ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1731/04/19 2026 թ. |
| Սնանկության գործ թիվ ՍնԴ/1731/04/19 | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան | |
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի հուլիսի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 20.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ «Իմպերիալ Պալաս Հոթել» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) բողոքը սնանկության գործով ըստ Արմեն Աթանեսյանի դիմումի՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արմեն Աթանեսյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.11.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.01.2023 թվականի որոշմամբ Դատարանի 14․11․2019 թվականի վճռի դեմ «Ֆլեշ» ՍՊԸ‑ի (այսուհետ՝ Կազմակերպություն) նոր հանգամանքով ներկայացրած դատական ակտի վերանայման բողոքը բավարարվել է, Դատարանի 14․11․2019 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 20.09.2023 թվականի որոշմամբ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Ընկերությունը։
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխաններ է ներկայացրել «Արարատբանկ» ԲԲԸ-ն։
2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սահմանադրական դատարանի 18.03.2025 թվականի թիվ ՍԴՈ-1773 որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 20.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու հիմք է, քանի որ այդ որոշմամբ սույն քաղաքացիական գործով դատարանների կիրառած օրենքի դրույթը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն պարտապանը և հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած պարտատերը (պարտատերերը):
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 20.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, նոր հանգամանքի հիմքով վերանայման արդյունքում բեկանել Վերաքննիչ դատարանի 05.01.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.11.2019 թվականի վճռին:
2.1 Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխանների հիմքերը և հիմնավորումները
Սույն սնանկության գործով Ընկերության համար վերջնական դատական ակտ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի 20.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, որի դեմ պետք է ներկայացվեր դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը, մինչդեռ Ընկերության կողմից 16.04.2025 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքը չի համապատասխանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ գլխով նախատեսված պահանջներին և ներկայացվել է Վերաքննիչ դատարանի 05.01.2023 թվականի որոշման դեմ։ Հետագայում Ընկերության կողմից 03.11.2025 թվականին կրկին ներկայացվել է բողոք, սակայն այն պետք է դիտարկվեր որպես լիովին նոր բողոք, քանի որ Ընկերությունը դրանով արդեն պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 20.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, այսինքն՝ 03.11.2025 թվականին ներկայացված բողոքն ակնհայտորեն չի կարող համարվել կրկին ներկայացված բողոք, որպիսի պայմաններում պետք է արձանագրել, որ այն ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո։ Ինչ վերաբերում է բողոքում նշված հիմնավորումներին առ այն, որ բողոքն առաջին անգամ ներկայացվել է 16.04.2025 թվականին և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում վերադարձվելու պարագայում Ընկերությունը հնարավորություն կունենար նոր հանգամանքի հիմքով վերանայման բողոքը ներկայացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամեկտում, ապա պետք է պնդել, որ նշված դիրքորոշումը չի բխում գործի փաստերից, քանի որ Ընկերությունը, օգտվելով իր տնօրինչականության իրավունքից, ի սկզբանե բողոքը ներկայացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով։ Նշվածի արդյունքում անհրաժեշտ է պնդել, որ Ընկերությունը պարզապես վերոնշյալ դիրքորոշմամբ փորձել է քողարկել իր կողմից թույլ տրված ժամկետի բացթողումը, սակայն այն հիմնավորված չէ, ուստի ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդությունը ենթակա էր մերժման։
Բացի այդ, Կազմակերպության կողմից նոր հանգամանքով Դատարանի 14.11.2019 թվականի վճիռը վերանայելու վերաբերյալ բողոքը, և այն Վերաքննիչ դատարանի կողմից 05.01.2023 թվականի որոշմամբ բավարարելը բխել է արդար դատաքննության իրավունքի բուն էությունը չխախտելու նպատակից, քանի որ Դատարանի կողմից Արմեն Աթանեսյանի դիմումը բավարարվել է, ըստ էության, այն պայմանագրից ծագող պարտավորությունների հիմքով, որի առնչությամբ թիվ ԵԴ/8529/02/20 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01.09.2021 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով կեղծ լինելու հիմքով կիրառվել է առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ։ Նման պայմաններում ակնհայտ է, որ իրականում առկա չեն եղել Ընկերությանը սնանկ ճանաչելու հիմքերը, որպիսի պարագայում Դատարանի 14.11.2019 թվականի վճիռը չբեկանելու արդյունքում վնաս կպատճառվի Ընկերության սնանկության գործով պարտատերերի շահերին, այդ թվում՝ իրեն, քանի որ առոչինչ գործարքի հիմքով սնանկ ճանաչված Ընկերության նկատմամբ կդադարի պարտավորությունների հաշվարկը։
Սույն սնանկության գործով ոչ դիմումատու պարտատիրոջ կողմից նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոք ներկայացնելը Սահմանադրական դատարանի դիրքորոշումների հիման վրա պետք է դիտվի res judicata սկզբունքը պահպանելու անհրաժեշտության լույսի ներքո, հակառակ պարագայում Ընկերության պարտատերերը չեն ունենալու իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորություն, ինչի արդյունքում խախտվելու է վերջիններիս սեփականության իրավունքը։
3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 15.10.2019 թվականին Արմեն Աթանեսյանը Ընկերությանը սնանկ ճանաչելու դիմում է ներկայացրել Դատարան (հատոր 1-րդ, գ.թ. 3-18).
2) Դատարանի 14.11.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է, և Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 32-33).
3) 19.07.2022 թվականին Կազմակերպությունը, պատճառաբանելով, որ «14.11.2019թ.‑ին կայացված վճռով սնանկ ճանաչելու դիմումի բավարարման հիմքում դրվել է 31.05.2019թ.-ին կնքված փոխառության պայմանագիրը, մինչդեռ թիվ ԵԴ/8529/02/20 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 01.09.2021թ.-ի վճռով հաստատվել է նշված փոխառության պայմանագրի կեղծ՝ առոչինչ լինելը», Դատարանի 14.11.2019 թվականի վճռի դեմ ներկայացրել է դատական ակտի վերանայման վերաբերյալ բողոք՝ պահանջելով նոր հանգամանքով վերանայել Դատարանի 14.11.2019 թվականի վճիռը, բեկանել և փոփոխել այն՝ Արմեն Աթանեսյանի դիմումը մերժել (հատոր 2-րդ, գ.թ. 3-41, 64-103).
4) Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «գործի նյութերով հիմնավորվել է, որ Ընկերության և Արմեն Աթանեսյանի միջև 31.05.2019 թվականին կնքված վերոնշյալ փոխառության պայմանագրի հիման վրա հաստատելով Ընկերությանը սնանկ ճանաչելու պայմանների առկայությունը՝ վերանայվող դատական ակտով ՀՀ սնանկության դատարանը 14.11.2019 թվականի վճռով Ընկերությանը ճանաչել է սնանկ:
Հետագայում այդ վճռի հիմքում ընկած փոխառության պայմանագիրը ԵԴ/8529/02/20 գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով (տե՛ս բողոքի քննության համար նշանակություն ունեցող 3-րդ փաստը) ճանաչվել է անվավեր, հետևաբար Վերաքննիչ դատարանի գնահատմամբ քննարկվող պարագայում առկա են Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառման համար անհրաժեշտ բոլոր պայմանները», 05.01.2023 թվականի որոշմամբ Կազմակերպության բերած դատական ակտի վերանայման վերաբերյալ բողոքը բավարարել է՝ Դատարանի 14.11.2019 թվականի վճիռը բեկանել է, և գործն ուղարկել է նոր քննության (հատոր 2-րդ, գ.թ. 167-169).
5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը Վերաքննիչ դատարանի 05.01.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը քննել է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքի ու հիմնավորումների շրջանակներում՝ պայմանավորված Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի այնպիսի խախտում թույլ տալով, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, պատճառաբանելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, եզրահանգել է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման (հատոր 4-րդ, գ.թ. 7-11).
6) Սահմանադրական դատարանը, Ընկերության դիմումի հիման վրա քննելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 18.03.2025 թվականի թիվ ՍԴՈ-1773 որոշմամբ արձանագրել է, որ ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն պարտապանը և հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած պարտատերը (պարտատերերը)»՝ միաժամանակ նշելով, որ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ» (ներկայացվել է բողոքին կից).
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։
Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքով կարող են վերանայվել նաև Վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայում է Վճռաբեկ դատարանը՝ նաև գործին մասնակցող անձանց բողոքի հիման վրա։
Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավակարգավորմամբ օրենսդիրը որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու դեպք է նախատեսել նաև այն, երբ թեև Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտնում է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Վերոնշյալից բխում է, որ բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարանն օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն գտնում է, որ այն կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 15.07.2021 թվականի թիվ ՍԴՈ-984 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ Սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը փաստել է, որ դատական ակտը վերանայող դատարանը պարտավոր է ոչ միայն հարուցել վերանայման վարույթ, այլև դրա արդյունքում բեկանել վերանայվող դատական ակտը, այլապես դատական ակտի հիմքում կշարունակվի մնալ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված կամ սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված իրավական նորմը: Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:
Սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, Սահմանադրական դատարանը նշել է, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթը` որպես անձի խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքի վերականգնման միջոց, առաջին հերթին պետք է հանգեցնի իրավունքը խախտած դատական ակտի վերացմանը (բեկանմանը):
Իր հերթին, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ցանկացած վերանայում դրանց կայունության և անփոփոխելիության, կամ որ այն է՝ իրավական որոշակիության (res judicata) սկզբունքի խախտում է: Մինչդեռ օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, երբ առկա են res judicata սկզբունքի հանդեպ գերակա հանգամանքներ, այդ սկզբունքից շեղվելը և օրինական ուժի մեջ մտած ակտերը վերանայելն արդարացված է՝ պայմանով, որ այդ վերանայումը հետապնդի դատական էական սխալներն ուղղելու, արդարադատության չարաշահումները վերացնելու նպատակ (տե՛ս «Հայլեվել» ՍՊԸ-ն ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի և «Վի Առ Էյչ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54054/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.01.2026 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ 15.10.2019 թվականին Արմեն Աթանեսյանն Ընկերությանը սնանկ ճանաչելու դիմում է ներկայացրել Դատարան։
Դատարանի 14.11.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է, և Ընկերությունը ճանաչվել է սնանկ։
19.07.2022 թվականին Կազմակերպությունը Դատարանի 14.11.2019 թվականի վճռի դեմ ներկայացրել է դատական ակտի վերանայման վերաբերյալ բողոք՝ պահանջելով նոր հանգամանքով վերանայել Դատարանի 14.11.2019 թվականի վճիռը, բեկանել և փոփոխել այն՝ Արմեն Աթանեսյանի դիմումը մերժել (տե՛ս փաստ թիվ 3)։
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «գործի նյութերով հիմնավորվել է, որ Ընկերության և Արմեն Աթանեսյանի միջև 31.05.2019 թվականին կնքված վերոնշյալ փոխառության պայմանագրի հիման վրա հաստատելով Ընկերությանը սնանկ ճանաչելու պայմանների առկայությունը՝ վերանայվող դատական ակտով ՀՀ սնանկության դատարանը 14.11.2019 թվականի վճռով Ընկերությանը ճանաչել է սնանկ:
Հետագայում այդ վճռի հիմքում ընկած փոխառության պայմանագիրը ԵԴ/8529/02/20 գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով (տե՛ս բողոքի քննության համար նշանակություն ունեցող 3-րդ փաստը) ճանաչվել է անվավեր, հետևաբար Վերաքննիչ դատարանի գնահատմամբ քննարկվող պարագայում առկա են Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառման համար անհրաժեշտ բոլոր պայմանները», 05.01.2023 թվականի որոշմամբ Կազմակերպության բերած դատական ակտի վերանայման վերաբերյալ բողոքը բավարարել է՝ Դատարանի 14.11.2019 թվականի վճիռը բեկանել է, և գործն ուղարկել է նոր քննության։
Վերաքննիչ դատարանի 05.01.2023 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել նաև Ընկերությունը, որի վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 20.09.2023 թվականի որոշմամբ մերժվել է (տե՛ս փաստ թիվ 5):
Ընկերության կողմից ներկայացված դիմումի հիման վրա 18.03.2025 թվականի թիվ ՍԴՈ-1773 որոշմամբ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին, արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20‑րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն պարտապանը և հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած պարտատերը (պարտատերերը): Միաժամանակ, Սահմանադրական դատարանը նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10‑րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։
Այժմ Ընկերությունը ներկայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 20.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ բողոք՝ պատճառաբանելով, որ Սահմանադրական դատարանի 18.03.2025 թվականի թիվ ՍԴՈ-1773 որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 20.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու հիմք է, քանի որ այդ որոշմամբ սույն քաղաքացիական գործով դատարանների կիրառած օրենքի դրույթը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, սույն սնանկության գործով կիրառվել է Սահմանադրական դատարանի կողմից նշված նորմին տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։
Նման պայմաններում, հաշվի առնելով վերը նշված փաստերը և հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի նույն որոշման 2-րդ կետը, որով արձանագրվել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10‑րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով, ինչպես նաև այն, որ նույն օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, Վճռաբեկ դատարանը բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 20.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 05.01.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը: Անդրադառնալով նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու կամ առանց քննության թողնելու հիմքերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք նշել է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությունը՝ պատճառաբանելով, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի խախտում, քանի որ անտեսել է, որ Կազմակերպությունը սնանկության վարույթի շրջանակներում չի հանդիսացել դիմող կամ դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձ, վերջինս չի ունեցել որևէ շահագրգռվածություն իրեն սնանկ ճանաչելու կամ չճանաչվելու հարցում, հետևաբար ընդհանրապես չէր կարող նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոք ներկայացնել։
Հիմք ընդունելով վճռաբեկ բողոքում նշված վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները, բողոքը վարույթ ընդունելու հիմքերն ու հիմնավորումները, Սահմանադրական դատարանի18.03.2025 թվականի թիվ ՍԴՈ-1773 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն ու եզրահանգումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի պահանջներին, ուստի այն պետք է ընդունել վարույթ:
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխաններում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ և Վճռաբեկ դատարանի 11.03.2026 թվականի «Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշման պատճառաբանություններով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ, 408-րդ, 419-րդ, 426-րդ ու 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 20.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:
2. Թիվ ՍնԴ/1731/04/19 սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.01.2023 թվականի որոշման դեմ «Իմպերիալ Պալաս հոթել» ՍՊԸ-ի բերած վճռաբեկ բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Ս. Մեղրյան Ա. Մկրտչյան Է. Սեդրակյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|