ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2681/02/23 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2681/02/23 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող և զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
|
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
|
Է. Սեդրակյան | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի հուլիսի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Արմեն Հարությունյանի և «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ վտանգ ստեղծող գործունեությունն արգելելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.04.2025 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պատասխանողներին արգելել իրականացնել **** 1հասցեում գտնվող բենզալցման կետի վտանգ ստեղծող գործունեությունը՝ արգելելով այն շահագործել, իրականացնել հեղուկ վառելանյութի վաճառք և պահեստավորում, նույն նպատակով այն օգտագործման կամ որևէ այլ իրավունքով հանձնել:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 17.10.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 11.04.2025 թվականի որոշմամբ Դատարանի 17.10.2024 թվականի վճիռը բեկանվել է, և գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 09.07.2025 թվականի որոշմամբ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է հնգօրյա ժամկետ՝ վճռաբեկ բողոքում առկա թերությունները շտկելու ու այն կրկին ներկայացնելու համար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Շուշաննա Ալեքսանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ, 24-րդ, 60-րդ, 82-րդ և 85-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 163-րդ և 1059-րդ հոդվածները, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 15-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով վիճելի իրավահարաբերությունը հանրային որակելու և գործի վարույթը կարճելու հետևանքով խախտվել են Ընկերության դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները: Դատարանը մի կողմից ընդունել է, որ ապագայում վնաս պատճառելու վտանգ ստեղծող գործունեությունն արգելելու պահանջով հայցը ենթակա է քաղաքացիական դատավարության կարգով քննության, սակայն տվյալ դեպքում եզրահանգել է, որ հայցվորն իր իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացներ՝ հայց ներկայացնելով այլ պատասխանողի դեմ, այլ դատարանում և այլ պահանջով՝ հաշվի չառնելով, որ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցներն ու եղանակները սեփական հայեցողությամբ օրենքով սահմանված կարգով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.04.2025 թվականի որոշումն ու փոփոխել այն՝ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ *** 2հասցեի անշարժ գույքի նկատմամբ 18.02.2022 թվականին գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 23, հատոր 2-րդ, գ.թ. 75-78).
2) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ *** 3հասցեի անշարժ գույքի նկատմամբ 19.10.2015 թվականին գրանցվել է Արմեն Հարությունյանի վարձակալության իրավունքը, շինությունների բնութագրերը բաժնի համաձայն՝ առկա է 22.6քմ մակերեսով բենզալցման կետ, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 24,25).
3) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ *** 4հասցեում գտնվող 22.6քմ մակերեսով բենզալցման կետի նկատմամբ 04.02.2021 թվականին գրանցվել է Կազմակերպության վարձակալության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 33,34).
4) դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Արմեն Հարությունյանին և Կազմակերպությանն արգելել իրականացնել բենզալցման կետի՝ վտանգ ստեղծող գործունեությունը՝ արգելելով այն շահագործել, իրականացնել հեղուկ վառելանյութի վաճառք և պահեստավորում, նույն նպատակով այն օգտագործման կամ որևէ այլ իրավունքով հանձնել՝ հայցի փաստական հիմքում դնելով այն, որ՝
- Ընկերությունը հանդիսանում է թիվ 24/1 հասցեի անշարժ գույքի սեփականատեր,
- Արմեն Հարությունյանը հանդիսանում է 22.6քմ մակերեսով բենզալցման կետի սեփականատեր և հողի վարձակալ, բենզալցման կետը վարձակալությամբ տրամադրված է Կազմակերպությանը,
- բենզալցման կետի և թիվ 24/1 հասցեի գլխավոր մասնաշենքի միջև հեռավորությունը 13-14մ է, հետևաբար բենզալցման կետի շահագործումը վտանգավոր է Ընկերության և նրա տարածքում գտնվող ցանկացած անձի համար,
- բենզալցման կետի շահագործումը հանդիսանում է արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործում, հետևաբար այն պետք է համապատասխանի տեխնիկական անվտանգության պահանջներին, բենզալցման կետի բաշխիչ կետերի և Ընկերության գլխավոր մասնաշենքի միջև հեռավորությունը նվազ է 25 մետրից, մինչդեռ պետք է լիներ առնվազն 50մ,
- բենզալցման կետը շահագործվում է հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներով, որոնք արձանագրվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 25.01.2023 թվականի որոշմամբ, հիմք՝ հայցադիմումը (հատոր 1-ին, գ.թ. 4-16)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքով կարճելու իրավական հնարավորությանը՝ վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:
Մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:
Վերը շարադրված նորմերը, երաշխավորելով անձի` իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր ու կոչված է ապահովել անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը (տե՛ս Տիգրան Էվոյանն ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի թիվ ԼԴ2/1922/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.01.2024 թվականի որոշումը):
Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: (...) Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս: (...)» (տե՛ս Սահմանադրական դատարանի 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշումը)։
Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը՝ օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նաև դատավարական նորմերով սահմանված այն դատարանի և այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը:օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը (տե՛ս Երևան համայնքն ընդդեմ Մարինա Պողոսյանի թիվ ԵԿԴ/3859/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.12.2024 թվականի որոշումը):
Անդրադառնալով ենթակայության ինստիտուտին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ արդար դատաքննության իրավունքի կարևորագույն տարրերից է դատարանի մատչելիության իրավունքը, որի վարույթային երաշխիքներից է ենթակայության ինստիտուտը: Ենթակայությունն իրավաբանական գործերի այնպիսի հատկանիշ է, որի միջոցով պարզվում է տվյալ գործը քննելու և լուծելու իրավասություն ունեցող կոնկրետ սուբյեկտը: Ըստ այդմ, այն գործերը, որոնց քննությունն ու լուծումն օրենքով հանձնված է դատարանի իրավասությանը, համարվում են դատական ենթակայության գործեր: Փաստորեն, անձը կարող է իրացնել դատարանի մատչելիության իր իրավունքը միայն այն դեպքում, երբ դատարանի առջև վերջինիս բարձրացրած հարցը (որպես կանոն՝ իրավունքի մասին վեճը) ենթակա է քննության և լուծման դատարանի կողմից (տե՛ս Գեղանուշ Հարությունյանն ընդդեմ Մարտին Մկրտչյանի թիվ ԱՐԴ/4024/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2018 թվականի որոշումը):
Գործի ճիշտ ընդդատության որոշումն ունի գործնական կարևոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից՝ տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ և հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի խախտմանը (տե՛ս Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ընդդեմ Ալբերտ Հակոբյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):
Վեճի առարկայական ընդդատությունը (ենթակայությունը) ճիշտ որոշելու խնդիրը սերտորեն կապված է Սահմանադրությամբ իր ամրագրումն ստացած օրինականության սկզբունքի հետ, որի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Վեճի առարկայական ընդդատությունը (ենթակայությունը) սխալ որոշելու պայմաններում արդարադատության իրականացումն անհամատեղելի կլինի օրինականության սկզբունքի կենսագործման հետ, քանի որ կստացվի այնպիսի մի իրավիճակ, երբ դատարանը, ով իրավասու չէ քննելու տվյալ վեճը, կկատարի այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված չէ Սահմանադրությամբ կամ օրենքներով (տե՛ս Երևան համայնքն ընդդեմ Մարինա Պողոսյանի թիվ ԵԿԴ/3859/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.12.2024 թվականի որոշումը)։
Օրենսդիրը հստակ տարանջատել է այն գործերի ցանկը, որոնք ենթակա են կոնկրետ դատարանների քննությանը: Ընդ որում, այդօրինակ տարանջատումն ուղղակիորեն բխում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վարչական դատարանի կողմից գործերի քննության դատավարական առանձնահատկություններից: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը կանխորոշել է ընդհանուր իրավասության դատարանի ընդդատության շրջանակը, որն ընդգրկում է բոլոր գործերը` բացառությամբ վարչական դատարանի կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի, իսկ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը սահմանել է ՀՀ վարչական դատարանի ընդդատության շրջանակը, որը կազմված է հանրային իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերից:
Այսինքն, որևէ դատական գործի՝ վարչական կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա լինելու հարցը որոշվում է՝ հիմք ընդունելով այն իրավահարաբերության բնույթը (մասնավոր կամ հանրային), որից բխող վեճը հանձնվում է իրավասու դատարանի քննությանը (տե՛ս Մխիթար Ալումյանն ընդդեմ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության թիվ ԵԴ/13589/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.07.2024 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ իրավահարաբերության բնույթը պարզելու համար հարկավոր է այն դիտարկել շահերի տեսության, ենթակարգության տեսության և հատուկ իրավունքի տեսության համատեքստում։ Ըստ շահերի տեսության` հանրային իրավունքը մասնավորից տարբերվում է այն շահի տեսակով, որոնք պաշտպանվում են առանձին իրավանորմով։ Այն իրավանորմերը, որոնք ծառայում են հանրային կամ ընդհանուր շահին, պատկանում են հանրային իրավունքին։ Մինչդեռ, մասնավոր իրավանորմերը ծառայում են մասնավոր կամ անհատական շահերին։ Ենթակարգության տեսությունը ելնում է մասնակիցների հարաբերությունների բնույթից և կիրառվում է միայն այն դեպքում, երբ հարաբերության մասնակիցներն են մի կողմից պետությունը, իսկ մյուս կողմից քաղաքացին։ Ըստ այս տեսության՝ այն իրավանորմերը, որոնք կարգավորում են հանրային իշխանությունը կրողների գործողությունները, համարվում են հանրային-իրավական, երբ դրանք վերաբերում են վերադասության-ենթակայության հարաբերությանը։ Եթե մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն, ապա իրավահարաբերությունը հանրային է, իսկ եթե իրավունքի երկու սուբյեկտները միմյանց առջև հանդես են գալիս իրավահավասար կերպով, ապա առկա են մասնավոր-իրավական հարաբերություններ։ Հատուկ իրավունքի տեսությունն իր հերթին նույնպես կոչված է պարզելու վեճի հանրային-իրավական բնույթը։ Այն ելնում է վեճը լուծող իրավանորմերի իրավական բնույթից։ Ըստ այս տեսության՝ եթե վեճը լուծվում է հանրային‑իրավական նորմերի միջոցով, ապա առկա է հանրային-իրավական վեճ, իսկ եթե վեճը լուծում են մասնավոր-իրավական նորմերը, ապա կունենանք մասնավոր-իրավական վեճ։ Վերոնշյալ տեսությունների հիմքում դրված չափանիշներից ելնելով՝ անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ հարցերին.
- որ նորմերն են լուծում վեճը,
- արդյո՞ք դրանք հանրային-իրավական նորմեր են (ինչ շահերի պաշտպանությանն են ուղղված այդ նորմերը),
- արդյո՞ք իրավահարաբերության մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն:
Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վեճը կարգավորող իրավական նորմերի բնույթը պարզելու հարցին, արձանագրել է, որ հանրային իրավունքին են պատկանում այն նորմերը, որոնք իրենց ցանկացած հնարավոր կիրառման դեպքում միակողմանիորեն լիազորում կամ պարտավորեցնում են բացառապես հանրային իշխանության կրողին՝ որպես այդպիսին, իսկ այն նորմերը, որոնք լիազորում կամ պարտավորեցնում են յուրաքանչյուրին, պատկանում են մասնավոր իրավունքին (տե՛ս Լուսինե Սահակյանն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի թիվ ԵԴ/38635/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.05.2022 թվականի որոշումը)։
Միևնույն ժամանակ օրենսդիրը գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելը նախատեսել է որպես գործի վարույթը կարճելու ինքնուրույն հիմք՝ դատարանին իրավունք վերապահելով նման հիմքի առկայության դեպքում դատավարության ցանկացած փուլում կարճելու գործի վարույթը։ Առարկայական ընդդատության խախտումն օրենսդիրը համարել է այնպիսի դատավարական խախտում, որի առկայությունը վերադաս ատյաններում հաստատվելու պարագայում դատական ակտի անվերապահ բեկանման հիմք է հանդիսանում նույնիսկ այն դեպքում, երբ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքը նշված դատավարական խախտման հիմք չի պարունակում (տե՛ս Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ընդդեմ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը)։
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, վկայակոչելով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետն ու արձանագրելով, որ համանման կարգավորում է բովանդակում նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նշել է, որ օրենսդրի կողմից վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով դատարան դիմելու իրավունքի սահմանափակումն ինքնանպատակ չէ, այլ նպատակաուղղված է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի և դատական խնայողության սկզբունքների ապահովմանը: Օրենսդիրը երաշխավորել է անձանց դատական պաշտպանության իրավունքը՝ նրանց իրավունք վերապահելով իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար հայց հարուցել դատարան, իսկ դատարանի համար սահմանելով պարտականություն՝ քննելու գործը և գործով կայացնելու օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ: Միևնույն ժամանակ օրենսդիրն ամրագրել է դատարանի լիազորությունը՝ կարճել գործի վարույթը բոլոր այն դեպքերում, երբ վեճն իր բնույթով ենթակա չէ դատարանում քննության: Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում դատարանի կողմից նշված հիմքով գործի վարույթը կարճելու լիազորության կիրառումը և ըստ այդմ՝ անձի դատական պաշտպանության իրավունքի մերժումը պետք է պայմանավորված լինեն ներկայացված հայցի շրջանակում անձի՝ իր սուբյեկտիվ իրավունքների դատական կարգով վերականգնման, դրանց ենթադրյալ խախտումների վերացման հնարավորության իսպառ բացակայությամբ, որն անհնարին է դարձնում տվյալ վեճի քննումը դատարանի կողմից: Ընդ որում, նշված կանոնը գործում է վերադաս ատյաններում այնպես, ինչպես առաջին ատյանի դատարանում:
Անդրադառնալով նաև քաղաքացիական իրավունքների պաշտպանության՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված եղանակների (միջոցների) բովանդակությանը և դրանց իրացման առանձնահատկություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում փաստել է, որ քաղաքացիական օրենսդրության հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ քաղաքացիական հարաբերությունների մասնակիցների իրավունքների անարգել իրականացման, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների ապահովման նպատակով օրենսդիրը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ կրող սուբյեկտներին օժտել է իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրենց հայեցողությամբ իրականացնելու իրավազորությամբ: Ընդ որում, օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի կարգավորմամբ սահմանելով քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրականացման հիմնական եղանակները, որոնց օգնությամբ շահագրգիռ անձը կարող է խափանել, կանխել իր իրավունքի խախտումը, վերականգնել (ճանաչել) իր իրավունքները և (կամ) փոխհատուցում ստանալ իրավունքի խախտմամբ պատճառված վնասների դիմաց, միաժամանակ հնարավորություն է վերապահել անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնել նաև օրենքով նախատեսված այլ եղանակներով: (...) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների թվարկումը նպատակ ունի ոչ թե սպառիչ կերպով ձևակերպել քաղաքացիական իրավունքների պաշտպանության բոլոր եղանակները, այլ դրանցից առավել տարածված եղանակների մատնանշմամբ կողմնորոշել շահագրգիռ անձանց՝ իրենց խախտված իրավունքների դատական պաշտպանության միջոցների ընտրության հարցում (տե՛ս Անժելա Գևորգյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/3724/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.05.2020 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է նաև, որ դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել` դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն` իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը (տե՛ս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Յուրաքանչյուր հայց (ոչ հայցային բնույթի գործերով՝ դիմում), ուղղված լինելով այս կամ այն անձի սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, անհատականացվում է իր տարրերով՝ առարկայով ու հիմքով։ Վերջիններս որոշելու իրավունքը, տնօրինչականության սկզբունքի ուժով, պատկանում է բացառապես դատական պաշտպանություն հայցող սուբյեկտին։ Դատարան դիմելու սահմանադրական իրավունքը ենթադրում է, որ դատարան դիմող անձն ինքն է որոշում ընդդեմ ում դիմել դատարան, ինչու և ինչպիսի պահանջով։ Ընդ որում, գործող դատավարական օրենսդրությունը դատարան դիմող անձին թույլ է տալիս ոչ միայն ինքնուրույն, սեփական հայեցողությամբ որոշելու դատարան ներկայացվող հայցի (դիմումի) առարկան՝ ներառյալ իրավունքի (օրենքով պահպանվող շահի) պաշտպանության հայցվող եղանակը, դրա փաստական և իրավական հիմքերը, այլ նաև վարույթի ընթացքում փոփոխել հայցը (դիմումը) առանց կրկնակի հայցադիմում (դիմում) ներկայացնելու՝ դրանով իսկ դատական պաշտպանություն հայցող անձին հնարավորություն տալով վարույթի ընթացքում ուղղելու թույլ տված թերացումներն ու ամրապնդելու իր դիրքորոշումը (տե՛ս ըստ «Գուդկրեդիտ» լուծարվող ՈւՎԿ ՓԲԸ-ի դիմումի թիվ ԵԴ/11155/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28․02․2025 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտած վերը նշված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը՝
- նկատի ունենալով, որ գործի վարույթի կարճումն իրենից ներկայացնում է գործի վարույթի ավարտ` առանց դատարանի կողմից գործն ըստ էության քննելու և վեճը լուծող վերջնական դատական ակտ կայացնելու (տե՛ս Նիկոլայ Իսկանդարյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Վեհանուշ Գրիգորյանի թիվ 3-169(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը),
- հաշվի առնելով, որ այնուամենայնիվ դատավարական այս փուլում դատարանը պարզում և գնահատում է գործի վարույթի կարճման հիմքում ընկած փաստական հանգամանքների հիմնավորվածությունը՝ արդյունքում կայացնելով համապատասխան դատական ակտ (տե՛ս «Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.12.2020 թվականի որոշումը),
- ելնելով նրանից, որ դատարան դիմող անձն ինքն է որոշում ընդդեմ ում դիմել դատարան, ինչու և ինչպիսի պահանջով, գործող դատավարական օրենսդրությունը դատարան դիմող անձին թույլ է տալիս սեփական հայեցողությամբ որոշելու դատարան ներկայացվող հայցի (դիմումի) առարկան՝ ներառյալ իրավունքի (օրենքով պահպանվող շահի) պաշտպանության հայցվող եղանակը, դրա փաստական և իրավական հիմքերը, անկախ պահանջի ձևակերպումից և այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով ուղղակիորեն նախատեսված լինել կամ չլինելու հանգամանքից,
արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում վիճելի իրավահարաբերության բնույթը պարզելիս դատարանը նախ պետք է պարզի ներկայացված նյութաիրավական պահանջի բովանդակային համապատասխանությունն օրենքով նախատեսված պաշտպանության եղանակներից որևէ մեկին, այնուհետև՝ ներկայացված պահանջի շրջանակում քաղաքացիական դատավարության կարգով հայցվորի խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության և վերականգնման հնարավորությունը:
Ըստ այդմ, քանի դեռ դատարանի կողմից չեն պարզվել իրավունքի պաշտպանության նպատակով հարուցված հայցի էությունն ու ներկայացված հայցապահանջի շրջանակում քաղաքացիական դատավարության կարգով հայցվորի խախտված կամ վիճարկվող իրավունքները պաշտպանելու և վերականգնելու իրավական հնարավորությունը, ինչպես նաև գործի վարույթի կարճման հիմքում ընկած փաստական հանգամանքների հիմնավորվածությունը, դատարանը չի կարող մերժել իրավունքի պաշտպանությունը՝ վեճը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դիմելով դատարան` Ընկերությունը, հայցի փաստական հիմքում դնելով նաև այն, որ բենզալցման կետի շահագործումը վտանգավոր է իր և իր տարածքում գտնվող ցանկացած անձի համար, պահանջել է համապատասխանողներին արգելել իրականացնել բենզալցման կետի վտանգ ստեղծող գործունեությունը, մասնավորապես՝ արգելել այն շահագործել, իրականացնել հեղուկ վառելանյութի վաճառք և պահեստավորում, նույն նպատակով այն օգտագործման կամ որևէ այլ իրավունքով հանձնել:
Գործի քննության ընթացքում պատասխանող Արմեն Հարությունյանը ներկայացրել է գրավոր առարկություն՝ հայտնելով, որ Կազմակերպությունը վիճարկվող գործունեությունն իրականացնում է վարչական ակտի հիման վրա, որը չի վիճարկվել, չի վերացվել, հետևաբար գործում է թույլտվության՝ իրավաչափ լինելու կանխավարկածը: Դատարանին խնդրել է հայցը մերժել:
Դատարանը վճիռ է կայացրել հայցը մերժելու մասին՝ արձանագրելով նաև, որ.
- «քննության ենթակա իրավահարաբերություն է հանդիսանում ապագայում վնաս պատճառելու վտանգի կանխումը՝ կապված որոշակի գործունեության իրականացման արգելքի սահմանման հետ, որի նկատմամբ կիրառելի հիմնական կարգավորում է հանդիսանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1059-րդ հոդվածը, (...)
- hաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1059-րդ հոդվածի 1-ին մասը ապագայում վնաս պատճառելու վտանգը չի պայմանավորել միայն ոչ իրավաչափ վարքագծով, պաշտպանության նշված միջոցը կարող է կիրառվել նաև օրինական (թույլատրված) գործունեության նկատմամբ, եթե հիմնավորվում է այլ սուբյեկտներին հնարավոր վնասի պատճառման վտանգի առկայությունը (...)
- hայցվորը բավարար հիմքեր չի ներկայացրել առ այն, որ բենզալցակայանի՝ որպես արտադրական վտանգավոր օբյեկտի գործունեությունը տվյալ պահին իրեն բնորոշ վնասկար հատկություններով հանդերձ, ունի այնպիսի շահագործման խնդիրներ, որոնք իրական են դարձնում դրա շահագործման շրջանակներում հնարավոր վնասի պատճառումը, դրանով իսկ բացառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1059-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումը՝ (...)»:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ.
- «հայցվորն իր հայցային պահանջը կառուցել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1059-րդ հոդվածի այն կարգավորման վրա հիմնվելով, ըստ որի՝ ապագայում վնաս պատճառելու վտանգը կարող է հիմք դառնալ վտանգ ստեղծող գործունեությունն արգելելու պահանջով հայցի հարուցման համար: Այսինքն՝ ապագայում վնաս պատճառելու վտանգը կարող է հիմք դառնալ վտանգ ստեղծող գործունեությունն արգելելու պահանջով հայցի հարուցման համար։ Այս համատեքստում անհրաժեշտ է տարբերակել ապագայում վնաս պատճառելու վտանգը վտանգավոր գործունեությունից։ Նմանատիպ գործունեությունը, իհարկե, իր մեջ պարունակում է վտանգի տարրեր, սակայն եթե այդպիսի գործունեության համար պահանջվել են լիցենզիաներ և (կամ) այլ պետական թույլտվություններ, ապա այդպիսի հնարավոր վնասի կանխման հարցը պետք է քննության առարկա դառնա այդ լիցենզիաների և (կամ) թույլտվությունների իրավաչափությունը քննարկման առարկա դարձնելու եղանակով։ Այլ կերպ ասած՝ այդ գործունեությունը վտանգավորության հիմքերով դադարեցնելն իրավաչափ չի կարող համարվել, քանի որ նման ռիսկի կարող է ենթարկվել յուրաքանչյուր կազմակերպություն։ Հայցվորի ներկայացրած հայցապահանջի փաստարկներից հետևում է, որ պատասխանողն իրականացնում է վտանգավոր գործունեություն և հնարավոր է, որ վնասներ պատճառվեն հարակից տարածքի շահառուներին, քանի որ պահպանված չեն որոշ նորմատիվներ և խոսքը գնում է ոչ թե պատճառված վնասների մասին, այլ դրա հնարավորության մասին։ Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ նման գործունեությունն իրականացվում է պետության հսկողության ներքո և համապատասխան թույլտվությունների հիման վրա, ինչից հետևում է, որ հայցվորն իր հարուցած հայցի հնարավոր հետևանքին կարող է հասնել վիճարկման առարկա դարձնելով պետության կողմից տրված թույլտվությունները, պետության համապատասխան մարմնի մասնակցությամբ, որպիսի պահանջի պարագայում վեճն ընդդատյա կլինի ՀՀ վարչական դատարանին։ Հակառակ պարագայում կստացվի, որ ընկերությունը զբաղվում է պետության կողմից թույլատրված գործունեությամբ, իսկ դատարանը դադարեցրել է այդ գործունեությունը, առանց քննարկման առարկա դարձնելու համապատասխան թույլտվությունների իրավաչափության հարցը։ Ուստի դատական կարգով նման հարց կարող է բարձրացվել միմիայն պետական մարմինների համապատասխան թույլտվությունները վիճարկելու հայցապահանջով, ինչը կատարվում է վարչական դատարան համապատասխան հայց հարուցելով,
- (...) հայցադիմումով առաջ քաշված խնդիրը պետք է ուղղվի պետաիշխանական մարմինների գործողություններին, առավել ևս այն պայմաններում, երբ առկա է չվիճարկված վարչական ակտ՝ այդ բենզալցակայանների գործունեության դադարեցման մասին։ Այսինքն՝ հայցվորը պետք է վարչարարության և (կամ) վարչական դատավարության կարգով հետամուտ լինի այդ վարչական ակտի ի կատար ածմանը։ Հետևաբար, տվյալ փաստակազմով հայցը չի կարող քննվել քաղաքացիական դատավարության կարգով։ Ընդ որում, հարկ է ընդգծել, որ ապագայում վնաս պատճառելու վտանգ ստեղծող գործունեությունն արգելելու պահանջով հայցն ինքնին ենթակա է քաղաքացիական դատավարության կարգով քննության, սակայն տվյալ դեպքում հայցը հիմնված է այնպիսի փաստերի վրա, որոնք որ պահանջը դարձնում են վարչական դատավարության կարգով քննության ենթակա, քանի որ առկա է վարչարարություն»,
եզրահանգել է, որ «նման պայմաններում ստացվում է, որ սույն գործի փաստական կազմի համատեքստում բերված հայցային պահանջն այլևս ենթակա չէր քննության քաղաքացիական դատավարության կարգով, ուստի շարարդվածն արդեն իսկ բավարար է դատական ակտը բեկանելու և գործի վարույթը կարճելու մասին եզրահանգման գալու համար»։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված պահանջի ու դրա հիմքերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ներկայացված պահանջով հայցվոր Ընկերությունը, իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելու նպատակ հետապնդելով, հետամուտ է եղել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված իրավունքի պաշտպանության եղանակով իր իրավունքների պաշտպանությանը: Նման իրավաչափ հետևության է հանգել նաև Վերաքննիչ դատարանը՝ արձանագրելով նաև, որ ապագայում վնաս պատճառելու վտանգ ստեղծող գործունեությունն արգելելու պահանջով հայցն ինքնին ենթակա է քաղաքացիական դատավարության կարգով քննության:
Այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով տնօրինչականության սկզբունքը, ինչպես նաև այն, որ Ընկերությունը Դատարան է դիմել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով ուղղակիորեն ձևակերպված հայցապահանջով (իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով), առաջնորդվել է բացառապես այն ենթադրությամբ, որ կողմերի միջև վեճի հանգուցալուծումը հնարավոր է միայն վարչական ակտերի, տվյալ դեպքում՝ բենզալցման կետի շահագործման համար տրամադրված լիցենզիաների/թույլտվությունների վարչական դատավարության կարգով վիճարկելու միջոցով՝ ըստ էության իսպառ բացառելով սույն հայցապահանջի քննության հնարավորությունը քաղաքացիական դատավարության կարգով:
Ինչ վերաբերում է համապատասխան թույլտվությունները վիճարկելու Ընկերության իրավունքին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ միևնույն պահանջի իրավունքը պաշտպանելու նպատակով վարչական դատարան դիմելու իրավական հնարավորության առկայությունն ինքնին չի կարող բացառող (վարույթը կարճելու) հիմք լինել քաղաքացիաիրավական հայցի տեսքով իրավական պաշտպանությանը ձեռնամուխ լինելու համար այն դեպքում, երբ հայցվորը, ելնելով տնօրինաչականության սկզբունքից և ունենալով քաղաքացիական իրավունքի պաշտպանության իր կողմից ընտրված եղանակով դատարան դիմելու իրավունք ու իրավունքի պաշտպանության ձևի ընտրության հնարավորություն, չի օգտվել իրավունքի պաշտպանության այլ ձևերից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից ներկայացված պահանջն ինչպես առերևույթ, այնպես էլ բովանդակային առումով ուղղված է եղել վնաս պատճառելը կանխելու միջոցով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, որպիսի պայմաններում գործի վարույթի կարճումն այն պատճառաբանությամբ, որ «դատական կարգով նման հարց կարող է բարձրացվել միմիայն պետական մարմինների համապատասխան թույլտվությունները վիճարկելու հայցապահանջով, ինչը կատարվում է վարչական դատարան համապատասխան հայց հարուցելով, (...) տվյալ դեպքում հայցը հիմնված է այնպիսի փաստերի վրա, որոնք պահանջը դարձնում են վարչական դատավարության կարգով քննության ենթակա, քանի որ առկա է վարչարարություն», իրավաչափ համարվել չի կարող:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված պահանջը ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու և այդ հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնավոր չեն:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 11.04.2025 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2‑րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը` նկատի ունենալով, որ քաղաքացիական գործի վարույթը վերոգրյալ պատճառաբանություններով կարճելու պայմաններում Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցը պահպանելու վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.04.2025 թվականի որոշումն ու գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության:
2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________
1 Առկա է անձնական տվյալ
2 Առկա է անձնական տվյալ
3 Առկա է անձնական տվյալ
4 Առկա է անձնական տվյալ
Նախագահող և Զեկուցող Ա. Մկրտչյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. Հ Ս. Մեղրյան Է. Սեդրակյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական: