ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԳԴ/0075/02/24 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (03.07.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.09.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/0075/02/24

2026 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/0075/02/24

Նախագահող դատավոր`

 Դ Սերոբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

 

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

   

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

   

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2026 թվականի հուլիսի 3-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վաչագան և Հրաչյա Խաչատրյանների, Կարինե Բաբայանի ու Սարգիս Մելքոնյանի (այսուհետ՝ Համապատասխանողներ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06122024 թվականի որոշման դեմ՝ ըստ «Ամիօ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Համապատասխանողների՝ գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 7.173.134 ՀՀ դրամ, որից վարկի գումարը` 1.987.067,80 ՀՀ դրամ, հաշվարկված տոկոսի գումարը` 633.219,60 ՀՀ դրամ, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսը` 2.611.544,20 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժը` 1.941.292,40 ՀՀ դրամ, 1.987.067,80 ՀՀ դրամ ժամկետանց վարկի մնացորդին հաշվեգրել և բռնագանձել պայմանագրի 7.3 կետով նախատեսված տոկոսներ` տարեկան 36% տոկոսադրույքով սկսած 01022024 թվականից մինչև պարտավորության կատարման` վարկի գումարների փաստացի վճարման օրը, 633.219,60 ՀՀ դրամ ժամկետանց տոկոսագումարին հաշվեգրել և բռնագանձել տույժ սկսած 01022024 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ` պայմանագրի 7.2 կետով նախատեսված յուրաքանչյուր ուշացված օրվա համար` չվճարված տոկոսագումարի 0.2% չափով, ինչպես նաև բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող *****1 հասցեում գտնվող անշարժ գույքի ու Համապատասխանողներին պատկանող այլ գույքերի վրա:

 Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 14082024 թվականի վճռով հայցը բավարարվել է:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06122024 թվականի որոշմամբ Համապատասխանողների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14082024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համապատասխանողները (ներկայացուցիչ Դավիթ Նիկողոսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ և 372.1-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ, 297-րդ ու 379-րդ հոդվածները։

Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված հիմքերին ու հիմնավորումներին։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված Դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի սխալ կիրառման հարցերին՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ իրենց կողմից սահմանված ժամկետում առարկություն չի ներկայացվել։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել վերաքննիչ բողոքի պատասխանը, թեև որևէ պատասխան իրենք չեն ստացել, ինչը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ գործի վերաքննություն չի կատարվել։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նյութական իրավունքի մասով Դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ և 372.1-րդ հոդվածների դրույթները, քանի որ քննել է գրավով ապահովված պարտավորության բռնագանձման պահանջ, սակայն չի անդրադարձել գրավի բռնագանձման բացակայության դեպքում տուժանքի գծով պարտավորության դադարման պահին, այլ անհիմն բավարարել է առանց օրինական հիմքի ներկայացված տուժանքի բռնագանձման պահանջը՝ ժամկետանց վարկի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոս՝ 2611554,20 ՀՀ դրամ, ու ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժ՝ 1941292,40 ՀՀ դրամի չափերով, ինչի արդյունքում թույլ է տվել դատական սխալ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործը չէր կարող քննվել պարզեցված վարույթի կարգով այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ, մասնավորապես՝ գրավով ապահովված պարտավորության բռնագանձման պահանջի դեպքում պետք է ներկայացված լինի գրավի բռնագանձման բացակայության դեպքում տուժանքի գծով պարտավորության դադարման պահը, ինչը սույն գործով հայցադիմումում ներկայացված չէ։ Ավելին, տուժանքի հաշվարկը կատարված է տարիների համար, մինչդեռ գրավի առարկային բռնագանձման վարույթ սկսված չլինելու դեպքում տուժանքի գծով պարտավորությունը դադարում է 3 ամիս անց, որից հետո չի հաշվարկվում մինչև բռնագանձման վարույթ սկսվելը, ինչի արդյունքում նույնպես թույլ է տվել դատական սխալ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 06122024 թվականի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 7.173.134 ՀՀ դրամ, որից վարկի գումարը` 1.987.067,80 ՀՀ դրամ, հաշվարկված տոկոսի գումարը` 633.219,60 ՀՀ դրամ, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսը` 2.611.544,20 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժը` 1.941.292,40 ՀՀ դրամ, 1.987.067,80 ՀՀ դրամ ժամկետանց վարկի մնացորդին հաշվեգրել և բռնագանձել իրենց միջև կնքված պայմանագրի 7.3 կետով նախատեսված տոկոսներ` տարեկան 36% տոկոսադրույքով սկսած 01022024 թվականից մինչև պարտավորության կատարման` վարկի գումարների փաստացի վճարման օրը, 633.219,60 ՀՀ դրամ ժամկետանց տոկոսագումարին հաշվեգրել և բռնագանձել տույժ սկսած 01022024 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ` պայմանագրի 7.2 կետով նախատեսված յուրաքանչյուր ուշացված օրվա համար` չվճարված տոկոսագումարի 0.2% չափով, ինչպես նաև բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող *****2 հասցեում գտնվող անշարժ գույքի ու Համապատասխանողներին պատկանող այլ գույքերի վրա (հատոր 1-ին, գ.թ. 2-6)

2) Դատարանը 15.05.2024 թվականին որոշել է քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով (հատոր 2-րդ, գ.թ. 1)

3) Դատարանի 14082024 թվականի վճռով հայցը բավարարվել է (հատոր 2-րդ, գ.թ. 51-52)

4) Համապատասխանողները Դատարանի 14082024 թվականի վճռի դեմ ներկայացրել են վերաքննիչ բողոք՝ նշելով նաև, որ «(…), դատարանը անդրադարձ չի կատարել և միաժամանակ հայցադիմումով ներկայացված բռնագանձման ծանուցման հանգամանքը չի վկայակոչել վճռի «Հայցվորի դիրքորոշումը» բաժնում, ինչով չի անդրադարձել այն հանգամանքին, որ տուժանքի բռնագանձման դեպքում դատարանը պետք է ապացույցների համակցության մեջ գնահատի տուժանքի հաշվարկ պարտքի բռնագանձման ծանուցման գործընթաց սկսված չլինելու դեպքում, իսկ այդ մասին վկայակոչում չկատարելով չի պարզել նաև այն հանգամանքը, որ առկա է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետով սահմանված հանգամանքը, այն է՝ անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ, մասնավորապես պարտքի բռնագանձման, այդ թվում` արտադատական կարգով, գործընթացը չսկսելու դեպքում տուժանքի հաշվարկման ժամանակահատվածը։ Հարկ է նշել նաև, որ թե հայցադիմումում և թե վճռում տուժանքի բռնագանձումը կանոնակարգող որևէ իրավանորմ վկայակոչված չէ, թեև վճռվել է բռնագանձել նաև տուժանքի գումար։

Այսպիսով, սույն գործով հայցադիմումի շրջանակներում հայցվորն ստույգ չի որակել վիճելի իրավահարաբերությունը, ճշգրիտ և սպառիչ չի վկայակոչել տվյալ պահանջի քննության ու լուծման համար նշանակություն ունեցող բոլոր վերաբերելի փաստերը՝ ելնելով կիրառելի իրավական նորմերի բովանդակությունից, առկա է դատարանի նախաձեռնությամբ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը լրացնելու և դրանց ապացուցման պարտականությունը բաշխելու անհրաժեշտությունը, ուստի, առկա է նաև պարզեցված վարույթը դադարեցնելու ու ընդհանուր հայցային վարույթի կարգով գործի քննությանն անցնելու համապատասխան հիմքը, մասնավորապես՝ անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ՝ պարտքի բռնագանձման, այդ թվում` արտադատական կարգով, գործընթացը չսկսելու դեպքում տուժանքի հաշվարկման ժամանակահատվածը» (հատոր 2-րդ, գ.թ. 79-85)

5) Վերաքննիչ դատարանը 06122024 թվականի որոշմամբ արձանագրել է, որ «(…) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, պատասխանողների կողմից մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հայցադիմումի պատասխան չներկայացնելն իրավաչափ կերպով հանգեցրել են Դատարանի կողմից պարզեցված վարույթի կարգով (առանց դատական նիստ հրավիրելու) գործի քննության վերաբերյալ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի կիրառմանը: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Դատարանը 15.05.2024թ. որոշել է սույն քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով ու կայացվելիք դատական ակտը հրապարակել 14.08.2024թ., ընդ որում, պատասխանողները ստացել են այդ որոշումը (նշված փաստը չի վիճարկվում վերաքննիչ բողոքում), որին կից ուղարկված կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին պարզաբանումից պատասխանողներն, ի թիվս այլ դատավարական գործողությունների, պետք է տեղեկանային նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ իր առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու ժամկետների մասին, մինչդեռ պատասխանողները, նույն Բողոքաբերները ոչ միայն նշված իրավանորմով սահմանված՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում չեն առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ, այլև չեն օգտվել այդ որոշումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում իր առարկության հիմքում ընկած փաստերը հաստատող այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից, ինչպես նաև որևէ դիրքորոշում չեն հայտնել այնպիսի հիմքի առկայության վերաբերյալ, որի պայմաններում Դատարանը պարտավոր էր դադարեցնել պարզեցված վարույթը (Վերաքննիչ բողոքը ևս որևէ փաստարկ չի պարունակում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված այնպիսի հիմքի առկայության վերաբերյալ, որի պայմաններում Դատարանը չի դադարեցրել պարզեցված վարույթը)։

Շարադրվածը թույլ է տալիս եզրակացնել, որ պատասխանողների կողմից Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացված իր առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները և դրանք վերադարձվելու հանգամանքը պայմանավորված է ոչ թե Դատարանի կողմից դատավարական իրավունքի որևէ նորմի խախտմամբ, այլ բացառապես Բողոքաբերների կողմից սեփական հայեցողությամբ իրենց դատավարական իրավունքների իրականացման և դատական պաշտպանության միջոցների ու եղանակների տնօրինման սկզբունքով (տնօրինչականության սկզբունքով)։» (հատոր 2-րդ, գ.թ. 121-124)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ, 297-րդ և 379-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ դատարանի պարտականությանը՝ անդրադառնալու վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին՝ վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի օրինական:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքով, ապա դատարանը պարտավոր է դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական փաստաթղթերում, բանավոր բացատրություններում, հարցերին տրված պատասխաններում ներկայացված բոլոր էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին և ներկայացված ապացույցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված փաստարկները կամ իրավական հիմքերն առերևույթ սխալ են, կամ կիրառման է ենթակա հայցային վաղեմության կամ որևէ դատավարական ժամկետ, և այդ փաստարկներին, իրավական հիմքերին կամ ապացույցներին անդրադառնալն անհրաժեշտ չէ տվյալ դատական ակտի կայացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին.

ա. արդյոք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում,

բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր չէ, ապա ինչ հիմնավորմամբ` հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր չէ,

գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր է, ապա ինչ հիմնավորմամբ` հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է,

դ. բողոքը հիմնավոր լինելու դեպքում արդյոք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը հանդիսանում է դատական ակտի բեկանման հիմք, թե ոչ` պատճառաբանելով համապատասխան դիրքորոշումը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու դատարան` օրենսդրի կողմից երաշխավորված իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է, որ դատական ակտը պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված։ Անդրադառնալով դատական ակտում քննարկման ենթակա հարցերին՝ սահմանվել է, որ դատարանը պարտավոր է դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից ներկայացված բոլոր էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին։ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է՝ անդրադառնալով բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, որոնց վերաբերյալ կատարված եզրահանգումները արտացոլվում են որոշման պատճառաբանական մասում։

Համանման իրավական կարգավորումներ է պարունակել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգիրքը (այսուհետ` Նախկին օրենսգիրք):

Անդրադառնալով Նախկին օրենսգրքի՝ վերաքննության սահմանների վերաբերյալ կարգավորումներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին (տե´ս Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի որոշումը)։

 Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում: Նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում Նախկին օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ բողոքարկման ինստիտուտի միջոցով անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը կկրի զուտ ձևական բնույթ, եթե վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում կայացնի բողոքը մերժելու մասին՝ առանց գնահատման արժանացնելու բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմք և, ըստ այդմ, անձին զրկելով բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից (տե՛ս Վարդան Աթայանն ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, երրորդ անձ «Ռեգնում» լրատվական գործակալության թիվ ԵԿԴ/1320/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում՝

1. վերանայման օբյեկտը պետք է լինի ստորադաս դատարանի կողմից կայացված և բողոքարկվող դատական ակտը, այլ ոչ՝ գործն ընդհանրապես:

2. բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայվի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին՝ քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրը և կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ:

Վերաքննության սահմանների վերաբերյալ վերը նշված ընդհանուր կանոններին զուգահեռ օրենսդիրը նախատեսել է նաև որոշ բացառություններ: Այսպես.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները հիմք ընդունելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում առկա է 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, որի հիման վրա վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի), վերաքննիչ դատարանը չի առաջնորդվում ընդհանուր կանոնով և վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը չի քննում, այլ անդրադառնում է միայն վերաքննիչ բողոքում տեղ գտած՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան հիմքին, որի հիման վրա բեկանել է դատական ակտը: Ուստի, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու ընդհանուր կանոնն այլևս չի գործում:

2. ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդրի կողմից նախատեսվել է մեկ այլ բացառություն ևս, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ և 379-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորումներից: Մասնավորապես՝ եթե առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ապա վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով: Այսինքն՝ անդրադառնալով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքին, որի հիման վրա բեկանում է դատական ակտը, վերաքննիչ դատարանը մյուս հիմքերին այլևս չի անդրադառնում: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վկայակոչված կարգավորման ուժով վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից՝ բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե՝ ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:

3. ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նաև այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում (տե՛ս Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 7.173.134 ՀՀ դրամ, որից վարկի գումարը` 1.987.067,80 ՀՀ դրամ, հաշվարկված տոկոսի գումարը` 633.219,60 ՀՀ դրամ, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսը` 2.611.544,20 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժը` 1.941.292,40 ՀՀ դրամ, 1.987.067,80 ՀՀ դրամ ժամկետանց վարկի մնացորդին հաշվեգրել և բռնագանձել իրենց միջև կնքված պայմանագրի 7.3 կետով նախատեսված տոկոսներ` տարեկան 36% տոկոսադրույքով սկսած 01022024 թվականից մինչև պարտավորության կատարման` վարկի գումարների փաստացի վճարման օրը, 633.219,60 ՀՀ դրամ ժամկետանց տոկոսագումարին հաշվեգրել և բռնագանձել տույժ սկսած 01022024 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ` պայմանագրի 7.2 կետով նախատեսված յուրաքանչյուր ուշացված օրվա համար` չվճարված տոկոսագումարի 0.2% չափով, ինչպես նաև բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող *****3 հասցեում գտնվող անշարժ գույքի ու Համապատասխանողներին պատկանող այլ գույքերի վրա։

Դատարանը 15.05.2024 թվականին որոշել է քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով։

Դատարանի 14082024 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերից հետևում է, որ Համապատասխանողները Դատարանի 14082024 թվականի վճռի դեմ ներկայացնելով վերաքննիչ բողոք, ի թիվ այլնի, նշել են, որ Դատարանը «(…) չի պարզել նաև այն հանգամանքը, որ առկա է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետով սահմանված հանգամանքը, այն է՝ անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ, մասնավորապես պարտքի բռնագանձման, այդ թվում` արտադատական կարգով, գործընթացը չսկսելու դեպքում տուժանքի հաշվարկման ժամանակահատվածը։ (…)»։

Վերաքննիչ դատարանը 06122024 թվականի որոշմամբ մերժել է Համապատասխանողների վերաքննիչ բողոքը, ի թիվ այլնի նշելով հետևյալը «(…) որևէ դիրքորոշում չեն հայտնել այնպիսի հիմքի առկայության վերաբերյալ, որի պայմաններում Դատարանը պարտավոր էր դադարեցնել պարզեցված վարույթը (Վերաքննիչ բողոքը ևս որևէ փաստարկ չի պարունակում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված այնպիսի հիմքի առկայության վերաբերյալ, որի պայմաններում Դատարանը չի դադարեցրել պարզեցված վարույթը) (...)»։

Վերը նշվածից հետևում է, որ Համապատասխանողներն իրենց վերաքննիչ բողոքում որպես պարզեցված վարույթը բացառող հանգամանք վկայակոչել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետը, այն է՝ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ վերաքննիչ բողոքը որևէ փաստարկ չի պարունակում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված այնպիսի հիմքի առկայության վերաբերյալ, որի պայմաններում Դատարանը չի դադարեցրել պարզեցված վարույթը, ըստ էության, չի քննարկել Համապատասխանողների կողմից վերաքննիչ բողոքում վկայակոչված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վերը նշված պատճառաբանությամբ և հիմքով կայացնելով վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածը՝ չանդրադառնալով վերաքննիչ բողոքում վկայակոչված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետով նախատեսված պարզեցված վարույթը բացառող հանգամանքին, այդպիսով խախտելով Համապատասխանողների՝ Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքները։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին ու հիմնավորումներին։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ Համապատասխանողների վերաքննիչ բողոքի վերը նշված հիմքն ու հիմնավորումները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ Համապատասխանողների վճռաբեկ բողոքը բավարարելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 06122024 թվականի որոշումը բեկանվում է, և գործն ուղարկվում է նույն դատարան՝ նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

 

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06122024 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________

1 Առկա է անձնական տվյալ

2 Առկա է անձնական տվյալ

3 Առկա է անձնական տվյալ

 

Նախագահող և զեկուցող

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

 

Է. Սեդրակյան

 

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան