ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/0922/04/18 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (03.07.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.09.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Սնանկության գործ թիվ ԵԴ/0922/04/18

Սնանկության գործ թիվ ԵԴ/0922/04/18
2026 թ.

Նախագահող դատավոր`

 Տ. Նազարյան

Դատավորներ`

 Հ. Ենոքյան

 Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող 
զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Վ ՔՈՉԱՐՅԱՆ

 

2026 թվականի հուլիսի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.08.2020 թվականի որոշման դեմ` ըստ Տիգրան Բաղդասարյանի դիմումի` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տիգրան Բաղդասարյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 04.02.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 20.09.2019 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության նկատմամբ պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:

Դատարանի 06.04.2020 թվականի որոշմամբ հաստատվել է Արամ Միրզոյանի պահանջը` 39.480.000 ՀՀ դրամի չափով, և այն գրանցվել է Ընկերության սնանկության գործով պարտատերերի պահանջների գրանցամատյանում` որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի չապահովված «է» հերթի պահանջ, իսկ Աշոտ Պողոսյանի պահանջը՝ Ընկերության սնանկության գործով պահանջը հաստատելու և գրանցելու մասին, մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.08.2020 թվականի որոշմամբ Ընկերության և Աշոտ Պողոսյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 06.04.2020 թվականի ««Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով պահանջները քննության առնելու մասին» որոշումը վերացվել է, և հարցն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արսեն Հովհաննիսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աշոտ Պողոսյանը (ներկայացուցիչ Տիգրան Ղազարյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ ու 379-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից՝ անդրադառնալով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցին այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում նման փաստարկ բողոքաբերի կողմից չի ներկայացվել, ու այդ հիմքերով Դատարանի 06.04.2020 թվականի ««Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով պահանջները քննության առնելու մասին» որոշումը չի բողոքարկվել: Արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումից անհասկանալի է, թե, ի վերջո, Դատարանը նյութական կամ դատավարական ինչ նորմեր է խախտել, ինչի արդյունքում վերջինիս որոշումը ենթակա էր բեկանման։

Վերաքննիչ դատարանը հաստատել է փաստեր, ինչի իրավասությունը չուներ։ Եթե Դատարանը չի բաշխել ապացուցման պարտականությունը և չի որոշել գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը, ապա ինչպես է Վերաքննիչ դատարանը հաստատել որևէ փաստ՝ դա համարելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաստատել է այն փաստը, որ Աշոտ Պողոսյանը կատարած աշխատանքի դիմաց Ընկերությունից վարձատրություն ստանալու իրավունք է ունեցել։

Վերաքննիչ դատարանը, առանց բավարար հիմնավորման, միայն Ընկերության գլխավոր հաշվապահի ստորագրությամբ տեղեկանքը համարել է Ընկերության անունից տրված, պարտքի գոյությունն ընդունելը հավաստող փաստաթուղթ։ Մինչդեռ Ընկերությունն ինչպես Դատարանում Աշոտ Պողոսյանի պահանջի դեմ առարկելիս, այնպես էլ վերաքննիչ բողոքի պատասխանում հայտնել է իր դիրքորոշումն այդ տեղեկանքի ապացուցողական նշանակության մասին, ինչին Վերաքննիչ դատարանն իր պատճառաբանական մասում չի անդրադարձել։

Վերաքննիչ դատարանն անտեսել է Ընկերության կողմից նշված և սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ Ընկերությունն ինչպես առարկություններում, այնպես էլ վերաքննիչ բողոքի պատասխանում հայտնել է, որ Աշոտ Պողոսյանն Ընկերության հետ չունի կնքված աշխատանքային պայմանագիր, իսկ պայմանագիրը, որը հիմք է հանդիսացել Ընկերությունում տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար, կնքված է Ընկերության միակ մասնակից, Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցված և գործող «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի և Աշոտ Պողոսյանի միջև 01082003 թվականին։ Ընդ որում, այդ պայմանագրով սահմանվել է վեճերի լուծման արբիտրաժային կարգ։ Նշված պայմանագրի համաձայն՝ Աշոտ Պողոսյանն իր պարտականությունների կատարման համար, որոնք ներառում էին ոչ միայն Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի պարտականությունները, պետք է վարձատրվեր «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից, քանի որ պայմանագիր է կնքել Ընկերության միակ մասնակից «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի հետ, ուստի վերջինս էլ կրում է Ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնելու դիմաց Աշոտ Պողոսյանին վարձատրելու պարտականությունը։ Այսինքն՝ առկա է Աշոտ Պողոսյանի և Ընկերության միակ մասնակցի միջև կնքված աշխատանքային պայմանագիր, որը կարգավորում է սուբյեկտների միջև հարաբերությունները, սահմանում է վարձատրության չափը, կարգը, վարձատրող սուբյեկտին, պայմանագրից ծագող վեճերի լուծման կարգը, որպիսի փաստը Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել, այլ եկել է այն եզրահանգման, որ կողմերի միջև առկա են փաստացի աշխատանքային հարաբերություններ՝ անկախ վերջիններիս միջև կնքված աշխատանքային պայմանագրի առկայությունից կամ բացակայությունից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 07.08.2020 թվականի որոշումը մասնակիորեն՝ Աշոտ Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարելու մասով, բեկանել և այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի 06.04.2020 թվականի ««Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով պահանջները քննության առնելու մասին» որոշմանը:

 

2.1 Աշոտ Պողոսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

Դատարանը գործի քննության ընթացքում կատարել է ապացուցման բեռի բաշխում, այսինքն՝ յուրաքանչյուր կողմի վրա դրվել է կոնկրետ փաստերի ապացուցման պարտականություն, և յուրաքանչյուր կողմ ներկայացրել է իր մոտ առկա ապացույցները, որպիսի փաստը վճռաբեկ բողոքում ընդունել է նաև պարտապանը։

Վերաքննիչ դատարանը գործում եղած ապացույցների հիման վրա հաստատել է Աշոտ Պողոսյանի կողմից որոշակի աշխատանքներ կատարած լինելու և դրա դիմաց վարձատրության պահանջի իրավունքի առկայության փաստերը, որոնց վերաբերյալ Դատարանը եզրակացության հանգելիս սխալ է թույլ տվել։

Վերաքննիչ դատարանը դուրս չի եկել վերաքննության սահմաններից, ավելին, քննությունն իրականացրել է ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում՝ արձանագրելով, որ Դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները։

Թեև Ընկերության անունից տրված տեղեկանքն ստորագրված չէ Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի կողմից, սակայն տեղեկանքի վրա առկա են Ընկերության կնիքը և ֆինանսական հարցերով պատասխանատուի ստորագրությունը։ Ավելին, Ընկերության գործադիր մարմնի ղեկավարն Աշոտ Պողոսյանն է, որպիսի պայմաններում վերջինիս կողմից իր նկատմամբ պարտավորություն առաջացնող տեղեկանքն անձամբ ստորագրելու դեպքում տեղեկանքն ուղղակիորեն անհասկանալի կլիներ։

Պարտապանի և պարտատիրոջ միջև աշխատանքային պայմանագիր անմիջականորեն չի կնքվել, սակայն աշխատանքային պայմանագիր է կնքվել Աշոտ Պողոսյանի ու Ընկերության միակ մասնակցի և նրա մայր ընկերության՝ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի միջև։ Այսինքն՝ տվյալ դեպքում տնօրենի հետ պայմանագիրը կնքվել է կազմակերպության հիմնադրի՝ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի հետ, որն Ընկերության 100% բաժնեմասի սեփականատերն է, որպիսի փաստը ոչ ոք չի հերքում։

Նման պայմաններում թեև աշխատանքային պայմանագիրը չի կնքվել անմիջականորեն Աշոտ Պողոսյանի և Ընկերության միջև, սակայն աշխատանքային հարաբերություններն անմիջականորեն ծագել են հենց նրանց միջև։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության կողմից 09.11.2018 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Ընկերության պարտքն Աշոտ Պողոսյանի նկատմամբ կազմում է 43.238.821 դրամ, որից 23.909.116 դրամը՝ որպես աշխատավարձ, իսկ 19.326.705 դրամը՝ որպես աշխատավարձի գծով տուժանք (հավելված 2-րդ, գ.թ. 28)

2) Պետական եկամուտների կոմիտեի կողմից 04.12.2018 թվականին տրված ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը պարունակել է հաշվարկ՝ Աշոտ Պողոսյանի աշխատավարձի գծով (հավելված 2-րդ, գթ 29-54)

3) Աշոտ Պողոսյանի կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է այն հիմքով, որ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը (հատոր 4-րդ, գթ 20-27)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտում, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննության սահմաններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Չնայած նրան, որ դատաքննության հավասարության և մրցակցության սկզբունքները հստակ ամրագրված չեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից` 6-րդ հոդվածում նշված «արդարացի լսումներ» հասկացության մեկնաբանությունների արդյունքում ձևավորվել է նախադեպ, համաձայն որի` լսումների արդարացիության տարրերից են դատավարության կողմերի հավասարությունը և մրցակցային դատավարությունը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ: Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը համարելով դատավարության մրցակցության և հավասարության սկզբունքներ, հետևողականորեն իր վճիռներում բացահայտել է նաև այդ սկզբունքների բովանդակությունը, ըստ որի` «կողմերի հավասարությունը» նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ` ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ (տե՛ս Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդեռլանդների գործով Եվրոպական դատարանի 17.10.1993 թվականի վճիռը, § 30-35):

