ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0343/02/20 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0343/02/20 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ․ Հակոբյան | |
| զեկուցող |
Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
|
Է. Սեդրակյան | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի հունիսի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արման Հովհանիսյասի հայցի ընդդեմ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)` խտրականության հիմքով ծառայություններ մատուցելը մերժելու փաստը հաստատելու, պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասը հատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Արման Հովհանիսյասի բերած վճռաբեկ բողոքը
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արման Հովհանիսյասը պահանջել է «ճանաչել, որ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի կողմից բանկային ծառայությունների մատուցման մերժումը պայմանավորված է եղել իր նկատմամբ քաղաքացիության հիմքով խտրականությամբ, վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը՝ պարտավորեցնելով պատասխանող «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին իր հետ կնքել բանկային ծառայություններ մատուցելու պայմանագիր՝ տրամադրելով արտարժույթային բանկային հաշիվ ու քարտ, Պատասխանող «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ից հօգուտ իրեն բռնագանձել 500․000 ՀՀ դրամ՝ որպես իրեն պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցում»։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 21.07.2025 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 11.09.2025 թվականի որոշմամբ Արման Հովհանսիյասի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արման Հովհանիսյասը (ներկայացուցիչ Նինա Հակոբյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համար ՀՕ-177-Ն ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով հայցադիմումը ներկայացվել է մինչև ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համար ՀՕ-177-Ն ՀՀ օրենքով վերաքննիչ բողոքների ներկայացման համար վճարման ենթակա պետական տուրքի չափերի ավելացումը, հետևաբար նույն օրենքի 7-րդ հոդվածի կարգավորումների համատեքստում իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի չափը պետք է որոշվեր հայցադիմումի ներկայացման պահին գործած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներով։
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սույն դեպքում վերաքննիչ բողոքով վիճարկվող մեկ դրամական և երկու ոչ դրամական պահանջների համար վճարման է ենթակա 80.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, մինչդեռ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի նորմի ընտրության պարագայում Վերաքննիչ դատարանը կփաստեր, որ վճարման է ենթակա միայն 35.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք։
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ իր վրա դրել է լրացուցիչ ֆինանսական բեռ, որը չի բխում օրենսդրական կարգավորումներից և խաթարում է արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքները՝ իրեն զրկելով վերադասության կարգով բողոքարկման իրավունքն իրացնելու հնարավորությունից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.09.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6‑րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի և ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-177‑Ն ՀՀ օրենքի [պաշտոնական հրապարակման օրը 29.04.2021 թվական] (այսուհետ՝ Օրենք) 7‑րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն` hիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ նույն գլխում [Սահմանադրության 2-րդ գլուխ] ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:
Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր պահանջ դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից, և որի սահմանափակումը դատարանների կողմից՝ ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետևանքով, կառաջացնի իրավունքի խախտում, ու անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետևաբար՝ քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում առհասարակ արժեզրկվում են այդ վարույթի արդար, հրապարակային և արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին` նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքն իրականացնում է ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով (թիվ 28249/95 գանգատ) Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-56-րդ կետեր, Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 4451/70 գանգատ) Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի վճիռը, 34-րդ կետ):
Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը։ Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքներից (տե՛ս Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի գործով (թիվ 59519/00 գանգատ) Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, 125-րդ կետ)։
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 8225/78 գանգատ) Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, 57-րդ կետ, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 18139/91 գանգատ) Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ):
Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6‑րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Ալ‑Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 35763/97 գանգատ) Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, 53-րդ կետ, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով (թիվ 34791/97 գանգատ) Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 35-րդ և 36-րդ կետեր, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով (թիվ 21638/03 գանգատ) Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, 44-րդ կետ):
Միաժամանակ Եվրոպական դատարանը նշել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունքը, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (տե՛ս Էյրին ընդդեմ Իռլանդիայի գործով (թիվ 6289/73 գանգատ) Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, 26-րդ կետ):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ու խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Դումիտրու Գեորգն ընդդեմ Ռումինիայի գործով (թիվ 33883/06 գանգատ) Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Նախկինում կայացրած որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն ընդդեմ «ՍԱԳ» Արտադրական կոոպերատիվի թիվ ԵԴ/17246/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2023 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին (մասնավորապես` Բելլեն ընդդեմ Ֆրանսիայի գործով (թիվ 23805/94 գանգատ) 04.12.1995 թվականի վճիռը, 36-րդ կետ, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով (թիվ 25083/05 գանգատ) 16.03.2010 թվականի վճիռը, 25-րդ կետ), փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով կիրառման ենթակա իրավական նորմերը և սույն գործի փաստերը դիտարկել վերը շարադրված ելակետային դրույթների ու դիրքորոշումների լույսի ներքո։
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը, դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը դիտարկելով որպես դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխիք, այդուհանդերձ սահմանել է բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Դատական ակտերի բողոքարկումը վերաքննության կարգով» վերտառությամբ 53-րդ գլխում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը և պայմանները սահմանելու հետ միաժամանակ ամրագրվել են ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու, ընդունումը մերժելու ու վարույթ ընդունելու հիմքերը: Այսինքն, օրենսդիրը սահմանել է այն իրավական հետևանքները, որոնք վրա են հասնում կախված այն հանգամանքից, թե որքանով է վերաքննիչ բողոք բերած անձն իր վերաքննիչ բողոքարկման իրավունքն իրականացրել օրենքին համապատասխան: Ըստ այդմ էլ՝ ներկայացված վերաքննիչ բողոքի նկատմամբ կարող են կայացվել տարբեր դատավարական հետևանքներ առաջացնող որոշումներ, այն է՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում (տե՛ս «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը և մյուսներն ընդդեմ Նանե Իսրայելյանի թիվ ԵԴ2/15602/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.12.2024 թվականի որոշումը):
Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, (…)։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ (…)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368‑րդ հոդվածի պահանջները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե՛ս Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ անձն իր իրավունքների դատական պաշտպանության համար պետք է կատարի օրենքով սահմանված դատական ծախսեր, որոնք իրենց մեջ ներառում են նաև հայցադիմումի, դիմումի, ինչպես նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական բյուջե վճարվող պետական տուրքի գումարները (տե՛ս «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությունն ընդդեմ Վահագն Հովհաննիսյանի և այլոց թիվ ԵԴ/24249/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը: Մասնավորապես` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սպառիչ ամրագրվել են ինչպես դատարան դիմելու համար պետական տուրքի գանձման օբյեկտները, այնպես էլ` գանձվող պետական տուրքի դրույքաչափերը: Ընդ որում` օրենսդիրը վերը նշվածը սահմանելիս որոշակի տարբերակված մոտեցում է ցուցաբերել դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են` ներկայացված հայցապահանջի տեսակը, քննվող գործով վարույթի տեսակը, բողոքարկման ենթակա ակտը և դրա բողոքարկման ծավալը (տե՛ս ըստ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության դիմումի թիվ ԱՎԴ2/1116/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.07.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գանձման դրույքաչափը որոշելիս ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից պետք է հաշվի առնվեն վարույթի տեսակը, պահանջի բնույթը, բողոքարկվող դատական ակտի տեսակը և բողոքարկման ծավալը: Միայն նշված հանգամանքները պարզելու պարագայում է հնարավոր որոշել վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված և գանձման ենթակա պետական տուրքի դրույքաչափը, ըստ այդմ՝ լուծել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը (տե՛ս Սևակ Արզարունին ընդդեմ Նարեգ և Սարո Հարթունյանների ու Սարո Հարթունյանն ընդդեմ Սևակ Արզարունու և Արմեն Ազիզյանի թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2019 թվականի որոշումը):
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի բովանդակությունից բխել է, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` դրամական պահանջի գործերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով, իսկ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի տասնապատիկի չափով։
Օրենքի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ։
