«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 ապրիլի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11010153
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
18 մարտի 2010 թ. |
N 113-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
պետական ուսումնական հաստատության ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ` ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 981-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 15.06.10 N 579-Ն, 15.03.21 N 25-Ն)
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով.
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի։
(1-ին կետը փոփ. 15.06.10 N 579-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
(2-րդ կետը փոփ. 15.06.10 N 579-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը։
4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
|
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
Ա. Աշոտյան |
|
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 15.06.10 N 579-Ն, խմբ. 15.03.21 N 25-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) ձևավորման հետ կապված իրավահարաբերությունները։
2. Պետական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) հիմնվելու կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը (2026 թվականի սեպտեմբերի մեկից՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի ենթակայության, իսկ 2027 թվականի սեպտեմբերի մեկից՝ նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների լիազոր մարմինը համարվելու է Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը) (այսուհետ՝ լիազոր մարմին) 30-օրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, ըստ ենթակայության կազմակերպում և ապահովում է հաստատության խորհրդի անդամների ընտրության գործընթացը:
(2-րդ կետը խմբ. 27.04.26 N 08-Ն)
3. Խորհուրդը ձևավորվում է 3 տարի ժամկետով՝
1) իբրև առանձին խորհուրդ, եթե հաստատությունում սովորողների թիվը 1500 և ավելի է.
2) իբրև միասնական խորհուրդ՝ միավորելով միևնույն ենթակայության մինչև 1499 սովորող ունեցող առավելագույնը 7 հաստատություն, որոնցում սովորողների ընդհանուր թիվը չի գերազանցում 2500-ը:
4․ Խորհրդի գործունեության եռամյա ժամկետի ընթացքում, եթե առաջանում է սովորողների թվի փոփոխություն, ապա խորհրդում ներառված հաստատությունների ցանկում փոփոխություն տեղի չի ունենում:
5. Խորհրդի անդամներին առաջադրում են.
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ՝ նախարար),
2) համապատասխան մարզպետի աշխատակազմը (Երևանի քաղաքապետարանը),
3) յուրաքանչյուր հաստատության մանկավարժական խորհուրդը,
4) յուրաքանչյուր հաստատության ծնողական խորհուրդը,
5) համայնքի ղեկավարը:
(5-րդ կետը փոփ. 27.04.26 N 08-Ն)
6. Ուսումնական հաստատության տեղակայման վայրի համայնքից խորհրդի կազմում կարող է ներգրավվել կենսաթոշակի անցած՝ հանրակրթության ոլորտի փորձառու մասնագետ կամ ուսուցչական արհեստակցական միության ներկայացուցիչ՝ համայնքի ղեկավարի առաջարկով:
7. Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի խորհրդի կազմում ընդգրկվում է նաև հաշմանդամության համապատասխան ուղղությամբ մասնագետ:
8. Նախարարը և մարզպետի աշխատակազմը (Երևանի քաղաքապետարանը) հաստատությունների խորհուրդներում առաջադրում են մեկական անդամ:
(8-րդ կետը խմբ. 27.04.26 N 08-Ն)
9. (կետն ուժը կորցրել է 27.04.26 N 08-Ն)
10. (կետն ուժը կորցրել է 27.04.26 N 08-Ն)
11. Հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդներն իրենց կազմից փակ քվեարկությամբ ընտրում են խորհրդի մեկական անդամ:
12. Հաստատության խորհրդի կազմում նախարարի, համապատասխան մարզպետի աշխատակազմի (Երևանի քաղաքապետարանի), համայնքի ղեկավարի և ծնողական խորհրդի կողմից չի կարող առաջադրվել տվյալ հաստատության աշխատակից համարվող անձը:
(12-րդ կետը փոփ. 27.04.26 N 08-Ն)
13. Հաստատության տնօրենը և վարչատնտեսական մասի համակարգողը չեն կարող լինել տվյալ հաստատության խորհրդի կամ այն միասնական խորհրդի կազմում, որում ընդգրկված է տվյալ հաստատությունը:
14. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը, պարտականությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ:
15. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց 15 աշխատանքային օր առաջ խորհրդի անդամին առաջադրող մարմինը, սույն կարգի պահանջներին համապատասխան, առաջադրում է խորհրդի անդամի նոր թեկնածու:
16. Հաստատության ենթակայության փոփոխության դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում նախարարի և մարզպետի աշխատակազմի (Երևանի քաղաքապետարանի) կողմից առաջադրված խորհրդի անդամների ընդգրկվածության համամասնությունը և խորհրդի անդամների առաջադրումը համապատասխանեցվում է սույն կարգի 10-րդ կամ 12-րդ կետերի պահանջներին:
(16-րդ կետը փոփ. 27.04.26 N 08-Ն)
17. Լիազոր մարմինը, հիմք ընդունելով առաջադրող մարմնի կողմից ներկայացված խորհրդի անդամի թեկնածուի տվյալները, սույն կարգի 15-րդ կետի պահանջներին համապատասխան՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, ըստ ենթակայության, հաստատում է խորհրդի անվանական կազմը կամ սույն կարգի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերի պահանջների խախտման առկայության դեպքում մերժում է խորհրդի անվանական կազմում առաջադրված անձի թեկնածությունը:
(17-րդ կետը փոփ. 27.04.26 N 08-Ն)
18. «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված դեպքերում՝ խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման կամ լիազոր մարմնի կողմից խորհրդի անվանական կազմում սույն կարգի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերի պահանջների խախտմամբ առաջադրված անձի թեկնածությունը մերժելու դեպքերում, նրան առաջադրող մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է խորհրդի անդամի նոր թեկնածու` սույն կարգի 17-րդ կետի պահանջներին համապատասխան:
(18-րդ կետը փոփ. 27.04.26 N 08-Ն)
19. «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված դեպքերում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ժամկետից շուտ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում խորհրդի նոր անդամի լիազորություններն ավարտվում են խորհրդի լիազորությունների ժամկետի ավարտի հետ միաժամանակ:
20. Խորհրդի առաջին նիստը վարում է խորհրդի՝ տարիքով ավագ անդամը:
21. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսից ավելին։
22. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող անդամների կեսից ավելի ձայների դեպքում։
23. Խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
24. Եթե քվեարկության արդյունքում որևէ թեկնածու չի ստանում սույն կարգի 23-րդ կետով նախատեսված ձայները, ապա 2 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է նոր քվեարկություն:
25. Նոր քվեարկության արդյունքում ևս խորհրդի նախագահ չընտրվելու դեպքում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ հավասար ձայների դեպքում խորհրդի նախագահը որոշվում է վիճակահանությամբ: Հավասար ձայներ ստացած թեկնածուների անուններով թերթիկներից մեկը խորհրդի կազմում ընդգրկված տարիքով ամենակրտսեր ներկայացուցչի կողմից դուրս է բերվում պատահականության սկզբունքով:
26. Խորհրդի նախագահի առաջադրմամբ և խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ ընտրվում է քարտուղար, որն արձանագրում է խորհրդի նիստերը։ Քարտուղարը խորհրդի յուրաքանչյուր նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ խորհրդի նիստի օրվա, վայրի, ժամի և օրակարգի մասին գրավոր ծանուցում է յուրաքանչյուր անդամի։
(26-րդ կետը փոփ. 27.04.26 N 08-Ն)
27. Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի՝ սույն կարգի 22-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան ընդունված որոշմամբ ընտրված հաստատությունում՝ յուրաքանչյուր եռամսյակում առնվազն մեկ անգամ (առկա կամ հեռավար)՝ ըստ խորհրդի կողմից հաստատված ժամանակացույցի, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, լիազոր մարմնի, հաստատության տնօրենի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ: Նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով: Տնօրենին անվստահություն հայտնելու որոշումն ընդունվում է խորհրդի անդամների առնվազն երկու երրորդի կողմ ձայների առկայության դեպքում:
(27-րդ կետը փոփ. 27.04.26 N 08-Ն)
(հավելվածը փոփ., խմբ. 15.06.10 N 579-Ն, փոփ. 22.06.11 N 742-Ն, լրաց. 03.11.14 N 1066-Ն, լրաց., խմբ. 24.02.15 N 102-Ն, լրաց. 12.11.15 N 956-Ն, խմբ. 15.03.21 N 25-Ն, փոփ., խմբ. 16.04.21 N 29-Ն, խմբ. 14.05.24 N 44-Ն, խմբ., փոփ. 27.04.26 N 08-Ն)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|