ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«17» օգոստոս 2026 թ. |
N 62-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՋՐԾԱՂԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԾԻՆ ՋՐԾԱՂԻԿԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Ջրծաղիկ հիվանդության և բնածին ջրծաղիկային համախտանիշի համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
17.08.2026 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2026 թվականի օգոստոս «17»-ի N 62-Ն հրամանի |
«ՋՐԾԱՂԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԾԻՆ ՋՐԾԱՂԻԿԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ
ԳԼՈՒԽ 1.
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Ջրծաղիկ հիվանդության և բնածին ջրծաղիկային համախտանիշի համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ՝ Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն), ինչպես նաև նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություն), առողջարանների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների համար՝ անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից:
2. Նորմատիվը սահմանում է ջրծաղիկ հիվանդության և բնածին ջրծաղիկային համախտանիշի համաճարակաբանական դիտարկմանը, լաբորատոր հետազոտություններին, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներին, ինչպես նաև ջրծաղիկի դեմ կանխարգելիչ պատվաստումներին ներկայացվող պահանջները:
ԳԼՈՒԽ 2.
ՋՐԾԱՂԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԾԻՆ ՋՐԾԱՂԻԿԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
3. Բնակչության շրջանում ջրծաղիկ հիվանդության և բնածին ջրծաղիկային համախտանիշի դեպքերը հայտնաբերվում են բժշկական կազմակերպությունների ավագ և միջին բուժաշխատողների կողմից՝ համաձայն դեպքի ստանդարտ բնորոշումների:
4. Ջրծաղիկ հիվանդության կլինիկական չափանիշներ. տարածուն բշտիկային ցան (մակուլոպապուլովեզիկուլոզ) կամ տարածուն ոչ բշտիկային ցան (մակուլոպապուլոզ):
5. Ջրծաղիկ հիվանդության լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) կենսաբանական նյութի նմուշում ջրծաղիկի վիրուսի ԴՆԹ-ի հայտնաբերում ՊՇՌ մեթոդով.
2) ջրծաղիկ հիվանդության մասնահատուկ շիճուկային իմունոգլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում իմունոֆլյուորեսցենտային մեթոդով.
3) ջրծաղիկի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
4) ջրծաղիկի վիրուսի նկատմամբ իմունոգլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում.
5) լաբորատոր ախտորոշիչ հետազոտության արդյունքները մեկնաբանվում են ըստ պատվաստումային կարգավիճակի:
6. Ջրծաղիկ հիվանդության համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:
7. Ջրծաղիկի դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք՝
ա. կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող (հիվանդության սկզբից 14-21 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված) յուրաքանչյուր անձ.
բ. գոտևորող որքինով անձի հետ շփում.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ, ով 6 օրից մինչև 45 օրվա ընթացքում չի պատվաստվել։
8. Բնածին ջրծաղիկային համախտանիշի նախապայմաններ.
1) հղի կնոջ ծննդաբերությունից 4-5 օր առաջ ջրծաղիկով հիվանդացման փաստ.
2) հղիության առաջին 20 շաբաթների, երբեմն մինչև 28 շաբաթների ընթացքում ջրծաղիկով հիվանդացման փաստ:
9. Բնածին ջրծաղիկային համախտանիշի կլինիկական չափանիշներ. նորածնի մաշկի վրա սպիներ, վերջույթների, ուղեղի և աչքերի անոմալիաներ և ցածր քաշ:
10. Բնածին ջրծաղիկային համախտանիշի դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներ (լաբորատոր արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ պատվաստումային կարգավիճակի). հետևյալներից առնվազն մեկը՝
1) ջրծաղիկի վիրուսի ԴՆԹ-ի հայտնաբերում՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով.
2) ջրծաղիկի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների իմունոգլոբուլին Էմ-ի (IgM) հայտնաբերում՝ իմունոֆլյուորեսցենտային մեթոդով:
11. Բնածին ջրծաղիկային համախտանիշի hամաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:
12. Բնածին ջրծաղիկային համախտանիշի դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող նորածին.
2) հավանական դեպք՝ նորածին, ում մոտ առկա է առնվազն մեկ կլինիկական ախտանշան և մայրը հղիության ընթացքում ունեցել է հաստատված ջրծաղիկ.
3) հաստատված դեպք՝
ա. նորածին, ում մոտ առկա է առնվազն մեկ կլինիկական ախտանշան և համապատասխանում է բնածին ջրծաղիկային համախտանիշի լաբորատոր չափանիշներին.
բ. հաստատված կամ կասկածելի ջրծաղիկով հղի կնոջից ծնված նորածին, ում մոտ ՊՇՌ մեթոդով հայտնաբերվել է ջրծաղիկի հարուցչի ԴՆԹ:
13. Ջրծաղիկ հիվանդության և բնածին ջրծաղիկային համախտանիշի յուրաքանչյուր հաստատված, կասկածելի դեպքի ախտորոշումը հաստատելու, փոփոխելու, ժխտելու կամ մահվան մասին տեղեկատվության և դեպքերի հաղորդումն իրականացվում է բժշկական կազմակերպությունների ավագ և միջին բուժաշխատողների կողմից՝ համաձայն հաշվառման և հաղորդման ենթակա հիվանդությունների ցանկի, հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջները սահմանող` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի։
14. Լիազոր մարմնի կողմից, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող՝ իր ենթակայության պետական կազմակերպությունների (այսուհետ՝ պետական կազմակերպություն) միջոցով, իրականացվում է ջրծաղիկ հիվանդության և բնածին ջրծաղիկային համախտանիշի համաճարակաբանական դիտարկում:
15. Համաճարակաբանական դիտարկման արդյունքում հավաքագրված տվյալների հիման վրա Լիազոր մարմնի կողմից, այդ թվում՝ պետական կազմակերպության միջոցով իրականացվում է՝
1) ջրծաղիկ հիվանդությամբ դեպքերի և բնածին ջրծաղիկային համախտանիշի վերլուծություն տարեկան առնվազն մեկ անգամ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում համաճարակային իրավիճակից ելնելով.
2) համաճարակային իրավիճակի գնահատում և կանխատեսում՝ ջրծաղիկ հիվանդության և բնածին ջրծաղիկային համախտանիշի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաճարակաբանական ցուցանիշների համեմատության միջոցով:
16. Համաճարակաբանական դիտարկման ընթացքում գնահատվում են հիվանդացության, հոսպիտալացման, մահացության, բռնկումների և պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշները:
17. Նորմատիվի 15-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի արդյունքներով կարող են մշակվել և պետական մարմիններին, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հանրային առողջության ապահովման նպատակով ներկայացվել անհրաժեշտ առաջարկություններ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ առաջարկությունների հիման վրա կարող են ընդունվել «Հանրային առողջապահության մասին» օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված որոշումներ:
ԳԼՈՒԽ 3.
ՋՐԾԱՂԻԿԻ ԵՎ ԲՆԱԾԻՆ ՋՐԾԱՂԻԿԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
18. Բնածին ջրծաղիկային համախտանիշի դեպքերի ստանդարտ բնորոշումներին համապատասխանող յուրաքանչյուր կասկածելի դեպք ենթակա է բնածին ջրծաղիկային համախտանիշի նկատմամբ լաբորատոր հետազոտության: Ջրծաղիկ հիվանդության ծանր, ատիպիկ ընթացքով յուրաքանչյուր կասկածելի դեպք, ինչպես նաև ջրծաղիկ հիվանդությամբ հղին և մահվան ելքով նորածինը ենթակա են ջրծաղիկի նկատմամբ լաբորատոր հետազոտության:
19. Լաբորատոր հետազոտության համար բնածին ջրծաղիկային համախտանիշի դեպքերի ստանդարտ բնորոշումներին համապատասխանող յուրաքանչյուր կասկածելի դեպքի կենսաբանական նմուշների (արյուն, բկանցքից քսուք) հաշվառումը, պահպանումը, տեղափոխումն իրականացվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 23-ի N 38-Ն հրամանի:
ԳԼՈՒԽ 4.
ՋՐԾԱՂԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԾԻՆ ՋՐԾԱՂԻԿԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
20. Ջրծաղիկ հիվանդության և բնածին ջրծաղիկային համախտանիշի կասկածելի կամ հաստատված բոլոր դեպքերի, բռնկումների, համաճարակների, համավարակների կամ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող իրադարձությունների արձանագրման ժամանակ Լիազոր մարմնի կողմից, այդ թվում՝ պետական կազմակերպության միջոցով, իրականացվում են դեպքի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն)։
21. Ջրծաղիկ հիվանդության և բնածին ջրծաղիկային համախտանիշի կասկածելի կամ հաստատված բոլոր դեպքերի համաճարակաբանական հետազոտությունն (հետախուզությունն) իրականացվում է՝ համաձայն Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցի:
22. Համաճարակաբանական հետազոտության (հետախուզության) իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, բժշկական փաստաթղթերը տրամադրվում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ֆիզիկական անձանց (պացիենտ, վարակի կասկածով անձ, վարակակիր, կոնտակտավոր) կողմից:
23. Ջրծաղիկ հիվանդության և բնածին ջրծաղիկային համախտանիշով հիվանդության օջախ է համարվում վարակի աղբյուրի գտնվելու վայրը (պացիենտի բնակության վայրը, աշխատավայրը, ուսումնական հաստատությունները), ինչպես նաև այն կազմակերպությունները, որտեղ տեղի է ունեցել պացիենտի հավանական վարակումը (բժշկական կազմակերպությունների, հանրային սննդի, ժամանցի և այլ կազմակերպություններ) և այն տարածքը, որի սահմաններում վարակը կարող է փոխանցվել:
24. Ջրծաղիկ հիվանդության և բնածին ջրծաղիկային համախտանիշ հիվանդության օջախում հակահամաճարակային միջոցառումներն (կասկածելի կամ հաստատված դեպքի բժշկական օգնություն, կոնտակտավորների բժշկական հսկողություն, անհրաժեշտության դեպքում` պատվաստումների իրականացում, լաբորատոր նմուշառում, բնակչության շրջանում իրազեկման աշխատանքներ) իրականացվում են բժշկական կազմակերպությունների ավագ և միջին բուժաշխատողների կողմից։
25. Կոնտակտավորների շրջանում անհրաժեշտության դեպքում իրականացվում է հետկոնտակտային կանխարգելում՝ ջրծաղիկի դեմ պատվաստում 3-5 օրվա ընթացքում, ինչպես նաև ջրծաղիկի դեմ իմունոգլոբուլինի կամ հակավիրուսային դեղամիջոցների կիրառում՝ ըստ ռիսկի գնահատման և կլինիկական ուղեցույցների:
26. «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) կարող են իրականացվել ջրծաղիկ հիվանդության և բնածին ջրծաղիկային համախտանիշի օջախում:
27. Համաճարակաբանական դիտարկման արդյունքների վերլուծության, ինչպես նաև համաճարակաբանական հետազոտության (հետախուզության) արդյունքում Լիազոր մարմնի, այդ թվում՝ պետական կազմակերպությունների կողմից, կարող են մշակվել և ներկայացվել առաջարկություններ «Հանրային առողջապահության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև Նորմատիվի 4-րդ գլխով սահմանված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
28. Ջրծաղիկ հիվանդության և բնածին ջրծաղիկային համախտանիշի կասկածելի կամ հաստատված դեպքերին` կլինիկական ընթացքի բարդությունից կախված ցուցաբերվում է արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում և նրանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն:
29. Ջրծաղիկ հիվանդությամբ և բնածին ջրծաղիկային համախտանիշով կասկածելի կամ հաստատված հոսպիտալացման ենթակա դեպքերը հոսպիտալացվում են մասնագիտացված (ինֆեկցիոն) հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում կամ հիվանդանոցային պայմաններում բժշկական կազմակերպությունների ինֆեկցիոն բաժանմունքներում, կլինիկական ցուցումների դեպքում` ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այն բժշկական կազմակերպություններում, որտեղ չկան մեկուսարաններ, առանձնացվում է առանձին տարածք՝ կասկածելի կամ հաստատված դեպքերի համար՝ սահմանափակելով շփումն այլ անձանց հետ:
30.Ջրծաղիկ հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպքի ստանդարտ բնորոշումներին համապատասխանող հղի կնոջ բժշկական հսկողությունն իրականացվում է հղիության ողջ ընթացքում և հղիության ելքը (բնածին ջրծաղիկային համախտանիշ կամ պտղի մահ բնածին ջրծաղիկային վարակից կամ ինքնաբեր վիժում կամ առողջ երեխայի ծնունդ) բուժաշխատողի կողմից գրանցվում է բժշկական փաստաթղթերում (հղի կնոջ հսկողության, հիվանդության պատմություն, փոխանակման քարտ):
31. Ջրծաղիկ հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպքի ստանդարտ բնորոշումներին համապատասխանող հղի կնոջից ծնված նորածինը ենթակա է լաբորատոր հետազոտության ջրծաղիկի և բնածին ջրծաղիկային համախտանիշի նկատմամբ:
32. Ջրծաղիկ հիվանդության հաստատված դեպքով անձանց չի թույլատրվում հաճախել աշխատանքի վայր, ուսումնական հաստատություն և այլ վայրեր` գաղտնի շրջանի վերջին երկու օրերից սկսած մինչև բոլոր ցանային էլեմենտների կեղևակալումը:
33. Փաստագրված իմունային անբավարարություն ունեցող ջրծաղիկ հիվանդության հաստատված դեպքերը մեկուսացվում են հիվանդության ողջ ընթացքում:
34. Բժշկական կազմակերպություններում, առողջարաններում, ուսումնական և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է ամենօրյա բժշկական հսկողություն ջրծաղիկ հիվանդության հաստատված դեպքի հետ վերջին շփումից հետո 21 օր տևողությամբ` իրականացնելով ջերմաչափում, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների զննում՝ տվյալները գրանցելով Նորմատիվի Ձևում:
35. Բժշկական կազմակերպությունում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացվող վայրերում ջրծաղիկ հիվանդություն և բնածին ջրծաղիկային համախտանիշի կասկածելի կամ հաստատված դեպքով անձի խնամքը, օգտագործվող անհատական պաշտպանության միջոցների կիրառումն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 23-Ն հրամանի պահանջների:
36.Հիվանդանոցային պայմաններում կիրառվում են օդակաթիլային և օդային փոխանցման կանխարգելման միջոցառումներ:
37. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում ջրծաղիկ հիվանդության միաժամանակ 20% և ավել գրանցման դեպքում Լիազոր մարմինը կարող է հանդես գալ առաջարկությամբ՝ ուսումնական հաստատությունների գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:
38. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում, երեխաների սոցիալական պաշտպանության հաստատություններում, բժշկական կազմակերպություններում, բացառությամբ մասնագիտացված (ինֆեկցիոն) հիվանդանոցային բժշկական կազմակերպության և ինֆեկցիոն բաժանմունքների, ջրծաղիկ հիվանդություն ախտորոշված պացիենտի մեկուսացման պահից 21 օրվա ընթացքում, կազմակերպվում և իրականացվում են հետևյալ միջոցառումները՝
1) դադարեցվում է նոր ընդունվող և ժամանակավորապես բացակայող ջրծաղիկ հիվանդությամբ չհիվանդացած և չպատվաստված երեխաների ընդունումը այն կազմակերպություն, որտեղ գրանցվել է ջրծաղիկ հիվանդության դեպք.
2) կազմակերպությունում, որտեղ հայտնաբերվել են ջրծաղիկ հիվանդություն հաստատված դեպքեր, դադարեցվում է երեխաների մասնակցությունը զանգվածային միջոցառումներին, ինչպես նաև երեխաների տեղափոխումը խմբից խումբ կամ այլ կազմակերպություն.
3) լվացող կամ ախտահանիչ միջոցների օգտագործմամբ տարածքների խոնավ մաքրումը կազմակերպվում և իրականացվում է օրական երկու անգամ.
4) հաճախակի իրականացվում է տարածքների բնական օդափոխություն:
ԳԼՈՒԽ 5.
ՋՐԾԱՂԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ
39. Հայաստանի Հանրապետությունում ջրծաղիկ հիվանդության դեմ կանխարգելիչ պատվաստումները կազմակերպվում և իրականացվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված իմունականխարգելման ազգային ծրագրի և Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջները սահմանող՝ Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի, տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի և Լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան հրամաններով հաստատված կիրառման ուղեցույցների:
40. Հազվադեպ հնարավոր է ջրծաղիկ հիվանդության առաջացում ջրծաղիկի դեմ պատվաստումից 42 օր անց, որը կարող է հաստատվել միայն մոլեկուլային-գենետիկական հետազոտության միջոցով՝ վայրի և պատվաստումային շտամների տարբերակման նպատակով:
41. Բուժաշխատողների շրջանում ջրծաղիկի դեմ պատվաստումների իրականացումը կազմակերպվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի թիվ 56-Ն հրամանի պահանջների:
42. Ջրծաղիկի դեմ պատվաստումները կարող են իրականացվել նաև այլ ռիսկի խմբերում՝ հղիություն պլանավորող կանանց, իմունային անբավարարություն ունեցող անձանց շրջապատի մարդկանց, ուսումնական հաստատությունների աշխատողների և այլ խմբերի, ովքեր չունեն ջրծաղիկի դեմ փաստագրված պատվաստում կամ ջրծաղիկով հիվանդացման փաստ:
Ձև
ՋՐԾԱՂԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԾԻՆ ՋՐԾԱՂԻԿԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՊՔԻ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՄԵՆՕՐՅԱ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
Պացիենտի ազգանուն, անուն, հայրանուն _________________________________
Բնակության
Հասցե____________________________________________________
Ախտորոշում___________________________________________________________
Ախտորոշման հաստատման ամսաթիվ, ամիս, տարի ________________________
Լրացնողի պաշտոնը____________________________________
Ազգանուն, անուն, հայրանուն ___________________________________________
_____________________________________________________________________
|
Հ/Հ |
Կոնտակտ-ավորի ազգանուն, անուն, հայրանուն |
Ծննդյան օր, ամիս, տարի |
Բնա-կության հասցե |
Հեռ. համար |
Ամիս, ամսաթիվ | |||||
|
|
|
| ||||||||
|
ջերմու-թյուն |
մաշկ, տեսանելի լորձաթա-ղանթներ |
ջերմու-թյուն |
մաշկ, տեսանելի լորձաթա-ղանթներ |
ջերմու-թյուն |
մաշկ, տեսանելի լորձաթա-ղանթներ | |||||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2026 թվական: