ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԿԴ/0261/02/17 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (19.05.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.09.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
19.05.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0261/02/17

2026 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0261/02/17

Նախագահող դատավոր՝  Կ. Համբարձումյան

Դատավորներ՝

 Ն. Մարգարյան

 Մ. Հարթենյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2026 թվականի մայիսի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ռոբերտ Աղաջանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30042024 թվականի որոշման դեմ՝ ըստ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) հայցի ընդդեմ Ռոբերտ Աղաջանյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ռոբերտ Աղաջանյանից հօգուտ իրեն բռնագանձել 970024,2 ՀՀ դրամ, որից 799695,2 ՀՀ դրամը` որպես վարկի հիմնական պարտք, 161565 ՀՀ դրամը` որպես վճարման ենթակա տոկոսներ (որից ժամկետային տոկոսագումար` 100381,9 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսագումար՝ 27721,3 ՀՀ դրամ, ժամկետանց վարկի տոկոսագումար՝ 33461,8 ՀՀ դրամ), 1753,7 ՀՀ դրամը՝ որպես վճարային սահմանաչափի գերածախս, 6103 ՀՀ դրամը՝ որպես գերածախսի դիմաց հաշվարկված տույժ, 6400 ՀՀ դրամը` որպես այլ միջնորդավճարների գծով պարտք, ինչպես նաև 799695,2 ՀՀ դրամ վարկի մնացորդին հաշվեգրել տոկոսներ` սկսած 07062016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ, վարկավորման պայմաններով նախատեսված տարեկան 36 տոկոս դրույքաչափով:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19042018 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է «Ռոբերտ Մանվելի Աղաջանյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 970024,20 (ինը հարյուր յոթանասուն հազար քսանչորս դրամ քսան լումա) ՀՀ դրամ, որից 799695,20 ՀՀ դրամը վարկի հիմնական պարտքն է, 161565 ՀՀ դրամը՝ վճարման ենթակա տոկոսները (որից 27721,30 ՀՀ դրամը՝ ժամկետանց տոկոսագումարն է, 33461,80 ՀՀ դրամը՝ ժամկետանց վարկի տոկոսագումարը), 1753,70 ՀՀ դրամը՝ վճարային սահմանաչափի գերածախսը, 610,30 ՀՀ դրամը՝ գերածախսի դիմաց հաշվարկված տույժն է, իսկ 6400 ՀՀ դրամը՝ այլ միջնորդավճարների գծով պարտքն է։

Բռնագանձման ենթակա 799695,20 ՀՀ դրամ վարկի մնացորդին սկսած՝ 07062016թ-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ, հաշվեգրել տոկոսներ՝ տարեկան 36 տոկոս դրույքով։ (․․․)»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06122018 թվականի որոշմամբ Ռոբերտ Աղաջանյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19042018 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01122020 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02072021 թվականի որոշմամբ Բանկի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01122020 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության։

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 08022023 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30042024 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 08022023 թվականի վճիռը բեկանվել է և Բանկի հայցը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է «Ռոբերտ Աղաջանյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲԸ բռնագանձել 799695 դրամ։ (․․․)»։

Դատավոր Ն Մարգարյանը հայտնել է հատուկ կարծիք։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Աղաջանյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 27 հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-13-րդ, 120-րդ, 365-րդ, 379-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի շրջանակներից, հայցը բավարարել է մասնակիորեն՝ կիրառելով անհիմն հարստացմանը վերաբերող նորմերը՝ անտեսելով, որ հայցվորի կողմից ներկայացվել է վարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում առաջացած պարտավորության գումարի բռնագանձման պահանջ և որպես իրավական նորմեր հայցադիմումում վկայակոչվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վարկային պայմանագրին առնչվող նորմերը, վերաքննիչ բողոքում ևս հղում կատարելով վարկային պայմանագրին՝ բողոքաբերը վկայակոչել է վարկային իրավահարաբերության առկայությունը և որևէ փաստարկ անհիմն հարստացման ինստիտուտի վերաբերյալ վերաքննիչ բողոքում առկա չէ։ Այսինքն, թե հայցադիմումում, թե վերաքննիչ բողոքում հայցվորի կողմից անհիմն հարստացմանը վերաբերող հարց չի բարձրացվել, համապատասխանաբար իրեն անհիմն հարստացման վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն ևս չի ընձեռնվել, մինչդեռ, Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելով՝ խախտել է իր արդար դատաքննության իրավունքը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30042024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարան ներկայացրած հայցադիմումով Բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ Ռոբերտ Աղաջանյանն առաջարկ-դիմում է ներկայացրել Բանկին՝ առաջարկելով վճարային քարտերի վարկավորման կանոններին և պայմաններին համապատասխան իր հետ կնքել հաշվարկային քարտի վարկային պայմանագիր, իսկ Բանկը, ընդունելով առաջարկը, 29102011 թվականին տրամադրել է վարկային սահմանաչափ, որով կողմերի միջև պայմանագիրը համարվել է կնքված և պատասխանողը թույլ է տվել վարկային պարտավորությունների կետանց, ինչի արդյունքում հաշվեգրվել են տոկոսներ և տույժեր, ինչպես նաև գոյացել են դեբիտորական պարտքեր, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 352-րդ, 408-րդ, 881-րդ, 887-րդ հոդվածների վկայակոչմամբ խնդրել է պատասխանողից բռնագանձել վարկային պայմանագրի խախտման հետևանքով առաջացած 970024 ՀՀ դրամ 20 լումա, ինչպես նաև 79969520 ՀՀ դրամ գումարին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ՝ սկսած 07062016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը վարկավորման պայմաններով նախատեսված տարեկան 36 տոկոսադրույքով (հատոր 1-ին, գ.թ. 5, 6).

2) Դատարանը, 08022023 թվականի վճռով արձանագրելով, որ «հայցվորի կողմից չի ապացուցվել Ռոբերտ Աղաջանյանի կողմից Բանկին 20102011 թվականին ստորագրված վարկային առաջարկ-դիմում ներկայացրած լինելու, Բանկի ու Ռոբերտ Աղաջանյանի միջև վարկային հարաբերությունների առկայության փաստերը», եզրահանգել է, որ «չի հիմնավորվել որպես վարկառու Ռոբերտ Աղաջանյանի կողմից վարկային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու և վարկային պարտավորության կետանց թույլ տված լինելու փաստերը», և 08022023 թվականի վճռով Բանկի հայցը մերժել է (հատոր 7-րդ, գ.թ. 30-41).

3) Բանկը Դատարանի 08022023 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել այն հիմքով, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով փոխառության իրավահարաբերությունները կարգավորող նյութական իրավունքի նորմերին տվել է սխալ մեկնաբանություն, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պարտավորական իրավահարաբերությունների, պայմանագրային իրավահարաբերությունների վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իրավակարգավորումները և որպես հիմնավորումներ նշել է «Բանկի կողմից Ռոբերտ Աղաջանյանին տրամադրվել է վարկային գծով նախատեսված գումարները: Ուստի, Ռոբերտ Աղաջանյանի և Բանկի միջև առաջացել են վարկային իրավահարաբերություններ և Ռոբերտ Աղաջանյանը պարտավորություն է ստացել վերադարձնել վարկային գծի շրջանակներում տրամադրված գումարները և վճարել տոկոսներ:» (հատոր 8-րդ, գ.թ. 55-94)

4) Վերաքննիչ դատարանը, նշելով, որ «սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի են անհիմն հարստացման արդյունքում ձեռք բերողի կողմից ստացված գումարները տուժողին վերադարձնելու կանոնները», եկել է այն եզրահանգման, որ «29102011-17092019թթ ընթացքում Ռոբերտ Աղաջանյանի քարտային հաշվին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից կատարված դրամական փոխանցումները կողմերի միջև վարկավորման իրավահարաբերությունների բացակայության պայմաններում չունեն այլ պայմանագրային կամ օրենքով սահմանված հենք։

Հետևաբար, Ռոբերտ Մանվելի Աղաջանյանն առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի Հայցվորի հաշվին փաստացի ձեռք է բերել ընդհանուր առմամբ 799695 դրամ գումար (գույք՝ դրամական միջոց), որը փաստացի տնօրինվել է Պատասխանողի կողմից, այն դեպքում, երբ այդ գումարը փոխանցելու պարտավորություն Հայցվորը չուներ։ Դրա արդյունքում Պատասխանողի մոտ այդ գումարի չափով դրամական միջոցներն ավելացել են, իսկ Հայցվորի մոտ՝ այդ գումարի չափով պակասել, այսինքն, Պատասխանողն անհիմն հարստացել է Հայցվորի փոխանցած գումարի հաշվին։

Հետևաբար, չունենալով քաղաքացիաիրավական պաշտպանության հիմնական միջոցներից՝ վարկավորման պայմանագրից բխող իրավունքներից օգտվելու հնարավորություն սույն որոշմամբ արված պատճառաբանությունների հիմքով, Հայցվորի իրավունքները պետք է պաշտպանվեն անհիմն հարստացման կանոններով, որը խախտված իրավունքների պաշտպանության ածանցյալ միջոց է»։

Վերոգրյալների հիման վրա Վերաքննիչ դատարանը եկել է եզրահանգման, որ «հայցը՝ 799695 դրամ գումար բռնագանձելու պահանջի մասով պետք է համարել հիմնավոր և նշված գումարը՝ որպես անհիմն հարստացում Պատասխանողից պետք է բռնագանձել հօգուտ Հայցվորի» (հատոր 8-րդ, գ.թ. 160-169)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի, ՀՀ դատական օրենսգրքի 27 հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-13-րդ, 27-րդ, 365-րդ, 379-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննության սահմաններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում: Ընդ որում, հայցի առարկայից պետք է տարբերել հայցի օբյեկտը, այսինքն` այն առարկան, որին ուղղված է հայցի առարկայի բովանդակությունը կազմող պահանջը: Հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Միաժամանակ, հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը՝ այն իրավական նորմերն որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (տե՛ս, Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի, և Սուրիկ Սեդրակյանն ընդդեմ Վիգեն Ուրուշանյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով կայացված որոշմամբ նշել է, որ յուրաքանչյուր գործով ներկայացված հայցապահանջի շրջանակը ոչ միայն էական նշանակություն ունի առաջին ատյանի դատարանում գործի ըստ էության քննության և լուծման համար, այլև` կարևորվում է դատական ակտերի վերանայման փուլերում: Մասնավորապես` վերաքննիչ դատարանի գործունեությունն ուղղված է վերաքննիչ բողոքի քննության արդյունքում առաջին ատյանի դատական ակտը վերանայելուն, որը ներառում է ստորադաս դատարանի գործողությունները (անգործությունը) ստուգելը: (…) (տե՛ս, Գևորգ Ալեքյանն ընդդեմ Վերգուշ, Արայիկ Բոզանյանների, Ջուլիետա Հովհաննիսյանի թիվ ԵԱԴԴ/0976/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով հիշյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում (տե՛ս, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում՝

1. վերանայման օբյեկտը պետք է լինի ստորադաս դատարանի կողմից կայացված և բողոքարկվող դատական ակտը, այլ ոչ՝ գործն ընդհանրապես,

2. բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայվի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում,

3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին՝ քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրը և կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է նաև, որ վերաքննության սահմանների վերաբերյալ վերը նշված ընդհանուր կանոններին զուգահեռ օրենսդիրը նախատեսել է նաև որոշ բացառություններ: Այսպես.

«1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները հիմք ընդունելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում առկա է 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, որի հիման վրա վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի), վերաքննիչ դատարանը չի առաջնորդվում ընդհանուր կանոնով և վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը չի քննում, այլ անդրադառնում է միայն վերաքննիչ բողոքում տեղ գտած՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան հիմքին, որի հիման վրա բեկանել է դատական ակտը: (…) նման դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու ընդհանուր կանոնն այլևս չի գործում:

2. (…) օրենսդրի կողմից նախատեսվել է մեկ այլ բացառություն ևս, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ և 379-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորումներից: Մասնավորապես՝ եթե առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ապա վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով: Այսինքն՝ անդրադառնալով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքին, որի հիման վրա բեկանում է դատական ակտը, վերաքննիչ դատարանը մյուս հիմքերին այլևս չի անդրադառնում: (…) վկայակոչված կարգավորման ուժով վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից՝ բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե՝ ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:

3. (…) վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նաև այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի, (…) նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում։

(…) եթե առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված որոշ բացառություններ, ապա ընդհանուր կանոնի համաձայն՝ վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում» (տե՛ս, Վարդանուշ Բեժանյանն, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ելնելով քաղաքացիական դատավարությունում գործող տնօրինչականության և մրցակցության սկզբունքներից՝ հայցադիմում ներկայացնելիս անձն ազատ է հայցադիմումում նշելու կամ չնշելու հայցի իրավական հիմքը։ Բոլոր այն դեպքերում, երբ հայցադիմումը չի պարունակում որևէ նշում հայցի իրավական հիմքի վերաբերյալ, դատարանն ազատ է ամբողջությամբ որոշելու կիրառման ենթակա իրավական նորմերի շրջանակը իսկ հակառակ դեպքում, երբ անձն օգտվում է տնօրինչականության սկզբունքից և հստակ նշում է հայցի իրավական հիմքը, դատարանը կաշկանդված է գործը քննելու անձի վկայակոչած իրավական հիմքի շրջանակներում։

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել նաև, որ սահմանափակ վերաքննության պայմաններում Վերաքննիչ դատարանը բողոքը պետք է քննի միայն բողոքում ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում, եթե առկա չեն օրենքով նախատեսված բացառություններ, և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում (տե՛ս, Մայիս Պատուրյանն ընդդեմ Էդուարդ Սախկալյանի թիվ ԱՐԴ1/0855/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.02.2022 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը քննելիս Վերաքննիչ դատարանը սահմանափակված է ներկայացված բողոքի հիմքերով և հիմնավորումներով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշ բացառությունների բացակայության դեպքում, կաշկանդված լինելով բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով, իրավասու չէ արձանագրել դատարանի կողմից թույլ տրված նյութական կամ դատավարական այնպիսի խախտման առկայությունը, որը դուրս է թե հայցի իրավական հիմքի և թե վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներից։

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվորը, դիմելով Դատարան, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 352-րդ, 408-րդ, 881-րդ, 887-րդ հոդվածների վկայակոչմամբ պահանջել է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 970024, 20 ՀՀ դրամ, ինչպես նաև 799695,20 ՀՀ դրամ վարկի մնացորդին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ՝ սկսած 07062016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը՝ տարեկան 36 տոկոս դրույքաչափով՝ հայցապահանջի հիմքում դնելով այն, որ պատասխանողի կողմից առաջարկ-դիմում է ներկայացվել Բանկին՝ առաջարկելով վճարային քարտերի վարկավորման կանոններին և պայմաններին համապատասխան իր հետ կնքել հաշվարկային քարտի վարկային պայմանագիր և, որ Բանկը, ընդունելով առաջարկը, 29102011 թվականին տրամադրել է վարկային սահմանաչափ, ինչի ուժով կողմերի միջև պայմանագիրը համարվել է կնքված և Ռոբերտ Աղաջանյանին տրամադրվել է 120000 ՀՀ դրամ վարկ, հետագայում վարկային սահմանաչափի ավելացման արդյունքում՝ 17102012 թվականին ևս 60000 ՀՀ դրամ վարկ, 10062013 թվականին՝ 60000 ՀՀ դրամ, 06092013 թվականին՝ 260000 ՀՀ դրամ, 09122013 թվականին՝ 300000 ՀՀ դրամ, 26082014 թվականին՝ 800000 ՀՀ դրամ սակայն, Ռոբերտ Աղաջանյանը, փաստացի ընդունելով նշված գումարները, չի կատարել տրամադրված վարկը վերադարձնելու և տոկոսները վճարելու իր պարտավորությունները։

Դատարանը, արձանագրելով, որ «ներկայացված ՀՀ փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետի թիվ 40411701 եզրակացությամբ հիմնավորվել է, որ Ռոբերտ Մանվելի Աղաջանյանը 26102011 թվականի թիվ ***1 հաճախորդի վարկային առաջարկ դիմումը չի ստորագրել, սակայն նույն եզրակացությամբ հիմնավորվել է, որ 08092011 թվականի թիվ ***2 դեբետային /հաշվարկային/ քարտ տրամադրելու և սպասարկելու դիմումը ստորագրվել է պատասխանողի կողմից և վերջինը հայտնել է իր կամահայտնությունը՝ դեբետային/հաշվարկային քարտ ստանալու, այլ ոչ վարկի ստացման համար, հետևաբար բանկի կողմից առանց պատասխանողի կամահայտնության, կատարված գործողությունների բացասական հետևանքը չի կարող կրել պատասխանողը։ Պատասխանողն իր կողմից 26082022թ ներկայացված դիրքորոշմամբ հայտնել է, որ ելնելով իր և հայցվորի միջև կնքված «դեբետային/հաշվարկային քարտ տրամադրելու և սպասարկելու» դիմումի էությունից, քարտն ընկալել է ոչ թե կրեդիտավորման միջոցների ներգրավման գործիք, այլ զուտ վճարահաշվարկային միջոց։ Իր կողմից բոլոր գործողությունները նշված քարտի հետ ընկալվել են որպես սեփական միջոցների տնօրինում և իր պատկերացմամբ չէին կարող իր մոտ առաջացնել բանկի նկատմամբ պարտավորություններ՝ նկատի ունենալով, որ «դեբետային հաշվարկային քարտ տրամադրելու և սպասարկելու» դիմումով նման պարտավորություններ չեն սահմանվել։ Քարտ ստանալու պահին քանի որ առկա չի եղել քարտի կրեդիտավորման համաձայնություն պատասխանողի կողմից, այլ նա քարտը ընկալել է որպես միայն պարզ վճարամիջոց, հետևաբար հետագայում վճարահաշվարկային գործողությունների ընթացքում առանց պատասխանողի համաձայնության բանկի կողմից ուղղված գումարները պատասխանողի կողմից ընկալվել են որպես ընդհանուր ծավալի բաղադրիչ մաս և կոնկրետ պարտավորության ձևակերպման բացակայությամբ չեն առաջացրել պատասխանողի մոտ առանձին պարտավորություններ, ինչպես նաև Բանկի կողմից տրամադրված գումարները եղել են խիստ մասնատված, ինչը կարող էր թյուրիմացության մեջ գցել ցանկացած հաճախորդի և կատարվող դրամաշրջանառության մեջ մնար աննկատ», եզրահանգել է, որ «հայցվորի կողմից չի ապացուցվել Ռոբերտ Աղաջանյանի կողմից «Արդշինբանկ» ՓԲԸ-ին 20102011 թվականին ստորագրված վարկային առաջարկ-դիմում ներկայացրած լինելու, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ու Ռոբերտ Աղաջանյանի միջև վարկային հարաբերությունների առկայության փաստը, հետևաբար չի կարող հիմնավորվել նաև որպես վարկառու Ռոբերտ Աղաջանյանի կողմից վարկային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու և վարկային պարտավորության կետանց թույլ տված լինելու փաստերը», և արդյունքում 08022023 թվականին վճիռ է կայացրել Բանկի հայցը մերժելու մասին։

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկը՝ որպես վերաքննիչ բողոքի հիմք նշելով այն, որ Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 57-62-րդ, 85-րդ, 90-րդ, 192-րդ, 302-րդ, 413-րդ և 414-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ ու 889-րդ հոդվածները, փոխառության պայմանագրի կարգավորման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46-րդ գլխի իրավակարգավորումները, իսկ որպես վերաքննիչ բողոքի հիմքի հիմնավորում՝ այն, որ Բանկի կողմից Ռոբերտ Աղաջանյանին մաս առ մաս տրամադրվել են վարկային գծով նախատեսված վարկային գումարներ, որոնք վերջինս ընդունել է և պարտավորվել վերադարձնել՝ վճարելով նաև տոկոսներ, Ռոբերտ Աղաջանյանի կամքն ուղղված է եղել Բանկի հետ վարկային պայմանագրի կնքմանն ու վարկային իրավահարաբերությունների առաջացմանը, մինչդեռ Դատարանը սխալ է կիրառել ապացուցման պարտականության բաշխման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներն՝ այն դեպքում, երբ հայցվորի կողմից ներկայացված ապացույցներն ամբողջությամբ հաստատում են հայցի հիմքում ընկած փաստերը։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ՝ «անվիճելի է, որ, անկախ Բանկի և Ռոբերտ Աղաջանյանի միջև վարկային իրավահարաբերությունների հետ կապված հարաբերություններ ձևավորված լինելու փաստի վիճելի լինելու հանգամանքից, Ռոբերտ Աղաջանյանը Բանկից փաստացի ստացել է դրամական միջոցներ, տնօրինել ու տիրապետել է դրանք»։

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «վերը շարադրված իրավական դիրքորոշումներից պարզ է, որ միայն 29102011-17092019թթ ընթացքում Ռոբերտ Աղաջանյանի քարտային հաշվին դրամական փոխանցումներ կատարված լինելու փաստը և այդ փաստը այլ կերպ չհերքվելը, բավարար են փաստելու, որ չնայած կողմերի միջև չեն ծագել վարկավորման իրավահարաբերություններ, հետևաբար նաև՝ նման պայմանագրից բխող կոնկրետ իրավունքներ, պարտավորություններ և իրավական հետևանքներ, այնուամենայնիվ, կատարված դրամական փոխանցումների հիմքով ծագել են այլ իրավահարաբերություններ, որոնք իրավական առումով որակման անհրաժեշտություն ունեն։ Հետևաբար ուսումնասիրելով գործի հանգամանքները և հետազոտելով գործով ներկայացված ապացույցները, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի են անհիմն հարստացման արդյունքում ձեռք բերողի կողմից ստացված գումարները տուժողին վերադարձնելու կանոնները»։ Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն եկել է այն եզրահանգման, որ՝ «29102011-17092019թթ ընթացքում Ռոբերտ Աղաջանյանի քարտային հաշվին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից կատարված դրամական փոխանցումները կողմերի միջև վարկավորման իրավահարաբերությունների բացակայության պայմաններում չունեն այլ պայմանագրային կամ օրենքով սահմանված հենք։

Հետևաբար, Ռոբերտ Մանվելի Աղաջանյանն առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի Հայցվորի հաշվին փաստացի ձեռք է բերել ընդհանուր առմամբ 799695 դրամ գումար (գույք՝ դրամական միջոց), որը փաստացի տնօրինվել է Պատասխանողի կողմից, այն դեպքում, երբ այդ գումարը փոխանցելու պարտավորություն Հայցվորը չուներ։ Դրա արդյունքում Պատասխանողի մոտ այդ գումարի չափով դրամական միջոցներն ավելացել են, իսկ Հայցվորի մոտ՝ այդ գումարի չափով պակասել, այսինքն Պատասխանողն անհիմն հարստացել է Հայցվորի փոխանցած գումարի հաշվին»։ Արդյունքում, 30.04.2024 թվականին Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Բանկի ներկայացրած վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու, վճիռը բեկանելու և հայցը մասնակի բավարարելու մասին։

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ի սկզբանե դիմելով դատարան՝ Բանկը որպես հայցի իրավական հիմք նշել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 352-րդ, 881-րդ, 887-րդ հոդվածների իրավանորմերը (ելնելով վարկի և փոխառության պայմանագրերի ընդհանրական հատկանիշներից՝ օրենսդիրը նախատեսել է, որ վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են փոխառության պայմանագրի համար նախատեսված կանոնները), և պահանջել է Ռոբերտ Աղաջանյանից բռնագանձել 970024,2 ՀՀ դրամ՝ որպես վարկային պայմանագրով նախատեսված բռնագանձման ենթակա գումար։ Դատարանի կողմից գործի քննությունն իրականացվել է նշված իրավական հիմքի սահմաններում և հայցը մերժվել է՝ կողմերի միջև վարկային հարաբերությունների առկայության փաստը հիմնավորված չլինելու և հետևաբար նաև Ռոբերտ Աղաջանյանի կողմից վարկային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու և վարկային պարտավորության կետանց թույլ տված լինելու փաստերի բացակայությամբ պայմանավորված։

Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքով Բանկը պահանջել է բեկանել Դատարանի վճիռը և փոփոխել՝ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության՝ բողոքի հիմքում դնելով այն, որ Ռոբերտ Աղաջանյանը սեփական կամքի արտահայտմամբ ստացել, տնօրինել ու տիրապետել է վարկային գծի շրջանակներում տրամադրված վարկի գումարները, և որևէ առարկություն չի ներկայացրել Բանկին, ինչը նշանակում է, որ պատասխանողի կամքն ուղղված է եղել Բանկի հետ վարկային պայմանագրի կնքմանն ու վարկային իրավահարաբերությունների առաջացմանը։

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործի փաստերի նկատմամբ կիրառելի են անհիմն հարստացման արդյունքում ձեռք բերողի կողմից ստացված գումարները տուժողին վերադարձնելու կանոնները։ Այսինքն, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ անկախ Բանկի և Ռոբերտ Աղաջանյանի միջև վարկային իրավահարաբերությունների հետ կապված հարաբերություններ ձևավորված լինելու փաստի վիճելի լինելու հանգամանքից, Ռոբերտ Աղաջանյանը Բանկից փաստացի ստացել է դրամական միջոցներ, տնօրինել ու տիրապետել է դրանք, հետևաբար գործի փաստերի նկատմամբ կիրառելի է համարել անհիմն հարստացման վերաբերյալ համապատասխան կարգավորումներ՝ այն դեպքում, երբ հայցվորը տնօրինչականության սկզբունքի ուժով ի սկզբանե որպես հայցի իրավական հիմք նշել է պայմանագրային հարաբերություններից բխող պարտավորաիրավական հարաբերությունները կարգավորող իրավանորմերը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներից։ Մասնավորապես, տվյալ դեպքում վերաքննիչ բողոքի հիմքը վերաբերել է Բանկի նկատմամբ պատասխանողի կողմից վարկային պարտավորություններ ունենալուն, ուստի Վերաքննիչ դատարանը պետք է քններ բողոքը՝ հաստատելով կամ հերքելով դրա առկայությունը։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայել է Դատարանի կողմից վիճելի իրավահարաբերության նկատմամբ ենթադրյալ կիրառելի իրավական նորմը սխալ կիրառելու տեսանկյունից՝ անտեսելով, որ բողոքաբերի ներկայացրած վերաքննիչ բողոքով չի վիճարկվել Դատարանի կողմից վիճելի իրավահարաբերության նկատմամբ ենթադրյալ կիրառելի իրավական նորմը չկիրառելու հանգամանքը՝ այդպիսով դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակից և, փաստորեն, իրականացնելով գործի ըստ էության և լրիվ ծավալով քննություն, ինչն անհամատեղելի է մրցակցության սկզբունքի և դրանից բխող՝ սահմանափակ վերանայման ինստիտուտի հետ։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանին վերագրվող դատավարական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, և վճռաբեկ բողոքի հիմքերը գնահատում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։ Միաժամանակ, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանն ըստ էության չի քննել վերաքննիչ բողոքը, և առկա է վերաքննիչ բողոքի նոր քննության անհրաժեշտություն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30042024 թվականի որոշումն ու գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________________ 

1 Առկա է անձնական տվյալ

2 Առկա է անձնական տվյալ

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական: