ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/58867/02/22 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (23.07.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.09.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.07.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/58867/02/22

2026 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/58867/02/22

Նախագահող դատավոր՝  Դ Սերոբյան

Դատավորներ՝

 Գ. Խաչատրյան

 Ն. Մարգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է․ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2026 թվականի հուլիսի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)` պարտավորությունը կատարելուն հարկադրելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2411.2025 թվականի «Պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է «Պատասխանողին հարկադրել կատարելու Հայաստանի Հանրապետության, որպես Կառավարման հիմնադիր, որին ներկայացնում է ՀՀ ոստիկանությունը, և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության, որպես Հավատարմագրային կառավարիչ, միջև 2017 թվականի փետրվարի 15-ին կնքված «Գույքի հավատարմագրային կառավարման» ԲԸԱՀԾՁԲ-03/2017 պայմանագրի 3.1.2. կետով սահմանված Հայցվորին վարձատրելու պարտավորությունը, այն է նշված պայմանագրի շրջանակներում 2017 թվականի փետրվարի 15-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 20-ը դրությամբ Հավատարմագրային կառավարչի կողմից ՃԵԿ պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համակարգերի միջոցով նշանակված, սակայն 2022 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ փաստացի չգանձված տուգանքների փաստացի գանձումներից Հայցվորին վճարել նշված տուգանքներով փաստացի գանձումների տասը տոկոսը»։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 1710.2025 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24112025 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ Ընկերության միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը և 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը։

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի բացահայտել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21‑րդ հոդվածի «ա» կետի կիրառման համար անհրաժեշտ պայմանները և չափանիշներն ու պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությունը քննարկելու համար սահմանել է ապացուցողական բարձր շեմ՝ հաշվի չառնելով, որ նման պարագայում որևէ իրավաբանական անձ չի կարող ստանալ պետական տուրքի գծով արտոնություն, քանի որ երբեք չի կարող հիմնավորել վճարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության փաստը, ինչը չի բխում սահմանադրորեն երաշխավորված արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի ապահովումից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 24112025 թվականի «Պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394‑րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 371-րդ հոդվածի 1-ին մասի 1‑ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (․․․):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս Ashingdane v. The United Kingdom թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Dumitru Gheorghe v. Romania թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.09.2016 թվականի վճիռը, կետ 28):

Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ արդարադատության իրականացման շահերի նպատակով անձի նկատմամբ դատարան «մուտք գործելու» համար ֆինանսական սահմանափակում դնելը կարող է արդարացվել։ Դատարանը գտել է, որ քաղաքացիական գործերով տուրքեր վճարելու պահանջը չի կարող դիտվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որն ինքնին անհամատեղելի է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ: Այնուամենայնիվ, դատարանը վերահաստատել է, որ վճարի չափը, որը գնահատվում է կոնկրետ գործի հատուկ հանգամանքների լույսի ներքո, ներառյալ՝ դիմումատուի՝ դրանք վճարելու կարողությունը, և դատավարության փուլը, որով սահմանվել է այդ սահմանափակումը, էական գործոններ են որոշելու, թե արդյոք անձն օգտվում է դատարանի մատչելիության իր իրավունքից, թե՝ ոչ, և արդյոք իր գործը լսվել է դատարանի առջև (տե՛ս, օրինակ, Stankov v. Bulgaria թիվ 68490/01 գանգատով Եվրոպական դատարանի 12.10.2007 թվականի վճիռը, կետ 52)։

Իր հերթին Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է նաև պետական տուրք վճարելու պարտականության և դատարանի մատչելիության իրավունքի հարաբերակցությանը, ու հիմք ընդունելով, որ դատարաններում պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, արձանագրել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Օրենսդիրը կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները՝ կաշկանդված է քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով, մասնավորապես, դատարանի մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ: Oրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից, դատարաններում պետական տուրք գանձելու` պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու` անձի սահմանադրական պարտականության և, մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի օրինավոր շահի միջև (տե՛ս Սահմանադրական դատարանի 25052010 թվականի թիվ ՍԴՈ-890 և 01072022 թվականի թիվ ՍԴՈ-1655 որոշումները

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Այլ կերպ ասած՝ որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե՛ս Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Բողոքարկման իրավունքի և այդ համատեքստում նաև դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները, բացառությամբ հայցադիմումը վերադարձնելու և ընդունումը մերժելու դեպքերի, վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368‑րդ հոդվածի պահանջները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրք վճարողներն իրավունք ունեն (...) դիմել համապատասխան պետական մարմիններ՝ պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար (...):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները՝ պետական տուրքի վճարումից ազատում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի առաջին պարբերության «գ» կետի համաձայն՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները՝ նույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն սահմանվել է պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնության երկու եղանակ՝ օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ։

Առաջին եղանակը դատական պաշտպանություն հայցող սուբյեկտների՝ օրենքի ուժով դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելն է, ուստի բացակայում է դատարանից արտոնություն հայցելու, իսկ վերջինիս կողմից իր արտոնություն տրամադրելու լիազորությունը կիրառելու անհրաժեշտությունը:

Երկրորդ եղանակը դատարանի կողմից կայացվող որոշմամբ պետական տուրք վճարելու պարտականությունից ազատելն է՝ դատական պաշտպանություն հայցող սուբյեկտի կողմից համապատասխան միջնորդություն ներկայացվելու դեպքում՝ հիմք ընդունելով այդ անձի գույքային դրությունը: Այլ կերպ ասած՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը լիազորում է դատարաններին և դատավորներին սահմանելու պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություն՝ բայց անձի գույքային դրության հաշվառմամբ, եթե անձն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրքի վճարման պարտականությունից (տե´ս Էրիկ Եղինյանն ընդդեմ «Սի-Էմ-Ջի» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/4095/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.102021 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով և զարգացնելով իր նախկին որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ դատարանները պետական տուրքի մասով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս, որպես ուղղորդող չափանիշներ պետք է հիմք ընդունեն (1) վիճելի իրավահարաբերության բնույթը, (2) վճարման ենթակա պետական տուրքի չափը, (3) գույքային դրության վերաբերյալ քաղաքացիական գործի հանգամանքները, (4) կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցների չափը։ Դատարանները պետական տուրքի արտոնություն կարող են կիրառել, եթե միջնորդություն ներկայացրած անձն ապացուցում է իր անբարենպաստ գույքային դրությունը, որի համար, ի տարբերություն ապացուցման ընդհանուր կանոնի, գործնականում դատարանը պետք է կիրառի ավելի մեղմ չափանիշ՝ բավարար համարելով անուղղակի ապացույցների առկայությունը (տե՛ս Սիմոն և Մելսինա Խաչիկյաններն ընդդեմ «Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի թիվ ՍԴ/0393/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ յուրաքանչյուր դեպքում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառումը պետք է հիմնվի դատարանի ներքին համոզման վրա (սուբյեկտիվ չափորոշիչ), որը, սակայն, ձևավորվում է ապացույցների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտման վրա (օբյեկտիվ չափորոշիչ): Բացի այդ, ներքին համոզման հիման վրա ապացույցների գնահատումը, որպես ապացուցման գործընթացի բաղկացուցիչ մաս, չպետք է լինի կամայական, այլ պետք է ուղղված լինի քաղաքացիական դատավարության նպատակների իրականացմանը, որոնցից ամենահիմնականը` իրավունքի սուբյեկտների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է (տե´ս «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ, Ռոբերտ, Անահիտ Ափինյանների, Սիրանուշ Ծատինյանի և Հասմիկ, Ռոբերտ, Անահիտ Ափինյաններն ու Սիրանուշ Ծատինյանն ընդդեմ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու միջնորդություն ներկայացված լինելու ցանկացած դեպքում դատարանները պետք է գնահատման առարկա դարձնեն պետական տուրք վճարելու անձի ունակությունը՝ ուսումնասիրելով գործի՝ միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությանն առնչվող հանգամանքները, ինչպես նաև միջնորդությանը կից ներկայացված՝ պետական տուրքի գծով արտոնություն ստանալու անհրաժեշտությունը հիմնավորող ապացույցները:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը, դիմելով դատարան, պահանջել է «Պատասխանողին հարկադրել կատարելու Հայաստանի Հանրապետության, որպես Կառավարման հիմնադիր, որին ներկայացնում է ՀՀ ոստիկանությունը, և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության, որպես Հավատարմագրային կառավարիչ, միջև 2017 թվականի փետրվարի 15-ին կնքված «Գույքի հավատարմագրային կառավարման» ԲԸԱՀԾՁԲ‑03/2017 պայմանագրի 3.1.2. կետով սահմանված Հայցվորին վարձատրելու պարտավորությունը, այն է նշված պայմանագրի շրջանակներում 2017 թվականի փետրվարի 15-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 20-ը դրությամբ Հավատարմագրային կառավարչի կողմից ՃԵԿ պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համակարգերի միջոցով նշանակված, սակայն 2022 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ փաստացի չգանձված տուգանքների փաստացի գանձումներից Հայցվորին վճարել նշված տուգանքներով փաստացի գանձումների տասը տոկոսը»։

Դատարանի 17102025 թվականի վճռով հայցը մերժվել է։

Դատարանի 1710.2025 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ընկերությունը` դրանում ներառելով նաև պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդություն, որով հայտնել է, որ «Հայցվորը բողոքը ներկայացնելու պահին հնարավորություն չունի պետական տուրքը վճարել պատճառով, որ Հայցվորի մոտ իսպառ բացակայում են համապատասխան միջոցները, ինչը հավաստվում է կից ներկայացվող տեղեկանքներով, մասնավորապես համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված տեղեկանքի՝ Ընկերության անվամբ որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ, համաձայն ՀՀ կենտրոնական բանկից ստացված պատասխան գրության՝ ՀՀ-ում կա գործող 17 բանկ, իսկ բանկերից ստացված տեղեկանքների համաձայն՝ Ընկերությունը 15 բանկերում չունի հաշվեհամար, ունի միայն «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում, որոնցում առկա չեն դրամական միջոցներ։ Ընկերությունը չունի նաև որևէ իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցներ, ինչը հավաստվում է լիազոր մարմնի կողմի ստացված գրությամբ։ Բացի այդ, Հայցվոր ընկերությունը հայցադիմումում վկայակոչած պայմանագրով գործունեության դադարեցումից անմիջապես հետո ստիպված է եղել դադարեցնել իր գործունեությունը, (․․․ (հատոր 1-ին, գթ 124-126):

Վերը նշված միջնորդությամբ վկայակոչված հանգամանքները հիմնավորելու համար Ընկերությունը վերաքննիչ բողոքին կցել է նաև՝

1) «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի, «Արարատբանկ» ԲԲԸ-ի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, «ԱրմսվիսԲանկ» ՓԲԸ-ի, «Արցախբանկ» ՓԲԸ-ի, «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի, «ԷվոկաԲանկ» ԲԲԸ-ի, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի, «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի, «Յունիբանկ» ԲԲԸ-ի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքներ, որոնցով հաստատվում է, որ Ընկերությունը չի հանդիսանում նշված բանկերի հաճախորդ ու չունի հաշիվներ, դրամական միջոցներ, ավանդներ և պարտավորություններ,

2) «Ակբա Բանկ» ԲԲԸ-ի և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքներ, որոնցով հաստատվում է, որ Ընկերության՝ նշված բանկերում ունեցած հաշվեհամարում առկա չեն դրամական միջոցներ,

3) Կադաստրի կոմիտեի կողմից 01102025 թվականին տրված տեղեկանք, որով հաստատվում է, որ Ընկերության անվամբ որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ,

4) Ընկերության տնօրեն Վ Ավետյանի կողմից 15102025 թվականին տրված տեղեկանք, որով հաստատվում է, որ Ընկերությունը ՀՀ-ում և որևէ այլ երկրում չունի անկանխիկ ու կանխիկ դրամական միջոցներ, ինչպես նաև վճարային այլ միջոցներ,

5) Նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ Ս Սարդարյանի կողմից տրված տեղեկանք, որով հաստատվում է, որ Ընկերության անվամբ գրանցված և հաշվառված տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև գյուղատնտեսական ու շինարարական տեխնիկայի հաշվառված լինելու վերաբերյալ գրառումներ չկան (հատոր 1-ին, գթ 129-148)։

Վերաքննիչ դատարանի 24112025 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «այն չի կարող բավարարվել, քանի որ միջնորդությանը կից ներկայացված ապացույցները բավարար չեն Վերաքննիչ դատարանի համար գալու այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել պետական տուրքի վճարումից ազատվելու մասին արտոնությունը, հետևաբար՝ քննարկվող միջնորդությունը ենթակա է մերժման»։

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Ընկերությունը վերաքննիչ բողոքում ներառված՝ պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությամբ վկայակոչված հանգամանքները, մասնավորապես՝ իր կողմից պետական տուրքը վճարելու հնարավորության բացակայության փաստը հիմնավորելու համար վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում գործող թվով 17 բանկերի, Կադաստրի կոմիտեի, Ընկերության տնօրենի, ինչպես նաև Նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի կողմից տրված տեղեկանքները, որոնցով հիմնավորվում է Ընկերության մոտ դրամական միջոցների, անշարժ ու շարժական գույքերի բացակայության փաստը, ինչն էլ, իր հերթին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31‑րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի իմաստով հիմք է դատարանի կողմից նույն օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետով սահմանված պետական տուրքի գծով արտոնությունը սահմանելու համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանները պետական տուրքի գծով արտոնություն կարող են կիրառել, եթե միջնորդություն ներկայացրած անձն ապացուցում է իր անբարենպաստ գույքային դրությունը, որի համար դատարանը պետք է կիրառի ապացուցման ավելի մեղմ չափանիշ՝ բավարար համարելով անուղղակի ապացույցների առկայությունը, իսկ տվյալ դեպքում Ընկերության կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է վերջինիս անբարենպաստ գույքային դրությունը, մասնավորապես՝ պետական տուրք վճարելու համապատասխան միջոցների բացակայությունը։

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, վերը նշված ապացույցները գնահատելով ոչ բավարար պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու համար, ըստ էության, Ընկերությանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետից չբխող պահանջ՝ նրան զրկելով Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կառուցվածքային տարրերից մեկը հանդիսացող բողոքարկման իրավունքի լիարժեք իրացման հնարավորությունից։

Շարադրվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 371-րդ հոդվածի 1-ին մասի 1‑ին կետի այնպիսի խախտում թույլ տալը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Այսպիսով Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու` Վերաքննիչ դատարանի 2411.2025 թվականի «Պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար: Ընդ որում, նշված որոշումը վերացվելու դեպքում վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ենթակա է վարույթ ընդունման, եթե բացակայեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2411.2025 թվականի «Պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Ս. Մեղրյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. Մկրտչյան

Է ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան