ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 751-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1315-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.09.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2026 թվականի N 1315-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 751-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը սահմանելու մասին» N 751-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը «50․000 դրամ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 3․4․1-ին կետով սահմանված դեպքի» բառերով.

2) հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետը «8335 դրամից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 3․4․1-ին կետով սահմանված դեպքի» բառերով.

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․2-3․8-րդ կետերով՝

«3.2. ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումը օտարերկրյա անձին, վերջինիս նախաձեռնությամբ, կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված օպերատորի միջոցով։ Լիազորված օպերատոր կարող է հանդիսանալ հեղինակավոր օտարերկրյա կազմակերպությունը կամ վերջինիս մասնաճյուղը, պայմանով, որ տվյալ օտարերկրյա կազմակերպությունն ունի առնվազն 10 այլ պետություններում ԱԱՀ-ի գումարների վերադարձի թվային համակարգերի ներդրման և գործարկման փորձ։

3․3․ Լիազորված օպերատոր ընտրելու նպատակով լիազոր մարմինը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տասներորդ օրը իր պաշտոնական կայքում տեղադրում է լիազորված օպերատոր ներգրավելու վերաբերյալ հայտարարություն։ Որպես լիազորված օպերատորներ ընտրվում են լիազոր մարմին դիմած այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են սույն որոշման 3․2-րդ կետով սահմանված չափանիշներին։ Սույն որոշման իմաստով լիազոր մարմին է համարվում Պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ լիազոր մարմին)։

3․4․ Լիազոր մարմնի և օպերատորների միջև կնքվում է պայմանագիր, որով, ի թիվս այլ հարցերի, սահմանվում է օպերատորի՝ օտարերկրյա անձանց ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումն իրականացնելու լիազորությունը, մաքսային մարմնին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը սույն կարգի 3․5-րդ կետով սահմանված լիազորված օպերատորի թվային համակարգին հասանելիության տրամադրումը, ինչպես նաև լիազոր մարմնի և օպերատորի միջև ծագող հարաբերությունները կանոնակարգող, այդ թվում՝ օպերատորի կողմից հաշվետվություններ ներկայացնելու, օպերատորի և մաքսային մարմնի միջև տեղեկատվության փոխանակման, օպերատորի՝ պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում օպերատորի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու և վերջինիս լիազորությունները դադարեցնելու հետ կապված դրույթներ։ Ընդ որում, որպես լիազորված օպերատոր, վերջինիս լիազորությունների դադարման դեպքում լիազորված օպերատորը պարտավոր է դադարեցումից առնվազն 6 ամիս առաջ դրա մասին տեղեկացնել լիազոր մարմնին։

3․4․1․ Լիազոր մարմնի և օպերատորի միջև կնքված պայմանագրի գործողության ընթացքում սույն կարգով սահմանված՝ օտարերկրյա անձանց ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է բացառապես օպերատորի միջոցով։ Օպերատորի լիազորությունների դադարեցման դեպքում օպերատորի կողմից չվերադարձված՝ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների, ինչպես նաև օպերատորի լիազորությունների դադարեցումից հետո ներկայացված դիմումների հիման վրա վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է մաքսային մարմինների միջոցով՝ մինչև նոր օպերատորի հետ սույն կարգով նախատեսված պայմանագրի կնքումը։ Ընդ որում, լիազորված օպերատոր ընտրված լինելու դեպքում՝ օպերատորի կողմից օտարերկրյա անձանց ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է, եթե օտարերկրյա անձանց կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրացուցային օրվա ընթացքում սույն կարգով սահմանված՝ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ապրանքների) արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) կազմում է առնվազն 10.000 դրամ, իսկ ԱԱՀ-ի գումարները չեն փոխհատուցվում, եթե օտարերկրյա անձի կողմից ձեռք է բերվել ապրանք, որի դիմաց սույն կարգին համապատասխան օտարերկրյա անձին փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակաս է 1667 դրամից:

3․5․ Լիազորված օպերատորը պարտավոր է իր միջոցների հաշվին ապահովել ԱԱՀ-ի գումարների վերադարձի ամբողջական թվային համակարգի ստեղծումը, ներդրումը և անխափան գործարկումը։ Ընդ որում, թվային համակարգը պետք է ապահովի տեղեկատվության փոխանակումը հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի հետ։

3․6․ Լիազորված օպերատորը օտարերկրյա անձին ԱԱՀ-ի գումարների վերադարձ իրականացնելիս իրավունք ունի գանձել միջնորդավճար, որը չի կարող գերազանցել վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարի 25 տոկոսը։

3․7․ Յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրը լիազորված օպերատորի կողմից գրություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ տվյալ ժամանակահատվածի համար լիազորված օպերատորի կողմից օտարերկրյա անձանց վերադարձված ԱԱՀ-ի գումարների վերաբերյալ, էլեկտրոնային եղանակով՝ xls ֆայլով կցելով տեղեկությունն ըստ ԱԱՀ-ի վերադարձերի հարկային հաշիվների սերիաների և համարների: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, հավելվածի 3.5-րդ կետում նշված լիազորված օպերատորի թվային համակարգի միջոցով, իրականացնում է տվյալների համադրում, և գրությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում համադրման արդյունքում հաստատված ԱԱՀ-ի գումարների հանրագումարին համապատասխան գումարը փոխանցում է լիազորված օպերատորի բանկային հաշվին:

Լիազորված օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել սույն կարգի 3․5-րդ կետով սահմանված լիազորված օպերատորի թվային համակարգին հասանելիություն։

3․8․ Լիազորված օպերատորը պարտավոր է անհրաժեշտության դեպքում ապահովել իր գործունեության համար պահանջվող լիցենզիաների կամ թույլտվությունների ստացումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։».

4) հավելվածի 4․1-ին կետի 8-րդ ենթակետը «(VISA կամ MASTER) համարը» բառերից հետո լրացնել «, իսկ լիազորված օպերատոր ընտրված լինելու դեպքում՝ օպերատորի կողմից գումարի կանխիկ կամ անկանխիկ վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ տվյալները» բառերով.

5) հավելվածի 8-րդ կետից հանել «կամ դրամարկղի մուտքի օրդեր» բառերը.

6) հավելվածի 12-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «կամ դրամարկղի մուտքի օրդերը» բառերը.

7) հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

8) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13․1-ին կետով՝

«13․1․ Սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերը լիազորված օպերատորին ներկայացնելու դեպքում օտարերկրյա անձը այդ փաստաթղթերը տրամադրում է մաքսային մարմնին սույն կարգի 14-րդ կետով սահմանված ապրանքի առկայությունը ստուգելու նպատակով։».

9) հավելվածի 14-րդ կետը «Անհրաժեշտության դեպքում» բառերից առաջ լրացնել «Մաքսային մարմինը ստուգում է օտարերկրյա անձի մոտ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում նշված ապրանքի առկայությունը։» նախադասությամբ.

10) հավելվածի 12-րդ և 13-րդ կետերը համապատասխան հոլովաձևերով «մաքսային մարմին» բառերից հետո լրացնել «, իսկ լիազորված օպերատոր ընտրված լինելու դեպքում՝ լիազորված օպերատոր» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

11) հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16. Սույն կարգով սահմանված պայմանները բավարարելու դեպքում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակի կամ ՀԴՄ-ի հարկային հաշվի վրա մաքսային մարմնի աշխատողի կողմից կատարվում է «Ենթակա է փոխհատուցման» գրառումը՝ նշելով փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը (բառերով ու թվերով), և կնքվում է դրոշմակնիքով, որից հետո փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարի չափի վերաբերյալ տեղեկությունն ըստ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի սերիայի և համարի մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Ներկայացված բոլոր փաստաթղթերը, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նաև նստեցման կտրոնի (օդանավի անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի) պատճենը պահվում են մաքսային մարմնի մոտ, իսկ դրանցում առկա տվյալները արտացոլվում են սույն կարգի 3․5-րդ կետում նշված հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգում: Մաքսային մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրում է սույն կարգի 3․5-րդ կետում նշված հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգին հասանելիություն:

Լիազորված օպերատոր ընտրված լինելու դեպքում՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակի կամ ՀԴՄ-ի հարկային հաշվի վրա օպերատորի կողմից կատարվում է «Ենթակա է փոխհատուցման» գրառումը՝ նշելով փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը (բառերով ու թվերով), և կնքվում է դրոշմակնիքով։ Լիազորված օպերատոր ընտրված լինելու դեպքում՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ-ի հարկային հաշիվը, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նաև նստեցման կտրոնի (օդանավի անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի) պատճենը պահվում են լիազոր օպերատորի մոտ, իսկ դրանցում առկա տվյալները արտացոլվում են սույն կարգի 3․5-րդ կետով սահմանված լիազորված օպերատորի թվային համակարգում:».

12) հավելվածի 17-րդ կետը հանել.

13) հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«22. Սույն կարգի 16-րդ կետում նշված էլեկտրոնային եղանակով տեղեկությունը մաքսային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ուղարկվում յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, հավելվածի 3.5-րդ կետում նշված հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնում է էլեկտրոնային եղանակով ստացված տեղեկության տվյալների համադրում: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում նշված վճարային քարտի համարին՝ համադրման արդյունքում հաստատված գումարները ԱՄՆ դոլարով փոխանցում է ոչ ուշ, քան տեղեկություն ստանալու օրվան հաջորդող 30-րդ օրը: Բանկի կողմից մերժված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն վերադարձված գումարները ենթակա չեն կրկին փոխանցման և մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես այլ եկամուտ:».

14) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22․1․-ին կետով՝

«22․1. ԱԱՀ-ի վերադարձը լիազորված օպերատորի կողմից կարող է իրականացվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով։ ԱԱՀ-ի գումարների վերադարձի իրականացման կարգը և այլ գործառնական պայմանները սահմանվում են լիազորված օպերատորի կողմից՝ սույն կարգով սահմանված պահանջների պահպանմամբ։ Գումարների կանխիկ վերադարձը կարող է իրականացվել սահմանային անցման կետերում գործող առևտրային բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղերի կամ Ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարքերի միջոցով։».

15) հավելվածին կից N 1 ձևի 16-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

[16] Վճարային քարտի համարը

Card number

                               
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 11-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերի, որոնց դրույթներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը համապատասխանաբար լիազորված օպերատորի թվային համակարգին և հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգին հասանելիություն տրամադրելուն հաջորդող աշխատանքային օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


03.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան