ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ ԴԱՌՆԱԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 04.09.2026
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
28.08.2026
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2026

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«28» օգոստոսի 2026 թ.

N 104-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ ԴԱՌՆԱԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, հասարակական դիտորդ դառնալուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի իրավասությունների շրջանակը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել հասարակական դիտորդների խմբի անդամների ընտրության մրցույթի հայտի հրապարակումը նախարարության պաշտոնական կայքէջում, իսկ սույն հրամանի հավելվածում ներգրավված մյուս ստորաբաժանումներին և անձանց՝ ապահովել սույն հրամանով նախատեսված ընթացակարգերի իրականացումը:

 

2026-08-28

 

 

Ա. Թորոսյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2026 թվականի օգոստոսի 28-ի

N 104-Ն հրամանի

 

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ ԴԱՌՆԱԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից (այսուհետ` Կազմակերպություն) «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով խնամքի տրամադրման նկատմամբ հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) կողմից հասարակական մշտադիտարկում իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ներառյալ՝ մշտադիտարկման իրականացման կարգն ու դիտորդական խմբի իրավասությունները:

2. Խումբը զբաղվում է Կազմակերպությունում խնամք ստացող անձի իրավունքների ապահովման նկատմամբ մշտադիտարկմամբ ու այդ իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաև խնամքի տրամադրման օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափորոշիչների, կարգի և պայմանների պահպանման մշտադիտարկմամբ։

3. Խմբի անդամները գործում են հասարակական հիմունքներով: Խմբի գործունեության իրականացման և կազմակերպման համար՝ Խումբը և Խմբի առանձին անդամներ կարող են ֆինանսավորվել օրենքով չարգելված աղբյուրներից։

4. Խմբի գործունեության շրջանակներում Խումբն առաջնորդվում է Սահմանադրությամբ, վավերացված միջազգային պայմանագրերով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքով և այլ իրավական ակտերով, ներառյալ՝ սույն հավելվածով:

5. Խմբի գործունեության հիմնական նպատակներն են՝

1) Կազմակերպությունում հասարակական մշտադիտարկման իրականացումը՝ մարդու իրավունքների պաշտպանության ապահովվածության տեսանկյունից.

2) մարդու իրավունքների հավանական խախտումների հայտնաբերումը և բացահայտումը, ինչպես նաև խախտված իրավունքների վերականգնմանը և նման խախտումների կանխարգելմանն աջակցության ցուցաբերումը.

3) Կազմակերպությունում «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով խնամքի տրամադրման, երեխայի, տարեցի կամ հաշմանդամություն ունեցող անձի իրավունքներին ու ազատություններին վերաբերող իրավական ակտերի ուսումնասիրությունը, և ըստ անհրաժեշտության, դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ կամ նոր իրավական ակտեր ընդունելու առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին (այսուհետ՝ Նախարար).

4) երեխայի, տարեցի կամ հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական պաշտպանության բնագավառում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակային վերլուծությունների, եզրակացությունների, առաջարկությունների կազմում և ներկայացում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) մասնագիտացված ստորաբաժանումներին։

 

2. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԽՄԲԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

6. Խմբի կազմը հաստատվում է Նախարարի հրամանով՝ մրցութային կարգով ընտրված դիտորդների տվյալների հիման վրա։

7. Խմբի անդամ կարող է լինել հայերենին տիրապետող, 21 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը՝ անկախ ազգությունից, հաշմանդամությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ հանգամանքներից, որը Նախարարության կողմից մրցութային կարգով ընտրվել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ ղեկավարվելով սույն հավելվածի 9-րդ կետի պահանջներով։ Հասարակական կազմակերպությունը, որը ներկայացնելու է ներկայացուցիչ Խմբում, պետք է ունենա առնվազն երկու տարվա մասնագիտական փորձ՝ երեխայի, տարեցի կամ հաշմանդամություն ունեցող անձի հիմնահարցերին վերաբերող գործունեության ոլորտում։

8. Խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել 21-ը: Խմբի կազմում հնարավորության դեպքում պետք է ապահովված լինի երեխայի, տարեցի կամ հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների պաշտպանության ոլորտային մասնագետների հավասար ներգրավվածությունը:

9. Խմբի անդամ կարող է լինել ցանկացած մասնագիտություն ունեցող անձ, սակայն Խմբի անդամի ընտրության ժամանակ նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, սոցիալական աշխատողի, հոգեբանի, սոցիոլոգի մասնագիտություն և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձին, ինչպես նաև այն անձին կամ անձին ներկայացնող հասարակական կազմակերպությանը, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում Խմբի գործունեության նպատակներին կամ Նախարարության լիազորություններին ու խնդիրներին, մասնավորապես՝ երեխայի, տարեցի կամ հաշմանդամություն ունեցող անձի հիմնահարցերին: Սույն հավելվածի իմաստով, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ է համարվում հասարակական կազմակերպության անդամը, աշխատողը, հասարակական կազմակերպությանը ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա ծառայություն մատուցողը, ինչպես նաև հասարակական կազմակերպության կողմից լիազորված անձը:

10. Հասարակական դիտորդ դառնալու ցանկություն ունեցող անձը (այսուհետ նաև՝ դիմող) Նախարարություն ներկայացնում է գրավոր դիմում, որին կցվում է նրա անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, ինքնակենսագրությունը, կրթության մասին վկայականը կամ դիպլոմը, նրան ներկայացնող հասարակական կազմակերպության երաշխավորագիրը, այդ կազմակերպության կանոնադրությունը և գործունեության համառոտ նկարագիրը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ այլ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են նրա մասնագիտացումը, Խմբի գործունեության հիմնական նպատակներին առնչությունը կամ Խմբի անդամ դառնալու համար՝ մասնագիտական գործունեությանը կամ աշխատանքային փորձին վերաբերող էական այլ տեղեկություն։ Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն Խմբի կազմում կարող է ունենալ առավելագույնը երկու ներկայացուցիչ, որոնք երեխայի, տարեցի կամ հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների մասնագետ են։

11. Խմբի կազմում ընդգրկվելու վերաբերյալ դիմումների ներկայացման վերջնաժամկետը նշվում է մրցույթի հայտում, որը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքէջում: Մրցույթի հայտը Նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրվում է մեկ ամիս տևողությամբ:

12. Սույն հավելվածի 11-րդ կետում նշված վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում Խմբի անդամների թեկնածուների ցանկը և կից փաստաթղթերը Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը փոխանցում է մրցութային հանձնաժողովին, որը սույն հավելվածով նախատեսված ժամկետներում փաստաթղթային ստուգման և հարցազրույցի փուլերը կազմակերպելուց հետո՝ դիմողների հաստատված ցանկն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Նախարարին՝ նախապես այն համաձայնեցնելով Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների և ոլորտը համակարգող Նախարարի տեղակալի հետ։ Մրցութային հանձնաժողովի կազմը որոշում է Նախարարությունը՝ ներառելով Նախարարության չորս ներկայացուցիչ, ոլորտի փորձագետներից երկու ներկայացուցիչ, որոնք չեն ներկայացրել դիմում հասարակական դիտորդ դառնալու համար, ինչպես նաև մեկ ներկայացուցիչ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից (համաձայնությամբ):

13. Խմբի կազմում ընդգրկվելու կամ դիմումը մերժելու մասին դիմողը գրավոր տեղեկացվում է սույն հավելվածի 11-րդ կետում նշված վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից։

14. Խմբի կազմում ընդգրկվելու ցանկը ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում Նախարարը հաստատում է Խմբի անհատական կազմը։

15. Խմբի անդամն ընտրվում է երեք տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել խմբի անդամ։ Երկու ժամկետ անդամությունից հետո նույն անձը Խմբի անդամ կարող է դառնալ լիազորությունները դադարելուց երկու տարի անց:

16. Խմբի անհատական կազմը հաստատելու մասին Նախարարի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում Նախարարությունը կազմակերպում է այդ անդամների եռօրյա վերապատրաստում՝ ներգրավելով ոլորտային մասնագետների և փորձագետների, ինչպես նաև յուրաքանչյուր տարի կազմակերպում է Խմբի անդամների մեկօրյա լրացուցիչ վերապատրաստում՝ տարվա ընթացքում հայտնաբերված խնդիրների, օրենսդրության փոփոխության, միջազգային փորձի և Խմբի գործառույթների վերաբերյալ: Եռօրյա վերապատրաստումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Խմբի անդամին Նախարարության կողմից տրվում է Խմբի անդամությունը հաստատող վկայական (Ձև 1), որը նա պետք է ներկայացնի Կազմակերպությունում մշտադիտարկում իրականացնելուց առաջ և կրի իր մոտ Կազմակերպությունում գտնվելու ողջ ընթացքում։

17. Նախարարությունը Կազմակերպություններին տրամադրում է Խմբի անդամների ցուցակը, իսկ ցուցակում փոփոխություններ կատարվելու դեպքում՝ նաև այդ փոփոխությունները՝ ոչ ուշ, քան այդ ցուցակը հաստատելու կամ փոփոխությունները կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։

18. Խմբի անդամները ձայների պարզ մեծամասնությամբ Խմբի անդամների կազմից երկու տարի ժամկետով ընտրում են Խմբի նախագահ, անհրաժեշտության դեպքում՝ նաև տեղակալ կամ տեղակալներ։ Խմբի նախագահ չընտրելու դեպքում Խմբի անդամներն իրականացնում են իրենց լիազորությունները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Խմբի նախագահը (նրա բացակայության դեպքում՝ տեղակալը կամ տեղակալներից մեկը) ղեկավարում է Խմբի գործունեությունը։ Խմբի նախագահի լիազորությունների ժամկետը լրանալուց երկու շաբաթ առաջ կազմակերպվում է Խմբի նոր նախագահի ընտրությունը՝ Խմբի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

19. Հասարակական դիտորդ չի կարող լինել այն անձը, որը՝

1) ունի դատվածություն, որն օրենքով սահմանված կարգով չի մարվել կամ վերացվել, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերի.

2) դատապարտվել է մարդու, բնակչության առողջության կամ հասարակական կարգի կամ բարոյականության դեմ ուղղված ցանկացած հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարվելու կամ վերացվելու հանգամանքից.

3) ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) զրկվել է ծնողական իրավունքներից կամ սահմանափակվել է ծնողական իրավունքներում.

5) նախկինում հանդիսացել է որդեգրող և որդեգրումը դատական կարգով վերացվել է այդ անձի մեղքով.

6) լուծվել է խնամատարության պայմանագիրն այդ անձի մեղքով.

7) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառվել է որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձ.

8) հանրային ծառայող է.

9) Կազմակերպության աշխատող է կամ Կազմակերպությանը ծառայություն մատուցող անձ է․

10) ունի սույն հավելվածի 65-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկը:

20. Փաստաթղթերն ընդունելու նպատակով Նախարարության կողմից վարվում է գրանցամատյան, որտեղ նշվում են հասարակական դիտորդ դառնալու հայտ (Ձև 2) ներկայացրած անձի՝ հայտով ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերի քանակը:

21. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք ներկայացվել են փոստային առաքման մինչև սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված վերջնաժամկետը:

22. Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ դիմողը ծանուցվում է փաստաթղթերը ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

23. Խմբի կազմում նոր անդամ ընդգրկելու գործընթացը կազմակերպվում է Նախարարության կողմից՝ Խմբի կազմում 9 դիտորդից պակաս անդամների առկայության դեպքում: Խմբի կազմում նոր անդամ ընդգրկելու գործընթացը կարող է կազմակերպվել այլ դեպքերում նաև Խմբի գրավոր դիմումի հիման վրա՝ Նախարարության համաձայնությամբ:

24. Խմբի կազմում նոր անդամ ընդգրկելու համար անցկացվող մրցույթը սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ հրապարակվում է դրա մասին հայտարարություն՝ Նախարարության պաշտոնական կայքէջում:

25. Սույն հավելվածի 11-րդ և 24-րդ կետերում նշված մրցույթի հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`

1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը.

2) հայտերի ընդունման օրերը և ժամերը.

3) դիմողին ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

 

3. ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

26. Խմբի անդամի ընտրությունն իրականացվում է փուլերով: Առաջին փուլում մրցութային հանձնաժողովի կողմից ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը նախապես ներկայացված մրցույթի հայտարարությանը:

27. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում՝ դիմողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երեք աշխատանքային օր՝ համապատասխան թերությունները շտկելու համար:

28. Սույն հավելվածի 27-րդ կետում սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում՝ դիմողի ներկայացրած հայտին ընթացք չի տրվում: Մրցութային հանձնաժողովի կողմից փաստաթղթերի ստուգումն ավարտվում է փաստաթղթերը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

29. Խմբի անդամի ընտրության երկրորդ փուլը դիմողների հարցազրույցն է, որն անցկացնում է մրցութային հանձնաժողովը: Հարցազրույցը կազմակերպվում է երեխայի, տարեցի և հաշմանդամություն ունեցող անձի կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այլ անձանց իրավունքների իմացության, Նախարարության և Կազմակերպությունների լիազորությունների ու գործառույթների, դիմողի՝ այդ լիազորություններին ու գործառույթների իրականացմանն աջակցելու գիտելիքների ու հմտությունների պարզելու համար:

30. Հարցազրույցի հարցաշարը կազմվում է մրցութային հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հարցազրույցից երեք աշխատանքային օր առաջ և սույն հավելվածի 11-րդ և 24-րդ կետերում նշված հայտարարությունը Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակելուց երեք աշխատանքային օր առաջ տրամադրվում է Նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալին՝ համաձայնեցման համար:

31. Սույն հավելվածի 7-րդ, 9-րդ, 10-րդ և 19-րդ կետերով նշված պահանջներին չհամապատասխանելու դեպքում Նախարարը մրցութային հանձնաժողովի որոշման նախագիծը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն վերանայելու պահանջով վերադարձնում է մրցութային հանձնաժողովին՝ նշելով սույն հավելվածի 10-րդ կետով նշված պահանջներին անհամապատասխանությունը և սահմանելով երկու աշխատանքային օր՝ անհամապատասխանությունը շտկելու համար: Սույն կետով նախատեսված դեպքում մինչև միջնորդության մեջ նշված հանգամանքների վերացումն անձը չի կարող ընտրվել Խմբի անդամ:

32. Խմբի կազմում նոր անդամ ընդգրկելու վերաբերյալ հրապարակված հայտարարության վերջին օրվան հաջորդող օրը մրցութային հանձնաժողովը գումարում է նիստ՝ ստացված հայտերն ուսումնասիրելու համար։ Նիստը և մրցութային հանձնաժողովի աշխատանքները կարող են իրականացվել առկա կամ առցանց։

33. Մրցութային հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրում է դիմողների կողմից ներկայացված հայտերը սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված հայտարարության ժամկետի վերջին օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Մրցութային հանձնաժողովի կողմից ուսումնասիրված արդյունքները ներկայացվում են քվեարկության և հաստատման։ Սույն կետով հաստատված դիմողների համար՝ ցուցակը հաստատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպվում է հարցազրույց:

34. Հարցազրույցից առաջ մրցութային հանձնաժողովին ներկայացվում են դիմողների ամբողջական տվյալները և իրենց կարծիքը նրանց՝ որպես Խմբի անդամ ընդգրկելու վերաբերյալ։ Հարցազրույցը հաղթահարած դիտորդների ցուցակը ներկայացվում է Նախարարի հաստատման:

35. Խմբի կազմում նոր անդամի ընդգրկումն իրականացվում է մրցութային հանձնաժողովի նիստի ընթացքում քվեարկության միջոցով՝ անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Հանձնաժողովի նախագահը նոր անդամի թեկնածությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է Նախարարին՝ Խմբի անհատական կազմը հաստատելու հրամանում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու համար։

36. Խմբի կազմը հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովվում է մրցույթի արդյունքների մասին հայտարարության հրապարակումը Նախարարության պաշտոնական կայքէջում։

 

4. ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

37. Կազմակերպությունում մշտադիտարկում իրականացնելու նպատակով Խումբը՝ անկախ Խմբի կազմում հաստատված դիտորդների փաստացի թվից, կատարում է այցելություններ, օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղում է հարցադրումներ համապատասխան մարմիններին և կազմակերպություններին, առանձնազրույցներ ունենում Կազմակերպության աշխատողների, Կազմակերպությունում խնամք ստացող անձանց և նրանց ներկայացուցիչների հետ։

38. Այցելությունները կարող են լինել պլանային և ոչ պլանային: Այցելության դեպքում հասարակական դիտորդի մուտքը Կազմակերպություն կարող է արգելվել միայն օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ ներկայացնելով իրավական կարգավորումը։ Այլ հիմքերով խոչընդոտելն արգելվում է:

39. Խումբը Կազմակերպությունում իրականացնում է պլանային այցելություններ՝ իր գործունեության առաջնահերթություններին համապատասխան։

40. Խմբի անդամները մասնակցում են այցելություններին և դրանց վերաբերյալ ներկայացնում են հաշվետվություններ։ Եթե Խմբի անդամը պատշաճ կերպով չի մասնակցում Խմբի գործունեությանը, այդ թվում՝ այցելությունների իրականացմանը կամ հաշվետվությունների ներկայացմանը, Խումբը կարող է քննարկել նրա անդամությունը դադարեցնելու հարցը։ Այցելությունները կազմակերպելիս և իրականացնելիս անհրաժեշտ է բացառել Խմբի անդամի շահերի բախումը:

41. Պլանային այցելությունները հիմնականում կատարվում են աշխատանքային օրերին և ժամերին, իսկ ոչ պլանային այցելությունները կարող են կատարվել ըստ անհրաժեշտության՝ նաև ոչ աշխատանքային կամ տոն օրերին կամ ոչ աշխատանքային ժամերին։ Ոչ պլանային այցելությունը հասարակական դիտորդի կողմից պետք է լինի գրավոր պատճառաբանված և հիմնավորված, ինչը ներկայացվում է հաշվետվության մեջ կամ դրա հետ միասին։ Ոչ պլանային այցելությունները կարող են իրականացվել Կազմակերպությունում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա:

42. Յուրաքանչյուր այցելություն կատարվում է Խմբի առնվազն երկու անդամի կողմից: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ժեստերի լեզվի թարգմանչի, հոգեբանի (երեխայի դեպքում՝ մանկական հոգեբանի), հոգեբույժի կամ այլ մասնագետի մասնակցությունն այցելություններին:

43. Պլանային այցելությունները նույնպես կարող են կատարվել առանց նախապես զգուշացման` չխախտելով Կազմակերպության բնականոն գործունեությունն ու ներքին կանոնակարգը։

44. Խմբի անդամներն իրավունք ունեն անարգել այցելել Կազմակերպության ցանկացած տարածք` Կազմակերպության ներկայացուցչի ուղեկցությամբ` չխախտելով Կազմակերպության ներքին կանոնակարգը։ Եթե Կազմակերպության ներկայացուցիչը հրաժարվում է ուղեկցել Խմբի անդամներին, Խմբի անդամները Կազմակերպության տարածք կարող են մտնել առանց Կազմակերպության ներկայացուցչի ուղեկցության՝ հետագայում արձանագրելով ուղեկցությունից հրաժարման պատճառը։ Կազմակերպության պահեստ կամ խոհանոց մուտք գործելու համար Խմբի անդամը պետք է ներկայացնի սանիտարական գրքույկ:

45. Համաճարակային իրավիճակի, արտակարգ դրության պայմաններում հասարակական մշտադիտարկումն անհրաժեշտության դեպքում իրականացվում է անվտանգության միջոցների պահպանմամբ։ Մշտադիտարկման սահմանափակումը կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված դեպքերում, պատասխանատու պետական մարմնի իրավական ակտով։ Սուր վարակիչ հիվանդություն ունեցող Խմբի անդամն այցելության ընթացքում չի կարող անմիջապես շփվել Կազմակերպությունում խնամվող անձանց հետ:

46. Այցելության ընթացքում Խմբի անդամները չեն կարող իրականացնել նկարահանումներ, ձայնագրություններ կամ տեսաձայնագրություններ, բացառությամբ օրենքում ուղղակի ամրագրված դեպքերում կամ եթե նկարվող, ձայնագրվող կամ տեսաձայնագրվող բոլոր անձինք հայտնել են իրենց համաձայնությունը նկարահանում, ձայնագրություն կամ տեսաձայնագրություն կատարելու վերաբերյալ: Եթե նկարահանման, ձայնագրության կամ տեսաձայնագրության ներկա գտնվող անձն անգործունակ է, ապա նրա փոխարեն համաձայնություն հայտնում է Կազմակերպության տնօրենը կամ նրա լիազորած ներկայացուցիչը: Եթե նկարահանման, ձայնագրության կամ տեսաձայնագրության ներկա գտնվող անձն անչափահաս է, ապա նրա կարծիքը հաշվի առնելուց հետո ձայնագրությունը կամ տեսաձայնագրությունն իրականացվում է, եթե դա բխում է երեխայի լավագույն շահերից: Եթե նկարահանումը, ձայնագրումը կամ տեսաձայնագրումն իրականացվում է անձանց բացակայության պայմաններում, ապա այն թույլատրվում է՝ պահպանելով օրենքով նախատեսված գաղտնիքները: Արգելվում է Կազմակերպության աշխատողների անձնական իրերի կամ առարկաների կամ աշխատանքային ոչ պաշտոնական փաստաթղթերի նկարահանումը կամ տեսաձայնագրությունը:

47. Խմբի անդամներն իրավունք ունեն առանձնազրույց ունենալ Կազմակերպությունում խնամվող անձանց հետ՝ նրանց բանավոր համաձայնության դեպքում, անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձանց դեպքում՝ Կազմակերպության ներկայացուցչի, իսկ երեխայի դեպքում՝ Կազմակերպության մանկավարժի կամ հոգեբանի գրավոր համաձայնությամբ կամ անմիջական ներկայությամբ։ Կազմակերպության մանկավարժի կամ հոգեբանի՝ երեխայի հետ առանձնազրույցի համար գրավոր համաձայնության չտրամադրելը կամ անմիջական ներկայությամբ չկազմակերպելը պետք է լինի գրավոր՝ հիմնավորված և պատճառաբանված: Երեխայի լավագույն շահերից ելնելով՝ նրա հետ առանձնազրույցը կարող է իրականացվել Խմբի կազմում ընդգրկված կամ Խմբի կողմից հրավիրված այն հոգեբանի ներկայությամբ, որը չի հանդիսանում տվյալ Կազմակերպության աշխատող:

48. Խմբի անդամներն իրավունք ունեն ծանոթանալ Կազմակերպության փաստաթղթերի բովանդակությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում գաղտնիք հանդիսացող տեղեկատվությանը՝ Կազմակերպության պատասխանատու աշխատողի ներկայությամբ, պահպանելով Կազմակերպությունում խնամք ստացող անձանց անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը, ինչպես նաև չխախտելով Կազմակերպության կանոնադրությունը կամ օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումները։ Խմբի անդամները պարտավոր են նաև լիազորությունները դադարեցնելուց հետո պահպանել այն անձնական տվյալների գաղտնիությունը, որոնք նրանց հասանելի են դարձել հասարակական դիտորդ լինելու ընթացքում։

49. Խմբի անդամը չպետք է՝

1) օգտագործի Խմբի անդամ լինելու փաստն անձնական շահերի համար.

2) տեղեկություններ հրապարակի՝ առանց ստուգելու դրանց հիմնավորվածությունը, և խեղաթյուրի իրական փաստերը, իր վարքագծով կասկածի տակ դնի իր անաչառությունն ու օբյեկտիվությունը.

3) առանց Խմբի համաձայնության Խմբի անունից հանդես գա մամլո ասուլիսների, հանդիպումների, քննարկումների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցներով։

50. Խմբի անդամի կողմից օրենսդրությամբ նախատեսված արգելքները և սահմանափակումները չպահպանելու դեպքում նա ենթակա է վարչական կամ քրեական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:

 

5. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

51. Մշտադիտարկումն իրականացվում է Կազմակերպության այցելությունների և դրանց հիման վրա Նախարարությանը հաշվետվությունների կամ զեկույցների ներկայացման ձևով։ Հաշվետվությունների և զեկույցների միասնական ձևաչափը հաստատվում է Խմբի կողմից՝ ներառելով առնվազն տվյալների հավաքման, գնահատման և առաջարկությունների ներկայացման բաժինները։

52. Յուրաքանչյուր այցելության վերաբերյալ Խմբի՝ այցելություն կատարած բոլոր անդամների կողմից ստորագրված հաշվետվությունը ներկայացվում է Խմբի նախագահին՝ այցելությունից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Խմբի նախագահը կազմակերպում է տարեկան, ընթացիկ և հրատապ զեկույցների պատրաստման գործընթացը: Խմբի հաշվետվությունները կամ զեկույցները մինչև Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակելն ուղարկվում են Նախարարություն՝ մեկնաբանության համար, և հանրայնացվում՝ պահպանելով օրենքով նախատեսված տվյալների գաղտնիությունը։

53. Խմբի կողմից ներկայացված հաշվետվության կամ զեկույցի վերաբերյալ Նախարարությունը ներկայացնում է իր մեկնաբանությունները, այն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից, տարեկան հաշվետվության վերաբերյալ՝ մեկ ամսվա, ընթացիկ հաշվետվության կամ զեկույցի վերաբերյալ՝ քսանօրյա, իսկ հրատապ հաշվետվության կամ զեկույցի դեպքում՝ տասնօրյա ժամկետում։

54. Սույն հավելվածի 53-րդ կետում նշված մեկնաբանությունները հրապարակվում են հաշվետվության կամ զեկույցի հետ համատեղ՝ պահպանելով օրենքով նախատեսված տվյալների գաղտնիությունը։

55. Եթե մեկնաբանությունները չեն ներկայացվել սույն հավելվածի 53-րդ կետում սահմանված ժամկետներում, հաշվետվությունը կամ զեկույցը կարող է հրապարակվել առանց մեկնաբանության։

56. Հաշվետվությունը կամ զեկույցը հաստատվում է Խմբի որոշմամբ, որն ընդունվում է քվեարկությամբ՝ Խմբի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Խմբի յուրաքանչյուր անդամ պարտավոր է մասնակցել Խմբի նիստերն: Սույն կետում նշված պարտականությունը մեկ տարվա ընթացքում երկու անգամ անհարգելի պատճառով չկատարելու դեպքում Խումբը քննարկում է Խմբի անդամին անդամությունից զրկելու հարցը, և համապատասխան միջնորդությամբ դիմում է Նախարարին՝ Խմբի անդամի լիազորությունները դադարեցնելու համար։ Սույն կետում նշված պարտականությունը չկատարելը համարվում է հարգելի, եթե Խմբի նիստին անդամը չի մասնակցել իր կամ իր մերձավոր ազգականի հիվանդության, իր մերձավոր ազգականի մահվան, տեխնիկածին կամ տարերային աղետի կամ Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու պատճառով:

57. Անհրաժեշտության դեպքում Խմբի նախագահը՝ Նախարարության գրավոր միջնորդությամբ կամ Խմբի անդամների պարզ մեծամասնությամբ սեփական նախաձեռնությամբ, Խմբի գործունեության շրջանակներում մշտադիտարկման աշխատանքներին կարող է ներգրավել համապատասխան մասնագիտական ուղղվածության փորձագետների։ Խմբի միջնորդությամբ Նախարարությունը փորձագետին տալիս է ժամանակավոր անցաթուղթ՝ Կազմակերպություն այցելելու համար։ Փորձագետը Կազմակերպություն կարող է այցելել միայն Խմբի անդամների հետ և մասնակցել նիստին միայն այդ հարցի առնչությամբ իր փորձագիտական կարծիքը հայտնելու համար։ Փորձագետը պարտավոր է պահպանել օրենքով նախատեսված տվյալների գաղտնիությունը, ներառյալ՝ փորձագիտական գործունեությունն ավարտելուց հետո, ինչպես նաև նախապես հայտնել շահերի բախման հնարավոր դեպքերի մասին։

 

6. ԽՄԲԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

58. Խումբն առնվազն եռամսյակը մեկ անգամ հրավիրում և անցկացնում է նիստեր։ Նիստերը, որպես կանոն, անց են կացվում դռնփակ, իսկ Խմբի որոշմամբ կարող են կայացվել նաև դռնբաց։ Խմբի որոշմամբ նիստերին կարող է ներկա գտնվել սույն հավելվածի 57-րդ կետով սահմանված կարգով ներգրավված փորձագետը։

59. Յուրաքանչյուր նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ նիստի օրակարգը տրամադրվում է Խմբի բոլոր անդամներին։

60. Խմբի արտահերթ նիստ կարող է հրավիրել՝

1) Խմբի առնվազն երկու անդամ՝ համատեղ դիմումով.

2) Խմբի նախագահը։

61. Նիստը համարվում է կայացած, եթե ներկա է Խմբի անդամների կեսից ավելին։ Որոշման ընդունման համար անհրաժեշտ է նիստին մասնակցող Խմբի անդամների ձայների կեսից ավելին, բացառությամբ՝ Խմբի գործունեության ներքին կանոնները, էթիկայի կանոնները հաստատելու և Խմբի անդամի լիազորությունների դադարեցման համար ներկայացված միջնորդության քննարկման հետ կապված դեպքերի, որոնց համար անհրաժեշտ է նիստին մասնակցող Խմբի անդամների ձայների երկու երրորդը։

62. Ընթացիկ, տարեկան կամ հրատապ հաշվետվությունների կամ զեկույցների հաստատման որոշումը ստորագրում են Խմբի բոլոր անդամները: Եթե Խմբի որևէ անդամ համաձայն չէ հաշվետվության կամ զեկույցի կամ դրանց առանձին մասերի հետ, ապա կարող է ներկայացնել այլընտրանքային հաշվետվություն կամ զեկույց կամ տրամադրել հատուկ կարծիք՝ Խմբի կողմից հաստատված հաշվետվության կամ զեկույցի մասին։

 63. Խմբի յուրաքանչյուր նիստ արձանագրվում է Նախագահի կամ նրա կողմից լիազորված՝ Խմբի անդամի կողմից: Խմբի նիստերի արձանագրությունը հաստատվում է նիստին ներկա գտնվող անձանց ձայների պարզ մեծամասնությամբ և հանձնվում պահպանության Խմբի նախագահին: Խմբի նիստերի արձանագրությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ կոնկրետ նիստի արձանագրության առնչությամբ նիստին մասնակցող Խմբի բոլոր անդամները կողմ քվեարկեն այն հրապարակելուն: Քվեարկությամբ հրապարակման ենթակա՝ Խմբի նիստի արձանագրությունը փոխանցվում է Նախարարությանը՝ պաշտոնական կայքէջում հրապարակելու համար:

 

7. ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԽՄԲԻ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

64. Խմբի անդամի լիազորությունները դադարեցվում են Նախարարի հրամանով, եթե՝

1) լրացել է Խմբի անդամի լիազորությունների ժամկետը.

2) առկա է Խմբի կողմից Նախարարին ուղղված միջնորդություն՝ Խմբի որևէ անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ.

3) առկա է Խմբի անդամի դիմումն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ,

4) առկա է Խմբի անդամի թեկնածությունը ներկայացրած հասարակական կազմակերպության դիմումը Խմբի անդամի լիազորությունների դադարեցման կամ նրան մեկ այլ անդամով փոխարինելու վերաբերյալ.

5) առկա է սույն հավելվածի 19-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկը.

6) Խմբի անդամը երեք կամ ավելի անգամ խախտել է սույն հավելվածի 49-րդ կետով նախատեսված պայմանները՝ ցանկացած համադրությամբ․

7) Խմբի անդամի մոտ ախտորոշվել է սույն հավելվածի 65-րդ կետով նախատեսված հիվանդություններից մեկը:

65․ Խմբի անդամ դառնալուն խոչընդոտող հիվանդություններն են՝

1) քրոնիկական ալկոհոլամոլությունը, թմրամոլությունը, թունամոլությունը կամ դեղամոլությունը.

2) մաշկային վարակիչ հիվանդությունները, մասնավորապես, քոս, ոջլոտություն.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ հաստատված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունները՝ բացառությամբ մարդու իմունային անբավարարության վիրուսի վարակի և ոչ մանրէազատ տուբերկուլյոզի։

 

Ձև 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ

 

 

Լուսանկար

ՎԿԱՅԱԿԱՆ N__

 

_________________________

(անուն, ազգանուն)

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԱՆԴԱՄ

 

Ուժի մեջ է մինչև __ ___ 20__թ.

 

Նախարար`

 

Ձև 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ՝ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՈՐՊԵՍ ԱՆԴԱՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՅՏ

Անուն

        

Ազգանուն

 

Անձնագրի համար

 

Հեռախոսահամար

 

Էլեկտրոնային փոստի հասցե

 

Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ՝

1. Անձը հաստատող փաստաթուղթ (պատճեն)

2. Բարձրագույն ուսումնական հաստատության կամ մասնագիտական հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կողմից տրված ավարտական վկայական՝ դիպլոմ (պատճեն)

3. Ինքնակենսագրական

4. Երաշխավորագիր հասարակական կազմակերպության կողմից (բնօրինակ)

5․ Հասարակական կազմակերպության կանոնադրությունը (պատճեն)

6. այլ վերաբերելի փաստաթղթեր (բնօրինակ կամ պատճեն)

7. 2 լուսանկար 3*4 չափսի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 սեպտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան