ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/17265/02/22 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (05.06.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.09.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.06.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17265/02/22

2026 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17265/02/22

Նախագահող դատավոր`

 Ն. Կարապետյան

Դատավորներ`

 Ա. Մխիթարյան

 Ս. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2026 թվականի հունիսի 05-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՍ-ի (այսուհետ՝ Ընկերության մասնաճյուղ) հայցի ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), երրորդ անձ «ՍԹՈՈՒՆ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2025 թվականի որոշման դեմ Ընկերության մասնաճյուղի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերության մասնաճյուղը պահանջել է Բանկից բռնագանձել 1.219.424,9 ԱՄՆ դոլարի և 3.645.874,83 եվրոյի չափով բանկային երաշխիքներով վճարման ենթակա գումար։

Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 24.01.2025 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.10.2025 թվականի որոշմամբ Դատարանի 24.01.2025 թվականի վճիռը բեկանվել է, և քաղաքացիական գործի վարույթը կարճվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության մասնաճյուղը (ներկայացուցիչ Մերի Արտաշեսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, 34-րդ և 66-րդ հոդվածները, 182 հոդվածի 1-ին մասի 1‑ին կետը և 380-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը։

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ մասնաճյուղը՝ որպես իրավաբանական անձի՝ նրա գտնվելու վայրից դուրս տեղակայված առանձնացված ստորաբաժանում, ի դեմս իր տնօրենի գործելով իրավաբանական անձի կողմից հաստատված կանոնադրության և մասնաճյուղի տնօրենին տրված լիազորագրի հիման վրա, իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը՝ ներառյալ ներկայացուցչության գործառույթը, և դատարան հայց ներկայացնում է ոչ թե իր, այլ իրավաբանական անձի գլխամասի անունից՝ ներկայացնելով վերջինիս շահերը։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործում մասնաճյուղի կողմից իրավաբանական անձի անունից դատարանում հանդես գալու իրավասության առկայության փաստը հաստատող փաստաթղթերի բացակայությունը դատարանի կողմից գործը սխալ վարելու, դատավարության համապատասխան փուլերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ, 127-րդ և 182-րդ հոդվածներով նախատեսված կառուցակարգերը ժամանակին պատշաճորեն չկիրառելու արդյունք է, որի բացասական հետևանքը կրում է Ընկերությունը՝ փաստացի զրկվելով դատական պաշտպանության և դատարանի մատչելիության հիմնարար իրավունքներից, քանի որ կրկնակի դատարան դիմելու պարագայում Ընկերությունը հայցը ներկայացնելու է ոչ միայն հայցային վաղեմության ժամկետի խախտմամբ, այլ նաև կրկին ներկայացված հայցը կարող է գնահատվել որպես օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայության պայմաններում նույնական հայցով դատարան դիմելու արգելքի խախտմամբ հարուցված։

Վերաքննիչ դատարանը լիովին անտեսել է ՀՀ-ում ձևավորված դատական պրակտիկան և այն, որ և՛ առաջին ատյանի դատարաններում, և՛ ՀՀ վերաքննիչ դատարանում քննվել են տարբեր ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի և ներկայացուցչությունների մասնակցությամբ հազարավոր քաղաքացիական գործեր, որոնցով վերջիններս հանդես են եկել կա՛մ որպես հայցվոր, կա՛մ որպես պատասխանող, և այդ գործերով որևէ կերպ կասկածի տակ չի դրվել օտարերկրյա ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության դատավարական կարգավիճակի հարցը։ Ավելին, Ընկերության հայաստանյան մասնաճյուղի իրավասությունը որևէ կերպ կասկածի տակ չի դրվել նաև վերջինիս մասնակցությամբ քննված թիվ ՇԴ3/0048/02/20, ԵԴ/4606/02/18, ԵԴ/8712/02/18, ԵԴ/11122/02/19, ԵԴ/31930/02/19 և ՇԴ/5525/02/19 քաղաքացիական գործերով, որոնցից վերջինով ներկայացված վերաքննիչ բողոքը նույնիսկ քննվել է ՀՀ վերաքննիչ դատարանում և ուղարկվել է նոր քննության՝ կրկին քննության առարկա չդարձնելով Ընկերության հայաստանյան մասնաճյուղի պատշաճ պատասխանող հանդիսանալու հանգամանքը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2025 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 24.01.2025 թվականի վճռին, կամ փոփոխել այն:

 

2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոք բերած անձի կողմից վկայակոչվել են թվով 17 քաղաքացիական և 3 վարչական գործեր այն հիմնավորմամբ, թե իբրև գոյությւն ունի ձևավորված դատական պրակտիկա, և հազարավոր քաղաքացիական գործեր տարբեր ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի և ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք հանդես են եկել որպես հայցվոր կամ պատասխանող։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենագրքի, դրա հիման վրա ընդունված այլ օրենքների իրավակարգավորումներից, ինչպես նաև Ընկերության մասնաճյուղի կանոնադրության համաձայն՝ մասնաճյուղը չի հանդիսանում ինքնուրույն իրավաբանական անձ, այն ընկերության գտնվելու վայրից դուրս ստեղծված առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է հիմնադիր իրավաբանական անձի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա, հիմնադրի կողմից վերապահված լիազորությունների շրջանակներում և վերջինիս անունից, ու մասնաճյուղի պարտավորությունների համար պատասխանատու է հիմնադիր իրավաբանական անձը: Մասնաճյուղը, հանդիսանալով իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում, իրականացնում է վերջինիս գործառույթները (ֆունկցիաները), կամ դրանց մի մասը, այն վայրում, որտեղ տեղակայված է, հանդես է գալիս իրավաբանական անձի անունից:

Այսպիսով, ՀՀ իրավական համակարգում առկա է կայուն, ձևավորված դատական պրակտիկա, որում բացակայում են իրարամերժ կարգավորումները և(կամ) դիրքորոշումները։ Իսկ այն դատական գործերը, որոնց փաստական հանգամանքները թույլ չեն տալիս անել եզրահանգում տվյալ գործին մասնակցող անձ մասնաճյուղի կամ ներկայացուցչության իրավասուբյեկտության մասով, դեռևս չի նշանակում, որ այդ գործերով դատարանն արտահայտել է հակասող դիրքորոշում։

 

Խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել և Վերաքննիչ դատարանի 23102025 թվականի որոշումը թողնել անփոփոխ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 09.06.2022 թվականի որոշմամբ Ընկերության մասնաճյուղի ընդդեմ Բանկի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին 30.05.2022 թվականին կրկին ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 3-րդ, գ.թ. 1).

2) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վարույթ ընդունված հայցադիմումով որպես հայցվոր նշված է՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ (Հայաստանյան մասնաճյուղ)։ Հայցադիմումը ստորագրված է փաստաբաններ Խորեն Նասիբյանի և Նունե Հայրապետյանի կողմից (հատոր 3-րդ, գ.թ. 4-9).

3) Դատարանի «Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու վերաբերյալ» 18.10.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/17265/02/22 քաղաքացիական գործն ըստ Ընկերության մասնաճյուղի հայցի ընդդեմ Բանկի, պատասխանողի կողմում հադես եկող վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «ՍԹՈՈՒՆ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունվել է վարույթ և որոշվել է գործի քննությունն իրականացնել սկզբից (հատոր 4-րդ, գ.թ. 3-11).

4) Ընկերության մասնաճյուղը, ի դեմս գլխավոր տնօրեն Չեն Շիջունի, 10.02.2021 թվականին երեք տարի ժամկետով տրված լիազորագրով լիազորել է փաստաբաններ Խորեն Նասիբյանին և Նունե Հայրապետյանին միասին կամ առանձին հանդես գալու Ընկերության անունից՝ իրականացնելով անհրաժեշտ իրավաբանական գործողություններ և այլ գործառույթներ, այն է՝ ի թիվս այլնի՝ ստորագրել հայցադիմումներ (հատոր 3-րդ, գ.թ. 11-13).

5) ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 18.01.2016 թվականին տրված թիվ 01Բ1034850 վկայականի համաձայն՝ 18.01.2016 թվականին Պետական ռեգիստրի տարածքային բաժնի կողմից գրանցվել է «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Առանձնացված ստորաբաժանումը։ Նույն վկայականի 18.01.2016 թվականին տրված թիվ 001 ներդիրի համաձայն՝ իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը գլխավոր տնօրեն Չեն Շիջունն է (հատոր 3-րդ, գ.թ. 19).

6) «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի 25.11.2015 թվականին կայացած նիստի որոշմամբ հաստատված «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) 1-ին կետի համաձայն՝ ««ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ Հայաստանյան Մասնաճյուղը (այսուհետ՝ Մասնաճյուղ) ստեղծվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավաբանական անձ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ տնօրենների խորհրդի 25.11.2015թ. նիստի որոշման և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Մասնաճյուղը համարվում է ստեղծված և կարող է գործել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական հաշվառման պահից»։

Կանոնադրության 1.5 կետի համաձայն՝ «Մասնաճյուղը համարվում է «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ (հետագայում՝ Հիմնադիր) առանձնացված ստորաբաժանում, որը ներկայացնում է հիմնադրի շահերը և նրա անունից իրականացնում է տնտեսական գործունեություն։

Մասնաճյուղը չի հանդիսանում ինքնուրույն կազմակերպություն, ձեռք չի բերում իրավաբանական անձի իրավունքներ, ունի առանձին հաշվարկային հաշիվ, գործում է հիմնադրի անունից, նրա կողմից տրամադրված գույքով և լիազորված է ներկայացնելու հիմնադրին։ Մասնաճյուղը իր գործունեության նպատակներին, հիմնադրի հանձնարարություններին և իրեն հանձնված գույքի նշանակությանը համապատասխան տիրապետում, օգտագործում և տնօրինում է այդ գույքը»:

Կանոնադրության 1.6 կետի համաձայն՝ «Քաղաքացիական շրջանառության մեջ Մասնաճյուղը հանդես է գալիս իրեն ստեղծած իրավաբանական անձի՝ Հիմնադրի անունից։ Մասնաճյուղի իրավաբանական գործողությունները Հիմնադրի համար ստեղծում են իրավունքներ և պարտավորություններ։ (…)»:

Կանոնադրության 1.7 կետի համաձայն՝ «Հիմնադրի կողմից Մասնաճյուղին հանձնված գույքը համարվում է Հիմնադրի գույքի մի մասը, որը ցույց է տրվում Մասնաճյուղի հաշվեկշռում և ընդգրկվում է հիմնադիր հանդիսացող կազմակերպության հաշվեկշռում»։

Կանոնադրության 1.9 կետի համաձայն՝ «Մասնաճյուղը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսգրքով, գործող այլ օրենսդրությամբ, Հիմնադրի հիմնադիր փաստաթղթերով, նրա կառավարման մարմինների որոշումներով, հրամաններով և սույն կանոնադրությամբ»։

Կանոնադրության 1.11 կետի համաձայն՝ «Մասնաճյուղն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»։

Կանոնադրության 2.2 կետի համաձայն՝ «Մասնաճյուղը իրագործելու է մայր կազմակերպության գործունեությունը»։

Կանոնադրության 3.2 կետի համաձայն՝ «Մասնաճյուղը կարող է կնքել պայմանագրեր, ստուգել և վերահսկել դրանց կատարման ընթացքը»։

Կանոնադրության 3.5 կետի համաձայն՝ «Մասնաճյուղի ամբողջ ունեցվածքը՝ ներառյալ ֆինանսական միջոցները, սեփականության իրավունքով պատկանում են Հիմնադրին։

Կանոնադրության 4.2 կետի համաձայն՝ «Մասնաճյուղի ընթացիկ գործունեության կառավարումը իրականացնում է նրա տնօրենը, որը գործում է սույն կանոնադրության և Հիմնադրի կողմից տրված լիազորագրի հիման վրա»։

Կանոնադրության 4.5 կետի համաձայն՝ «Մասնաճյուղի տնօրենն իր իրավասության սահմաններում՝ կազմակերպում է Մասնաճյուղի գործունեությունը, (…), իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ: (…)» (հատոր 3-րդ, գ.թ. 20-29):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1‑ին կետի և 380-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով գործի վարույթը կարճելու իրավական հնարավորությանն այն դեպքերում, երբ իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կողմից ներկայացված և դատարանի որոշմամբ վարույթ ընդունված հայցադիմումում որպես հայցվոր նշված է իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը։

Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն` hիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1‑ին կետը յուրաքանչյուրի համար երաշխավորում է իրքաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որում դատարան դիմելու իրավունքը, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը, հանդիսանում է այդ իրավունքի մի մասը միայն: Այդուհանդերձ, այդ մասն է, որ հնարավորություն է տալիս օգտվել 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում:

Դատարանի իրավունքը բացարձակ չէ: Այն կարող է անուղղակիորեն ենթարկվել սահմանափակումների, քանզի դատարանի իրավունքն ինքնին պետության կողմից կարգավորում պահանջող երևույթ է: Կողմերի համար երաշխավորելով իրենց «քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները» որոշելու համար դատարան դիմելու արդյունավետ իրավունք, 6-րդ հոդվածի 1-ին կետը պետությանն ազատ է թողնում այդ իրավունքն իրականացնելուն ուղղված միջոցներն ընտրելիս, սակայն, չնայած նրան, որ Պայմանավորվող պետություններն այս կապակցությամբ օժտված են գնահատման որոշակի ազատությամբ, այնուամենայնիվ, Կոնվենցիայի պահանջների պահպանման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավասությունը մնում է Եվրոպական դատարանինը:

(…)

Այդուհանդերձ, բոլոր այդ դեպքերում Եվրոպական դատարանն առաջնորդվել է այն համոզմամբ, որ նշված սահմանափակումները չեն սահմանափակում դիմողին տրամադրված դատարան դիմելու իրավունքն այն ձևով կամ այն աստիճան, որ խաթարվի այդ իրավունքի բուն էությունը:

Այդ համատեքստում Եվրոպական դատարանն ընդգծել է, որ դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները չեն կարող համարվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխանող, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ և առկա չէ ողջամիտ հարաբերակցություն օգտագործված միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև։

Այդուհանդերձ, Եվրոպական դատարանը կրկնել է, որ վերոհիշյալ չափանիշներին համապատասխանությունը գնահատելիս` իր խնդիրը չէ ստանձնել իրավասու ներպետական իշխանությունների լիազորությունները` արդարադատության մատչելիությունն ապահովող առավել պատշաճ միջոցներ սահմանելու գործում, և ոչ էլ այն փաստերը գնահատելը, որոնք այս կամ այն դատարանը հիմք է ընդունել այս կամ այն որոշումը կայացնելիս: Եվրոպական դատարանի խնդիրը Կոնվենցիայի հիման վրա` ի կատարումն իր լիազորությունների, այդ իշխանությունների կայացրած որոշումների վերանայումն է, Կոնվենցիայի դրույթներին այդ որոշումների հետևանքների համապատասխանությունը գնահատելը։

Այդ առնչությամբ Եվրոպական դատարանը ևս մեկ անգամ հարկ է համարել կրկնել, որ իր ուսումնասիրությունները բխում են այն սկզբունքից, որ Կոնվենցիայի նպատակը ոչ թե տեսական կամ երևակայական, այլ գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին` նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքը կատարում է ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետեր 52-57):

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Ավելին, սահմանափակումը չի կարող համարվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին համահունչ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս Ալ Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 36, Պապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 54210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):

Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Դումիտրու Գեորգն ընդդեմ Ռումինիայի թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

ՀՀ սահմանադրական դատարանը 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշմամբ, անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Հայցը կամ դիմումը դատարան՝ իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը` լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը` առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց` օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից»:

Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով կիրառման ենթակա իրավական նորմերը և սույն գործի փաստերը դիտարկել վերը շարադրված ելակետային դրույթների ու դիրքորոշումների լույսի ներքո։

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր ու կոչված է ապահովել անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը (տե՛ս Տիգրան Էվոյանն ընդդեմ «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ի թիվ ԼԴ2/1922/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.01.2024 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ սահմանադրական, օրենսդրական և կոնվենցիոն դրույթների, ինչպես նաև Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ դատարանի մատչելիության իրավունքը (որի բաղկացուցիչ մասն է դատարան դիմելու իրավունքը) ուղղակիորեն հարաբերակցվում է հայց հարուցելու իրավունքի նախադրյալների հետ: Դրանք այն հանգամանքներն են, որոնց առկայության կամ բացակայության հետ օրենսդիրը կապում է կոնկրետ գործով դատարան հայց ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքի ծագումը և դատարանի պոզիտիվ պարտականությունն այդ հայցով իրականացնելու արդարադատություն՝ կայացնելով վեճն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտ: Հայց հարուցելու իրավունքի բացասական նախադրյալ է վեճը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելը, որը ինչպես հայցադիմումի ընդունումը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքերից է (տե՛ս «ՆՅՈՒ ԲՐԵՆԴ» ՍՊԸ-ն ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/3891/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11112024 թվականի որոշումը)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11‑րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի (...) 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 6‑րդ կետի համաձայն` վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վճիռը և ամբողջությամբ կամ մասնակիորեն կարճում է գործի վարույթը՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ օրենսդրի կողմից վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով դատարան դիմելու իրավունքի սահմանափակումն ինքնանպատակ չէ, այլ նպատակաուղղված է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի և դատական խնայողության սկզբունքների ապահովմանը: Օրենսդիրը երաշխավորել է անձանց դատական պաշտպանության իրավունքը՝ նրանց իրավունք վերապահելով իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար հայց հարուցել դատարան, իսկ դատարանի համար սահմանելով պարտականություն՝ քննելու գործը և գործով կայացնելու օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ: Միևնույն ժամանակ օրենսդիրն ամրագրել է դատարանի լիազորությունը՝ կարճել գործի վարույթը բոլոր այն դեպքերում, երբ վեճն իր բնույթով ենթակա չէ դատարանում քննության: Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում դատարանի կողմից նշված հիմքով գործի վարույթը կարճելու լիազորության կիրառումը և ըստ այդմ՝ անձի դատական պաշտպանության իրավունքի մերժումը պետք է պայմանավորված լինեն ներկայացված հայցի շրջանակում անձի՝ իր սուբյեկտիվ իրավունքների դատական կարգով վերականգնման, դրանց ենթադրյալ խախտումների վերացման հնարավորության իսպառ բացակայությամբ, որն անհնարին է դարձնում տվյալ վեճի քննումը դատարանի կողմից։ Ընդ որում, նշված կանոնը գործում է վերադաս ատյաններում այնպես, ինչպես առաջին ատյանի դատարանում (տե՛ս Անժելա Գևորգյանն ընդդեմ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/3724/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.05.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործի վարույթը կարճելու դատավարական փուլին, նշել է, որ գործի վարույթի կարճումն իրենից ներկայացնում է գործի վարույթի ավարտ` առանց դատարանի կողմից գործն ըստ էության քննելու և վեճը լուծող վերջնական դատական ակտ կայացնելու (տե՛ս Նիկոլայ Իսկանդարյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Վեհանուշ Գրիգորյանի թիվ 3-169(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը): Ըստ այդմ էլ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ գործի վարույթի կարճումը դատավարական մի փուլ է, որի ընթացքում դատարանը գործի ըստ էության քննություն չի իրականացնում, այնուամենայնիվ դատավարական այս փուլում դատարանը պարզում և գնահատում է գործի վարույթի կարճման հիմքում ընկած փաստական հանգամանքների հիմնավորվածությունը՝ արդյունքում կայացնելով համապատասխան դատական ակտ (տե՛ս «Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.12.2020 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ գործի վարույթի կարճմամբ դատավարության հետագա ընթացքը դադարում է՝ առանց դատական քննության առարկա դարձած վեճն ըստ էության լուծելու։ Գործի վարույթի կարճումն իրենից ներկայացնում է արդարադատություն իրականացնելու պահանջի մերժում, դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որը պայմանավորված է դատական պաշտպանության դիմելու իրավունքի (հայց հարուցելու իրավունքի) ծագման օրենքով կանխորոշված նախադրյալների բացակայությամբ։ Նշվածը հաշվի առնելով՝ քննարկվող ինստիտուտը դատարանները կիրառելիս պետք է զերծ մնան վարույթը կարճելու՝ դատավարական օրենսդրությամբ սահմանված հիմքի առկայությունը գնահատելիս համապատասխան իրավական նորմերի այնպիսի կամայական կամ խիստ ձևական (ֆորմալիստական) մեկնաբանությունից, որը խոչընդոտում կամ կանխում է դատարան դիմելու իրավունքի, իրավունքի դատական պաշտպանության արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկվում է Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը՝ օրենքով կանխորոշված ընթացակարգային առանձնահատկությունը կիրառելով որպես դատարանի մատչելիության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքի սահմանափակման հիմնավորում և դրանով իսկ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ արդար դատաքննության՝ ներառյալ դատարանի մատչելիության իրավունքը չի կարող ծանրաբեռնվել (սահմանափակվել), առավել ևս մերժվել, այնպիսի ձևական պահանջներ չպահպանելու հիմքով, որոնց խախտումն էական չէ, չի ազդում կամ չի կարող ազդել վարույթի բնականոն ընթացքի, վիճելի իրավահարաբերության մասնակիցների իրական կամքի բացահայտման, օրինական, հիմնավորված և պատճառաբանված վճիռ կայացնելու և հետագայում դրա կատարման հնարավորության վրա։ Հետևաբար, նկատի ունենալով դատական պաշտպանության դիմած անձի համար վարույթի կարճման հետևանքով առաջացող համապատասխան դատավարական և նյութաիրավական հետևանքները (նույնական հայցով կրկին դատարան դիմելու արգելք, տվյալ պահանջը ներկայացնելու համար սահմանված հայցային վաղեմության ժամկետների հնարավոր ավարտ և այլն), գործը քննող դատարանը պետք է զերծ մնա գործի վարույթը կարճելու՝ օրենքով սահմանված հիմքերի խիստ ձևական (ֆորմալիստական) մեկնաբանությունից՝ գործի վարույթը կարճելու մասին որոշման հիմքում դնելով բացառապես այնպիսի իրավական և փաստական հանգամանքներ, որոնք աներկբայորեն հիմնավորում են առանց վեճն ըստ էության լուծելու վարույթն ավարտելու իրավական անհրաժեշտությունը, ներկայացված հայցի շրջանակում սուբյեկտիվ իրավունքների դատական կարգով վերականգնման, դրանց ենթադրյալ խախտումների վերացման հնարավորության իսպառ բացակայությունը, որն անհնարին է դարձնում առնվազն քաղաքացիական դատավարության կարգով տվյալ վեճի քննումը դատարանի կողմից։

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ գործի վարույթը կարճելու հիմքին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է այս կամ այն գործի՝ դատարանի քննությանը ենթակա լինելու կամ չլինելու հարցի հետ, քանի որ դատարանը՝ որպես իրավունքի վերաբերյալ գործեր քննող և լուծող մարմին, օժտված չէ համընդհանուր իրավազորությամբ և իր գործառույթներին ու խնդիրներին համապատասխան կարող է քննել և լուծել միայն իր իրավասությանը հանձնված գործերը: Այս հանգամանքն առաջացնում է, մի կողմից, դատարանի, իսկ մյուս կողմից, իրավաբանական գործեր քննելու և լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների (օրինակ՝ վարչական մարմիններ, առևտրային արբիտրաժ և այլն) իրավասությունը հստակորեն սահմանազատելու անհրաժեշտություն: Դատարանի և իրավաբանական գործեր քննելու ու լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների իրավասությունը տարանջատելիս կիրառվում է «ենթակայություն» իրավաբանական եզրույթը. ենթակայությունն իրավաբանական գործերի այնպիսի հատկանիշ է, որի միջոցով պարզվում է տվյալ գործը քննելու և լուծելու իրավասություն ունեցող կոնկրետ սուբյեկտը: Ըստ այդմ, այն գործերը, որոնց քննությունն ու լուծումն օրենքով հանձնված է դատարանի իրավասությանը, համարվում են դատական ենթակայության գործեր: Փաստորեն, անձը կարող է իրացնել դատարանի մատչելիության իր իրավունքը միայն այն դեպքում, երբ դատարանի առջև վերջինիս բարձրացրած հարցը (որպես կանոն՝ իրավունքի մասին վեճը) ենթակա է քննության և լուծման դատարանի կողմից (տե՛ս Աշոտ Մովսիսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձինք Մարինե Մովսիսյանի, Կարինե Կարապետյանի, Երևանի քաղաքապետի թիվ ՎԴ/12867/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ անձի կողմից դատարանի առջև բարձրացված հարցի՝ դատարանի քննությանը ենթակա լինելու հանգամանքը հանդիսանում է հայց հարուցելու իրավունքի ընդհանուր դրական նախադրյալ, որի առկայության դեպքում միայն անձն իրավունք ունի իր սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության խնդրանքով դիմել դատարան: Հակառակ դեպքում, այսինքն՝ գործը դատարանին ենթակա չլինելու դեպքում, անձն իրավունք չունի հայց հարուցել դատարանում, և դատարանը պարտավոր է վարույթ չընդունել ներկայացված հայցադիմումը։ Դատարանում գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործի վարույթը ենթակա է կարճման, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջև բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Հետևաբար, վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս կամ այդ հիմքով գործի վարույթը կարճելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական և փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու և լուծելու տվյալ վեճը (տե՛ս Գագիկ Մաթևոսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության թիվ ՎԴ/0229/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

Նույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական կամ քրեական մասնագիտացում: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորները՝ քրեական մասնագիտացում:

Նույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական վարույթները, մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված հարցերը քննում է միայն քրեական մասնագիտացման դատավորը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավասությանը ենթակա մյուս գործերը քննում է քաղաքացիական մասնագիտացման դատավորը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի և հակակոռուպցիոն դատարանին ենթակա գործերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (…) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:

Վերը նշված նորմերի համադրված վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորների կողմից քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա գործերի շրջանակն օրենսդիրը սահմանել է այդ շրջանակից առանձին կատեգորիայի գործերի բացառման սկզբունքով՝ վերջիններս վերապահելով այլ մասնագիտացման դատավորների կամ այլ դատարանների իրավասությանը։ Այլ կերպ ասած՝ իրավունքի մասին վեճի կապակցությամբ ցանկացած գործ ենթակա է քննության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորների կողմից, բացառությամբ՝

1) քրեական գործերի, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված գործերի, որոնք քննում է միայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորները,

2) Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի,

3) մասնագիտացված դատարանների իրավասությանը վերապահված գործերի։

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը, սահմանելով իրավունքի մասին վեճի հետ կապված գործերի ենթակայությունն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններին, միաժամանակ բացառել է այլ՝ վարչական, քրեական և Սահմանադրական դատարանի լիազորությունների տիրույթում գտնվող գործերի քննությունը քաղաքացիական դատավարության կարգով՝ այդպիսով հստակ տարանջատելով այն գործերի ցանկը, որոնք ենթակա են կոնկրետ դատարանների քննությանը: Ընդ որում, այդօրինակ տարանջատումն ուղղակիորեն բխում է դատավարական օրենսգրքերի կարգավորման առարկաներից, այդ թվում նաև՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր մասնագիտացման դատավորների իրավասությանը հանձնված գործերի (հարցերի) քննության և լուծման դատավարական առանձնահատկություններից (տե՛ս Վահան Սիմոնյանն ու Սյուզաննա Գալստյանն ընդդեմ Հակակոռուպցիոն կոմիտեի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Կենտրոնական բանկի ու Ֆինանսների նախարարության թիվ ԵԴ/7692/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.11.2025 թվականի որոշումը):

Շարադրվածի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ գործի վարույթը կարճելու հիմքը, այն է՝ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, առաջին հերթին, պետք է կիրառվի այն դեպքերում, երբ գործի քննության ընթացքում հաստատվում է, որ հայցադիմումը ներկայացվել, իսկ ապա նաև դատարանի կողմից վարույթ է ընդունվել ենթակայության (առարկայական ընդդատության) կանոնների խախտմամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակությունը ճանաչվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հավասարապես (դատավարական իրավունակություն):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը և համայնքները նույն օրենսգրքով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անձանց համար նույն օրենսգրքով սահմանված դրույթները վերաբերում են նաև հիմնարկներին, եթե նրանք օրենքի համաձայն վիճելի իրավահարաբերությանը մասնակցում են իրենց անունից:

Շարադրված իրավական նորմերից բխում է, որ դատավարական իրավունակությամբ օժտված են ֆիզիկական և իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունն ու համայնքները, ինչպես նաև այն հիմնարկները, որոնք, թեև օժտված չեն իրավաբանական անձի կարգավիճակով, սակայն օրենքի համաձայն՝ վիճելի իրավահարաբերությանը մասնակցում են իրենց անունից: Նշվածից հետևում է, որ դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու իրավական ունակություն, հետևաբար նաև՝ դատարան հայց ներկայացնելու օրենքով երաշխավորված հնարավորություն չունեն բոլոր այն կազմավորումները, որոնք օժտված չեն իրավաբանական անձի կամ քաղաքացիական շրջանառության իրենց անունից մասնակցելու իրավասություն ունեցող հիմնարկի քաղաքացիաիրավական կարգավիճակով, որպիսի պարագայում չի ծագում նաև դատարանի պոզիտիվ պարտականություն՝ հարուցելու և քննելու նման կազմավորման նախաձեռնած գործը և կայացնելու եզրափակիչ դատական ակտ:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը սահմանել է նաև իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումների՝ ներկայացուցչությունների ու մասնաճյուղերի քաղաքացիական շրջանառությանը մասնակցելու, իրենց ստեղծած իրավաբանական անձի շահերը ներկայացնելու և դրանց պաշտպանությունն իրականացնելու որոշակի կառուցակարգեր, որոնք պետք է հաշվի առնվեն նաև դատավարական գործընթացներում։ Այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը, (…) սահմանում են քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավական վիճակը, (…):

Քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունների մասնակիցները` ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիներ) ու իրավաբանական անձինք են, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը և համայնքներն են (…):

Քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կանոնները կիրառվում են օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ հարաբերությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: (…)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ներկայացուցչությունները և մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա:

Ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարները նշանակվում են իրավաբանական անձի կողմից ու գործում են նրա լիազորագրի հիման վրա: (…)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար: (…):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար: (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը գործին մասնակցող այն անձն է, որն իր կամ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ներկայացուցչի կատարած դատավարական գործողությունները գործին մասնակցող անձի համար նույնքան պարտադիր են, որքան այն դեպքերում, երբ գործին մասնակցող անձն ինքը դրանք կատարեր:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատական ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի՝ ներկայացուցչության մասին դրույթները, նույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված անձինք համարվում են գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչներ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում նույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինական և ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են նրա կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերով:

Շարադրված իրավական նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաբանական անձի ներկայացուցչությունները և մասնաճյուղերը քաղաքացիական շրջանառության ինքնուրույն սուբյեկտներ չեն հանդիսանում, օժտված չեն քաղաքացիական իրավունակությամբ, այն է՝ չունեն գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ձեռք բերելու, իրենց անունից ձեռնարկատիրական կամ օրենքով չարգելված այլ գործունեություն իրականացնելու, քաղաքացիական պարտավորություններ ստանձնելու օրենքով երաշխավորված հնարավորություն։ Որպես իրավաբանական անձի՝ վերջինիս գտնվելու վայրից դուրս (այլ վարչական շրջանում, մարզում, քաղաքում կամ երկրում) տեղակայված առանձնացված ստորաբաժանումներ, վերջիններս քաղաքացիական շրջանառությանը մասնակցում են իրավաբանական անձի անունից, իրավաբանական անձի կողմից հաստատված կանոնադրությամբ սահմանված իրենց խնդիրներին և նպատակներին համապատասխան որոշակի գործունեություն իրականացնելիս քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են մտնում, քաղաքացիական իրավունքներ են ձեռք բերում, քաղաքացիական պարտականություններ են ստանձնում բացառապես իրավաբանական անձի անունից, ի շահ իրավաբանական անձի և իրավաբանական անձի կողմից իրենց ամրակցված կամ հատկացված գույքով։

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այլ կերպ, քան ի շահ իրավաբանական անձի, ներկայացուցչությունը կամ մասնաճյուղը քաղաքացիական շրջանառությանը, համապատասխանաբար նաև՝ քաղաքացիական դատավարությանը մասնակցել չի կարող։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն ներկայացուցչությունների, որոնք կարող են ստեղծվել իրավաբանական անձի գտնվելու վայրից տարբերվող այլ վայրում իրավաբանական անձի շահերը ներկայացնելու, այդ թվում՝ դրանց պաշտպանությունն իրականացնելու նպատակով, մասնաճյուղերի քաղաքացիական իրավասության սահմանները կանխորոշվում են այն կանոնադրային նպատակներով, որոնք սահմանված են տվյալ մասնաճյուղը ստեղծած իրավաբանական անձի կողմից այդ մասնաճյուղի համար հաստատված կանոնադրությամբ։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետի բովանդակությունից բխում է, որ որպես մասնաճյուղի կանոնադրային նպատակ կարող է սահմանվել ոչ միայն իրավաբանական անձի բոլոր գործառույթների կամ դրանց մի մասի, այլ նաև իրավաբանական անձի շահերը ներկայացնելու (ներկայացուցչության) գործառույթներն իրականացնելը։ Համապատասխանաբար, եթե մասնաճյուղի կանոնադրությամբ նախատեսված է քաղաքացիական շրջանառությունում իրավաբանական անձի ներկայացուցչություն իրականացնելու՝ մասնաճյուղի նպատակ (գործառույթ), վերջինս ևս իրավասու է, առանց հատուկ այդ նպատակով տրված թույլտվության կամ համաձայնության, ներկայացնելու իրավաբանական անձի շահերը և օրենքով նախատեսված ձևերով, այդ թվում՝ դատական կարգով, իրականացնելու դրանց պաշտպանությունը՝ ներառյալ դատարանում հանդես գալով որպես իրավաբանական անձի շահերի պաշտպանության նպատակով հայցադիմում ներկայացնող անձ։ Ընդ որում, անկախ հայցադիմումում առկա ձևակերպումներից, իրավաբանական անձի մասնաճյուղի կողմից ներկայացված հայցը պետք է համարվի իրավաբանական անձի անունից, ի շահ իրավաբանական անձի և վերջինիս իրավունքների պաշտպանության նպատակով ներկայացված, իսկ գործով կայացվող եզրափակիչ դատական ակտով իրավունքներ և պարտականություններ կարող են առաջանալ (սահմանվել) բացառապես իրավաբանական անձի համար՝ նկատի ունենալով այն, որ մասնաճյուղը քաղաքացիական իրավունքի ինքնուրույն սուբյեկտ չի հանդիսանում, իսկ նրա գործունեության արդյունքում քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ կարող են ծագել բացառապես այն իրավաբանական անձի համար, որի գույքային և անձնական ոչ գույքային շահերի պաշտպանությամբ հանդես է գալիս տվյալ առանձնացված ստորաբաժանումը՝ իրացնելով իր կանոնադրային նպատակները։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ի տարբերություն իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի, իրավաբանական անձի ներկայացուցչության և մասնաճյուղի ղեկավարը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով չի հանդիսանում օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձ (ի պաշտոնե ներկայացուցիչ), և քաղաքացիական շրջանառությունում այլ անձանց հետ հարաբերություններում հանդես է գալիս իրավաբանական անձի կողմից տրված լիազորագրի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321‑րդ հոդվածի 1-ին կետի իմաստով երրորդ անձանց առջև այլ անձի (իրավաբանական անձին) ներկայացվելու համար գրավոր ձևակերպված լիազորության հիման վրա: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման լիազորությունը կարող է ուղղակիորեն սահմանված լինել ներկայացուցչության և մասնաճյուղի կանոնադրությամբ և(կամ) իրավաբանական անձի կողմից տվյալ առանձնացված ստորաբաժանման ղեկավարին առանձին փաստաթղթի ձևով տրված լիազորագրում։ Ընդ որում, հաշվի առնելով ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց, ՀՀ-ի և օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, ՀՀ-ում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկությունների հրապարակայնությունը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համար դիմած անձի կողմից ներկայացված տեղեկատվության օրենքով սահմանված արժանահավատության կանխավարկածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպես իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի՝ իրավաբանական անձի անունից դատարանում կամ այլ անձի առջև հանդես գալու գրավոր լիազորության առկայությունը հավաստող անհրաժեշտ և բավարար փաստաթուղթ (լիազորագիր) կարող է դիտարկվել ոչ միայն իրավաբանական անձի կողմից տվյալ առանձնացված ստորաբաժանման ղեկավարին առանձին փաստաթղթի ձևով տրված լիազորագիրը, այլ նաև իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը, որով սահմանված է իրավաբանական անձի շահերը ներկայացնելու ու դրանց պաշտպանությունն իրականացնելու մասնաճյուղի իրավասությունը (լիազորությունը)՝ պայմանով, եթե ներկայացվում է տվյալ առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնական դրությունը հավաստող փաստաթուղթ (պետական գրանցման վկայականի ներդիր կամ քաղվածք պետական միասնական գրանցամատյանից)։ Շարադրվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ իրավաբանական անձի շահերը ներկայացնելու ու դրանց պաշտպանությունն իրականացնելու լիազորության առկայությունը հավաստելու համար առանձնացված ստորաբաժանման ղեկավարին առանձին փաստաթղթի ձևով տրված լիազորագիրը ներկայացնելն անհրաժեշտ է միայն այն դեպքերում, երբ առանձնացված ստորաբաժանման կանոնադրությամբ նախատեսված չէ իրավաբանական անձի շահերը ներկայացնելու ու դրանց պաշտպանությունն իրականացնելու իրավասություն (գործառույթ)։

Ամփոփելով վերը շարադրվածը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ հայցադիմումը դատարան է ներկայացվել իրավաբանական անձի ներկայացուցչության կամ մասնաճյուղի կողմից, որի կանոնադրությամբ կամ իրավաբանական անձի կողմից տվյալ առանձնացված ստորաբաժանման ղեկավարին առանձին փաստաթղթի ձևով տրված լիազորագրով նախատեսված է իրավաբանական անձի շահերը ներկայացնելու ու դրանց պաշտպանությունն իրականացնելու մասնաճյուղի իրավասությունը (լիազորությունը), անկախ այդ հայցադիմումում իրավաբանական անձին կամ նրա առանձնացված ստորաբաժանմանը որպես հայցվոր նշված լինելու հանգամանքից, այն պետք է դիտարկվի որպես իրավաբանական անձի անունից, ի շահ իրավաբանական անձի և վերջինիս իրավունքների պաշտպանության նպատակով ներկայացված։ Համապատասխանաբար, նման հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել կամ գործի վարույթը կարճվել՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով։

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 09.06.2022 թվականի որոշմամբ Ընկերության մասնաճյուղի ընդդեմ Բանկի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին 30.05.2022 թվականին կրկին ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վարույթ ընդունված հայցադիմումով որպես հայցվոր նշված է՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ (Հայաստանյան մասնաճյուղ)։ Հայցադիմումը ստորագրված է փաստաբաններ Խորեն Նասիբյանի և Նունե Հայրապետյանի կողմից։ Դատարանի «Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու վերաբերյալ» 18.10.2023 թվականի որոշմամբ, թիվ ԵԴ/17265/02/22 քաղաքացիական գործն ըստ Ընկերության մասնաճյուղի հայցի ընդդեմ Բանկի, պատասխանողի կողմում հադես եկող վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «ՍԹՈՈՒՆ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունվել է վարույթ և որոշվել է գործի քննությունն իրականացնել սկզբից։ Ընկերության մասնաճյուղը, ի դեմս գլխավոր տնօրեն Չեն Շիջունի, 10.02.2021 թվականին երեք տարի ժամկետով տրված լիազորագրով լիազորել է փաստաբաններ Խորեն Նասիբյանին և Նունե Հայրապետյանին միասին կամ առանձին հանդես գալու Ընկերության անունից՝ իրականացնելով անհրաժեշտ իրավաբանական գործողություններ և այլ գործառույթներ, այն է՝ ի թիվս այլնի՝ ստորագրելու հայցադիմումներ։

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 18.01.2016 թվականին տրված թիվ 01Բ1034850 վկայականի համաձայն՝ 18.01.2016 թվականին Պետական ռեգիստրի տարածքային բաժնի կողմից գրանցվել է «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Առանձնացված ստորաբաժանումը։ Նույն վկայականի 18.01.2016 թվականին տրված թիվ 001 ներդիրի համաձայն՝ իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը գլխավոր տնօրեն Չեն Շիջունն է։

«ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի 25.11.2015 թվականին կայացած նիստի որոշմամբ հաստատված Կանոնադրության 1-ին կետի համաձայն՝ ««ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ Հայաստանյան Մասնաճյուղը (այսուհետ՝ Մասնաճյուղ) ստեղծվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավաբանական անձ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ տնօրենների խորհրդի 25.11.2015թ. նիստի որոշման և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Մասնաճյուղը համարվում է ստեղծված և կարող է գործել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական հաշվառման պահից»։

Կանոնադրության 1.5 կետի համաձայն՝ «Մասնաճյուղը համարվում է «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ (հետագայում՝ Հիմնադիր) առանձնացված ստորաբաժանում, որը ներկայացնում է հիմնադրի շահերը և նրա անունից իրականացնում է տնտեսական գործունեություն։

Մասնաճյուղը չի հանդիսանում ինքնուրույն կազմակերպություն, (…), գործում է հիմնադրի անունից, (…) և լիազորված է ներկայացնելու հիմնադրին։ (…)»:

Կանոնադրության 1.6 կետի համաձայն՝ «Քաղաքացիական շրջանառության մեջ Մասնաճյուղը հանդես է գալիս իրեն ստեղծած իրավաբանական անձի՝ Հիմնադրի անունից։ (…)»:

Կանոնադրության 1.7 կետի համաձայն՝ «Հիմնադրի կողմից Մասնաճյուղին հանձնված գույքը համարվում է Հիմնադրի գույքի մի մասը, որը ցույց է տրվում Մասնաճյուղի հաշվեկշռում և ընդգրկվում է հիմնադիր հանդիսացող կազմակերպության հաշվեկշռում»։

Կանոնադրության 1.9 կետի համաձայն՝ «Մասնաճյուղը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսգրքով, գործող այլ օրենսդրությամբ, Հիմնադրի հիմնադիր փաստաթղթերով, նրա կառավարման մարմինների որոշումներով, հրամաններով և սույն կանոնադրությամբ»։

Կանոնադրության 1.11 կետի համաձայն՝ «Մասնաճյուղն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»։

Կանոնադրության 2.2 կետի համաձայն՝ «Մասնաճյուղը իրագործելու է մայր կազմակերպության գործունեությունը»։

Կանոնադրության 3.2 կետի համաձայն՝ «Մասնաճյուղը կարող է կնքել պայմանագրեր, ստուգել և վերահսկել դրանց կատարման ընթացքը»։

Կանոնադրության 3.5 կետի համաձայն՝ «Մասնաճյուղի ամբողջ ունեցվածքը՝ ներառյալ ֆինանսական միջոցները, սեփականության իրավունքով պատկանում են Հիմնադրին։

Կանոնադրության 4.2 կետի համաձայն՝ «Մասնաճյուղի ընթացիկ գործունեության կառավարումն իրականացնում է նրա տնօրենը, որը գործում է սույն կանոնադրության և Հիմնադրի կողմից տրված լիազորագրի հիման վրա»։

Կանոնադրության 4.5 կետի համաձայն՝ «Մասնաճյուղի տնօրենն իր իրավասության սահմաններում՝ կազմակերպում է Մասնաճյուղի գործունեությունը, (…), իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ։ (…)»։

Դատարանի 24.01.2025 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ՝

- «Մասնաճյուղերը ինքնուրույն իրավաբանական անձինք չեն, այլ նրանք առանձնացված ստորաբաժանումներ են, որոնք գլխավոր իրավաբանական անձի ծավալած գործունեության շրջանակներում և վերջինիս ընդհանուր ղեկավարման ներքո իրավաբանական անձի գտնվելու հիմնական վայրից դուրս ներկայացնում են իրավաբանական անձի շահերը, իրականացնում դրանց պաշտպանությունը, ամբողջությամբ կամ մասնակի կատարում հիմնադիր իրավաբանական անձի գործառույթները մասնաճյուղի տեղակայման վայրում՝ որպես ուղենիշային ցուցիչ ունենալով հիմնադիր իրավաբանական անձի հետապնդած նպատակները և որդեգրած սկզբունքները։

Քաղաքացիադատավարական հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ են որոշակի նախադրյալներ՝ հիմքեր, որոնց համակցությունն ապահովում է համապատասխանաբար ակնկալվող դատավարական հետևանքների առաջացումը։ Ի թիվս քաղաքացիադատավարական նորմերի և իրավաբանական փաստերի՝ այդպիսին է իրավահարաբերության մասնակիցների քաղաքացիադատավարական իրավունակությունը, որը դատավարական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունն է։

Վերոնշյալ երեք նախադրյալների համագոյակցությունն է քաղաքացիադատավարական հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հենքը, որոնցից մեկի բացակայությունը խոչընդոտում է դատավարական հարաբերությունների ծագմանը, բնականոն ընթացքին կամ ակնկալվող իրավական հետևանքների վրա հասնելուն։

Թե՛ հայցվորի և թե՛ պատասխանողի բնորոշման օրենսդրական ձևակերպումներից հետևում է, որ այդպիսի կարգավիճակով հանդես կարող է գալ անձը՝ ֆիզիկական կամ իրավաբանական։ Այսինքն, որպեսզի անձը օժտվի դատավարական իրավունակությամբ, վերջինս պետք է օժտված լինի քաղաքացիական իրավունքի ինքնուրույն սուբյեկտի կարգավիճակով։ Այլ կերպ ասած՝ քաղաքացիաիրավական իրավունակություն չունեցողը չի կարող ունենալ քաղաքացիադատավարական իրավունակություն»,

- «Վերոշարադրյալի համադրված վերլուծությունից բխում է, որ մասնաճյուղերը, հանդես գալով իրավաբանական անձանց մաս և չունենալով ինքնուրույն իրավաբանական անձի կարգավիճակ, չունեն քաղաքացիադատավարական իրավունակություն, հետևաբար, վերջիններիս մասնակցությամբ նախաձեռնված քաղաքացիական դատավարությունը ի սկզբանե արատով է, քանի որ բացակայում է քաղաքացիադատավարական հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ նախադրյալներից իրավահարաբերության մասնակցի քաղաքացիադատավարական իրավունակությունը։ Իսկ եթե դատարանում քննության ենթակա վիճելի իրավահարաբերության մասնակիցներից մեկը օժտված չէ դատավարական իրավունակությամբ, ապա այդ փաստն ինքնին բացառում է գործի քննությունը քաղաքացիական դատավարության կարգով։ (…), երբ գործի վարույթի նախաձեռնողը վարույթի հարուցման նախասկզբնական փուլից սկսած չի ունեցել դատավարական իրավունակություն, քաղաքացիական դատավարությունը դառնում է առարկայազուրկ չկա վեճ պատշաճ սուբյեկտների միջև։ Այսինքն, եթե իրավական իմաստով չկա այն սուբյեկտը, որի անունից տարվում է քաղաքացիական դատավարությունը, ապա չկա նաև այն գործը, որը ենթակա կլինի քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա, այնպես ինչպես չի կարող լինել քաղաքացիական դատավարություն հանգուցյալների կամ սաղմերի կամ իրավաբանական անձի բաժնի մասնակցությամբ»,

- «(…) սույն դեպքում Դատարան հայց է ներկայացվել «Սինոհիդրո Քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից, մինչդեռ ինչպես բխում է նրա նկատմամբ կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանոնակարգումներից, Կանոնադրության 1.5-րդ կետից Սինոհիդրո Քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղը ինքնուրույն կազմակերպություն չէ, իրավաբանական անձ չէ, ձեռք չի բերում իրավաբանական անձի իրավունքներ, քաղաքացիական շրջանառության մեջ հանդես է գալիս իրեն ստեղծած իրավաբանական անձի՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունից, իսկ մասնաճյուղի իրավաբանական գործողությունները իրավունքներ և պարտավորություններ են ստեղծում հիմնադրի համար։ Այսինքն՝ մասնաճյուղի կատարած գործողությունների առումով իրավունք կրողը հիմնական իրավաբանական անձն է Սինոհիդրո Քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որն էլ սույն գործով որպես հայցվոր հանդես չի գալիս»,

- «Վերոգրյալից ստացվում է, որ հայցը ներկայացվել է, որի հիման վրա էլ քաղաքացիական գործի վարույթը հարուցվել և տարվել է մի սուբյեկտի անունից, ով քաղաքացիադատավարական իրավունակությամբ օժտված չէ, և չունի քաղաքացիական իրավունքի ինքնուրույն սուբյեկտի կարգավիճակ։

Հայցադիմումը ստորագրած ներկայացուցիչներին լիազորագիրը տվել է մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավարը՝ որպես «Սինոհիդրո Քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման ղեկավար։

Վերաքննիչ դատարանը կարևորում է ընդգծել, որ չի բացառում մասնաճյուղի կողմից դատավարական ներկայացուցչության իրականացումը, սակայն տվյալ դեպքում գործով հայցվոր կարող է հանդես գալ մասնաճյուղը ստեղծած իրավաբանական անձը։ Այսինքն, տվյալ իրավիճակում ևս գործը տարվելու է և կողմ է հանդիսանալու իրավաբանական անձը, իսկ մասնաճյուղը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է նրան ներկայացնել»,

- «(…) Կանոնադրության նորմերի ուսումնասիրությունից հետևում է, որ մասնաճյուղը ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու լիազորությամբ օժտված չէ, իսկ մասնաճյուղի իրավաբանական գործողությունները հիմնադրի համար են ստեղծում իրավունքներ և պարտավորություններ։ Նշյալը նույնպես հնարավորություն է տալիս հանգել այն եզրակացության, որ մասնաճյուղը քաղաքացիական իրավահարաբերությունների ինքնուրույն և անկախ սուբյեկտ չէ, այլ լոկ իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում է՝ որոշակի նպատակներով և կատարման ենթակա որոշակի գործառույթներով։ Եվ եթե իր գործողություններով իրավունքներ ու պարտականություն է առաջացնում իրավաբանական անձի համար, ապա ենթադրյալ խախտված իրավունքների և օրինական շահերի պաշտպանության պատշաճ իրավատերը ևս այդ իրավաբանական անձն է, ով իր իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացնել անձամբ կամ համապատասխան անձանց կամ մարմիններին պատվիրակելով դրանց պաշտպանությունը՝ միևնույն ժամանակ հանդիսանալով այն դատավարության կողմ, ում անունից տարվում է գործը, ում իրավունքներն ու օրինական շահերը անմիջականորեն շոշափվում են եզրափակիչ դատական ակտով, և ով դատավարական հակառակորդի նկատմամբ ունի հակադիր նյութաիրավական շահեր»,

- «Այսպիսով, վերոշարադրյալի լույսի ներքո հաշվի առնելով, որ գործի վարույթի կարճման հիմքի առկայությունը դատական ակտի անվերապահ բեկանման պարտադիր հիմք է՝ Վերաքննիչ դատարանը կարճում է սույն գործի վարույթը՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով»,

23.10.2025 թվականի որոշմամբ Դատարանի 24.01.2025 թվականի վճիռը բեկանել է և քաղաքացիական գործի վարույթը կարճել։

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենսդիրը, դատավարական իրավունակությամբ օժտելով միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետությանն ու համայնքներին, ինչպես նաև քաղաքացիական շրջանառությանն իրենց անունից մասնակցելու իրավասություն ունեցող հիմնարկներին, միևնույն ժամանակ սահմանել է իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումների՝ ներկայացուցչությունների ու մասնաճյուղերի քաղաքացիական շրջանառությանը մասնակցելու, իրենց ստեղծած իրավաբանական անձի շահերը ներկայացնելու և դրանց պաշտպանությունն իրականացնելու որոշակի կառուցակարգեր, որոնք պետք է հաշվի առնվեն նաև դատավարական գործընթացներում։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված այն իրողությունը, որ «մասնաճյուղը ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու լիազորությամբ օժտված չէ, իսկ մասնաճյուղի իրավաբանական գործողությունները հիմնադրի համար են ստեղծում իրավունքներ և պարտավորություններ», «մասնաճյուղը քաղաքացիական իրավահարաբերությունների ինքնուրույն և անկախ սուբյեկտ չէ, այլ լոկ իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում է», «իր գործողություններով իրավունքներ ու պարտականություն է առաջացնում իրավաբանական անձի համար», «ենթադրյալ խախտված իրավունքների և օրինական շահերի պաշտպանության պատշաճ իրավատերը ևս այդ իրավաբանական անձն է, ով իր իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացնել անձամբ կամ համապատասխան անձանց կամ մարմիններին պատվիրակելով դրանց պաշտպանությունը», բավարար հիմք չէ եզրահանգում կատարելու համար, որ Ընկերության մասնաճյուղն իրավասու չէր, Հայաստանի Հանրապետությունում իր շահերը ներկայացնելու (ներկայացուցչության գործառույթներն իրականացնելու) նպատակով իրեն հիմնադրած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավաբանական անձ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ի անունից, ի շահ վերջինիս և նրա իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմում ներկայացնել դատարան։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության մասնաճյուղի կանոնադրությամբ ուղղակիորեն նախատեսված է հիմնադրի շահերը Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացնելու (ներկայացուցչության գործառույթներ իրականացնելու)՝ Ընկերության մասնաճյուղի իրավասությունը, և, միևնույն ժամանակ, հաշվի չի առել այն իրողությունը, որ Ընկերության մասնաճյուղը, զրկված լինելով այլ կերպ, քան իրավաբանական անձի անունից և ի շահ իրավաբանական անձի քաղաքացիական շրջանառությանը մասնակցելու հնարավորությունից, ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունից բխող նյութաիրավական պահանջ, որը, իր հիմքում ունենալով իրավունքի մասին վեճ, մի կողմից, «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ի, ի դեմս նրա հայաստանյան մասնաճյուղի, մյուս կողմից՝ Բանկի և երրորդ անձ «ՍԹՈՈՒՆ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի միջև, չէր կարող հետապնդել այլ նպատակ, քան իր հիմնադիր հանդիսացող «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ի գույքային շահերի պաշտպանությունն է։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը երաշխավորում է այդ թվում օտարերկրյա իրավաբանական անձանց իրավունքը՝ դատական կարգով պահանջելու պայմանագրային պարտավորությունների կատարում՝ թե՛ անմիջականորեն, թե՛ իր ներկայացուցչության կամ մասնաճյուղի միջոցով հայցադիմում ներկայացնելու եղանակով։ Ընդ որում, ելնելով դատարանի մատչելիությունն ապահովելու սահմանադրական և կոնվենցիոն հրամայականից, նկատի ունենալով դատարանի մատչելիության իրավունքն արդարադատության իրականացմանը և դրա արդյունքների կենսագործմանը խոչընդոտող, դրա բուն էությունը խաթարող խիստ ձևական պահանջներով ծանրաբեռնելու անթույլատրելիությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած ձևական առումով սույն ներկայացված հայցադիմումում որպես հայցվոր նշված է դատավարական իրավունակությամբ չօժտված Ընկերության մասնաճյուղը և ներկայացված է պահանջվող գումարը հօգուտ Ընկերության մասնաճյուղի բռնագանձելու պահանջ, այդուհանդերձ, հաշվի առնելով այն, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացրած Ընկերության մասնաճյուղի կանոնադրությամբ նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավաբանական անձ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ի շահերը ներկայացնելու (ներկայացուցչության գործառույթներն իրականացնելու) մասնաճյուղի իրավասությունը, անկախ հայցադիմումում կիրառված ձևակերպումներից, այն պետք է դիտարկվի որպես համապատասխան իրավաբանական անձի անունից, ի շահ այդ իրավաբանական անձի և վերջինիս իրավունքների պաշտպանության նպատակով ներկայացված։ Համապատասխանաբար, նման հայցադիմումի ընդունումը չէր կարող մերժվել կամ գործի վարույթը կարճվել՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանն իր պատճառաբանությամբ, ըստ էության, դատարան դիմելու իրավունքի իրականացման որոշակի ընթացակարգային առանձնահատկությունը՝ հայցադիմումում հայցվորի անվանումը նշելու օրենսդրական պահանջը չպահպանելու փաստը մեկնաբանել է որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման, այն է՝ գործի վարույթը կարճելու համապատասխան հիմքի առկայության հիմնավորում՝ դատարան դիմած անձին փաստացի ծանրաբեռնելով ավելորդ ձևական պահանջներով և գործի վարույթը կարճելու հետևանքով նրա համար առաջացնելով էական անբարենպաստ դատավարական և նյութաիրավական հետևանքներ ու ռիսկեր (նույնական հայցով կրկին դատարան դիմելու արգելք, տվյալ պահանջը ներկայացնելու համար սահմանված հայցային վաղեմության ժամկետների հնարավոր ավարտ և այլն)։

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու ու այդ հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնավոր չեն: Դրանց արդյունքում թույլ է տրվել առնվազն Սահմանադրության 61-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ու 380‑րդ հոդվածի 6-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում է նաև վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3‑րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 23.10.2025 թվականի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանն ըստ էության քննության առարկա չի դարձրել Դատարանի 24.01.2025 թվականի վճռի դեմ գործով երրորդ անձ «ՍԹՈՈՒՆ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 23.10.2025 թվականի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան