ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0773/02/08 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0773/02/08 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան | |
|
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
|
Է. Սեդրակյան | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի հունիսի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2014 թվականի որոշման դեմ Լաուրա Արշակյանի, Ալբերտ Առուշանյանի, Սվետլանա Գևորգյանի, Էդգար, Մուրադ, Ռուսլան և Վահե Դաշտոյանների, Ալինա, Լիլիա, Մարինե ու Նաիրա Համբարձումյանների, Արծրունի և Ժորա Թորոսյանների, Հեղինե Վարդանյանի (այսուհետ նաև՝ Համահայցվորներ) բերած վճռաբեկ բողոքը քաղաքացիական գործով ըստ Համահայցվորների հայցի ընդդեմ Ֆինանսների նախարարի ու Երևանի քաղաքապետի, երրորդ անձ Անահիտ Մնացականյանի (Մելիք Գասպարյանի իրավահաջորդն է) և Ալեքս Գասպարյանի (օրինական ներկայացուցիչ Վարդուհի Մկրտչյան)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են «համապատասխանող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը պարտավորեցնել համահայցվորներից յուրաքանչյուրին վճարել երեք միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումար, որից՝ 1. երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումարը որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 05.10.2001թ. թիվ 950 որոշման 8-րդ կետի 1-ին մասով նախատեսված աջակցություն, իսկ 2. մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումարը որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 05.10.2001թ. թիվ 950 որոշման 8-րդ կետի 3-րդ մասով նախատեսված խրախուսման միջոց, և 3. մինչև սույն հայցադիմումի վերաբերյալ գործով վճռի փաստացի կատարման պահը հաշվարկված տոկոսագումարները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կիրառմամբ»։
Երևանի քաղաքացիական դատարանի 22.01.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևանի քաղաքացիական դատարանի 22.01.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 18.03.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.07.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.03.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.10.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 25.05.2026 թվականի որոշմամբ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Համահայցվորների բերած բողոքը բավարարվել է, նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.10.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն ու Վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի որոշման դեմ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ ու 13-րդ հոդվածները, Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 337-րդ և 340-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ իրենք ունեցել են և առ այսօր էլ ունեն 2 մլն-ական ՀՀ դրամի չափով փոխհատուցում ստանալու իրավունք, որը պետք է ապահովվեր պատասխանողի կողմից:
Վերաքննիչ դատարանը, կիրառելով հայցային վաղեմություն, խախտել է համաչափության սկզբունքը։
Հայցային վաղեմության ժամկետի սկիզբը հաշվարկելիս հիմք է ընդունվել 01.05.2005 թվականը, որը Մելիք Գասպարյանի սեփականության իրավունքի գրանցման պահն է, մինչդեռ անհասկանալի է այդ ժամկետն իրենց պահանջի իրավունքի հետ կապելու հանգամանքը։ Այդ ժամկետը պետք է հաշվարկվեր ոչ թե որևէ գործարքի կնքման պահից, այլ հենց այդ իրավունքի՝ իրենց մոտ ծագելու պահից՝ 01.08.2002 թվականից, որը Կառավարության թիվ 1151-Ն որոշման ուժի մեջ մտնելու օրն է, երբ իրենց գույքը հայտարարվել է իրացման գոտում գտնվող գույք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարանի 18.03.2014 թվականի վճռով հայցը մերժվել է հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով (հատոր 6-րդ, գ.թ. 13-20).
2) Վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.03.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 7-րդ, գ.թ. 77-84).
3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.10.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 8-րդ, գ.թ. 151-155).
4) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), Արշակյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 23705/15) 11.09.2025 թվականի վճռով արձանագրել է, որ՝
- «Դատարանը նկատում է, որ թեև վարչական շրջանի դատարանը համարել է, որ դիմումատուների հայցերը չունեն իրավական հիմք, վերջինս ի վերջո մերժել է դրանք հայցային վաղեմության ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու հիմքով։ Ավելին, Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշման հիմքում ընկած է եղել բացառապես վաղեմության ժամկետի խախտումը, և վերջինս չի քննել դիմումատուների բողոքի՝ հայցերի էությանն առնչվող մյուս հիմքերը։ Այսպիսով, հայցային վաղեմության ժամկետի կիրառումը փաստացի զրկել է դիմումատուներին իրենց գործի ըստ էության քննության հնարավորությունից»,
- «Սույն գործում դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմքում ընկած է եղել Քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր եռամյա վաղեմության ժամկետը։ Դիմումատուները հետևողականորեն պնդել են, որ սույն վաղեմության ժամկետը չի կիրառվում իրենց հայցերի դեպքում, որոնք հիմնված են եղել Կառավարության թիվ 950-Ն որոշման, այլ ոչ Քաղաքացիական օրենսգրքի վրա։ Հարկ է նշել, որ որոշումն ինքնին չի պարունակում վաղեմության ժամկետին առնչվող որևէ դրույթ կամ Քաղաքացիական օրենսգրքի կիրառության մասին որևէ հղում: Սակայն ո՛չ ներպետական դատարանները, ո՛չ էլ Կառավարությունը չեն տրամադրել որևէ պարզաբանում Քաղաքացիական օրենսգրքի կիրառելի լինելու վերաբերյալ՝ այսպիսով կասկածի տակ առնելով տվյալ դրույթների կիրառության կանխատեսելի լինելը»,
- «Նույնիսկ ենթադրելով, որ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված եռամյա վաղեմության ժամկետը կիրառելի է եղել, վերջինիս կիրառման եղանակը վիճարկելի է։ Ներպետական դատարանները հաշվել են վաղեմության ժամկետը 2005 թվականի մայիսի 1-ից՝ վկայակոչելով միևնույն բնակելի տարածքում գույքի ձեռքբերման որոշ պայմանագրերի 2005 թվականի ապրիլի 1-ին կնքված լինելը, ինչպես նաև անշարժ գույքի կադաստրում դրանց գրանցման համար օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետը (տե՛ս վերևում՝ 6-րդ, 8-րդ և 10-րդ պարբերությունները): Սակայն հասանելի նյութերը չեն վկայում այն մասին որ առկա է որևէ կապ դիմումատուների և այդ սեփականատերերի կամ նրանց գույքի միջև՝ բացառությամբ նույն հասցեն ունենալու փաստի»,
- «Ավելին, որևէ բացատրություն չի տրվել այն առնչությամբ, թե ինչու են վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար կիրառվել հատկապես այդ պայմանագրերը՝ ի թիվս՝ 2005 թվականի ապրիլից սեպտեմբեր ամիսներին կնքված այլ պայմանագրերի: Ոչ մի բացատրություն չի տրվել նաև այն մասին, թե ինչու է դիմումատուների ենթադրյալ իրազեկվածությունն այդ պայմանագրերի գրանցման վերաբերյալ, նույնիսկ ենթադրելով, որ այդպիսի իրազեկվածություն կարող էր լինել ներպետական օրենսդրության համաձայն, համապատասխան համարվել այն պահին, երբ նրանք պետք է իմացած լինեին իրենց իրավունքների խախտման մասին, ինչը սկիզբ կդներ Քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքին (տե՛ս վերևում նշված 8-րդ պարբերությունը)»,
- «Ավելին, դատարանները, ըստ երևույթին, ենթադրել են, որ գրանցումը պետք է տեղի ունենար մինչև 2005 թվականի մայիսի 1-ը՝ առանց գրանցման փաստացի ամսաթիվը հաստատող ուղղակի ապացույցների: Այդպիսի պայմաններում ողջամտորեն չէր կարելի ակնկալել, որ դիմումատուները կարող էին տեղյակ լինել այդ պայմանագրերի կամ դրանց պետական գրանցման մասին, առավել ևս, կանխատեսել, որ դրանք օգտագործվելու են վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար»,
- «Վերոնշյալը հաշվի առնելով՝ Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուների հայցերի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի կիրառումն անկանխատեսելի է եղել և համարվել է անհամաչափ սահմանափակում, որը խաթարել է դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը»,
- «Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում» (հիմք՝ Եվրոպական դատարանի՝ Արշակյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 23705/15) 11.09.2025 թվականի վճիռը, որը ներկայացվել է դատական ակտի վերանայման բողոքին կից)․
5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 25.05.2026 թվականի որոշմամբ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Համահայցվորների բերած բողոքը բավարարվել է, նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.10.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն ու Վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի որոշման դեմ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:
Նույն հոդվածի՝ մինչև 09.04.2018 թվականը գործած խմբագրությամբ 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը:
Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր կողմից նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը։ Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛սՌազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցային վաղեմության ժամկետը կմեկնարկի այն օրվանից, երբ շահագրգիռ անձը տիրապետի անհրաժեշտ և բավարար տեղեկությունների՝ պատշաճ հայցադիմում դատարան ներկայացնելու համար: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն այս հարցում կարևորել է կողմերի վարքագծի բացահայտումը և գնահատումը (տե՛ս «ԱԼՅԱՆՍ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած վերոհիշյալ դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվս այլնի, էական նշանակություն ունի նաև սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձն իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նաև այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար (տե՛ս «ԻՆԳՈ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են նույն Կոնվենցիայի 1-ին բաժնում:
Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որում իրենք կողմեր են:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտեին, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անհրաժեշտ համարելով անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը, արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու՝ Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը։ Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածում հստակ սահմանվել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության՝ որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե՛ս Ռեհան Թովմասյանը և Հայկ Հարությունյանն ընդդեմ «ԿԱՆԱԶ» ԲԲԸ-ի լուծարային հանձնաժողովի թիվ 07-3080 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.03.2017 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 18.03.2014 թվականի վճռով հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «ներկայացված պահանջի նկատմամբ կիրառելի են հայցային վաղեմության ժամկետները, քանի որ համահայցվորների կողմից բաց է թողնվել պահանջի հայցային վաղեմության ժամկետները հետևյալ պատճառաբանությամբ՝ Ինչպես նշվեց, հայցադիմումը ներկայացվել է 01.07.2008թ.։ Բացի այդ, ******************1 հասցեում գտնվող բնակելի տարածքի իրացմանը վերաբերող պայմանագրերը կնքվել են 01.04.2005թ., որոնց պետական գրանցման համար «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում սահմանված է 30-օրյա ժամկետ, նույն օրենքի 14 հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք գույքի գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ համարվում են տեղեկացված՝ անկախ նրանից՝ իրականում տեղյակ էին նրանք այդ իրավունքների և սահմանափակումների մասին, թե ոչ, իսկ գործում առկա ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի տեղեկանքների համաձայն նշված տարածքը պատկանում է սեփականության իրավունքով Մելիք Գասպարյանին՝ այսինքն՝ տեղի է ունեցել իրավունքների պետական գրանցում, հետևաբար համահայցվորների պահանջի իրավունքը ծագել է՝ ամենաուշը՝ 01.05.2005թ. և դադարել է 01.05.2008թ.՝ օրենքով նախատեսված հայցային վաղեմության ընդհանուր եռամսյա ժամկետը լրանալու հետևանքով»։
Վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.03.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ այն պատճառաբանությամբ, որ «Տվյալ դեպքում բողոք բերած անձինք ենթադրյալ իրավունքի խախտման մասին իմացել են կամ պետք է իմացած լինեին 01.04.2005 թվականին, երբ ******************2 հասցեում գտնվող բնակելի տարածքի իրացման վերաբերող պայմանագրերը կնքվել են։ (…) Մելիք Գասպարյանի կողմից 01.04.2005 թվականին իրացմանը վերաբերող պայմանագրերը կնքելուց հետո, վերջինիս կողմից կատարվել է իրավունքների պետական գրանցում, ինչը բավարար է արձանագրելու, որ հայցվորների դատական պաշտպանության ժամանակահատվածի` հայցային վաղեմության ժամկետի սկիզբ է համարվում 01.05.2005 թվականը, քանի որ վերոգրյալ իրավանորմի իմաստով հայցվորները համարվում են տեղեկացված պետական գրանցման մասին, ինչը նաև նշանակում է, որ հայցվորները տեղյակ էին իրենց ենթադրյալ իրավունքի խախտման մասին: Նշվածից ելնելով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցային վաղեմության սկիզբ է համարվում 01.05.2005 թվականը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցային վաղեմության ընդհանուր կանոնների կիրառմամբ, այդ ժամկետի ավարտ է հանդիսացել 01.05.2008 թվականը:
Վերոգրյալից ելնելով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ երկու դեպքում էլ (պայմանագրի կնքում` 01.04.2005 թվական, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում` 01.05.2005 թվական) հայցվորները բաց են թողել օրենքով սահմանված եռամյա ժամկետը, որպիսի պայմաններում Դատարանի կողմից հայցվորների ներկայացված պահանջը հայցային վաղեմության կիրառմամբ մերժելը հիմնավորված է և բխում է գործով հաստատված փաստական հանգամանքներից և համապատասխան օրենսդրական կարգավորումներից: Վերաքննիչ դատարանի նման եզրահանգման հիմքում ընկած է նաև սույն քաղաքացիական գործում առկա ՀՀ Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի 13.10.2005 թվականի թիվ 38/01-Ա43 գրությունը, որի համաձայն` «ՀՀ Նախագահին հասցեագրված 30.03.2005 թվականի դիմումը քննարկվել է: Նկատի ունենալով, որ մինչ այժմ Ձեր հարցը լուծում չի ստացել կրկին կառուցապատողի` Մ.Գասպարյանի առջև հարց է բարձրացվել սահմանված կարգով քննարկել Ձեր դիմումը և տալ համապատասխան լուծում»: Այսինքն սույն գրության ուսումնասիրությունից ևս պարզ է դառնում, որ բողոք բերած անձինք դեռևս 30.03.2005 թվականին սույն հարցով դիմել են ՀՀ նախագահին և ակնհայտ է, որ բաց են թողել հայցային վաղեմության ժամկետը»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.10.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Եվրոպական դատարանը, Արշակյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 23705/15) 11.09.2025 թվականի վճռով արձանագրել է, որ՝
- «Դատարանը նկատում է, որ թեև վարչական շրջանի դատարանը համարել է, որ դիմումատուների հայցերը չունեն իրավական հիմք, վերջինս ի վերջո մերժել է դրանք հայցային վաղեմության ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու հիմքով։ Ավելին, Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշման հիմքում ընկած է եղել բացառապես վաղեմության ժամկետի խախտումը, և վերջինս չի քննել դիմումատուների բողոքի՝ հայցերի էությանն առնչվող մյուս հիմքերը։ Այսպիսով, հայցային վաղեմության ժամկետի կիրառումը փաստացի զրկել է դիմումատուներին իրենց գործի ըստ էության քննության հնարավորությունից»,
- «Սույն գործում դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմքում ընկած է եղել Քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր եռամյա վաղեմության ժամկետը։ Դիմումատուները հետևողականորեն պնդել են, որ սույն վաղեմության ժամկետը չի կիրառվում իրենց հայցերի դեպքում, որոնք հիմնված են եղել Կառավարության թիվ 950-Ն որոշման, այլ ոչ Քաղաքացիական օրենսգրքի վրա։ Հարկ է նշել, որ որոշումն ինքնին չի պարունակում վաղեմության ժամկետին առնչվող որևէ դրույթ կամ Քաղաքացիական օրենսգրքի կիրառության մասին որևէ հղում: Սակայն ո՛չ ներպետական դատարանները, ո՛չ էլ Կառավարությունը չեն տրամադրել որևէ պարզաբանում Քաղաքացիական օրենսգրքի կիրառելի լինելու վերաբերյալ՝ այսպիսով կասկածի տակ առնելով տվյալ դրույթների կիրառության կանխատեսելի լինելը»,
- «Նույնիսկ ենթադրելով, որ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված եռամյա վաղեմության ժամկետը կիրառելի է եղել, վերջինիս կիրառման եղանակը վիճարկելի է։ Ներպետական դատարանները հաշվել են վաղեմության ժամկետը 2005 թվականի մայիսի 1-ից՝ վկայակոչելով միևնույն բնակելի տարածքում գույքի ձեռքբերման որոշ պայմանագրերի 2005 թվականի ապրիլի 1-ին կնքված լինելը, ինչպես նաև անշարժ գույքի կադաստրում դրանց գրանցման համար օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետը (տե՛ս վերևում՝ 6-րդ, 8-րդ և 10-րդ պարբերությունները): Սակայն հասանելի նյութերը չեն վկայում այն մասին որ առկա է որևէ կապ դիմումատուների և այդ սեփականատերերի կամ նրանց գույքի միջև՝ բացառությամբ նույն հասցեն ունենալու փաստի»,
- «Ավելին, որևէ բացատրություն չի տրվել այն առնչությամբ, թե ինչու են վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար կիրառվել հատկապես այդ պայմանագրերը՝ ի թիվս՝ 2005 թվականի ապրիլից սեպտեմբեր ամիսներին կնքված այլ պայմանագրերի: Ոչ մի բացատրություն չի տրվել նաև այն մասին, թե ինչու է դիմումատուների ենթադրյալ իրազեկվածությունն այդ պայմանագրերի գրանցման վերաբերյալ, նույնիսկ ենթադրելով, որ այդպիսի իրազեկվածություն կարող էր լինել ներպետական օրենսդրության համաձայն, համապատասխան համարվել այն պահին, երբ նրանք պետք է իմացած լինեին իրենց իրավունքների խախտման մասին, ինչը սկիզբ կդներ Քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքին (տե՛ս վերևում նշված 8-րդ պարբերությունը)»,
- «Ավելին, դատարանները, ըստ երևույթին, ենթադրել են, որ գրանցումը պետք է տեղի ունենար մինչև 2005 թվականի մայիսի 1-ը՝ առանց գրանցման փաստացի ամսաթիվը հաստատող ուղղակի ապացույցների: Այդպիսի պայմաններում ողջամտորեն չէր կարելի ակնկալել, որ դիմումատուները կարող էին տեղյակ լինել այդ պայմանագրերի կամ դրանց պետական գրանցման մասին, առավել ևս, կանխատեսել, որ դրանք օգտագործվելու են վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար»,
- «Վերոնշյալը հաշվի առնելով՝ Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուների հայցերի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի կիրառումն անկանխատեսելի է եղել և համարվել է անհամաչափ սահմանափակում, որը խաթարել է դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը»,
- «Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում»։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 25.05.2026 թվականի որոշմամբ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Համահայցվորների բերած բողոքը բավարարվել է, նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.10.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն ու Վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի որոշման դեմ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ։
Եվրոպական դատարանի վերը նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների, վերը նշված իրավական նորմերի և դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին, նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 25.05.2026 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.10.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով արդեն իսկ վերանայվել է, ու թիվ ԵՔԴ/0773/02/08 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի որոշման դեմ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ կապված Դատարանի կողմից հայցային վաղեմություն կիրառելը հիմնավոր համարելու հետ, անհիմն են, որպիսի պայմաններում անհրաժեշտ է սույն գործով իրականացնել գործի նոր քննություն:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________
1 Առկա է անձնական տվյալ։
2 Առկա է անձնական տվյալ։
Նախագահող և զեկուցող Գ. հակոբյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ Ա. Մկրտչյան Է. Սեդրակյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական: