ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/3476/02/19 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/3476/02/19 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագա հողզեկուցող |
Գ. Հակոբյան Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | ||
|
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի հունիսի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձած անձ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22․11․2023 թվականի որոշման դեմ՝ ըստ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Խաչիկ Կիրակոսյանի՝ գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Խաչիկ Կիրակոսյանից բռնագանձել 2.682.039 ՀՀ դրամ, որից 2.656.000 ՀՀ դրամը՝ որպես վարկի մնացորդի գումար, 26.039 ՀՀ դրամը՝ որպես հաշվարկված տոկոսի գումար, ինչպես նաև բռնագանձումը տարածել 17.10.2019 թվականին կնքված թիվ 17072863 և 21.10.2019 թվականին կնքված թիվ 17073087 վարկային պայմանագրերի ապահովման միջոց հանդիսացող ու պայմանագրերի 6-րդ գլխում նկարագրված ոսկյա առարկաների վրա։
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 09.02.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.11.2023 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.02.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ու 365-րդ հոդվածի 2‑րդ մասի 10-րդ կետը։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի 09.02.2022 թվականի վճիռն անմիջականորեն շոշափում է իր իրավունքները և պարտականություններն ու խոչընդոտներ է ստեղծում իր համար՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավունքն իրացնելու համար:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքը չի էլ վիճարկում, որ Ընկերությունը հանդիսանում է գրավի իրավահարաբերությունների կողմ, սակայն գրավադրված ոսկյա իրերն ի սկզբանե հանդիսացել և ներկայումս էլ շարունակում են հանդիսանալ իր գրավի առարկան, հետևաբար գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին դատական ակտը չի կարող չազդել իր սեփականության իրավունքի վրա։
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ իր համար ավելի վաղ ծագել և ներկայումս շարունակում է գործել գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունքը, ինչպես նաև անտեսել է այն փաստը, որ մինչև սույն քաղաքացիական գործը հարուցելը խնդրո առարկա ոսկյա իրերը, որպես ենթադրյալ հանցագործության օբյեկտ, առգրավվել ու թիվ 27175719 քրեական գործով ճանաչվել են իրեղեն ապացույց, ինչից հետևում է, որ ոսկյա իրերի վրա բռնագանձում տարածելու Ընկերության իրավունքը վիճելի է։
Ավելին՝ թիվ ԱՎԴ/0904/02/20 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ խնդրո առարկա ոսկյա իրերի ճակատագրի, ինչպես նաև դրանց վրա բռնագանձում տարածելու հարցերը հնարավոր է որոշել միայն թիվ 27175719 քրեական գործով կայացված դատավճռով կամ գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ։
Վերաքննիչ դատարանն իրեն զրկել է Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության հիմնարար իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.11.2023 թվականի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Խաչիկ Կիրակոսյանից բռնագանձել 2.682.039 ՀՀ դրամ, որից 2.656.000 ՀՀ դրամը՝ որպես վարկի մնացորդի գումար, 26.039 ՀՀ դրամը՝ որպես հաշվարկված տոկոսի գումար, ինչպես նաև բռնագանձումը տարածել 17.10.2019 թվականին կնքված թիվ 17072863 և 21.10.2019 թվականին կնքված թիվ 17073087 վարկային պայմանագրերի ապահովման միջոց հանդիսացող ու պայմանագրերի 6-րդ գլխում նկարագրված ոսկյա առարկաների վրա (հատոր 1-ին, գ․թ․ 4-10, 99-103)․
2) Դատարանը 09.02.2022 թվականին հայցը բավարարելու արդյունքում վճռել է Խաչիկ Կիրակոսյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 2.682.039 ՀՀ դրամ, բռնագանձումը տարածել 17.10.2019 թվականին կնքված թիվ 17072863 և 21.10.2019 թվականին կնքված թիվ 17073087 վարկային պայմանագրերի ապահովման միջոց հանդիսացող ոսկյա առարկաների վրա (հատոր 2-րդ, գ․թ․ 63-66)․
3) Դատարանի 09.02.2022 թվականի վճռի դեմ որպես գործին մասնակից չդարձած անձ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկը՝ իր իրավունքների վերաբերյալ դատական ակտ կայացված լինելու հանգամանքի առկայությունը պատճառաբանելով հետևյալ կերպ՝ «(…) ոսկյա իրերի նկատմամբ բռնագանձում տարածելու վերաբերյալ պահանջ է քննարկվել դատարանում, որն ուղղակիորեն կապված է «Արդշինբանկ» ՓԲԸ իրավունքների հետ, քանի որ նույն ոսկյա իրերի մասով, (․․․) առկա է Բանկի գրավի իրավունքը և այդ իրավունքը պահպանված լինելու, փաստացի դրա մասին Հայցվորի տեղեկացված լինելու պայմաններում, այնուամենայնիվ, «Ֆասթ բանկ» ՓԲԸ կողմից պահանջ է ներկայացվել դատարան՝ «Արդշինբանկ» ՓԲԸ գրավի իրավունքով ծանրաբեռնված ոսկյա իրերի նկատմամբ բռնագանձում տարածելու մասին» (հատոր 3-րդ, գ․թ․ 8-19)․
4) 09.10.2019 թվականին Ս. Գարեգինյանին մեղադրանք է առաջադրվել մինչև 01.07.2022 թվականը գործած ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքները կատարելու համար, որ նա, հանդիսանալով Բանկի Արտաշատի մասնաճյուղի կառավարիչ, մասնաճյուղի գույքի պահպանման համար պատասխանատու անձ, առավելություններ ձեռք բերելու նպատակով իր կարգադրիչ ու այլ լիազորություններն օգտագործել է Բանկի շահերին հակառակ՝ իր օգտին, ինչի հետևանքով 2016 թվականի վերջից մինչև 26.09.2019 թվականն ընկած ժամանակահատվածում ուրիշի գույքի յուրացման եղանակով՝ հափշտակելու դիտավորությամբ Բանկի Արտաշատի մասնաճյուղում շուրջ 35 անձանց կողմից գրավադրված առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 50.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա իրերը մյուս աշխատակիցներից գաղտնի դուրս է բերել դրամապահոցից և հափշտակելով դրանք՝ գրավադրել է Ընկերությունում ու «ՍԵՖ» վարկային կազմակերպությունում, որով էական վնաս է պատճառվել Բանկի օրինական շահերին, մասնավորապես՝ որպես քաղաքացիների վստահությունը վայելող կազմակերպության բարի համբավին, ռեսուրսներին, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ։
Վկա Ռուբիկ Էյլազյանը ցուցմունք է տվել, որ «2016 թվականից սկսած Սարգիս Գարեգինյանը խնդրել է իրեն, որ իր անունով ոսկյա զարդեր գրավադրի: Ինքը համաձայնվել է և «Ֆասթ Կրեդիտ», «ՍԵՖ» վարկային կազմակերպություններում իր, ինչպես նաև իր ծանոթներ Նարինե Թարվերդյանի, Մանուկ Գրիգորյանի, Անժելա Գրիգորյանի, Օֆիկ Ավետիսյանի անուններով գրավադրել է Ս. Գարեգինյանի տված ոսկյա զարդերը: Հետագայում «ՍԵՖ» վարկային կազմակերպությունում գրավադրած ոսկյա զարդերը վերաձևակերպել և դրանք գրավադրել է «Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպությունում՝ իր ընկեր Խաչիկ Կիրակոսյանի անունով՝ նրան ներկայացնելով, որ ոսկյա զարդերը պատկանում են իրեն և իր ընկերոջը: (…)»:
Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև Խաչիկ Կիրակոսյանը (հիմք՝ թիվ 27175719 քրեական գործով Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ն․ Այվազյանի 07․11․2019 թվականի «Առգրավում կատարելու մասին» որոշում) (հատոր 1-ին, գ․թ․ 22, 23)․
5) թիվ ԱՎԴ/0904/02/20 քաղաքացիական գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23․06․2021 թվականին կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է այն փաստը, որ «ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ն. Այվազյանի կողմից 12.02.2020, 04.11.2019 և 07.11.2019 թվականներին կայացրած առգրավման որոշումներով առգրավվել է Ռուբիկ Էյլազյանի, Խաչիկ Կիրակոսյանի և Վալոդյա Սարգսյանի կողմից կնքված վարկային թիվ 19224888, թիվ 10167671, թիվ 10167674, թիվ 10167672, թիվ 06126252, թիվ 06126253, թիվ 06126254, թիվ 06126554, թիվ 17072752, թիվ 17073101, թիվ 17069026, թիվ 17069031, թիվ 17069151, թիվ 17069159, թիվ 17069183, թիվ 17069209, թիվ 17069414, թիվ 17070682, թիվ 17070751, թիվ 17071064, թիվ 17071747, թիվ 10158100, թիվ 10160725, թիվ 10160726, թիվ 10160727, թիվ 10160798, թիվ 10160799, թիվ 10160800, թիվ 10161078, թիվ 10161079, թիվ 10161080 թիվ 17073087, թիվ 17072849 և թիվ 17072863 պայմանագրերով գրավադրված ոսկյա առարկաները», ինչպես նաև արձանագրվել է, որ «Ոսկյա զարդերը քրեական գործով ճանաչվել են իրեղեն ապացույցներ և կցվել են քրեական գործին» ու «նշված իրեղեն ապացույցների իրավական ճակատագիրը կարող է լուծվել դատավճռով կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ» (հատոր 3-րդ, գ․թ․ 86-101)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործին մասնակից չդարձած անձանց կողմից իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված դատական ակտը բողոքարկելու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (...)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, (…), եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարուցված քաղաքացիական գործի քննությանը ներգրավվելու և դատավարության մասնակցի կարգավիճակ ստանալու՝ նշված նորմի կարգավորիչ նպատակը կողմերի կամ դրանցից մեկի իրավունքների ու շահերի հետ չհամընկնող երրորդ անձանց սուբյեկտիվ իրավունքները և օրինական շահերը պաշտպանելն է։ Ընդ որում, երրորդ անձի կարգավիճակով դատավարությանը մասնակից դարձնելիս կամ այդ իրավունքի և դրա իրացման կարգի մասին ծանուցելիս (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մաս) դատարանն առաջնորդվում է տվյալ գործի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտի՝ դատավարության կողմ չհանդիսացող համապատասխան անձի իրավունքներին և (կամ) պարտականություններին առնչվելու հավանականության չափանիշով։
Բողոքարկման ինստիտուտի գործնական արդյունավետությունն ապահովելու նպատակով օրենսդիրն այդուհանդերձ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց ցանկում ներառել է նաև գործին մասնակից չդարձած անձանց՝ այն դեպքերի համար, երբ անձը տարբեր պատճառներով պայմանավորված՝ դատավարական գործընթացին մասնակից չի դարձվել, սակայն դատական ակտը կայացվել է նրա իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ Վալոդյա Սարգսյանի թիվ ԱՎԴ/3469/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19․08․2024 թվականի որոշումը, ինչպես նաև «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ Ռուբիկ Էյլազյանի թիվ ԱՎԴ/3297/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2025 որոշումը)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է այն դեպքերին, երբ դատական ակտը կայացվել է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Անդրադառնալով գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես, գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի ու «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործին մասնակից չդարձված անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է, մասնավորապես` դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը (տե՛ս ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բոլոր դեպքերում պետք է ունենա իր խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգման արդյունավետ միջոցների հնարավորություն: ՀՀ վճռաբեկ դատարանի նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած նրան, որ գործին մասնակից չդարձած անձինք անմիջական մասնակցություն չեն ունենում տվյալ գործի քննությանը, այնուամենայնիվ տվյալ գործով կայացված դատական ակտը (եթե այն վերաբերում է նրանց իրավունքներին և պարտականություններին), որպես կանոն բացասաբար է անդրադառնում նրանց իրավունքների և պարտականությունների վրա: Այլ կերպ ասած, դատական ակտով ոչ միայն պետք է անմիջականորեն շոշափվեն այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները, այլև՝ խոչընդոտներ ստեղծվեն նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար (տե՛ս«ԲԱԳՐԵՎԱՆՅԱՆ ՂՈՂԱՆՋ» ՍՊԸ-ն ընդդեմ Պաշտպանության նախարարության թիվ ԵԴ/28163/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.06.2021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի` արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերևույթ կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին և պարտականություններին: Ինչ վերաբերում է անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացված լինել կամ չլինելու հարցին, ապա այն պետք է գնահատման առարկա դարձվի և պարզվի ՀՀ վերաքննիչ դատարանում՝ գործի քննության փուլում (տե՛ս Գառնիկ Կուրղինյանը և Մանյա Ալոյանն ընդդեմ Անահիտ ու Միքայել Կուրղինյանների թիվ ԵԱՔԴ/2573/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013 թվականի որոշումը):
Նկատի ունենալով, որ գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրած դատական ակտի առկայությունը կապված է դատական պաշտպանության ու դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի խաթարման, ինչպես նաև կողմերի հավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտման հետ, որպիսիք առնվազն կասկածի տակ են դնում իրականացված արդարադատության արդյունքում կայացված դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ նշված հիմքն օրենսդիրը դասել է դատական ակտն անվերապահ բեկանելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի շարքին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին։
Մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, (…) կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումների առկայության դեպքում վերաքննիչ դատարանը չի կարող կիրառել նույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված լիազորությունը:
Անդրադառնալով դատական ակտն անվերապահ բեկանելու հիմքերին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրած դատական ակտի առկայությունը կապված է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների խախտման հետ, իսկ նման խախտմամբ գործի քննության իրականացման արդյունքում կայացված դատական ակտն էլ չի կարող լինել օրինական և հիմնավորված: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված խախտումները վերաբերում են Սահմանադրությամբ, Կոնվենցիայով և օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին (օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարան, դատարանի օրինական կազմ, լսված լինելու իրավունք, դատավարության լեզու և այլն), ուստի դրանց առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը: Վերադաս ատյանի կողմից նման խախտումների արձանագրումը ipso facto հանգեցնում է վերանայվող դատական ակտի բեկանմանը՝ անկախ բողոքում բարձրացված նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման կամ չկիրառման վերաբերյալ հիմքերի հիմնավոր լինելուց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումների բնույթն այնպիսին է, որ դրանք կարող են վերացվել բացառապես դատական ակտի բեկանումից հետո՝ գործի ամբողջ ծավալով նոր քննություն իրականացվելու դեպքում: Նշված պատճառաբանությամբ էլ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերաքննիչ դատարանի կողմից վճռի բեկանման անվերապահ որևէ հիմքի առկայությունը հաստատված լինելու դեպքում կիրառման է ենթակա դատական ակտը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը: Ըստ այդմ էլ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն անմիջականորեն առնչվում է գործին մասնակից չդարձած անձի իրավունքներին և պարտականություններին ու այդ փաստն ապացուցված է համարվում վերաքննիչ դատարանի կողմից, ապա վերջինս օրենքով նախատեսված կարգով պարտավոր է բեկանել դատական ակտը (տե՛ս «ԲԱԳՐԵՎԱՆՅԱՆ ՂՈՂԱՆՋ» ՍՊԸ-ն ընդդեմ Պաշտպանության նախարարության թիվ ԵԴ/28163/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17․06․2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ապացուցվում է, որ առաջին ատյանի դատական ակտը վերաբերում է գործին մասնակից չդարձած անձի իրավունքներին և պարտականություններին, որպիսիք հնարավոր չէ այլ միջոցներով արդյունավետորեն պաշտպանել, ապա վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված կարգով պարտավոր է բեկանել դատական ակտը։ Անձի համար արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության՝ Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով երաշխավորված իրավունքն իրացնելու արդյունավետ միջոցը գործի ամբողջ ծավալով նոր քննությունն է, որի ընթացքում անձին տրվում է գործին մասնակցող անձանց հետ հավասար պայմաններում, մրցակցության և հավասարության դատավարական սկզբունքների պահպանմամբ իրենց գործը ներկայացնելու լիարժեք հնարավորություն (տե՛ս «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ Վալոդյա Սարգսյանի թիվ ԱՎԴ/3469/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19․08․2024 թվականի որոշումը, ինչպես նաև «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ Ռուբիկ Էյլազյանի թիվ ԱՎԴ/3297/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2025 որոշումը)։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ բողոքի քննության արդյունքում գործին մասնակից չդարձած Բանկի իրավունքներին առնչվող դատական ակտ կայացված լինելու հարցը Վճռաբեկ դատարանը քննարկում է Ընկերության և Խաչիկ Կիրակոսյանի միջև կնքված վարկային պայմանագրերից բխող վճարային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով գրավադրված ոսկյա իրերի վրա բռնագանձում տարածելու պահանջի շրջանակում՝ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը Բանկի վերաքննիչ բողոքը քննել է այդ պահանջի մասով՝ վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների շրջանակներում։
Տվյալ դեպքում Ընկերության հայցը բավարարելու արդյունքում Դատարանը 09.02.2022 թվականին վճռել է նաև բռնագանձում տարածել 17.10.2019 թվականին կնքված թիվ 17072863 և 21.10.2019 թվականին կնքված թիվ 17073087 վարկային պայմանագրերի ապահովման միջոց հանդիսացող ոսկյա առարկաների վրա։
Դատարանի 09.02.2022 թվականի վճռի դեմ որպես գործին մասնակից չդարձած անձ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկը՝ իր իրավունքների վերաբերյալ դատական ակտ կայացված լինելու հանգամանքի առկայությունը պատճառաբանելով հետևյալ կերպ՝ «(…) ոսկյա իրերի նկատմամբ բռնագանձում տարածելու վերաբերյալ պահանջ է քննարկվել դատարանում, որն ուղղակիորեն կապված է «Արդշինբանկ» ՓԲԸ իրավունքների հետ, քանի որ նույն ոսկյա իրերի մասով, (․․․) առկա է Բանկի գրավի իրավունքը և այդ իրավունքը պահպանված լինելու, փաստացի դրա մասին Հայցվորի տեղեկացված լինելու պայմաններում, այնուամենայնիվ, «Ֆասթ բանկ» ՓԲԸ կողմից պահանջ է ներկայացվել դատարան՝ «Արդշինբանկ» ՓԲԸ գրավի իրավունքով ծանրաբեռնված ոսկյա իրերի նկատմամբ բռնագանձում տարածելու մասին»:
Վերաքննիչ դատարանը, 22․11․2023 թվականի որոշմամբ անդրադառնալով վեճի առարկա ոսկյա իրերի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասով վճռի՝ Բանկի իրավունքներին ուղղակիորեն առնչվելու հարցին, արձանագրել է, որ «(...) Ընկերության և Պատասխանողի միջև կնքված պայմանագրերի ուժով իրավունքներ և պարտականություններ են ծագել բացառապես Ընկերության և Պատասխանողի միջև։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարկային կազմակերպությունը, որպես լիցենզավորված իրավաբանական անձ, իրավասու լինելով իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված գործունեության տեսակները, իր իրավասությունների շրջանակներում, պայմանագրային ազատության սկզբունքին համապատասխան, Խաչիկ Սերյոժայի Կիրակոսյանի հետ կնքելով վարկային և ի ապահովումն դրանցով ստանձնած պարտավորության գրավի պայմանագրեր, ձեռք է բերել իրավունքներ և պարտականություններ։ Ինչպես նշվեց, Ընկերությունը, իր կողմից տրամադրված վարկն ապահովել է ոսկյա զարդերի գրավադրմամբ։ Ընդ որում, գործի փաստերից հետևում է, որ Գրավի պայմանագրերի՝ «Գրավի նկարագրի և գնահատման ակտ»-ի կետերի համաձայն՝ գրավի առարկաները /համապատասխան անվանումով, նկարագրով, գրամով, քանակով/ ընդունվել են վարկատու-գրավառու «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի /համապատասխան աշխատակցի՝ ոսկերիչ-գնահատողի/ կողմից: Պայմանագրերի 3.5 կետի համաձայն՝ Պայմանագրի կնքման պահից գրավի առարկան /յուրաքանչյուր պայմանագրի շրջանակում/ անցնում է վարկատու-գրավառուի տիրապետման ներքո: Տվյալ դեպքում, գրավի պայմանագրերի առարկա հանդիսացող զարդերը գտնվել են գրավառուի մոտ, այսինքն՝ հանձնված են եղել Ընկերությանը։ Հետևաբար, գրավի պայմանագրերի կնքման պահից գրավի առարկայի նկատմամբ ծագել է Ընկերության գրավի իրավունքը՝ այդ իրավունքից բխող համապատասխան հետևանքներով։ Նշվածից հետևում է, որ Ընկերությունը գրավի համապատասխան առարկաների նկատմամբ ունի գրավի իրավունք, որը այլ անձի կողմից որևէ կերպ չի վիճարկվել, գրավի պայմանագրերն անվավեր չեն ճանաչվել»:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ. «գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը ենթադրաբար «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավի առարկա լինելու և հետագայում հափշտակվելու հանգամանքներն ի չիք չեն դարձնում գրավի առարկայի նկատմամբ Ընկերության գրավի իրավունքը, քանզի Ընկերությունը, որպես վարկային և ի ապահովում դրան կնքված գրավի իրավահարաբերության բարեխիղճ սուբյեկտ, գործել է օրենքի պահանջներին համապատասխան, կատարել է պայմանագրերից բխող իր պարտականությունը և ըստ այդմ՝ ակնկալել է պարտավորությունների պատշաճ կատարում նաև Պատասխանողի կողմից։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ օրենքով սահմանված կարգով կնքված գործարքից ծագող իրավունքի արդյունավետ իրացման կարևորությունը բխում է նաև քաղաքացիական շրջանառության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից (տվյալ դեպքում՝ Ընկերության, որպես իրավահարաբերության բարեխիղճ մասնակցի, կողմից օրենքի պահանջներին համապատասխան կնքված պայմանագրերից ծագող բնականոն քաղաքացիական շրջանառության կայունության ապահովման անհրաժեշտությունից): Վերոգրյալ փաստական և իրավական հիմնավորումների համատեքստում՝ Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված լինելու մասին բողոքի հիմնավորումները՝ միաժամանակ արձանագրելով, որ բողոք բերած անձը զրկված չէ այլ եղանակով իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից, որը կարող է դրսևորվել, օրինակ, ենթադրյալ հանցանք կատարած անձի դեմ համապատասխան պահանջ ներկայացնելու միջոցով»:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավորված չեն հետևյալ պատճառաբանությամբ։
Վճռաբեկ դատարանը նախ ընդգծում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործին մասնակից չդարձած անձանց ներկայացրած բողոքների քննության հարցում ուղենիշային է համարել այն հարցի պարզումը, թե արդյոք կայացված դատական ակտով անմիջականորեն շոշափվել են այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները կամ ստեղծվել են նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման խոչընդոտներ: Այսինքն՝ ելակետային է ոչ թե դատական ակտի՝ հայցվորի կամ պատասխանողի հանդեպ գործին մասնակից չդարձած անձի ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա ազդելու կամ նման իրավունքների կամ պարտականությունների ծագման հանգեցնելու հանգամանքը, այլ դատական ակտի՝ գործին մասնակից չդարձած անձի իրավունքներին և պարտականություններին առհասարակ առնչվելու հանգամանքը։
Սույն գործի փաստերից հետևում է, որ բռնագանձման ենթակա՝ 17.10.2019 թվականին կնքված թիվ 17072863 և 21.10.2019 թվականին կնքված թիվ 17073087 վարկային պայմանագրերից բխող վճարային պարտավորությունների կատարումն ապահովող ոսկյա իրերը գրավադրված են եղել Բանկում ու վերջինիս տիրապետումից ենթադրյալ հանցագործության հետևանքով դուրս գալով՝ մի շարք անձանց, այդ թվում նաև՝ Խաչիկ Կիրակոսյանի կողմից գրավադրվել են Ընկերությունում։ Ընդ որում, թիվ 27175719 քրեական գործի նախաքննության ընթացքում վկա Ռուբիկ Էյլազյանը, ինչպես նաև Խաչիկ Կիրակոսյանը նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել, որ ոսկյա իրերը ներկայացվել են որպես իրենց սեփականություն և հետագայում գրավադրվել նաև Ընկերությունում։ Նման պայմաններում թիվ 27175719 քրեական գործի շրջանակում 17.10.2019 թվականին կնքված թիվ 17072863 և 21.10.2019 թվականին կնքված թիվ 17073087 վարկային պայմանագրերով գրավադրված ոսկյա իրերն առգրավվել են, ճանաչվել իրեղեն ապացույցներ ու կցվել քրեական գործին, որպիսի փաստերի հաշվառմամբ, առաջնորդվելով նաև քրեադատավարական իրավունքի նորմերով՝ թիվ ԱՎԴ/0904/02/20 քաղաքացիական գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 23․06․2021 թվականին կայացրած ու օրինական ուժի մեջ մտած վճռով արձանագրել է, որ «նշված իրեղեն ապացույցների իրավական ճակատագիրը կարող է լուծվել դատավճռով կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ»։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի 09․02․2022 թվականի վճիռը՝ բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասով, ազդում է Բանկի իրավունքներին, քանի որ վճռով կանխորոշվում է ոսկյա այն իրերի հետագա ճակատագիրը, որոնք գրավադրված են Բանկում, քրեական գործի շրջանակում առգրավված են, և Բանկի համար ծառայում են իր հանդեպ ստանձնած վճարային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովող միջոց։
Բացի այդ, նշված վճռով ստեղծվում են Բանկի՝ որպես գրավառուի իրավունքների իրացման խոչընդոտներ՝ նկատի ունենալով, որ դրա հետևանքով Բանկն առնվազն զրկվում է գրավի առարկաների հաշվին իր պահանջի բավարարում ստանալու հնարավորությունից, ինչը խաթարում է Բանկի գույքային իրավունքները՝ միաժամանակ հանգեցնելով իրավական որոշակիության և օրինականության պահանջի խախտման՝ նկատի ունենալով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրվել է, որ իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա իրերի ճակատագիրը կարող է լուծվել դատավճռով կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ, որպիսիք տվյալ դեպքում առկա չեն։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրակացությանը, որ «(…) բողոք բերած անձը զրկված չէ այլ եղանակով իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից, որը կարող է դրսևորվել, օրինակ, ենթադրյալ հանցանք կատարած անձի դեմ համապատասխան պահանջ ներկայացնելու միջոցով», ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր խախտված իրավունքները վերականգնելու այլ միջոցների առկայությունը չի բացառում Բանկի համար սույն քաղաքացիական գործին դատավարական կարգավիճակով մասնակցելու միջոցով իր իրավունքներն արդյունավետ պաշտպանելու հնարավորությունը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի այնպիսի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված հիմքը, որը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Բանկի համար հանգեցրել է արդար դատաքննության ու դատարանի մատչելիության՝ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտման՝ Բանկին զրկելով իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցով վերականգնելու հնարավորությունից։
Հիմք ընդունելով ստորադաս դատարանում դատական ակտն անվերապահ բեկանելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված հիմքի առկայությունը և Բանկի մասնակցությամբ՝ հավասարության ու մրցակցության սկզբունքների պահպանմամբ սույն գործի նոր քննություն իրականացնելու անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 22.11․2023 թվականի որոշումը և սույն գործը՝ բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասով, ուղարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործը՝ բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասով, ուղարկվում է նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի արդյունավետ բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, ուստի այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22․11․2023 թվականի որոշումը և գործը՝ բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասով, ուղարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող Զեկուցող Գ. Հակոբյան Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|