ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/1143/02/24 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/1143/02/24 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
| զեկուցող |
Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆՆ. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
|
Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի հուլիսի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով Պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ «Արմտեքստիլ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Նախարարության՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել թիվ «ԳՀԱՊՁԲ-23-22/6-2» ծածկագրով գնման պայմանագիրը Նախարարության կողմից միակողմանի լուծելու մասին 26.01.2024 թվականի որոշումը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 16.05.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.01.2025 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.05.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ Կառավարության 04․05․2017 թվականի թիվ 526-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված հավելվածի 109-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 408-րդ 422-րդ, 466-րդ, 528-րդ, 538-րդ և 546-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-66-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ կողմերի միջև կնքված պայմանագրի առկայության պայմաններում Ընկերությունը պարտավոր էր մատակարարել պայմանագրին համապատասխանող ապրանք, և եթե պայմանագրում նշված է ապրանքի կոնկրետ հատկանիշ, ապա պատվիրատուի համար ընդունելի է միայն հենց այդ հատկանիշով ապրանք: Այլ կերպ ասած՝ ապրանքը մատակարարելիս մատակարարը պետք է ուղղորդվի բացառապես պայմանագրով, այլ ոչ՝ ապրանքի որևէ հատկանիշի վերաբերյալ իր սեփական կարծիքով:
Ընկերությունը նշել է, որ 279մմ չափսը չի կարող ապրանքի օգտագործման համար հարմար լինել, մինչդեռ նման դիրքորոշման առկայության պարագայում պարզ չէ, թե ինչու վերջինս չի օգտվել տեխնիկական բնութագիրը բողոքարկելու հնարավորությունից։ Ընկերությունը, չժխտելով առկա անհամապատասխանությունների փաստը, նշել է, որ իր առաջարկած ապրանքներն ավելի բարձր որակի են և պետք է ընդունվեն Նախարարության կողմից, սակայն այդ դիրքորոշումն ընդունելի չէ, քանի որ կստացվի, որ կնքված պայմանագիրն ունի ձևական բնույթ։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գնման առարկայի առանցքային (անկյունաքարային) նշանակություն ունեցող տեխնիկական չափորոշիչների մասով իրական և վերջնական գնահատական կարող է տրվել միայն համապատասխան մասնագետների կողմից: Նշված պնդումը վերաբերում է նաև Վերաքննիչ դատարանի՝ ծնկակապի բարձիկի երկարությունը գնման առարկայի տեխնիկական բնութագրի առանցքային տարր չհանդիսանալու վերաբերյալ եզրահանգմանը:
Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ տեխնիկական բնութագրի մեջ պետք է առանձնացվեն առանցքային և ոչ առանցքային տարրերը, ու մատակարարված ապրանքը պատվիրատուն կարող է չընդունել միայն այն դեպքում, եթե մատակարարված ապրանքի չափորոշիչները չեն համապատասխանում ապրանքի տեխնիկական բնութագրի առանցքային տարրերին, անհիմն է, քանի որ նշված դիրքորոշման հիմքում Վերաքննիչ դատարանը որևէ իրավական նորմ չի վկայակոչել: Բացի այդ, նշված ոլորտը կարգավորող իրավական նորմերով նույնպես պատվիրատուի համար առկա չէ որևէ պարտավորություն ապրանքը չընդունելու միայն այն դեպքում, երբ դրա չափորոշիչները չեն համապատասխանում տեխնիկական բնութագրով սահմանված այս կամ այն առանցքային չափորոշիչներին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.01.2025 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Նախարարության՝ ի դեմս նախարարի տեղակալ Կ․ Բրուտյանի (այսուհետ նաև՝ Գնորդ), և Ընկերության՝ ի դեմս տնօրեն Ա․ Գրիգորյանի (այսուհետ նաև՝ Վաճառող), միջև 12.05.2023 թվականին կնքվել է պետության կարիքների համար ապրանքի մատակարարման թիվ ԳՀԱՊՁԲ-23-22/6-2 պայմանագիրը (այսուհետ նաև՝ Պայմանագիր), որով Վաճառողը պարտավորվել է Պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով Գնորդին մատակարարել Պայմանագրի թիվ 1 հավելվածով՝ Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված ապրանքը, իսկ Գնորդը պարտավորվել է ընդունել ապրանքը և վճարել դրա համար։
Պայմանագրի 2.1.7-րդ կետի համաձայն՝ գնորդն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը:
Պայմանագրի 2.1.7.1-ին կետի համաձայն՝ վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե
ա) մատակարարվել է անպատշաճ որակի ապրանք, որը չի կարող փոխարինվել Գնորդի համար ընդունելի ժամկետում,
բ) ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 20 օրից ավելի (հատոր 1-ին, գ․ թ. 17-21).
2) Պայմանագրի 1-ին հավելվածի տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով սահմանված` գնման առարկայի տեխնիկական ցուցանիշներն են՝ պաշտպանիչ հանդերձանք (ծնկակապեր) պլաստիկե 127x177x44±5մմ բաժակ, բարձիկ՝ 190x279x57±10մմ և պաշտպանիչ հանդերձանք (արմնկակապեր) պլաստիկե 105x80x37±3մմ բաժակ, բարձիկ՝ 165x140±5մմ (հատոր 1-ին, գ․ թ. 22, 23).
3) Ընկերության տնօրեն Ա. Գրիգորյանը ՀՀ ԶՈՒՀԶ և ՀՎ Պետ-Վարչության պետ գեներալ-մայոր Գ. Նիկոյանին 21.08.2023 թվականի գրությամբ հայտնել է, որ «ՀՀ ՊՆ և մեր ընկերության միջև 12․05․2023թ-ին կնքված թիվ ԳՀԱՊՁԲ-23-22/6-2 պայմանագրի շրջանակներում ընկերությունը պետք է մատակարարի՝
-պաշտպանիչ հանդերձանք (ծնկակապեր) 1000 հատ,
-պաշտպանիչ հանդերձանք (արմնկակապեր) 1000 հատ:
Հայտնում ենք Ձեզ այն մասին, որ նշված ապրանքատեսակները պատրաստ են մատակարարման համար։ Խնդրում եմ Ձեր հանձնարարականը հանձնում-ընդունումը կազմակերպելու համար» (հատոր 1-ին, գ․ թ. 32).
4) ՀՀ ԶՈՒՀԶ և ՀՎ Պետ-Վարչության պետ գեներալ-մայոր Գ. Նիկոյանն Ընկերության տնօրեն Ա․ Գրիգորյանին 28․08․2023 թվականի գրությամբ՝ ի պատասխան 21.08.2023 թվականի գրության, հայտնել է, որ «ներկայացված պաշտպանիչ հանդերձանքը (արմնկակապեր և ծնկակապեր) չի համապատասխանում ՀՀ ՊՆ և «Արմտեքստիլ» ՍՊ ընկերության միջև 2023թ․ մայիսի 12-ին կնքված NԳՀԱՊՁԲ-23-22/6-2 պայմանագրի տեխնիկական բնութագրերին (ցուցանիշներին)։ Առաջարկում եմ նշված ապրանքատեսակները վերստին ներկայացնել՝ պայմանագրի տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխանեցնելուց հետո» (հատոր 1-ին, գ․ թ. 33).
5) Ընկերության տնօրեն Ա. Գրիգորյանը ՀՀ ԶՈՒՀԶ և ՀՎ Պետ-Վարչության պետ գեներալ-մայոր Գ. Նիկոյանին 28.08.2023 թվականի գրությամբ հայտնել է, որ «(...) Ծնկակապի բնութագրում նշված է բարձիկի չափս՝ 190x279x57±10մմ։ Հայտնում ենք ձեզ այն մասին, որ բնութագրում նշված 279 մմ չափսը, որը ինչպես պարզվել է ապրանքի բարձրությունն է, ոչ մի կերպ չի կարող հարմար լինել ապրանքի օգտագործման համար, ինչը փաստում են նաև միջազգային ստանդարտները և այն չի համապատասխանում աշխարհի առաջատար բանակների ծնկակապերի չափսերի հետ, որոնք են (ԵxԼxԲ)190x179x57±10մմ։ Մեր ընկերությունը առաջարկում է «Ծնկակապեր» և «Արմնկակապեր» միջազգային ստանդարտների համապատասխան՝ (ԵxԼxԲ)190x179x57±10մմ։ Ապրանքատեսակի արտադրությունը՝ 279մմ բարձրության կարող է առաջացնել անհարմարություն զինվորի օգտագործման համար, մասնավորապես՝ հագնելիս զինվորը ծնկի ծալման ժամանակ կունենա անհարմարություն ծնկակապի մեծ բարձրության պատճառով։ Իսկ մեր առաջարկած ապրանքատեսակը միջազգային չափորոշիչներով է, ավելի արդյունավետ է օգտագործվում, ավելի կոմպակտ է և չափսը ունիվերսալ է բոլորի համար։ Վերոգրյալով պայմանավորված և հաշվի առնելով, որ մեր առաջարկած ապրանքատեսակը ավելի լավն է, խնդրում ենք Ձեր հանձնարարականը՝ ընդունելու առաջարկված ապրանքատեսակը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման 109-րդ կետի պահանջները» (հատոր 1-ին, գ․ թ. 34).
6) Ընկերության տնօրեն Ա. Գրիգորյանը ՀՀ ԶՈՒՀԶ և ՀՎ Պետ-Վարչության պետ գեներալ-մայոր Գ. Նիկոյանին 13.10.2023 թվականի գրությամբ հայտնել է, որ «(...) Մեր կողմից առաջարկված ապրանքները որակապես և հարմարավետությամբ գերազանցում է պայմանագրի տեխնիկական բնութագրով նախատեսված ապրանքատեսակին, ուստի եթե ՀՀ պաշտպանության նախարարությունը կիրառի ՀՀ Կառավարության 04.05.2017թ․ թիվ 526-Ն որոշման 109-րդ կետի պահանջները, պատրաստ ենք մատակարարել այդ ապրանքատեսակը պայմանագրով սահմանված ապրանքատեսակի փոխարեն» (հատոր 1-ին, գ․ թ. 65).
7) ՀՀ ԶՈՒ ՀԶ և ՀՎ Պետ-վարչության պետի ժ/պ Գ. Բաղդասարյանն Ընկերության տնօրեն Ա․ Գրիգորյանին 24.10.2023 թվականի գրությամբ՝ ի պատասխան Ընկերության 13․10․2023 թվականի գրության, հայտնել է, որ «ԶՈՒ ՀԶ և Հ վարչությունը չի առարկում Ձեր կողմից մատակարարվող պաշտպանիչ հանդերձանքը (արմնկակապեր և ծնկակապեր) ընդունել կենտրոնական պահեստ՝ ՀՀ ՊՆ և «Արմտեքստիլ» ՍՊ ընկերության միջև 2023թ․ մայիսի 12-ին կնքված NԳՀԱՊՁԲ-23-22/6-2 պայմանագրին կից տեխնիկական բնութագրերում ներառված նկարի ձևանմուշին համապատասխան, սակայն դրանք պետք է համապատասխանեն տեխնիկական բնութագրի պահանջներին, մասնավորապես՝ ծնկակապերի չափսերը պետք է լինեն ընդերկայնական՝ 279մմ, ընդլայնական՝ 190մմ, թույլատրելի շեղումը՝ 10մմ, արմնկակապերի չափսերը՝ ընդերկայնական՝ 165մմ, ընդլայնական՝ 140մմ, թույլատրելի շեղումը՝ 5մմ, ընդ որում՝ հանդերձանքի տարրերը պետք է համապատասխանեն նկարի ձևանմուշին։ (...)։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է ապրանքը համապատասխանեցնել պայմանագրի պայմաններին» (հատոր 1-ին, գ․ թ. 64).
8) Ընկերության տնօրեն Ա. Գրիգորյանը Պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանին 19.10.2023 թվականի գրությամբ հայտնել է, որ « - Ծնկակապի բնութագրում նշված է բարձիկի չափս՝ 190x279x57±10մմ։ Հայտնում ենք ձեզ այն մասին, որ բնութագրում նշված 279 մմ չափսը, որը ինչպես մեկնաբանում է ապրանքն ընդունող վարչությունը, ապրանքի բարձրությունն է, սակայն ոչ մի կերպ նշված չէ պայմանագրով, չի կարող հարմար լինել ապրանքի օգտագործման համար, ինչը փաստում են նաև միջազգային ստանդարտները և այն չի համապատասխանում աշխարհի առաջատար բանակների ծնկակապերի չափսերի հետ, որոնք են (ԵxԼxԲ)190x179x57±10մմ։
- չափսեր նշված են նաև արմնկակապերի բնութագրով, սակայն այս դեպքում ընդունողը այլ կերպ է մեկնաբանում չափսերի հերթականությունը։
Այսինքն՝ պայմանագրով նշված են չափսեր, առանց այդ չափսերի մեկնաբանության, թե որն է երկարությունը կամ լայնությունը, իսկ ընդունող վարչությունը այդ չափսերը մեկնաբանում է բանավոր, առանց հիմնավորելու թե ինչպես է ստացվում, որ արմնկակապերի չափսը մեկնաբանվում է (ԵxԼxԲ), իսկ ծնկակապի դեպքում՝ (ԼxԵxԲ)։ (...)։
Մեր ընկերությունն առաջարկում է «Ծնկակապեր» և «Արմնկակապեր» միջազգային ստանդարտներին և պայմանագրի նկարին համապատասխան։ Ապրանքատեսակների արտադրությունը ՀՀ ԶՈՒ հրետանու վարչության մեկնաբանության և պայմանագրով սահմանված չափսերի դեպքում կարող են առաջացնել անհարմարություն զինվորի օգտագործման համար, ոչ պիտանի են ՀՀ ՊՆ կարիքների համար։ (...)։
Վերոգրյալը ամփոփելով հայցում ենք Ձեր կարգադրությունը, ընդունելու մեր առաջարկված ապրանքատեսակը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017 թ․ թիվ 526-Ն որոշման 109-րդ կետի պահանջները, քանի որ հստակ է, որ մեր ապրանքը ավելի լավն է քան օգտագործման համար ոչ պիտանի կամ հայոց բանակի զինվորին ոչ հարմար ապրանքը, կամ էլ պայմանագրի համապատասխան կետի համաձայն փոխադարձ համաձայնությամբ լուծելու պայմանագիրը՝ այդպիսի բնութագրով ապրանքի կարիքի բացակայության պատճառով։ (...)»
(հատոր 1-ին, գ․ թ. 30).
9) Պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանն Ընկերության տնօրեն Ա․ Գրիգորյանին 26.10.2023 թվականի գրությամբ՝ ի պատասխան 19․10․2023 թվականի գրության, հայտնել է, որ «ապրանքների ամբողջական նկարագրերը ներառվել են, համաձայն «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 50-րդ կետի պահանջների, ընտրված մասնակցի՝ «Արմտեքստիլ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված և գնահատող հանձնաժողովի կողմից բավարար գնահատված առաջարկի։ Ելնելով վերոգրյալից՝ հայտնում եմ, որ մատակարարվող ապրանքները պետք է համապատասխանեն ԳՀԱՊՁԲ-23-22/6-2 առ 12.05.2023թ. կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին» (հատոր 1-ին, գ․ թ. 29).
10) 14.11.2023 թվականի թիվ 2 արձանագրությամբ նշվել է, որ «2023թ. նոյեմբերի 14-ին՝ «Արմտեքստիլ» ՍՊ ընկերության կողմից, համաձայն 12.05.2023թ. կնքված ԳՀԱՊՁԲ-23-22/6-2 պայմանագրի, ՀՀ ԶՈՒ ՀԶ և Հ վարչության կենտրոնական պահեստ է մատակարարվել՝ պաշտպանիչ հանդերձանքի (արմնկակապեր և ծնկակապեր) խմբաքանակը, որի ի պահ ընդունման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ մատակարարված ապրանքը չի համապատասխանում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրի պահանջներին: Անհամապատասխանությունը հետևյալն է.
1. պաշտպանիչ հանդերձանքի (արմնկակապեր և ծնկակապեր) բարձիկի և ABS պլաստիկե բաժակի չափերը չի համապատասխանում տեխնիկական բնութագրում նշված չափսերին:
Եզրակացություն. պաշտպանիչ հանդերձանքը (արմնկակապեր և ծնկակապեր) չի համապատասխանում պայմանագրին կից տեխնիկական բնութագրի պահանջներին, ինչի հետևանքով մատակարարված ամբողջ խմբաքանակը վերադարձվում է մատակարարին» (հատոր 1-ին, գ․ թ. 31).
11) Պաշտպանության նախարարի տեղակալ Կ․ Բրուտյանն Ընկերության տնօրեն Ա․ Գրիգորյանին 26.01.2024 թվականի գրությամբ հայտնել է, որ «(...)«Արմտեքստիլ» ՍՊԸ-ն վերոհիշյալ ապրանքները մատակարարել է 14.11.2023թ․-ին, որոնք չեն համապատասխանել Պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրերի պահանջներին:
Հիմք ընդունելով Պայմանագրի 2.1.7.1 կետի «ա» ենթակետը (մատակարարվել է անպատշաճ որակի ապրանք, որը չի կարող փոխարինվել գնորդի համար ընդունելի ժամկետում) և «բ» ենթակետը (ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 20 օրից ավելի)՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2024թ. հունվարի 26-ին, միակողմանի ամբողջությամբ, լուծել է վերոնշյալ պայմանագիրը: (...)» (հատոր 1-ին, գ․ թ. 35):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Որոշմամբ հաստատված հավելվածի 109-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 485-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել առուվաճառքի պայմանագրին համապատասխանող որակի ապրանք:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ առուվաճառքի պայմանագրում ապրանքի որակի մասին պայմանների բացակայության դեպքում վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել ապրանք, որը պիտանի է այն նպատակներին, որոնց համար այդ տեսակի ապրանքը սովորաբար օգտագործվում է:
Եթե պայմանագիրը կնքելիս գնորդը վաճառողին տեղեկացրել է ապրանքը ձեռք բերելու կոնկրետ նպատակների մասին, վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել այդ նպատակներին համապատասխան օգտագործելու համար պիտանի ապրանք:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նմուշով և (կամ) նկարագրով ապրանք վաճառելիս վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել նմուշին և (կամ) նկարագրին համապատասխանող ապրանք:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ եթե օրենքով սահմանված կարգով նախատեսված են վաճառվող ապրանքի որակին առաջադրվող պարտադիր պահանջներ, ապա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել այդ պարտադիր պահանջներին համապատասխանող ապրանք:
Վաճառողի և գնորդի համաձայնությամբ կարող է հանձնվել օրենքով նախատեսված կարգով սահմանված պարտադիր պահանջների համեմատությամբ որակի առավել բարձր պահանջների համապատասխանող ապրանք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 533-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գնորդը (ստացողը), ում մատակարարվել են անպատշաճ որակի ապրանքներ, իրավունք ունի մատակարարին ներկայացնել նույն օրենսգրքի 491 հոդվածով նախատեսված պահանջները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 491-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ եթե վաճառողն ապրանքի թերությունների մասին նախապայման չի սահմանել, ապա գնորդը, ում հանձնված է անպատշաճ որակի ապրանքը, իրավունք ունի վաճառողից, իր ընտրությամբ, պահանջել` 1) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը, 2) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու ապրանքի թերությունները, 3) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու համար իր կրած ծախսերը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական խախտումների դեպքում (չվերացվող թերությունների, ինչպես նաև այնպիսի թերությունների, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո, և նման բնույթի այլ թերություններ) գնորդն իրավունք ունի, իր ընտրությամբ` 1) հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը, 2) պահանջել փոխարինելու անպատշաճ որակի ապրանքը` պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանել է, որ գնորդը (ստացողը), ում մատակարարվել են անպատշաճ որակի ապրանքներ, իրավունք ունի մատակարարին ներկայացնել նույն օրենսգրքի 491-րդ հոդվածով նախատեսված պահանջները: Օրենսդիրը նախատեսել է անպատշաճ որակի ապրանք հանձնելու դեպքում գնորդի իրավունքները՝ նախատեսելով տարբերակված մոտեցում կախված այն հանգամանքից, թե առկա են ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական, թե ոչ էական խախտումներ: Մասնավորապես՝ բոլոր այն դեպքում, երբ գնորդին հանձնված է անպատշաճ որակի ապրանքը, ապա, օրենսդիրը իրավունք է ընձեռել գնորդին ոչ պատշաճ որակի ապրանքի դեպքում իր ընտրությամբ վաճառողին ներկայացնել նույն հոդվածում նախատեսված պահանջներից որևէ մեկը. համաչափ պակասեցնել ապրանքի գինը, ողջամիտ ժամկետում անհատույց վերացնել ապրանքի թերությունները, ինչպես նաև հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու համար իր կրած ծախսերը: Իսկ այն դեպքում երբ առկա են ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական խախտումներ, այն է՝ չվերացվող թերությունները, ինչպես նաև այնպիսի թերությունները, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո, և նման բնույթի այլ թերություններ, ապա օրենսդիրը գնորդին իրավունք է վերապահել իր ընտրությամբ` հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը կամ պահանջել փոխարինելու անպատշաճ որակի ապրանքը` պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով (տե՛ս «Լենտեքս» ՍՊԸ-ն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի թիվ ԵԴ2/0918/02/24 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.11.2025 թվականի որոշումը):
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի բողոքարկելու պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը բողոքարկելու գնման առարկայի բնութագրերը, նախաորակավորման հայտարարության կամ հրավերի պահանջները:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. գնման առարկա` գնվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը։
Նույն հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. գնման առարկայի բնութագիր` գնման առարկայի հատկանիշներ, դրանց ձեռքբերման և վճարման պայմաններ:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գնման առարկայի բնութագրերը պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրեն ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրանց ձեռքբերման և վճարման պայմանները` բացառելով տարակերպ մեկնաբանությունը: Գնման առարկայի բնութագրերը, որոնք ներառում են նաև պայմանագրի գինը, ընդգրկվում են պայմանագրում:
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ գնման առարկայի բնութագրերը պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք լինեն այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը։
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ գրավոր պահանջելու հրավերի պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է գրավոր` հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է նույն հոդվածով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև, եթե հարցումը դուրս է հրավերի բովանդակության շրջանակից: Ընդ որում, մասնակիցը գրավոր ծանուցվում է պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին` հարցումը ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի բողոքարկելու գնման առարկայի բնութագրերը, նախաորակավորման հայտարարության կամ հրավերի պահանջները մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը: Գնման առարկայի բնութագրերը, որոնք պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրեն ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրանց ձեռքբերման և վճարման պայմանները` բացառելով տարակերպ մեկնաբանությունը, ընդգրկվում են պայմանագրում: Գնման առարկայի բնութագրերը պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք լինեն այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ գրավոր պահանջելու հրավերի պահանջներում առկա անորոշությունների պարզաբանում։ Սահմանված ժակետի խախտմամբ, ինչպես նաև հրավերի բովանդակության շրջանակից դուրս կատարված հարցման դեպքում պարզաբանում չի տրամադրվում: Ընդ որում, հարցումը ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում մասնակիցը գրավոր ծանուցվում է պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին (տե՛ս Լենտեքս» ՍՊԸ-ն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի թիվ ԵԴ2/0918/02/24 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.11.2025 թվականի որոշումը):
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ բացառությամբ նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք` որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված ցուցակը, այդ թվում՝ ռուսերեն, վարում և հրապարակում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա: Նույն մասում նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն տրամադրվում է լիազորված մարմնին և մասնակցին: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված և չավարտված դատական գործի առկայության դեպքում` տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, եթե դատական քննության արդյունքով որոշման կատարման հնարավորությունը չի վերացել: Մասնակիցը նշված ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով։
Որոշմամբ հաստատված հավելվածի 108-րդ կետի համաձայն՝ պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության (այսուհետ՝ արձանագրություն) ստորագրմամբ, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:
Նույն հավելվածի 109-րդ կետի համաձայն՝ արձանագրությունն ստորագրվում է, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչի (ներկայացուցիչների) գրավոր դրական եզրակացությունը: Նույն կետում նշված անձը պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ տալիս է դրական եզրակացություն, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում են պայմանագրի պայմաններին կամ մատակարարված ապրանքի որակական հատկանիշները գերազանցում են պայմանագրով սահմանված պահանջները՝ ապահովելով կարիքի բավարարումը: Պայմանագրով սահմանված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետների խախտման դեպքերում տրվում է դրական եզրակացություն, եթե պատվիրատուի կողմից չի ընդունվում պայմանագիրը լուծելու մասին որոշում: Ընդ որում, եզրակացությունը տրամադրվում է ոչ շուտ, քան պայմանագրով արձանագրության հաստատման համար սահմանված վերջնաժամկետին նախորդող աշխատանքային օրը: Նույն կարգի 50-րդ կետով նախատեսված ֆիզիկական անձը մինչև նույն կետով նախատեսված եզրակացությունը հաստատվելու օրը պատասխանատու ստորաբաժանմանը գրավոր ներկայացնում է դիրքորոշում՝ մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության՝ պայմանագրի պահանջներին համապատասխանության մասին: Եզրակացության տրամադրման համար սահմանված վերջնաժամկետից հետո ներկայացված դիրքորոշումը չի քննարկվում պատասխանատու ստորաբաժանման կողմից: Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը գործընթացին մասնակցելու մասին ֆիզիկական անձին տեղեկացնում է հանձնման-ընդունման նպատակով պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնվելուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Եթե ներկայացված դիրքորոշումը՝
1) դրական է, ապա դրա մասին եզրակացության մեջ կատարվում է համապատասխան նշում.
2) բացասական է, սակայն պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցիչը չի ընդունում առարկությունը, ապա վերջինիս կողմից տրվում է դրական եզրակացություն, իսկ առարկությունները քննարկվում են պատասխանատու ստորաբաժանման և պայմանագիրը կնքած անձի կողմից, անհրաժեշտության դեպքում, դրան մասնակից դարձնելով նաև առաջարկությունները ներկայացրած ֆիզիկական անձին: Քննարկման արդյունքներն արձանագրվում են, կազմվում է ամփոփաթերթ, որն ստորագրվում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման հայտը նախագծած ներկայացուցչի կողմից: Քննարկումների անցկացման և արդյունքների ամփոփման ժամկետը չի կարող ավելի լինել արձանագրությունը հաստատվելուն հաջորդող երեսուն աշխատանքային օրվանից: Ամփոփաթերթն ստորագրվելուն հաջորդող աշխատանքային օրը դրա բնօրինակից արտատպված տարբերակը պատասխանատու ստորաբաժանումը հրապարակում է տեղեկագրում: Եթե միևնույն պայմանագրի շրջանակում ֆիզիկական անձի ներկայացրած դիրքորոշումն առնվազն երկու անգամ չի հիմնավորվում, ապա գործընթացին մասնակցելու պահանջ ներկայացրած անձը զրկվում է տվյալ պայմանագրի շրջանակում արդյունքի ընդունման գործընթացին մասնակցելու հնարավորությունից, որի մասին հիմքերն առաջանալուն հաջորդող աշխատանքային օրը պատասխանատու ստորաբաժանումը տեղեկագրում հրապարակում է հայտարարություն: Բացասական եզրակացություն տալու դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտնում է պատվիրատուի ղեկավարին՝ ներկայացնելով առաջարկություններ պայմանագրի կողմի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ: Նման դեպքում պատվիրատուի ղեկավարը ներկայացված առաջարկություններին համապատասխան, ձեռնարկում է միջոցներ՝ հարցի կարգավորման համար: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերներով իրականացվող տեղական արտադրության ռազմական նշանակության ապրանքի և (կամ) գույքի համար, որոնց ընդունումը (նախատեսված է) իրականացվել է պատվիրատուի ներկայացուցչության միջոցով, արձանագրության ստորագրման համար հիմք է ընդունվում ներկայացուցչության կողմից այդ ապրանքի և (կամ) գույքի համար տրված դրական եզրակացությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրմամբ, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչի գրավոր դրական եզրակացությունը: Դրական եզրակացություն է տրվում այն դեպքում, երբ մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում են պայմանագրի պայմաններին կամ մատակարարված ապրանքի որակական հատկանիշները գերազանցում են պայմանագրով սահմանված պահանջները՝ ապահովելով կարիքի բավարարումը։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գնման պայմանագրերի կատարման նկատմամբ պատասխանատու ստորաբաժանման կողմից իրականացվում է նախնական հսկողություն: Գնման պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն, որը հիմք է հանդիսանում մատակարարված ապրանքներն ընդունելու և վճարելու համար, եթե մատակարարված ապրանքը համապատասխանում է պայմանագրի պայմաններին: Դրական եզրակացություն է տրվում նաև պայմանագրով սահմանված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետների խախտման դեպքերում, եթե պատվիրատուի կողմից չի ընդունվում պայմանագիրը լուծելու մասին որոշում: Այն դեպքում, երբ տրվում է բացասական եզրակացություն, պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտնում է պատվիրատուի ղեկավարին՝ ներկայացնելով առաջարկություններ պայմանագրի կողմի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ: Նման դեպքում պատվիրատուի ղեկավարը ներկայացված առաջարկություններին համապատասխան ձեռնարկում է միջոցներ՝ հարցի կարգավորման համար (տե՛ս Լենտեքս» ՍՊԸ-ն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի թիվ ԵԴ2/0918/02/24 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.11.2025 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել թիվ «ԳՀԱՊՁԲ-23-22/6-2» ծածկագրով գնման պայմանագիրը Նախարարության կողմից միակողմանի լուծելու մասին 26.01.2024 թվականի որոշումը։
Դատարանը 16.05.2024 թվականի վճռով հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ
- «Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող 4-րդ և 9-րդ փաստերից հետևում է, որ պատասխանողի կողմից Պայմանագրի Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույց թիվ 1 հավելվածում նշված՝ մատակարարման ենթակա ապրանքների չափսերի որոշման հերթականությունը ծնկակապերի դեպքում դիտարկվում է ընդլայնական/ընդերկայնական, իսկ արմնկակապերի դեպքում՝ ընդերկայնական/ընդլայնական, այն պարագայում, երբ Պայմանագրով մատակարարման ենթակա պաշտպանիչ հանդերձանքի չափերի տարբերակված որոշման որևէ իրավական հիմք նախատեսված չէ: Մասնավորապես՝ Պայմանագրի Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույց թիվ 1 հավելվածով մատակարարման ենթակա պաշտպանիչ հանդերձանքի չափերն ըստ ընդլայնական կամ ընդերկայնականի տարբերակված չեն: Մատակարարման ենթակա պաշտպանիչ հանդերձանքի չափսերը շարադրված են հետևյալ ձևով՝ (ծնկակապեր) (...) չափսերը՝ 190x279x57±10, արմնկակապեր) (...) չափսերը՝ 165x140±5։ Նման պայմաններում պատասխանողի վիճարկվող որոշման հիմքում դրված փաստն այն մասին, որ մատակարարվել է անպատշաճ որակի ապրանք հիմնավոր չէ առնվազն այն պատճառաբանությամբ, որ պատասխանողի կողմից չի մատնանշվել հայցվորի պայմանագրային պարտավորությունը ապրանքները մատակարարել պատասխանողի կողմից գնահատված չափսերի հերթականությանը համապատասխան, այն է՝ ծնկակապերի չափսերը՝ ընդերկայնական՝ 279մմ, ընդլայնական՝ 190մմ, արմնկակապերի չափսերը՝ ընդերկայնական՝ 165մմ, ընդլայնական՝ 140մմ։
Պատասխանողի կողմից ներկայացված ապացույցներով չի հաստատվում հայցվորի կողմից մատակարարման ենթակա պաշտպանիչ հանդերձանքը՝ ծնկակապերը ընդերկայնական՝ 279մմ, ընդլայնական՝ 190մմ, իսկ արմնկակապերը՝ ընդերկայնական՝ 165մմ, ընդլայնական՝ 140մմ չափերով մատակարարելու պարտավորության առկայության, հետևաբար նաև նման պարտավորության խախտման, ուստիև ոչ պատշաճ որակի ապրանք մատակարարելու փաստերը։
Դատարանը հարկ է համարում նշել նաև, որ հայցվորի կողմից մատակարարման ենթակա ապրանքների որակական անհամապատասխանությունը ոչ միայն չի հիմնավորվել և պատճառաբանվել հայցվորի ուղղակի պայմանագրային պարտավորության առկայությամբ, այն է՝ ծնկակապերի դեպքում պաշտպանիչ հանդերձանքի չափսերը ընդլայնական/ ընդերկայնական, իսկ արմնկակապերի դեպքում՝ ընդերկայնական/ ընդլայնական հաջորդականությամբ մատակարարելու վերաբերյալ, այլ նաև արտադատական գրագրության և դատական նիստի ընթացքում պատասխանողի կողմից չի ներկայացվել բովանդակային այնպիսի փաստարկ կամ պատճառաբանություն, որի քննարկման կամ գնահատման արդյունքում հնարավոր կլիներ եզրահանգման գալ հայցվորի կողմից մատակարարված ապրանքների՝ ըստ նպատակային նշանակության օգտագործմանը խոչընդոտող բովանդակային թերությունների մասին։ Ավելին, հայցվորի փաստարկներին այն մասին, որ մատակարարված ապրանքները որակական առումով գերազանցում են Պայմանագրի Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույց թիվ 1 հավելվածով մատակարարման ենթակա ապրանքներին, պատասխանողի կողմից որևէ բովանդակային հակափաստարկ չի ներկայացվել:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ պատասխանողի կողմից Պայմանագրի Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույց թիվ 1 հավելվածով մատակարարման ենթակա ապրանքների չափերի նկարագրերի միակողմանի մեկնաբանելու արդյունքում մատակարարված ապրանքների որակական անհամապատասխանության վերաբերյալ պնդումները բավարար չեն հայցվորի կողմից ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարված լինելու հանգամանքը հաստատելու, հետևաբար նաև՝ Պայմանագիրը միակողմանի կերպով լուծելու համար:
(…):
(…) հայցվորի կողմից մատակարարման ենթակա ապրանքները համաձայնեցման են ներկայացվել ապրանքների մատակարարման ժամկետներում, իսկ պատասխանողի կողմից մատակարարման ենթակա ապրանքների՝ պարտավորության պայմաններին համապատասխանության գնահատումը չի կատարվել պատշաճ, քանի որ պատասխանողի կողմից չի մատնանշվել անհամապատասխանությունը, անհամապատասխանության հիմքը, այն է՝ թե պայմանագրի տեխնիկական բնութագրերի ո՞ր պահանջներին (ցուցանիշների) չի համապատասխանում մատակարարման ենթակա ապրանքը, որպիսի հանգամանքով պայմանավորված հայցվորը զրկվել է դրանք շտկելու և կրկին ներկայացնելու հնարավորությունից:
Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցվորի՝ ապրանքները մատակարարելու պարտավորությունը Պայմանագրով պայմանավորվել է ապրանքների նմուշները համաձայնեցնելու պարտավորությամբ, ինչն անխուսափելիորեն ենթադրում է նաև պատասխանողի հանդիպական պարտավորությունը ձեռնարկել ակտիվ և հասցեական այնպիսի գործողություններ, որի պարագայում հնարավորություն է ստեղծվում ոչ միայն զուտ արձանագրել մատակարարման ենթակա ապրանքների համապատասխանությունը պարտավորության պայմաններին, այլ նաև անհամապատասխանության դեպքում բացահայտել անհամապատասխանության բովանդակությունն և էությունը, ինչն էլ իր հերթին պետք է ներառի համեմատություն մատակարարման ենթակա ապրանքի նմուշի և պայմանագրի տեխնիկական բնութագրերի (ցուցանիշների) միջև։
Ամփոփելով վերգրյալը՝ Դատարանը գործում առկա ապացույցների հետազոտման արդյունքում հաստատված չի համարում պատասխանողի կողմից մատակարարման ենթակա ապրանքների նմուշները ապրանքների մատակարարման ժամկետների ընթացքում համաձայնեցնելու հանդիպական պարտավորության պատշաճ կատարման փաստը, որպիսի պայմաններում, իրավաչափ չէ նաև պատասխանողի՝ 26.01.2024թ. վիճարկվող որոշման հիմքն այն մասին, որ ապրանքների մատակարարման ժամկետները խախտվել են 20 օրից ավելի»:
Վերաքննիչ դատարանի 30.01.2025 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.05.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ
- «Չնայած պատվիրատու ՀՀ պաշտպանության նախարարության վերը նշված գործողությունների համակցությունը լիովին և անվերապահորեն բավարար է գալու այն եզրահանգմանը, որ պատվիրատուն, պայմանագրի լուծման պահին չի հիմնավորել գնման առարկայի տեխնիկական բնութագրերի հետ չհամապատասխանող ապրանքի մատակարարման փաստը, Վերաքննիչ դատարանն ավելորդ չի համարում անդրադառնալ նաև այն հարցին, թե պատվիրատուն կարողացել է արդյո՞ք գնման առարկայի տեխնիկական բնութագրերի հետ չհամապատասխանող ապրանքի մատակարարման փաստը ապացուցել Դատարանում գործի քննության ժամանակ, այսպես․
Հայցադիմումի պատասխանով պատվիրատուն խնդիր է տեսել միայն ծնկակապերի երկայնական չափսի առումով (տես՝ 7-րդ էջ, վերջին պարբերություն)․ արմնկակապների անհամապատասխանության մասով որևէ դիրքորոշում Դատարանում չի հայտնվել։
Պայմանագրի տեխնիկական բնութագրով մատակարարման ենթակա պաշտպանիչ հանդերձանքի չափսերը շարադրված են հետևյալ ձևով՝ (ծնկակապեր) (...) չափսերը՝ 190x279x57±10, արմնկակապեր) (...) չափսերը՝ 165x140±5։
Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանն նախ արձանագրում է, որ, անկախ նրանից, թե ապրանքի բնութագրում ապրանքի չափերն ինչ հերթականությամբ են նշված, յուրաքանչյուր պարագայում այդ դասավորության մեջ մեծ թիվը ենթակա է ընկալման որպես ապրանքի երկարություն բոլոր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ուղղանկյուն իրին․ ըստ երկրաչաափության կանոնների։ Այս առումով ապրանքների ֆիզիկական չափսերի վերաբերյալ կողմերի իրարամերժ դիրքորոշումները, ինչպես նաև այդ մասով Դատարանի եզրահանգումները Վերաքննիչ դատարանի գնահատմամբ գործի ելքի վրա ազդեցություն չունեն և այդ մասով վեճն իրականում արհեստածին է։ Նշվածի համատեքստում պետք է ելնել նրանից, որ ծնկակապերի չափսերը՝ 190x279x57±10 ֆորմատում, 279մմ-ը դա ապրանքի երկարությունն է, որի պարագայում մատակարարված ապրանքի երկարությունը այդ չափից պակաս լինելու պարագայում ընդամենը պետք է պատասխանել այն հարցին, թե արդյոք այն հանդիսանում է գնման առարկայի տեխնիկական բնութագրի այնպիսի չափորոշիչ, որի խախտման փաստը կարող էր հիմք հանդիասանալ ապրանքի չընդունման և հաջորդիվ նաև պայմանագրի միակողմանի լուծման համար։
Մասնավորապես, թիվ ԳՀԱՊՁԲ-23-22/6-2 պայմանագրի Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույց թիվ 1 հավելվածի համաձայն՝ գնման առարկայի առանցքային (անկյունաքարային) նշանակություն ունեցող տեխնիկական չափորոշիչները Վերաքննիչ դատարանի գնահատմամբ երկուսն են, այն է՝
ծնկակապերի մասով՝ արտաքինից գամերով ամրացված ABS պլաստիկե (DWR ուրեթանային ծածկույթ) 127x77x44±5մմ բաժակ, արմնկակապերի մասով՝ արտաքինից գամերով ամրացված ABS պլաստիկե (DWR ուրեթանային ծածկույթ) պլաստիկե 105x80x37±3մմ բաժակ, որովհետև թե ծնկակապի, թե արմնակապի համար առաջնային է մարդու ծնկի և արմունկի շրջագիծը, ինչը տարբեր հասակ և տարբեր քաշ ունեցող մարդկանց մոտ տարբեր է, այնպես ինչպես կոշիկը, ձեռնոցը շալվարը, բաճկոնը և այլն։
ii. MIL-DTL-32439 ստանդարտը։
Այսինքն, թիվ չափորոշիչը, այն է՝ ծնկակապի կամ արմնկակալի համապատասխան չափի պլաստիկե բաժակն է ապահովում ծունկը կամ արմունկը հարվածից, այլ ոչ թե բարձիկը, և դրանց առանջնային խնդիրը հենց ծնկի և արմունկի, այլ ոչ թե ծնկից, արմունկից վերև կամ ներքև ընկած հատվածների պաշտպանությունն է․ նույնիսկ դրանց անվանումն է այդ մասին վկայում։ Այդ նկատառումներից ելնելով՝ ծնկակապը կամ արմնկակապը, ելնելով պլաստիկե բաժակի չափսից, որպես կանոն, ունենում են տարբեր չափեր, որովհետև, ինչպես արդեն նշվեց, մարդիկ տարբեր են ըստ իրենց անատոիմիական կառուցվածքի և ըստ այդմ՝ ծնկակապը կամ արմնկակապը կարող են ունենալ S, M, L, XL չափսեր կամ մմ-ով արտահայտվող չափսեր։ Այս առումով նախընտրելի է, որ զինված ուժերի կարիքների համար նման ապրանքների մրցույթները կազմակերպվեն նշված իրողությունների հաշվառմամբ, այլ ոչ թե մեկ չափսով, այնպես ինչպես, օրինակ, զինծառայողների կիսաճտքավոր կոշիկների պարագայում․ դժվար է պատկերացնել իրավիճակ, որ դրանք, օրինակ, պատվիրվեն միայն 42 համարով։
Վերը նշվածի համատեքստում Վերաքննիչ դատարանը գալիս է այն հետությանը, որ նախ ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ գեներալ-մայոր Գ. Նիկոյանի կողմից հաստատված 14.11.2023թ. թիվ 2 արձանագրությամբ որևէ կերպ չի հիմնավորվել, թե ծնկակապի և արմնկակալի ABС պլաստիկե բաժակի չափսերը ինչ չափերով չեն համապատասխանում գնման առարկայի համապատսխան տեխնիկական բնութագրերին և հաջորդիվ՝ արդյոք այն չի համապատասխանում MIL-DTL-32439 ստանդարտին։
Ինչ վերաբերում է մատակարարված ծնկակապի բարձիկի երկարությունը 279մմ-ից պակաս լինելուն, ապա այդ չափորոշիչը, չնայած նշված է գնման առարկայի տեխնիկական բնութագրում, սակայն վերը նշված հիմնավորումներով և պատճառաբանություններով չի հանդիսանում գնման առարկայի տեխնիկական բնութագրի առանցքային տարր, որի խախտւմը հիմք կտա պնդելու, որ մատակարարի կողմից մատակարարվել է պայմանագրի պայմաններին չհամապատասխանող ապրանք։ Հակառակը պնդելու պարագայում շատ հավանական է նաև այն վարկածի ի հայտ գալը, որ ծնկակապի ավազագույն լինելը նույնպես գնման առարկայի տեխնիկական բնութագիր է, որի պայմաններում բացառված չէ նաև ավազագույնի տարբեր երանգների վերաբերյալ վեճի ծագումը:
(…):
Ինչ վերաբերում է Բողոքաբերի պնդումներին կապված նրա հետ, որ եթե ընկերությունը Հրավերի պայմաններում նկատել է անհստակություններ, անճշտություններ կամ անհամապատասխանություններ, սակայն առանց պարզաբանում ստանալու կամ Հրավերի պահանջները բողոքարկելու այնուամենայնիվ մասնակցության hայտ է ներկայացրել, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, Հրավերի պահանջները բողո ներկայացրել, ապա նա գործել է իր ռիսկով, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ցանկացած տնտեսվարող, բնականաբար գործելով իր ռիսկով, այնուամենայնիվ ունի նաև ողջամիտ ակնկալիք, որ պայմանագրային հարաբերությունների մյուս կողմն էլ կցուցաբերի նվազագույն բարեխղճություն «էստոպել» սկզբունքի ներքո»։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
Սույն գործի փաստերի համաձայն՝ 12.05.2023 թվականին Նախարարության և Ընկերության միջև կնքվել է պետության կարիքների համար ապրանքի մատակարարման թիվ ԳՀԱՊՁԲ-23-22/6-2 պայմանագիրը, որով Վաճառողը պարտավորվել է Պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով Գնորդին մատակարարել Պայմանագրի թիվ 1 հավելվածով՝ Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված ապրանքը, իսկ Գնորդը պարտավորվել է ընդունել ապրանքը և վճարել դրա համար։
Պայմանագրի 2.1.7-րդ կետով սահմանվել է գնորդի իրավունքը՝ պայմանագիրը միակողմանի լուծելու (լրիվ կամ մասնակի), եթե վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը: Պայմանագրի 2.1.7.1-ին կետով սահմանվել է, որ վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝ ա) մատակարարվել է անպատշաճ որակի ապրանք, որի չի կարող փոխարինվել Գնորդի համար ընդունելի ժամկետում, բ) ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 20 օրից ավելի։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախարարությունը և Ընկերությունը 12.05.2023 թվականին կնքած Պայմանագրի 1-ին հավելվածի տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով սահմանել են գնման առարկայի տեխնիկական ցուցանիշները, մասնավորապես՝ պաշտպանիչ հանդերձանք (ծնկակապեր) պլաստիկե 127x177x44±5մմ բաժակ, բարձիկ՝ 190x279x57±10մմ, և պաշտպանիչ հանդերձանք (արմնկակապեր) պլաստիկե 105x80x37±3մմ բաժակ, բարձիկ՝ 165x140±5մմ, ինչը նշանակում է, որ Ընկերությունը պարտավորվել է կողմերի միջև կնքված պայմանագրի շրջանակներում Նախարարությանը մակատարարել վերոնշյալ չափորոշիչներին համապատասխան ապրանք, և միայն նշված պահանջների պահպանմամբ ծնկակապերի և արմնկակապերի մատակարարումը կարող է վկայել Ընկերության կողմից պայմանագրի շրջանակներում իր կողմից ստանձնած պարտավորության պատշաճ կատարման մասին:
Այնինչ 14.11.2023 թվականի թիվ 2 արձանագրությամբ նշվել է, որ Ընկերության կողմից 14.11.2023 թվականին՝ համաձայն Պայմանագրի, ՀՀ ԶՈՒ ՀԶ և Հ վարչության կենտրոնական պահեստ է մատակարարվել պաշտպանիչ հանդերձանքի (արմնկակապեր և ծնկակապեր) խմբաքանակը, որի ի պահ ընդունման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ մատակարարված ապրանքը չի համապատասխանում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրի պահանջներին: Մասնավորապես՝ անհամապատասխանությունը հետևյալն է եղել. պաշտպանիչ հանդերձանքի (արմնկակապեր և ծնկակապեր) բարձիկի և ABS պլաստիկե բաժակի չափերը չի համապատասխանել տեխնիկական բնութագրում նշված չափսերին, որպիսի հանգամանքով պայմանավորված արձանագրվել է, որ պաշտպանիչ հանդերձանքը (արմնկակապեր ու ծնկակապեր) չի համապատասխանում պայմանագրին կից տեխնիկական բնութագրի պահանջներին, և մատակարարված ամբողջ խմբաքանակը վերադարձվում է մատակարարին։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «(...) անկախ նրանից, թե ապրանքի բնութագրում ապրանքի չափերն ինչ հերթականությամբ են նշված, յուրաքանչյուր պարագայում այդ դասավորության մեջ մեծ թիվը ենթակա է ընկալման որպես ապրանքի երկարություն բոլոր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ուղղանկյուն իրին․ ըստ երկրաչաափության կանոնների։ Այս առումով ապրանքների ֆիզիկական չափսերի վերաբերյալ կողմերի իրարամերժ դիրքորոշումները, ինչպես նաև այդ մասով Դատարանի եզրահանգումները Վերաքննիչ դատարանի գնահատմամբ գործի ելքի վրա ազդեցություն չունեն և այդ մասով վեճն իրականում արհեստածին է»։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախարարության և Ընկերության միջև կնքված Պայմանագրի 1-ին հավելվածի տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով ծնկակապի բարձիկի չափսը նշված է՝ 190x279x57±10մմ, իսկ արմնկակապի բարձիկի չափսը նշված է՝ 165x140±5մմ, և անկախ չափսերի հերթականության դասավորվածությունից ((ԵxԼxԲ), (ԼxԵxԲ), (ԲxԼxԵ), (ԲxԵxԼ) (ԼxԲxԵ և այլն)) Ընկերության կողմից մատակարարման ենթակա ապրանքը որևէ կերպ չի համապատասխանել տեխնիկական բնութագրում նշված չափերին։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «Ինչ վերաբերում է մատակարարված ծնկակապի բարձիկի երկարությունը 279մմ-ից պակաս լինելուն, ապա այդ չափորոշիչը, չնայած նշված է գնման առարկայի տեխնիկական բնութագրում, սակայն վերը նշված հիմնավորումներով և պատճառաբանություններով չի հանդիսանում գնման առարկայի տեխնիկական բնութագրի առանցքային տարր, որի խախտւմը հիմք կտա պնդելու, որ մատակարարի կողմից մատակարարվել է պայմանագրի պայմաններին չհամապատասխանող ապրանք։ Հակառակը պնդելու պարագայում շատ հավանական է նաև այն վարկածի ի հայտ գալը, որ ծնկակապի ավազագույն լինելը նույնպես գնման առարկայի տեխնիկական բնութագիր է, որի պայմաններում բացառված չէ նաև ավազագույնի տարբեր երանգների վերաբերյալ վեճի ծագումը», ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում գնման առարկայի տեխնիկական ցուցանիշները սահմանվել են հետևյալ կերպ՝ պաշտպանիչ հանդերձանք (ծնկակապեր) պլաստիկե 127x177x44±5մմ բաժակ, բարձիկ՝ 190x279x57±10մմ և պաշտպանիչ հանդերձանք (արմնկակապեր) պլաստիկե 105x80x37±3մմ բաժակ, բարձիկ՝ 165x140±5մմ, այսինքն՝ համապատասխանաբար սահմանվել են ծնկակապերի ու արմնկակապերի թե' բարձիկների և թե' բաժակների չափերը, որոնցից յուրաքանչյուրին համապատասխան ապրանք մատակարարվելու դեպքում կարելի է փաստել, որ գնորդին հանձնվել է պայմանագրով սահմանված տեխնիկական ցուցանիշներին համապատասխան ապրանք։ Պայմանագրով սահմանելով նշված տեխնիկական ցուցանիշները՝ գնորդի կամքն ըստ էության ուղղված է եղել ձեռք բերելու հենց այդ չափանիշներին համապատասխան ապրանք, հետևաբար դրանցից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի փաստել գնորդին պայմանագրի տեխնիկական բնութագրով սահմանված տեխնիկական ցուցանիշներին համապատասխան ապրանք մատակարարված լինելու մասին։ Ուստի նշված տեխնիկական ցուցանիշներից որևէ մեկը տեխնիկական բնութագրի առանցքային տարր չդիտարկելը և դրա հիման վրա Վերաքննիչ դատարանի կատարած եզրահանգումներն անհիմն են։
Միևնույն ժամանակ անդրադառնալով սույն գործով Ընկերության կողմից վկայակոչված փաստարկներին այն մասին, որ մատակարարված ապրանքները որակական առումով գերազանցել են Պայմանագրի Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույց թիվ 1 հավելվածով մատակարարման ենթակա ապրանքներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ արտադատական գրագրության, և թե՛ գործի քննության ընթացքում մատակարարող Ընկերության կողմից չի ներկայացվել բովանդակային այնպիսի փաստարկ կամ պատճառաբանություն, որի քննարկման կամ գնահատման արդյունքում հնարավոր կլիներ եզրահանգել, որ մատակարարող Ընկերության կողմից մատակարարված ապրանքները որակական առումով գերազանցել են Պայմանագրի Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույց թիվ 1 հավելվածով մատակարարման ենթակա ապրանքներին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Ընկերությունն իրավունք ուներ հայտի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ գրավոր պահանջելու հրավերի պարզաբանում՝ դրանում որոշակի անհստակությունների, անորոշությունների կամ անճշտությունների առկայության դեպքում, և, հաշվի առնելով, որ Ընկերությունը հրավերի պարզաբանում չի պահանջել, իսկ թիվ ԳՀԱՊՁԲ-23-22/6-2 պայմանագրով հստակ նախատեսվել է մատակարարվող ծնկակապի բարձիկի չափսը՝ 190x279x57±10մմ, իսկ արմնկակապի բարձիկի չափսը՝ 165x140±5մմ պարունակելու պահանջ՝ Ընկերությունը պարտավոր էր Նախարարությանը հանձնել վերջինիս նպատակներին համապատասխան օգտագործելու համար պայմանագրով նախատեսված ապրանք:
Բացի այդ, Ընկերության գրություններին ի պատասխան՝ Նախարարության կողմից բազմիցս նշվել է, որ մատակարարվող ապրանքը չի համապատասխանում Պայմանագրի տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին, և անհրաժեշտ է դրանք համապատասխանեցնել այդ պահանջներին (տե'ս փաստեր 4, 7, 9)։ Հետևաբար Ընկերության կողմից Պայմանագրի տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող ապրանք մատակարարելու մասին հաստատված փաստը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս արձանագրելու, որ 26․01․2024 թվականի թիվ ԳՀԱՊՁԲ-23-22/6-2 պայմանագրի միակողմանի լուծման որոշումը կայացվել է իրավաչափ ու այն ենթակա չէ անվավեր ճանաչման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 30.01.2025 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր փաստ հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոնների համաձայն:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձման դրույքաչափերը։
Նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 9․5-րդ ենթակետի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող, (...) հայցադիմումների համար` գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ գանձվում է բազային տուրքի 30-ապատիկի չափով։
Նույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժզ» ենթակետի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ գանձվում է բազային տուրքի 60-ապատիկի չափով։ Նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ժե» ենթակետի համաձայն՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով․ գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 60-ապատիկի չափով։
Վճռաբեկ բողոքը բավարարելու՝ Վերաքննիչ դատարանի 30․01․2025 թվականի որոշումը բեկանելու և փոփոխելու պայմաններում անդրադառնալով պետական տուրք բռնագանձելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Ընկերության կողմից հայցադիմումը ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքի գումարը վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասով պետք է համարել լուծված։
Նախարարության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար որպես պետական տուրքի գումար վճարվել է 60.000 ՀՀ դրամ, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Նախարարության ենթակա է բռնագանձման 60.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
Նախարարության կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար որպես պետական տուրքի գումար վճարվել է 90.000 ՀՀ դրամ, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Նախարարության ենթակա է բռնագանձման 60.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ։
Սույն գործով Նախարարության կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարվել է 90.000 ՀՀ դրամ, մինչդեռ վճարման էր ենթակա 60.000 ՀՀ դրամ: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի հիմքով ավել վճարված 30.000 ՀՀ դրամը ենթակա է վերադարձման Նախարարությանը։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսերի փոխհատուցման պահանջ չի ներկայացվել, հետևաբար այլ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2025 թվականի որոշումը և այն փոփոխել` «Արմտեքստիլ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Պաշտպանության նախարարության՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:
2․ «Արմտեքստիլ» ՍՊԸ-ից հօգուտ Պաշտպանության նախարարության բռնագանձել 60․000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
«Արմտեքստիլ» ՍՊԸ-ից հօգուտ Պաշտպանության նախարարության բռնագանձել 60․000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Մնացած մասով պետական տուրքի հարցը համարել լուծված։
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ա. Մկրտչյան Զեկուցող Է. Սեդրակյան Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|