ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2026 թվականի N 1294-Լ
««ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ ««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (Պ-12-25.08.2026-ՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
03.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
««ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Պ-12-25.08.2026-ՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ողջունում է օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը և չունի սկզբունքային առարկություններ։ Միաժամանակ, նախագծերի փաթեթի վերաբերյալ առկա են որոշ դիտարկումներ, որոնք ներկայացվում են ստորև.
1. ««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ է նկատել հետևյալը.
1) Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը, որով սահմանվում է նախազգուշացման՝ որպես պաշտպանության միջոցի, կիրառումը։
Ընդունելի համարելով նախազգուշացման ինստիտուտի՝ որպես պաշտպանության միջոցի, վերացումը` այնուամենայնիվ, առաջարկում ենք նշված փոփոխությանը զուգահեռ ապահովել այն դեպքերի հասցեագրումը, երբ ոստիկանության ծառայողը կարձանագրի, որ բռնություն իսկապես կիրառվել է, սակայն անմիջականորեն սպառնացող վտանգ առկա չէ և հետևաբար՝ առկա չեն անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու հիմքեր։ Մասնավորապես, առաջարկում ենք նախատեսել, որ նման դեպքերում ոստիկանության ծառայողը բռնություն գործադրած անձին վերցնում է կանխարգելիչ հաշվառման։
Բացի այդ, ելնելով նախազգուշացման ինստիտուտի վերացումից՝ Նախագծով հանվում է գործող Օրենքի կարգավորումն առ այն, որ անհետաձգելի միջամտության որոշում կայացվում է նաև այն դեպքում, երբ նախազգուշացում ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ։
Վերոգրյալից ելնելով՝ առաջարկում ենք Նախագծով լրացնել անհետաձգելի միջամտության միջոցի կիրառման նոր հիմք, մասնավորապես, սահմանել, որ անհետաձգելի միջամտության որոշում կայացվում է նաև այն դեպքում, երբ թեև առկա չէ բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգ, սակայն բռնությունը կիրառվել է վերջին տարվա ընթացքում մեկից ավելի անգամ։
2) Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է նախատեսել, որ անհետաձգելի միջամտության որոշումը կայացվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկանալուց հետո՝ 6 ժամի ընթացքում, իսկ ոստիկանության ծառայողի կողմից առերևույթ հանցագործության հատկանիշների հայտնաբերման դեպքում հաղորդումը ներկայացվում է ոչ ուշ, քան նույն պահից 8 ժամի ընթացքում։
Ընդունելի համարելով նշված գործողությունների կատարման համար հստակ ժամկետների սահմանումը՝ այնուամենայնիվ, առաջարկում ենք դրանք փոքր-ինչ երկարաձգել՝ հաշվի առնելով, որ գործնականում բռնության դեպքի վերաբերյալ հաղորդումները հիմնականում պահանջում են դեպքի վայր մեկնում, որտեղ իրականացվում են դեպքի հանգամանքների պարզմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ բռնության ենթարկված անձի լսում, ռիսկի գնահատում, ընտանիքի այլ անդամների, հարևանների և երրորդ անձանց լսում, այլ ապացուցողական տվյալների ստացում (տեսախցիկ, ձայնագրություն, իրեր, առարկաներ), ենթադրյալ բռնություն գործադրած անձի հայտնաբերում, ձերբակալում և այլն։
Վերոգրյալից ելնելով՝ խուսափելու համար ժամկետի չպահպանման կամ որոշումների ոչ պատշաճ հիմնավորման արդյունքում անհետաձգելի միջամտության որոշումների բեկանումներից՝ առաջարկում ենք Նախագծով սահմանվող ժամկետները փոփոխել՝ 6 ժամի փոխարեն նախատեսելով 10 ժամ, իսկ 8 ժամի փոխարեն՝ 12։
3) Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է նախատեսել, որ եթե անհետաձգելի միջամտության որոշման գործողության ընթացքում ընտանեկան և կենցաղային բռնության փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ, ապա անկախ որոշման գործողության ժամկետը լրանալու հանգամանքից՝ այն ուժի մեջ է մնում մինչև քրեական վարույթի շրջանակներում Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման ընդունումը կամ նման որոշման բացակայության դեպքում՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
Քանի որ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ ընտանեկան և կենցաղային բռնության վերաբերյալ վարույթներով հատուկ պաշտպանության միջոց կիրառելու պարտականություն և սահմանված չեն հստակ ժամկետներ՝ քրեական հետապնդում հարուցելու կամ չհարուցելու, հատուկ պաշտպանության միջոցներ կիրառելու համար, գործնականում հնարավոր է, որ ոստիկանության ծառայողի կողմից կիրառված անհետաձգելի միջամտության որոշումը գործի անորոշ ժամկետով՝ դառնալով երկարաժամկետ պաշտպանության միջոց, ինչը չի բխում դրա էությունից, բացի այդ, որոշակի ռիսկեր է պարունակում՝ նկատի ունենալով, որ նման պայմաններում բռնություն գործադրած անձի համար որոշակի չի լինի, թե մինչև երբ են իր նկատմամբ կիրառելի լինելու սահմանափակումները։
Վերոգրյալից ելնելով՝ առաջարկում ենք Նախագծով սահմանել նման դեպքերում անհետաձգելի միջամտության որոշման ուժի մեջ մնալու առավելագույն ժամկետ, օրինակ՝ ոչ ավելի, քան կայացման պահից՝ մեկ կամ երկու ամիսը։
Բացի այդ, առաջարկում ենք նաև նախատեսել քրեական վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը՝ ոստիկանությանը ծանուցել ընտանեկան և կենցաղային բռնության գործերով հատուկ պաշտպանության միջոցի կիրառման և մեղադրյալի կալանավորման վերաբերյալ։
4) Նախագծի 6-րդ և 7-րդ հոդվածներով առաջարկվում է սահմանել, որ անհետաձգելի միջամտության ու պաշտպանական որոշումներով այլ սահմանափակումների կիրառման հետ մեկտեղ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վրա դրվում է պարտականություն՝ անցնելու ռեաբիլիտացիոն ծրագիր և որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայանալու ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպություն։
Առաջարկում ենք Նախագծով կարգավորել այն դեպքերը, երբ պաշտպանական որոշման ընդունումից առաջ արդեն իսկ ընդունվել է անհետաձգելի միջամտության որոշում, որի հիման վրա անձն անցնում է ռեաբիլիտացիոն ծրագիր։ Մասնավորապես, առաջարկում ենք սահմանել, որ նման դեպքերում պաշտպանական որոշմամբ ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելու պարտականություն չի կիրառվում։
Բացի այդ, Օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ անհետաձգելի միջամտության որոշումը վերացվում է մինչև դրա ժամկետի լրանալը դատարանի կողմից պաշտպանական որոշում կայացվելու դեպքում։ Առաջարկում ենք Նախագծով կարգավորել նման դեպքում ռեաբիլիտացիոն ծրագրի շարունակականության հարցը, մասնավորապես, առաջարկում ենք սահմանել, որ այն դեպքում, երբ անհետաձգելի միջամտության գործողության ընթացքում կայացվում է պաշտպանական որոշում, անհետաձգելի միջամտության որոշմամբ կիրառված սահմանափակումները, բացառությամբ ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելու պարտականության, վերացվում են։
Առաջարկում ենք նաև Նախագծով սահմանել ռեաբիլիտացիոն ծրագիրն իրականացնող կազմակերպության պարտականությունը՝ բռնություն գործադրած անձի կողմից ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում որոշակի ժամկետում այդ մասին ծանուցելու ոստիկանությանը՝ պատշաճ վարչարարություն իրականացնելու նպատակով։
Առաջարկում ենք նաև պաշտպանական որոշման դեպքում ևս հստակեցնել ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելու նպատակով հասարակական կազմակերպություն ներկայանալու ժամկետների վերաբերյալ կարգավորումները։
Հարկ է նկատել նաև, որ Նախագծով առաջարկվող կարգավորումների դեպքում, ըստ էության, բռնություն գործադրած գրեթե բոլոր անձինք կրելու են ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելու պարտականություն, ինչի արդյունքում բռնություն գործադրած անձի հետ միաժամանակ աշխատելու են հասարակական կազմակերպությունը, իրականացնելով ռեաբիլիտացիոն ծրագիր, և ոստիկանությունը՝ կանխարգելիչ հաշվառման շրջանակներում իրականացնելով պարբերական հանդիպումներ:
Կարծում ենք, որ նման պայմաններում առավել արդյունավետ կլինի, եթե կանխարգելիչ հաշվառման շրջանակներում ոստիկանությունը բռնություն գործադրած անձի վիճակի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն ստանա ռեաբիլիտացիոն ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպությունից, և ոստիկանության ծառայողի ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի միջև հանդիպումներն անցկացվեն նվազ հաճախականությամբ։ Ըստ այդմ, առաջարկում ենք նաև սահմանել ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությունների պարտականությունը՝ որոշակի պարբերականությամբ ոստիկանությանը փոխանցելու բռնություն գործադրած անձի վերաբերյալ տեղեկություններ։
5) Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվում է Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «կայքում» բառից հետո լրացնել «մինչև ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ավարտը» բառերով։ Առաջարկում ենք նշված ձևակերպումը փոխարինել «մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի ավարտը» ձևակերպմամբ՝ սահմանելով, որ ամենամյա վիճակագրական տվյալները հրապարակվում են մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի ավարտը։
6) Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ կետը առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) «ապահովում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի համար նախատեսված միասնական, անվճար, համապետական ծածկույթով «Թեժ գիծ» ծառայության գործարկումը, դրա անընդհատ և մատչելի հասանելիությունը, հրապարակում է «Թեժ գծի» հեռախոսահամարը և կապի այլ միջոցների ցանկը, մշակում և հաստատում է «Թեժ գիծ» ծառայության սպասարկման անվտանգության ուղեցույցը, ծառայության որակի գնահատման մեթոդաբանությունը և անձնակազմի վերապատրաստման ծրագիրը, ապահովում է դրանց իրականացումը՝ երաշխավորելով ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրյալ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքում անձին անհրաժեշտ, անհատույց և անվտանգ, իսկ հաշմանդամություն ունեցող անձի դեպքում՝ նրա համար մատչելի եղանակով առաջնային տեղեկատվության և խորհրդատվության տրամադրումը, ինչպես նաև ռիսկի գնահատման և ուղղորդման գործընթացների իրականացումը.»։
Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի համար միասնական «Թեժ գիծը» ծառայելու է ոչ միայն որպես ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, աջակցության կենտրոնների և ապաստարանների միջև կապի և հաղորդակցության ապահովման միջոց, այլև՝ իրականացնելու է առաջնային խորհրդատվության տրամադրման, անհրաժեշտության դեպքում՝ ռիսկի գնահատման և համապատասխան ծառայություններ ուղղորդման գործառույթներ։
2. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ 2) առաջարկում ենք լրացնել նաև ՀՀ քրեական օրենսգրքում հետևյալ փոփոխությունը.
ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ազատության սահմանափակում պատժատեսակով դատարանի նշանակած արգելքները չեն կարող սահմանափակել դատապարտյալի հետ համատեղ բնակվող անձանց ազատության կամ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը։ Առաջարկում ենք նշված կարգավորման մեջ նախատեսել փոփոխություն՝ սահմանելով, որ ընտանեկան և կենցաղային բռնության համար դատապարտված անձանց նկատմամբ ազատության սահմանափակում նշանակելու դեպքում կարող է արգելվել հանցագործությունից տուժած անձի հետ հաղորդակցությունը։
3. Նախագծերի փաթեթով առաջարկվող որոշ փոփոխությունների իրագործումը պահանջելու է գնման ընթացակարգերի իրականացում՝ տեխնիկական միջոցների և ծառայությունների ձեռքբերման նպատակով, ինչպես նաև վերապատրաստումների անցկացում։
Այսպես, ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել, որ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի վերաբերյալ ահազանգի հիման վրա լիազորություններն իրականացնելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ։ Նմանապես, Նախագծով և Նախագիծ 2-ով բռնություն գործադրած անձանց կողմից ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելը դարձվում է պարտադիր, ինչի արդյունքում էականորեն մեծանալու է նշված ծառայությունը մատուցող կազմակերպությունների աշխատանքի ծավալը։ Միաժամանակ, նշված դրույթներն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել՝ օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նկատի ունենալով համապատասխան գնման ընթացակարգերի, վերապատրաստումների իրականացման անհրաժեշտությունը և այն հանգամանքը, որ դրանք կարող են ժամանակատար լինել՝ առաջարկում ենք նախատեսել վերոնշյալ իրավակարգավորումներն ուժի մեջ մտնելու ողջամիտ ժամկետ։
Բացի այդ, հարկ է նկատել, որ վերոգրյալ կառուցակարգերի իրականացումը ենթադրելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրում, հետևաբար՝ հանգեցնելու է պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի, ուստի առաջարկում ենք այս մասին համապատասխան նշում կատարել նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորման մեջ։
4. Ներկայումս շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով, ի թիվս այլնի, առաջարկվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի հատուկ վարույթների շարքում լրացնել նոր վարույթ՝ վերնագրված «Պաշտպանության միջոցների վերաբերյալ գործերի վարույթ»: Սույն գլխով հատուկ կարգավորումներ են նախատեսվում պաշտպանական միջոցների՝ այդ թվում նախազգուշացման դեմ բերված բողոքների քննության համար: Նկատի ունենալով, որ նշված նախագծերի փաթեթը ևս ուղղված է ընտանեկան և կենցաղային բռնության վերաբերյալ օրենսդրության կատարելագործմանը և առկա թերությունների վերացմանը՝ այդ թվում՝ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումներին համապատասխանեցմանը՝ առաջարկում ենք նշված նախագծերի փաթեթի կարգավորումները ներառել սույն նախագծերի փաթեթում՝ երաշխավորելով դրանց ներդաշնակեցումը և հակասությունների բացառումը։
5. Նախագծերի փաթեթում նաև առկա են որոշ խմբագրական բնույթի բացեր, որոնք անհրաժեշտ է հասցեագրել։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|