Մասնավորապես, նույն հոդվածով սահմանված նոր խմբագրության համաձայն՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի բովանդակությունից արդեն բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` դրամական պահանջի գործերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 4 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, ապա հայցագնի 4 տոկոսի չափով, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 15-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 15.000-ապատիկից, իսկ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի 30‑ապատիկի չափով։
Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, (…):
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված հայցադիմումների (դիմումների) քննության արդյունքով կայացված դատական ակտերի, այդ թվում` հայցադիմումի (դիմումի) ընդունումը մերժելու մասին կամ հայցադիմումը (դիմումը) վերադարձնելու մասին որոշումների բողոքարկման դեպքում կիրառվում են մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, ներառյալ` դատարաններում պետական տուրքի գծով սահմանված արտոնությունները։
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումներում (դիմումներում) կամ բողոքներում նշված պահանջը նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փոփոխելու դեպքում պետական տուրքի գումարի չբավականացնող մասը գանձելիս կիրառման են ենթակա մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ Օրենքով փոփոխվել է նաև վերաքննիչ բողոք ներկայացնելիս վճարման ենթակա պետական տուրքի չափը՝ սահմանելով վերաքննիչ բողոքի ներկայացման համար վճարման ենթակա պետական տուրքի նոր դրույքաչափեր. նշված փոփոխությունն ուժի մեջ է մտել Օրենքի պաշտոնական հրապարակումից հետո 6 ամիս հետո՝ 30.10.2021 թվականին։ Միևնույն ժամանակ Oրենքի «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» վերտառությունը կրող 7-րդ հոդվածի վերը վկայակոչված նորմերի վերլուծությունից պետք է եզրահանգել, որ օրենսդիրը կատարված փոփոխությունները կիրառելի է համարել միայն Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) և դրանց հիման վրա հարուցված գործերի նկատմամբ, ըստ էության նախատեսելով նաև, որ դատական ակտերի բողոքարկման դեպքում ևս կիրառվում են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը գործած կարգավորումները, եթե հայցը հարուցվել է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը` անկախ Օրենքով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո բողոքը ներկայացված լինելու հանգամանքից։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Օրենքով կատարված փոփոխությունների կիրառելիությունն օրենսդիրը փաստորեն կապել է գործի հարուցման պահի հետ, այսինքն՝ բոլոր դեպքերում պետական տուրքի վճարման դրույքաչափերը որոշելիս պետք է հիմք ընդունել ոչ թե տվյալ դատավարական գործողության կատարման պահը, այդ թվում՝ վերաքննության կամ վճռաբեկության կարգով բողոքի ներկայացումը, այլ համապատասխան հայցադիմումի ներկայացմամբ դատավարական գործի հարուցման պահը։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների և իրավակարգավորումների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատաընթացակարգային նորմերով նախատեսվել են որոշակի ընթացակարգային պահանջներ, այդ թվում՝ պետական տուրքի վճարման կամ համապատասխան արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու պարտականություն, որի կատարումը պարտադիր է բողոքարկման իրավունքի իրացման և բողոքի ըստ էության քննության հասնելու համար, ինչը համատեղելի է Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքի իրացման հետ, եթե նման սահմանափակումների առկայությունն անհրաժեշտ է իրավունքի իրացման համար, իրագործելի և ողջամիտ է ու իր ծանրությամբ չի հանգեցնում իրավունքի էության խախտմանը՝ ապահովելով արդարադատության պատշաճ իրականացումը և իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանությունը։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատաընթացակարգային նորմերի խախտումն առաջացնում է օրենքով հստակ կանխորոշված հետևանք, այն է՝ վերաքննության կարգով բողոքարկման պարագայում հանգեցնում է վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման կայացմանը, այնուհանդերձ բողոքարկման իրավունքի նման սահմանափակումն իրավաչափ է միայն այն պարագայում, երբ պարտադիր պահպանման ենթակա ընթացակարգային պահանջները պարզ և հասանելի են բողոք բերած անձի համար, նախատեսված են ոլորտային օրենսդրությամբ, իսկ դրանց խախտման արդյունքում վրա հասնող հետևանքները՝ կանխատեսելի։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ 27.12.2019 թվականին դիմելով դատարան` Արման Հովհանիսյասը պահանջել է «ճանաչել, որ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի կողմից բանկային ծառայությունների մատուցման մերժումը պայմանավորված է եղել Հայցվորի նկատմամբ քաղաքացիության հիմքով խտրականությամբ, վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը՝ պարտավորեցնելով պատասխանող «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին հայցվորի հետ կնքել բանկային ծառայություններ մատուցելու պայմանագիր՝ տրամադրելով արտարժույթային բանկային հաշիվ ու քարտ։ Պատասխանող «Ակբա‑Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ից հօգուտ Հայցվորի բռնագանձել 500․000 ՀՀ դրամ՝ որպես Հայցվորին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցում», ինչի կապակցությամբ 09.01.2020 թվականին հարուցվել է թիվ ԵԴ/0343/02/20 քաղաքացիական գործը (հատոր 1‑ին, գ.թ. 1-13)։
Դատարանի 21.07.2025 թվականի վճռով հայցը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 68-77)։
Արման Հովհանիսյասի կողմից Դատարանի վերը նշված վճռի դեմ 22.08.2025 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով պահանջվել է բեկանել Դատարանի 21.07.2025 վճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ հայցն ամբողջությամբ բավարարել (հատոր 2-րդ, գ.թ. 85-95)։
Վերաքննիչ դատարանը, 11.09.2025 թվականի որոշմամբ վկայակոչելով «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ա» և «բ» ենթակետերն ու պատճառաբանելով, որ «Տվյալ դեպքում բողոքաբերը պետական տուրքը վճարել է պակաս և բողոքը պակաս վճարված պետական տուրքի մասով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն չի պարունակում: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը անհրաժեշտ է համարում նշել, որ վճարման է ենթակա 60 000 ՀՀ դրամ՝ երկու ոչ դրամական պահանջով և մեկ դրամական պահանջով՝ 500 000 X 4%= 20 000 + 60 000= 80 000 ՀՀ դրամ, մինչդեռ բողոքաբերը վճարել է 25 000 ՀՀ դրամ: Վճարման է ենթակա ևս 55 000 ՀՀ դրամ», Արման Հովհանիսյասի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձրել է (հատոր 2-րդ, գ.թ. 102)։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստերին և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն դեպքում Արման Հովհանիսյասի կողմից ներկայացված նյութաիրավական պահանջներն իրենց բնույթով ներառում են մեկ դրամական, այն է՝ Բանկից 500․000 ՀՀ դրամ՝ որպես իրեն պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջ, և մեկ ոչ դրամական, այն է՝ բանկային ծառայությունների մատուցման մերժումը խտրականության հիմքով պայմանավորված լինելը ճանաչելու ու դրանից ածանցվող բանկային ծառայություններ մատուցելու պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջներ։
Վերոնշյալ բոլոր պահանջները Դատարանի 21.07.2025 թվականի վճռով մերժվել են, իսկ վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է ամբողջ ծավալով։
Նման պայմաններում նախ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ հաշվի առնելով հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործով քննության առարկա պահանջների բնույթը, քանակը, Դատարանի 21.07.2025 թվականի վճռի բովանդակությունը, վերաքննիչ բողոքում նշված պահանջը՝ սույն դեպքում գանձման է ենթակա պետական տուրք մեկ դրամական և մեկ ոչ հիմնական դրամական պահանջների համար։
Անդրադառնալով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի չափին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում հայցը հարուցվել է 27.12.2019 թվականին, հետևաբար պետական տուրքի դրույքաչափերը որոշելիս պետք է հիմք ընդունել մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» և «բ» ենթակետով սահմանված իրավակարգավորումները, քանի որ Օրենքի փոփոխությունները, վերը նշված պատճառաբանություններով կիրառելի չեն սույն քաղաքացիական գործի նկատմամբ՝ հայցադիմումը մինչև նշված փոփոխությունների ուժի մեջ մտնելը ներկայացված լինելու պատճառաբանությամբ։
Նման պայմաններում Արման Հովհանիսյասից մեկ դրամական պահանջի համար գանձման է ենթակա պետական տուրք 15.000 ՀՀ դրամի (500.000 x 3%) չափով, իսկ մեկ ոչ դրամական հիմնական պահանջի համար 10.000 ՀՀ դրամի չափով, այսինքն՝ 25.000 ՀՀ դրամ։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի 11.09.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն դեպքում կիրառելի համարելով Օրենքի փոփոխությունները, Արման Հովհանիսյասի համար սահմանել է օրենսդրությամբ չնախատեսված լրացուցիչ ֆինանսական պարտականություն՝ վերաքննիչ բողոքի ըստ էության քննության հասնելու համար վճարման ենթակա պետական տուրքի չափը հաշվարկելով 80.000 ՀՀ դրամի չափով՝ 25.000 ՀՀ դրամի փոխարեն, ինչն էլ իր հերթին չի կարող իրավաչափ համարվել և համատեղելի լինել Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների հետ։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդրությամբ կարող են նախատեսվել դատաընթացակարգային նորմեր, որոնց կատարումը և պահպանումը պարտադիր է բողոքարկման իրավունքի իրացման տեսանկյունից, այնուհանդերձ նման պահանջները պետք է նախատեսված լինեն կիրառելի օրենսդրությամբ, կանխատեսելի լինեն բողոք բերող անձի համար ու հետապնդեն իրավաչափ նպատակ։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ սույն դեպքում Արման Հովհանիսյասի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելիս վճարվել է 25.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, որպիսի պայմաններում պետական տուրքը վճարվել է օրենքով սահմանված չափին համապատասխան:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը 11.09.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ սխալ է որոշել վճարման ենթակա պետական տուրքի չափը։
Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը` կապված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ նշված հիմքի հետ, չի բխում վերը արտահայտած դիրքորոշումներից, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը, կայացնելով «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, թույլ է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի և Օրենքի 7-րդ հոդվածի խախտում, սահմանափակել է Արման Հովհաննիսյանսի` Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու` Վերաքննիչ դատարանի 11.09.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար: Ընդ որում, նշված որոշումը վերացվելու դեպքում վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ենթակա է վարույթ ընդունման, եթե բացակայեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Զեկուցող Գ․ Հակոբյան Ս. Մեղրյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. Մկրտչյան Է. Սեդրակյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|