով վճարել դրա դիմաց, պայմանագրի գինը մի դեպքում արտահայտելով արտարժույթով, մյուս դեպքում՝ ՀՀ դրամով:
Այսինքն՝ հարկադրված սնանկության դիմումի հիմքում վկայակոչված պարտավորության ծագման հիմքն, ըստ էության, մեկ իրավահարաբերություն է, սնանկ ճանաչելու պարտատիրոջ իրավունքի ծագման հիմքում ընկած է նույն անձանց միջև նույն ավտոմեքենայի առուվաճառքի վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունն ու դրանից բխող չկատարված պարտավորությունը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված փաստն էական նշանակություն ունի վճարային պարտավորության անվիճելիության պայմանի գնահատման և պարտապանի կողմից պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունենալու, հետևաբար նաև նյութաիրավական վեճի առկայության վերաբերյալ հետևության հանգելու համար՝ նկատի ունենալով այն, որ քննության փուլում գտնվող թիվ ՇԴ/1047/02/24 քաղաքացիական գործով Մարիաննա Ավագյանի կողմից վիճարկվում է սնանկության դիմումի հիմքում վկայակոչված 17.10.2023 թվականի առուվաճառքի պայմանագիրը և նման իրավահարաբերությունը։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սնանկության դիմումի հիմքում վկայակոչված գործարքների գնահատման հարցում ձևական մոտեցում են ցուցաբերել, այն չեն հետազոտել և գնահատել դրանցում պարունակվող բովանդակության հաշվառմամբ` այնպես, որ ապահովվեր վճռի կայացման պահին պարտապանի փաստացի անվճարունակության պայմանների առկայության օբյեկտիվ և ճիշտ գնահատումը։
Վճռաբեկ դատարանը հանգում է եզրակացության, որ դիմող Ռաֆայել Քոսյանի ներկայացրած պարտավորության վիճելիության, հետևաբար նաև՝ Մարիաննա Ավագյանին սնանկ ճանաչելու՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներից առնվազն մեկի բացակայության մասին ապացույցները՝ դիմումի հիմքում վկայակոչված պարտավորագիրն ու առուվաճառքի պայմանագիրը բազմակողմանի չգնահատելը ազդել է գործի ելքի վրա, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Վերոշարադրյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 08.09.2025 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Սնանկության դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Ինչ վերաբերում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությանը՝ Վճռաբեկ դատարանը այն գնահատում է չհիմնավորված՝ նկատի ունենալով, որ պարտապան Մարիաննա Ավագյանը, իրացնելով առարկություն ներկայացնելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված իրավունքը, գրավոր վիճարկել է իր սնանկությունը, այն քննարկելու նպատակով Դատարանը հրավիրել է դատական նիստ, որի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցված պարտապանն ու ներկայացուցիչը չեն ներկայացել (տե՛ս փաստ 2): Ինչ վերաբերում է 19.12.2024 թվականին Դատարան ներկայացված առարկությանը, ապա այն ներկայացվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված 15 օրյա ժամկետի խախտմամբ (տե՛ս փաստ 3), չի բովանդակել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն և բաց թողնելու պատճառների հարգելիության վերաբերյալ որևէ հիմնավորում, բացի այդ, նույնաբովանդակ է առաջին անգամ ներկայացված առարկությանը:
Պարտապանին վերագրվող պարտավորության չափը գերազանցող ակտիվներ ունենալու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը նույնպես Վճռաբեկ դատարանը գնահատում է չհիմնավորված, քանի որ, ինչպես իրավաչափորեն արձանագրել են ստորադաս դատարանները, նշված փաստարկը կարևորվում է հաշվեկշռային անվճարունակության դեպքում («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ մասի 2-րդ կետ):
Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ Մարիաննա Ավագյանի բերած վճռաբեկ բողոքը բավարարելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 08.09.2025 թվականի որոշումը բեկանվում է, և գործն ուղարկվում է Սնանկության դատարան՝ նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.09.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել Սնանկության դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_______________________
1 Անձնական տվյալ
2 Անձնական տվյալ
3 Անձնական տվյալ
4 Անձնական տվյալ
5 Անձնական տվյալ
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Ա. Մկրտչյան Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Է. Սեդրակյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|