ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԲԺԻՇԿ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 63-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.09.2026
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.08.2026
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«28» օգոստոս 2026 թ.

N 63-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲԺԻՇԿ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել բժիշկ-կոսմետոլոգի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

28.08.2026

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2026 թվականի օգոստոս «28»-ի

թիվ 63-Ն հրամանի

 

 ԲԺԻՇԿ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Բժիշկ-կոսմետոլոգն իրականացնում է մասնագիտական գործունեություն բժշկական կոսմետոլոգիա մասնագիտությամբ՝ հիվանդանոցային, արտահիվանդանոցային պայմաններում, բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ծառայությունների ապահովման և կազմակերպման ոլորտներում:

2. Բժիշկ-կոսմետոլոգ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետավարտական ուսումնառություն մաշկաբանություն և սեռավարակաբանության հիմնական մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և, այնուհետև, հետավարտական ուսումնառություն բժշկական կոսմետոլոգիա մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։

3. Բժիշկ-կոսմետոլոգը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Բժիշկ-կոսմետոլոգն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բուժհաստատության բժիշկ-կոսմետոլոգ.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության բժիշկ-կոսմետոլոգ.

3) Բուժական կոսմետոլոգիայի կամ էսթետիկ ծառայության բաժանմունքի վարիչ.

4) Բժշկական կոսմետոլոգիայի կենտրոնի մասնագետ.

5) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն, փոխտնօրեն)՝օրենքով սահմանված կարգով։

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Մասնագիտական գիտելիքներ և ունակություններ. բժիշկ-կոսմետոլոգը պետք է.

1) Ունենա գիտելիքներ մաշկի, մազերի և եղունգների կառուցվածքի և ֆիզիոլոգիայի մասին.

2) Ունենա գիտելիքներ մաշկի ծերացման պրոցեսների և հակածերացման մեխանիզմների մասին.

3) Ունենա գիտելիքներ մաշկի իմունոլոգիական համակարգի և միկրոբիոմի մասին.

4) Ունենա գիտելիքներ դեմքի և մարմնի անատոմիայի, հատկապես անոթների և նյարդերի տոպոգրաֆիայի մասին.

5) Ունենա գիտելիքներ մաշկային լցանյութերի (ֆիլլերներ) բաղադրության մասին և տիրապետի դրանց կիրառման տեխնիկային.

6) Տիրապետի բոտուլինոտոքսին պարունակող պատրաստուկների կիրառման և ներարկման տեխնիկային.

7) Տիրապետի մաշկի շերտազատման՝ պիլինգների (քիմիական, մեխանիկական, լազերային) մեթոդներին և դրանց կիրառման ցուցումներին.

8) Ունենա գիտելիքներ ապարատային կոսմետոլոգիայի մեթոդների՝ լազերային, նանոֆրակցիոն, միկրոասեղային հղկման, RF-լիֆթինգի, ռադիոհաճախության, ուլտրաձայնային, ֆոտոթերապիա IPL և այլ տեխնոլոգիաների մասին.

9) Տիրապետի մեզոթերապիայի դեղամիջոցների կիրառմանը.

10) Ունենա գիտելիքներ պլազմոթերապիայի (PRP) մասին.

11) Տիրապետի թելերով լիֆթինգի մեթոդներին և տեխնիկաներին.

12) Ունենա գիտելիքներ կոսմետիկ միջոցների բաղադրության մասին.

13) Ունենա գիտելիքներ ցավազրկման մեթոդների մասին կոսմետոլոգիական ընթացակարգերում.

14) Ունենա գիտելիքներ բարդությունների կանխարգելման և կառավարման մասին կոսմետոլոգիական ընթացակարգերում.

15) Կարողանա ախտորոշել, կարգավորել և անհրաժեշտ բուժում կամ ընթացակարգեր նշանակել հետևյալ խնդիրների և հիվանդությունների ժամանակ.

ա. մաշկի ծերացման նշաններ՝ կնճիռներ, տուրգորի իջեցում, ֆոտոծերացում, տոնային /երանգային/ փոփոխություններ, առաձգականության նվազում.

բ. պիգմենտային խանգարումներ՝ մելազմա, հիպերպիգմենտացիա, հիպոպիգմենտացիա, խալեր, տարիքային խալեր, հետակնե.

գ. ակնե և հետակնե փոփոխություններ՝ տարբեր ծանրության ակնե, ռոզացեա, կոմեդոններ, հետակնե սպիներ, սեբորեա.

դ. անոթային պաթոլոգիաներ՝ տելեանգիէկտազիաներ, կուպերոզ, անգիոմաներ, վարիկոզ երակներ, անոթային ցանցեր.

ե. մազերի խնդիրներ՝ ալոպեցիա, հիրսուդիզմ, անցանկալի մազածածկույթ, մազերի նոսրացում, մազերի կառուցվածքի խախտումներ.

զ. հիպերհիդրոզ՝ ափերի, դեմքի, ներբանների և մարմնի տարբեր մասերի ավելորդ քրտնարտադրություն.

է. ճարպային հյուսվածքի խնդիրներ՝ ցելյուլիտ, լիպոդիստրոֆիա, տեղական ճարպային կուտակումներ.

ը. սպիներ՝ հիպերտրոֆիկ սպիներ, ատրոֆիկ սպիներ, կելոիդներ, ստրիաներ.

թ. ոչ մելանոմային մաշկային նորագոյացություններ՝ ակրոխորդոններ, սեբորեային կերատոզներ, ֆիբրոմաներ, լիպոմաներ.

ժ. դեմքի կոնտուրների ասիմետրիա և դեֆորմացիա՝ ծայրահեղ և կոնտուրների խանգարումներ, ինչպես նաև այտային հատվածների ծավալի կորստով և հյուսվածքային թուլությամբ.

ժա. հետվնասվածքային և հետվիրահատական վիճակներ՝ հյուսվածքների վերականգնում, ռեաբիլիտացիա, պլաստիկ վիրաբուժության հետևանքների կորեկցիա.

ժբ. մաշկի հյուսվածքի որակի նվազում՝ չորություն, թուլություն, անհարթություն, խոռոչներ, ընդարձակված ծակոտիներ.

ժգ. եղունգների և ձեռքի մաշկի էսթետիկ խնդիրներ՝ օնիխոդիստրոֆիաներ, պարոնիխիաներ, անհարթություններ.

ժդ. մարմնի կոնտուրավորում և ոչ վիրաբուժական շտկում՝ լիպոլիզ, բոդի-կոնտուրինգ, մկանային տոնուսի բարելավում.

ժե. ներդերմալ նորագոյացություններ՝ աթերոմաներ, կիստեր, սեբորեային հիպերպլազիա, սիրինգոմաներ.

16) Անվտանգ կերպով կարողանա իրականացնել հետևյալ ընթացակարգերն ու մեթոդները.

ա. ներարկային կոսմետոլոգիա՝ բոտուլինոթերապիա (բոտոքս), կոնտուրային պլաստիկա լցանյութերով՝ ֆիլլերներ (հիալուրոնաթթուների, հիդրոքսիապատիտի, պոլիլակտիկական թթվի և այլ լցանյութերի կիրառում), լիպոլիտիկ նյութերի ներարկումներ, մեզոթերապիա, բիոռեվիտալիզացիա, բիոռեմոդելավորում.

բ. քիմիական պիլինգներ՝ մակերեսային, միջին և խորը քիմիական պիլինգներ եռքլորքացախաթթու (TCA), գլիկոլաթթվի, սալիցիլաթթվի, ռետինոլի, Ջեսներ (Jessner) լուծույթի և այլ քիմիական նյութերի օգտագործմամբ.

գ. լազերային և լուսային թերապիաներ՝ լազերային ռեսուրֆեյսինգ (ablative և non-ablative), ֆրակցիոն լազերային թերապիա, ֆոտոթերապիա IPL, լազերային մազաթափում, լազերային պիգմենտների հեռացում, անոթային լազերային թերապիա.

դ. ռադիոհաճախությամբ ընթացակարգեր՝ RF լիֆթինգ, միկրոբարձրություն RF, բիպոլյար և մուլտիպոլյար RF, ֆրակցիոն RF միկրոբարձրություն.

ե. ուլտրաձայնային՝ Հայֆու (HIFU) թերապիա, ուլտրաձայնային լիֆթինգ, կավիտացիա, ուլտրաֆոնոֆորեզ.

զ. միկրոբարձրացում՝ մեխանիկական միկրոբարձրացում, դերմաբրազիա, դերմապլանինգ.

է. թելային լիֆթինգ՝ քայքայվող և ոչ քայքայվող թելերի տեղադրում դեմքի և մարմնի տարբեր հատվածներում.

ը. պլազմոթերապիա (PRP) (պլազմա հարուստ թրոմբոցիտներով) ներարկումներ.

թ. կրիոթերապիա՝ հեղուկ ազոտի կիրառում բարորակ նորագոյացությունների հեռացման համար.

ժ. էլեկտրովիրաբուժական մեթոդներ՝ էլեկտրոկոագուլյացիա, էլեկտրոհատում, էլեկտրոէպիլյացիա.

ժա. մաշկի պիլինգներ՝ մեխանիկական, էնզիմատիկ, աղային, գազա-հեղուկ պիլինգներ.

ժբ. մաշկի ախտորոշիչ մեթոդներ՝ դերմատոսկոպիա, pH-մետրիա, սեբոմետրիա, կորնեոմետրիա, մելանոմետրիա, ուլտրամանուշակագույն (UV) ախտորոշում.

ժգ. կոսմետիկ դեղամիջոցների՝ հակածերացնող, լուսավորող, խոնավացնող, սնուցող, խնամքի ընտրություն և նշանակում.

ժդ. բարդությունների կանխարգելում և կառավարում՝ ալերգիկ ռեակցիաների, ինֆեկցիաների, նեկրոզների, հյուսվածքային վնասումների, անոթային խանգարումների, հիպերպիգմենտացիայի և այլ անցանկալի հետևանքների կանխարգելում և բուժում:

6. Մասնագիտական հմտություններ. բժիշկ-կոսմետոլոգը պետք է.

1) Տիրապետի որակի կառավարման համակարգի ներդրման հիմունքներին.

2) Իմանա որակի կառավարման միջազգային չափորոշիչները.

3) Կիրառի որակի հսկման մեթոդներ.

4) Մշակի և ներդնի որակի բարելավման ծրագրեր.

5) Իրականացնի որակի ցուցանիշների մոնիտորինգ.

6) Տիրապետի հետևյալ փաստաթղթերի վարման կանոններին.

ա. բժշկական քարտեր և պատմագրեր.

բ. ամբուլատոր քարտեր.

գ. հաշվետվություններ և վիճակագրական ձևեր.

դ.տեղեկացված համաձայնության ձևեր և պայմանագրեր.

ե. ընթացակարգերի արձանագրություններ և ֆոտոփաստաթղթավարում.

զ. աշխատանքային ընթացակարգեր և արձանագրություններ.

է. բուժման սխեմաներ և ալգորիթմներ.

ը. դեղորայքի և դեղպատրաստուկների հաշվառման փաստաթղթեր:

7) Իմանա սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները, այդ թվում.

ա. տիրապետի վարակիչ հիվանդությունների կանխարգելման սկզբունքներին.

բ. իմանա ախտահանման և մանրէազերծման կանոնները կոսմետոլոգիական ընթացակարգերում.

գ. կիրառի անձնական և հիվանդի պաշտպանության միջոցներ.

դ. տիրապետի բժշկական թափոնների կառավարման կանոններին.

ե. իրականացնի հակահամաճարակային միջոցառումներ:

8) Տիրապետի բժշկական սարքավորումների և կոսմետոլոգիական ապարատների շահագործման կանոններին, այդ թվում.

ա. իմանա բժշկական սարքավորումների տեխնիկական անվտանգության կանոնները.

բ. կատարի բժշկական սարքավորումների ամենօրյա խնամք և մաքրում.

գ. իրականացնի բժշկական սարքավորումների պարբերական ստուգումներ.

դ. վարի բժշկական սարքավորումների տեխնիկական փաստաթղթերը և սպասարկման գրանցամատյան։

9) Իրականացնի հետազոտական գործունեություն՝ կիրառելով ապացուցողական բժշկության սկզբունքները։

10) Տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններին, այդ թվում, առաջին բուժօգնության սկզբունքներին, անաֆիլակտիկ շոկի, անգիոնևրոտիկ այտուցի, ուշագնացության (վազովագալ սինկոպե) և այլ արտակարգ վիճակների կառավարման սկզբունքներին։

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Բժիշկ-կոսմետոլոգը պետք է ունենա.

1) Հաղորդակցման հմտություններ հիվանդների հետ, ներառյալ հոգեբանական աջակցության տրամադրման կարողություն.

2) Վեճերի և բարդ իրավիճակների լուծման հմտություններ.

3) Բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն. բժիշկ-կոսմետոլոգը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:

9. Տեխնիկական հմտություններ.

Բժիշկ-կոսմետոլոգը պետք է կարողանա.

1) Տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին՝ իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) Պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) Իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) Կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում և ֆոտոփաստաթղթավարում.

5) Տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) Աշխատել բժշկական սարքավորումների և կոսմետոլոգիական ապարատների հետ։

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10. Բժիշկ-կոսմետոլոգը պետք է կարողանա.

1) Իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.

2) Համագործակցել ոլորտի այլ մասնագետների՝ մաշկաբանների, պլաստիկ վիրաբույժների, էնդոկրինոլոգների, սննդաբանների, հոգեբանների և այլ մասնագետների հետ՝ համալիր մոտեցում ապահովելու նպատակով։

 

7. ԲԺԻՇԿ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Բժիշկ-կոսմետոլոգն իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է ղեկավարվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքներով և պարտականություններով:

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՎԱՐՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն՝ ըստ Աղյուսակի։

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են.

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

Բժշկական միջամտություն

Կոմպետենտության աստիճան

Կոմպետենտության մակարդակ

1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2026 թվական: