ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԳԴ/3251/02/23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (17.06.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.09.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.06.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/3251/02/23

2026 թ.  

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/3251/02/23

Նախագահող դատավոր՝  Ս. Մատինյան

Դատավորներ՝

 Ն. Կարապետյան

 Մ Հարթենյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2026 թվականի հունիսի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29112024 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի հայցի ընդդեմ Հասմիկ Ավագյանի, երրորդ անձինք Արայիկ Սմբատյանի, Աննա և Արարատ Ավագյանների՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձելու տարածելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը 

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Հասմիկ, Աննա և Արարատ Ավագյանների ու  Արայիկ Սմբատյանի ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող *******1 համայնքի թիվ *******2 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով անշարժ գույքի նկատմամբ սահմանել վերջիններիս բաժնային սեփականությունը՝ հավասար բաժիններով և առանձնացնել Հասմիկ Ավագյանի բաժնեմասը, իսկ բաժնեմասն առանձնացնելու անհնարինության դեպքում վերը նշված անշարժ գույքը վաճառել հրապարակային սակարկություններով և վաճառքից ստացվող գումարները բաշխել Հասմիկ Ավագյանի ու  Արայիկ Սմբատյանի, Աննա և Արարատ Ավագյանների բաժիններին համապատասխան՝ իր նկատմամբ պարտքի բռնագանձումը տարածելով Հասմիկ Ավագյանի բաժնի գումարի վրա։

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 18.04.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.11.2024 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 18.04.2024 վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Տարոն Սիմոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 60-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 12-րդ, 303-րդ և 379-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, մասնավորապես իր վերաքննիչ բողոքը վերաբերել է նաև այն իրավական խնդրին, որ Դատարանը ոչ իրավաչափ է կիրառել արագացված դատաքննություն։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տնօրինչականության սկզբունքից բխում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ինքն է իր հայեցողությամբ իրականացնում իր դատավարական իրավունքները, տնօրինում դատական պաշտպանության միջոցները և եղանակները, այդ թվում ինքն է որոշում՝ ում դեմ պահանջ ներկայացնել դատարան։ Ինչ վերաբերում է երրորդ անձանց, ապա քաղաքացիական դատավարությունը վերջիններիս ընձեռել է ինքնուրույն պահանջ ներկայացնելու իրավունք, և երրորդ անձն է այն միակ սուբյեկտը, ով կարող է որոշել՝ իր իրավունքներից և օրինական շահերից բխու՞մ է արդյոք տվյալ գործով ինքնուրույն պահանջ ներկայացնելը, թե՝ ոչ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքն իր նյութաիրավական պահանջը ներկայացրել է միայն Հասմիկ Ավագյանի դեմ, քանի որ իր հետ իրավահարաբերություններում որպես պարտապան հանդես է եկել միայն նա:

Տվյալ դեպքում հասկանալի չէ, թե Վերաքննիչ դատարանը գործում առկա որ ապացույցի հետազոտման արդյունքում է եզրահանգել, որ հայցը բավարարելու պայմաններում դատական ակտն անկատար է մնալու, քանի որ կատարողական վարույթը փակուղու առաջ է կանգնելու:

Բացի այդ, թիվ ԳԴ/1858/02/23 քաղաքացիական գործով 04.10.2024 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ և 303-րդ հոդվածները կիրառվել են բողոքարկվող որոշման մեջ նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.11.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) թիվ ԳԴ/2876/02/22 քաղաքացիական գործով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 06.10.2022 թվականին վճռել է. «1. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերության ընդդեմ Հասմիկ Ռազմիկի Ավագյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը բավարարել: 2. Հասմիկ Ռազմիկի Ավագյանից հօգուտ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերության բռնագանձել 153.179 ՀՀ դրամ պարտքի և 3.860 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար։ 3. Հասմիկ Ռազմիկի Ավագյանից հօգուտ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերության բռնագանձել սկսած 31.05.2022թ. պարտքի՝ 143.896 ՀՀ դրամ գումարի վրա օրական 0.13 տոկոսի չափով հաշվարկվող տույժի գումարներ մինչև այդ գումարի փաստացի մարումը, բայց ոչ ավելի քան տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը։ 4. Հասմիկ Ռազմիկի Ավագյանից հօգուտ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերության բռնագանձել սկսած 31.05.2022թ. մինչև պարտավորության փաստացի մարումը, բայց ոչ ավելի 301 օրից, ամսական 4.000 ՀՀ դրամ, որպես հաշվի սպասարկման ամսական վճար»:

Վերը նշված վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ «datalex.am» դատական տեղեկատվական համակարգ).

2) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԳԴ/2876/02/22 քաղաքացիական գործով 06.10.2022 թվականին կայացված վճռի հիման վրա 23.12.2022 թվականին տրամադրվել է կատարողական թերթ, թիվ 09891654 կատարողական վարույթով արգելանք է դրվել Հասմիկ Ավագյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ *******3  անշարժ գույքի վրա, և Բանկին առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն՝ դիմել դատարան պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով (հատոր 1-ին, գ. թ. 12).

3) «Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ *******4 վկայականի համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Հասմիկ և Աննա Ավագյանների ու Արայիկ և Արարատ Սմբատյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ. թ. 14-19).

4) սույն գործով Բանկը, ղեկավարվելով նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածներով, հայց է ներկայացրել դատարան ընդդեմ պարտապան Հասմիկ Ավագյանի՝ որպես պատասխանողի, ինչպես նաև՝ ընդհանուր սեփականության մասնակիցներ Աննա և Արարատ Ավագյանների ու Արայիկ Սմբատյանի՝ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց՝ ըստ էության, պահանջելով ընդհանուր գույքից առանձնացնել պարտապան Հասմիկ Ավագյանի բաժինը` դրա վրա բռնագանձում տարածելու համար, իսկ այն առանձնացնելու անհնարինության դեպքում նշված գույքը վաճառել հրապարակային սակարկություններով, բռնագանձում տարածել վաճառքից առաջացած՝ Հասմիկ Ավագյանին հասանելիք գումարի վրա, իսկ մնացած գումարը բաշխել ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների միջև։

Նշված հայցադիմումը Դատարանի 25.12.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ և նախնական դատական նիստ է նշանակվել 06.02.2024 թվականին (հատոր 1-ին, գ. թ. 3-8, 48).

5) Դատարանը, 06.02.2024 թվականին նշանակված նախնական դատական նիստում որոշում կայացնելով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին, դրանում արձանագրել է նաև, որ՝

- «Նախնական դատական նիստերին Ընկերությունը չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը՝ միջնորդելով գործը քննել հայցվոր կողմի բացակայությամբ, ներկայացված նյութերի հիման վրա: Արդյունքում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ գործին մասնակցող անձանց կազմի հարցի քննության ժամանակ Դատարանը հնարավորություն չի ունեցել այս հարցը քննարկել կողմերի, մասնավորապես՝ հայցվոր կողմի հետ, և քանի որ հայցն այս կամ այն անձի դեմ հարուցելը՝ հայցվորի տնօրինչականության սկզբունքի համատեքստում իրացվող իրավունքն է, որն իրականացվում է առանց դատական հայեցողության կամ այլ ձևով միջամտության, ուստի Դատարանն իրավասու չէր ընդհատել դատական նիստը սույն հարցի քննարկման նպատակով» հիմք՝ 06.02.2024 թվականի դատական նիստի համակարգչային արձանագրության համառոտագրումը, էլեկտրոնային կրիչը (հատոր 1-ին, գ. թ. 68-70),

6) Դատարանը 06.02.2024 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ արձանագրել է հետևյալը

- «գործով հրավիրված առաջին նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը պարզել է, որ Ընկերության կողմից հայցը ներկայացվել է բացառապես Հասմիկ Ռազմիկի Ավագյանի դեմ, իսկ ընդդեմ գույքի մյուս սեփականատերերի, ովքեր չեն հանդիսացել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա գումարի բռնագանձման մասին կատարողական թերթով պարտապաններ, հայց ներկայացված չէ, և վերջիններս գործով հանդես են գալիս միայն երրորդ անձանց կարգավիճակով»,

- «Դատարանը գործին մասնակցող անձանց ուշադրությունն է հրավիրում դատավարական առումով էական ներքոհիշյալ հարցադրումների վրա՝ ակնկալելով լսել կողմերի կարծիքները գործի ելքի վրա ազդեցություն ունեցող և էական համարվող հետևյալ իրավական հարցադրումների վերաբերյալ:

Դրանք են.

- Արդյո՞ք բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասի առանձնացման մասին, և առհասարակ որևէ գործ, որտեղ քննվում է սեփականության իրավունքի պաշտպանության որևէ պահանջ, կարող է քննվել առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց (պահանջ) ներկայացնելու,

- Արդյո՞ք նման պահանջների մասին հայցերով առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հնարավորություն ունենալու սեփականատերերը կարող են զրկվել իր սեփական գույքից,

- Արդյո՞ք նման պահանջների մասին հայցերը կարող են բավարարվել՝ առանց գույքի սեփականատերերի դեմ հայց կամ պահանջ ներկայացնելու (պահանջը կարող է ներկայացվել կամ Օրենսգրքի 170-րդ հոդվածի կարգով՝ հայցի առարկան լրացնելով, կամ Օրենսգրքի 173-րդ հոդվածի կարգով՝ նույն պահանջը նոր պատասխանողի դեմ ուղղելով):

- Արդյո՞ք նման պայմաններում հայցի բավարարման մասին հնարավոր վճիռը կարող է կատարվել հարկադիր կարգով» (հատոր 1-ին, գ. թ. 71-73).

7) Դատարանը, 18.03.2024 թվականի «Արագացված դատաքննություն կիրառելու մասին» որոշմամբ արձանագրելով, որ՝

- «Սույն գործի առանձնահատկությունների հիման վրա Դատարանն անհրաժեշտ է համարում պատասխանել հետևյալ իրավական հարցադրմանը՝ Արդյո՞ք որևէ գործ, որտեղ քննվում է սեփականության իրավունքի պաշտպանության որևէ պահանջ, և մասնավորապես բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասի առանձնացման պահանջով, կարող է քննվել առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց (պահանջ) ներկայացնելու, և նման պահանջների մասին հայցերով սեփականատերերը կարող են զրկվել իր սեփական գույքից առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հնարավորություն ունենալու»:

- «Ընդ որում, գործի քննության ընթացքում Դատարանը քննարկել է այս հարցը, սակայն օրենքով սահմանված կարգով վեճի առարկայի նկատմամբ անձանց գործով պատասխանողներ ներգրավելու մասին գրավոր միջնորդություն Դատարան չի ներկայացվել, իսկ Դատարանը չունի լիազորություն իր նախաձեռնությամբ նրանց կարգավիճակը փոխելու, հակառակ դեպքում կխախտվեր կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքը»,

- «Դատարանն արձանագրում է, որ չի կարող հրապարակային սակարկություններով վաճառվել այն բնակարանը, որի համասեփականատերերը զրկվելու են սեփականության իրավունքից՝ ոչ իրենց դեմ ներկայացված հայցի քննության արդյունքներով, այսինքն՝ այդ սեփականատերերի մասով, սեփականությունից զրկելը տեղի է ունենալու ոչ դատական կարգով, ուստիև քանի դեռ դատավարական առումով Հայցվորի կողմից ներկայացված հայցային պահանջները չի ներկայացվել բոլոր սեփականատերերի, տվյալ դեպքում՝ նաև Երրորդ անձանց դեմ, բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու և բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու մասին վճիռ կայացվել չի կարող»,

- «Դատարանը գտնում է, որ առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց ներկայացնելու, ըստ այդմ՝ առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հնարավորություն ունենալու Երրորդ անձինք չեն կարող զրկվել իրենց սեփական գույքից, քանի որ դա կհանգեցնի վերջիններիս Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման, մասնավորապես, բավարարելով հայցը և թույլատրելով բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելը՝ կդադարի բնակարանի մասով ինչպես պարտապանի, այնպես էլ մյուս սեփականատերերի սեփականության իրավունքը՝ առանց վերջիններիս դեմ ներկայացված հայցի, ինչն էլ անթույլատրելի է»,

- «Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրում է, որ անգամ հայցի բավարարման մասին վճիռ կայացվելու դեպքում՝ այն երրորդ անձանց մասով չէր կարող ենթարկվել հարկադիր կատարման, քանի որ կատարողական թերթով պարտապան կարող են հանդես գալ ընդհանուր գույքի այն սեփականատերերը, որոնց դեմ հայց է ներկայացվել և կայացվել է այն բավարարելու մասին վճիռ: Դատարանի դիրքորոշումը, փաստորեն, բխում է նաև իրավական որոշակիության և դատական ակտի կատարման պարտադիրության սկզբունքներից:

Վերը նշված վերլուծությունների հիման վրա սույն գործով իրավահարաբերությունների առանձնահատկությունների հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ և 197-րդ հոդվածների կիրառման շրջանակներում, հաշվի առնելով դրա շրջանակներում քննարկվող իրավունքների և պարտականությունների բնույթը, այն պահանջը, որը ներկայացվել է, նյութաիրավական տեսանկյունից դրա շրջանակներում որպես պարտապան և համասեփականատեր հանդիսացող անձանց իրավունքների և պարտականությունների նույնաբնույթ լինելը և նույն հիմքն ունենալը, նշված հայցի հիմնավորվածության և բավարարման համար էական է գործով բոլոր համասեփականատերերի որպես պատասխանող ներգրավված լինելու հանգամանքը, հակառակ դեպքում հայցը չի կարող բավարարվել՝ անկախ գործով նյութաիրավական նորմերից բխող և նշանակություն ունեցող փաստերի հիմնավորման հանգամանքից»,

- «Քանի որ սույն գործով գույքի բոլոր սեփականատերերը ներգրավված չեն որպես պատասխանողներ, այդպիսի միջնորդություն չի ներկայացվել նաև Հայցվորի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի հիման վրա, Դատարանը գտնում է, որ պարտավորության տվյալ փուլում, առկա է բավարար հիմք հայցի ակնհայտ անհիմն լինելու մասին եզրահանգում կատարելու համար, բացի այդ, հայցի ակնհայտ անհիմն լինելու մասին եզրահանգում կատարելու համար, բացի այդ, հայցի՝ ներկայացված պատճառաբանություններով ակնհայտ անհիմն լինելու մասին Դատարանի եզրահանգումը որևէ ողջամիտ հակափաստարկի կամ առարկության միջոցով կասկածի տակ չի կարող դրվել, հետևաբար այսքանով հանդերձ՝ Դատարանը գտնում է, որ հայցը ակնհայտ անհիմն լինելու մասին վերոնշյալ հիմնավորումների ու հիմքերի համակցությունը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ հայցի բավարարման ենթակա չլինելը կամ անհիմն լինելն ակնհայտ է: Հետևաբար առկա է բավարար հիմք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի ուժով կիրառելու արագացված դատաքննության կարգ, ինչը բխում է դատական արդյունավետ պաշտպանության իրավունքն ապահովելու անհրաժեշտությունից, համահունչ է գործը ողջամիտ ժամկետում քննելու և դատավարության մրցակցային սկզբունքներին, ինչպես նաև խնայում է դատավարական ռեսուրսները»,

ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, որոշում է կայացրել արագացված դատաքննություն կիրառելու մասին, և 18.04.2024 թվականին վճիռ է կայացրել Բանկի հայցը մերժելու մասին (հատոր 1-ին, գ. թ. 98‑102, 118-125

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12‑րդ հոդվածի և մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԳԴ/1858/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նշված նորմը կիրառվել է բողոքարկվող դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3‑րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ ու 303-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ՝

1 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացվող հայցապահանջի շրջանակներում դատավարության մասնակիցների կազմին,

2 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցապահանջում ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք ներգրավված լինելու կապակցությամբ մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված հիմքով արագացված դատաքննություն կիրառելու իրավաչափությանը։

 

1 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական դատավարության մասնակիցներն են (…)` գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են`

1) կողմերը.

2) երրորդ անձինք.

(…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի քննության ընթացքում պատասխանողի փոխարինումը կամ նոր պատասխանողի ներգրավումը կատարվում է նույն օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ նույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե գործին մասնակցող անձը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն ազդելու է որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել տվյալ անձին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողի անունը (անվանումը), (…):

Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, մինչև նախնական դատական նիստի ավարտը պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով:

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը, գտնելով, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով, մինչև նախնական դատական նիստի ավարտը կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել այդ անձանց որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ գրավոր միջնորդություն:

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ (…) առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե հայցն ակնհայտ անհիմն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ Հակոբ Իսրայելյանի, վեճի- առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Գյորգի, Դուխիկ և Նունե Իսրայելյանների ու Մարիետա Կարապետյանի թիվ ԳԴ/6116/02/23 քաղաքացիական գործով 29082025 թվականին կայացրած որոշմամբ արձանագրել է, որ նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է նաև, որ քաղաքացիական դատավարության մասնակիցներ են նաև կողմերը, այդ թվում՝ պատասխանողը, ինչպես նաև երրորդ անձինք։ Ընդ որում, պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով անձին որպես պատասխանող գործին ներգրավելու համար պարտադիր պայման է նրա դեմ հայցը ներկայացնելը, այն է՝ նյութաիրավական պահանջ ուղղելը։ Պատասխանողի փոխարինումը կամ նոր պատասխանողի ներգրավումը կարող է կատարվել բացառապես նույն օրենսգրքով սահմանված կարգով:

Իր հերթին վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը: Միևնույն ժամանակ օրենսդիրը, բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել երրորդ անձանց իրավունքների և պարտականությունների վրա, դատարանի համար պարտականություն է սահմանել տվյալ անձանց ծանուցելու որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու՝ նրանց իրավունքի ու դրա իրականացման կարգի վերաբերյալ: Իրավունքի իրացման տեսքով համանման հնարավորություն օրենսդիրը սահմանել է նաև գործին մասնակցող անձանց համար, բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել երրորդ անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ներկայացնել վերջիններիս որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով անձին դատարանի կողմից կամ գործին մասնակցող անձի միջնորդության հիման վրա որոշակի պայմաններում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ գործին ներգրավելու համար պարտադիր պայման է գործով կայացվող վճիռը կողմերից մեկի հանդեպ նրա ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա անխուսափելիորեն ազդելը։

Դրանից ելնելով՝ օրենսդիրը հայցադիմումում՝ որպես դրա բովանդակությանն առաջադրվող պարտադիր պահանջ, նախատեսել է պատասխանողի անունը (անվանումը) նշելը, ինչպես նաև՝ հայցադիմումում որպես պատասխանող նշված անձին նյութաիրավական պահանջ (պահանջներ) ուղղելը։

Միևնույն ժամանակ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանել է պատասխանողի փոխարինման և նոր պատասխանողի ներգրավելու համապատասխան կարգավորումներ՝ որպես նախնական դատական նիստի ընթացքում դատարանի կողմից կատարվող դատավարական գործողություն նախատեսելով պարզելը, թե արդյո՞ք հայցը հարուցվել է այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, որպեսզի հակառակ դեպքում հայցվորի համաձայնությամբ թույլ տա, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով, ինչպես նաև՝ անձին որպես նոր պատասխանող ներգրավելը, եթե հայցվորը գտնի, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով։ Այսինքն՝ նշված երկու դեպքում էլ օրենսդիրը որպես պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ նոր պատասխանող ներգրավելու համար, ըստ էության, պարտադիր պայման է նախատեսել հայցվորի համաձայնության առկայությունը։

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը,  անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով պարտատիրոջ կողմից ներկայացվող հայցապահանջով դատավարության մասնակիցների կազմին, նշված հոդվածի և 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ու  41-րդ հոդվածի 1-ին մասի 41-ին կետի համակարգային վերլուծության արդյունքում  իրավական դիրքորոշում է հայտնել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածում օրենսդիրը, օգտագործելով «պարտատեր» եզրույթը, ի նկատի է ունեցել 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի իմաստով պահանջատիրոջը, իսկ օգտագործելով «պարտապան» եզրույթը՝ նույն օրենքի 7-րդ հոդվածի իմաստով այն պարտապանին, որը կատարողական թերթի համաձայն՝ պարտավոր էր կատարել որոշակի գործողություններ, և որին ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմաս առանձնացնելու պահանջ ներկայացնելու առաջարկություն է արել հարկադիր կատարողը։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն՝ պարտատերը ներկայացնում է հենց այդ պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ։ Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված հայցապահանջը ներկայացնելիս դրանում բացառապես որպես հայցվոր կարող է նշվել 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի իմաստով պահանջատեր հանդիսացող պարտատերը, իսկ որպես պատասխանող՝ նույն օրենքի 7-րդ հոդվածի իմաստով այն պարտապանը, որը կատարողական թերթի համաձայն՝ պարտավոր էր հօգուտ պարտատիրոջ կատարել որոշակի գործողություններ, և որին ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմաս առանձնացնելու պահանջ է ներկայացրել պարտատերը։

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման հայցապահանջներով գործին պարտադիր ներգրավման են ենթակա անշարժ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները։ Ընդ որում, վերջիններս նման հայցապահանջով գործին կարող են ներգրավվել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք, քանի որ նրանց կողմից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու դեմ առարկելու, այն շուկայական գնով գնելու կամ այդ բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու իրավունքներ ունենալու պայմաններում գործով կայացվող վճիռը կարող է անխուսափելիորեն ազդել նրանց իրավունքների և պարտականությունների վրա նաև այնքանով, որքանով կարող է ազդել գործին մասնակցող անձանցից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ հանգեցնել նման իրավունքների ու պարտականությունների ծագմանը։

 

2 Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ (…) առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե հայցն ակնհայտ անհիմն է:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն՝

«8) հայցն ակնհայտ անհիմն է, եթե դրանում ձևակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (ակնհայտորեն ենթակա է մերժման՝ անկախ դրա հիմքում դրված փաստերից) կամ հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման կամ ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից կամ ոչ պատշաճ պատասխանողի դեմ (այսուհետ՝ ակնհայտ անհիմն հայց)»:

ՀՀ վճռաբեկ դատարանը վերոգրյալ նորմերի վերլուծության հիման վրա նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով դատարանին իրավունք է վերապահել արագացված դատաքննություն կիրառելու այն դեպքում, երբ հայցն ակնհայտ անհիմն է: Դրանից հետո օրենսդիրը, նպատակ ունենալով որոշակիորեն բնութագրելու հայցի ակնհայտ անհիմն լինելու հատկանիշը, որպես այդպիսի հատկանիշներ սահմանել է ստորև նշվածներից որևէ մեկը՝

- դրանում ձևակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (ակնհայտորեն ենթակա է մերժման՝ անկախ դրա հիմքում դրված փաստերից) կամ հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման,

- հայցը ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից,

- հայցը ներկայացվել է ոչ պատշաճ պատասխանողի դեմ։

Արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով հայցը բնութագրվել է որպես ակնհայտ անհիմն նաև այն պատճառաբանությամբ, երբ այն ներկայացվել է ոչ պատշաճ պատասխանողի դեմ։ Ընդ որում, վերը նշված նորմի վերլուծությունից բխում է, որ այն հայցն ակնհայտ անհիմն չի բնութագրում այն դեպքերում, երբ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ տե՛ս «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ Հակոբ Իսրայելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Գյորգի, Դուխիկ և Նունե Իսրայելյանների ու Մարիետա Կարապետյանի թիվ ԳԴ/6116/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29082025 թվականի որոշումը)։

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԳԴ/2876/02/22 քաղաքացիական գործով 06.10.2022 թվականին կայացված վճռի հիման վրա 22.12.2022 թվականին տրամադրվել է կատարողական թերթ, թիվ 09891654 կատարողական վարույթով արգելանք է դրվել Հասմիկ Ավագյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող *******5 անշարժ գույքի վրա, և առաջարկվել է Բանկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով։

Բանկը, ղեկավարվելով նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով, որպես պարտատեր, հայց է ներկայացրել (նյութաիրավական պահանջ է ուղղել) Դատարան ընդդեմ պարտապան Հասմիկ Ավագյանի՝ պահանջելով բռնագանձում տարածել ընդհանուր գույքում վերջինիս պատկանող բաժնի վրա։ Նույն հայցադիմումում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք են նշվել նույն գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության մասնակիցներ Աննա և Արարատ Ավագյաններն ու Արայիկ Սմբատյանը։

«Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ 2297825 վկայականի համաձայն՝ *******6 անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Հասմիկ և Աննա Ավագյանների ու Արայիկ և Արարատ Սմբատյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը։

Սույն քաղաքացիական գործով 06.02.2024 թվականին նշանակված նախնական դատական նիստում Դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին՝ դրանում արձանագրելով նաև, որ՝

- «գործով հրավիրված առաջին նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը պարզել է որ Ընկերության կողմից հայցը ներկայացվել է բացառապես Հասմիկ Ռազմիկի Ավագյանի դեմ, իսկ ընդդեմ գույքի մյուս սեփականատերերի, ովքեր չեն հանդիսացել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա գումարի բռնագանձման մասին կատարողական թերթով պարտապաններ, հայց ներկայացված չէ, և վերջիններս գործով հանդես են գալիս միայն երրորդ անձանց կարգավիճակով»,

- «Դատարանը գործին մասնակցող անձանց ուշադրությունն է հրավիրում դատավարական առումով էական ներքոհիշյալ հարցադրումների վրա՝ ակնկալելով լսել կողմերի կարծիքները գործի ելքի վրա ազդեցություն ունեցող և էական համարվող հետևյալ իրավական հարցադրումների վերաբերյալ:

Դրանք են.

- Արդյո՞ք բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասի առանձնացման մասին, և առհասարակ որևէ գործ, որտեղ քննվում է սեփականության իրավունքի պաշտպանության որևէ պահանջ, կարող է քննվել առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց (պահանջ) ներկայացնելու,

- Արդյո՞ք նման պահանջների մասին հայցերով առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հնարավորություն ունենալու սեփականատերերը կարող են զրկվել իրենց սեփական գույքից,

- Արդյո՞ք նման պահանջների մասին հայցերը կարող են բավարարվել՝ առանց գույքի սեփականատերերի դեմ հայց կամ պահանջ ներկայացնելու (պահանջը կարող է ներկայացվել կամ Օրենսգրքի 170-րդ հոդվածի կարգով՝ հայցի առարկան լրացնելով, կամ Օրենսգրքի 173-րդ հոդվածի կարգով՝ նույն պահանջը նոր պատասխանողի դեմ ուղղելով):

- Արդյո՞ք նման պայմաններում հայցի բավարարման մասին հնարավոր վճիռը կարող է կատարվել հարկադիր կարգով»

Դատարանը, 18.03.2024 թվականին նշանակված նախնական դատական նիստում արձանագրելով նաև, որ՝

- «Սույն գործի առանձնահատկությունների հիման վրա Դատարանն անհրաժեշտ է համարում պատասխանել հետևյալ իրավական հարցադրմանը՝ Արդյո՞ք որևէ գործ, որտեղ քննվում է սեփականության իրավունքի պաշտպանության որևէ պահանջ, և մասնավորապես բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասի առանձնացման պահանջով, կարող է քննվել առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց (պահանջ) ներկայացնելու, և նման պահանջների մասին հայցերով սեփականատերերը կարող են զրկվել իրենց սեփական գույքից առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հնարավորություն:

- «Ընդ որում, գործի քննության ընթացքում Դատարանը քննարկել է այս հարցը, սակայն օրենքով սահմանված կարգով վեճի առարկայի նկատմամբ անձանց գործով պատասխանողներ ներգրավելու մասին գրավոր միջնորդություն Դատարան չի ներկայացվել, իսկ Դատարանը չունի լիազորություն իր նախաձեռնությամբ նրանց կարգավիճակը փոխելու, հակառակ դեպքում կխախտվեր կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքը»,

- «Դատարանն արձանագրում է, որ չի կարող հրապարակային սակարկություններով վաճառվել այն բնակարանը, որի համասեփականատերերը զրկվելու են սեփականության իրավունքից՝ ոչ իրենց դեմ ներկայացված հայցի քննության արդյունքներով, այսինքն՝ այդ սեփականատերերի մասով, սեփականությունից զրկվելը տեղի է ունենալու ոչ դատական կարգով, ուստիև քանի դեռ դատավարական առումով Հայցվորի կողմից ներկայացված հայցային պահանջները չեն ներկայացվել բոլոր սեփականատերերի, տվյալ դեպքում՝ նաև Երրորդ անձանց դեմ, բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու և բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու մասին վճիռ կայացվել չի կարող»,

- «Դատարանը գտնում է, որ առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց ներկայացնելու, ըստ այդմ՝ առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հնարավորություն ունենալու Երրորդ անձինք չեն կարող զրկվել իրենց սեփական գույքից, քանի որ դա կհանգեցնի վերջիններիս Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման, մասնավորապես, բավարարելով հայցը և թույլատրելով բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելը՝ կդադարի բնակարանի մասով ինչպես պարտապանի, այնպես էլ մյուս սեփականատերերի սեփականության իրավունքը՝ առանց վերջիններիս դեմ ներկայացված հայցի, ինչն էլ անթույլատրելի է»,

- «Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրում է, որ անգամ հայցի բավարարման մասին վճիռ կայացվելու դեպքում՝ այն երրորդ անձանց մասով չէր կարող ենթարկվել հարկադիր կատարման, քանի որ կատարողական թերթով պարտապան կարող են հանդես գալ ընդհանուր գույքի այն սեփականատերերը, որոնց դեմ հայց է ներկայացվել և կայացվել է այն բավարարելու մասին վճիռ: Դատարանի դիրքորոշումը, փաստորեն, բխում է նաև իրավական որոշակիության և դատական ակտի կատարման պարտադիրության սկզբունքներից:

Վերը նշված վերլուծությունների հիման վրա սույն գործով իրավահարաբերությունների առանձնահատկությունների հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ և 197-րդ հոդվածների կիրառման շրջանակներում, հաշվի առնելով դրա շրջանակներում քննարկվող իրավունքների և պարտականությունների բնույթը, այն պահանջը, որը ներկայացվել է, նյութաիրավական տեսանկյունից դրա շրջանակներում որպես պարտապան և համասեփականատեր հանդիսացող անձանց իրավունքների և պարտականությունների նույնաբնույթ լինելը և նույն հիմքն ունենալը, նշված հայցի հիմնավորվածության և բավարարման համար էական է գործով բոլոր համասեփականատերերի որպես պատասխանող ներգրավված լինելու հանգամանքը, հակառակ դեպքում հայցը չի կարող բավարարվել՝ անկախ գործով նյութաիրավական նորմերից բխող և նշանակություն ունեցող փաստերի հիմնավորման հանգամանքից»,

- «Քանի որ սույն գործով գույքի բոլոր սեփականատերերը ներգրավված չեն որպես պատասխանողներ, այդպիսի միջնորդություն չի ներկայացվել նաև Հայցվորի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի հիման վրա, Դատարանը գտնում է, որ պարտավորության տվյալ փուլում, առկա է բավարար հիմք հայցի ակնհայտ անհիմն լինելու մասին եզրահանգում կատարելու համար, բացի այդ, հայցի ակնհայտ անհիմն լինելու մասին եզրահանգում կատարելու համար, բացի այդ, հայցի՝ ներկայացված պատճառաբանություններով ակնհայտ անհիմն լինելու մասին Դատարանի եզրահանգումը որևէ ողջամիտ հակափաստարկի կամ առարկության միջոցով կասկածի տակ չի կարող դրվել, հետևաբար այսքանով հանդերձ՝ Դատարանը գտնում է, որ հայցը ակնհայտ անհիմն լինելու մասին վերոնշյալ հիմնավորումների ու հիմքերի համակցությունը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ հայցի բավարարման ենթակա չլինելը կամ անհիմն լինելն ակնհայտ է: Հետևաբար առկա է բավարար հիմք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի ուժով կիրառելու արագացված դատաքննության կարգ, ինչը բխում է դատական արդյունավետ պաշտպանության իրավունքն ապահովելու անհրաժեշտությունից, համահունչ է գործը ողջամիտ ժամկետում քննելու և դատավարության մրցակցային սկզբունքներին, ինչպես նաև խնայում է դատավարական ռեսուրսները», որոշում է կայացրել արագացված դատաքննություն կիրառելու մասին:

Արդյունքում Դատարանը, անդրադառնալով այն հարցադրմանը, թե «արդյո՞ք որևէ գործ, որտեղ քննվում է սեփականության իրավունքի պաշտպանության որևէ պահանջ, և մասնավորապես բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասի առանձնացման պահանջով գործը, կարող է քննվել առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց (պահանջ) ներկայացնելու, և նման պահանջների մասին հայցերով սեփականատերերը կարող են զրկվել իր սեփական գույքից առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հնարավորություն ունենալու», 18.04.2024 թվականին վճիռ է կայացրել Բանկի հայցը մերժելու մասին նաև այն պատճառաբանությամբ, որ՝

- «Դատարանը հաստատված է համարել, որ վեճի առարկա Գեղարքունիքի մարզի, Գանձակ համայնքի անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Հասմիկ Ռազմիկի Ավագյանի, Արայիկ Արարատի Սմբատյանի, Աննա Արայիկի Ավագյանի, Արարատ Արայիկի Ավագյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը: (հիմք՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2297825 վկայական): Տվյալ դեպքում սույն գործով գույքի մյուս սեփականատերերը ներգրավված են որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք: Տվյալ դեպքում Դատարանը գտնում է, որ սույն գործով հայցը չի կարող բավարարվել, քանի որ Արայիկ Արարատի Սմբատյանը, Աննա Արայիկի Ավագյանը, Արարատ Արայիկի Ավագյանը վեճի առարկայի օբյեկտ հանդիսացող գույքի համասեփականատեր են, սակայն վերջիններիս դեմ սույն գործով հայց չի ներկայացվել»,

- «Նման փաստական հանգամանքներում Դատարանը գտնում է, որ առանց Գեղարքունիքի մարզի, Գանձակ համայնքի անշարժ գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց ներկայացնելու, ըստ այդմ՝ առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու լիարժեք հնարավորություն ունենալու Արայիկ Արարատի Սմբատյանը, Աննա Արայիկի Ավագյանը, Արարատ Արայիկի Ավագյանը չեն կարող զրկվել իրենց սեփական գույքից, քանի որ դա կհանգեցնի վերջիններիս Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման, մասնավորապես, բավարարելով հայցը և թույլատրելով բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելը՝ կդադարի բնակարանի մասով ինչպես պարտապանի, այնպես էլ մյուս սեփականատերերի սեփականության իրավունքը՝ առանց վերջիններիս դեմ ներկայացված հայցի, ինչն էլ անթույլատրելի է»,

- «Դատարանն արձանագրում է, որ չի կարող հրապարակային սակարկություններով վաճառվել այն բնակարանը, որի համասեփականատերերը զրկվելու են սեփականության իրավունքից՝ ոչ իրենց դեմ ներկայացված հայցի քննության արդյունքներով, այսինքն՝ այդ սեփականատերերի մասով, սեփականությունից զրկելը տեղի է ունենալու ոչ դատական կարգով, ուստիև քանի դեռ դատավարական առումով Հայցվորի կողմից ներկայացված հայցային պահանջները չի ներկայացվել բոլոր սեփականատերերի, տվյալ դեպքում՝ նաև Երրորդ անձանց դեմ, բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու և բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու մասին վճիռ կայացվել չի կարող»,

- «Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրում է, որ անգամ հայցի բավարարման մասին վճիռ կայացվելու դեպքում՝ այն երրորդ անձանց մասով չէր կարող ենթարկվել հարկադիր կատարման, քանի որ կատարողական թերթով պարտապան կարող են հանդես գալ ընդհանուր գույքի այն սեփականատերերը, որոնց դեմ հայց է ներկայացվել և կայացվել է այն բավարարելու մասին վճիռ: Հետևաբար Դատարանը գտնում է, որ առանց երրորդ անձանց պատասխանող ներգրավելու սույն հայցի բավարարման մասին հնարավոր վճիռը չի կարող կատարվել հարկադիր կարգով՝ բացառապես Պարտապան-սեփականատիրոջ մասով: Այս իմաստով ևս հայցի բավարարումն ակնհայտորեն բացառվում է: Դատարանի դիրքորոշումը, փաստորեն, բխում է նաև իրավական որոշակիության և դատական ակտի կատարման պարտադիրության սկզբունքներից:

Ամփոփելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Դատարանը զուտ դատավարական տեսանկյունից գտնում է, որ հայցն ակնհայտորեն չի կարող բավարարվել՝ առանց ընդհանուր գույքի սեփականատերերի դեմ հայց ներկայացնելու և նրանց օրենքով սահմանված պաշտպանության բոլոր միջոցներից օգտվելու հնարավորության ապահովման:
Այսպես, վարույթին որպես պատասխանողներ չմասնակցելով՝ Երրորդ անձինք փաստացի չունեին իրավունքի պաշտպանության լիարժեք հնարավորություններ, մասնավորապես՝ վերջիններս չէին կարող օգտվել իրենց՝ հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքից (օրինակ՝ փոխհատուցմամբ բաժնի նկատմամբ պարտապանի սեփականության իրավունքը դադարեցնելու և այլն)»:

Միաժամանակ Դատարանը գտել է, որ «18.03.2024 թվականին կայացրել է արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշում՝ հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով, քանի որ հայցը ներկայացվել է գույքի ոչ բոլոր սեփականատերերի դեմ և գործի քննության ընթացքում, Հայցվորը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի հիմքով չի միջնորդել երրորդ անձանց գործով որպես նոր պատասխանվողներ ներգրավելու մասին: Այս առումով հատկանշական է այն, որ ստանալով որոշումը՝ Հայցվորը չի ներկայացրել որևէ դիրքորոշում՝ կապված արագացված դատաքննության կարգ կիրառելու որոշման և դրա հիմքերի հետ, ինչպես նաև ի հայտ չեն եկել արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու հիմքեր»։

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ՝

- «(…) նյութական իրավահարաբերությունները առաջացել են հայցի օբյեկտ գույքի նկատմամբ, որի կողմ են այդ գույքի բոլոր սեփականատերերը։ Ուստի, չի կարող քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտ գույքի նկատմամբ առաջանալ իրավահարաբերություն՝ առանց այդ գույքի անմիջական սեփականատիրոջ մասնակցության։ Գույքի համասեփականատերերը վիճելի իրավահարաբերության կողմ են, գործի ելքում ունեն ուղղակի նյութաիրավական շահագրգռվածություն, և ըստ այդմ էլ պետք է ունենան վարույթի շարժի վրա ազդելու լիարժեք հնարավորություն։ Սույն գործով հայցի հնարավոր բավարարումը անխուսափելիորեն հանգեցնելու էր երրորդ անձանց պատկանող գույքի իրավական կարգավիճակի փոփոխության։ Առավել ևս հրապարակային սակարկությունների դեպքում վերջիններս զրկվելու էին գույքի նկատմամբ սեփականության իրավունքից՝ հնարավորություն չունենալով օգտվել պատասխանողին վերաբերելի դատավարական և իրավական լայն գործիքակազմից։ Այլ կերպ ասած, սույն գործով քաղաքացիական գործի վարույթն անմիջական, ուղղակի կապի մեջ է գտնվում երրորդ անձանց սեփականատիրական իրավազորությունների հետ»,

- « (…) երրորդ անձինք սույն գործին կարող էին մասնակից դարձվել միայն պատասխանողի կարգավիճակով։ Իսկ եթե անձի դեմ, ով իրավահարաբերությանը ներհատուկ առանձնահատկություններով պայմանավորված՝ գործի քննությանը պետք է մասնակցեր պատասխանողի կարգավիճակով, նյութաիրավական պահանջ չի ներկայացվել և հնարավորություն չի տրվել լիարժեքորեն պաշտպանվել իր դեմ ներկայացված հայցապահանջից, ապա վերջինս չի կարող զրկվել իր օրինական գույքից և այդ գույքի նկատմամբ իրավական հավակնություններից, քանի որ դա կհանգեցնի վերջինիս Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման։ Ուստիև, չի կարող բավարարվել այն հայցը, որտեղ պատասխանողի կարգավիճակով հանդես գալու իրավունք ունեցող անձը ներգրավված է երրորդ անձի կարգավիճակով՝ առանց հնարավորություն ընձեռելու մրցակցության և իրավահավասարության պայմաններում հետամուտ լինելու իրավունքների պաշտպանությանը», 29.11.2024 թվականին որոշում է կայացրել Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժելու, և Դատարանի 18.04.2024 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին:

Վկայակոչված իրավական ակտերի և դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են ու չէին կարող հիմք հանդիսանալ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 18.04.2024 թվականի վճիռն անփոփոխ թողնելու համար հետևյալ պատճառաբանությամբ։

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել, այն է՝ ուղղվել է նյութաիրավական պահանջը։ Տվյալ դեպքում հայցվորն իր նյութաիրավական պահանջն իրավաչափորեն ուղղել է բացառապես հենց Հասմիկ Ավագյանի դեմ, ով 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի իմաստով պարտավոր էր հօգուտ իրեն կատարել որոշակի գործողություններ։ Ավելին՝ հայցվորը ներկայացրել է ընդհանուր սեփականության իրավունքում հենց վերջինիս պատկանող բաժնեմասն առանձնացնելու պահանջ։

Միաժամանակ Բանկն իր կողմից ներկայացված հայցադիմումում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք է ներգրավել վերը նշված գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության մասնակիցներ Աննա և Արարատ Ավագյաններին ու Արայիկ Սմբատյանին՝ նրանց դեմ չուղղելով որևէ նյութաիրավական պահանջ, որպիսի դատավարական գործողությունը ևս Վճռաբեկ դատարանը գնահատում է իրավաչափ, քանի որ վերջիններս այդ գույքի նկատմամբ ունեն ընդհանուր սեփականության իրավունք, իսկ այդ հիմքով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու դեմ առարկելու, այն շուկայական գնով գնելու կամ այդ բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու իրավունքներ, որի պայմաններում գործով կայացվող վճիռը կարող էր անխուսափելիորեն ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների և պարտականությունների վրա:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում Դատարանն իրավասու չէր հայցը մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով գնահատել որպես ակնհայտ անհիմն, իսկ դրա արդյունքում՝ կիրառել արագացված դատաքննություն և մերժել հայցը՝ խախտելով Բանկի՝ իր իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, իր գործի արդարացի քննության իրավունքները՝ թույլ տալով արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ:

 

Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մյուս` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394 րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք վկայակոչել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ նշելով, որ թիվ ԳԴ/1858/02/23 քաղաքացիական գործով 04.10.2024 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12‑րդ հոդվածը և մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը կիրառվել են բողոքարկվող որոշման մեջ նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։

Կատարելով համեմատական վերլուծություն` Վերաքննիչ դատարանի 29.11.2024 թվականի որոշման և թիվ ԳԴ/1858/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 04.10.2024 թվականին կայացված որոշման՝ միևնույն նորմերի իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

Թիվ ԳԴ/1858/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 04.10.2024 թվականին որոշում կայացնելիս նշել է, որ՝

- « (…) հայցվորի կողմից ներկայացված պահանջը նախ վերաբերում է *******7 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով անշարժ գույքի նկատմամբ բաժնային սեփականություն սահմանելուն և նշված գույքում պարտապանի ունեցած բաժնեմասն առանձնացնելուն, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց հայցադիմումով հայցվորը միջնորդել է Դատարանին նշանակել փորձաքննություն և պարզել, ի թիվս այլնի, *******8 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով անշարժ գույքում բաժինները առանձնացնելու հնարավորության առկայության հարցը՝ Վերաքննիչ դատարանը անհիմն է համարում Դատարանի կողմից հայցը ակնհայտ անհիմն լինելու հիմքով սույն քաղաքացիական գործը արագացված դատաքննության կարգով քննելու վերաբերյալ որոշումը այն պատճառաբանությամբ, որ Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է *******9 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառվելու դեպքում երրորդ անձանց սեփականության իրավունքի պաշտպանության և դրանով իսկ պայմանավորված պատշաճ դատավարական կարգավիճակ ունենալու անհրաժեշտությունը, սակայն Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվորի միջնորդությամբ փորձաքննություն նշանակելու դեպքում հավանական է, որ *******10 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով անշարժ գույքում բաժիններն առանձնացնելու հնարավորությունը առկա լինի, այլ կերպ ասած, Դատարանը հայցապահանջի վերը նշված մասով քննություն չի իրականացրել: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցապահանջի վերոնշյալ մասը հայցվորը, ելնելով իր տնօրինչական իրավունքից և կրելով այդ իրավունքի իրացման կամ չիրացման բացասական հետևանքները, ուղղել է իր պարտապանի՝ սույն գործով պատասխանողի դեմ և այլ անձանց որպես պատասխանող ներգրավվելու անհրաժեշտությունը հայցվորի տեսանկյունից բացակայել է, միաժամանակ փորձաքննության կատարման արդյունքում է հնարավոր միանշանակ հետևություն անել գույքի կազմում բաժինն առանձնացնելու իրական հնարավորության մասին, իսկ անհնարինության դեպքում իրավական գնահատական տալ այդ փաստին (…)»:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտում պատճառաբանելով, որ՝

- «նյութական իրավահարաբերությունները առաջացել են հայցի օբյեկտ գույքի նկատմամբ, որի կողմ են այդ գույքի բոլոր սեփականատերերը։ Ուստի, չի կարող քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտ գույքի նկատմամբ առաջանալ իրավահարաբերություն՝ առանց այդ գույքի անմիջական սեփականատիրոջ մասնակցության։ Գույքի համասեփականատերերը վիճելի իրավահարաբերության կողմ են, գործի ելքում ունեն ուղղակի նյութաիրավական շահագրգռվածություն, և ըստ այդմ էլ պետք է ունենան վարույթի շարժի վրա ազդելու լիարժեք հնարավորություն։ Սույն գործով հայցի հնարավոր բավարարումը անխուսափելիորեն հանգեցնելու էր երրորդ անձանց պատկանող գույքի իրավական կարգավիճակի փոփոխության։ Առավել ևս հրապարակային սակարկությունների դեպքում վերջիններս զրկվելու էին գույքի նկատմամբ սեփականության իրավունքից՝ հնարավորություն չունենալով օգտվել պատասխանողին վերաբերելի դատավարական և իրավական լայն գործիքակազմից։ Այլ կերպ ասած, սույն գործով քաղաքացիական գործի վարույթն անմիջական, ուղղակի կապի մեջ է գտնվում երրորդ անձանց սեփականատիրական իրավազորությունների հետ»,

- « (…) երրորդ անձինք սույն գործին կարող էին մասնակից դարձվել միայն պատասխանողի կարգավիճակով։ Իսկ եթե անձի դեմ, ով իրավահարաբերությանը ներհատուկ առանձնահատկություններով պայմանավորված՝ գործի քննությանը պետք է մասնակցեր պատասխանողի կարգավիճակով, նյութաիրավական պահանջ չի ներկայացվել և հնարավորություն չի տրվել լիարժեքորեն պաշտպանվել իր դեմ ներկայացված հայցապահանջից, ապա վերջինս չի կարող զրկվել իր օրինական գույքից և այդ գույքի նկատմամբ իրավական հավակնություններից, քանի որ դա կհանգեցնի վերջինիս Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման»,

գտել է, որ չի կարող բավարարվել այն հայցը, որտեղ պատասխանողի կարգավիճակով հանդես գալու իրավունք ունեցող անձը ներգրավված է երրորդ անձի կարգավիճակով՝ առանց հնարավորություն ընձեռելու մրցակցության և իրավահավասարության պայմաններում հետամուտ լինելու իրավունքների պաշտպանությանը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերը նշված հիմքի առկայությունը՝ նկատի ունենալով, որ թիվ ԳԴ/1858/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 04.10.2024 թվականին որոշում կայացնելիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածը և մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը կիրառվել են Վերաքննիչ դատարանի կողմից նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործն ամբողջ ծավալով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ որպես նոր քննության ծավալ սահմանելով գործի ըստ էության քննությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց 

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.11.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_______________________

1 Առկա է անձնական տվյալ

2 Առկա է անձնական տվյալ

3 Առկա է անձնական տվյալ

4 Առկա է անձնական տվյալ

5 Առկա է անձնական տվյալ

6 Առկա է անձնական տվյալ

7 Առկա է անձնական տվյալ

8 Առկա է անձնական տվյալ

9 Առկա է անձնական տվյալ

10 Առկա է անձնական տվյալ

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Ս. Մեղրյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան