ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 844-Ա
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կլիմայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով, հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝
1. Հաստատել`
1) կլիմայի փոփոխության հարցերով խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) խորհրդի ներքո գործող մեղմման քաղաքականության հարցերով, հարմարվողականության քաղաքականության հարցերով և կլիմայական ֆինանսավորման հարցերով աշխատանքային խմբերի (այսուհետ՝ աշխատանքային խմբեր) կազմերը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) խորհրդի ձևավորման և գործունեության կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) աշխատանքային խմբերի ձևավորման և գործունեության կարգը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Խորհրդի և աշխատանքային խմբերի կազմում ընդգրկված պետական մարմինների ղեկավարներին՝ 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել, համապատասխանաբար, խորհրդի անդամի և աշխատանքային խմբերի անդամների թեկնածությունները, այդ թվում՝ N 3 հավելվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝
1) 10-օրյա ժամկետում նշանակել խորհրդի քարտուղարության գործառույթներն իրականացնող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում (այսուհետ՝ քարտուղարություն).
2) վեցամսյա ժամկետում ապահովել՝
ա) խորհրդի կազմում ընդգրկվելիք հասարակական միավորումների (բացառությամբ գիտական կազմակերպություն հանդիսացող հասարակական միավորումների) և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության նպատակով մրցույթների կազմակերպումը՝ համաձայն N 3 հավելվածով սահմանված կարգի,
բ) աշխատանքային խմբերում ընդգրկվելիք անկախ փորձագետների ընտրության նպատակով մրցույթների կազմակերպումը՝ համաձայն N 4 հավելվածով սահմանված կարգի,
գ) խորհրդի և աշխատանքային խմբերի անհատական կազմերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
4․ Խորհրդի նախագահի իրավասություններն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին՝ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված գործընթացների ավարտից հետո 1-ամսյա ժամկետում հաստատել`
1) խորհրդի անհատական կազմը.
2) աշխատանքային խմբերի անհատական կազմերը։
5․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հուլիսի 6-ի «Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N 955-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 719-Ա որոշումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
02.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 844-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (խորհրդի նախագահ)
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)
ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
Համայնքների ղեկավարների տեղակալներ (չորս համայնքների ներկայացուցիչներ)
Հասարակական միավորումների հինգ ներկայացուցիչ
Գիտական կազմակերպությունների չորս ներկայացուցիչ
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
02.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 844-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐՔՈ ԳՈՐԾՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ
Մեղմման քաղաքականության հարցերով աշխատանքային խումբ
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ (խմբի ղեկավար)
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության երկու ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երեք ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության երկու ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչ
Անկախ փորձագետներ (մինչև 12 ներկայացուցիչ)
Հարմարվողականության քաղաքականության հարցերով աշխատանքային խումբ
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ (խմբի ղեկավար)
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության չորս ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկու ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության երկու ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Անկախ փորձագետներ (մինչև 14 ներկայացուցիչ)
Կլիմայական ֆինանսավորման հարցերով աշխատանքային խումբ
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ (խմբի ղեկավար)
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության երկու ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Անկախ փորձագետներ (մինչև 7 ներկայացուցիչ)
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
02.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ վարչապետի N 844-Ա որոշման |
Կ Ա Ր Գ
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Կլիմայի փոփոխության հարցերով խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) ձևավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները: Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կլիմայի մասին» օրենքով, այլ օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով և սույն կարգով։
2. Խորհրդի նպատակը «Կլիմայի մասին» օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն աջակցելն է երկրի կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների ու հանձնառությունների կատարման գործընթացներում։
3. Խորհրդի խնդիրներն են՝
1) Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայից (այսուհետ` կոնվենցիա), Փարիզյան համաձայնագրից (այսուհետ` համաձայնագիր) և Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (այսուհետ` ՀԸԳՀ) բխող՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների ու հանձնառությունների կատարմանն օժանդակելը․
2) «ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգ 2030» 13-րդ նպատակի (գործողություն հանուն կլիմայի) իրականացմանն օժանդակելը․
3) Հայաստանի Հանրապետության կլիմայական քաղաքականության բաղադրիչներով նախատեսված միջոցառումների կատարմանն օժանդակելը․
4) Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված՝ կլիմայի փոփոխության ոլորտին վերաբերելի միջոցառումների կատարմանն օժանդակելը։
4. Խորհրդի աշխատանքների արդյունավետությունն ապահովելու, քննարկվող հարցերի վերաբերյալ մասնագիտական և փորձագիտական աջակցություն (խորհրդատվություն, առաջարկություններ, եզրակացություններ, կարծիքներ, վերլուծական նյութեր, զեկույցներ, հաշվետվություններ) ստանալու նպատակով խորհրդի ներքո ձևավորվում են աշխատանքային խմբեր։
ԳԼՈՒԽ 2. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Խորհուրդը բաղկացած է 25 անդամից (ներառյալ խորհրդի նախագահը և նախագահի տեղակալը)։ Խորհրդի կազմը ձևավորվում է պետական մարմինների, հասարակական միավորումների՝ բացառությամբ գիտական կազմակերպություն հանդիսացող հասարակական միավորումների հնգական ներկայացուցիչներից (այսուհետ՝ հասարակական միավորում), գիտական կազմակերպությունների չորսական ներկայացուցիչներից և չորս տեղական ինքնակառավարման մարմինների մեկական ներկայացուցիչներից։
6. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետն է: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է խորհրդի նախագահ փոխվարչապետի որոշմամբ:
7. Համայնքներից խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացմամբ՝ համայնքների ղեկավարների առաջարկությամբ ընտրված չորս համայնքի ղեկավարների տեղակալներ՝ հաշվի առնելով համայնքների բնակչության թվաքանակով առավել խոշոր կամ կլիմայական փոփոխությունների ազդեցությունների նկատմամբ առավել խոցելի լինելը։
8. Հասարակական միավորումների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրությունն իրականացվում է սույն կարգի 4-րդ գլխով սահմանված կարգով։
9. Խորհրդի իրավասություններն են՝
1) կոնվենցիայից, համաձայնագրից և ՀԸԳՀ-ից բխող՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման ընթացքի և արդյունքների գնահատումը և ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ ներկայացնելը, այդ թվում՝ կլիմայական քաղաքականության բաղադրիչների հաստատման կամ վերանայման վերաբերյալ.
2) կոնվենցիայի և համաձայնագրի ներքո ազգային զեկույցների և հաշվետվությունների նախագծերի քննարկումը.
3) երկրի կլիմայական քաղաքականության նպատակադրումների, իրականացման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության տարեկան հաշվետվության քննարկումը և դրա վերաբերյալ եզրակացություններ ու առաջարկություններ ներկայացնելը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության վերաբերյալ ռազմավարական և ծրագրային փաստաթղթերի, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացություն տալը՝ լիազոր մարմնի առաջարկությամբ.
5) կոնվենցիայից և համաձայնագրից բխող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը և խորհրդատվություն տրամադրելը՝ ներառյալ կլիմայական ֆինանսավորման գործիքների վերաբերյալ.
6) առաջիկա տարվա քաղաքականության գերակայությունների, պետական մարմիններին հատկացվելիք ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների քննարկումը և դրանց վերաբերյալ եզրակացություն ներկայացնելը.
7) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք, ինչպես նաև արտաքին և ներքին այլ աղբյուրներից ստացվելիք վարկային և դրամաշնորհային, այդ թվում՝ տեխնիկական աջակցության, միջոցների, ինչպես նաև այլ փոխառությունների հաշվին իրականացվելիք կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանն առնչվող ծրագրային նախաձեռնությունների քննարկումը և եզրակացություններ ներկայացնելը․
8) կլիմայական քաղաքականության մասով Հայաստանի Հանրապետության համար նոր միջազգային պարտավորություններ առաջացնող կամ հանձնառություններ ենթադրող միջազգային պայմանագրերի նախագծերի և նախաձեռնությունների քննարկումը և եզրակացություն ներկայացնելը:
10. Խորհուրդն իր իրավասությունների իրականացման ընթացքում՝
1) եզրակացություններ կամ առաջարկություններ է ներկայացնում իրավական ակտերի նախագծերի, զեկույցների, հաշվետվությունների, ծրագրային նախաձեռնությունների և դրանց իրականացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ.
2) քննարկում է վերլուծություններ, ուսումնասիրություններ, զեկույցներ, կարծիքներ, տեղեկանքներ և այլ նյութեր․
3) որոշումներ է ընդունում խորհրդի գործունեության ապահովման հետ կապված հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ որպես խորհրդի անդամ՝ հասարակական միավորումների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելու մասին:
11. Խորհրդի նախագահը՝
1) համակարգում է խորհրդի աշխատանքները.
2) հրավիրում է խորհրդի հերթական և արտահերթ նիստեր.
3) նախագահում է խորհրդի նիստերը.
4) հավանություն է տալիս խորհրդի նիստի օրակարգի նախագծին և ստորագրում խորհրդի նիստերի արձանագրությունները.
5) հավանություն է տալիս է խորհրդի նիստերին սույն կարգի 52-րդ կետով նախատեսված դիտորդի կարգավիճակով հրավիրվող անձանց ցանկին.
6) իրականացնում է խորհրդի բնականոն գործունեության ապահովման հետ կապված այլ գործողություններ:
12. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նախագահի լիազորություններն իրականացնում է խորհրդի նախագահի տեղակալը:
13. Խորհրդի անդամը՝
1) հանդես է գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.
2) ներկայացնում է կարծիք, առաջարկություն, հաշվետվություն կամ անհրաժեշտ այլ տեղեկատվություն իր կողմից ներկայացվող գերատեսչության, համայնքի կամ կազմակերպության աշխատանքների վերաբերյալ.
3) ելույթ է ունենում քննարկվող հարցերի վերաբերյալ և հարցեր ուղղում զեկուցողներին.
4) առաջարկություն է ներկայացնում նիստի օրակարգի վերաբերյալ.
5) առաջարկություն է ներկայացնում խորհրդի նախագահին արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ՝ նիստի օրակարգի նախագծի, անցկացման ձևաչափի և ամսաթվի առաջարկվող միջակայքի նշմամբ՝ նկատի ունենալով սույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետը:
ԳԼՈՒԽ 3․ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
14. Քարտուղարության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից նշանակված՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:
15. Քարտուղարությունը՝
1) իրականացնում է խորհրդի գործավարությունը և խորհրդի աշխատանքների ընթացիկ սպասարկումը.
2) իրականացնում է խորհրդի նիստերի հետ կապված կազմակերպական աշխատանքները, այդ թվում՝ օրակարգի նախագծի նախապատրաստումը՝ հաշվի առնելով նաև սույն կարգի 42-րդ և N 4 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված լրացուցիչ հարցեր ներառելու առաջարկությունները, արձանագրությունների կազմումը.
3) հետևում է խորհրդի որոշումների կատարման ընթացքին և արդյունքների մասին զեկուցում խորհրդին․
4) սույն կարգով սահմանված ժամկետներում խորհրդի նիստերի արձանագրությունները և հաշվետվությունները հրապարակում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում և տրամադրում դրանք խորհուրդը նախագահող՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակ.
5) իրականացնում է խորհրդի անդամների և աշխատանքային խմբերի անդամների մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքները․
6) սույն կարգի 34-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում խորհրդի նիստի օրակարգի նախագծում ներառում է խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագիծը:
16. Կարողությունների զարգացմանը և աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը նպաստելու նպատակով քարտուղարությունը կարող է օգտվել զարգացման գործընկերների տեխնիկական աջակցությունից՝ վերջիններիս կողմից խորհրդատուի ներգրավման կամ նյութատեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։
ԳԼՈՒԽ 4. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
17. Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրությունը կատարվում է մրցութային հիմունքներով: Հասարակական միավորումների և գիտական կազմակերպությունների համար կազմակերպվում են առանձին մրցույթներ։
18. Թեկնածության հայտեր ընդունելու վերաբերյալ հայտարարությունը մրցույթից առնվազն 15 աշխատանքային օր առաջ հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում:
19. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`
1) հայտեր ընդունելու համար պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
2) հայտեր ներկայացնող կազմակերպությանը ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
3) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:
20. Հասարակական միավորումները և գիտական կազմակերպությունները կարող են առաջադրել խորհրդի անդամի թեկնածություն, եթե առնվազն 5 տարի գործունեություն են ծավալել շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ոլորտներում։
21.Հայտարարության հրապարակման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 20-րդ կետով ամրագրված պահանջին համապատասխանող կազմակերպությունները հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստով քարտուղարություն են ներկայացնում կազմակերպության ղեկավարի կողմից ստորագրված հայտ, որը պետք է ներառի՝
1) կազմակերպության կողմից ներկայացվող անձի անձնագրի պատճենը, ինքնակենսագրությունը և հետադարձ կապի համար անհրաժեշտ տվյալները.
2) տեղեկատվություն կազմակերպության կողմից շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ոլորտներում գործունեության մասին․
3) կազմակերպության հետ կապի տվյալները՝ իրավաբանական անձի հասցե, հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե:
22. Հայտի ստացման վերաբերյալ կազմակերպությունները ծանուցվում են պահանջվող տեղեկատվությունն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային փոստով:
23. Հայտի ամբողջականությունն ու սույն կարգի պահանջներին համապատասխանությունն ստուգում է քարտուղարությունը։ Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է էլեկտրոնային փոստով քարտուղարության կողմից փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր՝ թերությունները շտկելու համար:
24. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում՝ ներկայացված հայտին ընթացք չի տրվում:
25. Թեկնածուների ընտրությունը կատարվում է հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում։
26. Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են սույն կարգի 5-րդ կետով նախատեսված թվով հասարակական միավորումներ և գիտական կազմակերպություններ, ապա այդ կազմակերպությունները ընտրվում են որպես խորհրդի անդամներ։
27. Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են սույն կարգի 5-րդ կետով նախատեսված թվից ավելի հասարակական միավորումներ և (կամ) գիտական կազմակերպություններ, ապա համապատասխանաբար կազմվում են թեկնածու կազմակերպությունների առանձին ցանկեր՝ նշելով նաև ներկայացուցիչների անունները։ Այս դեպքում խորհրդի անդամների ընտրությունը կատարվում է առանձին ցանկերում ընդգրկված թեկնածուների միջև էլեկտրոնային քվեարկություն կազմակերպելու միջոցով։ Քվեարկության ընթացքում թեկնածուներից յուրաքանչյուրը նշում է կատարում առնվազն մեկ թեկնածուի անվան դիմաց։ Թեկնածուն չի կարող քվեարկել ինքն իր օգտին։ Որպես խորհրդի անդամ՝ յուրաքանչյուր ցանկից ընտրվում են քվեարկության արդյունքներով առավել թվով ձայներ ստացած անհրաժեշտ թվով թեկնածուները։ Թափուր տեղերի համալրման նպատակով գործընթացը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվաքանակի լրանալը:
28. Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են սույն կարգի 5-րդ կետով նախատեսված թվից պակաս թվաքանակով հասարակական միավորումներ և (կամ) գիտական կազմակերպություններ, ապա արդեն իսկ ընտրված հասարակական միավորումների և (կամ) գիտական կազմակերպությունների խմբերը, չբավարարող թվաքանակը համալրելու նպատակով, 7-օրյա ժամկետում ներկայացնում են թեկնածուների վերաբերյալ համատեղ առաջարկություն։
29. Քարտուղարությունը, ստանալով սույն կարգի 28-րդ կետում նշված առաջարկությունը, գրավոր կարգով դիմում է առաջադրված թեկնածուներին և այն հասարակական միավորման կամ գիտական կազմակերպության ղեկավարին, որին թեկնածուն ներկայացնելու է՝ մրցույթին մասնակցելու վերաբերյալ համաձայնություն ստանալու և սույն կարգով նախատեսված հայտերը ներկայացնելու նպատակով։
30. Համաձայնության դեպքում՝ առաջադրված թեկնածուները քարտուղարության կողմից մրցույթին մասնակցելու առաջարկությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտերը սույն կարգով նախատեսված ընթացակարգով ներկայացնում են քարտուղարություն՝ սույն կարգի 21-րդ և 23-րդ կետերով սահմանված ընթացակարգերին համապատասխան։
31.Սույն կարգի 25-րդ կամ 30-րդ կետերով սահմանված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի նախագահի տեղակալը խորհուրդը նախագահող փոխվարչապետին է ներկայացնում խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին փոխվարչապետի որոշման նախագիծը:
32. Ընտրությունների և քվեարկության արդյունքների վերաբերյալ քարտուղարությունը կազմում է գրավոր արձանագրություններ, որոնք թեկնածուների ցանկերի հետ միասին ընտրությունների ավարտի օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում:
33. Հասարակական միավորումների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները որպես խորհրդի անդամ ընտրվում են 4 տարի ժամկետով:
34. Որպես խորհրդի անդամ՝ հասարակական միավորումների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների լիազորությունները, քարտուղարության ներկայացմամբ, կարող են վաղաժամկետ դադարեցվել հետևյալ դեպքերում՝
1) խորհրդի կազմում ընդգրկված հասարակական միավորման կամ գիտական կազմակերպության ղեկավարի կողմից ներկայացվել է համապատասխան դիմում.
2) հասարակական միավորման կամ գիտական կազմակերպության գործունեությունը դադարել է․
3) մեկ տարվա ընթացքում խորհրդի անդամ հանդիսացող ներկայացուցիչը չի մասնակցել խորհրդի նիստերի կեսից ավելի նիստերին։
35. Խորհրդի անդամ հանդիսացող հասարակական միավորման կամ գիտական կազմակերպության ներկայացուցչի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքում անդամակցության դադարեցման օրվանից հետո 5-օրյա ժամկետում, սույն գլխի կանոնների համաձայն, կազմակերպվում է նոր մրցույթ:
36. Սույն կարգի 34-րդ կետով սահմանված դեպքերում նոր ընտրված հասարակական միավորման կամ գիտական կազմակերպության ներկայացուցիչը խորհրդին անդամակցում է մինչև սույն կարգի 33-րդ կետով նախատեսված ժամկետի լրանալը մնացած ժամանակահատվածում։
37. Քարտուղարությունը սույն կարգով սահմանված ընթացակարգով կազմակերպությունների ընտրության օրվանից սկսած՝ 4 տարին մեկ անգամ հրապարակում է խորհրդի կազմում հասարակական միավորումների և գիտական կազմակերպությունների ընտրության մասին նոր հայտարարություն՝ համաձայն սույն գլխի դրույթների: Խորհրդի անդամ հանդիսացող հասարակական միավորումները և գիտական կազմակերպությունները կարող են խորհրդի անդամի թեկնածություն հայտ ներկայացնել հաջորդ շրջափուլում: Մինչև նոր ընտրության ավարտը նրանք շարունակում են պահպանել խորհրդում անդամությունը:
ԳԼՈՒԽ 5. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
38. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում՝ խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի նախագահի տեղակալի կամ խորհրդի անդամի առաջարկությամբ կարող է գումարվել արտահերթ նիստ:
39. Խորհրդի նիստերն անցկացվում են առկա եղանակով: Նիստը նախագահողի որոշմամբ նիստը կարող է անցկացվել նաև առցանց՝ էլեկտրոնային տեսահաղորդակցման միջոցով կամ էլեկտրոնային փոստով փաստաթղթաշրջանառության միջոցով:
40. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի կողմից հաստատված օրակարգով: Նիստը նախագահողը որոշում է խորհրդի նիստի անցկացման ձևաչափը, վայրը, օրը և ժամը:
41. Քարտուղարությունը յուրաքանչյուր կիսամյակին նախորդող ամսվա մինչև 5-ը խորհրդի նախագահին է ներկայացնում նիստի օրակարգի առաջարկվող նախագիծը և քննարկվող հարցերի փաթեթը։ Խորհրդի անդամներին օրակարգի նախագիծը և քննարկվող հարցերի փաթեթը ներկայացվում է 5 աշխատանքային օր առաջ։
42. Խորհրդի նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ներառելու առաջարկություններ կարող են ներկայացնել խորհրդի անդամները՝ նիստի օրակարգի նախագիծը ստանալու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարությանը այդ մասին գրավոր տեղեկացնելու միջոցով՝ կցելով տվյալ հարցի վերաբերյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը: Լրացուցիչ հարցը նիստի օրակարգում ներառելու որոշումը կայացվում է նիստի օրակարգի նախագծի հաստատման շրջանակում:
43. Խորհրդի նիստերը արձանագրվում են։
44. Քարտուղարությունը նիստի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի անդամներին է տրամադրում սույն կարգի 45-րդ կետով նախատեսված քվեաթերթիկը:
45. Խորհրդի անդամները քվեաթերթիկը ստանալուց 3-օրյա ժամկետում քարտուղարության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկում են քարտուղարության կողմից կազմված գրավոր քվեաթերթիկը՝ քվեարկած կողմ կամ դեմ:
46. Խորհրդի անդամի կողմից քվեաթերթիկը ստորագրվում է առձեռն (թղթային) կամ քվեարկության հատուկ էլեկտրոնային համակարգի (ծրագրային ապահովման) միջոցով (առկայության դեպքում)։
47. Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
48. Խորհրդի անդամի կողմից քվեաթերթիկը սահմանված ժամկետում էլեկտրոնային փոստով չուղարկվելու դեպքում համարվում է, որ տվյալ անդամը կողմ է քվեարկել։
49. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
50. Հասարակական միավորման կամ գիտական կազմակերպության՝ որպես խորհրդի անդամի անդամակցության դադարեցման դեպքում, մինչև սույն կարգի 34-րդ կետին համապատասխան նոր անդամի ընտրության գործընթացի ավարտը, քվեարկության ժամանակ ձայների հավասարության դեպքում տվյալ անդամի քվեն գումարվում է կողմ ձայներին։
51. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի պաշտոնեական լիազորությունների դադարեցման կամ այլ կերպ նրա մասնակցությունը խորհրդի աշխատանքներին անհնար դառնալու դեպքում՝ 5-օրյա ժամկետում տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը (լիազորությունների դադարեցման պարագայում՝ համայնքի ղեկավարի իրավասությունները ժամանակավորապես իրականացնող անձը) ներկայացնում է նոր անդամի թեկնածություն։
52. Քարտուղարության առաջարկությամբ և խորհրդի նախագահի համաձայնությամբ խորհրդի նիստերին դիտորդի կարգավիճակով կարող են հրավիրվել պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ, աշխատանքային խմբերի փորձագետներ, զարգացման գործընկերների, գիտական, կրթական, հասարակական և առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
ԳԼՈՒԽ 6. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
53. Նիստի արձանագրության մեջ նշվում են՝
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը և նիստի անցկացման ձևաչափը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող խորհրդի անդամների, դիտորդի կարգավիճակով հրավիրված անձանց անունը, ազգանունը, պաշտոնը և կազմակերպության անվանումը.
4) քննարկվող հարցերի զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.
5) քվեարկության արդյունքները.
6) ընդունված որոշումները, դրանց տարածման և հրապարակման եղանակները:
54. Նիստի արձանագրությանը կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում՝ իրավական ակտերի և այլ փաստաթղթերի նախագծեր (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն), զեկույցների և ելույթների գրավոր տեքստեր, առաջարկություններ, կարծիքներ, քվեարկության թերթիկները կամ քվեարկության էլեկտրոնային համակարգից քաղվածք:
55. Նիստի արձանագրությունը ստորագրում է նիստը նախագահողը՝ քվեարկությանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
56. Քարտուղարությունը խորհրդի նիստերի արձանագրությունները ստորագրվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք տրամադրում է խորհրդի անդամներին և հրապարակում լիազոր մարմնի պաշտոնական կայքում:
57. Նիստերի արձանագրությունները պահվում են քարտուղարությունում՝ առնվազն սույն կարգի 33-րդ կետում նշված ժամկետում:
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
02.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 4 ՀՀ վարչապետի N 844-Ա որոշման |
ԿԱՐԳ
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐՔՈ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԳԼՈՒԽ 1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կարգավորում է Կլիմայի փոփոխության հարցերով խորհրդի ներքո մասնագիտական և փորձագիտական աջակցություն ցուցաբերող աշխատանքային խմբերի ձևավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները: Աշխատանքային խմբերն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կլիմայի մասին» օրենքով, այլ օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով և սույն կարգով։
2. Աշխատանքային խմբերը կազմված են պետական մարմինների ներկայացուցիչներից և շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ոլորտներում անկախ փորձագետներից՝ առավելագույնը պետական մարմինների ներկայացուցիչներին հավասար թվաքանակով:
3. Աշխատանքային խմբերի անհատական կազմերը հաստատում է խորհրդի նախագահի իրավասություններն իրականացնող փոխվարչապետը։
4. Ըստ անհրաժեշտության` աշխատանքային խմբերում ժամանակավորապես կարող են ներգրավվել լրացուցիչ փորձագետներ, հանրային և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնք չեն համարվում աշխատանքային խմբերի անդամ։
ԳԼՈՒԽ 2․ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Մեղմման քաղաքականության հարցերով աշխատանքային խումբը մասնագիտական և փորձագիտական աջակցություն է տրամադրում խորհրդին կլիմայի փոփոխության մեղմման քաղաքականությունների մշակման, իրականացման և արդյունքների գնահատման հարցերում:
6. Հարմարվողականության քաղաքականության հարցերով աշխատանքային խումբը մասնագիտական և փորձագիտական աջակցություն է տրամադրում խորհրդին կլիմայի փոփոխության հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման և արդյունքների գնահատման հարցերում:
7. Կլիմայական ֆինանսավորման հարցերով աշխատանքային խումբը մասնագիտական և փորձագիտական աջակցություն է տրամադրում խորհրդին կլիմայական ֆինանսավորման ներգրավման, ընդլայնման, օգտագործման, առաջնահերթությունների քննարկման և արդյունավետության գնահատման հարցերով:
ԳԼՈՒԽ 3. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
8. Փորձագետների ընտրությունը կատարվում է մրցույթով, սույն գլխով նախատեսված կարգով։
9. Մրցույթից առնվազն 10 աշխատանքային օր առաջ որպես աշխատանքային խմբի անդամներ՝ շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ոլորտների փորձագետների թեկնածության հայտեր ընդունելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում:
10. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`
1) հայտերն ընդունելու համար պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
2) հայտ ներկայացնող փորձագետին ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
3) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը։
11. Որպես աշխատանքային խմբի անդամ կարող են ընտրվել շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ոլորտներում առնվազն 5 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող փորձագետները։
12. Հայտեր կարող են ներկայացնել սույն կարգի 11-րդ կետով ամրագրված պահանջին համապատասխանող թեկնածուները։
13. Հայտարարության հրապարակման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում թեկնածուները հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով քարտուղարություն են ներկայացնում հայտ, որը պետք է ներառի`
1) թեկնածուի դիմումը, որում նշվում է նաև այն աշխատանքային խումբը կամ խմբերը, որոնցում թեկնածուն նախընտրում է ներգրավվել․
2) թեկնածուի անձնագրի պատճենը.
3) թեկնածուի ինքնակենսագրությունը.
4) տեղեկատվություն փորձագետի գործունեության առնվազն վերջին 5 տարվա վերաբերյալ՝ ներառյալ կատարված փորձագիտական աշխատանքները:
14. Էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ թեկնածուները ծանուցվում են փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով:
15. Փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունը ստուգում է քարտուղարությունը։ Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում՝ հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է էլեկտրոնային փոստով մեկ աշխատանքային օրվա ընթացքում, և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր՝ թերությունները շտկելու համար:
16. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում թեկնածուի ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:
17. Թեկնածուների ընտրությունը կատարվում է հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
18. Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են սույն կարգի 2-րդ կետով նախատեսված թվով թեկնածուներ, ապա նրանք ընտրվում են՝ որպես աշխատանքային խմբի անդամներ։
19. Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են սույն կարգի 2-րդ կետով նախատեսված թվից ավելի թվով թեկնածուներ, ապա ընտրությունը կատարվում է ցանկում ընդգրկված թեկնածուների միջև էլեկտրոնային քվեարկություն կազմակերպելու միջոցով։ Քվեարկության ընթացքում թեկնածուներից յուրաքանչյուրը նշում է կատարում առնվազն մեկ թեկնածուի անվան դիմաց։ Թեկնածուն չի կարող քվեարկել ինքն իր օգտին։ Աշխատանքային խմբի կազմում ցանկից ընդգրկվում են քվեարկության արդյունքներով առավել թվով ձայներ հավաքած անհրաժեշտ թվով թեկնածուները։ Թափուր տեղերի համալրման նպատակով գործընթացը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվաքանակի լրանալը:
20. Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են սույն կարգի 2-րդ կետով նախատեսված թվից պակաս թվով թեկնածուներ, ապա թափուր տեղերը լրացնելու նպատակով հայտարարվում է նոր մրցույթ սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով՝ մինչև աշխատանքային խմբի կազմի համալրումը։
21. Միևնույն փորձագետը կարող է ընտրվել միաժամանակ մի քանի աշխատանքային խմբերում։
22. Փորձագետներն ընտրվում են 4 տարի ժամկետով։
23. Ընտրության արդյունքների վերաբերյալ քարտուղարությունը կազմում է արձանագրություն, որն այդ դրությամբ ընտրված թեկնածուների ցանկերի հետ միասին ընտրության օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում:
ԳԼՈՒԽ 4․ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ, ԴՐԱՆՑ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
24. Աշխատանքային խմբերը՝
1) իրենց ուղղված առաջադրանքների պատշաճ կատարման նպատակով և իրենց գործառույթների շրջանակում, ըստ անհրաժեշտության, կատարում են վերլուծական աշխատանքներ, մշակում են համապատասխան փաստաթղթեր, տրամադրում կարծիքներ, եզրակացություններ.
2) խորհրդի քննարկմանն են ներկայացնում զեկույցներ, ուսումնասիրություններ, կարծիքներ, տեղեկանքներ և այլ նյութեր․
3) առաջարկություն են ներկայացնում խորհրդի նիստի օրակարգում հարց ներառելու վերաբերյալ։
25. Աշխատանքային խմբերի ղեկավարները՝
1) հրավիրում և վարում են աշխատանքային խմբերի նիստերը.
2) ըստ անհրաժեշտության՝ աշխատանքային խմբերի նիստերին հրավիրում են պետական մարմինների, գիտական կազմակերպությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային և տեղական փորձագետների, զարգացման գործընկերների ներկայացուցիչների.
3) ներկայացնում են աշխատանքային խումբը այլ աշխատանքային խմբում և խորհրդում:
26. Աշխատանքային խմբերի անդամները՝
1) մասնակցում են աշխատանքային խմբերի նիստերին և աշխատանքներին, իսկ մասնակցության անհնարինության դեպքում՝ այդ մասին նիստից առնվազն մեկ օր առաջ էլեկտրոնային փոստով տեղեկացնում են քարտուղարությանը.
2) կարող են հանդես գալ աշխատանքային խմբերի նիստերի օրակարգում հարցեր ներառելու առաջարկությամբ.
3) աշխատանքային խմբերի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում են բանավոր կամ գրավոր կարծիք.
4) աշխատանքային խմբերի ղեկավարների առաջարկով հանդես են գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.
5) աշխատանքային կարգով համագործակցում են խորհրդի, աշխատանքային խմբերի անդամների, քարտուղարության, ինչպես նաև պետական մարմինների ու այլ կազմակերպությունների հետ՝ տվյալ աշխատանքային խմբի իրավասության ոլորտին առնչվող տեղեկատվություն տրամադրելու և ուղղորդելու հարցերով:
27. Աշխատանքային խմբերի ղեկավարները և անդամները մասնակցում են խորհրդի կողմից հաստատված և միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից անցկացվող աշխատանքային խմբերի կարողությունների զարգացման դասընթացներին և աշխատաժողովներին:
ԳԼՈՒԽ 5․ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
28. Աշխատանքային խմբերն իրենց աշխատանքները կազմակերպում են նիստերի միջոցով, այդ թվում՝ կապի ժամանակակից միջոցների (էլեկտրոնային հաղորդակցության, տեսակոնֆերանսներ և այլն) կիրառմամբ:
29. Աշխատանքային խմբերի հերթական նիստերը գումարվում են յուրաքանչյուր եռամսյակն առնվազն մեկ անգամ խորհրդի առաջիկա նիստից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ։
30. Խորհրդի հանձնարարությամբ՝ աշխատանքային խմբերի ղեկավարների նախաձեռնությամբ կամ աշխատանքային խմբերի անդամների առաջարկությամբ կարող են գումարվել աշխատանքային խմբերի արտահերթ և համատեղ նիստեր:
31. Աշխատանքային խմբերի նիստերը վարում են աշխատանքային խմբերի ղեկավարները, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ աշխատանքային խմբերի անդամներից որևէ մեկը՝ աշխատանքային խմբերի ղեկավարների առաջարկով:
32. Աշխատանքային խմբերի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքային գործընթացը կազմակերպվում է շրջաբերական գրությունների, հանդիպումների, քննարկումների և այլ ձևաչափերով՝ գրավոր հաղորդակցության պատճեններն ուղարկելով նաև քարտուղարություն:
33. Աշխատանքային խմբերի նիստերի արձանագրությունը վարում է քարտուղարությունը:
ԳԼՈՒԽ 6․ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
34. Քարտուղարությունը նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ աշխատանքային խմբերի անդամներին ուղարկում է նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն՝ հայտնելով աշխատանքային խմբերի նիստերի անցկացման եղանակը, վայրը, օրը և ժամը:
35. Աշխատանքային խմբերի նիստերն արձանագրվում են՝ ներառելով՝
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը կամ հղումը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը և նիստի անցկացման եղանակը՝ առկա կամ հեռավար.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող և հրավիրված անձանց անունը, ազգանունը, պաշտոնը և կազմակերպության անվանումը.
4) ամփոփ տեղեկատվություն զեկուցումների և ելույթների վերաբերյալ.
5) նիստի արդյունքները:
36. Աշխատանքային խմբերի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստը վարողները՝ նիստին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
37. Աշխատանքային խմբերի նիստերի արձանագրությունները հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում և պահվում են քարտուղարությունում:
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
02.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|