ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/4466/02/23 2026 թ. | ||
| Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/4466/02/23 | |||
| |||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագա հողզեկուցող |
Գ. Հակոբյան Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | ||
|
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի մայիսի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով Աննա Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ «Վիրուս Նետ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Աննա Մկրտչյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Աննա Մկրտչյանից բռնագանձել 55.000 ՀՀ դրամ, որից 5.000 ՀՀ դրամը՝ որպես մատուցված ծառայությունների դիմաց չվճարված գումար, 15.000 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրով նախատեսված տուգանքի գումար, իսկ 35.000 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրով նախատեսված տույժի գումար։
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15.08.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2023 թվականի որոշմամբ Աննա Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.08.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աննա Մկրտչյանը (ներկայացուցիչ Արմինե Ավետիսյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1‑ին և 2-րդ կետերը, 21-րդ հոդվածի 5-րդ կետը, 303-րդ հոդվածի 1-ին ու 3-րդ կետերը, 305‑րդ, 369-րդ և 372-րդ հոդվածները, 437-րդ հոդվածի 4-րդ կետը, 438-րդ հոդվածի 1-ին կետը, 715-րդ հոդվածը, 777-րդ հոդվածի 1-ին կետը, 780-րդ հոդվածի 1-ին կետը, 781-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի նկատմամբ կապալի մասին ընդհանուր դրույթները կիրառելի չեն այն դեպքում, երբ օրենքով նախատեսված են այդ պայմանագրի էությունից բխող հատուկ կարգավորումներ։ Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1‑ին կետի տառացի մեկնաբանումից հետևում է, որ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով պատվիրատուի կողմից ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց հրաժարվելու դեպքում կատարողը պատվիրատուին կարող է ներկայացնել միայն իր կատարած փաստացի ծախսերը վճարելու պահանջ, իսկ նույն օրենսգրքի՝ կապալի պայմանագրին վերաբերող 715-րդ հոդվածի կարգավորումը սույն դեպքում կիրառելի չէ։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածով սահմանված են իմպերատիվ նորմեր, որոնք չեն կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ, այն է՝ պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը. նշված պայմանը խախտող համաձայնությունն առոչինչ է: Մինչդեռ սույն դեպքում թեև պայմանագրից հրաժարվելու օրվա դրությամբ պատվիրատուն ունեցել է ընդամենը 5.000 ՀՀ դրամի չափով հիմնական պարտք՝ որպես մատուցված ծառայությունների դիմաց չվճարած գումար, Դատարանը բավարարել է նաև պարտքի գումարն էականորեն գերազանցող հանրագումարով տույժերը և տուգանքները բռնագանձելու վերաբերյալ պահանջը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ի կետով ամրագրված իրավանորմի կիրառումն անհիմն կերպով կախվածության մեջ է դրել նույն հոդվածի 3-րդ կետով ամրագրված՝ պարտապանի կողմից նման պահանջ ներկայացված չլինելու հանգամանքից՝ անտեսելով, որ դատարանն իրավունք ունի պակասեցնել կողմերի համաձայնությամբ սահմանված տուժանքի չափը՝ այն համապատասխանեցնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պայմաններին՝ անկախ տուժանքի չափը սահմանող պայմանագրային պայմանները որևէ կերպ վիճարկվելու կամ դրանց վերաբերյալ պահանջներ ներկայացված լինելու հանգամանքից։
Առնվազն թիվ ԱՎԴ/7802/02/22 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերության և Աննա Մկրտչյանի միջև 25.04.2022 թվականին կնքված «Կապի ծառայությունների մատուցման» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1.-ին կետի համաձայն՝ «Կապի օպերատորը պարտավորվում է Բաժանորդին մատուցել ինտերնետ-կապի ծառայություններ և իրականացնել բաժանորդային սպասարկում (հետագայում՝ «Կապի ծառայություններ»), իսկ Բաժանորդը պարտավորվում է պահպանել իրեն տրամադրվող Կապի ծառայությունների վերաբերյալ Կապի օպերատորի կողմից սահմանված կանոնները և սույն պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետներում վճարել մատուցված ծառայությունների դիմաց»։
Պայմանագրի 1.3.-րդ կետի համաձայն՝ «Բաժանորդի կողմից ընտրվում է հետևյալ սակագնային պլանը՝ 5000»:
Պայմանագրի 2.4.3.-րդ կետի համաձայն՝ «Բաժանորդն իրավունք ունի հրաժարվել կապի ծառայություններից՝ առնվազն 10 (տասը) աշխատանքային օր առաջ Կապի օպերատորին գրավոր տեղյակ պահելով այդ մասին, միաժամանակ նշված ժամկետում կատարելով բոլոր վճարումները, ներառյալ՝ տույժերը և տուգանքները (դրանց առկայության դեպքում)»։
Պայմանագրի 5.3.-րդ կետի համաձայն՝ «Հատուկ պայմանով պայմանագիր կնքելու դեպքում Բաժանորդը կարող է ժամկետից շուտ դադարեցնել պայմանագրի գործողությունը՝ վճարելով տույժ, մեկ տարվա ժամկետի ընթացքում փաստացի չօգտագործված ամիսների համար վճարման ենթակա գումարի չափով՝ Կապի օպերատորի պահանջի դեպքում»։
Պայմանագրի 5.4.-րդ կետի համաձայն՝ «Հատուկ պայմանով պայմանագիրը Բաժանորդի նախաձեռնությամբ ժամկետից շուտ լուծելու դեպքում Կապի օպերատորը իրավունք ունի պահանջել բացի սույն պայմանագրի 5.3. կետում նշված վճարումներից, վճարել նաև տուգանք՝ 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամի չափով»։
Պայմանագրի 6.1.-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ «Սույն պայմանագիրը կնքվում է հետևյալ ժամկետով (...)՝ 365 օր պարտադիր՝ օգտագործման ժամկետով (հատուկ պայմանով պայմանագիր)» (գ.թ. 9).
2) Աննա Մկրտչյանը 2022 թվականի ապրիլ-օգոստոս ամիսների ընթացքում Ընկերության մատուցած ծառայություններն ընդունելուց հետո վաղաժամկետ հրաժարվել է Պայմանագրից (անվիճելի փաստ).
3) Ընկերության տնօրեն Ա. Աղաջանյանի կողմից ստորագրված և հայցադիմումին կից ներկայացված՝ «Մատուցված ծառայությունների պատմություն» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ Աննա Մկրտչյանին 2022 թվականի ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների համար պարտքի մնացորդը կազմում է 0 ՀՀ դրամ, իսկ օգոստոս ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների համար պարտքի մնացորդը՝ 5000 ՀՀ դրամ (գ.թ. 10).
4) սույն գործի շրջանակներում Աննա Մկրտչյանը Պայմանագրի 5.3.-րդ և 5.4.-րդ կետերի վավերությունը սահմանված կարգով չի վիճարկել։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԱՎԴ/7802/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածը կիրառվել է բողոքարկվող դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ և 781-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածի կիրառելիության հարցին, ինչպես նաև տուժանքի մասին համաձայնության վավերության պայմանները որոշելու առանձնահատկություններին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: (...)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: (...)։
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):
ՀՀ վճռաբեկ դատարանը վերոնշյալ հոդվածների իրավական բովանդակության վերլուծության հիման վրա նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու քաղաքացիական օրենսդրության վերը նշված սկզբունքներից կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով և ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները և պարտականություններն ազատ սահմանելու, պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու սկզբունքների իրականացումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների մասնակիցների` կողմերի համար նախատեսել է հնարավորություն` կնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր և սահմանելու պայմանագրի պայմանները, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (տե՛ս Գոհարիկ Աղաջանյանն ընդդեմ Վալյա Նալբանդյանի թիվ ԵԱՔԴ/2796/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պայմանագիր կնքելիս և դրա առանձին պայմանները սահմանելիս ազատ կամահայտնություն դրսևորելու կողմերի իրավական հնարավորությունն օրենսդիրը սահմանափակել է քաղաքացիական օրենսդրության իմպերատիվ կարգավորումներով, որոնք չեն կարող բացառվել կամ փոփոխվել կողմերի համաձայնությամբ։ Այլ կերպ ասած՝ պայմանագրի՝ ներառյալ դրա առանձին պայմանների բովանդակությունը սահմանելիս կողմերի ազատ հայեցողություն դրսևորելու թույլատվական կանոնը գործում է բացառապես այն դեպքերում, երբ պայմանագրային հարաբերության այս կամ այն պայմանը որոշված է դիսպոզիտիվ նորմով, որը կարող է փոփոխվել կամ որի գործողությունը կարող է բացառվել կողմերի համաձայնությամբ, ինչպես նաև այն իրավիճակում, երբ համաձայնություն է կայացվում օրենքով կամ այլ իրավական ակտերով չկարգավորված պայմանի շուրջ։ Ընդ որում, բոլոր դեպքերում կողմերի ազատ կամահայտնությամբ որոշված պայմանը չի կարող հակասել օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր՝ իմպերատիվ կանոններին:
Վերը շարադրված նորմերի և դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածի կիրառելիության հարցին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով` կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն գլխի [ԳԼՈՒԽ 39. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ] կանոնները կիրառվում են կապի, բժշկական, անասնաբուժական, աուդիտորական, խորհրդատվական, տեղեկատվական, ուսուցման, զբոսաշրջիկության և այլ ծառայությունների պայմանագրերի նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց` կատարողի փաստացի կատարած ծախսերը վճարելու պայմանով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 781-րդ հոդվածի համաձայն՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի նկատմամբ կիրառվում են կապալի մասին ընդհանուր դրույթները (հոդվածներ 700-727) և կենցաղային կապալի մասին դրույթները (հոդվածներ 728-737), եթե դա չի հակասում նույն օրենսգրքի 777-780 հոդվածներին, ինչպես նաև ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի առանձնահատկություններին:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 781-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորմանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նշված նորմով օրենսդիրը կապալի մասին ընդհանուր դրույթներին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 700-727 հոդվածներ) և կենցաղային կապալի մասին դրույթներին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 728-737 հոդվածներ) հաղորդել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի նկատմամբ ընդհանուր նշանակություն ունեցող նորմերի բնույթ, որոնք ենթակա են կիրառման սուբսիդիար (լրացուցիչ) կարգով, այսինքն՝ այնքանով, որքանով այլ բան սահմանված չէ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրին վերաբերող հատուկ նորմերով կամ այլ բան չի բխում ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի առանձնահատկություններից։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ հենց այդ նկատառումներով օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 781-րդ հոդվածով սահմանելով քննարկվող պայմանագրային հարաբերությունների նկատմամբ կապալի մասին ընդհանուր դրույթների և կենցաղային կապալի մասին դրույթների կիրառելիությունը, այն բացառել է բոլոր դեպքերում, երբ՝
1) ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի և կապալի մասին ընդհանուր դրույթների կամ կենցաղային կապալի մասին դրույթների միջև առկա է հակասություն (սահմանված է «այլ բան»).
2) կապալի կամ կենցաղային կապալի մասին այս կամ այն դրույթը հակասում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի առանձնահատկություններին, այլ կերպ ասած՝ չի բխում վերջինիս էությունից։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածի համաձայն՝ պատվիրատուն իրավունք ունի մինչև աշխատանքի արդյունքն իրեն հանձնելը ցանկացած ժամանակ հրաժարվել պայմանագիրը կատարելուց` կապալառուին վճարելով մինչև պայմանագիրը կատարելուց պատվիրատուի հրաժարվելու վերաբերյալ ծանուցում ստանալու պահը կատարած աշխատանքին համարժեք գին, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով: Պատվիրատուն պարտավոր է նաև հատուցել կապալի պայմանագրի դադարմամբ կապալառուին պատճառված վնասները` ամբողջ աշխատանքի համար սահմանված և կատարված աշխատանքի համար վճարված մասի գների տարբերության չափով:
Համեմատական վերլուծության ենթարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածը և 780-րդ հոդվածի 1-ին կետը, որոնցից առաջինը վերաբերում է կապալի պայմանագրով, իսկ երկրորդը՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով պատվիրատուի կողմից պայմանագիրը կատարելուց միակողմանի հրաժարվելու իրավունքին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին կետն ունի իմպերատիվ բնույթ, ինչը նշանակում է, որ եթե կապալային հարաբերություններում պատվիրատուի կողմից պայմանագրից միակողմանի հրաժարվելու դեպքերի համար կողմերը կարող են, բացի փաստացի կատարած աշխատանքին համարժեք գին վճարելու և կապալառուին պատճառված վնասները հատուցելու պատվիրատուի պարտականությունից, պայմանագրով նրա համար նախատեսել նաև այլ բնույթի ու բովանդակության գույքային հետևանքներ (ներառյալ պատասխանատվության միջոցներ), ապա ծառայությունների վճարովի մատուցման իրավահարաբերության շրջանակներում նման հնարավորությունը սահմանափակված է։ Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց պատվիրատուի հրաժարվելու դեպքում կատարողին վերապահված է բացառապես իր փաստացի կատարած ծախսերը պահանջելու իրավունք: Ավելին, եթե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածը կապալառուին վերապահում է իրավունք՝ պահանջելու կապալի պայմանագրի դադարմամբ իրեն պատճառված վնասների հատուցում` ամբողջ աշխատանքի համար սահմանված և կատարված աշխատանքի համար վճարված մասի գների տարբերության չափով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին կետը պայմանագրից միակողմանի հրաժարված պատվիրատուի համար սահմանում է բացառապես կատարողի փաստացի կատարած ծախսերը վճարելու պարտականություն, որի բովանդակությունն ու սահմանները չեն կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ՝ նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին կետի իմպերատիվ բնույթը։ Այսինքն՝ օրենսդիրը պատվիրատուի՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց հրաժարվելու իրավունքի իրացումը պայմանավորել է բացառապես կատարողի փաստացի կատարած ծախսերը վճարած լինելու հանգամանքով: Ուստիև, փաստացի կատարած ծախսերը վճարած լինելու պահանջը պահպանված լինելու պայմաններում իրավահարաբերության նկատմամբ այլ՝ թեկուզև ընդհանուր նշանակություն ունեցող, սակայն պայմանագիրը կատարելուց հրաժարվելու իրավունքի իրացման տեսանկյունից լրացուցիչ պայմաններ նախատեսող նորմի կիրառումը թույլատրելի չէ՝ հաշվի առնելով առկա հակասությունը՝ իրավահարաբերությունն իմպերատիվ կերպով կարգավորող նորմով «այլ բան» սահմանված լինելը։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածի կիրառումը ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի նկատմամբ հակասում է նույն օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին կետին, հետևաբար՝ նույն օրենսգրքի 781-րդ հոդվածի իմաստով այն կիրառելի չէ քննարկվող պայմանագրային հարաբերություններում։
Անդրադառնալով տուժանքի մասին համաձայնության վավերության պայմաններին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե կողմերից յուրաքանչյուրը պայմանագրով պարտականություն է կրում հօգուտ մյուս կողմի, ապա նա մյուս կողմի պարտապանն է այն բանում, ինչը պարտավոր է անել հօգուտ նրա և միաժամանակ նրա պարտատերն է այն բանով, ինչն իրավունք ունի նրանից պահանջել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել (...) տուժանքով (...)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ տուժանքով ապահովվում է միայն իրական պահանջը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանը խախտող համաձայնությունն առոչինչ է:
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ տուժանքը պարտավորությունների կատարումն ապահովող երաշխիք է: Այն նպատակաուղղված է ապահովելու պարտապանի կողմից պարտավորության կատարումը, իսկ դրա չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում նրա համար նախատեսել գույքային անբարենպաստ հետևանքներ՝ դրամական պատասխանատվություն, իսկ դատարանը կոչված է ապահովելու սահմանված տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների ողջամիտ հարաբերակցությունը (տե՛ս «Թամամ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ի թիվ 3-27(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետևանքներ, եթե այն վավեր է, այսինքն՝ համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա՛մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք) (տե՛ս Վահագն Կապլանյանն ընդդեմ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Ֆինանսների նախարարության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը նախատեսում է գործարքների անվավերության երկու տեսակ` վիճահարույց (հարաբերական անվավեր) և առոչինչ (բացարձակ անվավեր)։ Օրենսդիրը թե՛ վիճահարույց, և թե՛ առոչինչ գործարքների համար նախատեսել է անվավերության միևնույն իրավական հետևանքները, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից (տե՛ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի և Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ առոչինչ (բացարձակ անվավեր) են այն գործարքները, որոնք գործարքի սուբյեկտին, նրա կամքին և կամահայտնությանը, գործարքի ձևին կամ բովանդակությանը ներկայացվող պահանջներին համապատասխանելու առումով օրենքով հստակ կանխորոշված արատն ունենալու պատճառով օրենքի ուժով ակնկալվող իրավական հետևանքները չեն առաջացնում՝ անկախ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմքերից որևէ մեկով դատական կարգով անվավեր ճանաչվելուց։ Վիճահարույց (հարաբերական անվավեր) են այն գործարքները, որոնք, թեև պարունակում են գործարքի վավերության պահանջներին համապատասխանելու առումով որոշակի արատ, այդուհանդերձ վավեր են (առաջացնում են ակնկալվող իրավական հետևանքներ) այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավասու անձի հայցով համապատասխան հիմքով անվավեր չեն ճանաչվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով (տե՛ս Արմեն Դալլաքյանն ընդդեմ Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի թիվ ԼԴ1/1286/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը)։
Վերահաստատելով տուժանքի ինստիտուտի քաղաքացիաիրավական նշանակության վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ տուժանքն (տուգանքը, տույժը) ունի երկակի իրավական բնույթ. մի կողմից՝ այն հանդես է գալիս որպես պարտավորության ապահովման միջոց այնքանով, որքանով ապահովում է պարտապանի կողմից իր ստանձնած պարտավորության (պայմանագրային սուբյեկտիվ պարտականության) կատարումը, մյուս կողմից՝ տուժանքը քաղաքացիաիրավական գույքային պատասխանատվության միջոց է, որն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում կիրառվում է իր պարտավորությունը (պայմանագրային սուբյեկտիվ պարտականությունը) խախտած պարտապանի նկատմամբ։ Նշվածից բխում է, որ տուժանքի կիրառման պարտադիր նախապայման է պարտապանի կողմից ստանձնած պարտավորության՝ պայմանագրային սուբյեկտիվ պարտականության խախտումը (այն չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)։ Նշվածից նաև բխում է, որ տուժանք (տուգանք, տույժ) չի կարող սահմանվել (կիրառվել) պարտավորության կողմի իրավաչափ վարքագծի, մասնավորապես՝ իր սուբյեկտիվ իրավունքն իրականացնելու համար, քանի որ տուժանքով կարող է ապահովվել բացառապես իրական պահանջի իրավունքը, մինչդեռ պարտավորության կողմի՝ պայմանագրից բխող որոշակի սուբյեկտիվ իրավունքի առնչությամբ հակառակ կողմը որևէ պարագայում չի կարող կրել այդ իրավունքի «չիրականացում» պահանջելու իրավունք, իսկ եթե կողմերի համաձայնության բովանդակությունից, այդուհանդերձ, նման պահանջ ներկայացնելու իրավունքը բխում է, այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով «իրական պահանջ» համարվել չի կարող, հետևաբար՝ այդպիսի պահանջն ապահովող պայմանագրային տուժանքը, իր հերթին, իրավական ակնկալվող հետևանքներն առաջացնել չի կարող. այն պետք է դիտարկվի որպես օրենքի պահանջներին հակասող և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի իմաստով անվավեր։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով վիճահարույց (հարաբերական անվավեր) գործարքների իրավական բնույթի և հետևանքների մասին վերը նշված դիրքորոշումը, ինչպես նաև հիմք ընդունելով մասնավոր գործերին կամայական միջամտության անթույլատրելիության քաղաքացիաիրավական սկզբունքը, արձանագրում է, որ գործը քննող դատարանն իրավունք չունի օրենքի պահանջներին հակասող պայմանագրային որևէ դրույթ իր հայեցողությամբ (նման պահանջ ներկայացված չլինելու պայմաններում) անվավեր ճանաչելու եղանակով միջամտելու կողմերի պայմանագրային հարաբերություններին: Դատարանը պարտավոր է գործը քննելիս հիմք ընդունել պայմանագրի՝ կողմերի ազատ կամահայտնությամբ ձևակերպված պայմանը նույնիսկ այն պարագայում, երբ այն հակասում է օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) օրենքը սահմանում է, որ նման արատ պարունակող համաձայնությունը (պայմանը) առոչինչ է,
2) գործին մասնակցող անձը սահմանված կարգով համապատասխան հայցապահանջ ներկայացնելու միջոցով վիճարկում է այդ վիճահարույց պայմանը, որպիսի պարագայում միայն վերջինիս վավերությունը կարող է դառնալ դատական քննության առարկա։
Վերը շարադրվածի համատեքստում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետի քաղաքացիաիրավական բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է տուժանքի մասին համաձայնության երկու ինքնուրույն նշանակություն ունեցող հատուկ վավերության պայմաններ, որոնցից յուրաքանչյուրի խախտումն օրենքի ուժով հանգեցնում է նման համաձայնության առոչնչության, այն է՝
1) պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով,
2) պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:
Փաստելով, որ օրենքով կամ պայմանագրով տուժանք կարող է սահմանվել պարտապանի թե՛ դրամական, թե՛ նման բովանդակություն չունեցող ոչ դրամական պարտավորության (պայմանագրային սուբյեկտիվ պարտականության) կատարումն ապահովելու համար, ինչպես նաև այն, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369‑րդ հոդվածի 1-ին կետում տուժանքի հասկացությունը ձևակերպելիս այն բացահայտելու համար փակագծերում օգտագործել է նաև «տուգանք» և «տույժ» եզրույթները՝ չբացահայտելով վերջիններիս բովանդակությունը, սակայն, ըստ էության, դրանք դիտարկելով որպես տուժանքի տեսակներ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժանքի մասին համաձայնության վավերության վերը նշված պայմանների ճիշտ կիրառումն ապահովելու նկատառումներից ելնելով նախևառաջ հարկ է նկատի ունենալ հետևյալը.
Քաղաքացիական իրավունքի չվիճարկվող դոկտրինալ մոտեցումների համաձայն՝ տուգանք է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն կայուն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է միանվագ վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում։ Ընդ որում, այն կարող է սահմանվել և՛ դրամական, և՛ ոչ դրամական պարտավորությունների ապահովման համար։ Տուգանքի չափը կարող է հստակ սահմանվել պայմանագրում կամ որոշվել հետագայում՝ պայմանագրով սահմանված կարգով։ Տույժ է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն աճողական դրամական գումարը, որը գանձվում է կատարման կետանց թույլ տված պարտապանից կետանցի տևողության պայմանագրով որոշված յուրաքանչյուր կոնկրետ ժամանակահատվածի (որպես կանոն՝ օրվա) համար։ Ընդ որում, տույժը՝ որպես դրամական պարտավորությունների կատարումն ապահովող միջոց, սահմանվում է պարտքի գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ, իսկ ոչ դրամական պարտավորությունների ապահովման դեպքում՝ կետանցի տևողության պայմանագրով որոշված յուրաքանչյուր կոնկրետ ժամանակահատվածի համար կայուն դրամական գումարով։
Շարադրվածի համատեքստում անդրադառնալով տուժանքի մասին համաձայնության՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վավերության հատուկ պայմաններին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանցից առաջինը (պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը) կիրառելի է բացառապես դրամական պարտավորություն ապահովող տույժի մասին համաձայնության նկատմամբ՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկ» և վերը շարադրված իրավաընկալմամբ «տուգանք» («պարտքի գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ չարտահայտված գումար») հասկացությունները (մեծությունները) համեմատելի չեն. առաջինն ունի դրամական պարտավորության նկատմամբ տոկոսային արտահայտություն, իսկ երկրորդը և երրորդը որոշվում են կայուն դրամական մեծությամբ։ Ինչ վերաբերում է տուժանքի մասին համաձայնության վավերության երկրորդ պայմանին (պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը), ապա այն կիրառելի է միայն այնպիսի համաձայնության նկատմամբ, որով նախատեսված տույժերը և տուգանքները վերաբերելի են դրանով ապահովված դրամական պարտավորությանը (հիմնական պարտքին)։ Այլ կերպ ասած՝ համեմատվող մեծություններ են, մի կողմից, պայմանագրից բխող տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը և, մյուս կողմից, տվյալ պայմանագրի հիման վրա դրամական պարտավորության խախտման համար պայմանագրով որոշված (հաշվարկված) բոլոր տուժանքների (տուգանքների և տույժերի) հանրագումարը։ Համապատասխանաբար, քննարկվող սահմանափակման շրջանակներից դուրս պետք է դիտարկվի այն տուժանքը (տույժը, տուգանքը), որով ապահովվել է դրամական պարտավորության (պարտքի) հետ ուղղակիորեն չկապված պայմանագրային այլ պարտավորության կատարումը։
Ամփոփելով շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժանքի մասին համաձայնությունն առոչինչ կարող է համարվել բացառապես այն դեպքերում, երբ՝
1) պայմանագրով որոշված տույժի տարեկան առավելագույն չափը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, և տույժի մասին համաձայնությամբ ապահովված է պարտապանի դրամական պարտավորությունը.
2) դրամական պարտավորության (հիմնական պարտքի) նկատմամբ պայմանագրով որոշված (հաշվարկված) բոլոր տուժանքների հանրագումարի չափը գերազանցում է տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը։ Ընդ որում, եթե պայմանագրով որոշված են նաև այլ՝ դրամական պարտավորության հետ ուղղակիորեն չկապված պարտավորությունները խախտելու համար տուժանքներ (տույժեր, տուգանքներ), ապա տուժանքի մասին համաձայնության վավերությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372‑րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կանոնների համատեքստում որոշելիս դրանց չափը հաշվի առնվել չի կարող։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության և Աննա Մկրտչյանի միջև 25.04.2022 թվականին կնքված Պայմանագրի 1.1.-ին կետի համաձայն՝ «Կապի օպերատորը պարտավորվում է Բաժանորդին մատուցել ինտերնետ-կապի ծառայություններ և իրականացնել բաժանորդային սպասարկում (հետագայում՝ «Կապի ծառայություններ»), իսկ Բաժանորդը պարտավորվում է պահպանել իրեն տրամադրվող Կապի ծառայությունների վերաբերյալ Կապի օպերատորի կողմից սահմանված կանոնները և սույն պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետներում վճարել մատուցված ծառայությունների դիմաց»։
Պայմանագրի 1.3.-րդ կետի համաձայն՝ «Բաժանորդի կողմից ընտրվում է հետևյալ սակագնային պլանը՝ 5000»:
Պայմանագրի 5.3.-րդ կետի համաձայն՝ «Հատուկ պայմանով պայմանագիր կնքելու դեպքում Բաժանորդը կարող է ժամկետից շուտ դադարեցնել պայմանագրի գործողությունը՝ վճարելով տույժ, մեկ տարվա ժամկետի ընթացքում փաստացի չօգտագործված ամիսների համար վճարման ենթակա գումարի չափով՝ Կապի օպերատորի պահանջի դեպքում»։
Պայմանագրի 5.4.-րդ կետի համաձայն՝ «Հատուկ պայմանով պայմանագիրը Բաժանորդի նախաձեռնությամբ ժամկետից շուտ լուծելու դեպքում Կապի օպերատորը իրավունք ունի պահանջել բացի սույն պայմանագրի 5.3. կետում նշված վճարումներից, վճարել նաև տուգանք՝ 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամի չափով»։
Պայմանագրի 6.1.-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ «Սույն պայմանագիրը կնքվում է հետևյալ ժամկետով (...)՝ 365 օր պարտադիր՝ օգտագործման ժամկետով (հատուկ պայմանով պայմանագիր)»։
Աննա Մկրտչյանը 2022 թվականի ապրիլ-օգոստոս ամիսների ընթացքում Ընկերության մատուցած ծառայություններն ընդունելուց հետո վաղաժամկետ հրաժարվել է Պայմանագրից։
Ընկերության տնօրեն Ա. Աղաջանյանի կողմից ստորագրված և հայցադիմումին կից ներկայացված՝ «Մատուցված ծառայությունների պատմություն» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ Աննա Մկրտչյանին 2022 թվականի ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների համար պարտքի մնացորդը կազմում է 0 ՀՀ դրամ, իսկ օգոստոս ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների համար պարտքի մնացորդը՝ 5000 ՀՀ դրամ։
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Աննա Մկրտչյանից բռնագանձել 55.000 ՀՀ դրամ, որից 5.000 ՀՀ դրամը՝ որպես օգոստոս ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց չվճարված գումար, 15.000 ՀՀ դրամը՝ որպես Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար Պայմանագրով նախատեսված տուգանք, իսկ 35.000 ՀՀ դրամը՝ որպես Պայմանագրով նախատեսված տույժ՝ մեկ տարվա ժամկետի ընթացքում փաստացի չօգտագործված ամիսների համար վճարման ենթակա գումարի չափով։ Հայցի հիմքում դրվել են օգոստոս ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց Աննա Մկրտչյանի կողմից վճարումը կատարած չլինելու և Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու փաստերը, ինչպես նաև Պայմանագրի 5.3.‑րդ, 5.4.-րդ ու 6.1.-ին կետերը։
Դատարանը, պատճառաբանելով, որ «(…) կողմերի միջև կնքվել է գրավոր պայմանագիր, կողմերը օգտվել են պայմանագրի կնքման ազատությունից և պայմանագրով նախատեսել են որոշակի պայմաններ, որոնք կոչված են եղել ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում ապահովելու իրավասուբյեկտների քաղաքացիաիրավական արդյունավետ գործունեությունը և միտված է եղել այդ գործունեության բնագավառում իրավական պատասխանատվություն նախատեսելու միջոցով պայմանագրային պարտավորությունների ժամանակին ու պատշաճ կատարման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելուն՝ դրանով նաև երաշխավորելով մասնավոր սեփականության վրա հիմնված տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը», 15.08.2023 թվականի վճռով հայցը բավարարել է։
Վերաքննիչ դատարանի 05.12.2023 թվականի որոշմամբ Աննա Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.08.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ հետևյալ պատճառաբանությամբ.
- «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական կարգավորումն ամենևին չի սահմանափակում պայմանագրով ծառայություններից միակողմանի հրաժարվելու դեպքում այլ իրավական հետևանքի առաջացումը, ինչը իր հերթին բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 781-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումից. (...) Տվյալ դեպքում (...) զուգահեռ գործում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը, ըստ որի պատվիրատուն իրավունք ունի մինչև աշխատանքի արդյունքն իրեն հանձնելը ցանկացած ժամանակ հրաժարվել պայմանագիրը կատարելուց` կապալառուին վճարելով մինչև պայմանագիրը կատարելուց պատվիրատուի հրաժարվելու վերաբերյալ ծանուցում ստանալու պահը կատարած աշխատանքին համարժեք գին, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով։ Վերաքննիչ դատարանի այս հետևությունը՝ նաև կապալի ընդհանուր կանոնները կիրառելի լինելու մասին, պայմանավորված է նրանով, որ տվյալ պարագայում չկա որևէ հակասություն կապալի ընդհանուր դրույթների (700-727) և ծառայությունների վճարովի մատուցման կանոնների միջև, և կապի ոլորտում ծառայությունների մատուցումը դիտարկվող համատեքստում չունի որևէ առանձնահատկություն, և ըստ այդմ՝ այդ պայմանագրի նկատմամբ կարող են կիրառվել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածով նախատեսված՝ պայմանագրով այլ բան նախատեսված լինելու կանոնները։ Հակառակ տրամաբանությունն ուղղակիորեն հակասում է պայմանագրի ազատության սկզբունքին, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման»,
- «Պայմանագրում առկա չէ օրենքի ուժով առոչինչ հանդիսացող որևէ պայման, իսկ պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում տուժանքի չափը սահմանող պայմանագրային պայմանները վիճարկված չեն»,
- «սույն գործով կողմերի միջև կնքված պայմանագրի առարկան կազմող ծառայությունների դիմաց չվճարված, այսինքն՝ պարտավորության հիմնական գումարը կազմում է ընդամենը 5.000 ՀՀ դրամ, որի բռնագանձման պահանջը ներկայացնելով, հայցվորը որևէ տույժի կիրառում տվյալ գումարի նկատմամբ, չի ներկայացրել: Հետևաբար, (...) հիմնական պարտավորության գումարին հաշվարկվող տույժի չափը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի կիրառմամբ նվազեցնելու իրական հնարավորությունը բացակայում է՝ այդպիսի տույժ հաշվարկված չլինելու հիմքով»։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը նախ անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.
Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտով քննարկվող պայմանագրային հարաբերությունների նկատմամբ կիրառելի է համարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները՝ նշվածը հիմնավորելով նաև այն պատճառաբանությամբ, որ առկա չէ որևէ հակասություն կապալի ընդհանուր դրույթների և ծառայությունների վճարովի մատուցման կանոնների միջև, ու կապի ոլորտում ծառայությունների մատուցումը դիտարկվող համատեքստում չունի որևէ առանձնահատկություն, մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել այն փաստը, որ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց միակողմանի հրաժարվելու իրավահարաբերությունները կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածը, ինչպես արդեն նշվեց վերը, ունի իմպերատիվ բնույթ և, ի տարբերություն կապալային հարաբերություններում պատվիրատուի կողմից պայմանագրից միակողմանի հրաժարվելու իրավահարաբերությունները կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածի, պատվիրատուի համար առաջացնում է բացառապես կատարողի փաստացի կատարած ծախսերը վճարելու պարտականություն, որպիսի կարգավորումն ուղղակիորեն բացառում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածի կիրառելիությունը ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի նկատմամբ։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության և Աննա Մկրտչյանի միջև 25.04.2022 թվականին կնքված Պայմանագրի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածի կիրառելի չլինելու վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկները հիմնավոր են։
Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրից միակողմանի հրաժարվելը հանդիսանում է Աննա Մկրտչյանի՝ օրենքով երաշխավորված իրավունքը, որի իրացումն օրենսդրի կողմից պայմանավորվել է բացառապես պայմանագրի կատարման ընթացքում կատարողի փաստացի կատարված և ապացուցված ծախսերի հատուցման պարտականությամբ, ու փաստելով, որ Պայմանագրի 5.3.-րդ և 5.4.-րդ կետերով, ըստ էության, սահմանվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրից հրաժարվելու դեպքում պատվիրատուի համար վրա հասնող այլ՝ փաստացի կատարած ծախսերը վճարելու պարտականությունից տարբերվող լրացուցիչ պարտականություն, որպիսի հնարավորությունը, վերը նշված պատճառաբանություններով, օրենսդրի կողմից սահմանափակվել է, գտնում է, որ Պայմանագրի 5.3.-րդ ու 5.4.-րդ կետերով սահմանված տուժանքի (տույժի և տուգանքի) մասին պայմանները հակասում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780‑րդ հոդվածով սահմանված իմպերատիվ կարգավորմանը, ուստիև պետք է դիտարկվեն որպես օրենքի պահանջներին հակասող։
Ավելին, ինչպես արդեն նշվել է վերը, տուժանքի կիրառման պարտադիր նախապայման է պարտապանի կողմից ստանձնած պարտավորության՝ պայմանագրային սուբյեկտիվ պարտականության խախտումը։ Տուժանք (տուգանք, տույժ) չի կարող սահմանվել պարտավորության կողմի իրավաչափ վարքագծի, մասնավորապես՝ իր սուբյեկտիվ իրավունքն իրականացնելու համար, քանի որ տուժանքով կարող է ապահովվել բացառապես իրական պահանջի իրավունքը։ Նշվածից հետևում է, որ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով Պատվիրատուի՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու՝ օրենքով և պայմանագրով երաշխավորված իրավունքն իրացնելու համար տուժանքի մասին համաձայնությամբ այդպիսի տուժանք (տույժ, տուգանք) սահմանված լինելու պարագայում (որպիսի փաստն առկա է սույն գործով), այն՝ որպես ոչ իրական պահանջ ապահովող, հակասում է օրենքի պահանջներին, հետևաբար կարող է սահմանված կարգով վիճարկվել նաև այդ հիմքով ու ճանաչվել անվավեր։
Այդուհանդերձ, հաշվի առնելով այն փաստը, որ սույն գործով Աննա Մկրտչյանի կողմից վերը նշված հիմքերով Պայմանագրի 5.3.-րդ և 5.4.-րդ կետերով սահմանված տույժի ու տուգանքի վավերությունը չի վիճարկվել՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն իրավունք չունեին օրենքի պահանջներին հակասող պայմանագրային նշված դրույթներն իրենց հայեցողությամբ անվավեր ճանաչելու եղանակով միջամտելու կողմերի պայմանագրային հարաբերություններին և իրավաչափորեն են հիմք ընդունել Պայմանագրի՝ կողմերի ազատ կամահայտնությամբ ձևակերպված նշված պայմանները, թեկուզև դրանք հակասում են օրենքի իմպերատիվ պահանջներին։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ չնայած Պայմանագրի 5.3.-րդ և 5.4.-րդ կետերը վերը նշված պատճառաբանությամբ հակասում են օրենսդրական իմպերատիվ կարգավորումներին, իրենց բնույթով վիճահարույց են ու թեև պարունակում են վավերության պահանջներին համապատասխանելու առումով որոշակի արատ, այնուհանդերձ սույն դեպքում առաջացնում են ակնկալվող իրավական հետևանքներ և պետք է կիրառվեն, քանի որ նման հիմքերով տուժանքի մասին համաձայնության առոչնչություն օրենքով նախատեսված չէ, իսկ Աննա Մկրտչյանի կողմից դրանց վավերությունը սահմանված կարգով չի վիճարկվել։
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի նորմի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները մասամբ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 715-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ) հիմնավորված համարելով հանդերձ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված վերաբերելի հիմնավորումները բավարար չեն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ այդ խախտումները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չեն ազդել գործի ելքի վրա։
Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Պայմանագրի 5.3.-րդ և 5.4.-րդ կետերով սահմանված տույժի ու տուգանքի մասին պայմանների վավերությանը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված վավերության հատուկ պայմանների համատեքստում։
Սույն դեպքում Պայմանագրով կողմերը սահմանել են տույժ և տուգանք Աննա Մկրտչյանի կողմից պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու համար՝ ըստ էության դրանով նպատակ ունենալով ապահովել որոշակի «ոչ դրամական պարտավորություն»։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վավերության պայմաններից առաջինը (պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը), ինչպես նշվել է վերը, կիրառելի է բացառապես դրամական պարտավորություն ապահովող տույժի մասին համաձայնության նկատմամբ, ուստի սույն դեպքում այն չի կարող կիրառելի համարվել Պայմանագրի 5.3.-րդ և 5.4.‑րդ կետերով նախատեսված տույժի ու տուգանքի կապակցությամբ, քանի որ դրանցով ապահովվել է ոչ թե դրամային պարտավորություն, այլ՝ պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելը բացառող որոշակի պայմանագրային սուբյեկտիվ պարտականություն։ Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վավերության պայմաններից երկրորդին (պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը), ապա այն ևս սույն դեպքում կիրառելի չէ, քանի որ նշված կարգավորումը կիրառելի կարող էր համարվել միայն այն դեպքում, երբ տույժի կամ տուգանքի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը վերաբերելի լիներ դրանով ապահովված դրամական պարտավորությանը (հիմնական պարտքին), մինչդեռ սույն դեպքում կողմերը Պայմանագրի 5.3.-րդ և 5.4.‑րդ կետերով ապահովել են իր բնույթով դրամական պարտավորության (պարտքի) հետ ուղղակիորեն չկապված պայմանագրային այլ պարտավորություն։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության և Աննա Մկրտչյանի միջև կնքված Պայմանագրի 5.3.-րդ ու 5.4.‑րդ կետերով սահմանված տույժի և տուգանքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված սահմանափակումները կիրառելի չեն՝ հաշվի առնելով դրանցով ապահովված պարտավորության բնույթը, հետևաբար՝ Պայմանագրի 5.3.-րդ ու 5.4.‑րդ կետերն օրենքի ուժով առոչինչ գնահատվել չեն կարող։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը, որ «Պայմանագրում առկա չէ օրենքի ուժով առոչինչ հանդիսացող որևէ պայման», «սույն գործով կողմերի միջև կնքված պայմանագրի առարկան կազմող ծառայությունների դիմաց չվճարված, այսինքն՝ պարտավորության հիմնական գումարը կազմում է ընդամենը 5.000 ՀՀ դրամ, որի բռնագանձման պահանջը ներկայացնելով, հայցվորը որևէ տույժի կիրառում տվյալ գումարի նկատմամբ, չի ներկայացրել: Հետևաբար, (...) հիմնական պարտավորության գումարին հաշվարկվող տույժի չափը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի կիրառմամբ նվազեցնելու իրական հնարավորությունը բացակայում է՝ այդպիսի տույժ հաշվարկված չլինելու հիմքով»։
Անդրադառնալով վճռաբեկ բողոք բերած անձի կողմից մատնանշված վճռաբեկ բողոքի վարույթի ընդունելիության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պայմանի առկայությանը՝ պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալին.
Տվյալ դեպքում Աննա Մկրտչյանը վկայակոչել է թիվ ԱՎԴ/7802/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը՝ հիմնավորելով, որ այդ դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը կիրառվել է Վերաքննիչ դատարանի 05.12.2023 թվականի բողոքարկվող որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։
Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտում մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը, մասնավորապես նշել է. «(…)կողմերի միջև կնքվել է գրավոր պայմանագիր, կողմերը օգտվել են պայմանագրի կնքման ազատությունից և պայմանագրով նախատեսել են պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում որոշակի պայմաններ, որոնք կոչված են եղել ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում ապահովելու իրավասուբյեկտների քաղաքացիաիրավական արդյունավետ գործունեությունը և միտված է եղել այդ գործունեության բնագավառում իրավական պատասխանատվություն նախատեսելու միջոցով որոշակի ժամկետով կնքված պայմանագրային պարտավորությունների ժամանակին ու պատշաճ կատարման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելուն՝ դրանով նաև երաշխավորելով մասնավոր սեփականության վրա հիմնված տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը, պայմանագրով նախատեսված տույժերի չափի վերաբերյալ առոչինչ համարվող պայման առկա չէ, իսկ տուժանքի չափը սահմանող պայմանագրային պայմանները որևէ կերպ չեն վիճարկվել, դրանց վերաբերյալ պահանջներ չեն ներկայացվել։ Ավելին, սույն գործով կողմերի միջև կնքված պայմանագրի առարկան կազմող ծառայությունների դիմաց չվճարված, այսինքն՝ պարտավորության հիմնական գումարը կազմում է ընդամենը 5.000 ՀՀ դրամ, որի բռնագանձման պահանջը ներկայացնելով, հայցվորը որևէ տույժի կիրառում տվյալ գումարի նկատմամբ, չի ներկայացրել: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմնական պարտավորության գումարին հաշվարկվող տույժի չափը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի կիրառմամբ նվազեցնելու իրական հնարավորությունը բացակայում է՝ այդպիսի տույժ հաշվարկված չլինելու հիմքով (…)»։
Թիվ ԱՎԴ/7802/02/22 քաղաքացիական գործով 25.09.2023 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, մասնավորապես, արձանագրել է. «(…) Բողոքարկվող դատական ակտով հաստատվել և չի վիճարկվում այն հանգամանքը, որ մատուցված ծառայությունների դիմաց չվճարված պարտավորությունը կազմում է 4.800 ՀՀ դրամ։ Այսինքն՝ պատասխանողի հիմնական պարտավորությունների հանրագումարը երկու պայմանագրերի հիմքով 4.800 ՀՀ դրամ է։ Միաժամանակ, Դատարանը սահմանել է, որ պատասխանողից բռնագանձման ենթակա է 30.000 ՀՀ դրամ՝ որպես պայմանագրերը վաղաժամկետ լուծելու համար նախատեսված տուգանքների գումար և 77.000 ՀՀ դրամ՝ որպես պայմանագրերով նախատեսված չօգտագործված ամիսների համար սահմանված տույժերի գումար։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի ուժով տուժանքների հանրագումարը չպետք է գերազանցեր հիմնական պարտքի չափը, այսինքն՝ 4.800 ՀՀ դրամը, հակառակ դեպքում կխախտվի հիմնական պարտավորության գումարի և տուժանքների չափի միջև ողջամիտ հարաբերակցություն ապահովելու կանոնը։ Այսպիսով, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ պայմանագրերի հիմքով հիմնական պարտավորությունը ընդհանուր 4.800 ՀՀ դրամ կազմելու դեպքում, պայմանագրերով սահմանված տուժանքների գումարը ևս պետք է սահմանվեր հիմնական պարտավորության առավելագույն չափով, այն է՝ 4.800 ՀՀ դրամ (…)»։
Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով ինչպես Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2023 թվականի որոշմամբ արտահայտված վերը նշված դիրքորոշումները, արձանագրում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 25.09.2023 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը կիրառել է Վերաքննիչ դատարանի կողմից նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։
Վերը նշված փաստերից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը, ապահովելով օրենքի միատեսակ կիրառելիության երաշխավորման իր սահմանադրաիրավական առաքելությունը, փաստում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում վերը նշված իրավական նորմն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, 05.12.2023 թվականի որոշմամբ Աննա Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի 15.08.2023 թվականի վճիռն անփոփոխ թողնելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար՝ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աննա Մկրտչյանի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո
Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2023 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող Զեկուցող Գ. Հակոբյան Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|