ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/1836/02/20 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/1836/02/20 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագա հող և զեկուցող |
Գ. Հակոբյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | ||
|
Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի հուլիսի 21-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հարություն Ադամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.09.2025 թվականի որոշման դեմ` ըստ Ամալյա Մարտիրոսյանի հայցի ընդդեմ Ղազար, Մարիամ, Հարություն և Հռիփսիմե Ադամյանների ու Մխիթար Վարդանյանի՝ ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ամալյա Մարտիրոսյանը պահանջել է ***********1 գտնվող գյուղնշանակության հողամասից և բնակարանից առանձնացնել Մխիթար Վարդանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 1/5 բաժինը` դրա վրա դատարանի վճռով սահմանված բռնագանձումը տարածելու համար, իսկ բաժինն առանձնացնելու անհնարինության դեպքում գույքը վաճառել հրապարակային սակարկություններով՝ բռնագանձումը տարածելով Մխիթար Վարդանյանի բաժնի վրա:
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15.11.2024 թվականի վճռով Մարիամ Ադամյանի դեմ ուղղված պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է. մնացած մասով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.09.2025 թվականի որոշմամբ Հարություն Ադամյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.11.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հարություն Ադամյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 1-ին ու 6‑րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ և 99-րդ հոդվածները:
Սույն գործի շրջանակներում բոլոր ծանուցումները Դատարանի կողմից իրեն ուղարկվել են *********************2 հասցեով, որը չի հանդիսանում ո´չ իր հաշվառման, ո´չ էլ իր բնակության հասցեն։ Ավելին՝ ինքը հաշվառված է և բնակվում է ******************3 հասցեում։ Արդյունքում, ծանուցված չլինելով իր վերաբերյալ դատական գործով նիստերի վայրի և ժամանակի մասին, զրկվել է արդար դատաքննության իրավունքից ու լսված լինելու իրավունքից։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը պահանջում է դատական ծանուցագիրը, ի թիվս այլնի, ուղարկել նաև ֆիզիկական անձի հաշվառման հասցեով։ Այդ դեպքում է, որ դատարանի կողմից հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում դատական ծանուցագիրը և փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը տեղադրելը կարող է իրավական ուժ ունենալ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ծանուցումներն ուղարկվել են բացառապես Արարատ համայնքի ղեկավարին, իսկ Արմաշ բնակավայրի վարչական ղեկավարին որևէ ծանուցում Դատարանի կողմից չի ուղարկվել։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքը զրկված է եղել իր դիրքորոշումը Դատարան ներկայացնելու հնարավորությունից, քանի որ տեղեկացված չի եղել դատական նիստի վայրի և ժամանակի մասին, դատական ծանուցագրեր չի ստացել, դատարանի ծանուցումներն ուղարկվել են *******************4 հասցեով, որտեղ ինքը երբեք հաշվառված չի եղել և չի բնակվել:
Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու պարագայում ինքը հնարավորություն կունենա դատարանին հայտնելու, որ ցանկանում է գնել պարտապանի բաժինն ու կկարողանա պաշտպանել իր սեփականության իրավունքը։ Ընդ որում, նշված դեպքում հայցվորի իրավունքները չեն խախտվում և վերջինս հնարավորություն կստանա պարտապանի բաժնի վաճառքից ստացված գումարից ավելի արագ հատուցում ստանալ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.09.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ամալյա Մարտիրոսյանի կողմից ներկայացված հայցադիմումում որպես պատասխանող Հարություն Ադամյանի հասցե (նշված չէ՝ հաշվառմա՞ն, թե՞ բնակության վայրի) նշվել է ***********5 (հատոր 1-ին, գ.թ. 41-45)․
2) վերը նշված հասցեով Հարություն Ադամյանին ուղարկված համապատասխան դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցումները, մի դեպքում վերադարձվել են «տեղափոխված» նշումով, մյուս դեպքում՝ «անհայտ» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 68-71, հատոր 2-րդ, գ.թ. 37-39, հատոր 3-րդ, գ.թ. 21-23, հատոր 4-րդ, գ.թ. 11-13, 23, 24, 104-106, հատոր 5-րդ, գ.թ. 22-24).
3) Դատարանը վերը նշված դատավարական փաստաթղթերն ուղարկել է Արարատ համայնքի ղեկավարին՝ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հատոր 2-րդ, գ.թ. 64, 65, հատոր 3-րդ, գ.թ. 30, 31, 144, 145, հատոր 4-րդ, գ.թ. 17, 18, 81, 82, 113, 114, հատոր 5-րդ, գ.թ. 31, 32).
4) Արարատ համայնքի ղեկավարը մի դեպքում հայտնել է, որ նաև պատասխանող Հարություն Ադամյանը պատշաճ ծանուցվել է քաղաքացիական գործի վերաբերյալ, իսկ մյուս դեպքում՝ որ նաև Հարություն Ադամյանի վերաբերյալ համայնքապետարանին ոչինչ հայտնի չէ (հատոր 3-րդ, գ.թ. 32, 148, հատոր 4-րդ, գ.թ. 31, 83, 115, հատոր 5‑րդ, գ.թ. 33).
5) Դատարանը վճռում արձանագրել է, որ «սույն քաղաքացիական գործով վեճի առարկա անշարժ գույքի մյուս համասեփականատերեր Ղազար Սեդրակի Ադամյանին, Մարիամ Հովհաննեսի Ադամյանին, Հարություն Ղազարի Ադամյանին, Հռիփսիմե Ղազարի Ադամյանին գործը վարույթ ընդունելու, գործի քննությունը վերսկսելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին՝ կից դատական նիստի օրվա, ժամի վայրի մասին ծանուցմամբ, ապացուցման պարտականությունը բաշխելու մասին՝ կից դատական նիստի օրվա, ժամի վայրի մասին ծանուցմամբ, նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին՝ կից դատական նիստի օրվա, ժամի վայրի մասին ծանուցմամբ, որոշումների ստացման փաստը հաստատող հետադարձ ծանուցագրերը հետ են վերադարձել դատարան «Անհայտ» նշումներով: Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-6-րդ մասերի և 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, դատական ծանուցագրերն ուղարկվել են համապատասխան համայնքի ղեկավարին և տեղադրվել են ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Ծանուցման նշված կարգն իրականացվել է սույն քաղաքացիական գործով հրավիրված բոլոր դատական նիստերով» (հատոր 5-րդ, գ.թ. 37-64).
6) Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի Արմաշ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 27.02.2025 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ պատասխանող Հարություն Ադամյանը հաշվառված է և բնակվում է *************************6 (հատոր 6-րդ, գ.թ. 14)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային վճռով արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով (թիվ 17748/91 գանգատ) Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:
Նույն հոդվածի՝ մինչև 01.01.2026 թվականը գործած խմբագրությամբ 4-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը`
1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն.
3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով` նույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
Նույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով։
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ դատավարության մասնակիցները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են նաև դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ընդ որում, վերջիններս դատական նիստի ժամանակի և վայրի մասին որպես կանոն ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:
Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է, որ դատական ծանուցագիրը կարող է ուղարկվել կա՛մ պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, կա՛մ հանձնվել առձեռն, կա՛մ ուղարկվել էլեկտրոնային հաղորդակցության միջոցով` նույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:
Ընդ որում, դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե)։
Օրենսդիրն առանձին իրավակարգավորման է ենթարկել այն դեպքերը, երբ դատավարության մասնակիցը հրաժարվում է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվում է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստանում հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է՝ սահմանելով, որ ֆիզիկական անձի դեպքում դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով։
Դրա հետ միաժամանակ օրենսդիրը վերը նշված դեպքում դատարանի համար պարտականություն է նախատեսել դատական ծանուցագիրը տեղադրելու Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ միայն այդ գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձին համարելով ծանուցված:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են Սահմանադրությամբ երաշխավորված՝ օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, օրինակ, Արթուր Հակոբյանն ընդդեմ Անահիտ Ռկոյանի թիվ ԼԴ4/0330/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե՛ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով կայացված որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ամալյա Մարտիրոսյանի կողմից ներկայացված հայցադիմումում որպես պատասխանող Հարություն Ադամյանի հասցե (նշված չէ՝ հաշվառմա՞ն, թե՞ բնակության վայրի) նշվել է «**********************7»-ը։ Նշված հասցեով Հարություն Ադամյանին ուղարկված համապատասխան դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցումները, մի դեպքում վերադարձվել են «տեղափոխված» նշումով, մյուս դեպքում՝ «անհայտ» նշումով։
Դրանից հետո Դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը, վերը նշված դատավարական փաստաթղթերն ուղարկել է Արարատ համայնքի ղեկավարին՝ միաժամանակ դատական ծանուցագիրը նաև տեղադրելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
Ի պատասխան դրան՝ Արարատ համայնքի ղեկավարը մի դեպքում հայտնել է, որ նաև պատասխանող Հարություն Ադամյանը պատշաճ ծանուցվել է քաղաքացիական գործի վերաբերյալ, իսկ մյուս դեպքում՝ որ նաև Հարություն Ադամյանի վերաբերյալ համայնքապետարանին ոչինչ հայտնի չէ։
Դատարանն իր կողմից կայացված վճռում արձանագրել է, որ «սույն քաղաքացիական գործով վեճի առարկա անշարժ գույքի մյուս համասեփականատերեր Ղազար Սեդրակի Ադամյանին, Մարիամ Հովհաննեսի Ադամյանին, Հարություն Ղազարի Ադամյանին, Հռիփսիմե Ղազարի Ադամյանին գործը վարույթ ընդունելու, գործի քննությունը վերսկսելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին՝ կից դատական նիստի օրվա, ժամի վայրի մասին ծանուցմամբ, ապացուցման պարտականությունը բաշխելու մասին՝ կից դատական նիստի օրվա, ժամի վայրի մասին ծանուցմամբ, նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին՝ կից դատական նիստի օրվա, ժամի վայրի մասին ծանուցմամբ, որոշումների ստացման փաստը հաստատող հետադարձ ծանուցագրերը հետ են վերադարձել դատարան «Անհայտ» նշումներով: Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-6-րդ մասերի և 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, դատական ծանուցագրերն ուղարկվել են համապատասխան համայնքի ղեկավարին և տեղադրվել են ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Ծանուցման նշված կարգն իրականացվել է սույն քաղաքացիական գործով հրավիրված բոլոր դատական նիստերով»։
Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել պատասխանող Հարություն Ադամյանը՝ որպես բողոքի հիմք նշելով նաև այն, որ՝
- Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-97-րդ հոդվածները, 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը, Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը,
իսկ որպես հիմնավորում նշել է, որ՝
- Դատարանի կողմից իրեն ուղարկված ծանուցումները հետ են վերադարձվել «Տեղափոխված» և «Անհայտ» նշումներով, որից հետո ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Դատարանը պետք է դատական ծանուցագիրն ուղարկեր իր հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, ինչը սակայն չի արել,
- Դատարանը, չկարողանալով իրեն պատշաճ ծանուցել հայց ներկայացված լինելու մասին, իրեն զրկել է պարտապանի բաժինը գնելու հնարավորությունից,
- ինքը որևէ ծանուցում Դատարանի կողմից չի ստացել,
- ինքը հաշվառված է և իր ընտանիքով բնակվում է Արարատի մարզի Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի Արարատյան թիվ 15 հասցեում, մինչդեռ Դատարանը ծանուցումներն ուղարկել է սխալ հասցեով՝ Արարատի մարզ, Արարատ քաղաք, Շահումյան թիվ 69/17 հասցեով, որտեղ ինքը չի բնակվում և հաշվառված չէ,
- գործը քննվել է հավասարության սկզբունքի խախտմամբ, իրեն հնարավորություն չի տրվել կարծիք արտահայտելու։
Վերաքննիչ բողոքին պատասխանող Հարություն Ադամյանը կցել է նաև Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի Արմաշ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 27․02․2025 թվականին տրված տեղեկանքն այն մասին, որ պատասխանող Հարություն Ադամյանը հաշվառված է և բնակվում է *******************8ը։
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ «Դատարանն իրականացրել է իրավիճակից բխող՝ պատասխանողի ծանուցումն ապահովելուն ուղղված օրենքով նախատեսված բոլոր միջոցները, որպիսի պայմաններում դատավարական փաստաթղթերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով համարվում են բողոք ներկայացրած անձին հանձնված, ընդ որում նաև համայնքապետարանի կողմից նաև պատշաճ ծանուցվել է դատական գործի վերաբերյալ: Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ Դատարանը պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ ծանուցելու հիմնական՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակով գործին մասնակցող ֆիզիկական անձին ծանուցելու անհնարինության դեպքում կիրառել է նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված եղանակը, միաժամանակ 99-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ հրապարակային ծանուցում է տեղադրել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում դատավարական փատաթղթերի դեպոնացման մասին, որպիսի գործողությունները տվյալ դեպքում իրականացվել են պատշաճ: Նման պայմաններում բողոք ներկայացրած անձը համարվում է օրենքի իմաստով պատշած ծանուցված, ինչով հերքվում է ծանուցված չլինելու վերաբերյալ բողոք ներկայացրած անձի պնդումը», Հարություն Ադամյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 15.11.2024 թվականի վճիռը թողել է անփոփոխ:
Վերը վկայակոչված իրավական ակտերի և դրանց վերաբերյալ արտահայտված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում սույն գործի փաստերի վերլուծությունից հետևում է, որ Դատարանը գործը քննել է պատասխանող Հարություն Ադամյանի բացակայությամբ այն հիմնավորմամբ, որ վերջինիս համարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի իմաստով դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված։
Ըստ էության նույն հիմնավորմամբ Վերաքննիչ դատարանը մերժել է Հարություն Ադամյանի վերաքննիչ բողոքը։
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է վերաքննիչ բողոքին կից ներկայացված՝ Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի Արմաշ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 27․02․2025 թվականին տրված տեղեկանքն այն մասին, որ պատասխանող Հարություն Ադամյանը հաշվառված է և բնակվում է ****************************9, որի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված համապատասխան ծանուցումները պետք է իրականացվեին հենց այդ հասցեն հաշվի առնելով, սակայն դրանք իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով պատասխանող Հարություն Ադամյանի հասցե չհանդիսացող Արարատի մարզի *******************10 հասցեով, որը հայցադիմումում հայցվորի կողմից նշված հասցեն է։
Ընդ որում, այս դեպքում այլևս էական չէ՝ Դատարանն այդ հասցեի վերաբերյալ տեղեկություն ունեցել է, թե՝ ոչ։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ու գործն ամբողջ ծավալով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ դատարանի եզրահանգումները:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.09.2025 թվականի որոշումն ու գործն ուղարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________
1 Առկա է անձնական տվյալ։
2 Առկա է անձնական տվյալ։
3 Առկա է անձնական տվյալ։
4 Առկա է անձնական տվյալ։
5 Առկա է անձնական տվյալ։
6 Առկա է անձնական տվյալ։
7 Առկա է անձնական տվյալ։
8 Առկա է անձնական տվյալ։
9 Առկա է անձնական տվյալ։
10 Առկա է անձնական տվյալ։
Նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|