ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33283/02/21 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33283/02/21 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
| զեկուցող |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Է. Սեդրակյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի հուլիսի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Օլյա Հակոբյանի հայցի ընդդեմ «ԳԱԶԵԼ ՖԻՆԱՆՍ» ՈւՎԿ ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ չվճարված աշխատավարձի, վերջնահաշվարկի գումարի և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի գումարը բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06․12․2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Օլյա Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Օլյա Հակոբյանը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 6․940․100 ՀՀ դրամ՝ որպես չվճարված աշխատավարձ, 6․018․305 ՀՀ դրամ՝ որպես չվճարված աշխատավարձի նկատմամբ 0․15 տոկոսի չափով հաշվարկված տուժանք, 1․096․937 ՀՀ դրամ՝ որպես չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցման ենթակա գումար և 840․803 ՀՀ դրամ՝ որպես չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցման ենթակա գումարի նկատմամբ 0․15 տոկոսի չափով հաշվարկված տուժանք և մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 0․15 տոկոսի չափով հաշվարկման ենթակա գումարը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 30․07․2024 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06․12․2024 թվականի որոշմամբ Օլյա Հակոբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Օլյա Հակոբյանը (ներկայացուցիչ Նորայր Ավագյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ, 371-րդ և 372-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոք բերող անձը վերաքննիչ բողոքին կցել է էլեկտրոնային կրիչ, և որևէ այլ խախտում վերաքննիչ բողոքում չի արձանագրվել, ինչպես նաև հնարավոր է եղել էլեկտրոնային տարբերակի բացակայությունը պայմանավորված լինի տեխնիկական խնդիրներով կամ վերացվեր հաղորդակցության միջոցով։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ դատարանի գրասենյակը պարտավոր էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3․1-ին մասով նախատեսված ընթացակարգը՝ տեղեկացնել բողոք բերող անձին թերության մասին կամ կազմել արձանագրություն և հնարավորություն տալ վերացնել այն, այդ թվում նաև՝ «կրկին» ներկայացված վերաքննիչ բողոքի դեպքում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06․12․2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր պահանջ դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից, և որի սահմանափակումը դատարանների կողմից՝ ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետևանքով, կառաջացնի իրավունքի խախտում, ու անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետևաբար՝ քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում առհասարակ արժեզրկվում են այդ վարույթի արդար, հրապարակային և արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին` նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքն իրականացնում է ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով (թիվ 28249/95 գանգատ) Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52-56, Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 4451/70 գանգատ) Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի վճիռը, կետ 34):
Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը։ Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքներից (տե՛ս Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի գործով (թիվ 59519/00 գանգատ) Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կետ 125)։
Եվրոպական դատարանը փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս Bellet v. France գործով (թիվ 23805/94 գանգատ) Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով (թիվ 25083/05 գանգատ) Եվրոպական դատարանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25):
ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ՝
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս, թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289 որոշումները):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, օրինակ, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (ի թիվս այլնի, տե՛ս Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են` (...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...), վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները։
Նույն հոդվածի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ (․․․)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները (․․․):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում (...) վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածով (Վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը) օրենսդիրը սպառիչ կերպով սահմանել է վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (…): Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին (տե՛ս Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակցող անձի բողոքարկման իրավունքի սահմանափակումը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով բողոքարկման իրավունքի իրացման համար անհրաժեշտ ժամկետային և (կամ) ձևական պահանջների չպահպանման հետևանքն է, կարող է վրա հասնել և իրավաչափ համարվել միայն այն պարագայում, երբ բողոք ներկայացրած անձն իրապես թույլ է տվել ընթացակարգային նորմերի խախտում, ինչն էլ իր հերթին հիմնավոր կերպով ներկայացվել է դրա արդյունքում կայացվող դատական ակտում(տե՛ս Լաուրա Նալբանդյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի ընդդեմ Սմբատ Նալբանդյանի` պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին թիվ ԵԴ/3667/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2025 թվականի որոշումը):
Վերոգրյալ հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, վերաքննիչ բողոքին կից էլեկտրոնային կրիչ ներկայացնելու պահանջ սահմանելով, ի թիվս այլնի, հետապնդել է խնայողության սկզբունքի պահպանման և փաստաթղթաշրջանառության արդյունավետության ապահովման նպատակ։ Ներկայացված էլեկտրոնային կրիչի գնահատումը ենթադրում է դրա հնարավորինս մանրամասն ուսումնասիրություն և բովանդակության անմիջական ստուգում՝ ուղղված նաև վերոնշյալ սկզբունքների ապահովմանը։ Միայն այդ կերպ է հնարավոր պարզել՝ արդյոք բողոք բերած անձն իրականում թույլ է տվել ընթացակարգային նորմերի խախտում, թե ոչ։ Հակառակ մոտեցումը կարող է հանգեցնել բողոքարկման իրավունքի անհամաչափ սահմանափակման։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարանի 30․07․2024 թվականի վճռով Օլյա Հակոբյանի հայցը մերժվել է (հատոր 4-րդ, գ.թ. 40-54)։
Օլյա Հակոբյանը (ներկայացուցիչ՝ Նորայր Ավագյան) փոստային առաքման եղանակով Դատարանի 30․07․2024 թվականի վճռի դեմ 05․09․2024 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ միաժամանակ միջնորդելով վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարել և վերականգնել (հատոր 5-րդ, գ.թ. 5-11):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գրասենյակի կողմից 10․09․2024 թվականին կազմված թիվ ԵԴ/33283/02/21 գործով վերաքննիչ բողոքում առկա թերությունների մասին արձանագրությամբ նշվել է, որ բողոքաբեր Օլյա Հակոբյանի ներկայացուցիչ Նորայր Ավագյանի կողմից ներկայացված բողոքին կցված չէ վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը և արձանագրվել է, որ բողոքաբերը տեղեկացվել է փոստի միջոցով, բայց որևէ ապացույց տեղեկացման մասին կցված չէ (հատոր 5, գ․ թ․ 13):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31․10․2024 թվականի որոշմամբ Օլյա Հակոբյանի (ներկայացուցիչ՝ Նորայր Ավագյան) միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարվել է և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բաց թողնման պատճառները հարգելի է համավել ու վերականգնվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Բողոքաբերը, ներկայացնելով վերաքննիչ բողոք, բողոքին չի կցել վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով հանդիսանում է բողոքաբերի դատավարական պարտականությունը: Փաստորեն, վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, ինչը նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն՝ բողոքը վերադարձնելու հիմք է» (հատոր 5-րդ, գ.թ. 17,18 և 28-48)։
Օլյա Հակոբյանը (ներկայացուցիչ՝ Նորայր Ավագյան), Դատարանի 30․07․2024 թվականի վճռի դեմ կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք, վերաքննիչ բողոքին կցել է վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը (հատոր 5-րդ, գ.թ. 28-48):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գրասենյակի կողմից 26․11․2024 թվականին կազմված տեղեկանքի համաձայն՝ բողոքաբեր Օլյա Հակոբյանի ներկայացուցիչ Նորայր Ավագյանի կողմից ներկայացված բողոքին կից ներկայացված էլեկտրոնային կրիչը չի պարունակում որևէ տեղեկատվություն` դատարկ է (հատոր 5-րդ, գ.թ. 49)։
ՀՀ վերաքննիչ դատարանի 06․12․2024 թվականի որոշմամբ Օլյա Հակոբյանի (ներկայացուցիչ՝ Նորայր Ավագյան) կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է հետևյալ հիմնավորմամբ. « (...) ՀՀ վերաքննիչ դատարանը 31․10․2024թ․ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները, մասնավորապես, բողոքաբերի կողմից բողոքին կից չի ներկայացվել վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը։ Վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու համար բողոքաբերին տրամադրվել է տասնհինգօրյա ժամկետ։
Բողոքաբեր Օլյա Հակոբյանը 23․11․2024թ․ կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կից թեև ներկայացրել է էլեկտրոնային կրիչ, այդուհանդերձ, էլեկտրոնային կրիչում առկա չէ որևէ գրառում։ Այն է, էլեկտրոնային կրիչը չի պարունակում բողոքաբեր Օլյա Հակոբյանի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 30․07․2024թ․ թիվ ԵԴ/33283/02/21 վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի էլեկտրոնային տարբերակը։
Փաստորեն, սահմանված ժամկետում բողոքաբեր Օլյա Հակոբյանը ներկայացնելով նոր վերաքննիչ բողոք, չի վերացրել ՀՀ վերաքննիչ դատարանի 31․10․2024թ․ որոշմամբ արձանագրված բոլոր խախտումները, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն՝ բողոքի ընդունումը մերժելու հիմք է։ (...)» (հատոր 5-րդ, գ.թ. 50,51):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստերին և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը 31.10.2024 թվականի որոշմամբ Օլյա Հակոբյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը կցված չլինելու պատճառաբանությամբ, իսկ 06.12.2024 թվականի որոշմամբ Օլյա Հակոբյանի կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է էլեկտրոնային կրիչում որևէ գրառում առկա չլինելու պատճառաբանությամբ։
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում վերացրել է Վերաքննիչ դատարանի 06․12․2024 թվականի որոշմամբ նշված թերությունը՝ բողոքին կցելով վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն պարունակում է բողոքաբերի կողմից Դատարանի 30․07․2024 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի էլեկտրոնային տարբերակը։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը, թե էլեկտրոնային կրիչը չի պարունակում վերաքննիչ բողոքի էլեկտրոնային տարբերակը, չի համապատասխանում իրականությանը։ Նշված հանգամանքը վկայում է, որ Վերաքննիչ դատարանը չի իրականացրել վերաքննիչ բողոքին կից ներկայացված էլեկտրոնային կրիչի պատշաճ ուսումնասիրություն։
Հետևաբար բողոքաբերը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում պահպանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը, այն է՝ ներկայացրել է կրիչը, սակայն Վերաքննիչ դատարանը, պատշաճ ջանասիրություն չդրսևորելով կրիչի պարունակության ստուգման հարցում, խախտել է բողոքաբերի՝ դատական ակտն օրենքով սահմանված կարգով վերանայման իրավունքը։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ոչ իրավաչափորեն է մերժել Օլյա Հակոբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը՝ Օլյա Հակոբյանին զրկելով Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից՝ միաժամանակ սահմանափակելով նրա՝ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 06․12․2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 06․12․2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար: Ընդ որում, նշված որոշումը վերացվելու դեպքում Օլյա Հակոբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ենթակա է վարույթ ընդունման, եթե բացակայեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այլ հիմքեր։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06․12․2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ա. Մկրտչյան Զեկուցող Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ս. Մեղրյան Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|