ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/36004/02/20 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (06.05.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.09.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.05.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36004/02/20

2026 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36004/02/20

Նախագահող դատավոր

 Ի. Բաղմանյան

Դատավորներ

 Լ. Հովհաննիսյան

 Լ. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2026 թվականի մայիսի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Աննա Թորոսյանի և Ռոման Նազարյանի հայցի ընդդեմ Լուսինե Հարությունյանի, պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Էդուարդ Թումասյանի ու Արմեն Դոլմազյանի՝ պայմանագիրը կնքված համարելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ռոման Նազարյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Աննա Թորոսյանը և Ռոման Նազարյանը պահանջել են Աննա Թորոսյանի և Ռոման Նազարյանի միջև պրինցիպալի հանձնարարությամբ և նրա հաշվին «****» ավտոմեքենայի գնման նպատակով անհրաժեշտ գործողությունների կատարման վերաբերյալ 04.04.2019 թվականին կնքված կոմիսիայի կանոններով գործակալության գործարքի հիման վրա Ռոման Նազարյանի հանձնարարությամբ և նրա հաշվին, սակայն Լուսինե Հարությունյանի անունից 04.04.2019 թվականին «Քոպարտ» էլեկտրոնային աճուրդին մասնակցելու միջոցով 2015 թվականի արտադրության «Toyota Camry LE» ավտոմեքենայի գնման նպատակով անհրաժեշտ գործողությունների կատարման վերաբերյալ Ռոման Նազարյանի և Լուսինե Հարությունյանի միջև կոմիսիայի կանոններով ենթագործակալության գործարքը (պայմանագիրը) համարել կնքված 04.04.2019 թվականին և ճանաչել Աննա Թորոսյանի սեփականության իրավունքը 2015 թվականի արտադրության «****» տրանսպորտային միջոցի նկատմամբ:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 03.10.2024 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը՝ ըստ հայցի Ռոման Վովայի Նազարյանի ընդդեմ Լուսինե Հարությունի Հարությունյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Էդուարդ Միհրանի Թումասյանի և Արմեն Շահնամերի Դոլմազյանի՝ պայմանագիրը կնքված համարելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, կարճվել է՝ հայցից հրաժարվելու հիմքով։ Աննա Վաչագանի Թորոսյանի հայցն ընդդեմ Լուսինե Հարությունի Հարությունյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Էդուարդ Միհրանի Թումասյանի և Արմեն Շահնամերի Դոլմազյանի՝ պայմանագիրը կնքված համարելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, բավարարվել է՝ Աննա Վաչագանի Թորոսյանի՝ որպես պրինցիպալի և Ռոման Վովայի Նազարյանի՝ որպես գործակալի միջև Աննա Վաչագանի Թորոսյանի հանձնարարությամբ և նրա հաշվին 04.04.2019 թվականին «***» (***) ավտոմեքենայի գնման նպատակով կոմիսիայի կանոններով գործակալության պայմանագրի հիման վրա Ռոման Վովայի Նազարյանի՝ որպես գործակալի հանձնարարությամբ և նրա հաշվին, սակայն Լուսինե Հարությունի Հարությունյանի՝ որպես ենթագործակալի անունից 04.04.2019 թվականի «Քոպարտ» էլեկտրոնային աճուրդին մասնակցելու միջոցով «Toyota Camry LE» 2015 թվականի արտադրության (***, աճուրդի լոտ՝ ***) ավտոմեքենայի գնման նպատակով Ռոման Վովայի Նազարյանի՝ որպես գործակալի և Լուսինե Հարությունի Հարությունյանի՝ որպես ենթագործակալի միջև կոմիսիայի կանոններով ենթագործակալության պայմանագիրը 04.04.2019 թվականին համարվել է կնքված։ Ճանաչվել է Աննա Վաչագանի Թորոսյանի սեփականության իրավունքը «***» (***1) ավտոմեքենայի նկատմամբ»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.12.2024 թվականի որոշմամբ Ռոման Նազարյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոման Նազարյանը (ներկայացուցիչ Արմինե Հակոբյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աննա Թորոսյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ և 372-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վիճարկվող դատական ակտով կնքված են համարվել այնպիսի գործարքներ, որոնց կողմ է հանդիսանում ինքը և, որոնց վերաբերյալ 22092021 թվականին Դատարան ներկայացված «Դիրքորոշում» վերտառությամբ փաստաթղթով և 11092024 թվականին հայցից հրաժարվելու մասին դիմումով ինքն իր անհամաձայնությունն է հայտնել իր և Աննա Թորոսյանի միջև պրինցիպալի հանձնարարությամբ ու նրա հաշվին 04042019 թվականի «2015 Toyota Camry LE» ավտոմեքենայի գնման նպատակով անհրաժեշտ գործողությունների կատարման վերաբերյալ 04042019թ կոմիսիայի կանոններով գործակալության պայմանագիր և իր ու Լուսինե Հարությունյանի միջև 04042019թ կոմիսիայի կանոններով ենթագործակալության պայմանագիր կնքված լինելու փաստերի մասով՝ նշելով, որ վիճարկվող դատական ակտով հաստատվել են գործակալության և ենթագործակալության գործարքներ, որոնք երկուսն էլ վերագրվում են իրեն և կայացված են իր դեմ, որի վերաբերյալ պատասխանող չլինելու պայմաններում հնարավորություն չի ունեցել օգտվելու համապատասխան դատավարական միջոցներից։

Վերաքննիչ բողոքից բխում է, որ Դատարանի կողմից կնքված համարված գործարքներով իր համար անխուսափելիորեն առաջանում են տվյալ գործարքներից բխող պարտականություններ, որոնք իր համար ունեն անբարենպաստ հետևանքներ։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված տնօրինչականության սկզբունքի անտեսմամբ անհիմն կերպով սահմանափակվել է իր համար անբարենպաստ դատական ակտի դեմ բողոքարկման իրավունքը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.12.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3‑րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ ու 372-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարանի դատական ակտը վերաքննիչ բողոք բերած անձի համար անբարենպաստ գնահատելու հարցին։

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (…) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական ու արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Ալ‑Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը։ Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Եվրոպական կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից (…) (տե՛ս Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22032007 թվականի վճիռը, կետ 125)։

Եվրոպական դատարանը միաժամանակ ընդգծել է, որ դատարանի առջև հավասարության և մրցակցության սկզբունքները սերտորեն փոխկապված են, ու միայն դատարանի առջև հավասարության սկզբունքի իրացման պայմաններում է հնարավոր ապահովել մրցակցության սկզբունքի լիարժեք իրացումը։ Քաղաքացիական դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև արդարացի հավասարակշռության իմաստով, հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը ու պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույց ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս Անկերլը ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38-րդ, ինչպես նաև Դոմբո Բեհեր Բ. Վ. ընդդեմ Նիդեռլանդների գործով Եվրոպական դատարանի 07.10.1993 թվականի որոշումը, կետ 66):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը պետք է լինի օրինական:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`գործին մասնակցող անձինք են`

1) կողմերը,

2) երրորդ անձինք,

3) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անձը կարող է վերաքննիչ բողոք ներկայացնել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց իրավունք է վերապահել բողոքարկելու դատական ակտերը՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում: Միաժամանակ օրենսդիրը դատական ակտերի (վճիռներ և որոշումներ) բողոքարկումը պայմանավորել է այդ ակտերի` բողոքարկող անձանց համար անբարենպաստ լինելու հանգամանքով: Այլ կերպ ասած՝ եթե վերադասության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բարենպաստ է այն բողոքարկող անձի համար, ապա վերջինս այդ ակտը վերադասության կարգով բողոքարկելու իրավունք չունի, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշվածն ուղղված է այնպիսի դատական սխալների բացահայտմանը, որոնք շահագրգիռ անձանց համար հանգեցրել են անբարենպաստ իրավական հետևանքների: Այդ իսկ նկատառումով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածը, ի թիվս այլնի, իմպերատիվ ձևով սահմանում է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այն հիմքը, ըստ որի` վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի։ Փաստորեն, օրենսդրորեն որդեգրվել է այն մոտեցումը, որ դատական ակտի դեմ անձի կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման նաև այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի՝ այն վերջինիս համար անբարենպաստ չլինելու հիմքով: Ընդ որում, վերը նշված հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելիս անհրաժեշտ է, որ վերաքննիչ դատարանը համապատասխան իրավական և փաստական հանգամանքների վկայակոչմամբ հիմնավորի ու պատճառաբանի բողոքարկված դատական ակտի՝ բողոք բերած անձի համար բարենպաստ լինելու փաստի առկայությունը։ Միայն այս դեպքում կարող է վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը լինել օրինական, հիմնավորված և պատճառաբանված։ Ինչպես գործին մասնակցող անձինք, այնպես էլ դատարանները պարտավոր են պահպանել օրենքով սահմանված կարգը: Ըստ այդմ, գործին մասնակցող անձանց համար օրենքով սահմանված են բողոքարկման, իսկ վերադաս դատական ատյանների համար՝ բողոքների քննության որոշակի սահմաններ։

Դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ բողոք բերելու սահմանափակումն ունի կրկնակի բովանդակային նշանակություն՝

1) անձը չի կարող բողոք բերել դատական ակտի՝ իր համար բարենպաստ մասի դեմ,

2) անձը չի կարող բողոք բերել դատական ակտի՝ այլ անձանց համար անբարենպաստ մասի դեմ:

Դրան համապատասխան էլ վերաքննիչ դատարանը չի կարող քննել և լուծել ինչպես դատական ակտի՝ անձի համար բարենպաստ մասի դեմ բերված բողոքը, այնպես էլ անձի կողմից այլ անձանց իրավունքներին ու պարտականություններին առնչվող մասով բերված վերաքննիչ բողոքը: Եթե անձը, ի խախտումն տնօրինչականության սկզբունքի, ներկայացրել է վերաքննիչ բողոք, որով վիճարկում է դատական ակտի ոչ միայն իր, այլև այլ անձանց համար անբարենպաստ մասը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու է քննելու և լուծելու միայն բողոք բերած անձի իրավունքներին ու պարտականություններին վերաբերող մասով բերված բողոքը և ըստ այդմ էլ քննության ընթացքում համապատասխան հետևության գալով՝ իրավասու է բեկանել միայն դատական ակտի՝ բողոք բերած անձի համար անբարենպաստ մասը (տե՛ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «ԲԱՄ-ԱՍ» ՍՊԸ-ի, և մյուսների թիվ ԵԿԴ/2603/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.12.2020 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Աննա Թորոսյանի կողմից Ռոման Նազարյանին 04.04.2019 թվականին տրված լիազորագրի համաձայն՝ Աննա Թորոսյանը Ռոման Նազարյանին լիազորել է իր փոխարեն, իր հանձնարարությամբ և իր հաշվին, սակայն՝ իր անունից, հանդես գալ այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց, պետական մարմինների առջև՝ իր հաշվին և իր համար, անձամբ կամ «**»-ի *** անվանումով հավաստանշված մասնակից Լուսինե Հարությունյանի միջոցով ամերիկյան «Copart» էլեկտրոնային աճուրդից էլեկտրոնային սակարկությունների միջոցով մինչև 6.900 ԱՄՆ դոլարով գնել աճուրդի թիվ *** լոտի տակ վաճառվող՝ «***» (***) նույնականացման համարով մարդատար ավտոմեքենան, ու այն փոխադրող ընկերությունների միջոցով ներմուծել ՀՀ ու Երևանում հանձնել իր լիազորված անձ Վահագն Թորոսյանին: Նույն լիազորություններն իրականացնելու նպատակով Ռոման Նազարյանն իրավասու է իր փոխարեն անձամբ կամ «Copart»-ի մասնակից Լուսինե Հարությունյանի միջոցով 04.04.2019 թվականին մասնակցել թիվ ***2 լոտի սակարկություններին, աճուրդում հաղթելու դեպքում Copart-ին կամ Լուսինե Հարությունյանին կամ փոխադրող ընկերությանը վճարել ավտոմեքենայի արժեքը, վերջիններիս տալ պատվերներ, հանձնարարություններ, ցուցումներ (որպես կատարողի տեղակալի կամ ենթագործակալ-կոմիսիոների), ստանալ և հայտնել տեղեկություններ, ստանալ ու հանձնել փաստաթղթեր, ինչպես նաև կատարել վերը նշված ավտոմեքենայի գնման և մինչև Հայաստան տեղափոխման հետ կապված՝ իր համար իրավաբանական հետևանքներ առաջացող գործողություններ՝ կապված նույն լիազորագրով սահմանված հանձնարարությունների կատարման հետ (հատոր 2-րդ, գթ 123):

09072019 թվականին նոտարական կարգով վավերացված լիազորագրի համաձայն՝ Ռոման Նազարյանը լիազորել է Աննա Թորոսյանին իր անունից հանդես գալ և ներկայացնել իր իրավունքներն ու օրինական շահերը Հայաստանի Հանրապետության (․․․) բոլոր դատարաններում (․․․)։ Լիազորագիրը տրվել է վերալիազորման իրավունքով 3 տարի ժամկետով (Հավելված, գթ 49

11012021 թվականին նոտարական կարգով վավերացված լիազորագրի համաձայն՝ Աննա Թորոսյանը, ըստ 09072019 թվականին Ռոման Նազարյանի կողմից տրված և նոտարական կարգով վավերացված վերալիազորման իրավունքով լիազորագրի, լիազորել է Հարություն Ղազանչյանին Ռոման Նազարյանի անունից հանդես գալ և ներկայացնել նրա իրավունքներն ու օրինական շահերը Հայաստանի Հանրապետության (․․․) բոլոր դատարաններում (․․․)։ Լիազորագիրը տրվել է մինչև 09072022 թվականը (Հավելված, գթ 48

Աննա Թորոսյանը և Ռոման Նազարյանի ներկայացուցիչ Հարություն Ղազանչյանը 12.02.2021 թվականին հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ Լուսինե Հարությունյանի` պայմանագիրը կնքված համարելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին (Հավելված, գթ 2-6)։

22092021 թվականին, 11092024 թվականին Ռոման Նազարյանի կողմից Դատարան մուտքագրված «Դիրքորոշում և Դիմում» վերտառությամբ փաստաթղթերով, վերջինս հայտնել է, որ գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, տեղեկացված չի եղել իր անունից սույն դատական գործի նախաձեռնման մասին, ավելին՝ ինքը Լուսինե Հարությունյանի հետ ծանոթ չէ և նրա հետ երբևէ որևէ գործարք չի իրականացրել, հատկապես՝ սույն քաղաքացիական գործով քննարկվող «***» մակնիշի տրանսպորտային միջոցի մասով։ Նշված տրանսպորտային միջոցի մասով գործարքն իրականացվել է Վահագն Թորոսյանի և «Այ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Կարապետյանի միջև։ Ինքը հանձնարարություններ ստացել է Արսեն Կարապետյանից։ Գործարքն իրականացնելու համար Արսեն Կարապետյանի հանձնարարությամբ օգտագործվել է «Յու Էս Էյ Ինտերկարգո ԲՍԵ» ՍՊԸ-ին օգտագործման իրավունքով պատկանող բանալի կոդը՝ առանց նշված ընկերության և նրա տնօրեն Լուսինե Հարությունյանի հետ համաձայնեցնելու և տեղեկացնելու, հետևաբար, ինքն որևէ գործակալական կամ ենթագործակալական հարաբերությունների մեջ չի գտնվել Լուսինե Հարությունյանի հետ և որևէ պահանջ չունի նրա դեմ։ Իր կողմից լիազորված անձ Աննա Թորոսյանը թույլ է տվել լիազորությունների չարաշահում՝ իր անունից նախաձեռնելով սույն քաղաքացիական գործը՝ առանց իրեն դրա մասին տեղեկացնելու և համաձայնեցնելու, ուստի ամբողջությամբ հրաժարվում է իր անունից ներկայացված պահանջներից և միջնորդում իր մասով կարճել գործի վարույթը՝ վերացնելով 09072019 թվականին Աննա Թորոսյանին տրված լիազորագիրը և վերալիազորումը։ (հատոր 3-րդ, գթ 51,52, հատոր 7-րդ, գթ 1-5):

Դատարանի 03.10.2024 թվականին վճռով, քաղաքացիական գործի վարույթը՝ ըստ հայցի Ռոման Նազարյանի ընդդեմ Լուսինե Հարությունյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Էդուարդ Թումասյանի և Արմեն Դոլմազյանի՝ պայմանագիրը կնքված համարելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, կարճվել է՝ հայցից հրաժարվելու հիմքով, իսկ Աննա Թորոսյանի հայցն ընդդեմ Լուսինե Հարությունյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Էդուարդ Թումասյանի և Արմեն Դոլմազյանի՝ պայմանագիրը կնքված համարելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, բավարարվել է, որոշվել է «Աննա Վաչագանի Թորոսյանի՝ որպես պրինցիպալի և Ռոման Վովայի Նազարյանի՝ որպես գործակալի միջև Աննա Վաչագանի Թորոսյանի հանձնարարությամբ և նրա հաշվին 04.04.2019թվականին «***» (***) ավտոմեքենայի գնման նպատակով կոմիսիայի կանոններով գործակալության պայմանագրի հիման վրա Ռոման Վովայի Նազարյանի` որպես գործակալի հանձնարարությամբ և նրա հաշվին, սակայն Լուսինե Հարությունի Հարությունյանի՝ որպես ենթագործակալի անունից 04.04.2019 թվականի «Քոպարտ» էլեկտրոնային աճուրդին մասնակցելու միջոցով «***» 2015 թվականի արտադրության (***, աճուրդի լոտ՝ ***3) ավտոմեքենայի գնման նպատակով Ռոման Վովայի Նազարյանի որպես գործակալի և Լուսինե Հարությունի Հարությունյանի՝ որպես ենթագործակալի միջև կոմիսիայի կանոններով ենթագործակալության պայմանագիրը 04.04.2019 թվականին համարել կնքված» (Հավելված, գթ 57-95

Վերաքննիչ դատարանը Դատարանի 03102024 թվականի վճռի դեմ Ռոման Նազարյանի անունից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ «Դատարանի 03.10.2024 թվականի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքով Ռոման Նազարյանի ներկայացուցիչը, վերահաստատելով Ռոման Նազարյանի կողմից հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու հանգամանքը և չներկայացնելով գործի վարույթը Ռոման Նազարյանի մասով կարճման ենթակա լինելու վերաբերյալ եզրահանգումների հետ կապված որևէ անհամաձայնություն, ընդամենը նշել է, որ Աննա Թորոսյանը հայցադիմումը Դատարան է ներկայացրել առանց Ռոման Նազարյանի իմացության, մինչդեռ վերջինս Լուսինե Հարությունյանի նկատմամբ որևէ պահանջ չունի, ինչը Վերաքննիչ դատարանին հիմք է տալիս փաստելու, որ բողոքն այս մասով ներկայացվել է բողոքաբերի համար բարենպաստ մասի դեմ: Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնք վերաբերում են Դատարանի՝ հայցը բավարարման ենթակա լինելու վերաբերյալ եզրահանգումների իրավաչափությանը, ապա այս առումով էլ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոքը բերվել է այլ անձանց համար անբարենպաստ մասի դեմ այնքանով, որքանով Դատարանի 03.10.2024 թվականի վճռով բավարարվել է Աննա Վաչագանի Թորոսյանի հայցն ընդդեմ Լուսինե Հարությունի Հարությունյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Էդուարդ Միհրանի Թումասյանի և Արմեն Շահնամերի Դոլմազյանի՝ պայմանագիրը կնքված համարելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, այսինքն՝ Ռոման Նազարյանին ուղղված որևէ պահանջ չի բավարարվել»:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ռոման Նազարյանը Դատարան մուտքագրված «Դիրքորոշում և Դիմում» վերտառությամբ փաստաթղթերով հայտնել է, որ գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, տեղեկացված չի եղել իր անունից սույն դատական գործի նախաձեռնման մասին, և հավելել, որ որևէ պահանջ չունի Լուսինե Հարությունյանի դեմ։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ռոման Նազարյանի՝ իր մասով ներկայացված հայցից հրաժարվելու պատճառաբանությամբ, այդ մասով գործի վարույթը կարճվել է, սակայն, 03102024 թվականին կայացված վճռով հաստատված են համարվել Աննա Թորոսյանի՝ որպես պրինցիպալի ու Ռոման Նազարյանի՝ որպես գործակալի միջև պրինցիպալի հանձնարարությամբ և նրա հաշվին «***4» ավտոմեքենայի գնման նպատակով անհրաժեշտ գործողությունների կատարման վերաբերյալ 04042019 թվականի կոմիսիայի կանոններով գործակալության պայմանագիրը և Ռոման Նազարյանի՝ որպես գործակալի ու Լուսինե Հարությունյանի՝ որպես ենթագործակալի միջև 04042019 թվականին կոմիսիայի կանոններով ենթագործակալության պայմանագրերը՝ Ռոման Նազարյանի համար սահմանելով պայմանագրային պարտականություններ և պատասխանատվություն։

Վերոգրյալից հետևում է, որ Ռոման Նազարյանը բողոք է ներկայացրել դատական ակտի՝ իր համար անբարենպաստ մասի դեմ, քանի որ Դատարանի կողմից կնքված համարված գործարքները Ռոման Նազարյանի համար կարող են սահմանել իրավունքներ և պարտականություններ, իսկ նշված գործարքների կնքված լինելու փաստի հետ անհամաձայնության պայմաններում վերջինս պետք է հնարավորություն ունենար բողոքարկելու իր համար անբարենպաստ դատական ակտը։

Օրենսդիրը գործին մասնակցող անձանց իրավունք է վերապահել բողոքարկելու դատական ակտերը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում: Միաժամանակ օրենսդիրը դատական ակտերի (վճիռներ և որոշումներ) բողոքարկումը պայմանավորել է այդ ակտերի` բողոքարկող անձանց համար անբարենպաստ լինելու հանգամանքով: Այլ կերպ ասած՝ եթե վերադասության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բարենպաստ է այն բողոքարկող անձի համար, ապա վերջինս այդ ակտը վերադասության կարգով բողոքարկելու իրավունք չունի, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, անհրաժեշտ է համարում նշել, որ Դատարանի 03.10.2024 թվականի վճռի դեմ Ռոման Նազարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքով վիճարկվել են Դատարանի վճռով հաստատված գործակալության և ենթագործակալության գործարքները, որոնք Ռոման Նազարյանի համար անխուսափելիորեն առաջացրել են տվյալ գործարքներից բխող բացասական և անբարենպաստ հետևանքներ։ Մասնավորապես, վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները վերաբերում են Դատարան մուտքագրված «Դիրքորոշում և Դիմում» վերտառությամբ փաստաթղթերին, որով Ռոման Նազարյանը հայտնել է, որ գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, տեղեկացված չի եղել իր անունից սույն դատական գործի նախաձեռնման մասին, և միջնորդել է գործի վարույթն իր մասով կարճել, ինչպես նաև նշել է, որ իր կողմից լիազորված անձ Աննա Թորոսյանը թույլ է տվել լիազորությունների չարաշահում՝ իր անունից նախաձեռնելով սույն քաղաքացիական գործը՝ առանց իրեն տեղեկացնելու և իր հետ համաձայնեցնելու, ուստի սույն իրավիճակում Ռոման Նազարյանն իր համար անբարենպաս դատական ակտը բողոքարկելը հնարավոր է համարել միայն վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու շրջանակներում։

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, հաշվի չի առել, որ նշված օրենսդրական սահմանափակումը կիրառելի չէ, քանի որ այն վերաբերում է բողոքաբերի դատավարական իրավունքների սահմանափակմանը։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը, սահմանափակել է Ռոման Նազարյանի բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում նրան զրկելով նաև վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

Ավելին՝ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «(․․․) բողոքը բերվել է այլ անձանց համար անբարենպաստ մասի դեմ այնքանով, որքանով Դատարանի 03102024 թվականի վճռով բավարարվել է Աննա Վաչագանի Թորոսյանի հայցն ընդդեմ Լուսինե Հարությունի Հարությունյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Էդուարդ Միհրանի Թումասյանի և Արմեն Շահնամերի Դոլմազյանի՝ պայմանագիրը կնքված համարելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին», անտեսել է այն իրողությունն, որ Դատարանի վճռով կնքված են համարվել գործարքներ, որոնք կատարվել են Ռոման Նազարյանի հանձնարարությամբ, հետևաբար՝ Դատարանի 03.10.2024 թվականի վճռով կնքված համարված գործարքները անմիջապես Ռոման Նազարյանի համար անխուսափելիորեն առաջացրել են տվյալ գործարքներից բխող բացասական և անբարենպաստ հետևանքներ։

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու` Վերաքննիչ դատարանի 02.12.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն, անդրադառնալով Աննա Թորոսյանի կողմից ներկայացված «Վճռաբեկ բողոքի պատասխան» վերտառությամբ փաստաթղթին, արձանագրում է հետևյալը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը։

Նույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04062025 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումն Աննա Թորոսյանն ստացել է 27112025 թվականին, մինչդեռ վճռաբեկ բողոքի պատասխանը առձեռն ներկայացրել է 22012026 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված 15-օրյա ժամկետի խախտմամբ և չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում Աննա Թորոսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկներին։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

__________________

1 առկա է անձնական տվյալ

2 առկա է անձնական տվյալ

3 առկա է անձնական տվյալ

4 առկա է անձնական տվյալ

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան