ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վճռաբեկ դատարանիքաղաքացիական պալատի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6908/02/18 2026 թ. |
| Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6908/02/18 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
Նախագա հող և զեկուցող |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | ||
|
Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի մարտի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.08.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Անդրանիկ Մանուկյանի և վերջինիս ներկայացուցիչ Առնոլդ Վարդանյանի բողոքները քաղաքացիական գործով ըստ Լևոն Օրդուխանյանի (Հմայակ Հարությունյանի իրավահաջորդն է) հայցի ընդդեմ «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի, Արտավազդ Այվազյանի, Արեգ Օհանջանյանի, Անդրանիկ Մանուկյանի և Մանուշակ Կավիցյանի, երրորդ անձ Կադաստրի կոմիտեի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ու ըստ Անդրանիկ Մանուկյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Լևոն Օրդուխանյանի, երրորդ անձինք Մանուշակ Կավիցյանի և «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի՝ վտարելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հմայակ Հարությունյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը *** ** ****1 հողի նկատմամբ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Անդրանիկ Մանուկյանը պահանջել է *** ****2 գտնվող անշարժ գույքից վտարել Հմայակ Հարությունյանին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 19.04.2023 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.03.2024 թվականին որոշել է. «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարել: Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 19.04.2023 թվականի թիվ ԵԴ/6908/02/18 վճիռը մասնակիորեն՝ հայցը մերժելու մասով բեկանել և փոփոխել, այն է՝ ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչել Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքը **** **** ****3 հասցեում գտնվող 51,62քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Վճիռը մնացած մասով թողնել անփոփոխ»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.08.2024 թվականի որոշմամբ Անդրանիկ Մանուկյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Դատավոր Էդ. Սեդրակյանը հայտնել է հատուկ կարծիք։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.08.2024 թվականի որոշմամբ Անդրանիկ Մանուկյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Դատավոր Էդ. Սեդրակյանը հայտնել է հատուկ կարծիք։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.08.2024 թվականի որոշմամբ Մանուշակ Կավիցյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Դատավոր Էդ. Սեդրակյանը հայտնել է հատուկ կարծիք։
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոքներ են ներկայացրել Անդրանիկ Մանուկյանը և վերջինիս ներկայացուցիչ Առնոլդ Վարդանյանը։
Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի պատասխան է ներկայացրել Լևոն Օրդուխանյանը (ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյան):
2. Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանքի շարադրանքը, հիմնավորումը և պահանջը
Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքները քննվում են հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով
Սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսվածնոր հանգամանք:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.
Սահմանադրական դատարանի 01.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1789 որոշումը սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.08.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վերանայման հիմք է, քանի որ վերը նշված որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը և 397-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ ձեռքբերման վաղեմության իրավահարաբերությունների դեպքում դատավարական իրավահաջորդության փաստով չեն կարող փոխանցվել փոխանցման պահին գոյություն չունեցող նյութական իրավունքները և պահանջները:
Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը 01.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1789 որոշմամբ արձանագրել է, որ դիմողի սեփականազրկումը տեղի է ունեցել վիճարկվող դրույթներին տրված՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ «օրենքով սահմանված դեպքերի» պայմանին հակասող մեկնաբանության արդյունքում, հաշվի առնելով այն փաստը, որ պահանջի զիջման գործարքը (ցեսիան) կնքելու պահին բացակայել է այդ գործարքի կնքման, այն է՝ մասնակի իրավահաջորդության՝ օրենքով սահմանված պարտադիր պայմանը՝ պահանջի կամ իրավունքի առկայությունը։
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վիճարկվող հիմնական իրավադրույթների, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից փաստացի տիրապետման իրավահաջորդություն հնարավոր չէ, քանի որ այն ոչ թե իրավունք է, այլ փաստ, իրավիճակ, որը որոշակի պայմանների համակցությամբ ձևավորում է իրավունքի ճանաչմանը հավակնելու հնարավորություն: Այսինքն՝ նշված հոդվածի տեսանկյունից առկա չէ պարտավորական կամ այլ իրավունք, որը կարող է զիջվել կամ փոխանցվել մասնակի իրավահաջորդության այլ եղանակով, ինչի արդյունքում ներկայացված ցեսիայի պայմանագիրը ձևական առումով կարող էր գնահատվել միայն դատավարական իմաստով իրավահաջորդության հիմք, սակայն նյութական-իրավական առումով իրավահաջորդություն առկա չէ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «Վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ և բավարարել այն։ Որպես նոր հանգամանք՝ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ ՍԴՈ-1789 որոշման հիմքով վերանայել թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի օգոստոսի 21-ի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը։ Վերանայման արդյունքում բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 2024 թվականի մարտի 29-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2023 թվականի ապրիլի 19-ի վճռին՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ ՍԴՈ-1789 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև սույն վճռաբեկ բողոքում ներկայացված հիմնավորումները»։
2.1 Լևոն Օրդուխանյանի կողմից ներկայացված բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները
Սահմանադրական դատարանն անտեսել է սույն գործով առկա և դատարանների կողմից հաստատված փաստերը, որոնք վճռորոշ են եղել քաղաքացիաիրավական վեճի ելքի համար։ Հմայակ Հարությունյանը դեռևս 2010 թվականին դիմել է Երևանի քաղաքապետին տիրապետվող տան և դրանով զբաղեցված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով, որը բավարարվել է Երևանի քաղաքապետի 08.07.2010 թվականի թիվ 3027-Ա որոշմամբ և ճանաչվել է իր սեփականության իրավունքը: Այս հանգամանքը Վերաքննիչ դատարանի կողմից քննարկվել և դրվել է որոշման հիմքում: Հատկանշական է, որ Երևանի քաղաքապետի 08.07.2010 թվականի թիվ 3027-Ա որոշումը, որպես վարչական ակտ, վիճարկվել է Անդրանիկ Մանուկյանի կողմից թիվ ՎԴ/9338/05/18 վարչական գործի շրջանակներում, որի առնչությամբ, Վարչական դատարանը 23.10.2020 թվականին կայացրել է վճիռ՝ հայցը մերժելու մասին, իսկ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 14.10.2021 թվականի որոշմամբ մերժել է 23.10.2020 թվականի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը: Նույն գործով, ՀՀ վճռաբեկ դատարանը 16.03.2022 թվականին որոշել է մերժել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել: Այսինքն՝ վեճի համար նշանակություն ունեցող կարևորագույն փաստը, որը հիմք է հանդիսացել Հմայակ Հարությունյանի սեփականության իրավունքի ամրագրման համար հաստատված է համարվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը, Անդրանիկ Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժելով, հաստատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման օրինականությունը: Ավելին, մեկ այլ դատական ընթացակարգով, այս կարևոր փաստի վիճարկումն արդեն իսկ արդյունք չի տվել և հաստատվել է Երևանի քաղաքապետի որոշման իրավաչափությունն ու ըստ այդմ նաև դրա հետևանքների առաջացումը:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված հետևանքները սույն դեպքում ընդհանրապես կիրառելի չեն, քանի որ Սահմանադրական դատարանը ձեռքբերման վաղեմության ինստիտուտի վերաբերյալ մեկնաբանություն տրամադրելիս և քաղաքացիաիրավական վեճի եզրահանգումը «գնահատելիս» չի անդրադարձել կարևոր հանգամանքի և խեղաթյուրել է գործով փաստերը, հետևաբար 01.07.2025 թվականի որոշումը օբյեկտիվ ուսումնասիրության արդյունք չէ, իսկ դրա հետևանքները օբյեկտիվ և օրինական չեն: Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետի 08.07.2010 թվականի թիվ 3027-Ա որոշմամբ Հմայակ Հարությունյանի սեփականության իրավունքի ճանաչման փաստը Սահմանադրական դատարանի որոշման մեջ ներառելն ու ըստ այդմ օրենսդրությունը մեկնաբանելը հանգեցնելու էր Սահմանադրական դատարանի կողմից այլ եզրահանգման: Իսկ նման պայմաններում, երբ բարձրագույն սահմանադրական ատյանի կողմից առկա է գործով կարևոր փաստի անտեսում և ըստ այդմ խեղաթյուրված փաստական հանգամանքների պայմաններում վերաբերելի օրենսդրության մեկնաբանություն, ձեռքբերման վաղեմության ինստիտուտին 01.07.2025 թվականի որոշմամբ տրված մեկնաբանությանը անդրադառնալը դառնում է ոչ նպատակահարմար և ոչ անհրաժեշտ: Սահմանադրական բարձրագույն ատյանը, վկայակոչված փաստն անտեսելով, անտեսել է նաև արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի և գրանցված սեփականության իրավունքի հանգամանքը, ըստ այդմ ստեղծելով իրավական կազուս և Հմայակ Հարությունյանի, հետագայում նաև Լևոն Օրդուխանյանի օրինական շահերի ու հիմնարար իրավունքների համար ստեղծել անհիմն ռիսկեր:
Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործի վերանայումը հիմք է դնելու այս անօրինական գործընթացի շարունակությանը, ավելին, խոցելի է դարձնելու ինչպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանին ինքնին, քանի որ Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում ուժի մեջ մտած դատական ակտը դառնում է վիճարկելի՝ խախտելով դատական համակարգի բնականոն գործունեությունն ու դատարանների հեղինակությունը:
3. Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Լևոն Օրդուխանյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի, Արտավազդ Այվազյանի, Արեգ Օհանջանյանի, Անդրանիկ Մանուկյանի և Մանուշակ Կավիցյանի, երրորդ անձ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության *** *****4 հասցեում գտնվող ընդհանուր 51,62քմ մակերեսով հողի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 46-92).
2) Անդրանիկ Մանուկյանը հակընդդեմ հայց է ներկայացրել ընդդեմ Լևոն Օրդուխանյանի, երրորդ անձինք Մանուշակ Կավիցյանի և «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի՝ պահանջելով **** ****5 գտնվող անշարժ գույքից վտարել Հմայակ Հարությունյանին (հատոր 4-րդ, գ.թ․ 97-103).
3) Դատարանի 19.04.2023 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճվել է հետևյալ հիմնավորմամբ. «(...) -քննարկվող գործի շրջանակներում փաստական հիմքեր առ այն, որ Լևոն Օրդուխանյանը հանդիսանում է Հմայակ Հարությունյանը ժառանգության ուժով իրավահաջորդը, առկա չեն և չեն վկայակոչվել, հետևաբար ՔՕ 187-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման տեսանկյունից ժառանգական համապարփակ իրավահաջորդություն առկա չէ:
- ՔՕ 187-րդ հոդվածը սահմանում է առանց իրավական հիմքերի (տիտղոսի) անշարժ գույքի փաստացի տիրապետման և դրան առաջադրվող պայմանների ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորություն, որպիսի պարագայում՝ անկախ նրանից ով է պահանջում ձեռքբերման վաղեմության կիրառում, ՔՕ 187-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից պարտադիր է, որ վերջինս հանդիսանա նշված գույքի փաստացի տիրապետող, առանց որի չի կարող իրացնել սեփականության իրավունքի ճանաչման դատավարական հնարավորությունը: Նշված հանգամանքը կանխորոշում է նաև մեկ այլ տրամաբանություն, որ ՔՕ 187-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից փաստացի տիրապետման իրավահաջորդություն հնարավոր չէ, քանի որ այն իրավունք չէ, այլ փաստ, որը որոշակի պայմանների համակցությամբ ձևավորում է իրավունքի ճանաչման հնարավորություն: Այսինքն՝ ՔՕ 187-րդ հոդվածի տեսանկյունից առկա չէ պարտավորական կամ այլ իրավունք, որը կարող է զիջվել կամ փոխանցվել մասնակի իրավահաջորդության այլ եղանակով, ինչի արդյունքում ներկայացված ցեսիայի պայմանագիրը ձևական առումով կարող էր գնահատվել միայն դատավարական իմաստով իրավահաջորդության հիմք, սակայն նյութական–իրավական առումով իրավահաջորդություն առկա չէ: Դատարանի նշված եզրահանգումները բխում են նաև ներկայացված պայմանագրի բովանդակությունից, ըստ որի՝ Հմայակ Հապետնակի Հարությունյանը Լևոն Վալերիի Օրդուխանյանին է զիջում թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Թորոսյանի վարույթում քննվող Հմայակ Հարությունյանի հայցադիմումով ներկայացված հայցապահանջները, այլ ոչ թե նյութաիրավական իմաստով պահանջի իրավունքը, որը ՔՕ 397-րդ հոդվածի և ամբողջ պարտավորական իրավունքի ընդհանուր կարգավորումների համաձայն՝ պետք է բխի կողմերի միջև առկա պարտավորությունից և որպիսի իրավահարաբերություն կողմերի միջև առկա չէ:
Նշվածի արդյունքում Դատարանը գտնում է, որ Լևոն Օրդուխանյանը չի կարող գնահատվել որպես Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ ՔՕ 187-րդ հոդածի 2-րդ մասի կիրառման առնչությամբ, ինչը ևս անհիմն է դարձնում վերջինիս կողմից որպես Հայցվոր վեճի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջը՝ ձեռքբերման վաղեմության ուժով:
Արդյունքում, հաշվի առնելով, որ դատավարական իրավահաջորդության արդյունքում հայցվոր է հանդիսանում Լևոն Օրդուխանյանը, որի մասով եզրահանգումներն արդեն իսկ բացառում են հայցի բավարարումը նրա նկատմամբ, Դատարանը գտնում է, որ մյուս բոլոր փաստերի քննարկումը՝ ներառյալ Հմայակ Հարությունյանի կողմից վեճի առարկա գույքի նկատմամբ փաստացի վաղեմային տիրապետման և դրան ներկայացվող պայմանների առկայությունը, հանդիսանում է առարկայազուրկ և ինքնանպատակ։ (...)
«Դատարանն արձանագրում է, որ դատական նիստի շրջանակներում Հակընդդեմ հայցվոր Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է հակընդդեմ հայցից հրաժարվելու վերաբերյալ, որը Դատարանը քննարկելով 15.09.2022թ. դատական նիստում հայտարարել է, որ նշվածի արդյունքում հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճելու հարցը կլուծի եզրափակիչ դատական ակտի շրջանակներում, որի դեմ դատական նիստի մասնակիցները չառարկեցին:
(...)
հիմք ընդունելով կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև հակընդդեմ հայցվորի՝ հայցից հրաժարվելու միջնորդության առնչությամբ հետագա հրաժարման բացակայությունը, Դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցի մասով թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման» (հատոր 7-րդ, գ.թ. 47-55).
6) Վերաքննիչ դատարանի 29.03.2024 թվականի որոշմամբ Լևոն Օրդուխանյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն այն պատճառաբանությամբ, որ «(…) Դատարանը եկել է՝ հայցը մերժելու վերաբերյալ անհիմն եզրահանգման, քանի որ այդպիսիք օբյեկտիվորեն չգնահատելու արդյունքում հաստատված չի համարել այն փաստը, որ Հմայակ Հարությունյանը չհանդիսանալով վերը նշված հասցեում գտնվող պատասխանողներին պատկանող 51.62 քմ մակերեսով հողամասի սեփականատեր մի քանի տասնյակ տարիներ շարունակ բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետել է այդ հողամասը՝ որպես սեփական անշարժ գույք /հողմասի վրա առկա են Հմայակ Հարությունյանի կողմից տիրապետվող շենք շինություններ, որոնց նկատմամբ Երևանի քաղաքապետի 08.07.2010 թվականի թիվ 3027-Ա որոշմամբ ճանաչվել է նրա սեփականության իրավունքը/, ուստի հայցը հիմնավոր է և բավարարման ենթակա, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գործի դատաքննության ընթացքում վերոնշյալ ապացույցներով հաստատված փաստերը հերքող որևէ ապացույց չի ներկայացվել:
Ինչ վերաբերում է հայցվոր Հմայակ Հարությունյանի իրավահաջորդության հարցին, ապա Վերաքննիչ դատարան գտնում է, որ այն լուծվել է Դատարանի դեռևս 17.06.2020թ. որոշմամբ՝ սկզբնական հայցվոր Հմայակ Հապետնակի Հարությունյանին փոխարինելով նրա իրավահաջորդով՝ Լևոն Վալերիի Օրդուխանյանով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պահանջի զիջման պայմանագրով հայցով ներկայացված պահանջի իրավունքը զիջվել է և դրա հաշվառմամբ է լուծվել իրավահաջորդության հարցը, որպիսի որոշման դեմ շուրջ երեք տարի տևած գործի քննության ընթացքում առարկություններ չեն արձանագրվել, և նման պայմաններում Դատարանը կրկին անգամ չպետք է անդրադառնար այդ հարցի քննարկմանը»։
Արդյունքում Վերաքննիչ դատարանը 19.04.2023 թվականի վճիռը մասնակիորեն՝ հայցը մերժելու մասով բեկանել է և փոփոխել՝ ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչել է Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքը *** ****6 հողամասի նկատմամբ: Վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ (հատոր 9-րդ, գ.թ. 84-89).
7) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.08.2024 թվականին որոշմամբ Անդրանիկ Մանուկյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ - «(...) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները մասամբ հիմնավորված համարելով հանդերձ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ այդ խախտումները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չեն հանգեցրել արդարադատության բուն էության խաթարմանը» (հատոր 10-րդ, գ.թ. 123-128).
8) թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով Անդրանիկ Մանուկյանը 17.02.2025 թվականին դիմում է մուտքագրել Սահմանադրական դատարան, որի հիման վրա Սահմանադրական դատարանը 01.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1789 որոշման եզրափակիչ մասի 1-ին և 2-րդ կետերով արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը և 397-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ ձեռքբերման վաղեմության իրավահարաբերությունների դեպքում դատավարական իրավահաջորդության փաստով չեն կարող փոխանցվել փոխանցման պահին գոյություն չունեցող նյութական իրավունքները և պահանջները։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը և 397-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ու նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքների նույնաբովանդակ լինելն ու դրանցում բարձրացված իրավական խնդիրները, նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել (...) Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ կամ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերում այլ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից։
Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքով կարող են վերանայվել նաև Վճռաբեկ դատարանի որոշումները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայում է Վճռաբեկ դատարանը՝ ինչպես գործին մասնակցող անձանց, այնպես էլ՝ նրանց իրավահաջորդների բողոքի հիման վրա, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։
Օրենսդիրը որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու համար անհրաժեշտ պայման է նախատեսել Սահմանադրական դատարանի կողմից տվյալ կամ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերում այլ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելը, կամ այդ դրույթը թեկուզև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելն այն դեպքում, երբ բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ որոշման եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Միևնույն ժամանակ վերը նշված հիմքով դատական ակտը վերանայելու համար օրենսդիրը նախատեսել է եռամսյա ժամկետ՝ դրա հաշվարկի սկիզբը համարելով Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրը։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`
- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,
- տվյալ կամ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերում այլ քաղաքացիական գործով կայացված դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ Սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող ու միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,
- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ Սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:
Սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական ու (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ցանկացած վերանայում դրանց կայունության և անփոփոխելիության, կամ որ այն է՝ իրավական որոշակիության (res judicata) սկզբունքի խախտում է: Մինչդեռ օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, երբ առկա են res judicata սկզբունքի հանդեպ գերակա հանգամանքներ, այդ սկզբունքից շեղվելը և օրինական ուժի մեջ մտած ակտերը վերանայելն արդարացված է՝ պայմանով, որ այդ վերանայումը հետապնդի դատական էական սխալներն ուղղելու, արդարադատության չարաշահումները վերացնելու նպատակ։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Լևոն Օրդուխանյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի, Արտավազդ Այվազյանի, Արեգ Օհանջանյանի, Անդրանիկ Մանուկյանի և Մանուշակ Կավիցյանի, երրորդ անձ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը **** *****7 հասցեում գտնվող ընդհանուր 51,62քմ մակերեսով հողի նկատմամբ։
Անդրանիկ Մանուկյանը հակընդդեմ հայց է ներկայացրել ընդդեմ Լևոն Օրդուխանյանի, երրորդ անձինք Մանուշակ Կավիցյանի և «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի՝ պահանջելով *** ****8 գույքից վտարել Հմայակ Հարությունյանին։
Դատարանի 19.04.2023 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճվել է այն հիմնավորմամբ, որ «(...) -քննարկվող գործի շրջանակներում փաստական հիմքեր առ այն, որ Լևոն Օրդուխանյանը հանդիսանում է Հմայակ Հարությունյանը ժառանգության ուժով իրավահաջորդը, առկա չեն և չեն վկայակոչվել, հետևաբար ՔՕ 187-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման տեսանկյունից ժառանգական համապարփակ իրավահաջորդություն առկա չէ:
- ՔՕ 187-րդ հոդվածը սահմանում է առանց իրավական հիմքերի (տիտղոսի) անշարժ գույքի փաստացի տիրապետման և դրան առաջադրվող պայմանների ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորություն, որպիսի պարագայում՝ անկախ նրանից ով է պահանջում ձեռքբերման վաղեմության կիրառում, ՔՕ 187-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից պարտադիր է, որ վերջինս հանդիսանա նշված գույքի փաստացի տիրապետող, առանց որի չի կարող իրացնել սեփականության իրավունքի ճանաչման դատավարական հնարավորությունը: Նշված հանգամանքը կանխորոշում է նաև մեկ այլ տրամաբանություն, որ ՔՕ 187-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից փաստացի տիրապետման իրավահաջորդություն հնարավոր չէ, քանի որ այն իրավունք չէ, այլ փաստ, որը որոշակի պայմանների համակցությամբ ձևավորում է իրավունքի ճանաչման հնարավորություն: Այսինքն՝ ՔՕ 187-րդ հոդվածի տեսանկյունից առկա չէ պարտավորական կամ այլ իրավունք, որը կարող է զիջվել կամ փոխանցվել մասնակի իրավահաջորդության այլ եղանակով, ինչի արդյունքում ներկայացված ցեսիայի պայմանագիրը ձևական առումով կարող էր գնահատվել միայն դատավարական իմաստով իրավահաջորդության հիմք, սակայն նյութական–իրավական առումով իրավահաջորդություն առկա չէ: Դատարանի նշված եզրահանգումները բխում են նաև ներկայացված պայմանագրի բովանդակությունից, ըստ որի՝ Հմայակ Հապետնակի Հարությունյանը Լևոն Վալերիի Օրդուխանյանին է զիջում թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Թորոսյանի վարույթում քննվող Հմայակ Հարությունյանի հայցադիմումով ներկայացված հայցապահանջները, այլ ոչ թե նյութաիրավական իմաստով պահանջի իրավունքը, որը ՔՕ 397-րդ հոդվածի և ամբողջ պարտավորական իրավունքի ընդհանուր կարգավորումների համաձայն՝ պետք է բխի կողմերի միջև առկա պարտավորությունից և որպիսի իրավահարաբերություն կողմերի միջև առկա չէ:
Նշվածի արդյունքում Դատարանը գտնում է, որ Լևոն Օրդուխանյանը չի կարող գնահատվել որպես Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ ՔՕ 187-րդ հոդածի 2-րդ մասի կիրառման առնչությամբ, ինչը ևս անհիմն է դարձնում վերջինիս կողմից որպես Հայցվոր վեճի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջը՝ ձեռքբերման վաղեմության ուժով:
Արդյունքում, հաշվի առնելով, որ դատավարական իրավահաջորդության արդյունքում հայցվոր է հանդիսանում Լևոն Օրդուխանյանը, որի մասով եզրահանգումներն արդեն իսկ բացառում են հայցի բավարարումը նրա նկատմամբ, Դատարանը գտնում է, որ մյուս բոլոր փաստերի քննարկումը՝ ներառյալ Հմայակ Հարությունյանի կողմից վեճի առարկա գույքի նկատմամբ փաստացի վաղեմային տիրապետման և դրան ներկայացվող պայմանների առկայությունը, հանդիսանում է առարկայազուրկ և ինքնանպատակ։ (...)
«Դատարանն արձանագրում է, որ դատական նիստի շրջանակներում Հակընդդեմ հայցվոր Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է հակընդդեմ հայցից հրաժարվելու վերաբերյալ, որը Դատարանը քննարկելով 15.09.2022թ. դատական նիստում հայտարարել է, որ նշվածի արդյունքում հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճելու հարցը կլուծի եզրափակիչ դատական ակտի շրջանակներում, որի դեմ դատական նիստի մասնակիցները չառարկեցին:
(...)
հիմք ընդունելով կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև հակընդդեմ հայցվորի՝ հայցից հրաժարվելու միջնորդության առնչությամբ հետագա հրաժարման բացակայությունը, Դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցի մասով թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման»։
Վերաքննիչ դատարանի 29.03.2024 թվականի որոշմամբ Լևոն Օրդուխանյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն այն պատճառաբանությամբ, որ «(…) Դատարանը եկել է՝ հայցը մերժելու վերաբերյալ անհիմն եզրահանգման, քանի որ այդպիսիք օբյեկտիվորեն չգնահատելու արդյունքում հաստատված չի համարել այն փաստը, որ Հմայակ Հարությունյանը չհանդիսանալով վերը նշված հասցեում գտնվող պատասխանողներին պատկանող 51.62 քմ մակերեսով հողամասի սեփականատեր մի քանի տասնյակ տարիներ շարունակ բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետել է այդ հողամասը՝ որպես սեփական անշարժ գույք /հողմասի վրա առկա են Հմայակ Հարությունյանի կողմից տիրապետվող շենք շինություններ, որոնց նկատմամբ Երևանի քաղաքապետի 08.07.2010 թվականի թիվ 3027-Ա որոշմամբ ճանաչվել է նրա սեփականության իրավունքը/, ուստի հայցը հիմնավոր է և բավարարման ենթակա, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գործի դատաքննության ընթացքում վերոնշյալ ապացույցներով հաստատված փաստերը հերքող որևէ ապացույց չի ներկայացվել:
Ինչ վերաբերում է հայցվոր Հմայակ Հարությունյանի իրավահաջորդության հարցին, ապա Վերաքննիչ դատարան գտնում է, որ այն լուծվել է Դատարանի դեռևս 17.06.2020թ. որոշմամբ՝ սկզբնական հայցվոր Հմայակ Հապետնակի Հարությունյանին փոխարինելով նրա իրավահաջորդով՝ Լևոն Վալերիի Օրդուխանյանով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պահանջի զիջման պայմանագրով հայցով ներկայացված պահանջի իրավունքը զիջվել է և դրա հաշվառմամբ է լուծվել իրավահաջորդության հարցը, որպիսի որոշման դեմ շուրջ երեք տարի տևած գործի քննության ընթացքում առարկություններ չեն արձանագրվել, և նման պայմաններում Դատարանը կրկին անգամ չպետք է անդրադառնար այդ հարցի քննարկմանը»։
Արդյունքում Վերաքննիչ դատարանը 19.04.2023 թվականի վճիռը մասնակիորեն՝ հայցը մերժելու մասով բեկանել է և փոփոխել՝ ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչել է Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքը *** *****9 հասցեում գտնվող 51,62քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.08.2024 թվականին որոշմամբ Անդրանիկ Մանուկյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ - «(...) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները մասամբ հիմնավորված համարելով հանդերձ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ այդ խախտումները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չեն հանգեցրել արդարադատության բուն էության խաթարմանը»։
Թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով Անդրանիկ Մանուկյանը 17.02.2025 թվականին դիմում է մուտքագրել Սահմանադրական դատարան, որի հիման վրա Սահմանադրական դատարանը 01.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1789 որոշման եզրափակիչ մասի մասի 1-ին և 2-րդ կետերով արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը և 397-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ ձեռքբերման վաղեմության իրավահարաբերությունների դեպքում դատավարական իրավահաջորդության փաստով չեն կարող փոխանցվել փոխանցման պահին գոյություն չունեցող նյութական իրավունքները և պահանջները։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը և 397-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։
Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքներում որպես դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանքի շարադրանքը և հիմնավորումը համադրելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.08.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի 01.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1789 որոշումը նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.08.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու հիմք, քանի որ Սահմանադրական դատարանի 01.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1789 որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը և 397-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել են նույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։
Այսպիսով, վերանայման բողոքների հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.08.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 21.08.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 29.03.2024 թվականի որոշման դեմ Անդրանիկ Մանուկյանի բերած բողոքը վարույթ ընդունելու հարցը: Անդրադառնալով նշված բողոքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով բողոքում նշված բողոքի հիմքերը և հիմնավորումները, բողոքը վարույթ ընդունելու հիմքերն ու հիմնավորումները, այն համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի պահանջներին, ուստի այն պետք է ընդունել վարույթ:
Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ, 408-րդ, 419-րդ, 426-րդ ու 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքները բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.08.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը։
2. Թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2024 թվականի որոշման դեմ Անդրանիկ Մանուկյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
__________________
1 Առկա է անձնական տվյալ։
2 Առկա է անձնական տվյալ։
3 Առկա է անձնական տվյալ։
4 Առկա է անձնական տվյալ։
5 Առկա է անձնական տվյալ։
6 Առկա է անձնական տվյալ։
7 Առկա է անձնական տվյալ։
8 Առկա է անձնական տվյալ։
9 Առկա է անձնական տվյալ։
|
Նախագա հող և զեկուցող |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
|
Ս․ ՄԵՂՐՅԱՆ | |
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|