Սահմանադրական դատարանն իր որոշումներում ևս արձանագրել է, որ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների արդյունավետ կենսագործումն ապահովելու համար պետք է օրենսդրորեն երաշխավորել ինչպես դատարանի մատչելիության, դատարան դիմելու հնարավորության ապահովման, այնպես էլ` գործն անկախ և անաչառ դատարանի կողմից արդարության պահանջների՝ մրցակցության և հավասարության սկզբունքների պահպանմամբ քննելու իրավական հնարավորությունը (տե՛ս Սահմանադրական դատարանի 17.11.2020 թվականի թիվ ՍԴՈ-1599 որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Քաղաքացիական դատավարության սկզբունքները» վերտառությամբ 2-րդ գլխով ամրագրված են հավասարության և մրցակցության սկզբունքները, որոնց համատեքստում նախատեսվում է բոլորի հավասարությունն օրենքի և դատարանի առջև, դատավարության իրականացումը մրցակցության սկզբունքի պահպանմամբ, որը և սահմանում է, որ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:

Վերոնշյալ սկզբունքների կենսագործման համատեքստում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ, (…):

Համանման իրավական կարգավորումներ է պարունակել նաև 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Նախկին օրենսգիրք):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով Նախկին օրենսգրքով վերաքննության սահմանների համանման կարգավորումներին, արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում: Նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (տե՛ս Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում (տե՛ս «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերաքննության սահմանների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի կարգավորումներով` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում`

1. վերանայման օբյեկտը պետք է լինի ստորադաս դատարանի կողմից կայացված և բողոքարկվող դատական ակտը, այլ ոչ` գործն ընդհանրապես:

2. բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայվի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին` քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրը և կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ (տե՛ս Վարդանուշ Բեժանյանի, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերաքննության սահմանների, ինչպես նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով դրանից արված բացառությունների մասին նախկինում կայացրած իր դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը դրա հիմքերի և հիմնավորումների շրջանակում քննելու օրենսդրական կանոնը կոչված է բացառելու վերադաս դատական ատյանի կողմից բողոքում չնշված և դատավարության մյուս մասնակիցների համար չբացահայտված հանգամանքներով վերաքննության սահմաններից դուրս գալու հնարավորությունը: Հակառակ դեպքում վերադաս դատարանը կիրականացնի գործի ըստ էության և լրիվ ծավալով քննություն, ինչն անհամատեղելի է մրցակցության սկզբունքի և դրանից բխող՝ սահմանափակ վերանայման ինստիտուտի հետ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վերաքննիչ դատարանում գործի քննության սահմանների վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումներով ընդգծվում է անկախ դատարանի կողմից գործի արդարացի՝ մրցակցության և հավասարության սկզբունքների պահպանմամբ գործը քննելու սկզբունքների կարևորությունը, ինչը համահունչ է դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներին (տե՛ս «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն ընդդեմ Մարտին Դիլանյանի, Ռիտա Աղայանի, Անի Գյուլբուդաղյանի թիվ ՇԴ/5144/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29062022 թվականի որոշումը):

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործով դիմելով դատարան` Տիգրան Բաղդասարյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Դատարանի 04.02.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 20.09.2019 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության նկատմամբ պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:

20032019 թվականին Դատարան ներկայացրած պահանջով Աշոտ Պողոսյանը, հայտնելով, որ 2004 թվականից աշխատել է Ընկերությունում որպես տնօրեն և չի ստացել համապատասխան աշխատավարձ, ինչը հիմնավորվում է Ընկերության կողմից տրված տեղեկանքով՝ այն մասին, որ իր նկատմամբ չվճարված աշխատավարձի պարտքը 09112018 թվականի դրությամբ կազմում է 43238821 ՀՀ դրամ, որից 23909116 ՀՀ դրամը աշխատավարձն է, իսկ 19329705 ՀՀ դրամը՝ աշխատավարձի գծով տուժանքը և, որ աշխատավարձի գծով 43238821 ՀՀ դրամ հաշվարկն արտացոլված է ՊԵԿ կողմից տրված տեղեկանքում, խնդրել 43238821 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցել համապատասխան հերթում՝ որպես պահանջը հիմնավորող ապացույցներ պահանջին կից ներկայացնելով Ընկերության կողմից 09112018 թվականին իրեն տրված տեղեկանքը, որի համաձայն՝ Ընկերության պարտքն Աշոտ Պողոսյանի նկատմամբ կազմում է 43238821 ՀՀ դրամ, որից 23909116 ՀՀ դրամը աշխատավարձն է, իսկ 19326705 ՀՀ դրամը՝ աշխատավարձի գծով տուժանքը, և Պետական եկամուտների կոմիտեի կողմից 04122018 թվականին տրված ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը, որը պարունակում է հաշվարկ՝ Աշոտ Պողոսյանի աշխատավարձի գծով։

Նշված պահանջի դեմ ներկայացված առարկություններով Ընկերությունը հայտնել է, որ «չունի կնքված աշխատանքային պայմանագիր Աշոտ Պողոսյանի հետ, այլ կնքված է «Գլոբալ Գոլդ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որը գտնվում և գործում է ԱՄՆ Դիլավեր նահանգում։ Գտել է, որ պահանջը պետք է թողնվի առանց քննության, չպետք է հաստատել։ Նշել է, որ աշխատավարձի պարտքի մասին տեղեկանքը դատարանի կողմից չի կարող որպես հիմք ընդունվել, քանի որ այն ստորագրված է միայն հաշվապահի կողմից, անհասկանալի է, թե ինչ հաշվարկ է դրած տեղեկանքի հիմքում, երբվանից է գոյացել պարտքը, որն է պարտքի գոյացման հիմքը»։

Դատարանի 06.04.2020 թվականի որոշմամբ Աշոտ Պողոսյանի պահանջը՝ Ընկերության սնանկության գործով պահանջը հաստատելու և գրանցելու մասին, մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) երբ առկա չէ կողմերի միջև աշխատանքային հարաբերությունների ծագման համար հիմք հանդիսացող կարևորագույն պայմանը՝ աշխատանքային պայմանագիրը, ապա, նման իրավիճակում աշխատավարձ վճարած կամ չվճարած լինելու հանգամանքի պարզաբանումը, առավել ևս դրա նկատմամբ հաշվարկվող տույժերի չափ որոշելը դառնում է իմաստազուրկ»։

Վերաքննիչ դատարանը բավարարել է Աշոտ Պողոսյանի վերաքննիչ բողոքը՝ Դատարանի 06.04.2020 թվականի ««Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով պահանջները քննության առնելու մասին» որոշումը վերացվել է, և հարցն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության՝ նշելով, որ «(...) Դատարանը Աշոտ Պողոսյանի պահանջը մերժման ենթակա լինելու վերաբերյալ իր եզրահանգումը հիմնավորել է սոսկ այն հանգամանքով, որ առկա չէ կողմերի միջև աշխատանքային հարաբերությունների ծագման համար հիմք հանդիսացող կարևորագույն պայմանը՝ աշխատանքային պայմանագիրը և գտել է, որ այդ իրավիճակում աշխատավարձ վճարված կամ չվճարված լինելու հանգամանքի պարզաբանումը, առավել ևս դրա նկատմամբ հաշվարկվող տույժերի չափ որոշելը դառնում է իմաստազուրկ: Դատարանն անտեսել է, որ Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը չի բացառում գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում աշխատանքային հարաբերություններից բխող աշխատանքային պարտականությունների փաստացի կատարման առկայության ապացուցման դեպքում անձի իրավունքների, այդ թվում` փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորությունը, չնայած նրան, որ վիճարկվող նորմը, որպես աշխատանքային իրավահարաբերությունների ծագման միակ հիմք սահմանել է աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը նույն մեկնաբանությամբ բացահայտվել է դեռևս 18.07.2012թ. թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ, որով Սահմանադրական դատարանը որոշել է. որ Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը` հաշվի առնելով, որ Աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 102-րդ հոդվածների, Քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի, 298-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների համադրված վերլուծությունից բխում է, որ Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը նույն գործի շրջանակներում այդ նորմի կիրառման պահին չի բացառել աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում, սակայն համապատասխան ապացույցների առկայության դեպքում, աշխատողի` իր փաստացի կատարած աշխատանքի դիմաց համարժեք հատուցում ստանալու իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը:

Տվյալ դեպքում գործի նյութերում առկա ապացույցներով՝ մասնավորապես Ընկերության կողմից տրված տեղեկանքով, հիմնավորվում է Աշոտ Պողոսյանի կողմից աշխատանքային պարտականությունների փաստացի կատարման առկայությունը, ըստ այդմ՝ կողմերի միջև աշխատանքային իրավահարաբերություններ ծագած լինելու և Աշոտ Պողոսյանի՝ փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքը ծագած լինելու փաստը: Բանն այն է, որ, համաձայն Ընկերության կողմից Աշոտ Պողոսյանին տրված տեղեկանքի, վերջինիս նկատմամբ Ընկերության պարտքը կազմում է 43.238.821 դրամ, որից 23.0909.116 դրամը աշխատավարձ է, իսկ 19.326.705 դրամը՝ աշխատավարձի գծով տուժանք: Ավելին՝ Ընկերությունը չի վիճարկել Աշոտ Պողոսյանի նկատմամբ ունեցած իր պարտավորությունների առկայության հանգամանքը: Կողմերի միջև աշխատանքային իրավահարաբերություններ ծագած լինելու փաստը /բայց ոչ աշխատավարձը չվճարած լինելու/ հավաստող ապացույց է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված հաշվարկը՝ Աշոտ Պողոսյանի՝ 43.238.821 դրամի չափ աշխատավարձի գծով:

Արդյունքում նշվածից հետևում է, որ աշխատանքային հարաբերություններից բխող աշխատանքային պարտականությունների փաստացի կատարման առկայության ապացուցումն արդեն իսկ բավարար է փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի արդյունավետ պաշտպանության իրավունքի ծագման համար: Այսինքն, Աշոտ Պողոսյանի կողմից որոշակի աշխատանքներ կատարված լինելը հաստատված լինելու պայմաններում Սահմանադրական դատարանի արտահայտված իրավական դիրքորոշման հաշվառմամբ անվիճելի է վերջինիս՝ կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի առկայությունը:

Միաժամանակ, կրկին հաշվի առնելով, որ իրենց վկայակոչած փաստերն ապացուցելու բեռի բաշխման հարցը կողմերի հետ Դատարանը չի քննարկել, ինչը Վերաքննիչ դատարանին զրկում է փաստի ապացուցման պարտականությունը կրող անձի վրա դնել փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական հետևանքները, ուստի այս մասով ևս հարցը պետք է ուղարկել նոր քննության՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածին համապատասխան ապացուցման պարտականությունը բաշխելու համար: Ընդ որում՝ Դատարանը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ գործին մասնակցող անձի պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստը ժխտող անձի վրա չի կարող դրվել այդ փաստի բացակայությունն ապացուցելու պարտականությունը»։

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 06.04.2020 թվականի ««Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով պահանջները քննության առնելու մասին» որոշման դեմ Աշոտ Պողոսյանի կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է այն հիմքով, որ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը։

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Աշոտ Պողոսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքում բարձրացված նշված հարցը վերաբերում է Դատարանի կողմից նյութական իրավունքի նորմի կիրառման և մեկնաբանման իրավաչափությանը, ուստի Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ներկայացված վերաքննիչ բողոքը, անդրադարձել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի բովանդակությանն ու դրա կիրառման առանձնահատկություններին՝ գնահատելով այն հանգամանքը, թե արդյոք Աշոտ Պողոսյանի ու Ընկերության միջև աշխատանքային հարաբերությունների բացակայության մասին Դատարանի եզրահանգումները հիմնավորված են եղել գործի փաստերով։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած բողոքաբերի պնդմամբ Աշոտ Պողոսյանն Ընկերության հետ չունի կնքված աշխատանքային պայմանագիր, և որ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար հիմք հանդիսացող պայմանագիրը կնքվել է «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի՝ ԱՄՆ Դիլավեր նահանգում գրանցված և գործող միակ մասնակից ընկերության հետ 01082003 թվականին, այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը, գնահատելով գործի նյութերը, ներառյալ՝ Ընկերության տրամադրած տեղեկանքը, Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը, հաշվի առնելով աշխատանքային իրավահարաբերությունների առանձնահատկությունները, իրավաչափորեն է եկել այն եզրահանգման, որ աշխատանքային հարաբերությունների առկայության կամ բացակայության հարցը չի կարող սահմանափակվել բացառապես գրավոր աշխատանքային պայմանագրի առկայությամբ կամ բացակայությամբ։

Անդրադառնալով բողոքաբերի այն պնդմանը, թե Վերաքննիչ դատարանը, առանց բավարար հիմնավորման, միայն գլխավոր հաշվապահի ստորագրությամբ տրված տեղեկանքը համարել է Ընկերության անունից Աշոտ Պողոսյանի նկատմամբ պարտքի գոյությունն ընդունող փաստաթուղթ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն այդ տեղեկանքը դիտարկել է բացառապես գործի նյութերի համադրման և Դատարանի եզրահանգումների իրավաչափության գնահատման տեսանկյունից՝ արդյունքում հանգելով այն եզրահանգման, որ առկա տվյալները կարող են վկայել Աշոտ Պողոսյանի կատարած աշխատանքի և դրա դիմաց վարձատրության իրավունքի հնարավոր առկայության մասին։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի արձանագրած հետևություններն ուղղված են եղել Դատարանի եզրահանգումների իրավաչափության ստուգմանը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 06.04.2020 թվականի ««Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով պահանջները քննության առնելու մասին» որոշումը բողոքարկվել էր ոչ միայն Աշոտ Պողոսյանի կողմից, այլև պարտապան Ընկերության կողմից։ Մասնավորապես, Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանին վերագրվել են ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման ու փաստերի հաստատմանն առնչվող դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք Վերաքննիչ դատարանի կողմից իրավաչափ են որակվել։ Արդյունքում, արձանագրելով «իրենց վկայակոչած փաստերն ապացուցելու բեռի բաշխման հարցը կողմերի հետ քննարկած չլինելու պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումը կիրառելու հնարավորությունից զրկված լինելու հանգամանքը»՝ Վերաքննիչ դատարանը բավարարել է Ընկերության վերաքննիչ բողոքը՝ որոշմամբ շարադրված դատավարական գործողություններն իրականացնելու նպատակով հարցն ուղարկելով նոր քննության՝ նպատակ ունենալով ապահովել գործի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, ինչպես նաև կողմերի համար հավասար դատավարական հնարավորությունների ստեղծումը՝ իրենց պահանջներն ու առարկությունները պատշաճ կերպով հիմնավորելու համար։

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ «Վերաքննիչ դատարանը հաստատել է փաստեր, ինչի իրավասությունը չուներ», ապա այս մասով Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ բողոքաբերի մատնանշած՝ Վերաքննիչ դատարանի կողմից իբր հաստատված փաստը վերաբերում է Աշոտ Պողոսյանի կողմից աշխատանքային պարտականությունների փաստացի կատարման և դրանից բխող՝ կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի հնարավոր առկայությանը, որպիսի փաստը Վերաքննիչ դատարանը ոչ թե հաստատել է, այլ ներկայացված համապատասխան վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների շրջանակներում գնահատել է գործի նյութերում առկա ապացույցները՝ ստուգելով Դատարանի եզրահանգումների իրավաչափությունը։ Այլ կերպ ասած, Վերաքննիչ դատարանի արձանագրած հետևությունը չի կարող որակվել որպես փաստի հաստատում, այլ ուղղված է բացառապես Դատարանի եզրահանգումների իրավաչափության ստուգմանը։ Ավելին, Վերաքննիչ դատարանը, գնահատելով գործում առկա նյութերը, եկել է այն եզրահանգման, որ առկա ապացույցները կարող են վկայել աշխատանքային հարաբերությունների առկայության մասին, և ներկայացված բողոքները բավարարելու արդյունքում 07082020 թվականի որոշմամբ գործն ուղարկել է նոր քննության՝ փաստերի վերջնական հաստատման իրավասությունը վերապահելով Դատարանին։

Բողոքաբերի՝ Դատարանի կողմից ապացուցման պարտականությունը բաշխված և գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը որոշված լինելու փաստարկի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սնանկության վարույթում օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու ինչպես պարտատերերի շահերի պաշտպանությունը, այնպես էլ, ելնելով սնանկ ճանաչված պարտապանի շահերից, սահմանել է պարտատերերի կողմից պահանջների ներկայացման և դրանց հիմնավորվածության ստուգման որոշակի կառուցակարգ։ Մասնավորապես, սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, պարտատերերն իրենց պահանջները դատարան ներկայացնելիս պարտավոր են նշել այն պարտավորության մասին, որից բխում է պահանջը, դրա կատարման ժամկետը, ինչպես նաև պահանջը հիմնավորող հանգամանքները։ Օրենսդիրը, սահմանելով այս կարգավորումը, նպատակ է հետապնդել ապահովել սնանկ ճանաչված պարտապանի շահերը։ Ըստ այդմ, դատարանը պարտավոր է անկախ պահանջի պահանջների նկատմամբ առարկության առկայությունից՝ քննության առնել դատարան ներկայացված յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին։ Այս կարգավորումն անմիջականորեն բխեցնում է հետևյալ սկզբունքը սնանկության վարույթում պարտատերերի նկատմամբ պահանջների վերջնական ցուցակը կարող է հաստատվել միայն այն պահանջների առկայության դեպքում, որոնց օրինականությունը և չափը հիմնավորվում է բավարար ապացույցներով։ Ուստի սնանկության վարույթում պարտատերերի պահանջների քննության փուլում ապացուցման պարտականության բաշխումն ունի առանձնահատկություններ և չի դրսևորվում քաղաքացիական դատավարության ընդհանուր կանոններին բնորոշ դասական ձևով, քանի որ պահանջի օրինականությունը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պարտատիրոջ կողմից պահանջը հիմնավորոող հանգամանքների հիմնավորվածությանը՝ դրանով իսկ ապահովելով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունը, այլ կերպ ասած՝ պարտադիր է դատարանի կողմից գնահատել միայն այն հանգամանքները, որոնց հիման վրա հնարավոր է որոշել պահանջների օրինականությունը և չափը՝ պահպանելով սնանկության վարույթի օրենսդրական նպատակները և պարտատերերի իրավունքների պաշտպանությունը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս չի եկել վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից և Դատարանի 06.04.2020 թվականի ««Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով պահանջները քննության առնելու մասին» որոշումը վերաքննության օբյեկտ է դարձրել բացառապես վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում՝ պահպանելով վերաքննության սահմանների վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածով սահմանված պահանջները։

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմնավորվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, որպիսի պարագայում սույն գործը Վերաքննիչ դատարանի որոշման ուժով ենթակա է նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, և այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07082020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող 

զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Ա ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Վ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/0922/04/18 սնանկության գործով 03.07.2026 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

17.07.2026 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2026 թվականի հուլիսի 03-ին գրավոր ընթացակարգով քննելով «Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.08.2020 թվականի որոշման դեմ` ըստ Տիգրան Բաղդասարյանի դիմումի` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.082020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ նույն որոշման պատճառաբանություններով։ Նշված որոշումը հրապարակվել է 03.07.2026 թվականին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հարցը լուծվում է նիստին ներկա դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, իսկ վճռաբեկ բողոքը վերադարձնելու հարցը լուծվում է միանձնյա՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի մեկ դատավորի կազմով, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի մեկ դատավորի կազմով։ Վճռաբեկ բողոքը քննվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:

Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ մեծամասնության կարծիքին չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում։ (…)։

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասին:

Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հրապարակումից հետո՝ տասնօրյա ժամկետում:

Սույն գործով հայտնվող հատուկ կարծիքը վերաբերում է Վճռաբեկ դատարանի կողմից 03.07.2026 թվականին կայացված որոշման պատճառաբանական մասին՝ հետևյալ հիմնավորումներով։

 

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը`

1) չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր.

2) կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր.

3) սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի և նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի, 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի օրինականությունն ստուգելու հարցը։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, որպես որոշման իրավական հարցադրում, նշել է, որ «սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննության սահմաններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները»:

Ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Դատարանի 06.04.2020 թվականի ««Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով պահանջները քննության առնելու մասին» որոշման դեմ Աշոտ Պողոսյանի կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է այն հիմքով, որ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը։

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Աշոտ Պողոսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքում բարձրացված նշված հարցը վերաբերում է Դատարանի կողմից նյութական իրավունքի նորմի կիրառման և մեկնաբանման իրավաչափությանը, ուստի Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ներկայացված վերաքննիչ բողոքը, անդրադարձել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի բովանդակությանն ու դրա կիրառման առանձնահատկություններին՝ գնահատելով այն հանգամանքը, թե արդյոք Աշոտ Պողոսյանի ու Ընկերության միջև աշխատանքային հարաբերությունների բացակայության մասին Դատարանի եզրահանգումները հիմնավորված են եղել գործի փաստերով։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած բողոքաբերի պնդմամբ Աշոտ Պողոսյանն Ընկերության հետ չունի կնքված աշխատանքային պայմանագիր, և որ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար հիմք հանդիսացող պայմանագիրը կնքվել է «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի՝ ԱՄՆ Դիլավեր նահանգում գրանցված և գործող միակ մասնակից ընկերության հետ 01082003 թվականին, այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը, գնահատելով գործի նյութերը, ներառյալ՝ Ընկերության տրամադրած տեղեկանքը, Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը, հաշվի առնելով աշխատանքային իրավահարաբերությունների առանձնահատկությունները, իրավաչափորեն է եկել այն եզրահանգման, որ աշխատանքային հարաբերությունների առկայության կամ բացակայության հարցը չի կարող սահմանափակվել բացառապես գրավոր աշխատանքային պայմանագրի առկայությամբ կամ բացակայությամբ։

Անդրադառնալով բողոքաբերի այն պնդմանը, թե Վերաքննիչ դատարանը, առանց բավարար հիմնավորման, միայն գլխավոր հաշվապահի ստորագրությամբ տրված տեղեկանքը համարել է Ընկերության անունից Աշոտ Պողոսյանի նկատմամբ պարտքի գոյությունն ընդունող փաստաթուղթ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն այդ տեղեկանքը դիտարկել է բացառապես գործի նյութերի համադրման և Դատարանի եզրահանգումների իրավաչափության գնահատման տեսանկյունից՝ արդյունքում հանգելով այն եզրահանգման, որ առկա տվյալները կարող են վկայել Աշոտ Պողոսյանի կատարած աշխատանքի և դրա դիմաց վարձատրության իրավունքի հնարավոր առկայության մասին։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի արձանագրած հետևություններն ուղղված են եղել Դատարանի եզրահանգումների իրավաչափության ստուգմանը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 06.04.2020 թվականի ««Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով պահանջները քննության առնելու մասին» որոշումը բողոքարկվել էր ոչ միայն Աշոտ Պողոսյանի կողմից, այլև պարտապան Ընկերության կողմից։ Մասնավորապես, Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանին վերագրվել են ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման ու փաստերի հաստատմանն առնչվող դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք Վերաքննիչ դատարանի կողմից իրավաչափ են որակվել։ Արդյունքում, արձանագրելով «իրենց վկայակոչած փաստերն ապացուցելու բեռի բաշխման հարցը կողմերի հետ քննարկած չլինելու պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումը կիրառելու հնարավորությունից զրկված լինելու հանգամանքը»՝ Վերաքննիչ դատարանը բավարարել է Ընկերության վերաքննիչ բողոքը՝ որոշմամբ շարադրված դատավարական գործողություններն իրականացնելու նպատակով հարցն ուղարկելով նոր քննության՝ նպատակ ունենալով ապահովել գործի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, ինչպես նաև կողմերի համար հավասար դատավարական հնարավորությունների ստեղծումը՝ իրենց պահանջներն ու առարկությունները պատշաճ կերպով հիմնավորելու համար։

Բողոքաբերի՝ Դատարանի կողմից ապացուցման պարտականությունը բաշխված և գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը որոշված լինելու փաստարկի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սնանկության վարույթում օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու ինչպես պարտատերերի շահերի պաշտպանությունը, այնպես էլ, ելնելով սնանկ ճանաչված պարտապանի շահերից, սահմանել է պարտատերերի կողմից պահանջների ներկայացման և դրանց հիմնավորվածության ստուգման որոշակի կառուցակարգ։ Մասնավորապես, սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, պարտատերերն իրենց պահանջները դատարան ներկայացնելիս պարտավոր են նշել այն պարտավորության մասին, որից բխում է պահանջը, դրա կատարման ժամկետը, ինչպես նաև պահանջը հիմնավորող հանգամանքները։ Օրենսդիրը, սահմանելով այս կարգավորումը, նպատակ է հետապնդել ապահովել սնանկ ճանաչված պարտապանի շահերը։ Ըստ այդմ, դատարանը պարտավոր է անկախ պահանջի պահանջների նկատմամբ առարկության առկայությունից՝ քննության առնել դատարան ներկայացված յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին։ Այս կարգավորումն անմիջականորեն բխեցնում է հետևյալ սկզբունքը սնանկության վարույթում պարտատերերի նկատմամբ պահանջների վերջնական ցուցակը կարող է հաստատվել միայն այն պահանջների առկայության դեպքում, որոնց օրինականությունը և չափը հիմնավորվում է բավարար ապացույցներով։ Ուստի սնանկության վարույթում պարտատերերի պահանջների քննության փուլում ապացուցման պարտականության բաշխումն ունի առանձնահատկություններ և չի դրսևորվում քաղաքացիական դատավարության ընդհանուր կանոններին բնորոշ դասական ձևով, քանի որ պահանջի օրինականությունը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պարտատիրոջ կողմից պահանջը հիմնավորոող հանգամանքների հիմնավորվածությանը՝ դրանով իսկ ապահովելով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունը, այլ կերպ ասած՝ պարտադիր է դատարանի կողմից գնահատել միայն այն հանգամանքները, որոնց հիման վրա հնարավոր է որոշել պահանջների օրինականությունը և չափը՝ պահպանելով սնանկության վարույթի օրենսդրական նպատակները և պարտատերերի իրավունքների պաշտպանությունը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս չի եկել վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից և Դատարանի 06.04.2020 թվականի ««Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով պահանջները քննության առնելու մասին» որոշումը վերաքննության օբյեկտ է դարձրել բացառապես վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում՝ պահպանելով վերաքննության սահմանների վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածով սահմանված պահանջները»։

 

Համաձայն լինելով Վճռաբեկ դատարանի որոշման այն պատճառաբանությանը, համաձայն որի՝ Վերաքննիչ դատարանը դուրս չի եկել վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից և պահպանել է վերաքննության սահմանների վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածով սահմանված պահանջները, միաժամանակ համաձայն չեմ Վճռաբեկ դատարանի մյուս պատճառաբանությանը, որի համաձայն՝ «Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ «Վերաքննիչ դատարանը հաստատել է փաստեր, ինչի իրավասությունը չուներ», ապա այս մասով Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ բողոքաբերի մատնանշած՝ Վերաքննիչ դատարանի կողմից իբր հաստատված փաստը վերաբերում է Աշոտ Պողոսյանի կողմից աշխատանքային պարտականությունների փաստացի կատարման և դրանից բխող՝ կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի հնարավոր առկայությանը, որպիսի փաստը Վերաքննիչ դատարանը ոչ թե հաստատել է, այլ ներկայացված համապատասխան վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների շրջանակներում գնահատել է գործի նյութերում առկա ապացույցները՝ ստուգելով Դատարանի եզրահանգումների իրավաչափությունը։ Այլ կերպ ասած, Վերաքննիչ դատարանի արձանագրած հետևությունը չի կարող որակվել որպես փաստի հաստատում, այլ ուղղված է բացառապես Դատարանի եզրահանգումների իրավաչափության ստուգմանը։ Ավելին, Վերաքննիչ դատարանը, գնահատելով գործում առկա նյութերը, եկել է այն եզրահանգման, որ առկա ապացույցները կարող են վկայել աշխատանքային հարաբերությունների առկայության մասին, և ներկայացված բողոքները բավարարելու արդյունքում 07.08.2020 թվականի որոշմամբ գործն ուղարկել է նոր քննության՝ փաստերի վերջնական հաստատման իրավասությունը վերապահելով Դատարանին։

Մասնավորապես՝ անհամաձայնությունս կայանում է նրանում, որ Վճռաբեկ դատարանը որոշմամբ արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, միաժամանակ որպես որոշման հարցադրում՝ նշել է, որ սույն բողոքի քննության շրջանակներում անդրադառնում է վերաքննության սահմաններին։ Հետևաբար գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն իրավական և փաստական վերլուծությունների արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինականությունն ստուգելիս բացառապես պետք է անդրադառնար այն հարցին, թե արդյոք Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննելիս դուրս է եկել դրա հիմքերի և հիմնավորումների սահմաններից, թե՝ ոչ։ Մինչդեռ վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անդրադաձել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից որևէ փաստ կամ ապացույց հաստատված լինելու կամ չլինելու հարցին, ավելին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը, գնահատելով գործում առկա նյութերը, եկել է եզրահանգման, որ գործում առկա ապացույցները կարող են վկայել աշխատանքային հարաբերությունների առկայության մասին։ Վերը նշված դիրքորոշման համար հիմք է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ սույն գործն ուղարկել է նոր քննության՝ փաստերի վերջնական հաստատման իրավասությունը վերապահելով Դատարանին։

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի 03.07.2026 թվականի որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ։

 

Դատավոր`

Ա ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թիվ ԵԴ/0922/04/18 սնանկության գործով 03.07.2026 թվականի որոշման վերաբերյալ

 

10.07.2026 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), թիվ ԵԴ/0922/04/18 սնանկության գործով 2026 թվականի հուլիսի 03-ին (որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքում (court.am) հրապարակվել է 03.07.2026 թվականին) գրավոր ընթացակարգով քննելով «Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.08.2020 թվականի որոշման դեմ` ըստ Տիգրան Բաղդասարյանի դիմումի` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, որոշել է այն մերժել, Վերաքննիչ դատարանի 07.08.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի 03.07.2026 թվականի թիվ ԵԴ/0922/04/18 սնանկության գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում կատարված եզրահանգումների հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

Սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ ու 379-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից՝ անդրադառնալով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցին այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում նման փաստարկ բողոքաբերի կողմից չի ներկայացվել, ու այդ հիմքերով Դատարանի 06.04.2020 թվականի ««Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով պահանջները քննության առնելու մասին» որոշումը չի բողոքարկվել: Արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումից անհասկանալի է, թե, ի վերջո, Դատարանը նյութական կամ դատավարական ինչ նորմեր է խախտել, ինչի արդյունքում վերջինիս որոշումը ենթակա էր բեկանման։

Վերաքննիչ դատարանը հաստատել է փաստեր, ինչի իրավասությունը չուներ։ Եթե Դատարանը չի բաշխել ապացուցման պարտականությունը և չի որոշել գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը, ապա ինչպես է Վերաքննիչ դատարանը հաստատել որևէ փաստ՝ դա համարելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաստատել է այն փաստը, որ Աշոտ Պողոսյանը կատարած աշխատանքի դիմաց Ընկերությունից վարձատրություն ստանալու իրավունք է ունեցել։

Վերաքննիչ դատարանը, առանց բավարար հիմնավորման, միայն Ընկերության գլխավոր հաշվապահի ստորագրությամբ տեղեկանքը համարել է Ընկերության անունից տրված, պարտքի գոյությունն ընդունելը հավաստող փաստաթուղթ։ Մինչդեռ Ընկերությունն ինչպես Դատարանում Աշոտ Պողոսյանի պահանջի դեմ առարկելիս, այնպես էլ վերաքննիչ բողոքի պատասխանում հայտնել է իր դիրքորոշումն այդ տեղեկանքի ապացուցողական նշանակության մասին, ինչին Վերաքննիչ դատարանն իր պատճառաբանական մասում չի անդրադարձել։

Վերաքննիչ դատարանն անտեսել է Ընկերության կողմից նշված և սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ Ընկերությունն ինչպես առարկություններում, այնպես էլ վերաքննիչ բողոքի պատասխանում հայտնել է, որ Աշոտ Պողոսյանն Ընկերության հետ չունի կնքված աշխատանքային պայմանագիր, իսկ պայմանագիրը, որը հիմք է հանդիսացել Ընկերությունում տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար, կնքված է Ընկերության միակ մասնակից, Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցված և գործող «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի և Աշոտ Պողոսյանի միջև 01082003 թվականին։ Ընդ որում, այդ պայմանագրով սահմանվել է վեճերի լուծման արբիտրաժային կարգ։ Նշված պայմանագրի համաձայն՝ Աշոտ Պողոսյանն իր պարտականությունների կատարման համար, որոնք ներառում էին ոչ միայն Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի պարտականությունները, պետք է վարձատրվեր «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից, քանի որ պայմանագիր է կնքել Ընկերության միակ մասնակից «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի հետ, ուստի վերջինս էլ կրում է Ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնելու դիմաց Աշոտ Պողոսյանին վարձատրելու պարտականությունը։ Այսինքն՝ առկա է Աշոտ Պողոսյանի և Ընկերության միակ մասնակցի միջև կնքված աշխատանքային պայմանագիր, որը կարգավորում է սուբյեկտների միջև հարաբերությունները, սահմանում է վարձատրության չափը, կարգը, վարձատրող սուբյեկտին, պայմանագրից ծագող վեճերի լուծման կարգը, որպիսի փաստը Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել, այլ եկել է այն եզրահանգման, որ կողմերի միջև առկա են փաստացի աշխատանքային հարաբերություններ՝ անկախ վերջիններիս միջև կնքված աշխատանքային պայմանագրի առկայությունից կամ բացակայությունից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 07.08.2020 թվականի որոշումը մասնակիորեն՝ Աշոտ Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարելու մասով, բեկանել և այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի 06.04.2020 թվականի ««Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով պահանջները քննության առնելու մասին» որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանը Ընկերության բողոքը մերժելով պատճառաբանել է, որ «Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 06.04.2020 թվականի ««Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով պահանջները քննության առնելու մասին» որոշման դեմ Աշոտ Պողոսյանի կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է այն հիմքով, որ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը։

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Աշոտ Պողոսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքում բարձրացված նշված հարցը վերաբերում է Դատարանի կողմից նյութական իրավունքի նորմի կիրառման և մեկնաբանման իրավաչափությանը, ուստի Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ներկայացված վերաքննիչ բողոքը, անդրադարձել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի բովանդակությանն ու դրա կիրառման առանձնահատկություններին՝ գնահատելով այն հանգամանքը, թե արդյոք Աշոտ Պողոսյանի ու Ընկերության միջև աշխատանքային հարաբերությունների բացակայության մասին Դատարանի եզրահանգումները հիմնավորված են եղել գործի փաստերով։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած բողոքաբերի պնդմամբ Աշոտ Պողոսյանն Ընկերության հետ չունի կնքված աշխատանքային պայմանագիր, և որ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար հիմք հանդիսացող պայմանագիրը կնքվել է «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի՝ ԱՄՆ Դիլավեր նահանգում գրանցված և գործող միակ մասնակից ընկերության հետ 01082003 թվականին, այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը, գնահատելով գործի նյութերը, ներառյալ՝ Ընկերության տրամադրած տեղեկանքը, Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը, հաշվի առնելով աշխատանքային իրավահարաբերությունների առանձնահատկությունները, իրավաչափորեն է եկել այն եզրահանգման, որ աշխատանքային հարաբերությունների առկայության կամ բացակայության հարցը չի կարող սահմանափակվել բացառապես գրավոր աշխատանքային պայմանագրի առկայությամբ կամ բացակայությամբ։

Անդրադառնալով բողոքաբերի այն պնդմանը, թե Վերաքննիչ դատարանը, առանց բավարար հիմնավորման, միայն գլխավոր հաշվապահի ստորագրությամբ տրված տեղեկանքը համարել է Ընկերության անունից Աշոտ Պողոսյանի նկատմամբ պարտքի գոյությունն ընդունող փաստաթուղթ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն այդ տեղեկանքը դիտարկել է բացառապես գործի նյութերի համադրման և Դատարանի եզրահանգումների իրավաչափության գնահատման տեսանկյունից՝ արդյունքում հանգելով այն եզրահանգման, որ առկա տվյալները կարող են վկայել Աշոտ Պողոսյանի կատարած աշխատանքի և դրա դիմաց վարձատրության իրավունքի հնարավոր առկայության մասին։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի արձանագրած հետևություններն ուղղված են եղել Դատարանի եզրահանգումների իրավաչափության ստուգմանը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 06.04.2020 թվականի ««Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով պահանջները քննության առնելու մասին» որոշումը բողոքարկվել էր ոչ միայն Աշոտ Պողոսյանի կողմից, այլև պարտապան Ընկերության կողմից։ Մասնավորապես, Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանին վերագրվել են ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման ու փաստերի հաստատմանն առնչվող դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք Վերաքննիչ դատարանի կողմից իրավաչափ են որակվել։ Արդյունքում, արձանագրելով «իրենց վկայակոչած փաստերն ապացուցելու բեռի բաշխման հարցը կողմերի հետ քննարկած չլինելու պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումը կիրառելու հնարավորությունից զրկված լինելու հանգամանքը»՝ Վերաքննիչ դատարանը բավարարել է Ընկերության վերաքննիչ բողոքը՝ որոշմամբ շարադրված դատավարական գործողություններն իրականացնելու նպատակով հարցն ուղարկելով նոր քննության՝ նպատակ ունենալով ապահովել գործի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, ինչպես նաև կողմերի համար հավասար դատավարական հնարավորությունների ստեղծումը՝ իրենց պահանջներն ու առարկությունները պատշաճ կերպով հիմնավորելու համար։

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ «Վերաքննիչ դատարանը հաստատել է փաստեր, ինչի իրավասությունը չուներ», ապա այս մասով Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ բողոքաբերի մատնանշած՝ Վերաքննիչ դատարանի կողմից իբր հաստատված փաստը վերաբերում է Աշոտ Պողոսյանի կողմից աշխատանքային պարտականությունների փաստացի կատարման և դրանից բխող՝ կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի հնարավոր առկայությանը, որպիսի փաստը Վերաքննիչ դատարանը ոչ թե հաստատել է, այլ ներկայացված համապատասխան վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների շրջանակներում գնահատել է գործի նյութերում առկա ապացույցները՝ ստուգելով Դատարանի եզրահանգումների իրավաչափությունը։ Այլ կերպ ասած, Վերաքննիչ դատարանի արձանագրած հետևությունը չի կարող որակվել որպես փաստի հաստատում, այլ ուղղված է բացառապես Դատարանի եզրահանգումների իրավաչափության ստուգմանը։ Ավելին, Վերաքննիչ դատարանը, գնահատելով գործում առկա նյութերը, եկել է այն եզրահանգման, որ առկա ապացույցները կարող են վկայել աշխատանքային հարաբերությունների առկայության մասին, և ներկայացված բողոքները բավարարելու արդյունքում 07082020 թվականի որոշմամբ գործն ուղարկել է նոր քննության՝ փաստերի վերջնական հաստատման իրավասությունը վերապահելով Դատարանին։

Բողոքաբերի՝ Դատարանի կողմից ապացուցման պարտականությունը բաշխված և գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը որոշված լինելու փաստարկի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սնանկության վարույթում օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու ինչպես պարտատերերի շահերի պաշտպանությունը, այնպես էլ, ելնելով սնանկ ճանաչված պարտապանի շահերից, սահմանել է պարտատերերի կողմից պահանջների ներկայացման և դրանց հիմնավորվածության ստուգման որոշակի կառուցակարգ։ Մասնավորապես, սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, պարտատերերն իրենց պահանջները դատարան ներկայացնելիս պարտավոր են նշել այն պարտավորության մասին, որից բխում է պահանջը, դրա կատարման ժամկետը, ինչպես նաև պահանջը հիմնավորող հանգամանքները։ Օրենսդիրը, սահմանելով այս կարգավորումը, նպատակ է հետապնդել ապահովել սնանկ ճանաչված պարտապանի շահերը։ Ըստ այդմ, դատարանը պարտավոր է անկախ պահանջի պահանջների նկատմամբ առարկության առկայությունից՝ քննության առնել դատարան ներկայացված յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին։ Այս կարգավորումն անմիջականորեն բխեցնում է հետևյալ սկզբունքը սնանկության վարույթում պարտատերերի նկատմամբ պահանջների վերջնական ցուցակը կարող է հաստատվել միայն այն պահանջների առկայության դեպքում, որոնց օրինականությունը և չափը հիմնավորվում է բավարար ապացույցներով։ Ուստի սնանկության վարույթում պարտատերերի պահանջների քննության փուլում ապացուցման պարտականության բաշխումն ունի առանձնահատկություններ և չի դրսևորվում քաղաքացիական դատավարության ընդհանուր կանոններին բնորոշ դասական ձևով, քանի որ պահանջի օրինականությունը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պարտատիրոջ կողմից պահանջը հիմնավորոող հանգամանքների հիմնավորվածությանը՝ դրանով իսկ ապահովելով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունը, այլ կերպ ասած՝ պարտադիր է դատարանի կողմից գնահատել միայն այն հանգամանքները, որոնց հիման վրա հնարավոր է որոշել պահանջների օրինականությունը և չափը՝ պահպանելով սնանկության վարույթի օրենսդրական նպատակները և պարտատերերի իրավունքների պաշտպանությունը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս չի եկել վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից և Դատարանի 06.04.2020 թվականի ««Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով պահանջները քննության առնելու մասին» որոշումը վերաքննության օբյեկտ է դարձրել բացառապես վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում՝ պահպանելով վերաքննության սահմանների վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածով սահմանված պահանջները»:

 

Համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի վերը նշված պատճառաբանության հետ գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը քննության առարկա չի դարձրել սույն գործով Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի մյուս հիմքերը, ինչի պատճառով էլ եկել է սխալ եզրահանգման, մասնավորապես Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ չի անդրադարձել բողոք բերած անձի կողմից վկայակոչած այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է վերաքննիչ բողոքի պատասխանի հիմքերն ու հիմնավորումները։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումերում բազմիցս արձանագրել է, որ պայմանավորված վերաքննության վարույթի և վերաքննիչ դատարանում գործի քննության առանձնահատկություններով՝ վերաքննիչ դատարանում անձն իր դատավարական իրավունքները, որպես կանոն, իրացնում է վերաքննիչ բողոքի կամ դրա պատասխանի ներկայացմամբ՝ հաշվի առնելով, որ բացատրություն տալու անհրաժեշտությունը որոշում է դատարանը: Ամեն դեպքում անձը չպետք է զրկվի իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, որն էլ հիմնականում արվում է գրավոր եղանակով՝ վերաքննիչ բողոքում և դրա պատասխանում: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան, ապա այն պատշաճ գնահատման պետք է արժանանա՝ հաշվի առնելով, որ դատավարական նման իրավունքի սահմանումն ինքնանպատակ չէ: Վերաքննիչ բողոքի պատասխանը ոչ թե պետք է պարզապես շարադրվի վերաքննիչ դատարանի որոշման նկարագրական մասում, այլ նաև պատճառաբանական մասում վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա բողոքի պատասխանի փաստարկներին՝ պարզելու համար վերաքննիչ բողոքի հիմքերի հիմնավորվածությունը վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկների համատեքստում: Այլ կերպ ասած՝ վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները պետք է հնարավորություն տան եզրակացություն անելու ոչ միայն վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների, այլ նաև բողոքի պատասխանում դրանց կապակցությամբ ներկայացված դիրքորոշումների և հիմնավորումների վերաբերյալ (տե՛ս ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը 07.08.2020 թվականի որոշման «Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումն ու հիմնավորումները» մասում ներառել է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած Ընկերության դիրքորոշումը և հիմնավորումները, այդ թվում նաև՝ Աշոտ Պողոսյանի և Ընկերության միակ մասնակից Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցված և գործող «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի միջև 01.08.2003 թվականին կնքված պայմանագրի մասին փաստարկները, սակայն որոշման պատճառաբանական մասում դրան ընդհանրապես չի անդրադարձել:

Մինչդեռ դատավոր Էդ. Սեդրակյանիս գնահատմամբ Վերաքննիչ դատարանը, որոշման նկարագրական մասում ուղղակիորեն մեջբերելով բողոքի պատասխանի փաստարկները և չգնահատելով դրանք, չի փարատել բողոքի հիմքում նշված հանգամանքների վերաբերյալ կասկածները, որի արդյունքում էլ սահմանափակել է Ընկերության` Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

 Այսպես.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն`

ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ`

- իրավաբանական անձի համար` անվանումը և գտնվելու վայրը (…).

բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև կատարման ժամկետը.

գ) պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.

դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:

Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը: Պահանջը ներկայացնելու ժամկետից հետո պահանջը հիմնավորող փաստաթղթեր կարող են ներկայացվել, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է սահմանված ժամկետում նման փաստաթուղթ ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով: (...):

 «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատարանը առարկությունն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:

Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու որոշումը կարող է բողոքարկվել:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը նույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով որոշում է պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը: Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը, հետևաբար նաև պահանջների վերջնական ցուցակն ինքնին, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, պարտադիր է սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների ծավալը որոշելու համար: Հետևաբար, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավունքների և պարտականությունների առումով այն պարտադիր է նաև սնանկության վարույթում պարտատեր գրանցված անձանց համար (տե՛ս «Դ.Ֆ. ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանն ընդդեմ ««ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարան» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/1302/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ սնանկության վարույթում օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու ինչպես պարտատերերի շահերի պաշտպանությունը, այնպես էլ, ելնելով սնանկ ճանաչված պարտապանի շահերից, հնարավորություն տալու բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնելու իր բնականոն գործունեությունը, հաղթահարելու ֆինանսական դժվարությունները, վերականգնելու նրա կենսունակությունը, սահմանել է պարտատերերի կողմից պահանջների ներկայացման և դրանց հիմնավորվածության ստուգման որոշակի կառուցակարգ: Մասնավորապես` օրենսդրորեն ամրագրվել է, որ սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում պարտատերերն իրենց պահանջները դատարան ներկայացնելիս պարտավոր են նշել այն պարտավորության մասին, որից բխում է պահանջը, դրա կատարման ժամկետը, ինչպես նաև պահանջը հիմնավորող հանգամանքները: Միաժամանակ, օրենսդիրը պարտավորեցրել է դատարանին, անկախ պահանջի (պահանջների) նկատմամբ առարկություն ներկայացված լինելուց, քննության առնել դատարան ներկայացված յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Նման օրենսդրական կարգավորումն ինքնանպատակ չէ և նպատակ ունի բացառելու սնանկության վարույթում չհիմնավորված պահանջների ընդգրկումը, քանի որ այդպիսի պահանջների ընդգրկումը կհանգեցնի ինչպես այն պարտատերերի իրավունքների և օրինական շահերի խախտմանը, որոնց պահանջները հիմնավորված են, այնպես էլ` պարտապանի և նրա հիմնադիրների (մասնակիցների) իրավունքների և օրինական շահերի խախտմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացված պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս դատարանները պետք է առաջին հերթին հաշվի առնեն այն հանգամանքը, որ հաստատման են ենթակա միայն այն պահանջները, որոնց առկայության և չափի վերաբերյալ ներկայացված են բավարար ապացույցներ, ընդ որում, ապացույցների բավարար լինելը գնահատողական կատեգորիա է, և յուրաքանչյուր գործով այն ենթակա է գնահատման` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սնանկության վարույթում պահանջների վերջնական ցուցակի հաստատումը սնանկության վարույթի առանցքային փուլերից է, որի հիման վրա կատարվում է պարտատերերի գրանցված պահանջների բավարարումը։ Հատկանշական է, որ սնանկության վարույթը ևս պարտավորությունների կատարման և քաղաքացիական շրջանառությունում գույքային պատասխանատվության ապահովման հարկադրական եղանակներից է, որի շրջանակներում կատարվում է պարտատերերի պահանջների բավարարումը, իսկ սնանկության ավարտի վերաբերյալ դատական ակտով առաջանում են կոնկրետ քաղաքացիաիրավական հետևանքներ ինչպես վարույթի մասնակիցների, այնպես էլ` սնանկության վարույթում պահանջ չներկայացրած, հետևաբար մասնակից չդարձած անձանց համար: Հետևաբար, առարկությունների քննարկման արդյունքում պահանջի օրինականությունը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պարտատիրոջ կողմից պահանջը հիմնավորող հանգամանքների հիմնավորվածությանը` դրանով իսկ ապահովելով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունը (տե՛ս, ըստ դիմումի «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի՝ Սարգիս Գասպարյանին սնանկ ճանաչելու մասին, թիվ ԿԴ/0033/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ պարտապանի սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում պարտատերերի կողմից դատարան ներկայացված պահանջներում, ի թիվս անհատականացնող տվյալների, պետք է նշվեն պարտավորությունը, որից բխում է պահանջը, կատարման ժամկետը, պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով, պահանջը հիմնավորող հանգամանքները, ինչպես նաև պահանջները հիմնավորող փաստաթղթերը: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պարտատիրոջ կողմից հաստատման ենթակա պահանջի չափը համապատասխան հաշվարկի հետ ներկայացնելու օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է տալիս ստուգելու տվյալ պահանջի հիմնավորվածությունը և օրինականությունը: Այսինքն` պարտատերը յուրաքանչյուր պահանջ ներկայացնելիս պարտավոր է այն հիմնավորել հստակ կատարված հաշվարկով (ըստ համապատասխան ժամանակահատվածների)` նշելով այն հիմքը, որից բխում է պահանջը, և ներկայացնելով դրա առկայությունը հիմնավորող ապացույցներ: Միայն նշված պայմանները պահպանված լինելու դեպքում դատարանը հնարավորություն կունենա ստուգելու պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, իսկ պարտապանն ու սնանկության գործով կառավարիչը` առավել արդյունավետ կերպով իրացնելու առարկություններ ներկայացնելու իրենց իրավունքը (տե՛ս, ըստ դիմումի` Գայանե Սարգսյանի՝ Զարուհի Բարդակչյանին սնանկ ճանաչելու մասին, թիվ ԵՇԴ/0068/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը):

Սույն գործում առկա փաստերի համաձայն՝ 04.02.2019 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 20.09.2019 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության նկատմամբ պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:

Աշոտ Պողոսյանի կողմից 20032019 թվականին Դատարան է ներկայացվել Ընկերության սնանկության գործով պարտատիրջ պահանջը գրանցելու մասին դիմում, որով վերջինս խնդրել է իրեն պահանջատեր ճանաչել 43.238.821 դրամի չափով, որից 23.0909.116 դրամը աշխատավարձի գումար, իսկ 19.326.705 դրամը՝ աշխատավարձի գծով տուժանք: Խնդրել է նշված գումարի պահանջը գրանցել համապատասխան հերթում։ Որպես նշված պահանջը հիմնավորող ապացույց Աշոտ Պողոսյանը ներկայացրել է Ընկերության հաշվապահի կողմից 09.11.2018 թվականին տրված տեղեկանքը, համաձայն որի՝ Ընկերության պարտքն Աշոտ Պողոսյանի նկատմամբ կազմում է 43.238.821 դրամ, որից 23.909.116 դրամը՝ որպես աշխատավարձ, իսկ 19.326.705 դրամը՝ որպես աշխատավարձի գծով տուժանք և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից 04.12.2018 թվականին տրված ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը պարունակել է հաշվարկ՝ Աշոտ Պողոսյանի աշխատավարձի գծով։ Աշոտ Պողոսյանի պահանջի դեմ ներկայացված առարկություններով Ընկերությունը նշել է, որ Աշոտ Պողոսյանն Ընկերությունից աշխատավարձ պահանջելու իրավունք չունի, քանի որ չունի կնքված աշխատանքային պայմանագիր Ընկերության հետ, այլ առկա է պայմանագիր «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի հետ է, որը գործում է ԱՄՆ Դելավեր նահանգում։ Նշել է նաև, որ ներկայացված տեղեկանքից միանշանակ չէ, թե ինչպես է այդ պարտքը ձևավորվել և որ ժամանակահատվածի համար է հաշվարկվել (տես Դատարանի 06042020 թվականի որոշումը)։

Դատարանի 06.04.2020 թվականի որոշմամբ Աշոտ Պողոսյանի պահանջը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) երբ առկա չէ կողմերի միջև աշխատանքային հարաբերությունների ծագման համար հիմք հանդիսացող կարևորագույն պայմանը՝ աշխատանքային պայմանագիրը, ապա, նման իրավիճակում աշխատավարձ վճարած կամ չվճարած լինելու հանգամանքի պարզաբանումը, առավել ևս դրա նկատմամբ հաշվարկվող տույժերի չափ որոշելը դառնում է իմաստազուրկ»։

Աշոտ Պողոսյանի կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է այն հիմքով, որ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը։

Վերաքննիչ դատարանը բավարարել է Աշոտ Պողոսյանի վերաքննիչ բողոքը՝ Դատարանի 06.04.2020 թվականի ««Մարջան Մայնինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով պահանջները քննության առնելու մասին» որոշումը վերացվել է, և հարցն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության, նշելով, որ «(...) Դատարանը Աշոտ Պողոսյանի պահանջը մերժման ենթակա լինելու վերաբերյալ իր եզրահանգումը հիմնավորել է սոսկ այն հանգամանքով, որ առկա չէ կողմերի միջև աշխատանքային հարաբերությունների ծագման համար հիմք հանդիսացող կարևորագույն պայմանը՝ աշխատանքային պայմանագիրը և գտել է, որ այդ իրավիճակում աշխատավարձ վճարված կամ չվճարված լինելու հանգամանքի պարզաբանումը, առավել ևս դրա նկատմամբ հաշվարկվող տույժերի չափ որոշելը դառնում է իմաստազուրկ: Դատարանն անտեսել է, որ Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը չի բացառում գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում աշխատանքային հարաբերություններից բխող աշխատանքային պարտականությունների փաստացի կատարման առկայության ապացուցման դեպքում անձի իրավունքների, այդ թվում` փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորությունը, չնայած նրան, որ վիճարկվող նորմը, որպես աշխատանքային իրավահարաբերությունների ծագման միակ հիմք սահմանել է աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը նույն մեկնաբանությամբ բացահայտվել է դեռևս 18.07.2012թ. թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ, որով Սահմանադրական դատարանը որոշել է. որ Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը` հաշվի առնելով, որ Աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 102-րդ հոդվածների, Քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի, 298-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների համադրված վերլուծությունից բխում է, որ Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը նույն գործի շրջանակներում այդ նորմի կիրառման պահին չի բացառել աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում, սակայն համապատասխան ապացույցների առկայության դեպքում, աշխատողի` իր փաստացի կատարած աշխատանքի դիմաց համարժեք հատուցում ստանալու իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը:

Տվյալ դեպքում գործի նյութերում առկա ապացույցներով՝ մասնավորապես Ընկերության կողմից տրված տեղեկանքով, հիմնավորվում է Աշոտ Պողոսյանի կողմից աշխատանքային պարտականությունների փաստացի կատարման առկայությունը, ըստ այդմ՝ կողմերի միջև աշխատանքային իրավահարաբերություններ ծագած լինելու և Աշոտ Պողոսյանի՝ փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքը ծագած լինելու փաստը: Բանն այն է, որ, համաձայն Ընկերության կողմից Աշոտ Պողոսյանին տրված տեղեկանքի, վերջինիս նկատմամբ Ընկերության պարտքը կազմում է 43.238.821 դրամ, որից 23.0909.116 դրամը աշխատավարձ է, իսկ 19.326.705 դրամը՝ աշխատավարձի գծով տուժանք: Ավելին՝ Ընկերությունը չի վիճարկել Աշոտ Պողոսյանի նկատմամբ ունեցած իր պարտավորությունների առկայության հանգամանքը: Կողմերի միջև աշխատանքային իրավահարաբերություններ ծագած լինելու փաստը /բայց ոչ աշխատավարձը չվճարած լինելու/ հավաստող ապացույց է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված հաշվարկը՝ Աշոտ Պողոսյանի՝ 43.238.821 դրամի չափ աշխատավարձի գծով:

Արդյունքում նշվածից հետևում է, որ աշխատանքային հարաբերություններից բխող աշխատանքային պարտականությունների փաստացի կատարման առկայության ապացուցումն արդեն իսկ բավարար է փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի արդյունավետ պաշտպանության իրավունքի ծագման համար: Այսինքն, Աշոտ Պողոսյանի կողմից որոշակի աշխատանքներ կատարված լինելը հաստատված լինելու պայմաններում Սահմանադրական դատարանի արտահայտված իրավական դիրքորոշման հաշվառմամբ անվիճելի է վերջինիս՝ կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի առկայությունը:

Միաժամանակ, կրկին հաշվի առնելով, որ իրենց վկայակոչած փաստերն ապացուցելու բեռի բաշխման հարցը կողմերի հետ Դատարանը չի քննարկել, ինչը Վերաքննիչ դատարանին զրկում է փաստի ապացուցման պարտականությունը կրող անձի վրա դնել փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական հետևանքները, ուստի այս մասով ևս հարցը պետք է ուղարկել նոր քննության՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածին համապատասխան ապացուցման պարտականությունը բաշխելու համար: Ընդ որում՝ Դատարանը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ գործին մասնակցող անձի պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստը ժխտող անձի վրա չի կարող դրվել այդ փաստի բացակայությունն ապացուցելու պարտականությունը»։

Այս պայմաններում գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չդարձնելով Ընկերության վերաքննիչ բողոքի պատասխանում նշված հանգամանքները, սխալ եզրահանգման է եկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի կիրառման մասով, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը սույն գործին ընդհանրապես վերաբերելի չէ։ Սահմանադրական դատարանը նշված որոշմամբ Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը` հաշվի առնելով, որ նշված հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը չի բացառում աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում, սակայն համապատասխան ապացույցների առկայության դեպքում, աշխատողի` իր փաստացի կատարած աշխատանքի դիմաց համարժեք հատուցում ստանալու իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը: Այսինքն՝ բացի աշխատանքային պայմանագրից, կողմերի միջև աշխատանքային իրավահարաբերությունների ծագման հիմք է հանդիսանում նաև փաստացի կատարած աշխատանքի վերաբերյալ բավարար ապացույցները, որպիսի հիմքով էլ ծագում է փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքը:

Մինչդեռ սույն գործով վիճարկվում ոչ թե աշխատանքային պայմանագրի բացակայությունն ընդհանրապես, այլ կոնկրետ սնանկ ճանաչված Ընկերության հետ կնքված աշխատանքային պայմանագրի բացակայությունը, նկատի ունենալով, որ Ընկերությունն, ինչպես Դատարանին ներկայացված առարկություններում, այնպես էլ վերաքննիչ բողոքի պատասխանում հայտնել է, որ Աշոտ Պողոսյանը չունի կնքված աշխատանքային պայմանագիր Ընկերության հետ, իսկ պայմանագիրը, որը հիմք է հանդիսացել Ընկերությունում տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար, կնքված է Ընկերության միակ մասնակից Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցված և գործող «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի և Աշոտ Պողոսյանի միջև 01.08.2003 թվականին։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը) պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը` իր հիմնադրի (մասնակցի) պարտավորությունների համար, բացառությամբ նույն օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

Սույն գործով Աշոտ Պողոսյանը ևս չի առարկել Ընկերության այն փաստարկի դեմ, որ ինքն Ընկերությունում տնօրենի պաշտոնը զբաղեցրել է, Ընկերության միակ մասնակից Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցված և գործող «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի հետ 01.08.2003 թվականին կնքված պայմանագրի համաձայն։ Ինչը հիմք է տալիս արձանագրելու, որ նրա աշխատավարձի չափը, վճարման կարգը և պայմանները կարգավորվել են վերը նշված պայմանագրով, քանի որ այլ փաստաթուղթ, որով կանոնակարգվել է Աշոտ Պողոսյանի կատարած աշխատանքի դիմաց վարձատրության պայմանները և չափը վերջինիս կողմից չի ներկայացվել և չի էլ վկայակոչվել։

Վերոգրյալի հիման վրա, գտնում եմ, որ ստեղծված իրավիճակում Աշոտ Պողոսյանն իր կատարած աշխատանքի համար, որոնք ներառել են Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի պարտականությունները՝ Ընկերության միակ մասնակից «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի հետ կնքված պայանագրի հիմքով, պետք է վարձատրվեր «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից, այլ ոչ թե Ընկերության, հետևաբար և վերջինիս պահանջը Ընկերության պարտատերերի ցուցակում գրանցելու վերաբերյալ ենթակա էր մերժման, որպիսի եզրակացության էլ իրավացիորեն հանգել Դատարանը 06.04.2020 թվականի որոշմամբ, որը սակայն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Վերաքննիչ դատարանը իր որոշմամբ որևէ կերպ չի անդրադարձել նաև վերաքննիչ բողոքի պատասխանում վկայակոչած ՝ Ընկերության անունից 09112018 թվականին տրված տեղեկանքի ոչ արժանահավատ լինելու փաստարկին, անտեսելով, որ Ընկերության գլխավոր հաշվապահի կողմից 09.11.2018 թվականին տրամադրված տեղեկանքը, ըստ որի՝ Ընկերության պարտքը Աշոտ Պողոսյանի նկատմամբ կազմում է ընդամենը 43.238.821 դրամ, որից 23.0909.116 դրամը աշխատավարձ է, իսկ 19.326.705 դրամը՝ աշխատավարձի գծով տուժանք, Աշոտ Պողոսյանի նկատմամբ Ընկերության աշխատավարձի պարտքի առկայությունը հավաստող փաստաթուղթ չի կարող համարվել այն պարզ պատճառով, որ այն ստորագրվել է Ընկերության անունից ի պաշտոնե գործելու իրավունք չունեցող անձի՝ Ընկերության գլխավոր հաշվապահի կողմից, և այնպիսի ապացույց, որը կհավաստեր վերջինիս՝ Ընկերության անունից հանդես գալու, ըստ այդմ՝ փաստաթղթեր ստորագրելու իրավասություն ունենալու փաստը, Աշոտ Պողոսյանի կողմից Դատարանի չի ներկայացվել։ Ուստի այնքանով, որքանով Ընկերության գլխավոր հաշվապահի կողմից 09.11.2018 թվականին տրամադրված տեղեկանքը չի ստորագրվել Ընկերության անունից ի պաշտոնե գործելու իրավունք ունեցող անձի՝ տնօրենի, կամ Ընկերության տնօրենի կողմից տրված լիազորագրի հիման վրա այն ստորագրելու իրավասություն ունեցող անձի կողմից, ներկայացված տեղեկանքը որևէ կերպ չի կարող Ընկերության պարտքն Աշոտ Պողոսյանի նկատմամբ 43.238.821 դրամ, կազմած լինելու փաստը հավաստող պատշաճ ապացույց համարվել, որպիսի փաստի ուժով էլ միանգամայն անհիմն է Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ նշված տեղեկանով հիմնավորվել է Աշոտ Պողոսյանի՝ փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքը ծագած լինելու փաստը: Առավել ևս, որ Ընկերությունը վիճարկել է Աշոտ Պողոսյանի նկատմամբ ունեցած իր պարտավորությունների առկայության հանգամանքը (տե՛ս Դատարանի 06042020 թվականի որոշումը), մինչդեռ Վերաքննիչ դատարանն իր որոշման «Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումն ու հիմնավորումները» մասում ներառել է վերաքննիչ բողոքի պատասխանով ներկայացրած Ընկերության առարկությունները, սակայն նույն որոշմամբ արձանագրել, որ Ընկերությունը չի վիճարկել Աշոտ Պողոսյանի նկատմամբ ունեցած իր պարտավորությունների առկայության հանգամանքը։

Գտնում եմ, որ անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ«(...) իրենց վկայակոչած փաստերն ապացուցելու բեռի բաշխման հարցը կողմերի հետ Դատարանը չի քննարկել», նկատի ունենալով, որ այն չի բխում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի կարգավորումից։ Տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սնանկության վարույթում օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու ինչպես պարտատերերի շահերի պաշտպանությունը, այնպես էլ, ելնելով սնանկ ճանաչված պարտապանի շահերից, սահմանել է պարտատերերի կողմից պահանջների ներկայացման և դրանց հիմնավորվածության ստուգման որոշակի կառուցակարգ: Մասնավորապես` օրենսդրորեն ամրագրվել է, որ սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում պարտատերերն իրենց պահանջները դատարան ներկայացնելիս պարտավոր են նշել այն պարտավորության մասին, որից բխում է պահանջը, դրա կատարման ժամկետը, ինչպես նաև պահանջը հիմնավորող հանգամանքները: Միաժամանակ, օրենսդիրը պարտավորեցրել է դատարանին, անկախ պահանջի (պահանջների) նկատմամբ առարկություն ներկայացված լինելուց, քննության առնել դատարան ներկայացված յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Այսինքն՝ ներկայացված պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս դատարանները պետք է առաջին հերթին հաշվի առնեն այն հանգամանքը, որ հաստատման են ենթակա միայն այն պահանջները, որոնց առկայության և չափի վերաբերյալ ներկայացված են բավարար ապացույցներ: Հետևաբար, սնանկության վարույթում պահանջը հաստատելիս կողմերի միջև ապացուցման պարտականություն բաշխելու մասին խոսք լինել չի կարող, այլ պահանջի օրինականությունը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պարտատիրոջ կողմից ներկայացված պահանջը հիմնավորող հանգամանքների հիմնավորվածության ստուգմանը` դրանով իսկ ապահովելով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունը։

Արդյունքում՝ վերը շարադրվածը վկայում է այն մասին, որ բողոքարկված որոշումը դատական սխալներով կայացված լինելու մասին բողոքում բերված փաստարկները հիմնավոր են, հետևաբար գտնում եմ, որ անհրաժեշտ է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07082020 թվականի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Դատարանի 06.04.2020 թվականի որոշմանը՝ սույն հատուկ կարծիքում հայտնված պատճառաբանություններով։

 

Դատավոր

Էդ. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական: